ԲՈՒԼՂԱՐԻԱ. ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ՏԱՐՀԱՆՄԱՆ ՆՈՐ ՀԱՆԳՈՒՅՑ
2008թ. հունվարի 18-ին Սոֆիայում Ռուսաստանի, Հունաստանի և Բուլղարիայի ղեկավարների միջև կնքված նոր պայմանագրով կյանքի կոչվեց երկար տարիներ քննարկվող Բուրգաս-Ալքեսանդրուպոլիս նավթամուղի կառուցման նոր ծրագիրը1: Ասենք, որ այդ օրերին Ռուսաստանի և Բուլղարիայի միջև կնքվեց նաև մեկ այլ պայմանագիր նոր` «Հարավային հոսք» կոչվող գազամուղի կառուցման շուրջ2: Փաստորեն, Ռուսաստանի ակտիվ ջանքերով սկսվում է երկու խողովակաշարի կառուցում, որով Բուլղարիան դառնում է դեպի Եվրոպա նավթի և գազի տարհանման տարածաշրջանի հիմնական երկիրը: Նկատենք, որ մինչև վերջերս դեպի Եվրոպա նավթի և գազի տարհանման համար կարևոր հանգույց էր համարվում Թուրքիան: Հատկապես Բաքու-Ջեյհան նավթամուղի և Բաքու-Էրզրում գազամուղի կառուցումից հետո այս ծրագրերը դարձան բավական իրական: Թուրքիայի դերը, որպես էներգակիրների կարևոր տարանցման երկրի, էլ ավելի կարևորվեց հայտնի NABUCCO ծրագրի շուրջ պայմանագրի կնքումից հետո3: Նկատենք, որ մինչ այդ նույնիսկ Ռուսաստանը «Կապույտ հոսք» գազամուղի կառուցումից հետո ծրագրում էր կառուցել երկրորդ նմանատիպ խողովակաշարը և Թուրքիայի տարածքով գազ մատակարարել Հարավային Եվրոպա: Սակայն հետագայում պաշտոնական Մոսկվան հրաժարվեց նման ծրագրերից: Փաստորեն այսօր, որպես Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա ձգվող գազա- և նավթամուղների այլընտրանք, Ռուսաստանը ձեռնամուխ է լինում Բուլղարիայի տարածքով անցնող երկու նոր խողովակաշարի կառուցմանը: Հիշեցնենք, որ Բուրգաս (Բուլղարիա)-Ալեքսանդրուպոլիս (Հունաստան) նավթային խողովակաշարով դեպի հունական նավահանգիստ է հոսելու ռուսական Նովոռոսիյսկ նավահանգստից դեպի Բուրգաս ուղղված ռուսական և ղազախական նավթը։ Այսպիսով հնարավորություն է ստեղծվում շրջանցել Բոսֆոր-Դարդանել նեղուցները և թուլացնել թուրքական ազդեցությունը ռուսական նավթատարների վրա: Հիշեցնենք, որ վերջին մի քանի տարիների ընթացքում պաշտոնական Անկարան խստացրել է նեղուցներով նավթատարների երթևեկը, ինչի հետևանքով, ըստ որոշ հաշվարկների, Ռուսաստանը տարեկան կորցնում է մինչև $500 մլն: Այս «խոչընդոտը» հաղթահարելու համար ժամանակին Անկարան Մոսկվային առաջարկել էր կառուցել Սամսուն-Ջեյհան խողովակաշարը, որով ռուսական նավթը Սև ծովի ափին գտնվող թուրքական Սամսուն նավահանգստից կարող էր հոսել դեպի միջերկրածովյան Ջեյհան նավահանգիստը, սակայն Ռուսաստանը մերժեց այս ծրագիրը և սկսեց կառուցել այլընտրանքային Բուրգաս-Ալեքսանդրուպոլիս խողովակաշարը: Սև ծովի հատակով դեպի Բուլղարիա` «Հարավային հոսք» կոչվող գազամուղի կառուցմամբ Ռուսաստանը լուրջ հարված է հասցնում Թուրքիայի՝ նաև արևելքից գազի արտահանման հիմնական տարանցիկ երկիր դառնալու երազանքներին: Այսպիսով, պաշտոնական Մոսկվան Եվրոպա գազ մատակարարելու նոր հնարավորություն կարող է ստանալ Բուլղարիայի տարածքով՝ թուլացնելով կախվածությունը նաև ուկրաինական ուղղությունից: Հիշեցնենք, որ նմանատիպ մեկ այլ՝ «Հյուսիսային հոսք» գազամուղը կառուցվում է Բալթիկ ծովի ընդերքով, և այսպիսով Ռուսաստանը հնարավորություն է ստանում լիովին բավարարել Եվրոպայի պահանջարկը՝ շրջանցելով իր համար խնդրահարույց երկրները: «Հարավային հոսքի» բուլղարական ուղղության առավելությունն այն է, որ այդ երկիրն արդեն իսկ Եվրամիության անդամ է, և Ռուսաստանը, մուտք գործելով Բուլղարիա, միանգամից մտնում է Եվրամիության շուկա, ինչը նրան հնարավորություն է տալիս շրջանցել ոչ միայն թուրքական խոչընդոտը, այլ նաև ամրացնել իր դիրքերը եվրոպական շուկայում:
Ադրբեջանի երազանքները
Ադրբեջանը հետաքրքրված է NABUCCO ծրագրով: Եվրամիության կողմից ֆինանսավորվող այս ծրագրի համաձայն՝ գազամուղ պետք է կառուցվի Իրանից և Միջին Արևելքից գազը Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա հասցնելու համար: Ադրբեջանի նպատակն է միանալ այս նախագծին և այդ խողովակաշար ուղղել նաև «Շահդենիզի» գազը: $5 մլրդ արժողության այս գազամուղի կառուցման համաձայնագիրը ստորագրվել է 2007-ին Վիեննայում, Թուրքիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Ավստրիայի էներգետիկայի նախարարների միջև4: Սպասվում է, որ գազամուղի կառուցումը կսկսվի արդեն 2008-ին, իսկ 2011-ից կգործի ողջ հզորությամբ: Այս ծրագիրը որոշակի հակասություններ ունի ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ԱՄՆ քաղաքական շահերի հետ: Վերջինս ակտիվորեն հանդես է գալիս ընդդեմ Իրանից Թուրքիայի տարածքով Եվրոպա գազի առաքման ծրագրերի և նախընտրում է «գործ ունենալ» ադրբեջանական գազի հետ՝ փորձելով համոզել իր եվրոպացի գործընկերներին գազ գնել Ադրբեջանից: Ինչևէ, 2007թ. ձմռանը «Բրիթիշ փեթրոլիում» և «Սթաթօյլ» ընկերությունները հայտարարեցին «Շահդենիզ» հանքավայրում գազի արդյունահանումը սկսելու մասին5: Սպասվում էր, որ առաջին շրջանում հնարավոր կլինի ստանալ օրական մինչև 5.6 մլն մ3 գազ: Նշենք, որ «Շահդենիզ» հանքավայրի պայմանագրի մասնաբաժնի անդամներ են «Բրիթիշ փեթրոլիումը»` 25.5% (վերջինս նաև այս համաձայնագրի օպերատորն է), «Սթաթօյլը»՝ 25.5%, Ադրբեջանի նավթային պետական ընկերությունը` 10%, «Լուկօյլը»` 10%, «Նիկոնը»` 10%, «Թոթալը»` 10% և «Թպաօն»`10%6: Ադրբեջանական նավթը միջազգային շուկա դուրս բերելու համար կառուցվել է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը: Այս գազամուղը սպասարկում է «Հարավկովկասյան խողովակաշար» ընկերությունը, որի հիմնական փայատերը նույնպես բրիտանական «Բրիթիշ փեթրոլիումն» է, որը նաև պատասխանատու է այս խողովակաշարի կառուցման և շահագործման համար: Գործարկելով Հարավկովկասյան գազամուղը՝ Ադրբեջանը մտադիր է ակտիվացնել իր գազի առաքումը ոչ միայն Թուրքիա, այլ նաև Եվրոպա։ Այս նպատակով ակտիվ բանակցություններ են վարվում մի շարք երկրների հետ, որպեսզի նրանց տարածքով գազը հասցվի արևմուտք: Ծրագրով հետաքրքրված է նաև Իսրայելը, որը փորձում է համոզել, որ Հարավկովկասյան գազամուղը Էրզրումից հասնի Ջեյհան, ինչը նրան հնարավորություն կտա օգտվել կասպյան գազից7: Սակայն պաշտոնական Բաքուն ցանկանում է ոչ միայն արտահանել սեփական գազը, այլև դառնալ թուրքմենական և ընդհանրապես միջինասիական գազը Եվրոպա տեղափոխելու տարանցման երկիր: Բայց այս ծրագրերի իրականացմանը խոչընդոտում է Կասպից ծովի միջազգային կարգավիճակի անորոշությունը և Ռուսաստանի ու Իրանի դիրքորոշումը: Վերջիններս հանդես են գալիս ընդդեմ ծովի հատակով ցանկացած խողովակաշարի անցկացմանը8:
Եզրակացություն
Այսպիսով, Ռուսաստանը լուրջ ջանքեր է գործադրում ոչ միայն իր դիրքերը Եվրոպայի էներգետիկ շուկայում ամրապնդելու, այլ նաև դեպի Եվրոպա հոսող նավթա- և գազամուղների վրա վերահսկողությունը պահպանելու համար: Պարզ է, որ այս պայքարում պաշտոնական Մոսկվայի համար ռազմավարական նշանակություն ունի միջինասիական գազի նկատմամբ մենաշնորհային վերահսկողության պահպանումը: Եվ թեև թե՛ Եվրամիությունը, թե՛ ԱՄՆ-ը ռուսական ազդեցությունը թուլացնելուն ուղղված մեծ ջանքեր են գործադրում, սակայն միանշանակ է, որ մինչև օրս միջինասիական գազը Եվրոպա է հոսում միմիայն ռուսական խողովակաշարերով: Նոր` «Հարավային հոսք» գազամուղի կառուցմամբ այս վերահսկողությունը դառնում է առավել զգալի: Փաստորեն, այս պահին միակ երկիրը, որը կարող է լրջորեն հավակնել միջինասիական գազին և նավթին, Չինաստանն է, որի աշխարհագրական դիրքը թույլ է տալիս առանց Ռուսաստանի միջնորդության գնել այդ էներգակիրները: Արդեն ավարտվել են Ղազախստանից Չինաստան ձգվող նավթամուղի աշխատանքները, գազամուղի կառուցման պայմանագիր է կնքվել նաև Թուրքմենստանի հետ: Սակայն եվրոպական ուղղությունը դեռևս լիովին վերահսկվում է Ռուսաստանի կողմից, որի դեմ, Արևմուտքի աջակցությամբ, փորձում են պայքարել երկու երկիր՝ Ադրբեջանը և Թուրքիան: Առաջինը փորձում է դառնալ դեպի Եվրոպա նավթ և գազ արտահանող երկիր, երկրորդը փորձում է դառնալ դեպի նույն Եվրոպա Հարավային Կովկասից, Միջին Ասիայից և Մերձավոր Արևելքից էներգակիրների արտահանման կարևորագույն հանգույց: Բուլղարայի մայրաքաղաք Սոֆիայում կնքված երկու պայմանագրերը, համաձայն որոնց՝ ռուսական և միջինասիական գազի ու նավթի համար որպես տարանցման երկիր հանդես է գալիս Բուլղարիան, հարվածում են այս երկրների ծրագրերին: Այսպիսով, պաշտոնական Մոսկվայի «թեթև» ձեռքով սկսվում է բուլղարա-թուրքական մրցակցության նոր` էներգետիկ շրջանը:
1Подписано соглашение по нефтепроводу Бургас-Александруполис http://top.rbc.ru/economics/18/01/2008/134533.shtml
2Рыкова Елена, Путин плодотворно съездил в Болгарию, 18.01.2008 http://www.rb.ru/topstory/politics/2008/01/18/173245.html
3ИА REGNUM «Новости», Строительство газопровода NABUCCO начнется в 2008 году www.regnum.ru/news/663612.html 27.06.2006
4Նույն տեղում։
5ИА REGNUM «Новости», BP и "Статойл" объявили о начале добычи коммерческого газа на "Шахдениз" (Азербайджан), http://www.regnum.ru/news
6Նույն տեղում։
7ИА REGNUM «Новости», Израиль стремится повысить интерес Азербайджана и Турции к продолжению газопровода Баку - Тбилиси - Эрзурум до Джейхана, http://www.regnum.ru/news/827179.html 14.05.2007
8ИА REGNUM «Новости», Иран против Транскаспийского газопровода, но готов отменить визовый режим с Азербайджаном, www.regnum.ru/news/931541.html 13.12.2007
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԿԵՂԾ ՕՐԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԻՐԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ[21.05.2020]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ. ԳԱԶԻ ԲԱՂԱԴՐԻՉ[25.12.2018]
- ՉԻՆԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲԱՑ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ 40 ՏԱՐԻՆԵՐԸ[23.11.2018]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՆԱՎԹԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ[08.11.2018]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ ԲՐԻԹԻՇ ՓԵԹՐՈԼԻՈՒՄԻ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ[18.09.2018]
- ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԳԱԶԸ ԵՎ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[06.07.2018]
- «ԵՎՐՈՊԱՅԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՄԱՅՆՔ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ[25.05.2018]
- ԱԷՄԳ-Ն ԵՎ ՆՐԱ ԴԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ[07.05.2018]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[15.12.2017]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾՈՆԸ ԱՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (Մաս 3)[03.11.2017]
- ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾՈՆԸ ԱՐԴԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (Մաս 2)[27.07.2017]