ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԹՈՒՐՔԻԱ
«Նորավանք» ԳԿՀ ավագ փորձագետ
Ներկայիս իրողություններում ներքին (ազգային), տարածաշրջանային և գլոբալ մակարդակներով ընթացող մի շարք գործընթացներ բարձրացնում են Թուրքիայի հակվածությունը սեփական ռազմամիջուկային կարողությունների ստեղծման ուղղությամբ:
1. Աշխարհաքաղաքական գործոններ
Այս մակարդակում անհրաժեշտ է առանձնացնել հետևյալ հանգամանքները.
- Թեև ՆԱՏՕ պայմանագրի 5-րդ հոդվածը շարունակում է տարածել դաշինքի միջուկային հովանոցը Թուրքիայի վրա, ԱՄՆ նախագահ Բ.Օբամայի «Աշխարհի խաղաղության և անվտանգության ապահովում` առանց միջուկային զենքի» հայտնի տեսլականը և ԱՄՆ-ում իզոլյացիոնիստական տրամադրությունների հաստատումն այդ երկրի թե՛ հանրապետական, թե՛ դեմոկրատական քաղաքական թևերում շոշափելի ջղաձգություն են առաջացնում ՆԱՏՕ հարավային էշելոնի երկրներում, առաջին հերթին` Թուրքիայում (ինչպես նաև Իտալիայում, մասամբ` Հունաստանում): Բացի այդ, այս իրավիճակը ՆԱՏՕ արևմտաեվրոպական որոշ երկրներին (Ֆրանսիա և Անգլիա) դրդում է միացյալ ռազմական ռազմավարական կարողությունների ստեղծմանը: Այլ երկրներում (Գերմանիա, Նիդեռլանդներ), միտումների ուժգնացման տրամաբանությամբ («ոչ մի ամերիկյան ռումբ մեր տարածքներում», «ոչ` ատոմային էներգետիկային»)՝ դրդում սեփական կարողությունների համար տարածություն ազատելուն, դրանց գոյացման անհրաժեշտության գիտակցման համար պարարտ հող ստեղծելուն:
- ԱՄՆ-ի կողմից Թուրքիային (և արևելաեվրոպական մի շարք երկրներին) որպես «մտահոգությունների փարատման միջոց» առաջարկված դերակատարումը՝ ԱՄՆ/ՆԱՏՕ հակահրթիռային համակարգի ստեղծման գործում, Թուրքիայի համար չի կարող հանդիսանալ ազգային սուվերենության նույնքան արդյունավետ երաշխիք, ինչպիսին որ ընկալվում է սեփական ռազմամիջուկային ներուժի առկայությունը: Ավելին, ԱՄՆ-ի կողմից իրականացվող հակահրթիռային համակարգի տարրերի տեղակայումը Թուրքիայի տարածքում լուրջ մտահոգություններ է առաջացնում Իրանում և Սիրիայում (միջնաժամկետ հեռանկարում` Սաուդյան Արաբիայում): Դեռ Սառը պատերազմի դասերից հայտնի է, որ հակահրթիռային պաշտպանությունը պարունակում է ռազմավարական ապակայունացման շոշափելի ներուժ: Այս դրույթն առավել քան արդարացված է Թուրքիայի պարագայում:
- Եվրոպայի հետ քաղաքական ինտեգրման ճանապարհին ծագած խոչընդոտները, տարիներ տևած անպտուղ բանակցությունները Թուրքիայում ամրապնդում են «Եվրոպայից հիասթափությունը», սեփական կարողություններին ապավինելու, աշխարհի այլ տարածաշրջանների (Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածք) և տերությունների (Արգենտինա, Բրազիլիա, ՌԴ, Չինաստան, Ճապոնիա և այլն) հետ սերտ համագործակցություն հաստատելու ցանկությունը։ Դա հարցականի տակ է դնում ՆԱՏՕ ռազմական հատվածում Թուրքիայի գտնվելու արդյունավետությունը և աշխարհաքաղաքական նպատակահարմարությունը:
2. Տարածաշրջանային գործոններ
Այս մակարդակում անհրաժեշտ է առանձնացնել հետևյալ հանգամանքները:
- Արդեն տասնամյակներ Մեծ Միջին Արևելքի տարածաշրջանում Իսրայելը միջուկային ռազմական տերություն է, որը հետևողականորեն մերժում է իր միջուկային ծրագրի վրա միջազգային վերահսկման հաստատումը: Երկրի այս ռազմատեխնոլոգիական կարողությունը և նման դիրքորոշումը տասնամյակների ընթացքում ապահովում են Իսրայելի ազգային սուվերենությունը տարածաշրջանային բուռն գործընթացներում: Մյուս կողմից, Իսրայելի օրինակը տարածաշրջանի այլ երկրների մեջ ամրապնդում է սեփական միջուկային կարողությունների առկայության անհրաժեշտության գիտակցումը՝ որպես սեփական ազգային սուվերենության գերագույն երաշխիք:
- Վերջին տասնամյակում Իրանը հետևողականորեն զարգացնում է սեփական միջուկային տեխնոլոգիաների տարրերը և միջուկային լիցքի հասցնելու կարողությունները: Իրանում ծավալուն միջուկային ծրագրի իրականացումը, տեխնոլոգիական առաջընթացը և այլ գործոններ ստիպում են Թուրքիային գիտակցել տարածաշրջանում Իրանին հավասարակշռելու, սեփական մրցունակությունը և տարածաշրջանային ազդեցությունն ապահովելու անհրաժեշտությունը, փնտրել դրանց իրականացման ուղիները [1]: Սիմետրիկ հավասարակշռման տրամաբանությունն անհրաժեշտաբար մղում է Թուրքիային՝ գիտակցելու սեփական միջուկային կարողությունների ձևավորման անհրաժեշտությունը:
- Վերջին տասնամյակի ընթացքում ողջ Մեծ Միջին Արևելքի տարածաշրջանում արձանագրվել էր սպառազինություն մրցավազքի սաստկացում կամ, այսպես ասած` «ատոմային զարթոնք» [2]: Մի շարք արաբական երկրներում իրականացվել էին ատոմային և միջուկային էներգետիկ, բժշկական և կիրառական այլ նշանակության ծրագրեր: Ստեղծվում էին համապատասխան ենթակառուցվածքի առանձին տարրերը: 2011թ. ընթացող «արաբական զարթոնքի» գործընթացները թիրախավորված էին առաջին հերթին տարածաշրջանի այն երկրներում, որոնք ժամանակին ունեցել են և/կամ շարունակում են ունենալ միջուկային նկրտումներ` Ալժիր, Թունիս, Լիբիա, Եգիպտոս, Սիրիա և Իրան: Ավելին, վերլուծական հանրությունում քանիցս արտահայտվել է այն կարծիքը, որ 2011թ. սկզբներին Մ.Քադաֆին և Հ.Մուբարաքը զղջացել էին, որ ժամանակին հրաժարվել էին սեփական միջուկային ռազմական ծրագրերից: Այսինքն՝ «ղեկավարվող անկայունությունների ժամանակաշրջանում» սեփական ազգային սուվերենության, թերևս, միակ գործուն լծակից: Այս գիտակցումն ամրապնդվեց նաև սեփական միջուկային ծրագրից ժամանակին հրաժարված Ս.Հուսեյնի անձնական և Իրաքի ազգային ճակատագրի օրինակով:
3. Ազգային գործոններ
Գաղափարախոսական բաղադրիչ` «Թուրքական Գոլիզմ». Ներկայիս ազգայնացվող և իսլամացվող Թուրքիայում առկա են սեփական «զսպման ռազմավարական ուժերի» ստեղծման անհրաժեշտության գիտակցումը, դրա գաղափարախոսական հենքը, քաղաքական կամքը և սոցիալական պատվերը:
Համաձայն որոշ աղբյուրների, ներկայումս Թուրքիայի իշխող AKP կուսակցությունում բուռն քննարկվում են Թուրքիայի ՆԱՏՕ ռազմական բաղադրիչում դերակատարման հեռանկարները և սեփական «զսպման ռազմավարական կարողությունների» ստեղծման անհրաժեշտության հարցը [3]: Գաղափարախոսական տեսանկյունից ընթանում է ավանդական` արևմտամետ «քեմալիստական» ժառանգության համադրում ավելի իսլամակենտրոն և արևելակենտրոն ուժերի ու տեսակետների հետ: Այս՝ երրորդ քաղաքական, աշխարհայացքային ու աշխարհաքաղաքական ուղղությունը հատկանշական կերպով անվանվել է «Թուրքական Գոլիզմ», ինչն ընդգծում է դրա ժառանգական կապը Շ. դը Գոլի քաղաքականության ամենաբնութագրական տարրերի հետ` ուժեղ կողմնորոշում դեպի ազգայնականություն, ՆԱՏՕ ռազմական բաղադրիչից հեռացում, սեփական ազգային միջուկային ռազմատնտեսական կարողությունների ստեղծում [4, 5]:
Թուրքիայի գաղափարախոսական և քաղաքական դաշտի նման զարգացումը հենվում է երկրի ինքնուրույն դերակատարման բարձրացման, սեփական կարողությունների ուժեղացման, տարածաշրջանային ավելի մեծ դերակատարման ստանձնման բարենպաստ հասարակական կարծիքի վրա՝ երկուստեք սնվելով դրանից և ուժեղացնելով այն: Համաձայն որոշ անկախ սոցիոլոգիական հարցումների, 2011թ. Թուրքիայի բնակչության ավելի քան 60%-ը կողմնակից է երկրի ավելի ինքնուրույն, տարածաշրջանում ավելի ազդեցիկ դերակատարման ստանձնմանը: Բացի այդ, Մեծ Միջին Արևելքի արաբական երկրներում իրականացված հասարակական կարծիքի լայնամասշտաբ հարցման արդյունքները վկայում են, որ Թուրքիան է այն երկիրը, որն առավել կառուցողական դեր խաղաց «արաբական զարթոնքի» գործընթացներում: Այս երկիրը ստացել է հարցման ենթարկվածների մոտ 50%-ի հավանությունը՝ շատ առաջ անցնելով Ֆրանսիայից, ԱՄՆ-ից և ՌԴ-ից [6]:
Ռազմական բաղադրիչ. Տասնամյակներ շարունակ Թուրքիայի տարածքում առկա է ԱՄՆ/ՆԱՏՕ ատոմային և ջերմամիջուկային զենքը: Ներկայումս այն ներկայացված է մի քանի տասնյակ ազատ անկման B-61 ընտանիքի փոփոխական լիցքով1 տակտիկական ջերմամիջուկային ռումբերով: Թուրքիայում կուտակված է ատոմային զենքի պահեստավորման, հսկման ու սպասարկման, ինչպես նաև ՆԱՏՕ «համատեղ ատոմային առաքելությունների» մասնակցության փորձը: Ջերմամիջուկային ռումբերի պահպանման ենթակառուցվածքներն ակտիվ վիճակում առկա են մեկ (Incirlik)՝ կոնսերվացված վիճակում, ևս չորս ռազմաօդային հենակայաններում2:
Ենթակառուցվածքների, գիտատեխնոլոգիական և կադրային բաղադրիչ. Ժամանակակից Թուրքիայում առկա են կարողությունների և ենթակառուցվածքների կրիտիկական զանգվածի կուտակում, տնտեսական աճի բավարար տեմպ և գիտատեխնիկական զարգացման բավարար մակարդակ` ձեռնամուխ լինելու սեփական ատոմային կարողությունների ստեղծմանը:
1. Այսպես, Թուրքիայում անցած 30 տարիների ընթացքում ատոմային վառելիքային ցիկլի բոլոր փուլերի մասով ստեղծված ու կուտակված է փոքրածավալ և/կամ փորձարարական արտադրության փորձառություն. ուրանային հումքի արդյունահանում, մշակում, խտացում, («դեղին մածուկ»3), հարստացում, վառելիքային հաբերի և ձողերի պատրաստում: Ստեղծված են նաև վառելիքային թափոնների փոքրածավալ մշակման և երկարաժամկետ պահեստավորման ենթակառուցվածք, ռադիացիոն դոզիմետրիայի և անվտանգության ծառայություններ: Գործում է ճյուղավորված և ինտեգրացված Թուրքական ատոմային էներգիայի գործակալության (TAEK) համակարգը` իր երկու հիմնական ազգային (Սարակոյու և Չեքմեչեի) ատոմային կենտրոններով ու առանձին կայանքներով` Ատոմային վառելիքի պիլոտային գործարան, Ռադիոակտիվ թափոնների մշակման և պահեստավորման կայանք, երկու հետազոտական ռեակտորներ:
TAEK-ից զատ գործում է Հանքերի հետազոտման և շահագործման տնօրինության MTA Technologies Lab կենտրոնը, որը մասնագիտացված է ատոմային վառելիքի հանքարդյունահանման և մշակման խնդիրների մեջ: Իրականացվում են լայնածավալ հետազոտական և փորձարարա-կոնստրուկտորական հետազոտություններ ատոմային ֆիզիկայի և ատոմային էներգետիկայի հիմնարար ու կիրառական ասպարեզներում, միջուկային սինթեզի, լազերային տեխնիկայի, արագացուցչային ֆիզիկայի տարատեսակ կիրառական ասպեկտների ուղղությամբ: Իրականացվում է կադրերի պատրաստում:
2. 1996թ. Թուրքիայի Գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների խորհրդի (TÜBİTAK) հովանու ներքո ստեղծվել են Թուրքիայի Ակադեմիական ցանցը և Տեղեկատվական կենտրոնը (ULAKBIM): 2003թ. ULAKBIM-ի նախաձեռնությամբ ստեղծվեց TR-Ggrid համաթուրքական համակարգչային ցանցը: Այն նախատեսված է կոնսոլիդացնելու գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար հասանելի հաշվարկային հզորությունները, ապահովելու մեծ տեղեկատվական պաշարներ պահանջող համակարգչային մոդելավորումների իրականացումը, կազմակերպելու գերարագ տեղեկատվության փոխանակում: TR-Ggrid ցանցի մեջ են մտնում Թուրքիայի յոթ համալսարաններ, ուր կենտրոնացած են ատոմային և միջուկային ֆիզիկայի ու այլ հարակից ասպարեզների ուսումնասիրությունների ծրագրերը, ULAKBIM կենտրոնը և TAEK-ը՝ իր կառույցներով և միջուկային հետազոտական կենտրոններով:
3. Դատելով բաց աղբյուրներում բերվող տեղեկատվությունից՝ 1998-2009թթ. Թուրքիայի գիտական, տեխնոլոգիական և նորարարական ոլորտներն աննախադեպ զարգացում են ապրել նշված ոլորտների գրեթե բոլոր բաղադրիչներով: Այսպես, նշված ժամանակահատվածում.
- ավելի քան եռապատկվել են հետազոտական և զարգացման (R&D) վրա ներքին համախառն ծախսերը (ՀԶՆԾ): Դրանք աճել են 1998թ. $2 մլրդ-ից մինչև $9 մլրդ-ի` 2009թ. (արժեքները բերվում են՝ ճշգրտված ըստ գնողունակության` PPP $): Այս ցուցանիշով Թուրքիան գերազանցում է ՏՀԶԿ երկրների միջին ցուցանիշն ավելի քան չորս անգամ,
- կրկնապատկվել է ՀԶՆԾ համամասնությունը ՀՆԱ-ի նկատմամբ` 1998թ. 0.37% ցուցանիշից հասնելով 0.85%-ի` 2009թ.: Համաձայն մի շարք պաշտոնական աղբյուրների, ազգային թիրախն այստեղ հանդիսանում է այն, որ 2013թ. ՀԶՆԾ ծավալները հասցվեն մինչև ՀՆԱ 2%-ը,
- եռապատկվել է հետազոտական և զարգացման ոլորտներում զբաղված անձնակազմի և հետազոտողների թվաքանակը, աճել է երիտասարդ հետազոտողների տոկոսային բաղադրիչը,
- քառապատկվել է գիտական հրապարակումների քանակը: Գիտական հոդվածների քանակի աճի տեմպով Թուրքիան աշխարհում զբաղեցնում է 2-րդ տեղը՝ զիջելով միայն Հ.Կորեային,
- տասնապատկվել է արտոնված ազգային պատենտների քանակը, աճել է արտոնված միջազգային պատենտների քանակը,
- առկա է ատոմային էներգետիկայի զարգացման հստակ ծրագիր, որը գտնվում է իրականացման փուլում:
Եզրակացություն
Մի շարք հանգամանքների համատեղման հետևանքով ներկայումս զգալիորեն աճել է Թուրքիայում ռազմական և խաղաղ օգտագործման ատոմային ծրագրերի գործնական իրականացման հավանականությունը: Թուրքիայի ատոմային նկրտումներն ունեն գրեթե կեսդարյա պատմություն, սակայն ներկայիս իրադրությունն անհրաժեշտ է համարել աննախադեպ` մի շարք գործոնների միաժամանակյա առկայության ու դրանց զուգամիտման, փոխադարձ ուժգնացման շնորհիվ:
1Այսպես կոչված «dial-a-yield» համակարգ: Նկատենք, որ բացի B-61 mod 3 և mod 4 ազատ անկման ռումբերից, այս ընտանիքին է պատկանում նաև B-61 mod 10 ռումբը, որն հանդիսանում է «Փերշինգ II» տիպի օպերտաիվ-տակտիկական բալիստիկ հրթիռների W85 մարտագլխիկի մոդիֆիկացիա (արտադրված` 1990-91թթ) [7]:
2Erhac, Eskishir, Balikesir, Akinci (Murted):
3MTA Technology Lab - Uranium Ore Processing. NFCIS Facility Report. http://nucleus.iaea.org.
Աղբյուրներ և գրականություն
- Ülgen, Sinan, Turkey, Iran, and the Bomb. Euractiv, March 26, 2012.
- Nuclear Programmes in the Middle East: In the Shadow of Iran, ed. Mark Fitzpatrick. London,The International Institute for Strategic Studies, 2008.
- Turkey exploits «window of opportunity», moving rapidly to acquire nuclear weapons. World News Tribune, Sunday, Jan. 16, 2011.
- Taşpinar, Ömer, The Rise of Turkish Gaullism: Getting Turkish-Aamerican Relaitions Right. Insight Turkey, v. 13, No. 1, 2011. Taşpinar, Ömer, The Three Strategic Visions of Turkey. Brookings Institution, Center on the US and Eourope. March 8, 2011.
- Մարջանյան Արա, Ժան Բոդրիյարի «Սիմուլյակրը» և Բարաք Օբամայի «Medz Yeghern»-ը. Մաս Բ. «le May 1968»: «Նորավանք» ԳԿՀ, «21-րդ ԴԱՐ», #3 (43), 2012թ., էջ 5-27:
- Annual Arab Public Opinion Survey. A.Sadat Chair for Peace and Development. University of Maryland, 2011. Kalyoncu, Mehmet, Why, when and how Turkey becomes a nuclear power (Part 1 and 2). http://www.todayszaman.com/newsDetail_getNewsById.action?load=detay &link=153561
- U.S. Department of Defense. Nuclear Posture Review Report, April 2010.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՅՏՆԻ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱԷԿ-Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ». ՓՈՐՁԱԳԵՏ[17.12.2018]
- ՀՈՒՄ ՆԱՎԹԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ[05.11.2018]
- ՇՓՄԱՆ ԳԻԾ–ԱՐԱ ՄԱՐՋԱՆՅԱՆ (05.10.18)[09.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆ – ՌՈՒՍԱՍՏԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԸ ԱՐԴԻ ՓՈՒԼՈՒՄ. ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՎՏԱՆԳՆԵՐ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ[07.08.2018]
- ԳԼՈԲԱԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐ, ՍԵՐՆԴԱՅԻՆ ԱԼԻՔՆԵՐ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ[19.07.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇԻՆՔՆ ԱՐԴԻ ՓՈՒԼՈՒՄ. ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՎՏԱՆԳՆԵՐ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ[09.07.2018]
- ԻՍՐԱՅԵԼԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԿՕԳՏԱԳՈՐԾԻ ԻՐԱՆԻՆ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ (տեսանյութ)[16.05.2018]
- ԻՆՏԵՐՆԵՏ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ[08.05.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՍՄԻԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԵՏԱԽՈՒԶԱ-ՀԵՌԱԶՆՆՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ[09.04.2018]
- ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ «ԲԱՆԱԼԻՆ» ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ Է. Ա.ՄԱՐՋԱՆՅԱՆ[26.02.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԵԳՄԵՆՏԸ[19.02.2018]