ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Ի՞նչը պետք է ընկած լինի տարածաշրջանային էներգետիկ անվտանգության հիմքում: Ի՞նչը պետք է Հայաստանի համար կողմնորոշիչ հանդիսանա ռեսուրսների համար գլոբալ մրցակցությունում, որում առավել ակտիվ են ներգրավվում այն երկրների ընկերությունները, որոնք իրենց տնտեսական զարգացման ապահովմանն անհրաժեշտ բավարար ածխաջրածնային հումքի պաշարներ չունեն: Ի՞նչ տեղ կարող է զբաղեցնել Հայաստանը տարածաշրջանի էներգետիկ քարտեզին: Եվ, վերջապես, ի՞նչ դեր կարող է և պետք է խաղա տեղեկատվական աջակցությունն այս կամ այն էներգետիկ նախագծի մշակման և առաջմղման գործում:
Այս հարցերի պատասխաններն առանցքային են էներգետիկայի բնագավառում տարածաշրջանի երկրների իրական ինտեգրմանը հասնելուն ուղղված` Հայաստանի արդյունավետ քաղաքականության մշակման առումով:
1. Տեղեկատվական պատերազմները էներգետիկայում և մի շարք նախագծերի քաղաքականացվածությունը
Ներկայիս տարածաշրջանային էներգետիկ նախագծերը քաղաքական պատճառներով տարանցման սխեմաների սահմանափակվածությամբ են «տառապում» և տարածաշրջանային բազմակողմանի համագործակցության օրինակ չեն հանդիսանում: Նման իրավիճակի առաջին պատճառը քաղաքական մրցակցությունն է, էներգետիկ «ծանրքաշայինների» մրցակցությունը հանքավայրի, հորատանցքի, խողովակի համար: Նման մրցակցությունը Հարավակովկասյան տարածաշրջանում նենգափոխում է իրական համագործակցությունը և մեր երկրները ներքաշում անիմաստ ու անհեռանկար բանավեճի մեջ քաղաքականապես, այլ ոչ թե տնտեսապես հիմնավորված նախագծերի շուրջ:
Այսօր շատ է խոսվում աշխարհում և, մասնավորապես, Հարավային Կովկասում, անվտանգության նոր ճարտարապետության անհրաժեշտության մասին: Կարծում եմ` ճիշտ ու տեղին կլիներ խոսել նաև տարածաշրջանի էներգետիկ անվտանգության նոր հայեցակարգի ձևավորման անհրաժեշտության մասին:
Պետք է փաստել, որ տարբեր, այդ թվում և ազգային մակարդակներում խիստ անբավարար և հաճախ միակողմանի է լուսաբանվում տարածաշրջանի էներգետիկ իրավիճակը: Գաղտնիք չէ, որ հարավկովկասյան էներգետիկ նախագծերի քաղաքականացվածությունը խփում է տարածաշրջանի յուրաքանչյուր բնակչի գրպանին: Այնինչ, տարածաշրջանի երկրների բնակչության տեղեկացվածության ցածր աստիճանը հանգեցնում է նրան, որ ընտրանիները կենսագործում են անհրաժեշտ տնտեսական հիմնավորում չունեցող քաղաքական նախագծեր` դրանով իսկ «դանդաղ գործողության ական» դնելով էներգետիկայի տակ և առաջ բերելով սպեկուլյատիվ երևույթներ էներգակիրների միջազգային շուկաներում, ինչը, միանգամայն հնարավոր է, հերթական գլոբալ ֆինանսական և տնտեսական ճգնաժամի պատճառ է հանդիսանում:
Ուստի, անհրաժեշտ է քաղաքական և բիզնես-էլիտայի նախաձեռնությունների ապահովմանն ուղղված որակյալ տեղեկատվական աջակցություն էներգետիկայի ոլորտում: Անհրաժեշտ է ապահովել «իշխանություն-բիզնես» կայուն հակադարձ կապը, այնպիսի իրավիճակ, որում բիզնես-էլիտայի կերտիչ ծրագրերն ու նախագծերն օբյեկտիվ և բարձրպրոֆեսիոնալ տեղեկատվական աջակցություն ունենան` դրանով իսկ տարածաշրջանի քաղաքական առաջնորդների համար անհրաժեշտ ֆոն ու շարժառիթ ստեղծելով, որպեսզի այդ նախագծերը կենսունակ ու կարևոր համարվեն երկրի զարգացման համար: Նշված փոխգործակցությունը պետք է ծառայի հարմար միջավայրի ստեղծմանը տարածաշրջանում էներգետիկ ծրագրերի փոխադարձ ինտեգրման համար:
Ներկայումս, ցավոք, իրավիճակը հեռու է նշված կողմնորոշիչների ապահովումից: Երկրներից յուրաքանչյուրը, անկասկած, ինքն է ընտրում էներգետիկ անվտանգության ապահովման իր համակարգն ու մոդելը, և, սակայն, գրեթե հաշվի չեն առնվում հարևան երկրներում զարգացող միտումներն ու նախագծերը (որտեղ, մեր կարծիքով, փոխգործակցության ազգային էներգետիկ սեկտորների օպտիմալացման լայն հնարավորություններ կան): Դա տեղի է ունենում.
- տարածաշրջանի երկրների քաղաքական և տնտեսական ինտեգրման հնարավորության նկատմամբ վստահության բացակայության պատճառով, ինչից ելնելով` երկրներից յուրաքանչյուրը որդեգրում է առավելագույն էներգետիկ անկախության և ինքնաբավության ապահովման հայեցակարգ,
- բոլոր էներգետիկ, ինչպես ազգային, այնպես էլ տարածաշրջանային, նախագծերի տեղեկատվական ուղեկցման գրեթե լիակատար քաղաքականացվածության պատճառով:
Ըստ իս, այսօր անհրաժեշտ է.
- տեղեկատվական հարթությունում համատեղ ջանքերով մշակել «վարքականոն», հատկապես տարածաշրջանային էներգետիկ նախագծերի լուսաբանման առումով: Այդ վարքականոնի հիմքում պետք է ընկած լինեն ազնվության և օբյեկտիվության սկզբունքները, պրագմատիզմը և համագործակցության նպատակամիտվածությունը,
- օգտագործել առկա տեղեկատվական ռեսուրսները էներգետիկայի կառավարման առաջադեմ ձևերի ու մեթոդների տարածման և մեր տարածաշրջանի երկրների ու մասնավորապես Հայաստանի էներգետիկ անվտանգության խնդիրների քննարկումներին բնակչության ակտիվ մասնակցության համար,
- մշտապես բարձրացնել տեղեկատվական գործընթացի մասնակիցների պրոֆեսիոնալ մակարդակը: Տեղեկատվությունը պետք է լինի պրոֆեսիոնալ և որակյալ: Այսօր, ցավոք, հազվադեպ կարելի է հանդիպել էներգետիկ նախագծերի և զարգացման մոդելների բարձրորակ և օբյեկտիվ վերլուծության [1]:
Տարածաշրջանի երկրներում մարդկանց կենսամակարդակի բարելավման գլխավոր պայմաններից մեկը Հարավային Կովկասում էներգառեսուրսների ազատ շուկայի ստեղծումն է ազգային էներգետիկ համակարգերի, հաղորդակցային միջանցքների և երկրների ունեցած գիտատեխնիկական ողջ պոտենցիալի միավորման միջոցով: Սա միջազգային դիվանագիտության կարևորագույն խնդիրներից մեկն է [2]: «Էներգիա` առանց սահմանների». սա´ պետք է կարգախոս լինի:
2. Նոր որակ Հայաստանի քաղաքականության մեջ
Այսօր կարելի է փաստել, որ Հայաստանը, սեփական ածխաջրածնային պաշարներ և դեպի ծով ելք չունենալով, տարածաշրջանի պետություններում առկա բարդ ու ոչ միանշանակ քաղաքական-տնտեսական գործընթացների ֆոնին անգամ, երկրի էներգետիկ անվտանգության անհրաժեշտ մակարդակը պահելու խնդրի հաջող լուծման վառ ու հզոր օրինակ է ցույց տալիս:
Հայաստանի էներգետիկ անվտանգության աստիճանի հետագա բարձրացման գործիքներից մեկը պետական մակարդակով որակապես նոր արտահանական քաղաքականության մշակումն է, որը պետք է ուղղված լինի նրան, որ ստեղծվեն ունիկալ և խիստ արդյունավետ հնարավորություններ հարևան երկրների հետ Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական փոխանակման ակտիվացման համար, ինչի միջոցով կարելի կլինի էապես բարձրացնել երկրի էներգետիկ անվտանգության աստիճանը: Հայաստանը պետք է չափազանց ակտիվ դիրք գրավի մեր տարածաշրջանի երկրների համար ընդհանուր «զուգամիտման կետ» ունեցող տարածաշրջանային նոր նախագծերի մշակման և դրանց հետևողական իրականացման գործում: Ներկայիս գլոբալ ֆինանսական և տնտեսական ճգնաժամերի պայմաններում տարածաշրջանային համագործակցությունը, հատկապես էներգետիկայում, պարզապես այլընտրանք չունի:
Երկու գազատար և գազի ստորգետնյա պահուստավորման հզորություններ, ինչպես նաև լրացուցիչ մրցունակ արտադրահզորություններ ունենալով` Հայաստանը բոլոր հնարավորություններն ունի դառնալու տարածաշրջանային մասշտաբի յուրատեսակ ազատական էներգետիկ հարթակ: Այս ոչ պարզ խնդրի լուծումը ենթադրում է մոտ ապագայում ինչպես Հայաստանի տնտեսությունում ընդհանրապես, այնպես էլ էներգետիկայում` մասնավորապես, իրագործել հավակնոտ ծրագրեր, որոնց նպատակներն ու խնդիրները կարելի է ներկայացնել հետևյալ առանցքային թեզիսներով.
- Հայաստանի էներգետիկ անվտանգության բարձրացում մրցունակ արտահանական շուկայի ձևավորման միջոցով,
- արտահանական կողմնորոշում ունեցող էներգետիկ նախագծերի իրական աջակցմանն ուղղված ՀՀ պետական քաղաքականության մշակում և իրագործում, որի հիմքում պետք է լինի գնային ճկուն քաղաքականությունը,
- ռազմավարական գործընկերների` տարածաշրջանային էներգետիկ համագործակցության ընդլայնմանն ուղղված համաձայնեցված դիրքորոշումների մշակում. համագործակցությանը ներգրավված պետք է լինեն ոչ միայն Հայաստանի մերձավոր հարևանները, այլև Թուրքմենստանը, Իրաքը և այլ երկրներ:
Ահա այն գլխավոր պայմանները, որոնց ապահովման պարագայում Հայաստանը կարող է վերածվել տարածաշրջանի էներգետիկ «բազայի». արտաքին տնտեսական փոխանակման հետագա ազատականացում, նորարարական ձեռքբերումների, առաջավոր տեխնիկական ստանդարտների ու տնտեսության պետական և կորպորատիվ կառավարման մեթոդների յուրացման ընդլայնում, անցում արտահանական քաղաքականության նոր որակի: Անշուշտ, խիստ մեծ է պրոֆեսիոնալ տեղեկատվական աջակցության դերը նշված հավակնոտ ծրագրի իրականացման գործում:
Թվարկվածը չի կարող լիարժեք իրագործվել, եթե տարածաշրջանի բոլոր երկրները չըմբռնեն էներգետիկ համագործակցության միավորիչ հեռանկարի, իրավական ռեժիմի (որը համաձայնեցված է միջազգային նորմերին և կամայական, միակողմանի փոփոխության չի ենթարկվել) ընդունման և դրան հետևելու կարևորությունը: Հայաստանն այսօր տարածաշրջանում առկա նոր էներգետիկ իրավիճակը գնահատում է որպես իր համար շատ դրական փաստ և խիստ իրական է համարում իր ներգրավված լինելը տարածաշրջանային խոշոր էներգետիկ նախագծերին, որոնցում ունի բոլոր հնարավորությունները դառնալու Հարավային Կովկասի էներգետիկ քարտեզի կարևոր խաղացողներից մեկը:
Եվ վերջում, կարծում ենք, որ այս ծավալուն խնդիրն իրագործելը շատ ավելի հեշտ կլինի, եթե մեր նախաձեռնություններն ու նախագծերն ունենան անհրաժեշտ մակարդակի տեղեկատվական աջակցություն, ինչի հույսը մենք ունենք մեր գործունեության մեջ:
Դեկտեմբեր, 2008թ.
Աղբյուրներ և գրականություն
- Կարապետյան Կ., Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության հեռանկարները, Եր., Էդիթ Պրինտ, 2008:
- Կարապետյան Կ., Տարածաշրջանային համագործակցության և էներգետիկ անվտանգության հիմնախնդիրները Հարավային Կովկասում, Եր., Էդիթ Պրինտ, 2008:
դեպի ետ