• am
  • ru
  • en
Версия для печати
28.02.2008

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ

English

   

Սևակ Սարուխանյան

energy (medium)2008թ. սկզբին տարածաշրջանում տեղ գտան կարեւոր նշանակության էներգետիկ զարգացումներ, որոնցից կարեւորագույնն, անկասկած, ճգնաժամն է Իրանի եւ Թուրքմենստանի միջեւ, որն, իր հերթին, լուրջ ազդեցություն կունենա Իրան–Թուրքիա, Իրան–Ադրբեջան հարաբերությունների վրա։

2007թ. հոկտեմբերին Թուրքմենստանի նախագահ Կ.Բերդիմուհամեդովի կողմից ստեղծված Ռազմավարական պլանավորման եւ տնտեսական զարգացման ինստիտուտը 2007-ի դեկտեմբերին ներկայացրեց իր առաջին զեկույցը, որն, ըստ էության, Թուրքմենստանի էներգետիկ քաղաքականության հնարավոր փոփոխությունների սկիզբը հանդիսացավ։ Զեկույցի համաձայն` երկրի հետագա կայուն զարգացումն ապահովելու համար հարկավոր է ոչ միայն նպաստել արտասահմանյան ներդրումների կայուն հոսքին եւ ազատականացնել երկրի տնտեսական կյանքը, այլ նաեւ նպատակաուղղված կերպով բարձրացնել թուրքմենական գազի գինը բոլոր գնորդների համար։ Գնի բարձրացման հիմնական նշանակությունը ոչ միայն պետական եկամուտների ավելացումն է, այլ նաեւ ԵՄ-ի հետ ընդհանուր էներգետիկ ռազմավարության ստեղծումը` հիմնված բաց շուկայական մեխանիզմների կիրառման սկզբունքի վրա։

2007-ին Թուրքմենստանը բարձրացրեց Ռուսաստանին եւ Չինաստանին վաճառվող գազի գինը, իսկ Պեկինը 2008-ի հունվարի 21-ին Թուրքմենստանի հետ կնքած պայմանագրով համաձայնեց 1000 մ3-ի համար վճարել $195, որի $50-ը Աշգաբադը պետք է ուղղի Թուրքմենստան–Չինաստան գազատարի կառուցման աշխատանքների ֆինանսավորմանը։ Միեւնույն ժամանակ, փորձագետների եւ իրանական կողմի համար իսկական անակնկալ դարձավ Թուրքմենստանի անսպասելի որոշումը` հունվարի 1-ից դադարեցնել գազի արտահանումը Իրան։ Անակնկալն այն էր, որ թուրքմենական ղեկավարությունը գազի մատակարարումն Իրանին կասեցրեց առանց իրանական ղեկավարության հետ գազի գնի շուրջ բանակցություններ սկսելու։ Մատակարարման կասեցումը հիմնավորելով զուտ տեխնիկական պատճառներով` թուրքմենական կառավարությունը միայն մեկ շաբաթ անց Թեհրանին տեղեկացրեց, որ չի վերականգնի գազի արտահանումն Իրան, եթե Թեհրանը չհամաձայնի 1000 մ3-ի համար ներկայիս $75-ի փոխարեն վճարել $150։ Նման քաղաքականությունը կարելի է բնութագրել որպես վերջնագրային, քանի որ գազի մատակարարման դադարեցումը տեղի ունեցավ անգամ Իրանի համար հարաբերականորեն ցուրտ ձմռանը, մանավանդ եթե հաշվի առնենք, որ Իրանի հյուսիսային շրջաններն օգտագործում են միայն թուրքմենական գազ, իսկ երկրի հարավում արտադրվող բնական գազը հյուսիս տեղափոխելու համար իսլամական հանրապետությունը գրեթե ոչ մի տեխնիկական հնարավորություն չունի։

Այս համատեքստում Իրանի ԱԳՆ խոսնակի` թուրքմենական կառավարության քայլին տված «անբարոյական» գնահատականը, թերեւս, արդարացված է։ Միեւնույն ժամանակ, Թուրքմենստանի քայլը կարելի է գնահատել ոչ միայն բարոյականության, այլ նաեւ միջազգային իրավունքի կատեգորիաներով։ Իրանի պետական գազային ընկերության փոխնախագահ Ի.Գամբարին հայտարարել է, թե Թեհրանը, բացի Աշգաբադի հետ իր հարաբերություններում ճշգրտումներ մտցնելուց, պատրաստվում է դիմել Միջազգային դատարան` Թուրքմենստանի անօրինական քայլից կրած կորուստների փոխհատուցման հայցով։

Ինչեւէ, ակնհայտ է, որ Իրանի եւ Թուրքմենստանի էներգետիկ համագործակցությունը հիմնովին կասեցվելու հեռանկարի առջեւ է կանգնած։ Ստորեւ փորձենք ներկայացնել Թուրքմենստանի քաղաքականության փոփոխման վերաբերյալ այն հիմնական տեսակետները, որոնք այսօր կան։

Ռեսուրսների բացակայություն. Ռուսաստանի հետ էներգետիկ համագործակցության խորացման եւ Չինաստանի հետ համագործակցության պայմաններում Թուրքմենստանը կանգնել է գազի անհրաժեշտ պաշարների բացակայության խնդրի առջեւ։ Հենց այս պատճառով էլ Թուրքմենստանը հրահրել է Իրանի հետ հարաբերությունների ճգնաժամը, որի արդյունքում երկարաժամկետ կտրվածքով կդադարեցվի գազի մատակարարումն այդ երկրին։ Այս մոտեցումը, մեր կարծիքով, միայն մասամբ կարող է բացատրել ստեղծված իրավիճակը, քանի որ տարեսկզբին գազի սակավության խնդիր Թուրքմենստանը չի ունեցել, եւ գազի արտահանման ծավալները Ռուսաստանի ուղղությամբ կտրուկ չեն ավելացել։

Թուրքմենստանը խաղում է Ռուսաստանի օգտին. Կասեցնելով գազի արտահանումը դեպի Իրան` Թուրքմենստանը լուրջ վնաս հասցրեց իրանա-թուրքական էներգետիկ համագործակցությանը, քանի որ Թեհրանը սեփական կարիքները հոգալու համար ստիպված եղավ կասեցնել գազի արտահանումը Թուրքիա։ Արդյունքում` Ռուսաստանն ավելացրեց գազի մատակարարումը Թուրքիային «Երկնագույն հոսք» գազատարի միջոցով, իսկ Անկարայում եւ Բրյուսելում սկսեցին խոսել այն մասին, որ Իրանը եւ Թուրքմենստանը չեն կարող համարվել «Նաբուքքո» գազատարի նախագծի հուսալի մասնակիցներ։ Սա լուրջ հարված էր Իրանի համար, քանի որ դեռ 2007-ի դեկտեմբերին Իրանի ԱԳՆ ղեկավար Մ.Մոթաքին հայտարարել էր, թե Իրանը նպատակ ունի մասնակցել նախագծին եւ ստորագրել էր Իրան–ԵՄ էներգետիկ համագործակցության սկզբունքների մասին դեռեւս 2004-ին մշակված համաձայնագիրը։ Այս ամենը, ակնհայտորեն, բխում է Ռուսաստանի շահերից, որը երկարաժամկետ տեսակետից կարողացել է Թուրքմենստանին առաջարկել վերջինիս համար ձեռնտու համագործակցության փաթեթ-ծրագիր։

Թուրքմենստանը խաղում է ԵՄ օգտին. Համաձայն թուրքմենական ղեկավարության վերջին հայտարարությունների` ստորագրման է պատրաստվում Թուրքմենստան–ԵՄ էներգետիկ համագործակցության համաձայնագիրը։ Հաշվի առնելով այն, որ թուրքմենական գազը ԵՄ հասնում է 2 ճանապարհով` Իրան եւ Ռուսաստան, Աշգաբադը որոշել է կասեցնել Իրանի միջնորդությունը Եվրոպայի հետ համագործակցությունում եւ օգտվել զուտ ռուսական ճանապարհից կամ խթանել Տրանսկասպյան գազատարի կառուցումը, որը հնարավորություն կտա օգտագործել Բաքու–Էրզրում գազատարի ներուժը` Թուրքիա եւ ԵՄ գազի արտահանման տեսանկյունից։ Այս վարկածի դեմ են խոսում հիմնականում դեռեւս չկարգավորված թուրքմենա-ադրբեջանական էներգետիկ վեճերը եւ ՌԴ–ԵՄ էներգետիկ հարաբերությունների անկատարությունը։ Մյուս կողմից, թուրքմենա-իրանական գազային վեճի հիմնական զոհը դարձավ հենց Թուրքիան, քանի որ Իրանը ստիպված եղավ կասեցնել գազի արտահանումն այս երկիր` սեփական կարիքների ապահովման անհրաժեշտությունից ելնելով։ Նշենք, որ Թուրքիայի կառավարության քննադատությանն արժանացան թե՛ Իրանը, թե՛ Թուրքմենստանը, եւ այս առումով, Աշգաբադի քաղաքականությունը մեկնաբանել Բաքու–Էրզրում գազատարին միանալու ձգտմամբ` այնքան էլ հիմնավորված չէ։

Համենայնդեպս, ներկայումս իրանա-թուրքմենական հարաբերությունները Թուրքմենստանի անկախացումից հետո ամենախոր ճգնաժամն են ապրում, եւ դրա արդյունքներից մեկը կարող է լինել Իրանի հարաբերությունների ակտիվացումն Ադրբեջանի ուղղությամբ։

* * *

Երկրի հյուսիսային հատվածին գազի մատակարարումն ապահովելու համար Իրանը մոտակա տարիներին նախատեսում է զարգացնել սեփական էներգատրանսպորտային ենթակառուցվածքը։ Սակայն հնարավոր է նաեւ, որ Թեհրանը գնա Բաքվի հետ էներգետիկ համաձայնագրերի կնքման ճանապարհով։ Այս հնարավորության առաջին վկայությունն է փետրվարի 1-ին «Ազերիգազ» ՓԲԸ գործադիր տնօրեն Ա.Մելիքովի հայտարարությունն այն մասին, թե Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը պատրաստվում է գազի մատակարարման պայմանագիր կնքել Իրանի հետ։ Ըստ տարեսկզբին ներկայացված տվյալների` 2008-ին Ադրբեջանում գազի արտադրությունը կավելանա մոտավորապես 55%-ով, իսկ Ադրբեջան–Իրան վերանորոգված գազատարը հնարավորություն կընձեռի մինչեւ 3 մլրդ մ3 գազ արտահանել Իրան։ Սա Իրանի հյուսիսում սպառման 1/3-ն է կազմում, ինչը չի կարող փոքր քանակություն համարվել։

Մ.Մոթաքին հունվարին հայտարարել էր, թե չի բացառում Իրանի տարածքի օգտագործումն Ադրբեջանից Թուրքիա գազի արտահանման համար` հաշվի առնելով, որ Իրանի խոշորագույն գազային հանգույց համարվող Թավրիզ քաղաքը բավական մոտ է Ադրբեջանի սահմանին։

Ակնհայտ է, որ Իրանի հետ էներգետիկ տրանսպորտային նախագծերի իրականացման հարցի վերաբերյալ Ադրբեջանի որոշումը մեծ մասամբ կախված է Բաքվի` Արեւմուտքի հետ հարաբերություններից։ Սակայն Իրան–Արեւմուտք հարաբերությունների հնարավոր լավացումը, Վրաստանում քաղաքական անկայունության խորացումը եւ իրանա-թուրքական հարաբերությունների հետագա զարգացումը կարող են բերել այս հարցի շուրջ Բաքվի քաղաքականության փոփոխության։ Միեւնույն ժամանակ, Իրանն Ադրբեջանի հետ էներգետիկ երկխոսության հետագա զարգացման եւս մեկ կարեւոր լծակ ունի. այդ երկիրն է հիմնականում ապահովում Նախիջեւանի գազամատակարարումը, ինչպես նաեւ` էլեկտրամատակարարումը։ Այս պարագայում, Իրանի հետ էներգետիկ հարաբերությունները խորացնելու Ադրբեջանի շահագրգռվածությունն ունի օբյեկտիվ պատճառներ:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր