• am
  • ru
  • en
Версия для печати
21.06.2012

ՏՐԱՆՍԿԱՍՊՅԱՆ ԳԱԶԱՄՈՒՂ. ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՌԻՍԿԵՐԸ

EnglishРуский

   

Սերգեյ Սարգսյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի փոխղեկավար

ԱՄՆ պետքարտուղարի եվրասիական էներգետիկ հարցերով ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարի1 2011թ. նոյեմբերին Բաքու կատարած այցելության արդյունքներով հրավիրված մամլո ասուլիսում վերջինս հայտարարեց, որ ԱՄՆ-ը կսատարի ցանկացած խողովակաշարային նախագիծ Հարավային գազային միջանցքի շրջանակում, բայց «ավելի լավ կլիներ սկսել փոքր խողովակաշարից, որը հետագայում կարող է ընդլայնվել»2։

Միևնույն ժամանակ, Եվրահանձնաժողովը, հնչեցնելով կասպյան գազը Եվրոպա հասցնող մեկ մեծ խողովակաշարի փոխարեն մի քանի խողովակաշարերի գաղափարը, վերստին նշեց այն պահանջները, որոնց պետք է համապատասխանի ընտրված նախագիծը։ ԵՄ էներգետիկայի գծով հանձնակատարի մամլո քարտուղար Մարլեն Հոլցների խոսքերով՝ եթե դրանք փոքր խողովակաշարեր լինեն, ապա պետք է ունենան Nabucco-ից ոչ պակաս թողունակություն և պետք է ամրացված լինեն միջպետական համաձայնագրերով3։

2012թ. ապրիլի 23-ին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարեց, որ հունգարական խոշորագույն MOL ընկերությունը մտադիր է դուրս գալ Nabucco-ից4։

Մայիսի 13-ին գերմանական RWE կոնցեռնի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարեց, որ կոնցեռնը քննարկում է Nabucco գազատարի կառուցման կոնսորցիումից դուրս գալու հարցը, որի մեջ 16,67% բաժնեմաս ունի։ Նրա խոսքերով՝ դա պայմանավորված է նրանով, որ սույն նախագծի արժեքը գրեթե կրկնապատկվել է՝ 9-ից հասնելով 15 մլրդ եվրոյի, և կոնսորցիումին նախկինի պես չի հաջողվում Ադրբեջանից և Թուրքմենստանից գազի մատակարարման ամուր երաշխիքներ ստանալ5։

Այս ամենն ավելի քան տարօրինակ է թվում այն տեղեկությունների ֆոնին, թե իբր հաջող են ընթանում Տրանսկասպյան գազամուղի (ՏԿԳ) նախագծի շուրջ բանակցությունները, որը կոչված է լրացնելու Ադրբեջանի գազարտահանման հզորությունները Թուրքմենստանի տարանցիկ գազով։

Նշանակում է՝ կամ գոյություն ունի ՏԿԳ տնտեսական և քաղաքական չկայացածության ըմբռնում, կամ առաջադրված աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար դրա նախաձեռնողներին բավական է ավելի պակաս հավակնոտ տնտեսական առիթ, ինչպիսին է Nabucco-ն։ Այլ խոսքով՝ Տրանսկասպյան գազամուղի նախագիծը, որն արդեն պատկառելի պատմություն ունի և որի կառուցումը շարունակում են պնդել ԱՄՆ-ը և ԵՄ-ը, այժմ վերածվել է ինքնուրույն քաղաքական նախագծի։

Այս գազատարի գաղափարն ի հայտ է եկել 1996թ.՝ որպես ռուս-թուրքական «Երկնագույն հոսք» նախագծի այլընտրանք։ Բայց 2000թ. նախագիծը կորցրեց Թուրքմենստանի նախագահ Սափարմուրադ Նիյազովի աջակցությունը. որպես հետևանք՝ ամերիկյան «General Electri» և Bechtel National ընկերությունները դուրս եկան նախագծից, և Տրանսկասպյան կոնսորցիումի ղեկավարությունը պաշտոնապես հանձնվեց անգլիա-հոլանդական Royal Dutch Shell-ին6։

Սակայն էլի մի քանի տարի հետո, այն ֆոնին, որ Եվրոպայի պետությունները դժգոհ էին Ռուսաստանից գազի մատակարարման խափանումներից 2005-06թթ. ձմռանը ռուս-ուկրաինական «գազային» պատերազմի պատճառով, ինչպես նաև խորանում էին այն երկյուղները, թե Մոսկվայի ու Կիևի պայմանավորվածությունների ցածր «որակն» ապագայում ևս կհանգեցնի նույնի կրկնությանը, ԵՄ-ն ակտիվացրեց ռուսական գազի մատակարարների այլընտրանքի որոնումները։ Որպես հետևանք՝ 2006թ. վերադարձան ՏԿԳ գաղափարին, իսկ 2008թ. դեկտեմբերին ավստրիական OMV ընկերությունը և գերմանական RWE AG-ը, նախագծի հեռանկարների գնահատման, ֆինանսական, ռեսուրսային ապահովում և նոր մասնակիցներ գտնելու նպատակով, հիմնեցին Caspian Sea Company-ն։

2010թ. օգոստոսին ՏԿԳ տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքների արագացման և դրա շուրջ տարվող բանակցություններում ավելի մեծ որոշակիություն մտցնելու նպատակով ԱՄՆ-ը Ադրբեջանին $1,7 մլն տրամադրեց։

2011թ. հունվարի կեսին Թուրքմենստանի նախագահ Գուրբանղուլի Բերդիմուհամեդովի հետ բանակցություններում Եվրահանձնաժողովի նախագահ Մանուել Բառոզուն հայտարարեց, որ ԵՄ-ը պատրաստ է գնել թուրքմենական գազը և առաջարկեց սկսել միջպետական համաձայնագրի կազմման աշխատանքը7։

Նույն թվականի հունիսի կեսին Բաքվում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան հայտարարեց անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության նոր փուլի մեկնարկի մասին, որի ուղղություններից մեկն էր դառնալու նրա էներգետիկ ենթակառուցվածքի պաշտպանությունը Կասպիայում8։

2011թ. սեպտեմբերի 12-ին ԵՄ Նախարարների խորհուրդը հավանություն տվեց Եվրահանձնաժողովի՝ Թուրքմենստանի և Ադրբեջանի հետ միության բոլոր մասնակից երկրների անունից բանակցություններ վարելու մանդատին։ 2012թ. փետրվարի վերջին Կասպյան-եվրոպական ինտեգրացիոն գործարար ակումբի (CEIBC) անդամների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի արդյունաբերության և էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը, Թուրքմենստանը և Եվրամիությունը ստորագրման են պատրաստում երկու փաստաթուղթ, որոնք թույլ կտան իրականացնել կասպյան, մասնավորապես՝ թուրքմենական գազի մատակարարումը Եվրոպա։ Առաջին փաստաթղթում հայտարարվելու է Հարավային էներգետիկ միջանցքին քաղաքական աջակցության, իսկ երկրորդում՝ Թուրքմենստանի և Ադրբեջանի միջև Տրանսկասպյան գազամուղի շինարարության միջպետական համաձայնագրի մասին. կնշվեն արդեն կողմերի որոշակի պատասխանատվությունն ու երաշխիքներն այդ գործում։ Ն.Ալիևի խոսքերով՝ «չի բացառվում, որ համաձայնագրին միանա նաև Եվրոպայի խորհուրդը»9։

Միևնույն ժամանակ, ՏԿԳ զուտ տնտեսական բնույթի խնդիրները չեն զիջում Nabucco-ին, իսկ քաղաքական բնույթի խնդիրները շատ ավելին են, որոնք խորանում են նաև ռազմական զգալի ռիսկերի առկայությամբ։

Տնտեսական բնույթի հիմնախնդիրներ

1. Ռեսուրսային բազան.- ՏԳԿ գազի մատակարարման հիմնական աղբյուրը համարվում է «Հարավային Յոլոտեն-Օսման» և «Մինարա» հանքավայրերի համակարգը (2011թ. նոյեմբերի 18-ին Թուրքմենստանի նախագահը ստորագրել է որոշում՝ կարգադրելով այս հարակից հանքավայրերն անվանել «Գալքինիշ»)՝ 26,2 տրլն մ3 ծավալով։ Միայն «Հարավային Յոլոտենի» պաշարները բրիտանական անկախ «Gaffney, Cline & Associate» ընկերության աուդիտի երկրորդ փուլի (2011թ. հոկտեմբեր) արդյունքներով այժմ գնահատվում են 13-21 տրլն մ3, թեև մինչև վերջերս հոսքը կազմում էր 4,14 տրլն մ3։

Նախ, սակայն, «իրական աուդիտ և այս աուդիտների մասին հրապարակված հաշվետվությունները չեն եղել ու չկան»10։ Այս հայտարարության հավաստիությունը բարձրացնում է այն փաստը, որ հանքավայրերի երկրաբանական հետախուզմամբ զբաղվել են դեռ ԽՍՀՄ ժամանակներում, այսինքն՝ հանքավայրերի ինչպես կառուցվածքը, այնպես էլ դրանց մոտավոր պաշարները Մոսկվային լավ հայտնի են։

Սա համապատասխանում է նաև McKinsey & Company քոնսալթինգային ընկերության փորձագիտական գնահատականին, ըստ որի՝ «Հարավային Յոլոտենը» պատկանում է շատ բարդ հանքավայրերի կարգին, որտեղ գազի արդյունահանման ինքնարժեքը ամենաբարձրերից մեկը կլինի աշխարհում11։

Երկրորդ, եթե «Գալքինիշ» հանքավայրը, այնուամենայնիվ, արդյունաբերական շահագործման մեջ մտնի, դրանից ստացված գազով հետաքրքրված կլինի առաջին հերթին Չինաստանը, որի հետ Աշգաբադը կապված է կոշտ գազային պայմանագրով, որը Թուրքմենստանի մի ինչ-որ հանքավայրի հետ կապված չէ, բայց որը 30 տարվա ընթացքում տարեկան 30 մլրդ մ3 գազի մատակարարման պարտավորություն ունի։

2. Էկոլոգիական հիմնախնդիրներ.- Ծովի հատակի բարդ ռելիեֆը և տարածաշրջանի բարձր սեյսմիկությունը մեծացնում են համեմատաբար փոքր այնպիսի ջրավազանի էկոլոգիական անվտանգության սպառնալիքները, ինչպիսին է Կասպից ծովն իր զգայուն էկոհամակարգով։

3. Գազի գնի բանաձևը.- Հեռանկարում կարող են որոշակի խնդիրներ ծագել գազի փոխընդունելի գնային բանաձևի հետ կապված, այն դեպքում, եթե Թուրքմենստանի և Ադրբեջանի հումքի տեխնիկական բնութագրերը խիստ տարբեր լինեն, որը Կասպիայի արևմտյան ափին խառնվելու է մի խողովակում։

4. Ֆինանսական ապահովումը.- Ինչպես սպասվում է, բավական բարդ կլինի նաև ՏԿԳ կառուցման ֆինանսավորման աղբյուրների որոնումը, հատկապես հաշվի առնելով այն, որ Աշգաբադը բանակցություններում բարդ գործընկեր է համարվում։ Դրա հետ մեկտեղ, Թուրքմենստանը հավատարիմ է մնում իր սահմանին էներգառեսուրսների իրացման սկզբունքին, այսինքն՝ նախագծի ֆինանսավորման որոնման խնդիրներն ինքնաբերաբար դրվում են գործընկերների վրա։

Եթե Եվրամիության հնչեցրած պլաններով համապատասխան գազատրանսպորտային համակարգը «Հարավային միջանցքի» շրջանակներում աստիճանաբար կառուցվի՝ ռեսուրսային բազայի ապահովմանը զուգընթաց, ապա դա էականորեն կբարձրացնի ողջ նախագծի արժեքը։ Իսկ եթե ենթադրվում է, որ ՏԿԳ-ն կմիանա Կասպից ծովի արևմտյան ափի արդեն առկա գազամուղների ենթակառուցվածքին, ապա դա կարող է արհեստական սահմանափակիչ դառնալ Ադրբեջանի կողմից գազի արտահանումն ավելացնելու գործում, որի պլանների մեջ է մտնում «երկնագույն վառելիքի» արդյունահանման զգալի ավելացումը «Շահդենիզ» հանքավայրի երկրորդ փուլի արդյունաբերական շահագործումից հետո, որից տարեկան 16 մլրդ մ3 ակնկալիք կա։

Քաղաքական բնույթի հիմնախնդիրներ

Կասպից ծովի կարգավիճակի չկարգավորված հիմնախնդրի, համաձայնեցված և փոխճանաչելի պետական սահմանների բացակայության պայմաններում (ինչը կարող է անսահմանափակորեն երկար տևել) տեխնիկապես բարդ նման նախագծի (որը շոշափում է Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի բոլոր պետությունների, ԵՄ, ԱՄՆ և Չինաստանի աշխարհաքաղաքական շահերը) իրականացման համար անհրաժեշտ է մերձափնյա բոլոր հինգ պետությունների համաձայնությունը։

Սակայն գործնականում դա դժվարհասանելի է՝ ելնելով այս խնդրին Մերձկասպիայի բոլոր պետությունների արմատապես տարբերվող մոտեցումները։

Իր շահերն առավել կոշտ և հետևողականորեն պաշտպանում է Իրանը. Կասպիան հարկավոր է բաժանել «արդարացիորեն»՝ բոլոր երկրներին հատկացնելով 20%. եթե ջրավազանն ընդհանուր օգտագործման մնա, ապա տարածաշրջանի յուրաքանչյուր երկրի պետք է հատկացնել նավթագազային և ձկնարդյունահանման ռեսուրսների հավասար բաժին։

Ադրբեջանն առաջարկում է Կասպիայի վրա տարածել միջազգային ծովային իրավունքի նորմատիվները, այսինքն՝ հստակ սահմանել թե՛ հատակի, թե՛ ջրավազանի պետական պատկանելությունը։

Ռուսաստանը և Ղազախստանը հանդես են գալիս Կասպիցի հատակն ու ռեսուրսները բաժանելու դիրքերից, բայց որ ջրավազանը մնա ընդհանուր օգտագործման և մերձափնյա բոլոր երկրների համար ձկնարդյունահանման ոլորտում քվոտաներ սահմանվեն։

Թուրքմենստանը կողմնակից է նման դիրքորոշման. առաջարկում է տարածաշրջանի յուրաքանչյուր երկրի բաժին հատկացնել էներգետիկ և ձկնային ռեսուրսների արդյունահանման գործում, բայց ծովի կենտրոնական հատվածը թողնել ընդհանուր օգտագործման համար։

Սակայն հենց որ ՏԿԳ նախագծի իրականացման հեռանկարներն ավելի շոշափելի դարձան ԵՄ-ի կողմից դրա հանդեպ ցուցաբերված հետաքրքրության պատճառով, 2011թ. հունվարի կեսին Եվրահանձնաժողովի նախագահ Ժ.Մ. Բառոզուի հետ վերոնշյալ հանդիպման ժամանակ Թուրքմենստանի նախագահ Գ.Բերդիմուհամեդովն առաջին անգամ հայտարարեց այն մասին, որ Տրանսկասպյան գազամուղի շինարարության հարցերը, չնայած միջազգայնորեն ճանաչված սահմանների բացակայությանը, վերաբերում են միայն այն երկրներին, որոնց տարածքով այն կանցնի, այսինքն՝ Թուրքմենստանին և Ադրբեջանին։

Այս գաղափարը ողջունեցին ՏԿԳ անցկացման կողմնակից մի շարք փորձագետներ, ինչը ստիպեց Մոսկվային ճշգրտել իր դիրքորոշումը Կասպիայի բաժանման հարցում։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մասնավորապես, հայտարարեց. «Կասպիայի կարգավիճակը ճշտված չէ։ Մերձկասպյան հինգ պետությունները բավական շատ ժամանակ առաջ պայմանավորվել են համաձայնագիր պատրաստել Կասպից ծովի իրավավիճակի մասին, քանի որ Կասպիան չի ընկնում միջազգային ծովային իրավունքի կոնվենցիայի տակ, այն ներքին ծով է և այլ բնութագրեր ունի դրա օգտագործման առումով, ինչպես էկոլոգիական ու իրավական տեսակետներից, այնպես էլ նրա անվտանգության համատեքստում։ Մինչ օրս միջազգային իրավունքի տեսակետից գործում են սովետա-իրանական պայմանագրերը»12։

Այսպիսով, այն համաձայնագրերը, որոնք ստորագրվել են ՌԴ-ի և Ադրբեջանի, ՌԴ-ի և Ղազախստանի միջև, վերաբերում էին Կասպից ծովի պայմանական բաժանմանը միայն կոնկրետ նախագծերով երկկողմանի տնտեսական գործունեության համար, այն էլ՝ առաջարկությունների կարգով, և ոչ մի կերպ չեն կարող համարվել որպես ծովի իրավավիճակի փոփոխության Ռուսաստանի համաձայնություն։ Բացի այդ, չնայած Կասպից ծովի հատվածային բաժանման կողմնակից Բաքվի և Աշգաբադի դիրքորոշումների նմանությանը, եթե ՏԿԳ-ն իրագործվի, Աշգաբադը կփորձի (ընդ որում՝ որպես միջնորդ ԵՄ-ին ներգրավելով) ծովի՝ իր համար շահավետ բաժանագիծ անցկացնել։ Այդ գծի սահմանման եղանակների անմիանշանակության պատճառով առայսօր լուծված չէ «Օսման» և «Խազար» (ադրբեջանական տարբերակով՝ «Չիրագ» և «Ազերի») հանքավայրերի պատկանելության հարցը, որոնցում արդյունահանումը կատարվում է այսպես կոչված «Դարի պայմանագիր» նախագծի շրջանակներում, ինչպես նաև «Ալթին Ասիր» (ադրբեջանական տարբերակով՝ «Շարգ») հանքավայրի պատկանելության հարցը։ Աշգաբադը քանիցս հայտարարել է, որ Ադրբեջանը զավթել է դրանք, և որ ինքը պաշտպանելու է իր դիրքերը հասանելի բոլոր եղանակներով։

Կասպիայում տնտեսական գործունեություն իրականացնելն այն պայմաններում, երբ փաստորեն անհնար է վերջնական պայմանավորվածություն ձեռք բերել դրա բաժանման վերաբերյալ, հրատապ է դարձնում յուրաքանչյուր պետության կողմից իր տնտեսական ու քաղաքական շահերի պաշտպանության հարցը, այդ թվում և ուժային ճանապարհով։ Որպես հետևանք՝ Մերձկասպիայի բոլոր երկրները շարունակում են ակտիվորեն մեծացնել իրենց ռազմական պոտենցիալը։ Այս հարցում առավել բարձր տեմպ ունեն Ռուսաստանն ու Իրանը։

Մինչև 2020թ. Կասպյան նավատորմի կազմում տարբեր նշանակության 16 նոր նավ կմտցվի, այդ թվում և այնպիսիները, որոնք հրթիռահրանոթային զենք կկրեն, կմտցվի նաև 3 նորագույն դեսանտային նավ։ Դրա զինանոցում կհայտնվեն նաև առափնյա հրթիռային «Բաստիոն» համալիրներ, որոնք ի վիճակի են մինչև 300 կմ հեռավորությամբ ոչնչացնել վերջրյա թիրախները գերձայնային թևավոր «Յախոնտ» հրթիռներով, իսկ «Հարավ» օպերատիվ-ռազմավարական հրամանատարության կազմից կտրամադրվեն որոշ ավիացիոն զորամասեր13։

Իրանն իր հերթին կազմավորել է 3-րդ ռազմածովային շրջանը, որի կազմում են գտնվում բանակի և Կասպիայում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումները։ Դրանց սպառազինությունը համալրվել է նոր արագընթաց հրթիռային նավակներով («Սանա» տեսակի), փոքր տորպեդակիր սուզանավով, որը կարող է իրականացնել պարեկային խնդիրներ և գերփոքր «Աս-Սաբեհատ-15» տիպի սուզանավով՝ հետախուզա-դիվերսիոն գործողությունների համար14։

Թեհրանը մտադիր է նավատորմը համալրել ոչ պակաս 75 հրթիռանավով և նավակներով, որոնք կամ կկառուցվեն նրա կասպյան նավաշինարանում, կամ հյուսիս կփոխադրվեն Պարսից ծոցից15։

Միևնույն ժամանակ, և՛ Մոսկվան, և՛ Թեհրանը կտրական դիրքորոշում ունեն այն հրացում, որ Կասպից ծովում վերահսկողությունը ներքին գործ է և մերձափնյա պետությունների առանձնաշնորհն է։

ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից Տրանսկասպյան գազամուղի սատարումը ռուսական կողմին դրդեց, առայժմ փորձագիտական մակարդակով, խոսել այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ է և կարող է պաշտպանել իր դիրքորոշումը ոչ միայն դիվանագիտական, այլև ռազմական մեթոդներով։

ԱՊՀ երկրների ինստիտուտի բաժնի վարիչ Միխայիլ Ալեքսանդրովի խոսքերով՝ ՏԿԳ շինարարությունը կնշանակի Կասպիայի հատվածների բաժանման դե-ֆակտո ճանաչում։ Դա Ռուսաստանի համար անընդունելի է, և ստիպված կլինի գործել, ինչպես Վրաստանի դեպքում, խաղաղություն հարկադրելու ոգով. «Այս անգամ Ռուսաստանը ստիպված կլինի հարկադրել Աշգաբադին և Բաքվին՝ հետևել միջազգային իրավունքին։ Հնարավոր է՝ նաև ավիահարվածների միջոցով, եթե նրանք ուրիշ կերպ չեն հասկանում»։ Բացի այդ, Մոսկվան չի կարող թույլ տալ, որ խախտվի Կասպիայի իրավական ռեժիմը, որը հաստատված է Իրանի հետ համաձայնություններով, քանի որ դա կարող է հանգեցնել իրավական անարխիայի տարածաշրջանում ընդհուպ մինչև այստեղ երրորդ երկրների ռազմակայանների հայտնվելը16։

Նրա հետ համաձայն է նաև Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի տնօրեն Կոնստանտին Սիմոնովը. «Ուժային մեթոդը միակ հնարավոր պատասխանն է այս հիմնախնդրին։ Ակնհայտ է, որ Տրանսկասպյան գազամուղը Ռուսաստանին հարկավոր չէ։ Եվ սա հազվադեպ բան է, երբ մենք իրավաբանական ճշտություն ունենք այս իրավիճակում»17։

Ռուսաստանը, ջանալով պահպանել իր դիրքերը որպես Կասպիայում առաջատար ռազմաքաղաքական տերություն, չի կարող թույլ տալ, որ իրեն պարտադրվի տնտեսական առումով անշահավետ և աշխարհաքաղաքական առումով աղետալի նախագիծ։ Մանավանդ որ կա Կասպիայում իր շահերի հաջող պաշտպանման Իրանի նախադեպը թե՛ քաղաքական, թե՛ ռազմական մեթոդներով։ Այսպես, լայնորեն հայտնի է, որ 2001թ. հուլիսին Իրանի ՌԾՈւ նավերը վիճելի տարածքից («Ալով» նավթային պլատֆորմի մոտ) «վտարեցին» ադրբեջանական «Գեոֆիզիկ» և «Ալիֆ Հաջիև» գիտահետազոտական նավերը, որոնք նավթային հետախուզում էին անցկացնում British Petroleum-ի համար։ Ներկա պահին ԻԻՀ-ն «լիովին վերահսկում է ծովի իրանական հատվածը, որը կազմում է նրա 20%-ը»18։

Ինչևէ, ՏԿԳ շինարարության շուրջ ստեղծված իրավիճակից մերձկասպյան բոլոր երկրները ցանկանում են իրենց համար առավելագույն տնտեսական և քաղաքական շահ ունենալ։ Մասնավորապես.

  • Ռուսաստանը և Իրանը ցանկանում են վճռականություն հանդես բերել՝ թույլ չտալու համար, այդ թվում և ուժային մեթոդներով, ոչ այնքան գազամուղի շինարարությունը, որքան ընդհանուր առմամբ արտատարածաշրջանային դերակատարների տնտեսական ու ռազմաքաղաքական ներկայության ուժեղացումը, ինչպես նաև ծովի ջրավազանում ոչ կասպիական պետությունների ՌԾՈւ հայտնվելը։
  • Թուրքմենստանը ցանկանում է առավելագույնս բարձրացնել իր գազի գինը Ռուսաստանի հետ բանակցություններում, իր համար ավելի շահավետ պայմաններ ապահովել ՏԿԳ այլընտրանք նախագծով՝ Մերձկասպյան գազամուղով, որի շինարարությունն այժմ փաստացի սառեցված է։ Մերձկասպյան գազամուղը, ինչպես և Տրանսկասպյանը, համապատասխանում է Աշգաբադի հիմնական նպատակներից մեկին՝ դիվերսիֆիկացնել իր գազի արտահանման հոսքերը, ինչը թույլ կտա շրջանցել հարևան Ուզբեկստանի տարածքը, որի հետ Թուրքմենստանն այնքան էլ հեշտ հարաբերություններ չունի։
  • Ադրբեջանը Մոսկվայի հետ բանակցություններում քննարկման բոլոր հարցերի շուրջ («Դարյալ» ռադիոլոկացիոն կայանի վարձակալման պայմանագրի երկարաձգման, առհասարակ ռազմատեխնիկական և քաղաքական համագործակցության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի վերաբերյալ) հավելյալ հարթակ է ստանում դիվանագիտական մանևրների համար։

Ինչ վերաբերում է Հայաստանի շահերին, ապա այն, որ Ադրբեջանը հավելյալ շահույթ չի ստանում Կենտրոնական Ասիայից գազի տարանցումից, ինչը որոշ չափով նվազեցնում է նրա ռազմական բյուջեի ավելացման տեմպերը, ԼՂՀ հակամարտության չկարգավորվածության և այն ռազմական ճանապարհով լուծելու Բաքվի շարունակական սպառնալիքների պայմաններում թեև ոչ մեծ, բայցևայնպես դրական էֆեկտ ունի։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի պարագծով ռազմաքաղաքական լարվածության առաջացումը՝ մի կողմից, ուղղակիորեն նվազեցնում է Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների վերսկսման նրա հնարավորություններն ու ցանկությունը, բայց, մյուս կողմից, հիմնավորում և լեգիտիմացնում է նրա կողմից ծանր սպառազինությունների ավելացումը, որի զգալի մասը կարող է գործադրվել ԼՂՀ գոտում։

1 2012թ. ապրիլին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ներկայացրեց Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ ԱՄՆ Սենատի Արտաքին կապերի կոմիտեում այս հարցի լսումները սկսվել են ս.թ. հունիսի 13-ին։

2 http://www.zerkalo.az/2011-11-17/politics/24732-morningstar-gaz-kaspiy

3 http://www.trend.az/capital/analytical/1995896.html, 23 февраля 2012

4 http://www.dw.de/dw/article/0,,15906207,00.html

5 http://www.dw.de/dw/article/0,,15947210,00.html

6 http://lenta.ru/economy/2000/09/19/psg/

7 http://www.energyland.info/news-print-63618, 20.01.2011г.

8 http://www.regnum.ru/news/fd-abroad/iran/1414836.html, 11.06.2011

9 http://www.newsazerbaijan.ru/expert/20120411/297155257.html

10 «Գազպրոմ» ԲԲԸ վարչության փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևի՝ 2011թ. նոյեմբերի 17-ին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցից։

11 Транскаспийский газопровод: перспективы реализации, http://www.ipr.kz/analytics/1/2/171, 19.10.2011.

12 http://www.regnum.ru/news/1516600.html, 02.04.2012.

13Война на Каспии может стать реальностью, http://www.ng.ru/economics/2011-11-22/1_kaspiy.html.

14Милитаризация Каспия, http://rus.ruvr.ru/2012_04_20/72384448/.

15 Caspian Sea States On Course For Naval Arms, Radio Free Europe/Radio Liberty, http://www.rferl.org/content/caspian_states_on_course_for_naval_arms_race/24278751.html, 27.07.11.

16 Война на Каспии может стать реальностью, http://www.ng.ru/economics/2011-11-22/1_kaspiy.html.

17Նույն տեղում։

18 Заявление командующего иранскими ВМС ИРИ контр-адмирала Хабиболлы Сайяри (Habibollah Sayyari), июнь 2011г., Caspian Sea States On Course For Naval Arms, Radio Free Europe/Radio Liberty, http://www.rferl.org/content/caspian_states_on_course_for_naval_arms_race/24278751.html, 27.07.11.

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 6, 2012

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր