• am
  • ru
  • en
Версия для печати
27.11.2012

«ԵՐՐՈՐԴ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՉԻ ՍԿՍՎԻ…»

EnglishРуский

   

Գևորգ Միրզայան

Քաղաքագետների և միջազգայնագետների երևանյան համաժողովին մասնակցում էր Մոսկվայի «Էքսպերտ» ամսագրի վերլուծաբան, լրագրող Գևորգ Միրզայանը, ում հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:

-Պարո´ն Միրզայան, Ձեր զեկույցը մեծ հետաքրքրություն և աշխուժություն առաջացրեց համաժողովի մասնակիցների մոտ, շատերն իրենց ելույթներում անդրադարձան Ձեր ընտրած թեմային, բարձրացրած հարցերին… Ձեր կարծիքով՝ մեր այսպես կոչված հարևաններից ու՞մ է ձեռնտու «արաբական գարունը»:

-Շնորհակալություն զեկուցմանս հասցեագրված կարծիքի համար: Անդրադառնամ «արաբական գարնան» թեմային. այն ձեռնտու է հիմնականում Մերձավոր Արևելքի միապետներին, այսինքն` դա նրա´նց նախագիծն էր, նրա´նք սկսեցին: Ձեռնտու կլիներ նաև Թուրքիային, եթե նա իրեն ճիշտ դրսևորեր, եթե չգերագնահատեր իր ռեսուրսները: Բայց Թուրքիան դրության սխալ վերլուծություն արեց: Եթե Սիրիան ընկնի, Իրանն ամբողջապես կհայտնվի ռազմավարական շրջափակման մեջ: Եթե Իրանն ընկնի, ճնշման ենթարկվի, ապա Իրանի հարավային բոլոր հատվածները, այդ թվում նաև Ադրբեջանը, կգործի (Ալիևը շատ մեծ պլաններ ունի, և նրան այդ պլաններն իրագործելուն խանգարում է միայն Իրանի Իսլամական Հանրապետությունը): Եթե Ալիևին հաջողվի ինտեգրել այդ հատվածները, կարծում եմ` Արևմուտքը կսատարի նրան այդ հարցում, և կստացվի տիպիկ սուպերէթնոս -Ադրբեջան այդ շրջանում: Եվ այդ իրադրության մեջ նույնիսկ Ռուսաստանը չի կարողանա փրկել Հայաստանին:

-Պարո´ն Միրզայան, որքա՞ն կտևի «արաբական գարունը»:

-Իմ կարծիքով՝ երկար կձգվի, որովհետև ռեժիմի շատ միավորներ կան, որոնք այդ «գարնանը» կենթարկվեն Սիրիայից հետո… Հորդանանը, Ալժիրը: Հորդանանի թագավորը շատ գրագետ քաղաքականություն է վարում, բայց Հորդանանը թույլ է, այն նախկին Հորդանանը չէ, որը կար Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Եվ նորից եմ կրկնում` եթե Իրանը ընկնի, դա Հայաստանի համար կատաստրոֆա կլինի: Իրանը Ադրբեջանի իրական թշնամին է և Հայաստանի իրական բարեկամը: Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները երբեք չեն կարող լավ լինել` Ալիևի վարած քաղաքականության հետևանքով:

-Ձեր կարծիքով՝ Ադրբեջանի կողմից պատերազմական գործողություններ կծավալվե՞ն:

-Ո´չ, Ադրբեջանին առայժմ թույլ չեն տա պատերազմ սկսել. Արևմուտքը թույլ չի տա, որն ակտիվորեն ներխուժել է Ադրբեջանի տնտեսության մեջ և չի ցանկանում վտանգի ենթարկել խողովակաշարերը, որոնք անցնում են Ադրբեջանի տարածքով: Արևմուտքը Ադրբեջանի պատճառով չի ցանկանա կոնֆլիկտ ունենալ Ռուսաստանի հետ, Ռուսաստանն իր շահերը, իր հետաքրքրությունն է պաշտպանում Անդրկովկասում. այս դեպքում նրա հետաքրքրությունն այդ տարածքում Հայաստանի հետ ունեցած միությունն է: Առայժմ Թուրքիային էլ ձեռնտու չէ այդ պատերազմը, որովհետև նրան ևս պետք չէ Ռուսաստանի հետ կոնֆլիկտ ունենալ: Թուրքիան ճիշտ հետևություններ է արել վրացական պատերազմից:

-Չե՞ք կարծում, որ իսլամական աշխարհը կսկսի Համաշխարհային երրորդ պատերազմը, արդյոք Մերձավոր Արևելքում ծավալված պատերազմական գործողությունները դրա սկիզբը չե՞ն…

-Ո´չ, չեմ կարծում, Երրորդ համաշխարհային չի սկսվի:

Զրուցեց Կարինե ԱՎԱԳՅԱՆԸ

http://hayernaysor.am/1353656603

դեպի ետ