• am
  • ru
  • en
Версия для печати
23.10.2012

ՍՏՎԵՐԱՅԻՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՆ ԻԲՐԵՎ ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ

   

Ժաննա Անդրեասյան
Սոց. գիտ. թեկնածու, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս

Խորհրդային Միության ժամանակաշրջանում սոցիոլոգիայի գոյության հարցը հիշեցնում էր այդ նույն ժամանակաշրջանում սեքսի գոյության մասին հարցադրումը, միայն՝ հակառակ նշանով: Եթե սեքսի գոյությունը ժխտվում էր, այն դեպքում, երբ այն իրականում կար, ապա սոցիոլոգիայի գոյությունն ինստիտուցիոնալ մակարդակում հաստատվում էր, սակայն դրա իրական գոյությունը հարցականի տակ էր: Եվ նաև դրա համար այնպիսի հեղինակներ, ինչպես Ալեքսանդր Զինովևը1, ստիպված էին սոցիոլոգիան ստեղծել գիտական ձևի քողարկմամբ՝ սոցիոլոգիական վեպերի ճանապարհով: Իսկ խորհրդային ինստիտուցիոնալ կամ պաշտոնական սոցիոլոգիան, ակնածանքով ապավինելով մարքսիզմ-լենինիզմի մեթոդաբանությանը2, որ այստեղ նույնն է, թե ուղղակի գաղափարախոսությանը, ընթանում էր ստի, լկտի ստի և վիճակագրության հայտնի ասացվածքը վերջին՝ չորրորդ աստիճանով լրացնելու ճանապարհով. կա սոցիոլոգիա:

Խորհրդային Միությունը փլուզվեց: Շատ բան ծնվեց այդ փլուզումից: Այդ պոտենցիալ ծնունդներից մեկը հետխորհրդային սոցիոլոգիան էր: Ազատագրված սոցիոլոգիան: Ազատագրման ամենակարևոր նշաններից մեկը սոցիոլոգիական բազմազանության ընդունումն ու տարածումն էր: Բայց ազատությունն ավելի մեծ հրատապությամբ դրեց հարցեր, որոնք մասնագիտական հանրույթի համար գիտության զարգացման որակի խնդիր են լուծում: Եթե առաջ կարելի էր միայն մի ձևով, և դա համակարգային սահմանափակում էր, ապա այժմ կարելի է ամեն ինչ, և այստեղ պետք է անհրաժեշտաբար գործի գիտականության, մասնագիտական էթիկայի և բարեխղճության չափանիշը: Այլապես հետխորհրդային սոցիոլոգիական պրակտիկան որևէ կերպ չի տարբերվի հետխորհրդային ընտրություններից: Խորհրդային շրջանում մեկ կուսակցության և մեկ թեկնածուի պարագայում ընտրության խնդիր ու պատասխանատվություն չկար: Բազմակարծության պայմաններում ընտրության անհրաժեշտությունը լակմուսի թուղթ դարձավ մեր բոլոր այն թերությունների և բացերի համար, որոնք էականորեն նվազեցնում են այդ ընտրությունը կատարելու և իրացնելու հնարավորությունը: Ցավոք, այս համանմանությունը սոցիոլոգիայի պարագայում միայն գեղարվեստական համեմատություն չէ, այլ ռեալություն:

Հետխորհրդային սոցիոլոգիական իրականության մասին խոսելիս ռուս սոցիոլոգ Գ.Բատիգինը նշել էր ստվերային սոցիոլոգիայի մասին՝ ասելով, որ ստվերային սոցիոլոգիան հետխորհրդային երկրների համար կարող է կիրառվել ճիշտ նույն կերպ, ինչպես ստվերային տնտեսությունն է3։ Կարծում եմ, որ Բատիգինի նշած ստվերային սոցիոլոգիա տերմինը իրականում ոչ միայն և ոչ այնքան պատկերավոր համեմատության միջոց է, այլև կարող է դառնալ մեթոդաբանական կարևոր գործիք հետխորհրդային երկրների սոցիոլոգիական պրակտիկայի նշանակալից դրսևորումներից մեկի ուսումնասիրության համար: Ըստ այդմ, ստվերային սոցիոլոգիան կարող է համարվել ստվերում գտնվող՝ սոցիոլոգիական «լեգալ» գործունեության նկատմամբ: Սոցիոլոգիական «լեգալ» գործունեությունը, իր հերթին, կարող է համարվել միջազգային սոցիոլոգիական հանրույթի կողմից ինստիտուցիոնալացված մասնագիտական էթիկայի շրջանակներում գործառվող պրակտիկան: Պարզաբանեմ այդ մասնագիտական էթիկայի մի քանի կարևոր դրույթներ կամ օրենքներ, որոնց նկատմամբ էլ ստվերում է գտնվում հետխորհրդային սոցիոլոգիական պրակտիկայի զգալի մասը:

Մասնագիտական էթիկայի կանոնների ձևակերպումն ու կանոնակարգումն իրականացվել են ամերկյան հայտնի սոցիոլոգ Ռ.Մերտոնի կողմից և գրականության մեջ մտել CUDOS անվանմամբ՝ դրանում պարունակվող մասնագիտական էթիկայի նորմերի անվանումների առաջին տառերի հապավումների արդյունքում4: Այդ հիմնաքարային մասնագիտական նորմերն են.

  1. Ունիվերսալիզմ, ինչը նշանակում է, որ սոցիոլոգիական հետազոտության արդյունքները պայմանավորված չեն այդ հետազոտությունն իրականացրած անձով:
  2. Ապահետաքրքրվածություն, ինչը նշանակում է, որ սոցիոլոգը հետազոտության անցկացման և վերլուծության ընթացքում չպետք է առաջնորդվի որոշակի շահերով, օրինակ՝ թե ինչն է իր կարծիքով լավ կամ վատ:
  3. Համընդհանրություն, ինչը նշանակում է, որ սոցիոլոգիական հետազոտության արդյունքները պետք է հասանելի լինեն հասարակությանը։
  4. Կազմակերպված կասկածամտություն, ինչն արդեն հղում է անում ներսոցիոլոգիական վերաբերմունքին և բոլոր սոցիոլոգների փոխադարձ պատասխանատվությանը իրենց գործընկերների կողմից անորակ հետազոտություններ անցկացնելու դեպքում, սա մի տեսակ որակի վերահսկողության մեխանիզմ է:

Մերտոնի առաջարկած չորս հիմնաքարային նորմերը լրացվեցին Բարբըրի կողմից: Լրամշակված այս տարբերակը ստացավ CUDOS+ անվանումը5: Սրանում ներառված էին նաև.

  • Ռացիոնալիզմի նկատմամբ հավատը
  • Ինդիվիդուալիզմը կամ անհատականությունը
  • Զգացմունքային չեզոքությունը:

Մոդելի հետագա մշակումը Ուեսթի կողմից նորմերի ցանկը լրացրեց.

  • անկողմնակալությամբ, որի տակ նա հասկանում էր գիտելիքի հետագա կիրառության մեջ շահագրգռվածության բացակայությունը,
  • դատողությունների բացառմամբ, միայն փաստեր,
  • անաչառությամբ, ինչը նշանակում է, որ աշխատանքի արդյունքները կախված են բացառապես մեթոդներից և ընթացակարգերից և ոչ հետազոտողի անձից,
  • խմբային լոյալությամբ, որը ցուցանում է գիտության ներսում նշանակալի արդյունքների հասնելու համար թիմային աշխատանքի կարևորությունը,
  • ազատությամբ:

Ի հակադրություն մերտոնյան նորմերի, Ռոբերտ Բոգուսլավն ու Յան Միտրոֆը առաջ քաշեցին գիտության հականորմերի ցանկը, որոնք համարեցին բնորոշ ժամանակակից գիտության համար6: Այդ հականորմերի թվում են պարտիկուլյարիզմը, միզերիզմը, շահագրգիռ մոտեցումը, կազմակերպված դոգմատիզմը: Սթիվ Ֆուլերն7 ամբողջացրեց գիտության հականորմերի շարքը մշակութային իմպերիալիզմով, որը բնութագրվում է ամերիկյան և անգլիական ամսագրերի գերիշխանությամբ, մաֆիոզիզմով, որը բնութագրում է տվյալ գիտական դիսցիպլինի «դարպասապահների» հետ լավ հարաբերություններ ունենալու անհրաժեշտությամբ, օպորտունիզմով, որը նշանակում է գիտական աշխատանքի հետագա կիրառության նկատմամբ հետաքրքրության բացակայություն, կոլեկտիվ անպատասխանատվությամբ, երբ հետազոտություն անցկացնելիս ամենևին հաշվի չի առնվում մարդկային բաղադրիչը՝ տարբեր սոցիալական խմբերի և հասարակությունների ավանդույթներն ու զգացմունքները, պատկերացումները:

Գիտական նորմերն այս պարագայում գիտության օրենսդրությունը կամ, եթե կուզեք, սահմանադրությունն են, իսկ գիտության հականորմերը այդ սահմանադրության խախտման հետևանքով կայունացած պրակտիկաներն են:

Սակայն ստվերային սոցիոլոգիան ոչ թե ցուցանում է գիտության հականորմերը, այլ ամրագրում է սոցիոլոգիայի գործառնությանը զուգահեռ մի իրականություն, որը գործում է գիտության հայտարարված նորմերի պարագայում՝ դրանք կիրառելով իբրև քողարկում: Ստվերային սոցիոլոգիայի գլխավոր բնութագրիչը դրա ոչ ինքնաբավ բնույթն է: Ընդ որում, կախվածության գլխավոր գործոնի դերում հանդես է գալիս քաղաքականությունը: Ըստ այդմ, ստվերային սոցիոլոգիան ենթարկվում է քաղաքականության օրինաչափություններին, օրինակ՝ ակտիվության շրջափուլեր է արձանագրում նախընտրական շրջանում, ենթարկվում քաղաքական նպատակահարմարության կանոններին: Ստվերային սոցիոլոգիայի արտադրած գիտելիքը քարոզչական կամ հակաքարոզչական է իր բնույթով: Ստվերային սոցիոլոգիան առավել ակտուալ խնդիր է հետխորհրդային երկրներում, որտեղ սոցիոլոգիական պրակտիկայի կախվածությունը քաղաքական գործընթացներից ունի խորհրդային շրջանից եկող հստակ ավանդույթներ:

Եթե փորձենք հասկանալ ստվերային սոցիոլոգիայի գործառնության մեխանիզմները, ապա առաջինը, ինչին պետք է ուշադրություն դարձնել, սոցիոլոգիական տեղեկատվության՝ մեծապես անձնավորված բնույթն է, այսինքն՝ գիտելիքը կախված է նրանից, թե ով է խոսում այդ մասին: Այս երևույթը ներկայացնում է միաժամանակ մերտոնյան առաջին և երկրորդ սկզբունքների, այն է` ունիվերսալիզմի և ապահետաքրքրվածության կանոնների խախտում: Ըստ այդմ, սոցիոլոգիական ինֆորմացիան իր ֆունկցիոնալ նշանակությամբ վերածվում է քարոզչական կամ ապաքարոզչական ինֆորմացիայի: Այստեղից էլ ոչ միանշանակ վերաբերմունքը հրապարակային առումով ակտիվ սոցիոլոգների և սոցիոլոգիական կենտրոնների նկատմամբ: Այս առումով հետաքրքիր է, որ ժամանակին Սպարտայում, երբ որ նշանակալի գաղափար էր արտահայտում վատ համբավ ունեցողը, ապա խնդրում էին բարձրանալ լավ համբավ ունեցող մարդուն և հայտնել նույն միտքը: Մոտավորապես նույն սկզբունքն է կիրառվում մեզ մոտ, երբ գրեթե նույնատիպ պատկերը ներկայացվում է ոչ թե հասարակության ներսում ոչ միանշանակ վերաբերմունք վայելող տեղական սոցիոլոգների կամ կենտրոնների, այլ արտասահմանյան կազմակերպությունների կողմից: Ակնհայտ է, որ այս կերպ փորձ է արվում ստեղծել ունիվերսալության սկզբունքի իմիտացիա: Ինչո՞ւ իմիտացիա. որովհետև արտասահմանյան ընկերություններն ունեն տեղական պարտնյորներ, որոնք էլ ռեալ անցկացնում են հարցումներն ու հարցազրույցները և արտասահմանյան այդ ներկայությունը դարձնում բովանդակային առումով խիստ սիմվոլիկ: Ընդ որում, ունիվերսալության խնդիրը բարդանում է երկրորդ` ապահետաքրքրվածության սկզբունքի չպահպանման պարագայում, երբ որ սոցիոլոգները չեն էլ փորձում թաքցնել իրենց անձնական նախընտրությունները, ինչն արդեն նրանց ասածի հանդեպ մասնագիտական անվստահություն է առաջ բերում: Մասնագիտական կոռեկտությունը պահանջում է առնվազն ժամանակային առումով ընդմիջել մեկը մյուսից, քանի որ, նույնիսկ, եթե ներկայացվող արդյունքներն ամբողջապես օբյեկտիվ են, ապա ժամանակային նման հաջորդականությունը լսարանի մեջ առաջ է բերում ոչ միանշանակ վերաբերմունք, ինչը մասնագիտական տեսանկյունից անթույլատրելի է: Ինչ վերաբերում է սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքների հասանելիությանը հասարակությանը, ապա այն երկակի բնույթ ունի: Խոսքը միևնույն հետազոտության բազմակի արդյունքների առկայության մասին է, երբ մի պատկեր ներկայացվում է հասարակությանը, մեկ այլ պատկեր` պատվիրատուներին: Չորրորդ սկզբունքը` կազմակերպված կասկածամտությունը` իբրև սոցիոլոգիական տեղեկատվության որակի վերահսկողության մեխանիզմ, ընդհանրապես չի գործում, քանի որ սոցիոլոգիական շրջանակներում ընդունված չէ միմյանց հետ բանավիճել, այս դաշտը հիշեցնում է նույն կլանային համակարգը, որտեղ միջկլանային պայքարը գնում է սահմանափակ ռեսուրսների` պոտենցիալ պատվիրատուների համար: Այս պայմաններում խոսքը ոչ թե փոխադարձ քննարկումների, այլ անողոք քննադատության մասին կարող է լինել, ինչը հիշեցնում է մեր ներքաղաքական պայքարը, որտեղ կոմպրոմիսը պահանջարկված չէ:

Ահա այս տեսանկյունից ստվերային սոցիոլոգիան ակնհայտորեն դառնում է ժամանակակից քվազիսոցիոլոգիական պրակտիկաների նկարագրման մեթոդաբանական գործիք: Ստվերային սոցիոլոգիան, ֆորմալ կերպով հռչակելով իրեն իբրև իրական, բուն սոցիոլոգիա, ռեալ կերպով իրացվում է իբրև այդ սկզբունքների նկատմամբ ստվերային դիրքորոշում ունեցող: Ընդ որում, ֆորմալ նույնացման ձևերն ակնհայտորեն համանման են տնտեսական գործունեության ստվերայնությանը` հաշվի առնելով, որ այստեղ խոսքը ոչ թե դրամի մասին է, այլ մասնագիտական հեղինակության: Ըստ էության, սոցիոլոգիական հարցումների հրապարակվող արդյունքները հետզհետե նմանվում են հարկային ծառայության հրապարակած խոշոր հարկատուների ցանկին, որը ոչ մի վերլուծաբան չի ընդունում իբրև իրականություն, այլ փորձում է վերլուծել իրականության քողարկման տեսանկյունից: Այն, ինչ ունենք մենք այսօր հետխորհրդային և, մասնավորապես, հայաստանյան սոցիոլոգիական դաշտում, սպառնում է սոցիոլոգիան վերջնականապես դարձնել ստվերային գիտություն, որը ոչ թե ներկայացնում է իրականության վերլուծությունը, այլ քողարկում է այն:

1 Տե՛ս, օրինակ, Զինովևի հետևյալ սոցիոլոգիական վեպերը. Зияющие высоты (1976), Светлое будущее (1978), Записки ночного сторожа (1979), В преддверии рая (1979), Без иллюзий (1979), Коммунизм как реальность (1980), Жёлтый дом (1980), Мы и Запад (1981), Гомо советикус (1982), Пара беллум (1984), Ни свободы, ни равенства, ни братства (1983) և այլն:

2 Белановский, С., Индивидуальное глубокое интервью, http://soc.lib.ru/su/
Качанов Ю., Начало социологии, http://soc.lib.ru/su/

3 Батыгин Г., Лекции по методологии социологических исследований, http://soc.lib.ru/su/

4 Calhoun C., Robert K. Merton: Sociology of Science and Sociology As Science, Columbia University Press, 2010, 320 p.; Merton R., The Sociology of Science, The University of Chicago Press, 1973, 561 p.

5 Barber B., Social Studies of Science, Transaction Publishers, 1990, 285 pp

6 Mitrof I., The Subjective Side of Science, Elslevier, 1974.

7 Fuller S., The new sociological imagination, SAGE Publications, Inc, 2006, 215 p.

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 10, 2012

դեպի ետ