• am
  • ru
  • en
Версия для печати
04.06.2012

ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԱՐԴԻ ՓՈՒԼՈՒՄ

EnglishРуский

   

Վահրամ Հովյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ



Թվաքանակը և սփռվածությունը

Հունաստանի հայ համայնքի թվաքանակը 20-րդ դարում պարբերաբար ենթարկվել է տատանումների։ 1923թ. այն հասել է գագաթնակետին (120 հազ. մարդ)՝ կապված դեռևս 19-րդ դարի 90-ական թթ. հայկական կոտորածների, 20-րդ դարասկզբի Հայոց ցեղասպանության և հույն-թուրքական պատերազմի (1919-22թթ.) հետևանքով հազարավոր հայերի՝ դեպի այդ երկիր զանգվածային գաղթի հետ։

Հետագայում, սակայն, նկատվել է հայ բնակչության արտահոսք Հունաստանից ինչպես Խորհրդային Հայաստան, այնպես էլ եվրոպական ավելի զարգացած երկրներ ու ԱՄՆ։

Դեպի Խորհրդային Հայաստան գաղթը պայմանավորված էր հայրենադարձության քաղաքականությամբ, որին իր ակտիվ և ոգևորված մասնակցությունը բերեց Հունաստանի հայ համայնքը։ 1924-27թթ., 1932-33թթ. և 1946-47թթ. Մեծ հայրենադարձության տարիներին Խորհրդային Հայաստանի ճամփան բռնեցին մոտ 60 հազ. հունաստանաբնակ հայեր1։

Դեպի եվրոպական ավելի զարգացած երկրներ և ԱՄՆ գաղթը պայմանավորված է եղել և ներկայումս էլ պայմանավորված է սոցիալ-տնտեսական գործոններով։ Թեև Հունաստանը ներկայումս անդամակցում է Եվրոպական միությանը, սակայն նրա տնտեսությունը լավագույններից չէ Եվրոպայում։ Վերջին շրջանում Հունաստանում բռնկված տնտեսական ճգնաժամը, որն իր հետ բերեց նաև կառավարական ճգնաժամ, դրա վառ ապացույցներից է։ Այդ պատճառով հունահայ համայնքի ներկայացուցիչների մեջ նկատելի է միտում ավելի բարեկեցիկ և ապահով կյանքի ակնկալիքով գաղթել դեպի եվրոպական ավելի զարգացած երկրներ ու ԱՄՆ։

Սրան զուգահեռ՝ վերջին երկու տասնամյակում Հայաստանի անկախացմամբ, պատերազմով, երկրաշարժով, շրջափակմամբ և այլ բարդություններով պայմանավորված՝ մեծ թվով հայերի արտագաղթի ալիքը, ի թիվս այլ երկրների, ուղղվել է նաև Հունաստան։ Վերջին երկու տասնամյակների ընթացքում Հունաստան գաղթած հայերի թիվը հաշվվում է մոտ 30-40 հազ.2։ Իսկ համաձայն որոշ տվյալների՝ Հայաստանից դեպի Հունաստան գաղթի արդյունքում տեղի հայ համայնքի թվաքանակը մեծացել է մոտ 7 անգամ՝ 12-13 հազարից հասնելով 70-80 հազարի3։

Հունաստանի հայ համայնքը սփռված է երկրի տարբեր բնակավայրերում։ Ամենահայահոծ բնակավայրերը, այնուամենայնիվ, մայրաքաղաք Աթենքը և Սալոնիկն են, որտեղ հայերի թվաքանակը կազմում է համապատասխանաբար 10 և 11.5 հազ.։

Համայնքի արդի բնութագիրը

Լինելով Սփյուռքի ավանդական համայնքներից մեկը՝ Հունաստանի հայ համայնքը ներառում է հայկական հոգևոր-մշակութային, հասարակական-քաղաքական հարուստ կյանքի գրեթե ողջ ներկապնակն ու բազմազանությունը։ Այստեղ առկա են Հայության քաղաքական, հոգևոր, սոցիալական գրեթե բոլոր շերտերն իրենց կառույցներով։ Հունաստանի հայ համայնքի ներքին բազմազանությունը երևում է հիմնականում երեք՝ սոցիալական, քաղաքական և հոգևոր հարթություններում։

Սոցիալական հարթությունում Հունաստանի հայ համայնքի ներքին բազմազանությունն ապահովող գործոն է համայնքի տարաբաժանումն ավանդական և ժամանակակից սփյուռքների։ Ավանդական սփյուռքը կազմում են Հայոց ցեղասպանության հետևանքով և դրանից առաջ Հունաստան գաղթած հայերը։ Իսկ ժամանակակից սփյուռքի մեջ են մտնում 1990-ականներից սկսած՝ Հայաստանից Հունաստան գաղթածները։ Ուշագրավ է, որ տեսակարար կշռի առումով ժամանակակից սփյուռքը գերազանցում է ավանդականին, որի թվաքանակը տարբեր հաշվարկներով ներկայումս կազմում է 13-15 հազ.։ Մնացյալ հատվածը կազմում են ժամանակակից սփյուռքի ներկայացուցիչները։ Ընդ որում, եթե ավանդական սփյուռքում նկատվում է թվաքանակի նվազման միտում, ապա ժամանակակից սփյուռքում թվաքանակի ավելացման միտումը շարունակվում է, քանի որ թեկուզ ոչ նախկին տեմպերով, սակայն շարունակվում է Հայաստանից բնակչության արտահոսքը դեպի Հունաստան։

Քաղաքական առումով Հունաստնում շարունակում են գործել հայկական ավանդական երեք կուսակցություններից երկուսը՝ ՀՅԴ-ն (Հայ հեղափոխական դաշնակցություն) և ՌԱԿ-ը (Ռամկավար ազատական կուսակցություն)։ Այդ երկու ավանդական կուսակցությունների գործունեությունն ապահովում է Հունաստանի հայ համայնքում գաղափարաքաղաքական դաշտի բազմազանությունը՝ ազգային սոցիալիստական (ի դեմս ՀՅԴ-ի) և ազատական (ի դեմս ՌԱԿ-ի)։ Որպես քաղաքական մարմին համայնքում իր ուրույն տեղն ունի նաև ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը։

Հոգևոր բազմազանության առումով, թեև Հունաստանի հայ համայնքի գերակշիռ մեծամասնությունը կազմում են Հայ Առաքելական եկեղեցու հետևորդները, սակայն նրանց կողքին, թեկուզ սահմանափակ քանակությամբ, գոյակցում են նաև կաթողիկե և ավետարանական դավանանքի հետևորդ հայեր։ Վերջիններիս թվաքանակը կազմում է մի քանի հարյուրական։

Հունաստանի հայ համայնքում ներկայումս գործում են 10 Հայ Առաքելական և 2-ական Հայ Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիներ։ Եթե առաքելական հայերը, բացի մայրաքաղաք Աթենքից, սփռված են նաև Հունաստանի այլ քաղաքներում ու բնակավայրերում, ապա կաթողիկե և ավետարանական հայերը կենտրոնացած են հիմնականում Աթենքում։

Հայ Առաքելական, Կաթողիկե և Ավետարանական եկեղեցիների միջև հարաբերությունները կառուցվում են հիմնականում հանդուրժողականության և համագործակցության հիման վրա։ Դավանանքային հողի վրա առճակատման դրսևորումներ, համենայնդեպս, հայտնի չեն։

Համայնքային կառույցները

Հունաստանի հայ համայնքի կենսունակությունը պայմանավորված է նաև նրա կազմակերպվածությամբ, որն ապահովվում է համայնքային կառույցների գործունեությամբ։ Բացի ավանդական կուսակցություններից և հայկական երեք եկեղեցիներից (առաքելական, կաթողիկե և ավետարանական), որոնց մասին խոսվեց վերը, գործում են նաև բազմաթիվ և բազմազան այլ կառույցներ ու կազմակերպություններ։

Համայնքի ղեկավար կառույցներն են Ազգային առաջնորդարանը և Ազգային վարչությունը։ Ազգային առաջնորդարանը ներկայացնում է հայ համայնքը պետության առջև։

Հունաստանի հայ համայնքի մյուս կազմակերպչական կառույցները ծագման առումով կարելի է բաժանել երկու խմբի.

  • Համահայկական կազմակերպությունների տեղական մասնաճյուղեր։ Այնպիսի համազգային կառույցներ, ինչպիսիք են ՀԲԸՄ-ն (Հայկական բարեգործական ընդհանուր միություն), ՀՄԸՄ-ն (Հայ մարմնակրթական ընդհանուր միություն), Համազգային հայ կրթական և մշակութային միությունը, Հայաստան համահայկական հիմնադրամը և այլն, ունեն Հունաստանի իրենց տեղական մասնաճյուղերը։
  • Համայնքային կազմակերպություններ։ Համահայկական կառույցների տեղական մասնաճյուղերի կողքին գործում են նաև համայնքային ծագման տարատեսակ կառույցներ, որոնցից կարելի է առանձնացնել հետևյալ հիմնական խմբերը.

1. Տեղեկատվական կառույցներ։ Հունաստանում գործող հայկական տեղեկատվական կառույցները կազմում են տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցները։ Տպագիր լրատվամիջոցներից գործում են «Ազատ օր», «Նոր աշխարհ», «Հայաստան» և այլ պարբերականները։

Պարբերական հրատարակություններին վերջին շրջանում, կապված գիտատեխնիկական առաջընթացի, մասնավորապես՝ համացանցի լայն տարածման և կիրառման հետ, ավելացել են նաև էլեկտրոնային լրատվամիջոցները՝ համացանցային վեբ-կայքերը։ Բացի Հայ Առաքելական եկեղեցու Հունահայոց թեմի վեբ-կայքից (www.armchurch.am), ներկայումս գործում են նաև համայնքային վեբ-կայքեր (www.armeniancommunity.gr, www.armenika.gr)։

Տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներն արտացոլում են հայաստանյան, Հունաստանի հայ համայնքի, Սփյուռքի այլ համայնքների կյանքը, ինչպես նաև անդրադառնում են համազգային իրադարձություններին։

2. Կրթական հաստատություններ։ Հունաստանի հայ համայնքում ավանդաբար գործել և շարունակում են գործել հայկական կրթական հաստատություններ, որոնցից նշանավոր են հատկապես Սոֆի և Լևոն Հակոբյան, Զավարյան, Գալփակյան վարժարանները։

3. Մշակութային կառույցներ։ Որպես մշակութային կառույցներ նշանավոր են, օրինակ, «Հայաստան» կենտրոնը, «Արաքս» մշակութային միությունը և այլն։

4. Սոցիալական կառույցներ։ Այսպիսի կառույցներից նշանավոր է, օրինակ, «Երևան» միության գործունեությունը, որը զբաղվում է Հունաստանի ռազմական ուսումնական հաստատություններում սովորող հայ կուրսանտների կեցության խնդիրներով։ «Հայաստան» կենտրոնը նույնպես, բացի մշակութային գործունեությունից, ծավալում է ակտիվ հասարակական գործունեություն։

Մարտահրավերներ և հնարավորություններ

Հունաստանի հայ համայնքը Սփյուռքի մյուս համայնքների նման գտնվում է դրական և բացասական գործոնների ազդեցության ներքո։ Դրական են այն գործոնները, որոնք նպաստում են համայնքի ամրապնդմանը և բարձրացնում նրա կենսունակությունը։ Բացասական գործոնները նպաստում են համայնքի թուլացմանը։

Հունաստանի հայ համայնքի կյանքում ներակայումս բացասական գործոններ կամ մարտահրավերներ են հանդիսանում հետևյալները.

1. Տնտեսական ճգնաժամը, որը խթանում է հայերի արտագաղթն այդ երկրից։

2. Թեմական խնդիրը՝ Հայ Առաքելական եկեղեցու Հունահայոց թեմի պատկանելության հարցը, այն է՝ թեմը պատկանում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին, թե Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը։ 1920-ական թթ. ստեղծված Հունահայոց թեմը սկզբում գտնվում էր Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի ենթակայության տակ։ Սակայն 1958թ. այն անցավ Անթիլիասի կաթողիկոսության ենթակայությանը։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը չհամակերպվեց այդ իրավիճակի հետ և ստեղծեց իրեն ենթակա թեմական կառույցը։ Ներկայումս այդ երկու կառույցները շարունակում են գոյատևել և հավակնել համայնքի առաջնորդությանը։ Թեև այդ հանգամանքն անառողջ մրցակցության պատճառ է դառնում, սակայն առ այսօր չի հանգեցրել համայնքի պառակտմանը։

3. Լեզվի խնդիրը։ Թեև Հունաստանում գործում են մի շարք հայկական կրթական հաստատություններ, այնուամենայնիվ, դատելով համայնքային վեբ-կայքերի (www.armeniancommunity.gr, www.armenika.gr) հունալեզու լինելու հանգամանքից՝ կարելի է նշել, որ Հունաստանի հայ համայնքում նույնպես, ինչպես Սփյուռքի մյուս գաղթօջախներում, հայոց լեզվի պահպանման խնդիրը լուրջ է։ Հայերի մի զգալի հատված չի տիրապետում մայրենի լեզվին։ Հունաստանի հայ համայնքում նույնպես ազգային ինքնության ատրիբուտների, այդ թվում նաև՝ լեզվի կորուստն արագ է ընթանում։

Որպես համայնքային կյանքի վրա դրական ազդող, այն աշխուժացնող գործոն հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի անկախացումը 1991թ., Հայաստանի և Հունաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը (1992թ.), Հունաստանում ՀՀ դեսպանության հիմնումը նոր լիցք հաղորդեցին Հունաստանի հայ համայնքի կենսունակությանը և աշխուժությանը։ Համայնքն իր թիկունքում սկսեց էլ ավելի շոշափելիորեն զգալ մայր հայրենիքի և պետության շունչն ու հովանավորությունը։ ՀՀ սփյուռքի նախարարության հիմնադրմամբ (2008թ.) այս գործոնի ազդեցությունն էլ ավելի մեծացավ։

Հայաստանի Հանրապետության գործոնի ազդեցությունը հունահայ համայնքում կապված է ՀՀ դեսպանության, ՀՀ Սփյուռքի նախարարության գործունեության, Հայաստանի և Արցախի նախագահների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների այցելությունների և այլնի հետ։ Թվարկված գործոնները համայնքի վրա թողնում են հետևյալ բարերար ազդեցությունը.

  • Համայնքային կյանքի աշխուժացում։ ՀՀ դեսպանությունը տարատեսակ միջոցառումների կազմակերպմամբ և իրականացմամբ ակտիվություն է հաղորդում համայնքային կյանքին։ Ուշագրավ է, օրինակ, հայկական բանակի կազմավորման 20-ամյակին նվիրված միջոցառումը 2012թ. հունվարի 26-ին4։
  • Մայր հայրենիքի հետ կապերի ամրապնդում։ Հայաստանի անկախացմամբ և դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ Հայաստանի և Հունաստանի միջև ամրապնդվեց կապը Հունաստանի հայ համայնքի և մայր հայրենիքի միջև։ Օրինակ՝ Հունաստանի հայ համայնքը նույնպես ակտիվորեն ընդգրկված է և մասնակցում է ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող «Արի տուն» ծրագրին։
  • Հայաստանից համակարգված և նպատակային օգնություն։ ՀՀ-ն որպես պետություն հիմնականում Սփյուռքի նախարարության միջոցով տարբեր կերպ նպաստում է Հունաստանի հայ համայնքի խնդիրների լուծմանը։ Այս առումով կարևոր են դպրոցների համար դասագրքերի պատրաստումը և տրամադրումը, ուսուցիչների վերապատրաստման ծրագրերը և այլն։

Հայ համայնքը՝ որպես գործոն

Լինելով Սփյուռքի ավանդական և կազմակերպված համայնքներից մեկը՝ Հունաստանի հայ համայնքը, չնայած առկա դժվարություններին, նշանակալի գործոն է հանդիսանում Հայության և Հայաստանի համար։ Համայնքը, լինելով Հայության անբաժանելի մասը, իր գործունեությամբ նպաստում է համազգային խնդիրների լուծմանը՝ իր հնարավորություններն ի սպաս դնելով համազգային նպատակներին։ Այդ գործոնի պահպանումը և զարգացումը լուրջ նշանակություն ունեն Հայության ներուժի համար։

Հունաստանի հայ համայնքը՝ որպես գործոն, Հայության կյանքում դիտարկվում է հետևյալ հարթությունների մեջ.

1. Քաղաքական։ Հունաստանի հայ համայնքի՝ որպես քաղաքական գործոնի, դերը կարևորվում է համազգային հիմնահարցերին (Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման և արցախյան խնդիրներին) նրա նվիրվածությամբ և պայքարով այդ խնդիրների լուծմանը նպաստելու համար։ Այս խնդիրների լուծման ճանապարհը Հունաստանի հայ համայնքի համար լոբբիստական գործունեությունն է։ Հայկական լոբբիստական գլխավոր կառույցը Հունաստանում ՀՅԴ Հայ դատի հանձնախումբն է։ Դեռևս 1996թ. ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի լոբբիստական ջանքերի շնորհիվ Հունաստանի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Սակայն հայ համայնքի համար պայքարը դրանով ավարտված չէ, քանի որ գլխավոր խնդիրը, այն է՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից և փոխհատուցումը, դեռևս լուծված չեն։ Այս ուղղությամբ էլ շարունակում է պայքարը Հունաստանի հայ համայնքը։ Մասնավորապես Թուրքիայի՝ Եվրոպական միությանն անդամակցության խնդրում հայ համայնքն ամեն կերպ փորձում է բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը։ Քանի որ Հունաստանը Եվրամիության անդամ է, ապա նրա դիրքորոշումը վճռական նշանակություն ունի Թուրքիայի անդամակցության հարցում։ Հայ համայնքն ակտիվորեն աշխատում է Հունաստանի իշխանությունների հետ այս ուղղությամբ։ Այն լուրջ գործոն է ընտրությունների ժամանակ, և Հունաստանի քաղաքական ուժերը չեն կարող հաշվի չառնել նրա դիրքորոշումը տարբեր, այդ թվում նաև՝ արտաքին քաղաքական հարցերում5։

Հաջորդ կարևոր համազգային հարցը, որի լուծմանը նպաստելուն են ուղղված Հունաստանի հայ համայնքի ջանքերը, արցախյան հիմնախնդիրն է։ Հունաստանի հայ համայնքը փորձում է իր հնարավորությունների սահմաններում նպաստել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և հայանպաստ կարգավորմանը։ Այս շրջանակներում ուշագրավ է 2009թ. Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևի Հունաստան կատարած այցի ընթացքում Հունաստանի հայ համայնքի կազմակերպած բողոքի ցույցը՝ ընդդեմ Ադրբեջանի ռազմատենչության և հավակնությունների6։

2. Տնտեսական։ Համայնքը, չնայած տնտեսական ճգնաժամին, ակտիվորեն մասնակցում է նաև հայրենիքի օգնության ծրագրերին՝ հիմնականում Հայաստան համահայկական հիմնադրամի տեղական մասնաճյուղի գործունեության միջոցով։ 2011թ. հեռախոսամարաթոնի ընթացքում համայնքը հիմնադրամին նվիրաբերեց մոտ 35 հազ. եվրո7։

3. Քաղաքակրթական։ Հունաստանի հայ համայնքն իր կազմակերպած տարատեսակ մշակութային միջոցառումներով ապահովում է հայկական քաղաքակրթության ներկայությունը Եվրոպայում և մասնավորապես՝ Հունաստանում։ Այս առումով նշանակալից է, օրինակ, 2011թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ դեսպանությունում բացված հայկական հնատիպ գրքերի և Հայաստանին վերաբերող վիմանկարների ցուցահանդեսը՝ նվիրված հայկական տպագրության 500-ամյակին8։

1Հայ սփյուռք հանրագիտարան, Երևան, 2003թ., էջ 370։

2Arevik Badalyan, Greek Armenian Community: the struggle continues http://arevik.wordpress.com/2010/06/27/greek-armenian-community-the-struggle-continues/

3Հունաստանի հայ համայնքը պատրաստվում է Հայաստանի նախագահի հետ հանդիպմանը http://www.armenialiberty.org/content/article/2279357.html

4Հայոց բանակի կազմավորման տոնն Աթենքում, http://armchurch.gr/archive.php

5Arevik Badalyan, նշվ. աշխ։

6Տե՛ս Azeri President met with angry Armenian protesters in Greece http://www.panarmenian.net/eng/world/news/28661/

7Панъевропейский телефонный марафон Всеармянского фонда «Айастан», зарегистрировал согласие абонентов пожертвовать 1 миллион 350 000 евро http://himnadram.org/index.php?id=23817&lang=3

8Տե՛ս Հունաստանում ՀՀ դեսպանությունում բացվել է հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես http://www.tert.am/am/news/2011/12/29/ingreecearmenianembassy/

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 5, 2012

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր