• am
  • ru
  • en
Версия для печати
07.04.2008

ԿԵՆՍԱՎԱՌԵԼԻՔԸ՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՆԱԽԱԳԻԾ

Руский

   

Սերգեյ Գրինյաև

Sergey_Grinyaev (medium) Մի շարք փորձագետների կարծիքով՝ վերջին ամիսներին համաշխարհային տնտեսության մեջ ի հայտ են եկել և ակտիվորեն քննարկվում են զարգացման մի քանի նոր ուղղություններ։ Նման ուղղությունների թվին է պատկանում, մասնավորապես, կենսավառելիքի շուկայի ձևավորումը։

Փորձագետները ենթադրում են, որ նշված ուղղությունների զարգացումը առնվազն երկու հնարավոր նպատակ ունի, ընդ որում՝ բացարձակ հայտարարված նպատակը գլխավորը չէ։ Սա կարող է նշանակել, որ նման կարգի նախագծերը նախագիծ-նմանակներ են, որոնք կոչված են լուծելու ոչ թե տնտեսության նոր սեկտորների զարգացման, այլ արդեն գոյություն ունեցողների վերակառուցման խնդիրները։ Ընդ որում՝ համաշխարհային ԶԼՄ-ում ծավալված տեղեկատվական քարոզչությունը հօգուտ կենսավառելիքային ուղղության զարգացման, ոչ այլ ինչ է, եթե ոչ համաշխարհային տնտեսության վերակառուցման և ազդեցության ոլորտների վերաբաժանման հիմքում դրված բուն իմաստի քողարկում։

Այսպես, մասնավորապես վերջին ամիսներին ածխաջրածնային հումքի աճող գների համատեքստում առավել ակտիվորեն է քննարկվում շուկայի նոր՝ կենսավառելիքի արտադրության սեգմենտի զարգացման անհրաժեշտության հարցը։

Կենսավառելիքի հետ կապված նախագծերի առաջքաշման վերաբերյալ տեղեկատվական քարոզչության ակտիվացում վերջին ամիսներին նկատվեց հատկապես Արևելյան Եվրոպայում և Ուկրաինայում։ Մինչ այդ նման քարոզարշավներ անցկացվում էին ԱՄՆ-ում, Հարավային և Լատինական Ամերիկայի երկրներում։

Այս նախագծի տեսանելի մասը միանգամայն հասկանալի է և արդարացված. ածխաջրածինների համաշխարհային պաշարների սպառման, ինչպես նաև նավթի և նավթամթերքների այսօր արդեն աճած գների պայմաններում վառելիքի այլընտրանքային տեսակների փնտրտուքը միանգամայն հասկանալի է։

Սակայն հարց է ծագում. ինչո՞ւ է շեշտը դրվում հենց այն նախագծերի զարգացման քարոզչության վրա, որոնք կապված են կենսազանգվածից վառելիքի արտադրության հետ։ Հարցի պատասխանն ամենևին էլ միանշանակ չէ։ Ավելին, կան գնահատականներ, ըստ որոնց՝ կենսավառելիքի ծավալուն արտադրությունը կարող է կործանարար լինել համաշխարհային տնտեսության համար։

Նախ՝ վերջին ամիսները բնութագրվում են գյուղատնտեսական ապրանքների և սննդարդյունաբերության համաշխարհային շուկայի կառուցվածքային խոր փոփոխություններով։ Հիմնական ապրանքների հոսքը սպառման ավանդական շուկաներից ուղղվում է դեպի նոր շուկաներ։ Նման փոփոխությունների օրինակ կարող է ծառայել կաթնամթերքի գլոբալ շուկայի վերակառուցումը և սպառման նոր՝ Չինաստանի կաթնամթերքի շուկայի գոյացումը, որը մինչ այդ կաթնամթերք գրեթե չէր օգտագործում։

Բացի այդ, էապես ձևափոխվում է հացահատիկի շուկան։ Ցորենի գինը համաշխարհային շուկայում միայն 2007թ. կրկնապատկվել է։ Փորձագետների գնահատականներով՝ համաշխարհային պահանջարկը բավարարելու համար գյուղատնտեսական արտադրությունը տարեկան պետք է ապահովի 3,3%-ի աճ, ընդ որում՝ վերջին 20 տարիներին հացահատիկի բերքահավաքն աճել է տարեկան ընդամենը 1,3%-ով։

Մթերքի համաշխարհային շուկայում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխություններն արդեն հանգեցրել են նրան, որ առաջ է եկել մթերային ապրանքների գների աճի կայուն միտում։ Փորձագետների կարծիքով՝ այդ աճն ինքն իրեն չի առաջացել և սեզոնային չէ, այլ երկարատև բնույթ ունի և առաջ է եկել շուկայի կառուցվածքային լուրջ վերակառուցման արդյունքում։ Նման պայմաններում գյուղատնտեսության զարգացումը սննդամթերքի արտադրության նպատակով շատ բանով կնպաստեր դրանց գների կայունացմանը, սակայն դա տեղի չի ունենում. առաջ են քաշվում ոչ պարենային ապրանքների արտադրության նախագծեր։

Հարկ է հիշել նաև այն մասին, որ մթերքի համաշխարհային շուկայի վերակառուցումը հիմնականում նպաստում է գենամոդիֆիկացված (ԳՄ) մթերքների արտադրմանը։

Մասնավորապես, հատկանշական է, որ 2007թ. եղավ Greenpeace-ի և GeneWatch-ի առաջին զեկույցը գենետիկական աղտոտվածության մասին։ Զեկույցում հիշատակված են աշխարհի 39 երկրներում տեղի ունեցած 113 դեպքեր, ինչը գրեթե երկու անգամ գերազանցում է այն երկրների թիվը, ուր թույլատրված է աճեցնել ԳՄ-բույսեր։ Նման դեպքերի հաճախականությունը, ի մտահոգություն զեկույցի հեղինակների, շարունակում է ավելանալ, խնդրին առնչվող երկրների թիվը՝ նույնպես։ Գենետիկական աղտոտվածություն է նկատվում նույնիսկ այն երկրներում, որոնք խստորեն հսկում են ԳՄ-մշակաբույսերի դաշտային հետազոտությունները, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում։

Այսօր ԳՄ-մթերքների տարածման հսկողությունը յուրաքանչյուր երկրի բնապահպանական և մթերային անվտանգության ապահովման կարևոր խնդիրներից է։ Այս ուղղությամբ խիստ կոշտ դիմակայություն կա զարգացած երկրների միջև՝ մթերային ապրանքների ապագա շուկան վերահսկելու համար։ Այս մասին, մասնավորապես, վկայում է այն փաստը, որ 2006թ. փետրվարին Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում փակ լսումներ անցկացվեցին ըստ Եվրամիությանը ԱՄՆ-ի, Կանադայի և Արգենտինայի ներկայացրած հայցի, թե օրինաչափ են արդյոք արգելքները ԵՄ երկրներում մտցված գենամոդիֆիկացված օրգանիզմների (ԳՄՕ) առանձին տեսակների հանդեպ և ԳՄՕ մորատորիումը 1998-2003թթ.։ Լսումների արդյունքները ներկայացվեցին ԱՀԿ փակ զեկույցում։ Հայցը բավարարվեց, սակայն զեկույցի ամբողջական տեքստն ուղարկվեց միայն քննության մասնակից երկրների պաշտոնատար անձանց։

Վերոնշյալ քննությունը ցույց տվեց, որ շուկաների վերաբաժանման պայքարին ներգրավված են նաև առաջատար միջազգային կազմակերպությունները։ Մասնավորապես, ԱՀԿ-ն, փորձագետների կարծիքով, իրավունք չունի որոշում կայացնել այն կոնֆլիկտների վերաբերյալ, որոնք ծագում են առևտրային կանոնների հակասությունների և շրջակա միջավայրի պաշտպանության միջոցների հետ կապված, քանի որ այդ կազմակերպությունը լիովին անտեսում է միջազգայնորեն ընդունված «նախազգուշության սկզբունքը» և մտահոգված է միայն առևտրի հարցերով։

Երկրորդ՝ վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրների մի շարք հետազոտական կենտրոններ, այդ թվում և ՄԱԿ հովանու ներքո աշխատող միջազգային կազմակերպություններ, հրապարակեցին իրենց հետազոտությունների արդյունքները կլիմայի փոփոխությունների և դրա հետ կապված՝ Երկրի կենսոլորտի փոփոխությունների մասին։ Զեկույցներում մասնավորապես նշվում էր, որ կլիմայի փոփոխությունները կհանգեցնեն և մի շարք դեպքերում էլ՝ հանգեցրել են գյուղատնտեսություն վարելու համար պիտանի հողամակերեսի կտրուկ նվազման։ Անապատացման, էրոզիայի և տեխնածին աղտոտվածության ազդեցությամբ ավելի ու ավելի շատ հողահանդեր չեն կիրառվում գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակներով։

Այսպես, 2007թ. աշնանը ՄԱԿ շրջակա միջավայրի վերաբերյալ ծրագրի շրջանակներում հրապարակվեց «Գլոբալ էկոլոգիական հեռանկար. շրջակա միջավայրը մարդու զարգացման համար» (ГЕО-4) զեկույցը մոլորակի վրա շրջակա միջավայրի վիճակի մասին։ Հետազոտության տվյալների համաձայն (մասնակցել էին աշխարհի շուրջ 390 առաջատար գիտնականներ)՝ կլիմայի փոփոխությունները, բնական պաշարների և խմելու ջրի անբավարարությունը մարդկությանը կանգնեցնում են գոյատևման սահմանագծի առջև և պահանջում շուտափույթ միջոցներ ձեռնարկել։ Զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ ներկայումս յուրաքանչյուր մարդու անհրաժեշտ են մեկ երրորդով ավելի ռեսուրսներ, քան կարող է տալ մոլորակը։ 20 տարիների ընթացքում Երկրի բնակչությունն աճել է 34%-ով, այն դեպքում, երբ ամեն տարի Երկրի երեսից անհետանում են 73 հազ. մ2 անտառներ։ Զգալիորեն՝ 39%-ով ավելացել են գյուղատնտեսական ցանքի նպատակով հողօգտագործման դեպքերը։ Ըստ փորձագետների հայտարարությունների՝ անցկացված դիտարկումների արդյունքները վկայում են, որ գոյություն ունի երկրի մակերեսի զգալի մասի անապատացման և աղուտներով ծածկվելու վտանգի մեծացման կայուն միտում։ Բացի այդ, կենսաբազմազանության նվազման տեմպերը և էկոհամակարգերի վատթարացումն այսօր աննախադեպ երևույթ են։

Կլիմայի փոփոխության գծով ՄԱԿ փորձագետների հաշվետվության համաձայն, որ պատրաստվել է կլիմայի փոփոխության գծով փորձագետների միջկառավարական խմբի կողմից և հրապարակվել 2007թ. ՄԱԿ Չորրորդ գնահատիչ զեկույցում (2007/2008թթ. Մարդու զարգացման «Պայքար կլիմայի փոփոխությունների դեմ. մարդկային համերաշխությունը տարանջատված աշխարհում» ծրագրի շրջանակներում), հողային ռեսուրսների դեգրադացիան շարունակում է լուրջ հիմնախնդիր մնալ աշխարհի շատ տարածաշրջաններում։ Կլիմայի փոփոխությունները հանգեցնում են աշխարհի ողջ գյուղատնտեսական համակարգի էական վերակառուցման, ընդ որում՝ այդ փոփոխություններն առաջին հերթին շոշափում են աշխարհի ամենաաղքատ բնակչության շահերը։

Այս կապակցությամբ, փորձագետների կարծիքով, շրջակա միջավայրի դեգրադացիան կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ զարգացման այնպիսի նպատակների իրականացման ճանապարհին, ինչպիսին են աղքատության ծավալների կրճատումը և էկոլոգիական անվտանգության ապահովումը։ Նման պայմաններում գյուղատնտեսական հողահանդերը կենսավառելիքի արտադրության նպատակով օգտագործելը կնպաստի ճգնաժամի խորացմանը։ Նման իրավիճակն օբյեկտիվորեն եթե նույնիսկ չի էլ հանգեցրել, ապա առաջիկայում կհանգեցնի գյուղատնտեսական մշակաբույսերի թանկացման։

Երրորդ՝ ածխաջրածնային հումք օգտագործողների զգալի թվի անցումը կենսավառելիքի օգտագործման կհանգեցնի նրան, որ այլևս դժվար կլինի հրաժարվել կենսավառելիքի արտադրության նպատակով գյուղատնտեսական հողահանդերի օգտագործումից և դրանք կրկին դնել գյուղմթերքների արտադրության տակ։ Այս իրավիճակը միայն կնպաստի մթերքների համաշխարհային շուկայում գների հետագա բարձրացմանը։

Որքան հնարավոր է շատ հողահանդերի նկատմամբ վերահսկողություն սահմանելու ձգտումը (մասնավորապես Ռուսաստանում, ուր դրանք 10-15 անգամ ավելի էժան են, քան Արգենտինայում և 60 անգամ էժան, քան Շվեդիայում) խթան է հանդիսանում արևմտյան առաջատար գյուղարտադրողների գործունեության ակտիվացման համար։

Այսպես, ԱՄՆ-ում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ շվեդական Black Earth Farming Ltd. ընկերությունը, որ ներդրումներ է կատարում Ռուսաստանի գյուղատնտեսական արտադրությունում, ծրագրում է մոտ ժամանակներս $255,7 մլն ներգրավել Ուկրաինայի և Ռուսաստանի սևահողային շրջաններում հողահանդակներ ձեռք բերելու համար, որոնք այժմ, ընկերության ներկայացուցիչների խոսքերով, «... անարդյունավետ են օգտագործվում»։ Այսօրվա դրությամբ ընկերությանն է պատկանում 277 հազ. հա Կենտրոնական Ռուսաստանում (Տամբովի, Վորոնեժի, Լիպեցկի և այլ մարզերում)։ 2008թ. նոր հողեր գնելու նպատակով ընկերությունը կարող է ներդնել ևս $250 մլն՝ մեկ հեկտարի համար նախատեսելով միջինը $500-700։

Բացի այդ, բրիտանական Heartland Farms (UK) Ltd. ընկերությունը ևս 29 հազ. ակր հող է ձեռք բերել Ռուսաստանում։ 2008թ. գարնանը այն նախատեսում է վարձակալության վերցնել, հետգնման իրավունքով, ևս 15 հազ. հա։ Գյուղատնտեսական հողահանդերի ձեռքբերման նպատակով ներդրումներ է անում նաև դանիական Trigon Agri A/S ընկերությունը։

Փորձագետների գնահատականներով՝ գնված հողահանդերի մեծ մասը հետագայում օգտագործվելու է ձիթաբույսերի աճեցման համար, որոնք կիրառվում են կենսավառելիքի արտադրության մեջ։

Չորրորդ՝ պատմությանը հայտնի են քարածխից և գորշածխից ստացված սինթետիկ վառելիքի բավական արդյունավետ արտադրության օրինակներ։ XX դարի 30-40-ական թթ. Գերմանիայում կար նման արտադրություն՝ արդյունաբերական ծավալներով, ինչը թույլ էր տալիս մասամբ լուծել վառելիքի անբավարարության հարցը գերմանական բանակի համար։ Նման վառելիքն, անշուշտ, խիստ թանկ է, բայց երբ նավթի գինը գերազանցում է $100-ը, արդեն կարելի է հանգիստ խոսել սինթետիկ բենզինի ստացման նախագծի շահութաբերության մասին։

Ընթացիկ պահի առանձնահատկությունն այն է, որ բացարձակ լռություն է տիրում նոր, արդի տեխնոլոգիաների հիմքի վրա սինթետիկ վառելիքի հնարավոր արդյունաբերական արտադրության շուրջ։

Բավականաչափ տեղեկատվություն չկա նաև հետազոտությունների մեկ այլ ուղղության՝ ջրածնային էներգետիկայի վերաբերյալ, որն, ի դեպ, առավել համակողմանիորեն և ծավալուն ձևով ուսումնասիրված է հենց ԱՄՆ-ում։ Ոչ այնքան հասկանալի պատճառներով շեշտադրումն այսօր արվում է հենց կենսավառելիքի վրա։

Այսպիսով, որպես հետևություն նշենք հետևյալը.

1. Համաշխարհային տնտեսությունը մուտք է գործում կոշտ կառուցվածքային վերափոխումների փուլ, որոնց հիմնական նպատակն է համաշխարհային տնտեսությունը հարմարեցնել առանց դոլարի և նավթի գոյատևելու նոր պայմաններին։ Փնտրվում է տնտեսական փոխհարաբերությունների նոր, ոչդոլարային ստանդարտ։ Այս պատճառով է, որ առկա է բոլոր բազային ակտիվների սրընթաց թանկացում՝ ոսկուց և նավթից սկսած, մինչև անշարժ գույք ու սննդամթերք։

2. Ճգնաժամային երևույթների խորացման պայմաններում համաշխարհային ԶԼՄ շահագրգիռ խմբերի կողմից սկսում է իրականացվել տեղեկատվական քարոզչություն, որը նպատակ ունի ապակողմնորոշել համաշխարհային հասարակական կարծիքը, շեղել այն նոր ունիվերսալ համարժեքի որոնման գործընթացներից, իսկ առանձին դեպքերում (կենսավառելիքի օրինակով)՝ բարդացնել իրավիճակը։

3. Մինչ այս կամ այն «հեռանկարային» ուղղության զարգացման մասին որոշում ընդունելը անհրաժեշտ է մանրամասն և հանգամանալիորեն վերլուծել այդ նախագծի հեռանկարները համաշխարհային տնտեսության զարգացման ընթացիկ փուլի գլոբալ փոխկապվածությունների համատեքստում։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր