ԱԴՐԲԵՋԱՆ–ԹՈՒՐՔԻԱ. ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ
Ս.թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի պետական նավթային ընկերության (ԱՊՆԸ) նախագահ Ռ.Աբդուլաեւը հայտարարեց, որ Ադրբեջանը նպատակ ունի Թուրքիայում, Ջեյհան նավահանգստին հարող տարածքում կառուցել խոշոր նավթավերամշակման գործարան: Ընկերությունը պատրաստվում է գնել 1000 հա տարածք եւ ներկայումս քննարկում է նախագծի` շրջակա միջավայրի վրա թողնելիք ազդեցության հարցերը: Նախագծի իրականացումը կարող է նոր լիցք հաղորդել Ադրբեջան–Թուրքիա էներգետիկ համագործակցությանը եւ, անկասկած, կարեւոր ազդեցություն է ունենալու տարածաշրջանային զարգացումների վրա:
Ըստ նախնական տվյալների` նավթավերամշակման գործարանի տարեկան հզորությունը կկազմի 10-15 մլն տոննա նավթ, կառուցման աշխատանքները կարժենան մոտավորապես $4,5-5 մլրդ: Աշխատանքների ֆինանսավորումն իրականացնելու է ԱՊՆԸ-ն` միջազգային ֆինանսական ինստիտուտների աջակցությամբ: Այս մասին` ստորեւ, իսկ այժմ անդրադառնանք նախագծի նախապատմությանը, որը մի շարք կարեւոր հարցեր է բարձրացնում, այդ թվում եւ Մերձավոր Արեւելքում տեղ գտած ռազմաքաղաքական արդի զարգացումների վերաբերյալ:
Ջեյհանում նավթավերամշակման գործարանի կառուցման նախագիծը երկար ժամանակ է` քննարկվում է Թուրքիայում, ինչը պայմանավորված է Ջեյհան նավահանգիստը կարեւոր էներգետիկ հանգույցի վերածելու գործընթացով: Սակայն գործարանի կառուցման առաջին եւ բավական լուրջ հայտը ներկայացրել է Հնդկական նավթային ընկերությունը (ՀՆԸ) 2002թ., երբ սկսվել էր Թուրքիայի էներգետիկ ոլորտի ազատականացման ակտիվ գործընթացը (պայմանավորված ԵՄ եւ Համաշխարհային բանկի պահանջ-առաջարկություններով): 2006թ. սեպտեմբերին ՀՆԸ-ն թուրքական Calik Energy ընկերության հետ Թուրքիայի կառավարությանն է ներկայացնում Ջեյհանում նավթավերամշակման գործարանի կառուցման հանգամանալի ծրագիր: Այն իր արժողությամբ եւ հզորությամբ ոչ մի բանով չի տարբերվում այն նախագծից, որն Ադրբեջանն է պատրաստվում իրականացնել Թուրքիայի տարածքում: Նշենք, որ նախագիծը դեռեւս քննարկվում է թուրքական գործադիր եւ վերահսկիչ մարմիններում:
Միեւնույն ժամանակ, հնդկական ընկերությունները 2006թ. Բաքվի հետ սկսեցին ակտիվ բանակցություններ վարել Ադրբեջանի տարածքում նավթի արտահանմանը մասնակցելու շուրջ: Առավել ակտիվ մասնակցություն ցուցաբերեց ONGC Mittal Energy ընկերությունը, որը սերտորեն կապված է ոչ այնքան հնդկական, որքան բրիտանական կառավարության հետ (ONGC Mittal Energy ընկերության բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է Mittal Investment խմբին, որը Յու.Տիմոշենկոյի աջակցությամբ գնեց ուկրաինական «Կրիվոռոժստալ» գործարանը): ONGC Mittal Energy-ն հենց բրիտանական Caspian Energy Group ընկերությունից այս տարվա հուլիսին գնեց ադրբեջանական «Քյուրովդագ» նավթահորի բաժնետոմսերի 51%-ը:
Նշենք, որ թե՛ ամերիկյան, թե՛ բրիտանական վերլուծաբանները եւ քաղաքական գործիչները դրականորեն են արձագանքել հնդկական ընկերությունների ակտիվացմանը Կասպիցում եւ Թուրքիայում: Իսկ ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը Ջեյհանում հնդկական կապիտալով նավթավերամշակման գործարանի կառուցումը մինչեւ վերջերս համարել է ռազմավարական առումով շահավետ նախագիծ: Վաշինգտոնի նման կողմնորոշման համար առանցքային կարելի է համարել այն, որ Հնդկաստանի էներգետիկ ոլորտում աշխատող ընկերությունները եւ այդ երկրի սպառողական շուկան համարվում են Չինաստանի բնական մրցակիցները եւ այս տեսանկյունից բավական լուրջ լոբբիստական աջակցություն են ստանում ամերիկյան կառավարության եւ նավթային ընկերությունների կողմից:
Այս ամենը հաշվի առնելով` Թուրքիայի Ջեյհան նավահանգստի շրջանում սեփական ուժերով նավթավերամշակման գործարան կառուցելու ԱՊՆԸ որոշումը, նախագծից հնդկական կողմի ինքնամեկուսացում հիշեցնող հեռացումը, Թուրքիայի կառավարության կողմից ադրբեջանական նախագծի հաստատումը (Թուրքիայի «Էներգետիկ վերահսկողությունը» նախագծին հավանություն տվեց հոկտեմբերի 6-ին, ԱՊՆԸ կողմից նախագծի վերջնական տեխնիկական առաջարկության ներկայացումից ընդամենը մեկ շաբաթ անց) բավական անսպասելի կարելի է համարել: Եթե ԱՊՆԸ նախագիծը, որը հնդկական նախագծի ճիշտ կրկնօրինակն է, քննարկենք Բաքվի շահերի տեսանկյունից, ապա դրա իրականացումը հետապնդում է մի քանի կարեւոր նպատակ.
1. սկսել ագրեսիվ ներդրումային քաղաքականություն տարածաշրջանի էներգետիկ նախագծերում: Սա Ադրբեջանի համար կարեւոր է իր էներգետիկ նշանակության պահպանման համար, մանավանդ որ Արեւելյան Եվրոպան եւ Սեւ ծովի ավազանը արդեն իսկ դարձել են ռուսական եւ ղազախական բավական ագրեսիվ էներգետիկ ներդրումների գոտիներ,
2. դառնալ ակտիվ խաղացող Թուրքիայի աճող բենզինի շուկայում, եթե չհաջողվի հասնել ադրբեջանական նավթի անհրաժեշտ «միջազգայնացման»` դրանից բխող համապատասխան հետեւանքներով:
Սակայն շատ կարեւոր է այն, թե ինչու հնդկական կողմը «ինքնամեկուսացվեց» նախագծից: Այս հարցի հիմնական պատասխանը, մեր կարծիքով, պետք է փնտրել Մերձավոր Արեւելքում` ընդհանրապես եւ Իրաքում` մասնավորապես տեղ գտած զարգացումներում: Ջեյհանը հնդկական եւ մյուս միջազգային ընկերությունների համար կարեւոր ներդրումային հետաքրքրություն է ներկայացնում ոչ թե թուրքական այդ նավահանգստի` Կասպիցի նավթի արտահանման գործում ունեցած հնարավորությունների տեսակետից, այլ որ Ջեյհանն ի սկզբանե նավթային հանգույցի է վերածվել հենց իրաքյան նավթի արտահանման իր հնարավորությունների եւ հեռանկարների պատճառով: Կասպյան նավթն ընդամենը հավելյալ գործոն էր, որը սկսեց դեր խաղալ նավահանգստի զարգացման գործում: Հենց իրաքյան նավթի հեռանկարային վերամշակման համար էր նախատեսված Ջեյհանում նավթավերամշակման գործարանի կառուցման նախագիծը, որն առաջինը ներկայացրել էր հնդկական կողմը։ Այս տեսանկյունից ՀՆԸ հեռացումը Թուրքիայից կարող է բացատրվել Իրաքի մասնատման գործընթացի ակտիվացմամբ, որը նոր թափ ստացավ Իրաքը դաշնային պետության վերածելու մասին ԱՄՆ օրենսդիրների ընդունած բանաձեւից հետո: Իրաքում քրդական պետության ստեղծումը, որի տարածքով թուրքական նավթատարի անցկացումը կամ այդ նավթատարի անվտանգության ապահովումն այսօր եւ մոտակա տարիներին շատ ավելի դժվար կարելի է պատկերացնել, քան թուրք-քրդական լայնամասշտաբ ռազմական առճակատումը, արդեն իսկ իր ազդեցությունն է թողնում Ջեյհանի հետագա զարգացման վրա` այս նավահանգիստը դարձնելով հիմնականում Կասպյան` դեռեւս ոչ մեծաքանակ նավթի արտահանման հանգույց: Հենց այս փաստն է, մեր կարծիքով, կարեւոր դեր խաղացել նախագծից հնդկական ընկերության հրաժարման համար, եւ նույն այս խնդիրն էլ Ադրբեջանին ուղղում է դեպի վերոնշյալ նախագծի իրականացումը, եթե հաշվի առնենք, որ Ջեյհանը շուտով դառնալու է հիմնականում Կասպյան նավթի արտահանման եւ վերամշակման հանգույց:
Նշենք նաեւ, որ ռուսական «Լուկօյլի» հրաժարումը Սամսուն–Ջեյհան նավթատարի կառուցման ծրագրից, որը սեւծովյան Սամսուն նավահանգստից Ջեյհան պետք է հասցներ ռուսական եւ ղազախական նավթը, էլ ավելի կսահմանափակի թուրքական միջերկրածովյան նավահանգստի զարգացումը:
Ինչպես վերը նշել էինք, ԱՊՆԸ-ն Ջեյհանում նավթավերամշակման գործարան կառուցելու համար նպատակ ունի ստանալ միջազգային ֆինանսական կառույցների աջակցությունը, քանի որ ընկերությունն ինքը բավականաչափ ազատ միջոցներ չունի նախագծի իրականացման համար:
Նման երեւույթն ինքնըստինքյան ոչնչով տարօրինակ չէ, եթե հաշվի առնենք այն հսկայական վարկային բեռը, որն ԱՊՆԸ-ն վերջին տարիներին վերցնում է իր վրա:
Միայն 2006–2007թթ. ԱՊՆԸ-ն արեւմտյան բանկերից իր նախագծերի իրականացման համար ստացել է $1 մլրդ 760 մլն վարկ` չհաշված Ադրբեջանի միջազգային բանկից ստացած $200 մլն եւ Վրաստանի սեւծովյան ափին Կուլեւի նավթային տերմինալի կառուցման համար Societe Generale-ից ու ABN Amro-ից ստացած $335 մլն վարկերը: Այս պայմաններում Ջեյհանում կառուցվելիք նավթավերամշակման գործարանի ստեղծման համար անհրաժեշտ $4,5-5 մլրդ նոր վարկի ստացումը բավական ծանր իրադրության մեջ կդնի ԱՊՆԸ-ին, եթե, իհարկե, բացառենք այն հնարավորությունը, որ միջազգային վարկերի միջոցով նախագծերի իրագործումն Ադրբեջանի համար ֆինանսական եւ տնտեսական միջոցների ստվերային վերաբաշխման միջոց չի հանդիսանում: Այս հնարավորության մասին է խոսում գոնե այն, որ Կուլեւիի տերմինալի կառուցման համար $335 մլն վարկ ստանալուց եւ ծախսեր կատարելուց հետո, ըստ ԱՊՆԸ փոխնախագահ Ս.Գասիմովի, ԱՊՆԸ-ն նպատակ ունի մասնավորեցնել այն` միջազգային կառույցներին իր վարկային պարտավորությունները մարելու եւ նոր ծրագրեր իրականացնելու նպատակով:
Ի՞նչ մեխանիզմներով է կատարվելու տերմինալի մասնավորեցումը եւ ո՞ւմ վերահսկողությանն են անցնելու ներկայումս ադրբեջանական պետությանը պատկանող բարձր շահութաբեր հզորությունները. սրանք կարեւոր հարցեր են, մանավանդ որ Ադրբեջանի քաղաքական եւ տնտեսական ընտրանուն պատկանող եւ Մերձավոր Արեւելքում գրանցված մի շարք ընկերություններ վերջին տարիներին ակտիվորեն գնում են ԱՊՆԸ-ի էներգետիկ նախագծերի բաժնետոմսերը: Ինչեւէ, Ջեյհանի նախագծի ինքնուրույն իրականացումը վեր է ԱՊՆԸ ուժերից: Այս պարագայում կարեւոր նշանակություն կունենա, թե որ բանկերը կմասնակցեն նախագծի ֆինանսավորմանը, ինչը կարող է լուրջ ցուցիչ հանդիսանալ Թուրքիա–Արեւմուտք հարաբերությունների ներկայիս մակարդակի եւ հեռանկարների զարգացման համար:
* * *
Չնայած ներկա տարածաշրջանային զարգացումները, Ադրբեջանի նավթային հատվածում տեղ գտած ոչ ստվերային գործընթացները խոսում են Բաքվի եւ Անկարայի ոչ այնքան շահավետ դիրքերի մասին, կարեւոր է ընդունել, որ ԱՊՆԸ ջեյհանյան նախագիծը լուրջ հայտ է Ադրբեջանի` տարածաշրջանային ակտիվ դերակատարի վերածման համար: Նախագծի ֆինանսավորման իրականացման մեջ արեւմտյան բանկերի ընդգրկումն էլ ավելի կամրապնդի Բաքվի կապերը միջազգային ֆինանսական կառույցների հետ, ինչն, իր հերթին, կարեւոր քաղաքական նշանակություն ունի: Վերոնշյալը Հայաստանի Հանրապետության համար խիստ կարեւորում է սեփական տարածաշրջանային էներգետիկ նախագծերի իրականացման հարցը: Սա առաջին հերթին վերաբերում է ՀՀ հարավում նավթավերամշակման գործարանի կառուցմանը: Միեւնույն ժամանակ, մեծ նշանակություն ունի Ադրբեջանի էներգետիկ քաղաքականության ավելի նպատակային եւ մասնագիտական ուսումնասիրությունը, քանի որ ՀՀ վերլուծական եւ լրատվական դաշտում Ադրբեջանում «հոլանդական հիվանդության» սկսվելու մասին տարածված մտքերն արտացոլում են զարգացումների ընդամենը մի մասը:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՏԵԼԻՔԸ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԸ[20.04.2015]
- ԻՐԱՆՆ ԱՐԴԵՆ ՇԱՀԵԼ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ[15.04.2015]
- ԻՐԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ. «ՍԱՌԵՑՄԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ[02.02.2015]
- ՆՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ[26.05.2014]
- ԻՐԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ԳԱԶԱՄՈՒՂ (ԴԻՍԿՈՒՐՍԻ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄ)[17.03.2014]
- ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[06.02.2014]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ` ԱՐՄՆՅՈՒԶ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ «ԲԱՆԱՁԵՎ» ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀՅՈՒՐ [23.12.2013]
- ԷԺԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԻՖԵՐԸ[18.12.2013]
- Ս. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՌՈՒՍԱԿԱՆ ԷԺԱՆ ԳԱԶ ՆԵՐԿՐԵԼՈՒՆ ԵՎ ՀԱԷԿ-Ի ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ[09.12.2013]
- ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱ ՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ[09.12.2013]
- ՄՄ–ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՑԱԾՐ ՍԱԿԱԳՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼ. ՓՈՐՁԱԳԵՏ[12.09.2013]