
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԳԱԶԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ Է

Սույն թվականի մայիսի 27-ին Թուրքմենստանի նախագահ Գ.Բերդիմուհամեդովը և ԵՄ Էներգետիկ հարցերով հանձնակատար Ա.Պիբալգսը Աշգաբադում ստորագրեցին ԵՄ և Թուրքմենստանի միջև էներգետիկ համագործակցության հռչակագիրը: Այն երկու կողմերի համագործակցության հետագա զարգացմանն անհրաժեշտ իրավական հիմք կհանդիսանա: Սակայն ԵՄ-ի հետ ստորագրած հռչակագիրը Թուրքմենստանի ղեկավարության՝ վերջին ամիսներին իրականացրած էներգետիկ դիվանագիտության ընդամենը մեկ արդյունքն է:
Այսօր, թերևս, դժվար է գտնել մի պետություն, որը Թուրքմենստանի նման ակտիվորեն ընդգրկված է միանգամից մի քանի էներգետիկ նախագծերի իրականացման մեջ: Անցած տարի Մերձկասպյան գազատարի կառուցման մասին ռուս-թուրքմենա-ղազախական պայմանավորվածությունները, թերևս, պետք է փակեին Թուրքմենստանի գազի արտահանման աշխարհագրության և ուղղության թեման, քանի որ նոր գազատարը հնարավորություն կտար Աշգաբադին նշանակալից ծավալներով գազ արտահանել ԵՄ` օգտագործելով Ռուսաստանի տարածքը: Սակայն վերջին ամիսներին Աշգաբադի ակտիվ էներգետիկ դիվանագիտության արդյունքում ստորագրվեցին մի քանի այլընտրանքային փաստաթղթեր, որոնք կարող են լուրջ ազդեցություն ունենալ տարածաշրջանային էներգետիկ և քաղաքական գործընթացների վրա:
Տրանսաֆղանական գազատար
2008թ. ապրիլի 25-ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում Թուրքմենստանի, Պակիստանի, Աֆղանստանի և Հնդկաստանի ներկայացուցիչները պայմանագիր ստորագրեցին Տրանսաֆղանական գազատարի կառուցման մասին: Ստորագրված համաձայնագրով Թուրքմենստանից Աֆղանստան և ապա Պակիստան ու Հնդկաստան ձգվող գազատարի կառուցումը պետք է սկսվի 2010թ., իսկ 2015 թվականին դրանով արդեն իսկ պետք է սկսվի թուրքմենական գազի արտահանումը Հարավային Ասիա: Գազատարի կառուցման նախագծի ընդհանուր արժեքն է 7.6 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ գազատարի ընդհանուր հզորությունը կկազմի օրական մինչև 350 մլն մ3:
Ռուսական լրատվամիջոցներում սակավ մեկնաբանություններ ստացած այս համաձայնագիրը բավական կարևոր գործոն է թե՛ տարածաշրջանում ռուսական ազդեցության հետագա նվազման, թե՛ ամերիկյան դիրքերի մասնակի ամրապնդման տեսանկյունից: Տրանսաֆղանական գազատարը, որի կառուցման ֆինանսավորմանը պետք է մասնակցի Համաշխարհային բանկը, ամերիկյան նախագիծ է, որը լիարժեք մշակված տեսքով հանրությանն է ներկայացվել 2002թ.` ԱՄՆ և դաշնակիցների ռազմուժի կողմից Աֆղանստանի օկուպացիայից հետո: Նախագիծն ունի բավական լուրջ տնտեսական հիմնավորում` կապված Պակիստանում և Հնդկաստանում բնական գազի աճող պահանջարկն ապահովելու հետ: Սակայն նախագիծը, միևնույն ժամանակ, ավելի քան քաղաքականացված է՝ հաշվի առնելով, որ.
- այն պարզապես հակաիրանական մշակում է և ուղղված է Իրան-Պակիստան-Հնդկաստան գազատարի կառուցման նախագծի խափանմանը: Վաշինգտոնի անհանգստությունն իրանական գազը Հարավային Ասիա արտահանելու հարցի շուրջ արտահայտվել է բազմիցս: Իսկ 2004-ին հայտնի ամերիկյան վերլուծաբան Ջ.Պերկովիչի դրական կարծիքը նախագծի վերաբերյալ (որը ներկայացվել էր որպես տարածաշրջանում համագործակցության միջոցով խաղաղության հաստատման հնարավորության մեծացմանն օժանդակող նախագիծ) աննախադեպ հակահարված ստացավ ԱՄՆ վերլուծաբանական շրջանակների կողմից: Տրանսաֆղանական գազատարի կառուցման համաձայնագրի ստորագրումը, փաստորեն, լուրջ հարված է հասցնում Իրանի դիրքերին և էլ ավելի բարդացնում դեպի Հարավային Ասիա իրանական գազատարի կառուցման նախագծի իրականացումը:
- Տրանսաֆղանական գազատարն ուղղակիորեն հարվածում է նաև Ռուսաստանի շահերին, քանի որ Աշգաբադը հնարավորություն է ստանում իր գազի պաշարներն արտահանել ոչ ռուսական տարածքով: Հնդկաստանում տարեկան 5-6 տոկոսով աճում է գազի սպառումը, ինչը երկիրը դարձնում է այս առումով բավական կարևոր շուկա. նրա պահանջարկի մասնակի բավարարումը կարող է Թուրքմենստանի երկարաժամկետ էներգետիկ քաղաքականության կարևոր մաս կազմել:
Թուրքմենստան-Ադրբեջան էներգետիկ համագործակցության մասին
2008թ. մայիսի 19-ին կայացավ Թուրքմենստանի նախագահ Գ.Բերդիմուհամեդովի պաշտոնական այցը Բաքու, ինչն արժանացավ արևմտյան մամուլի մեծ ուշադրությանը։ Այցի լուսաբանումը և թուրքմենա-ադրբեջանական բանակցությունները ներկայացվում էին Թուրքմենստանի` Տրանսկասպյան գազատարի նախագծին միանալու տեսանկյունից: Հարկ է նշել, որ Ադրբեջանը բավական լավ էր պատրաստվել Թուրքմենստանի առաջնորդի այցելությանը: Այցելությունից առաջ Բաքուն մարեց Աշգաբադին ունեցած 44.8 միլիոն ԱՄՆ դոլարի պարտքը, որը գոյացել էր 1990-ականներին թուրքմենական գազն Ադրբեջան ներկրելու արդյունքում:
Թեև թուրքմենա-ադրբեջանական բանակցությունները չհանգեցրին Տրանսկասպյան գազատարի կառուցման համաձայնագրի ստորագրմանը, սակայն Գ.Բերդիմուհամեդովը հայտարարեց, որ Թուրքմենստանը շահագրգռված է գազատարի կառուցմամբ: Սա հետագա բանակցությունների դրական արդյունքի բավական լուրջ հիմքեր է տալիս: Կենտրոնական Ասիայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ս.Մանը, որն այնպիսի կարևոր նախագծերի մշակման և իրականացման առաջին դեմքերից մեկն է, ինչպիսին են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը և Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը, բանակցությունները բավական դրական գնահատեց և հայտարարեց, որ թուրքմենա-ադրբեջանական էներգետիկ երկխոսության զարգացման լավ հիմք է ստեղծվել:
Մեր կարծիքով, արդեն իսկ կարևոր առիթ կա ենթադրելու, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում կարող է ստորագրվել համաձայնագիր Տրանսկասպյան գազատարի կառուցման մասին: Իսկ սա նշանակում է, որ Հարավային Կովկասում իրականացվող էներգետիկ նախագծերը կստանան նոր լիցք և նոր որակ, քանի որ դրանց կմիանա Թուրքմենստանը` բնական գազի պատկառելի պաշարներով:
Թուրքմենստան-ԵՄ
Եվ վերջապես, հոդվածի սկզբում նշված ԵՄ-Թուրքմենստան էներգետիկ համագործակցության հռչակագրի մասին: Անկասկած, ԵՄ-ի հետ համագործակցության զարգացումը Թուրքմենստանի համար հնարավոր է միայն Ռուսաստանի տարանցման մենաշնորհային դիրքերի թուլացման շնորհիվ: Ռուսաստանը, որը չի վավերացրել Եվրոպական Էներգետիկ խարտիան և նրան կից Տարանցման արձանագրությունը, իր սեփական գազատար ցանցը չի տրամադրի որևէ երկրի կամ կազմակերպության՝ գազի անկախ արտահանում իրականացնելու համար: Ռուսաստանը Կենտրոնական Ասիայի գազ արտահանողների համար դարձել է մենաշնորհային վերավաճառող, և խոսել Թուրքմենստան-ԵՄ համագործակցության մասին ներկա իրավիճակի պահպանման պարագայում՝ դժվար է, եթե ոչ անհնար: Այս պարագայում հենց Տրանսկասպյան գազատարն է, որ լուրջ այլընտրանք կարող է դառնալ Ռուսաստանի տարածքով գազի արտահանմանը, իսկ սա խոսում է այն մասին, որ Տրանսկասպյան գազատարի կառուցման հնարավորությունները բավական մեծ են:
Միևնույն ժամանակ, արդեն իսկ գոյություն ունեցող նախագծերը, որոնցում ընդգրկված է Թուրքմենստանը, թվով և պարտավորություններով բավական շատ են, և դժվար է պատկերացնել, որ Թուրքմենստանը կարող է միաժամանակ մեծ քանակությամբ գազ արտահանել Ռուսաստան, Չինաստան, Աֆղանստան, Պակիստան, Հնդկաստան, ԵՄ: Սա նշանակում է, որ ստորագրված համաձայնագրերի մի մասը պարզապես չի աշխատելու: Թե որոնք կլինեն դրանք, ցույց կտա ժամանակը:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՏԵԼԻՔԸ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԸ[20.04.2015]
- ԻՐԱՆՆ ԱՐԴԵՆ ՇԱՀԵԼ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ[15.04.2015]
- ԻՐԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ. «ՍԱՌԵՑՄԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ[02.02.2015]
- ՆՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ[26.05.2014]
- ԻՐԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ԳԱԶԱՄՈՒՂ (ԴԻՍԿՈՒՐՍԻ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄ)[17.03.2014]
- ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[06.02.2014]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ` ԱՐՄՆՅՈՒԶ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ «ԲԱՆԱՁԵՎ» ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀՅՈՒՐ [23.12.2013]
- ԷԺԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԻՖԵՐԸ[18.12.2013]
- Ս. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՌՈՒՍԱԿԱՆ ԷԺԱՆ ԳԱԶ ՆԵՐԿՐԵԼՈՒՆ ԵՎ ՀԱԷԿ-Ի ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ[09.12.2013]
- ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱ ՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ[09.12.2013]
- ՄՄ–ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՑԱԾՐ ՍԱԿԱԳՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼ. ՓՈՐՁԱԳԵՏ[12.09.2013]