ԱՄՆ-ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ-ԱԴՐԲԵՋԱՆ.ՆՈՐ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՉԱՓ
Վերջին ամիսներին նկատվում է ԱՄՆ դիրքերի ամրապնդման գործընթաց Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում: Խոսքն, առաջին հերթին, ԱՄՆ-ի և Թուրքմենստանի հարաբերությունների ամրապնդման մասին է էներգետիկ և քաղաքական ոլորտներում: Այս գործընթացից զերծ չի մնում նաև Ադրբեջանը, որն ակտիվորեն փորձում է Թուրքմենստանին ներքաշել իր մասնակցությամբ իրականացվող էներգետիկ նախագծերի մեջ:
Համագործակցության խորացման առաջին նշանները
Թուրքմենա-ամերիկյան հարաբերությունների խորացման առաջին նշաններն ի հայտ եկան անցած տարվա ամռանը: 2007թ. հունիսի 20-ին Աշգաբադ ժամանեց ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության գլխավոր հրամանատար, ծովակալ Վ.Ֆալոնին: Թուրքմենստանի նախագահը և ԱՄՆ ռազմական հրամանատարը քննարկեցին տարածաշրջանային անվտանգությանը, այդ թվում՝ նաև էներգետիկ ոլորտին վերաբերող հարցեր: Նշենք, որ հունիսի 10-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում տեղի էր ունեցել Թուրքմենստանի և Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումը 5-ամյա ընդմիջումից հետո, որի ընթացքում որոշում էր կայացվել վերականգնել Թուրքմենստանի դեսպանության աշխատանքները Բաքվում: Վ.Ֆալոնիի՝ Թուրքմենստան կատարած այցից ընդամենը հինգ օր հետո Աշգաբադ է ժամանում Հարավային և Կենտրոնական Ասիայի գծով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Է.Ֆեյգենբաումը: Ամերիկյան դիվանագետի հետ հանդիպման ժամանակ Թուրքմենստանի նախագահ Գ.Բերդիմուհամեդովը հայտարարել է, որ իր կառավարությունը բավական լուրջ է վերաբերվում Անդրկասպյան գազատարին միանալու հեռանկարին, որի իրականացման պայմաններում Թուրքմենստանը հնարավորություն կստանա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքով դուրս գալ ԵՄ գազի շուկա:
Նույն հունիսին ԱՄՆ բարձրաստիճան մի շարք դիվանագետներ այցելություններ կատարեցին Ադրբեջան, որոնցից, թերևս, ամենակարևորը Ազգային անվտանգության գծով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջ.Վուդի այցելությունն էր: Վերջինիս և Ադրբեջանի արդյունաբերության ու էներգետիկայի նախարար Ն.Ալիևի հանդիպման ժամանակ ամերիկյան դիվանագետը հայտարարեց, որ ԱՄՆ ազգային շահերի համար կարևորագույն նշանակություն ունի Կենտրոնական Ասիայի երկրների և, առաջին հերթին, Թուրքմենստանի ու Ղազախստանի ներգրավումը տարածաշրջանային էներգետիկ նախագծերի իրականացմանը:
Մերձեցման խորացում
2008թ. տարեսկզբին ակնհայտ դարձավ, որ Թուրքմենստանի` Ադրբեջանի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավումը ռազմավարական և երկարաժամկետ բնույթ է կրում: Թուրքմենստանի ղեկավարության՝ Իրանի հետ էներգետիկ համագործակցության ոլորտում հրահրած ճգնաժամը հանգեցրեց Իրան-Թուրքմենստան հարաբերությունների կտրուկ վատթարացման: Նշենք, որ Իրանը մինչև վերջերս Թուրքմենստանի միակ ոչ ռուսական դարպասն էր՝ Թուրքիա և ԵՄ գազ արտահանելու տեսանկյունից: Վերջին տարիներին եվրոպական և ամերիկյան էներգետիկ քաղաքականության ոլորտում աշխատող վերլուծաբանների մեծ մասը հակված էր այն կարծիքին, որ թուրքմենական գազի ԵՄ արտահանման միակ հնարավոր ճանապարհը հենց Իրանն է: Սակայն 2008-ի տարեսկզբին թուրքմենական իշխանությունները կարծես թե գիտակցաբար գնում են Թեհրանի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացման: Միակ բացատրությունը, հավանաբար, այն է, որ 2007թ. կեսերից սկսած՝ Թուրքմենստան-Ադրբեջան և Թուրքմենստան-ԱՄՆ հարաբերությունների ջերմացումն իրական տեսք և հեռանկարներ է ստանում, ինչը, հնարավոր է, կբերի Թուրքմենստանի միացմանը Անդրկասպյան գազատարի կառուցման նախագծին:
Հունվարի 17-ին Աշգաբադում իր առաջին աշխատանքային հանդիպումն անցկացրեց նորաստեղծ թուրքմենա-ադրբեջանական միջպետական տնտեսական համագործակցության հանձնաժողովը: Հանձնաժողովի ադրբեջանցի համանախագահ, Ադրբեջանի փոխվարչապետ Յ.Զյուբովի հետ հանդիպման ժամանակ Թուրքմենստանի նախագահը մեկ անգամ ևս նշեց, որ լուրջ ակնկալիքներ ունի Հարավային Կովկասում իրականացվող էներգետիկ նախագծերին իր երկրի մասնակցության հետ կապված: Իսկ փետրվարի 13-ին ԱՄՆ պետքարտուղար Ք.Ռայսը հայտարարեց, որ ԱՄՆ Պետքարտուղարությունում ստեղծվելու է նոր էներգետիկ դիվանագիտության համակարգողի բարձրաստիճան հաստիք: Պետդեպարտամենտի նոր աշխատակիցը պետք է իր ուշադրությունը կենտրոնացնի Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների վրա, որտեղ նկատվում է ռուսական ազդեցության որոշակի աճ:
Նշենք, որ Սենատում անցկացվող լսումների ժամանակ նոր հաստիքի ստեղծման պահանջով հանդես եկավ սենատոր Ռ.Լուգարը։ Նա հայտարարեց, թե ուշադրության պակասի դեպքում ԱՄՆ-ը կարող է հավիտենապես կորցնել Կենտրոնական Ասիան: Փետրվարի 15-ին էներգետիկ դիվանագիտության համակարգողի պաշտոնում նշանակվեց Ս.Մանը, որը ժամանակին նշանակալից դեր է խաղացել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի ծրագրի իրականացման գործում: Իսկ փետրվարի 28-ին Ս.Մանը պաշտոնական այցով ժամանեց Թուրքմենստան և հանդիպում ունեցավ երկրի նախագահի հետ: Հանդիպման հիմնական արդյունքներ կարելի է համարել.
- Ս.Մանը հայտարարեց, թե պաշտոնապես թուրքմենական ղեկավարությանն է փոխանցում ԱՄՆ առաջատար նավթային ընկերությունների պատրաստակամությունը՝ մասնակցել թուրքմենական էներգետիկ նախագծերի իրականացմանը և ֆինանսավորմանը։
- ԱՄՆ կառավարությունը պատրաստ է սատարել առաջատար ամերիկյան տեխնոլոգիաների ներթափանցմանը Թուրքմենստան, ինչպես նաև կազմակերպել էներգետիկ ոլորտի թուրքմենական ազգային կադրերի պատրաստման ծրագրեր ինչպես Թուրքմենստանի, այնպես էլ ԱՄՆ տարածքում:
- Եվ, միգուցե ամենակարևորը, ԱՄՆ կառավարությունը պատրաստ է աջակցել ամերիկյան ընկերությունների կողմից թուրքմենական գազի և նավթի պաշարների անկախ աուդիտի անցկացմանը:
Նշենք, որ էներգետիկ պաշարների անկախ աուդիտները հիմնականում իրականացվում են երկու նպատակով.
Ա. պարզել պաշարների իրական ծավալը և կազմել ապագա ներդրումների մանրամասն ծրագիր,
Բ. հայտարարել «նշանակալից պաշարների» առկայության մասին և դրանով իսկ հիմք ստեղծել ԱՄՆ չափազանց բարձր քաղաքական և տնտեսական ներխուժման հիմնավորման համար:
Այսպես թե այնպես, վերը նշված փաստերը խոսում են այն մասին, որ ԱՄՆ-Թուրքմենստան էներգետիկ և քաղաքական հարաբերությունները մտնում են նոր որակական փուլ: Թուրքմենա-ամերիկյան մերձեցման հաստատուն ընթացքի ապահովման համար, իհարկե, կարևոր է Թուրքմենստանի միացումը Անդրկասպյան գազատարի կառուցման նախագծին: Իսկ սա, իր հերթին, հնարավոր կլինի Կասպիցի կարգավիճակի և հանքավայրերի սեփականության վերաբերյալ առկա թուրքմենա-ադրբեջանական վեճերի վերացման պարագայում միայն:
Այստեղ նույնպես հետաքրքիր զարգացումներ կան: Փետրվար-մարտ ամիսներին անց են կացվել թուրքմենա-ադրբեջանական մի շարք կարևոր հանդիպումներ` նվիրված Կասպիցի կարգավիճակին: Ընդ որում՝ Ի.Ալիևի և Թուրքմենստանի վարչապետ Ռ.Մերեդովի հանդիպման հիմնական թեման եղել է հենց Կասպիցի կարգավիճակի խնդրի քննարկումը: Ուշագրավ է այն փաստը, որ կողմերից ոչ մեկը չի մեկնաբանում բանակցությունների ընթացքը, ինչը որոշ վերլուծաբանների թույլ է տալիս խոսել համապատասխան համաձայնագրի մոտակա ստորագրման հնարավորության մասին: Կենտրոնական Ասիայի գծով հայտնի փորձագետ Մ.Սարիևը, օրինակ, գտնում է, որ Կասպիցի կարգավիճակի հարցը վերջնականապես կլուծվի առաջիկա ամիսների ընթացքում, մինչև Թուրքմենստանի նախագահի այցը Բաքու, որը նախատեսվում է մինչև տարվա կեսը: Ըստ Սարիևի, թե՛ Աշգաբադը, թե՛ Բաքուն այսօր գտնվում են շատ ուժեղ ամերիկյան ճնշման տակ և ստիպված կլինեն համաձայնության գալ:
Իսկ սա նշանակում է, որ կա տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափի ստեղծման մեծ հնարավորություն, որի արդյունքում էլ ավելի կմեծանա Հարավային Կովկասի էներգետիկ տարանցման դերը՝ տարածաշրջանի երկրների համար դրանից բխող բոլոր դրական և բացասական հետևանքներով:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՏԵԼԻՔԸ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԸ[20.04.2015]
- ԻՐԱՆՆ ԱՐԴԵՆ ՇԱՀԵԼ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ[15.04.2015]
- ԻՐԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ. «ՍԱՌԵՑՄԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ[02.02.2015]
- ՆՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ[26.05.2014]
- ԻՐԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ԳԱԶԱՄՈՒՂ (ԴԻՍԿՈՒՐՍԻ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄ)[17.03.2014]
- ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[06.02.2014]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ` ԱՐՄՆՅՈՒԶ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ «ԲԱՆԱՁԵՎ» ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀՅՈՒՐ [23.12.2013]
- ԷԺԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԻՖԵՐԸ[18.12.2013]
- Ս. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՌՈՒՍԱԿԱՆ ԷԺԱՆ ԳԱԶ ՆԵՐԿՐԵԼՈՒՆ ԵՎ ՀԱԷԿ-Ի ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ[09.12.2013]
- ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱ ՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ[09.12.2013]
- ՄՄ–ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՑԱԾՐ ՍԱԿԱԳՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼ. ՓՈՐՁԱԳԵՏ[12.09.2013]