• am
  • ru
  • en
Версия для печати
03.05.2012

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ «ԼԵՎԻԱՖԱՆ» ԵՎ «ԱՓՐՈԴԻՏԵ» ԷՆԵՐԳԵՏԻԿ «ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒՄ»

EnglishРуский

   

Սևակ Սարուխանյան
«Նորավանք» ԳԿՀ փոխտնօրեն,
Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ք.գ.թ.


Արևելյան Միջերկրածովի շրջանում բնական գազի խոշոր պաշարների հայտնաբերումն այս տարածաշրջանը դարձրել է նոր էներգետիկ և քաղաքական հակասությունների թատերաբեմ։ Մի կողմից՝ Իսրայելն ու Կիպրոսը, որոնց ծովային տարածքներում էլ հենց հայտնաբերվել են պաշարները, մյուս կողմից՝ Թուրքիան, որը ցանկանում է ամրապնդել դիրքերը Միջերկրածովյան ողջ տարածքում, նպատակ ունեն իրենց իրավունքները պաշտպանել գազային հանքածովային պաշարների նկատմամբ։

«Լևիաֆան» հանքավայրը` որպես Իսրայելի էներգետիկ անվտանգության աղբյուր

Իսրայելական Հայֆայից 135 կմ հեռավորության վրա, Միջերկրական ծովի շելֆում գտնվող «Լևիաֆան» բնական գազի հանքավայրը հայտնաբերվել է 2010-ին, ամերիկյան Noble Energy ընկերության կողմից, որը դեռևս 2008-ին Իսրայելի կառավարության հետ կնքել էր պայմանագիր ծովային շելֆի շրջանում բնական գազի և նավթի պաշարների որոնման համատեղ աշխատանքներ սկսելու վերաբերյալ։ Արդեն 2010 թվականին հայտնաբերված պաշարները կարելի է համարել տպավորիչ, քանի որ համաձայն Noble Energy-ի՝ բնական գազի ընդհանուր պաշարներն այս հանքավայրում գնահատվում են մինչև 450 մլրդ մ3, ինչն այն դարձնում է աշխարհի խոշորագույն հանքավայրերից մեկը։ Իսրայելի համար «Լևիաֆանի» կարևորությունը պայմանավորված է նրանով, որ հրեական պետությունը դրա շնորհիվ կարող է ազատվել Եգիպտոսից էներգետիկ կախվածությունից, որտեղից Իսրայել է ներկրվում բնական գազը։ Հաշվի առնելով 2011-ից Եգիպտոսում սկսված քաղաքական գործընթացները, որոնք ի վերջո իշխանության կարող են բերել հակաիսրայելական կոշտ դիրքորոշում ունեցող «Մուսուլման եղբայրներին», սեփական բնական գազի հանքավայրերի հայտնաբերումն ու մշակումն Իսրայելի համար դարձել են կարևորագույն նշանակություն ունեցող ազգային խնդիր։

Մյուս կողմից, Իսրայելը նաև անմիջականորեն շահագրգռված է նվազեցնելու էներգետիկ համագործակցության մակարդակը Թուրքիայի հետ, որը վերջին տարիներին հանդես չի գալիս որպես Իսրայելի վստահելի գործընկեր և նպատակ ունի ամրապնդել դիրքերը Մերձավոր Արևելքում, ինչի համար լայնորեն օգտագործում է տեղի իսլամիստներին։ Առավելագույնը տարեկան 3 մլրդ մ3 գազի սպառման ծավալներ ունեցող Իսրայելի համար 450 մլրդ մ3 պաշարներ ունեցող գազի հանքավայրը կարող է 100 տարուց ավելի դառնալ բնական գազի ստացման աղբյուր, ինչը հիմնավորապես կլուծի էներգետիկ անվտանգության ապահովման խնդիրը և կապահովի պետության էներգետիկ անկախությունը Թուրքիայից և Եգիպտոսից։

Միևնույն ժամանակ, պետք է նշել, որ Լևիաֆանը պարունակում է նաև բավական խոշոր նավթային պաշարներ, որոնց կոնկրետ չափը դեռևս որոշված չէ։ Նախնական հետախուզության տվյալներով՝ դրանց չափը կարող է անցնել 500 մլն տոննան, ինչը հանքավայրը դարձնում է նաև կարևոր նավթային գործոն։ Համապատասխան ներդրումների դեպքում Իսրայելը կարող է ոչ միայն ապահովել նավթի սեփական կարիքները, այլ նաև դառնալ նավթի ոչ խոշոր, բայց միևնույն է՝ արտահանող։ Սա կարևոր նշանակություն ունեցող իրադարձություն կարող է լինել ոչ միայն Իսրայելի, այլ նաև ամբողջ տարածաշրջանի համար, քանի որ լիովին կվերանա Իսրայելի կախվածությունն ադրբեջանական նավթից, ինչպես նաև թուրքական Ջեյհան նավահանգստից։ Վերջինս, ըստ թուրքական պատկերացումների, պետք է դառնա տարածաշրջանային խոշորագույն էներգետիկ հաբը, որի նշանակությունը հիմնականում պայմանավորված է Միջերկրածովյան տարածաշրջանի՝ Կասպիցի շրջանից նավթային կախվածությամբ։ Այդ կախվածությունը «Լևիաֆանի» շնորհիվ կարող է պարզապես վերանալ։

«Լևիաֆանի» մշակումը

Իսրայելի համար, որը չունի համապատասխան միջոցներ հանքավայրի մշակման և արդյունահանման ապահովման համար, կարևոր նշանակություն ունի, թե ումից է ստանալու աջակցություն հանքավայրում համապատասխան ներդրումներ կատարելու համար։ Նավթահանքի մշակման համար ստեղծված կոնսորցիումը բաղկացած է փոքր ընկերություններից, որոնք սուղ միջոցների պատճառով չեն կարող համարժեք ներդրումներ ապահովել։

«Լևիաֆանի» մշակման կոնսորցիումը


Հենց այս պատճառով այսօր ակտիվ քննարկման առարկա է հանդիսանում այն, թե 15 մլրդ կապիտալացում ունեցող Noble Energy ընկերությունն ինչ իրական հնարավորություն ունի «Լևիաֆան» հանքավայրը մշակելու համար։ Ամերիկյան վերլուծաբան Ջիմ Ֆինքի՝ հեղինակավոր Investing Daily պարբերականում հրապարակած կարծիքի համաձայն1՝ ամերիկյան այս ընկերությունը, որը տեղակայված է Տեխասում և դասական անգլոսաքսոնյան ընկերություն է, ստիպված է լինելու դիրքերը զիջել ավելի խոշոր ընկերության, որը կկարողանա համապատասխան գումարներ ներդնել գազի հանքավայրի մշակման և գազի արտահանման համար։

Ակնհայտ է, որ «Լևիաֆանը» նոր ներդրողներ է բերելու տարածաշրջան, որոնք իրենց պոտենցիալով և ազդեցությամբ կարող են լինել աշխարհի խոշորագույն նավթային և գազային ընկերությունները։ Վերջիններս սերտորեն կապված են արևմտյան կառավարությունների հետ, իսկ որոշ ընկերություններում էլ խոշոր չափաբաժիններ ունեն հրեական համայնքի ներկայացուցիչները։ Ընթացող բանակցությունների բնական շարունակություն կարող է լինել ոչ խոշոր Noble Energy-ի կողմից սեփական մասնաբաժնի վաճառքը որևէ խոշոր էներգետիկ վերազգային ընկերության, որը կկարողանա ոչ միայն տեխնիկապես սպասարկել նախագիծը, այլ նաև ապահովել համապատասխան քաղաքական աջակցություն՝ հաշվի առնելով Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը, որն ուղղված է կիպրական «Ափրոդիտեում» և իսրայելական «Լևիաֆանում» սեփական մասնաբաժինը ստանալուն։ Սակայն մինչև թուրքական շահերին անցում կատարելը՝ անդրադառնանք կիպրական «Ափրոդիտե» հանքավայրին, որը, ըստ երկրաբանական չափանիշների, «Լևիաֆանի» բնական շարունակությունն է, որը, սակայն, քաղաքականապես նույնպես կապել է Իսրայելին և Կիպրոսին։

«Ափրոդիտե» հանքավայրը՝ որպես Կիպրոսի տնտեսական անվտանգության երաշխիք

«Ափրոդիտե» հանքավայրը, որն իսրայելական «Լևիաֆանի» շարունակությունն է, բայց գտնվում է Կիպրոսի ծովային տարածքում, հայտնաբերվել է 2011-ին, նույն Noble Energy ընկերության կողմից։ Հանքավայրի ծավալներն ու պաշարները նշանակալից են։ Արդեն իսկ կատարված երկրաբանական հետախուզական աշխատանքները ցույց են տալիս, որ հանքավայրում բնական գազի պաշարները կազմում են 400-600 մլրդ մ3, իսկ նավթի պաշարները կարող են անցնել 300 մլն տոննան։ Եթե հաշվի առնենք, որ «Ափրոդիտեն» և «Լևիաֆանը» նույն հանքավայրի երկու տարբեր հատվածներն են, ապա կարող ենք ասել, որ հանքավայրը վերջին 10 տարիներին հայտնաբերվածներից ամենախոշորն է։

«Ափրոդիտեի» հայտնաբերումից հետո Կիպրոսն, ամենայն հավանականությամբ, կդառնա խոշոր էներգակիրներ արտահանող, հաշվի առնելով առաջին հերթին այն հանգամանքը, որ Կիպրոսի Հանրապետությունը չունի բնական գազի և նավթի սպառման խոշոր շուկա, ինչը պայմանավորված է երկրի տարածքում արդյունաբերական սեկտորի գրեթե ամբողջական բացակայությամբ։

Կիպրոսի համար հայտնաբերված գազի և նավթի պաշարները կարող են հանդիսանալ երկրի անկախության և ինքնիշխանության պահպանման երաշխիք։ Հունաստանում աղետալի տնտեսական ճգնաժամի սկսվելուց հետո ֆինանսատնտեսական իրավիճակը Կիպրոսում վատթարացել է, քանի որ կիպրական տնտեսությունը և ֆինանսական համակարգն անմիջականորեն կապված են Հունաստանի հետ։ Վերջինիս սնանկացումը կարող է հանգեցնել նաև Կիպրոսի սնանկացմանը, ինչի արդյունքում՝ նաև անցած 10 տարիներին ցավալիորեն թափ առած արտագաղթի տեմպերի ուժեղացմանը։ Վերջին հանգամանքը բավական ցավալի իրողություն է Կիպրոսի հունական հանրապետության համար, քանզի հույն բնակչության արտահոսքին զուգահեռ՝ վերջին տարիներին մահմեդական, հիմնականում արաբ միգրանտների ներհոսքը երկիր աճել է, մանավանդ Իրաքի պատերազմից հետո2։ Նոր միգրանտների հոսք Կիպրոսում ակնկալում են նաև Սիրիայից, որտեղ սկսված քաղաքական ճգնաժամը կարող է էլ ավելի խորացնել էթնոդավանական հակասությունները և դեպի Կիպրոս արտահոսքի համար նոր հիմք ստեղծել։

Այս տեսանկյունից կիպրական իշխանությունները նավթային և գազային խոշոր պաշարները կարող են օգտագործել տնտեսական զարգացման ապահովման և հիմնականում հույների արտագաղթը կանգնեցնելու համար։ Հասկանալի է, որ այս ամենը հաշվի առնելով՝ Կիպրոսը պատրաստ է անզիջում պայքար մղել նորահայտ հանքավայրերի նկատմամբ սեփական իրավունքների պաշտպանության համար, անգամ եթե սպառնալիքը գալիս է խոշոր և ազդեցիկ Թուրքիայից։

Թուրքիան և Միջերկրածովյան հանքավայրերը

2010-ից Թուրքիան ակտիվորեն վիճարկում է Կիպրոսի և Իսրայելի իրավունքները Միջերկրականում հայտնաբերված նավթագազային պաշարները տնօրինելու առումով։ Ինչպես վերը բերված քարտեզից է երևում, հայտնաբերված հանքավայրերն այնքան հեռու են թուրքական ափերից, որ առանց որևէ վերլուծության կարելի է պնդել, որ թուրքական հավակնություններն այս հանքավայրերի նկատմամբ անհեթեթ են։ Սակայն Անկարան այլ կարծիք ունի և որդեգրել է այնպիսի քաղաքական գիծ, որը կարող է բարդացնել Իսրայելի և Կիպրոսի հայտնաբերված հանքավայրերի մշակման ու համապատասխան մակակառույցի ստեղծման աշխատանքները։

Թուրքիան վիճարկում է այն հանգամանքը, որ հանքավայրերը գտնվում են այնպիսի ջրային տարածքում, որը բաժանված չէ հարևան պետությունների միջև։ Թեպետ 2010-2011թթ. Իսրայելն ու Կիպրոսը համաձայնեցրին ծովային սահմանազատման սկզբունքները և բուն սահմանազատման մասին համապատասխան պայմանագիր ստորագրեցին, Թուրքիան շարունակում է վիճարկել իսրայելական և կիպրական իրավունքները։

2011-ի հունիսին Թուրքիայի էներգետիկայի նախարար Թ.Յըլդըզը հայտարարեց, որ Կիպրոսի Հանրապետությունը ոչ մի իրավունք չունի բնական գազի արտահանում սկսել՝ առանց պաշարների վերաբաշխման հարցն Անկարայի հետ համաձայնեցնելու։ Իսկ Կիպրոսի թուրքական մասի նախագահ Դերվիշ Էրօղլուն հայտարարությամբ հանդես եկավ, որ Միջերկրականում գտնված գազի պաշարները թեև գտնվում են կղզու հարավային հատվածի հարևանությամբ, դրանք չեն կարող շահագործվել միայն հույների կողմից, քանի որ ունեն ընդհանուր կղզիական նշանակություն3։

2011-ի սեպտեմբերի 8-ին, արդեն իսրայելա-կիպրական սահմանազատման պայմանագրի ստորագրումից հետո, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Al-Jazeera-ին տված հարցազրույցում «Լևիաֆան» նախագծի հետ կապված հայտարարեց, որ «Իսրայելը սկսել է գործել Միջերկրականում այնպես, ինչպես գործում է իրավունքներ ունեցողը։ Իսրայելը նման իրավունքներ չունի»4։ Նույն հարցազրույցի ժամանակ Էրդողանը սպառնաց, որ թուրքական նավատորմը կարող է վերահսկողություն հաստատել Միջերկրականի ցանկացած մասում, որտեղ վիճարկվում են թուրքական շահերը։ Թուրքիայի վարչապետի հայտարարությունը բավական մեծ արձագանք գտավ Իսրայելում, որտեղ այն ընկալվեց որպես թշնամական քայլ և սպառնալիք։ Իսրայելի հետախուզության նախարար Դան Մերիդորը Էրդողանի հայտարարությունն անվանեց «համարձակ և լուրջ»՝ նշելով, որ Իսրայելը պատրաստ է ընդունել ցանկացած մարտահրավեր։

Էրդողանի հայտարարության հետ կապված իր հարցազրույցում Անկարայում Իսրայելի նախկին դեսպան Ալոն Լիելը, որն այսօր իսրայելական ամենահեղինակավոր վերլուծաբաններից է, պարզաբանեց, թե իր համար թուրքական մոտեցման հիմնական պատճառը ոչ թե նավթահանքերն են, այլ իսրայելա-կիպրական համագործակցության ակտիվացումը (որը, ինչպես պարզվեց հետագայում, ունի ոչ միայն տնտեսական, այլև ռազմական բնույթ)։ Ըստ Լիելի, գազի և նավթի հսկայական պաշարներ հայտնաբերելուց հետո Իսրայելը Կիպրոսի տարածքում և տեղի կառավարության հետ համատեղ հսկայական նավահանգիստ է կառուցելու, որը պետք է ապահովի նավթի և գազի արտահանումը դեպի համաշխարհային շուկաներ։ Ըստ Լիելի՝ հենց սա է ամենից շատ անհանգստացնում Թուրքիային, քանի որ նման հսկայական նավահանգիստն անմիջական սպառնալիք է Անկարայի ռազմավարությանը5, որի մասն են կազմում թե՛ Կիպրոսի հունական մասին «խեղդելը» և թե՛ Թուրքիայի՝ գլխավոր նավահանգստային հանգույցի վերածվելը։

Թուրքական սպառնալիքների ֆոնին Իսրայելն առանց որևէ անհանգստության 2011-ի ողջ ավարտը նվիրեց Կիպրոսի և Հունաստանի հետ համագործակցության խորացմանը, որի նպատակն էներգետիկ և այլ ռազմավարական ոլորտներում համագործակցության ծավալումն է։ Նոյեմբերին Աթենք ժամանեց Իսրայելի փոխարտգործնախարար Դանի Այալոնը, որն իր բանակցությունների հիմնական նպատակ ներկայացրեց հետևյալը. «Մենք պատրաստվում ենք խոսել Հունաստանը և Կիպրոսը իսրայելական գազի բաշխման կենտրոնի վերածելու մասին»6։

Կիպրոսի և Հունաստանի հետ հարաբերությունների խորացման քաղաքականությունն Իսրայելը շարունակում է նաև վերջին ամիսներին, մանավանդ 2011-ի դեկտեմբերին թուրքական կողմի ռազմական արկածախնդրությունից հետո։

Իսրայելա-կիպրական ռազմական դաշինք

2011-ի դեկտեմբերի 20-ին թուրքական ռազմական նավատորմը «Ափրոդիտե» և «Լևիաֆան» հանքավայրերի հարևանությամբ անսպասելիորեն ռազմածովային վարժանքներ սկսեց, որոնց ժամանակ տարածքում գործող հորատման հետազոտական գործունեություն ծավալած իսրայելական և կիպրական նավերից պարզ երևում էր, որ թուրքական նավերը փորձարկում են փոքր ստատիկ նավերի (նույնպիսի նավերի, ինչպիսիք էին իսրայելական և կիպրական նավերը) վրա հարձակման սցենարներ։ Սա և՛ Իսրայելի, և՛ Կիպրոսի կողմից դիտվեց որպես ակնհայտ սպառնալիք, ինչին հետևեց Իսրայելի ենթակառուցվածքի նախարար Ու.Լանդաուի հայտարարությունը. «Մենք շարունակելու ենք մեր աշխատանքները և պատրաստ ենք պատասխանել ցանկացած հարձակման»։ Պատահարից 1 օր անց Իսրայելը հայտարարեց, որ չեղյալացնում է Թուրքիայի զինված ուժերին ռազմական ինքնաթիռների համար նախատեսված LOROP համակարգերի մատակարարման մասին $90 միլիոնանոց պայմանագիրը։

Սակայն Իսրայելի իրական ռազմաքաղաքական պատասխանը Թուրքիային երևաց միայն 2012-ին։ Փետրվարին Կիպրոսի նախագահի և Իսրայելի վարչապետի միջև կայացած բանակցությունների ժամանակ առաջին անգամ ամենաբարձր մակարդակով քննարկվեց իսրայելա-կիպրական փաստացի ռազմական դաշինքի ստեղծման հարցը։ Jerusalem Post-ի ռազմական վերլուծաբան Յաակով Կացի կարծիքով՝ փետրվարյան բանակցությունների հիմնական թեման է եղել Կիպրոսի տարածքում Իսրայելի ռազմաօդային բազայի ստեղծումը՝ Միջերկրականի նավթագազային հանքավայրերը պաշտպանելու նպատակով7։ Ռազմաօդային բազան, ամենայն հավանականությամբ, կստեղծվի կղզու հարավարևմտյան մասում գործող «Անդրեաս Պապանդրեու» ռազմաօդային բազայի հիման վրա։ Ինչպես հաղորդում է UPI-ն, կիպրական կողմի համար առանցքային խնդիր է ոչ միայն իսրայելական ռազմաօդային, այլ նաև ռազմածովային բազայի ստեղծումը, ինչը հնարավորություն կտա պաշտպանել Կիպրոսի նավթագազային հանքավայրերը թուրքական հնարավոր հարձակումներից8։ Ներկայումս, ինչպես հաղորդում են տարբեր իսրայելական և հունական ոչ պաշտոնական աղբյուրներ, այդ թվում և DEBKA-ն, Իսրայելն ու Կիպրոսը սկսել են ռազմաքաղաքական դաշինքի ստեղծման մասին համաձայնագրի մշակման աշխատանքները։

Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը քննելիս բավական մեծ ուշադրություն պետք է դարձնել Միացյալ Նահանգների քաղաքականությանը։ Չնայած Վաշինգտոնը հակասությունների սրման պայմաններում կոչ է անում կողմերին բանակցությունների նստել և խաղաղ ճանապարհով լուծել խնդիրները, Միացյալ Նահանգները, այնուամենայնիվ, աջակցություն է հայտնում Իսրայելին և Կիպրոսին։ Ինչպես հայտնում է DEBKA-ն, դեռևս 2011-ի դեկտեմբերի 20-ին, նախքան թուրքական նավատորմի կողմից զորավարժություններ սկսելը, ԱՄՆ պետքարտուղար Հ.Քլինթոնը Կիպրոսի ԱԳ նախարար Է. Կազակու-Մարկուլիսի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Շարունակեք ակտիվորեն մշակել հանքավայրերը և ոչ մի ուշադրություն մի դարձրեք Թուրքիայի և նրա գործողությունների վրա»9։ Ամենայն հավանականությամբ, հենց Հ.Քլինթոնի կողմից հնչեցված աջակցության պատճառով արդեն հաջորդ օրը Կիպրոսի ԱԳ նախարարը Woodrow Wilson-ի կենտրոնում ունեցած ելույթի հիմնական թեզը դարձրեց Թուրքիայի քննադատությունը՝ Անկարան ներկայացնելով որպես տարածաշրջանային հակասությունների խորացման աղբյուր, ինչը, ինչպես իր բլոգում նշել էր հանդիպման մասնակիցներից մեկը, բավական դրականորեն ընկալվեց նախարարին ունկնդրողների կողմից։

Ակնհայտ է, որ Վաշինգտոնը Միջերկրականի ճգնաժամում կանգնել է Իսրայելի և Կիպրոսի կողքին։ Իսրայելի դեպքում ամեն ինչ պարզ է, իսկ Կիպրոսի դեպքում, հավանաբար, 2 հիմնական դրդապատճառներ են ուղղորդում Վաշինգտոնին։ Առաջին՝ զսպել Թուրքիայի աճը և սահմանափակել վերջինիս ուժեղացումը տարածաշրջանում։ Եվ երկրորդ՝ հաշվի առնելով, որ Noble Energy-ն կզիջի իր չափաբաժիններն ավելի խոշոր ընկերություններին, ապահովել, որ այդ ընկերությունները լինեն ամերիկյան, այլ ոչ թե ռուսական։ Մանավանդ որ Մոսկվան Նիկոսիայի հետ խոր համագործակցության փորձ ունի։

Ինչևէ, ակնհայտ է, որ հակասություններն այս տարածաշրջանում խորանալու են, ինչին կնպաստի նաև ընդհանուր անկայունությունը Մերձավոր Արևելքում։ Առաջիկա տարիներին սպասվում են նոր զարգացումներ, որոնք կարող են բերել թե՛ էներգետիկ և ռազմաքաղաքական հակասությունների սրման, թե՛ նոր ռազմաքաղաքական դաշինքների ձևավորման։

1Jim Fink - Israel’s Huge Natural Gas Discovery. Investing Daily // 21 January, 2011.

2Fatima El-Issawi and Myria Georgiou - Media use at the crossroads: Nicosia // Journalism 2010 #11: P. 758-763.

3Hürriyet Daily News | 9/6/2011.

4Simon Henderson, Turkey’s Threat to Israel’s New Gas Riches, Washington Institute, September 14, 2011.

5Ethnan Bronner, Threat by Turkish Premier Raises Tensions With Israel// New York Tomes, September 9.

6Israel ups gas field guard, plans exports // UPI, November 23, 2011.

7Israel seeks Cyprus base to guard gas fields// Jerusalem Post, February 9, 2012.

8Israel tightens Med defense links over gas // UPI, January 11, 2012.

9Turkish warships shell narrow water between Israeli and Cypriot gas fields // DEBKAfiles, 25 December, 2011.


«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 4, 2012

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր