• am
  • ru
  • en
Версия для печати
31.03.2008

ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԻՐԱՆԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՈՒՐՋ

English

   

Սևակ Սարուխանյան

nuclear (medium)Մարտի 3-ին ՄԱԿ ԱԽ-ը ընդունեց Իրանի միջուկային ծրագրին վերաբերող երրորդ բանաձևը, որը ՄԱԿ ԱԽ մշտական հինգ անդամների միջև Իրանի միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ ընթացող քննարկումների բնական արդյունքը հանդիսացավ: Թեև ԱԽ ընդունած փաստաթուղթն առավել քան հավասարակշռված էր, այն Իրանի միջուկային ծրագրի շուրջ զարգացումներում նոր որակական սկիզբ է նախանշում և հիմք ստեղծում հետագայում կոշտ պատժամիջոցների կիրառման համար:

Փետրվարին ՄԱԿ ԱԽ-ում միջուկային հիմնախնդրի շուրջ ծավալված քննարկումներն Իրանի համար կարևոր նշանակություն ունեին ոչ միայն բուն միջուկային ծրագրի իրականացման հեռանկարների, այլ նաև ներքաղաքական զարգացումների առումով: Խորհրդարանական ընտրություններն Իրանում, որոնք ավարտվեցին մարտի 14-ին, հստակ ազդեցություն էին թողել Իրանի վերջին ամիսների ներքին և արտաքին քաղաքականության վրա:

Բավական սահմանափակ իրավասություններ ունեցող խորհրդարանում պատկառելի տեղեր գրավելու համար սկսված միջխմբային քաղաքական պայքարն Իրանում պայմանավորված էր նրանով, որ խորհրդարանական ընտրություններն անց են կացվում նախագահական ընտություններից մեկ տարի շուտ, և երկրի օրենսդիր մարմնում մեծաքանակ աջակիցներ ունենալու դեպքում նախագահական աթոռի համար պայքարող թեկնածուն կարող է հաջողություն ապահովել նախագահական ընտրություններում: Հաշվի առնելով այն փաստը, որ միջուկային հիմնախնդրի շուրջ ընթացող զարգացումները լայն քննարկման և գնահատման առարկա են իրանական հասարակությունում, թե՛ ՄԱԿ ԱԽ ընդունած փաստաթուղթը, թե՛ իրանական քաղաքական ուժերի դիրքորոշումը միջուկային հիմնախնդրի շուրջ դարձան նախընտրական պայքարի վրա ազդեցություն գործող կարևոր գործոններ:

ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Մ.Էլ-Բարադեյի զեկույցը և Իրանի արձագանքը

Փետրվարի 22-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Մ.Էլ-Բարադեյի` Իրանի միջուկային ծրագրին նվիրված, 58 կետից բաղկացած զեկույցը հիմք հանդիսացավ մարտի 3-ին ՄԱԿ ԱԽ ընդունած բանաձևի համար: Զեկույցում չկար տեղեկատվություն այն մասին, թե Իրանում արդյոք կա միջուկային զենքի ստեղծման ծրագիր, բայց նշվում էր, որ պաշտոնական Թեհրանը չի կատարում ՄԱԿ ԱԽ պահանջները՝ դադարեցնել ուրանի հարստացումը, այլ, ընդհակառակը, սկսել է ուրանի հարստացմանն ուղղված՝ նոր սերնդի ցենտրիֆուգների մշակման ծրագիր: Թեև զեկույցը լի էր Իրանի միջուկային հետազոտությունների վերաբերյալ քննադատությամբ, սակայն իրանական պահպանողական ուղղվածություն ունեցող քաղաքական ուժերը նախընտրական քարոզչության ժամանակ այն ներկայացրին որպես «Իրանի հաղթանակ»: Ավելին, Իրանի հոգևոր առաջնորդ Ա.Խամենեին հայտարարեց, թե Էլ-Բարադեյի զեկույցը ոչ այլ ինչ է, եթե ոչ «Իրանի միջուկային թղթապանակի փակում»: Նույնպիսի հայտարարություններով հանդես եկան թե՛ Իրանի արտաքին գործերի նախարարությունը, թե՛ ԱԷՄԳ-ում աշխատող իրանական պատվիրակությունը: Ակնհայտ է, որ իրանական ղեկավարությունը բավական հստակ պատկերացնում էր, որ ԱԷՄԳ գլխավոր տնօրենի զեկույցից հետո Իրանի «միջուկային թղթապանակը» ոչ միայն չի փակվելու, այլև մեկ անգամ ևս դառնալու է ՄԱԿ ԱԽ քննարկման առարկան` դրանից բխող հետևանքներով: Այս տեսանկյունից Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունների «լավատեսությունը» պետք է դիտարկել որպես նախընտրական պայքարում միջուկային խաղաթղթի օգտագործման կասեցման փորձ: Վերջին տարիներին կառավարության տնտեսական և սոցիալական անհաջող քաղաքականության հետևանքով բավական սրացել է հասարակության դժգոհությունն իշխանությունների վարած քաղաքականությունից: Իսկ Իրանի ներկայիս իշխանությունը ոչ միայն երկրի նախագահ Մ.Ահմադինեժադն է, այլ նաև «պահպանողական» կոչվող քաղաքական ուժերի համախումբը:

Հավանաբար, Ա.Խամենեիի և իրանցի այլ գործիչների կողմից ԱԷՄԳ գլխավոր տնօրենի զեկույցի «լավատեսական” գնահատականները փորձ էին արդարացնել ոչ այնքան Մ.Ահմադինեժադի, որքան «պահպանողականների» կոշտ արտաքին քաղաքական գծի արդյունավետությունը: Ինչ վերաբերում է, այսպես կոչված, «բարեփոխիչներին», ապա նրանք թեև երբեք էլ չեն մերժել միջուկային ծրագրի զարգացման անհրաժեշտությունը, սակայն միշտ հանդես են եկել կոշտ քաղաքականության հնարավոր բացասական հետևանքների մասին հայտարարություններով: Հենց այս բացասական հետևանքների դրսևորումն են ՄԱԿ ԱԽ բանաձևերը և Իրանի տնտեսական ու սոցիալական համակարգի վրա դեռևս մեծ ազդեցություն չթողնող պատժամիջոցները: Չնայած տարեսկզբին խորհրդարանական ընտրություններում «բարեփոխիչների» հնարավոր հաղթանակի մասին գրեթե չէր խոսվում, փետրվարին նրանց դիրքերը բավական ամրապնդվեցին: Մարտի 16-ին հրապարակված խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն` «բարեփոխիչները» ստանում են իրանական մեջլիսի տեղերի 30%-ը, ինչը բավական լավ արդյունք է:

ՄԱԿ ԱԽ բանաձևը

ԱԷՄԳ գլխավոր տնօրենի զեկույցի բնական հետևանքը դարձավ ՄԱԿ ԱԽ կողմից մարտի 3-ին ընդունված բանաձևը: ԱԽ մշտական անդամների միջև ծավալված քննարկումների արդյունքում ընդունված փաստաթուղթը լուրջ պատժամիջոցներ է մտցնում Իրանի նկատմամբ: Նշենք դրանցից մի քանիսը.

  1. Արգելվում է մի շարք իրանցիների մուտքը ՄԱԿ անդամ երկրների տարածք: Նրանց շարքում են գիտնականներ, խոշոր ձեռնարկությունների և հիմնարկությունների ղեկավարներ:
  2. ՄԱԿ անդամ երկրներից պահանջվում է վերահսկել բոլոր ֆինանսական գործարքներն իրանական բանկերի և ֆինանսական կազմակերպությունների հետ: Առաջին հերթին սա վերաբերում է իրանական խոշորագույն «Մելլի» և «Սադերաթ» բանկերին:
  3. Վերահսկողություն է սահմանվում դեպի Իրան և Իրանից դուրս եկող բոլոր ապրանքների և բեռների վրա («Իրան Էյր Կարգոու» և «Իրան Շիփինգ Լայն» խոշորագույն ընկերությունների ինքնաթիռների և նավերի միջոցով տեղափոխվող ևն):

Բանաձևը պահանջում է Իրանից մեկ օրվա ընթացքում դադարեցնել ուրանի հարստացումը և կանգնեցնել ծանր ջրով ռեակտորի կառուցման աշխատանքները, իսկ ԱԷՄԳ գլխավոր տնօրենից` 90 օր հետո ներկայացնել զեկույց այն մասին, թե կատարել է արդյոք իսլամական հանրապետությունը ՄԱԿ ԱԽ պահանջները:

Նշենք մի կարևոր փաստ: Այն ժամանակ, երբ ՄԱԿ ԱԽ-ում ավարտական փուլ էին մտել Իրանին վերաբերող բանաձևի քննարկումները, տեղի ունեցավ Իրանի նախագահ Մ.Ահմադինեժադի այցն Իրաք: Իսլամական հեղափոխությունից հետո սա Իրանի ղեկավարի առաջին այցն էր Իրաք, ինչն ինքնին կարևոր է: Սակայն ուշագրավ է այն, որ բանաձևի ընդունման նախօրեին Իրաք այցելած Իրանի նախագահը ԱՄՆ հասցեին մեղադրանքների մեծ տարափ ուղղեց, իսկ ամերիկյան զորքերի կողմից վերահսկվող Բաղդադում Վաշինգտոնն անվանեց հանցագործ և զավթիչ: Բավական արդարացված տպավորություն ստեղծվեց, թե Իրանի նախագահն էլ ավելի է բորբոքում կրքերը, չնայած իրանա-ամերիկյան քանիցս անցկացված բանակցությունները հենց նույն Բաղդադում որոշակի հիմք են ստեղծում երկու երկրների հարաբերությունների մասնակի կարգավորման համար: Համաձայն հայտնի վերլուծաբան Ք.Քաթցմանի՝ Իրանի նախագահի նոր «բանավոր հարձակումները ԱՄՆ-ի դեմ ուղղված են զուտ ներիրանական «օգտագործման» համար և նպատակ ունեն լուծել Մ.Ահմադինեժադի հիմնական գերխնդիրը. վերընտրվել նախագահ 2009-ին»:

Բուն Իրանում ՄԱԿ ԱԽ բանաձևի ընդունումն այնքան էլ լայն քննարկման առարկա չդարձավ: Սա բացատրվում է նրանով, որ բանաձևի ընդունման հենց նույն օրը Իրանի Պահապանների խորհուրդը վերանայեց իր նախկին որոշումը և անսպասելիորեն 300 «բարեփոխիչ» քաղաքական գործիչների, որոնց մեկ և կես ամիս առաջ մերժել էր թույլատրել մասնակցելու խորհրդարանական ընտրություններին, հաստատեց խորհրդարանական ընտրություններին մասնակցող թեկնածուների շարքում: Սա, հավանաբար, քայլ էր, ուղղված թե՛ հասարակության ուշադրության շեղմանը անցանկալի արտաքին զարգացումներից, թե՛ իբրև «վճար» բարեփոխիչներին միջուկային խաղաթուղթը ներքաղաքական կյանքում չօգտագործելու համար:

Նույն մարտի 3-ին իր թեկնածությունը խորհրդարանական ընտրություններից անսպասելիորեն հանեց Իրանի ատոմային կազմակերպության նախկին ղեկավար Գ.Ամրոլահին, որը բազմիցս հայտարարել էր, թե կոշտ դիրքորոշումը ոչ մի լավ բանի Իրանի համար չի հանգեցնի:

Ինչևէ, կարելի է նշել, որ ՄԱԿ ԱԽ-ի կողմից իրանական միջուկային ծրագրին վերաբերող բանաձևի ընդունումը թե՛ բովանդակությամբ, թե՛ Իրանի ներքաղաքական կյանքի վրա ունենալիք ազդեցությամբ մեծ կարևորություն ներկայացնող իրադարձություն է: Իրանի ղեկավարությունը բանաձևի ընդունումից հետո արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում կասեցնել ուրանի հարստացման աշխատանքները, ինչը վկայում է, որ արդեն հունիսին Իրանի միջուկային ծրագիրը կրկին կհայտնվի ՄԱԿ ԱԽ-ում, և հնարավոր է՝ կընդունվեն նոր պատժամիջոցներ:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր