
ՀԱՊԿ ԵՎ ՇՀԿ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ
2008-2011թթ. Կովկասյան, Կենտրոնաասիական, Մերձավորարևելյան և Միջերկրածովյան տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման միտումները և դինամիկան, որի առավել նշանակալի բաղադրիչներն են դարձել՝
- պատերազմը Հարավային Օսիայում և Աբխազիայում (2008թ.),
- «կակաչների հեղափոխությունը» Ղրղզստանում (2010թ.),
- «արաբական հեղափոխությունների» ալիքը (2011թ.)
- Իրանի միջուկային ծրագրի շուրջ աստիճանաբար, բայց կայուն աճող լարվածությունը,
հարկադրում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) և Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ)՝ իրենց գործունեության մեջ էլ ավելի շատ հաշվի առնել նոր ռազմական, քաղաքական, տնտեսական և հումանիտար ռիսկերը, ինչպես նաև օպերատիվ կերպով հարմարեցնել իրենց կազմակերպչա-կառավարչական կառույցները՝ իրենց պատասխանատվության գոտում և, առաջին հերթին, Կովկասյան ու Կենտրոնաասիական տարածաշրջաններում կայունության և անվտանգության սպառնալիքներին համարժեք արձագանքելու համար։
Սակայն այս երկու կազմակերպությունների մասնակիցների ոչ նույն կազմը, գործունեության հայտարարված գերակայությունների տարբերությունները նշանակում են, որ այդ իրադարձություններին տրված նրանց գնահատականներում, այդ իրադարձություններին արձագանքելու ձևերում և մեթոդներում առկա են որոշակի, երբեմն՝ խիստ էական նրբություններ։
Դա դրսևորվեց, մասնավորապես, Ռուսաստանին Հարավային Օսիայի և Աբխազիայի պատերազմում ՀԱՊԿ պաշտոնական կառույցների կողմից ցուցաբերված ավելի միանշանակ, թեև ոչ ամբողջական աջակցությամբ, քան այդ իրադարձություններին Շանհայի համագործակցության կազմակերպության բավական զուսպ պաշտոնական արձագանքն էր։ Այսպես, Դուշանբեի հռչակագրի 3-րդ կետում ՇՀԿ անդամ պետություններն ընդամենը «խոր մտահոգություն են հայտնում հարավօսական հարցի շուրջ վերջերս ծագած լարվածության առիթով և կոչ են անում համապատասխան կողմերին երկխոսության միջոցով ու խաղաղ ճանապարհով լուծել առկա խնդիրները, հաշտությանն ու բանակցություններին աջակցելուն ուղղված ջանքեր գործադրել։ ՇՀԿ անդամ պետությունները ողջունում են 2008թ. օգոստոսի 12-ին Մոսկվայում Հարավային Օսիայի հակամարտության կարգավորման վերաբերյալ հավանության արժանացած վեց սկզբունքները և սատարում են Ռուսաստանի ակտիվ դերակատարությանն այդ տարածաշրջանում խաղաղության և համագործակցության աջակցման գործում»1։
Պաշտոնական հայտարարության այս զսպվածությունը և դրանից բխող ձևակերպումները պայմանավորված են ոչ այնքան գագաթաժողովի անցկացման վայրով (այդ կազմակերպությունների երկու գագաթաժողովները տեղի են ունեցել մեկ շաբաթ տարբերությամբ. ՇՀԿ գագաթաժողովը՝ 2008թ. օգոստոսի 28-ին Դուշանբեում, ՀԱՊԿ գագաթաժողովը՝ սեպտեմբերի 5-ին Մոսկվայում), որքան նրանով, որ՝
- չնայած ՀԱՊԿ չորս անդամ պետությունները (Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան և Ուզբեկստան) միաժամանակ հանդիսանում են նաև ՇՀԿ անդամներ, այստեղ, ի տարբերություն ՀԱՊԿ-ի, Ռուսաստանն ակնհայտ ու միանձնյա առաջնորդություն չունի,
- ռուս-վրացական հարաբերությունների ճգնաժամն ինքնին չի շոշափել այդ կազմակերպությունների անդամների մեծ մասի կարևոր շահերը, բացի բուն Ռուսաստանից,
- Չինաստանը, ինչպես և Վրաստանը Հարավային Օսիայի և Աբխազիայի հարցում, նման խնդիրներ ունի Տիբեթում և Սինցզյան-Ույղուրական Ինքնավար շրջանում (ՍՈւԻՇ),
- ՀԱՊԿ-ն՝ որպես ռազմաքաղաքական կազմակերպություն, ավելի շատ է հակված լուծելու այսպես կոչված «կոշտ» անվտանգության խնդիրները, քան ՇՀԿ-ն, որն իր գործունեության մեջ նախապատվությունը տալիս է տնտեսական համագործակցությանը։
Ուստի, անգամ նման զուսպ սատարումը, որն արտահայտվեց Մոսկվայում, ՇՀԿ պաշտոնական փաստաթղթում, հավանաբար, ստեղծված իրավիճակում առավել հնարավորն էր։
Ընդհանուր առմամբ, հարկ է նշել այն փաստը, որ ռուս-վրացական հարաբերությունների ճգնաժամն էապես չի ազդել (իր տեղայնության և ռազմական փուլի կարճատևության պատճառով) ՀԱՊԿ կամ ՇՀԿ անդամ պետությունների ռազմավարական շահերի վրա։ Ինչը չի կարելի ասել 2010-12թթ. ճգնաժամերի շարանի մասին, որոնք ռազմաքաղաքական, տնտեսական ու հումանիտար բնույթի շատ ավելի մեծ պոտենցիալ են պարունակում։
Չինաստանը, հետևողականորեն և համառորեն ներդրվելով Կենտրոնական Ասիայի շուկաներում, գործնականում միայն 2009-10թթ. ավարտեց այս տարածաշրջանից գազա- և նավթատարների ենթակառուցվածքի անցկացումը2, որոնք կոչված են ոչ միայն ինչ-որ չափով բավարարելու իր բուռն զարգացող տնտեսության անընդհատ աճող պահանջմունքները, այլև դիվերսիֆիկացնելու էներգետիկ ներմուծման աշխարհագրությունը (վերջին տարիներին Մերձավոր Արևելքի նավթարդյունահանական շրջաններում աճած ռազմաքաղաքական ռիսկերը նվազեցնելու համար)։ Տնտեսական բնույթի ռիսկերը՝ կապված, առաջին հերթին, այս տարածաշրջանից դեպի Եվրոպա էներգակիրների մատակարարումների այլընտրանքի հետ, թեև լիովին չեն վերացել, բայց էականորեն նվազել են, ինչը պայմանավորված էր.
- դեպի Չինաստան տանող խողովակաշարերի շարք մտնելով,
- նավթի և գազի մատակարարման վերաբերյալ նոր պայմանագրերի ստորագրմամբ և հների ժամկետի երկարացմամբ, այժմ արդեն կողմերի ստանձնած պարտավորությունների իրավաբանորեն խիստ պարտադիր կատարմամբ,
- Պեկինի և Մոսկվայի՝ տրանսկասպյան խողովակաշարերի կառուցումը թույլ չտալու վերաբերյալ շահերի երկարաժամկետ համընկնմամբ։ Դրանով իսկ Ադրբեջանի կողմից կենտրոնաասիական նավթի ու գազի (որոնց զգալի մասը կուղղվեր իրենց ուժային կառույցների լրացուցիչ զինմանը) տարանցումից ստացվող հավելյալ եկամուտների հեռանկարն էլ ավելի երևութական է դառնում,
- Չինաստանի և Ռուսաստանի շահերի իրավիճակային համընկնմամբ՝ Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա գազի մատակարարումների ծավալների աճը թույլ չտալու հետ կապված։
Ըստ էության, տնտեսական բնույթի այս հիմնախնդիրները Չինաստանն ինքն էլ կարող էր լուծել՝ գործելով բացառապես տնտեսական մեթոդներով։
Բայց լուծելով (թեև մասնակիորեն) տնտեսական խնդիրը՝ Պեկինն ավելի զգայուն է դարձել այն գործընթացների հանդեպ, որոնք կարող են ազդել Կենտրոնական Ասիայից նավթ և գազ մատակարարող և տարանցող անդամ պետությունների իրավիճակի կայունության վրա։
Այս նոր ռիսկերն էլ (արդեն ռազմաքաղաքական բնույթի) պահանջում են ավելի կոշտ արձագանքում՝ ուժային, մասամբ էլ՝ ռազմական պարտադիր բաղադրիչով։
Անշուշտ, Պեկինն ի վիճակի է բացառել կամ նվազեցնել դրանց մեծամասնության ներգործության աստիճանը՝ միակողմանիորեն օգտագործելով իր սեփական ռեսուրսները, ուժերն ու միջոցները, բայց ստեղծված իրավիճակում նա հիմնախնդրի լուծման էլ ավելի լավ լուծում ունի՝ ի շահ իրեն օգտագործել ՀԱՊԿ ունեցած հնարավորությունները։
Դա թույլ կտա Պեկինին պահպանել «փափուկ» ուժի քաղաքականության կողմնակցի իր իմիջը, իսկ ՇՀԿ-ի համար՝ գերազանցապես տնտեսական կազմակերպության կարգավիճակը։ Մոսկվային՝ որպես ՀԱՊԿ առաջնորդի, թույլ կտա փոքր-ինչ ամրապնդել դիրքերը Պեկինի հետ Շանհայի կազմակերպության առաջնորդը լինելու ոչ պարզ մրցակցությունում։
Այս սցենարն ավելի քան կենսունակ է, քանի որ Կովկասյան և Կենտրոնաասիական տարածաշրջաններում Մոսկվայի և Պեկինի առջև կանգնած ռազմաքաղաքական բնույթի առկա կամ հեռանկարային մարտահրավերների համեմատությունը վկայում է այն մասին, որ դրանք գրեթե համընկնում են։ Տարբերություններ կան միայն երկու պետությունների համար դրանց նշանակալիության աստիճանի և դրանց հաղթահարման հերթականության գերակայություններում։
Մեր կարծիքով՝ դրանցից հիմնականներն են.
- ծայրահեղական և ահաբեկչական խմբավորումների գործունեության ակտիվացումը ՌԴ Հյուսիսային Կովկասում՝ միջազգային իսլամիստական ահաբեկչական կազմակերպությունների կողմից գաղափարախոսական, նյութատեխնիկական և ֆինանսական աջակցության ցուցաբերման պարագայում,
- լիամասշտաբ մարտական գործողությունների վերսկսումը Ղարաբաղյան հակամարտության գոտում,
- լարվածության կտրուկ սրացումը և ռազմական գործողության իրականացումը Իրանի Իսլամական Հանրապետության դեմ։ Հարավկովկասյան տարածաշրջանի համար ակնհայտ բացասական հետևանքներից բացի, դա խիստ զգալի հարված կհասցնի նաև ՉԺՀ տնտեսությանը. Իրանը չինական շուկա նավթ մատակարարող նշանակությամբ երրորդ երկիրն է,
- ջիհադական տրամադրությունների տարածումը Կենտրոնական Ասիայի պետություններում. որպես առավել հավանական սցենար՝ հնարավոր է տարածաշրջանի կամ նրա մի մասի թալիբանացում, որի հեռանկարներն ավելի իրական կդառնան կոալիցիայի զորքերի՝ 2014թ. նախատեսված դուրսբերումից հետո,
- Աֆղանստանից և Կենտրոնական Ասիայից թմրանյութերի տեղափոխման ծավալների պահպանումը և անգամ ավելացումը,
- թուրքամետ տրամադրությունների ուժեղացումը էթնիկ թյուրքերով բնակեցված շրջաններում (ինչպես ՌԴ տարածքում, Կենտրոնական Ասիայի պետություններում, այնպես էլ ՉԺՀ ՍՈւԻՇ-ում),
- «արաբական հեղափոխությունների» տարածումը՝ իսլամամետ և իսլամիստական շարժումների ակտիվացման տեսքով, ՌԴ որոշ շրջաններում, Հարավային Կովկասի տարածաշրջանում (հիմնականում Ադրբեջանում, ինչպես նաև Վրաստանի ադրբեջանաբնակ շրջաններում), Կենտրոնական Ասիայի պետություններում, ինչպես նաև Չինաստանում,
- տարածաշրջանի բոլոր երկրների անվտանգությանն սպառնացող տեղեկատվական բնույթի սպառնալիքներ՝ սերտորեն կապված ամենատարբեր ռազմաքաղաքական մարտահրավերների հետ։
Այս բոլոր սպառնալիքներն առնչվում են նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման խնդրին, ընդ որում՝ դրանց մեծ մասն առնչվում է ամենաանմիջական ձևով։ Ռազմաքաղաքական բնույթի այս բոլոր առկա և պոտենցիալ սպառնալիքների համարժեք արձագանքում ՀԱՊԿ-ն արդեն իրականացնում է՝ չսպասելով և իր գործողություններն առանձնապես չհամաձայնեցնելով ՇՀԿ-ի հետ։ Թեև մի ամբողջ շարք ծրագրերի շուրջ, որոնք հատկապես վերաբերում են այսպես կոչված «երեք չարիքների»՝ ահաբեկչության, կրոնական ծայրահեղականության և անջատողականության դեմ պայքարին, ՀԱՊԿ-ը և ՇՀԿ-ն տարեցտարի էլ ավելի սերտորեն են կոորդինացնում իրենց գործունեությունը։
Ներկայումս ՀԱՊԿ-ն ավելի օպերատիվորեն է կատարելագործում իր նորմատիվային բազան, կառավարման ու օպերատիվ արձագանքման կառույցները՝ լուծելու համար ռազմաքաղաքական, բնածին-տեխնածին և հումանիտար բնույթի արդի սպառնալիքներին համարժեք արձագանքելու խնդիրը։ 1992թ. Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման պահից ի վեր կազմակերպության անդամ պետությունները հավաքական ռազմական անվտանգության ապահովման գաղափարն իրականացրել են միջազգային տարածաշրջանային կազմակերպության ստեղծմամբ, որի նպատակն է արդի ամեն տեսակ սպառնալիքների (ինչպես սիմետրիկ, այնպես էլ ասիմետրիկ բնույթի) կասեցումը։
Կայունության ու անվտանգության արդի սպառնալիքներին ադապտացվելու առավել բարձր դինամիկա ՀԱՊԿ-ը դրսևորել է 2010-11թթ.։
- 2010թ. գարնան ողբերգական իրադարձությունները, որոնք հետևեցին «կակաչների հեղափոխությանը» Ղրղզստանում, ցույց տվեցին, որ ՀԱՊԿ-ը փաստորեն չունի այնպիսի մեխանիզմ, որը թույլ կտար կազմակերպությանն օպերատիվորեն արձագանքել նման ճգնաժամային իրավիճակներին3։
- ՀԱՊԿ 2011թ. դեկտեմբերյան գագաթաժողովում ընդունվեց սկզբունքորեն կարևոր որոշում՝ առանց ընդհանուր համաձայնության իրենց տարածքներում չտեղակայել երրորդ երկրների ռազմակայաններ4։
Թեև բոլորի կողմից ընդունված «ռազմակայան» հասկացության սահմանման բացակայությունը փաստաթուղթն ստորագրողներին հնարավորություն էր ընձեռում տարբեր կերպ իդենտիֆիկացնել ռազմական օբյեկտները, օրինակ՝ երկակի կամ լոգիստիկ նշանակության, ուսումնական կամ հումանիտար բնույթի և այլն։
- 2011թ. դեկտեմբերին ՀԱՊԿ անդամ պետությունների նախագահները ստորագրեցին Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈւ)՝ սպառազինության և ռազմատեխնիկայի արդի նմուշներով սպառազինման նպատակային ծրագիր՝ երեք տարում իրականացնելու համար՝ սկսած 2012 թվականից5։ Այս առնչությամբ անհրաժեշտ է նշել, որ ներկայումս Հայաստանում իրագործվում է պիլոտային ծրագիր Հայաստանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ն.Բորդյուժայի խոսքերով՝ «արդեն համաձայնեցվել են չորս նախագծեր Երևանում սպասարկման կենտրոնների ստեղծման գծով, որոնք կսպասարկեն Հայաստանի ԶՈւ տեխնիկան»6։
- Անվտանգության նոր մարտահրավերներին ադապտացվելու համատեքստում ՀԱՊԿ-ը մշտական փոփոխություն և լրացում է կատարում Հավաքական ուժերի ռեեստրում։ Քանի որ ՕԱՀՈւ-ի առջև կանգնած են նաև թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հետ կապված խնդիրներ, հավաքական այդ ուժերի կազմում հիմա կներառվեն նաև թմրասպառնալիքի դեմ պայքարի ստորաբաժանումներ։
- Սկսվել է անդամ պետությունների ազգային անվտանգության սպառնալիքներին (բռնի ճանապարհով սահմանադրական կարգը փոխելու փորձերին) արձագանքումը կանոնակարգող փաստաթղթերի համաձայնեցման աշխատանքը։
«Արաբական հեղափոխությունների» ընթացքում որոշակի տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման փորձը հաշվի առնելով՝ կայացվել է համապատասխան որոշում տեղեկատվական անվտանգության ապահովման վերաբերյալ։
- 2011թ. ՀԱՊԿ մի շարք անդամ պետություններ վավերացրին ՀԱՊԿ կանոնակարգում փոփոխություններ մտցնելու արձանագրություն7 միայն կոնսենսուսի հասնելու դեպքում որոշում ընդունելու սկզբունքը վերացնելու վերաբերյալ։ Այդ պահից սկսած, եթե որևէ մասնակից դեմ է այս կամ այն որոշմանը կամ ձեռնպահ է մնում, ապա ընդամենն ազատվում է դրա հետևանքների համար պատասխանատվությունից8։
Այս նորամուծությունը ՀԱՊԿ-ն ավելի ճկուն է դարձնում անդամ պետությունների անվտանգության ապահովման հարցերում և անմիջականորեն վերաբերում է Հայաստանին։
Մինչև այս փոփոխության ընդունումը, ՀԱՊԿ-ին (որտեղ, Հայաստանից բացի, մտնում են նաև Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը) ՀՀ անդամության գործոնը գործնականում հանգում էր միայն ռուսական արտադրության սպառազինության և ռազմատեխնիկայի ձեռքբերման հնարավորությանը՝ արտոնյալ, ներռուսաստանյան գներով, և պայմանագրի թիվ 4 հոդվածի9 որևէ գործադրման մասին խոսք չկար։
Այստեղ կարևոր էր անգամ ոչ այնքան Հայաստանի տարածքում տեղակայված, առաջին հերթին, ՌԴ ԶՈւ հիպոթետիկորեն հնարավոր ներգրավման փաստը մարտական գործողություններին, որքան Մոսկվայի համար անցանկալի ՀԱՊԿ քաղաքական ճգնաժամի առաջացումը, երբ կազմակերպության այլ անդամ պետությունները, ամենայն հավանականությամբ, կգրավեին (հիմնականում տնտեսական՝ նավթագազային և դավանաբանական պատճառներով) չեզոք դիրք Ադրբեջանի և Հայաստանի ռազմական հակամարտության առումով։ Իսկ հիմա ՀԱՊԿ եթե ոչ բոլոր, ապա որոշ պատասխանատու անդամների գործուն և մասշտաբային ու ժամանակին օգնության ցուցաբերումը, մյուսների չեզոքության պայմաններում, ավելի իրական է թվում։
Թեև ՀԱՊԿ-ը, կազմակերպության գլխավոր քարտուղար Ն.Բորդյուժայի խոսքերով, մտադիր չէ միջամտել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, քանի որ նրա լուծման մեխանիզմները գործադրված են միջազգային մեկ այլ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, բայց միևնույն ժամանակ. «Մենք մշտադիտարկում ենք իրավիճակը, մենք հետևում ենք դրան՝ հասկանալով, որ Հայաստանը մեր դաշնակիցն է»։ Եվ հակամարտության սրման ու նրա կողմերի միջև ճգնաժամային իրավիճակի առաջացման պարագայում «մենք ունենք պոտենցիալ՝ կապված ուժերի կամ հակազդեցության օպերատիվ ստորաբաժանումների կիրառման հետ։ Բայց այսօր ասել, թե ինչ ձևով կցուցաբերվի օգնությունը՝ ես չեմ կարող, քանի որ դա պետք է ասել՝ ելնելով կոնկրետ իրավիճակից։ Բայց ես նորից եմ կրկնում, Հայաստանը կստանա անհրաժեշտ ողջ օգնությունը՝ որպես ՀԱՊԿ լիիրավ անդամ»10։
Ղարաբաղյան հակամարտության գոտում ու Հարավկովկասյան ողջ տարածաշրջանում իրավիճակի հնարավոր սրումը թույլ չտալու և հնարավոր մարտահրավերներին օպերատիվորեն և համատեղ արձագանքելու կոորդինացմանն ու կոնկրետ միջոցառումների մշակմանն են (շփման գծում մարտական գործողությունների վերսկսման և/կամ Իսրայելի կողմից միակողմանիորեն Իրանին հարվածելու դեպքում) հիմնականում նվիրված ՀԱՊԿ ՕԱՀՈւ «Փոխգործակցություն-2012» լայնամասշտաբ զորավարժությունները, որոնք կանցկացվեն Հայաստանի տարածքում ս.թ. սեպտեմբերի 5-8-ը։ Զորավարժությունների նախապատրաստման և անցկացման ընդհանուր ղեկավարությունն իրականացնելու է Հայաստանի պաշտպանության նախարարը։
Ընդհանուր առմամբ, կարելի է փաստել, որ ինչպես ՀԱՊԿ, այնպես էլ ՇՀԿ երկարաժամկետ քաղաքականությունը Հարավկովկասյան տարածաշրջանում օբյեկտիվորեն համընկնում է Հայաստանի Հանրապետության շահերի հետ, իսկ Մոսկվայի և Պեկինի միջև ոչհակամարտային մրցակցությունը ՇՀԿ առաջնորդության համար, առնվազն արդի փուլում, խոչընդոտ չի հանդիսանում այս երկու կազմակերպությունների պոտենցիալների կառուցողական փոխլրացման համար՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության հասնելու գործում։
1 Душанбинская декларация глав государств-членов Шанхайской организации сотрудничества, 29 августа 2008г., http://russian.people.com.cn/31519/6489025.html
2 2009թ. տեղի ունեցան Թուրքմենստան-Չինաստան գազամուղի, իսկ 2010թ.՝ Ղազախստան-Չինաստան նավթատարի բացման պաշտոնական արարողությունները։
3 ОДКБ: комплексный взгляд на безопасность. Интервью с Семериковым В.А., заместителем Генерального секретаря Организации Договора о коллективной безопасности (ОДКБ), http://www.dkb.gov.ru/d/bza.htm
4 http://www.regnum.ru/news/1484812.html, 28 декабря 2011 г.
5 ОДКБ: комплексный взгляд на безопасность. Интервью с Семериковым В.А., заместителем Генерального секретаря Организации Договора о коллективной безопасности (ОДКБ), http://www.dkb.gov.ru/d/bza.htm
6 http://www.regnum.ru/news/1501577.html, 21.02.2012
7 Հայաստանի խորհրդարանն այն վավերացրել է 2011թ. հոկտեմբերի 25-ին։
8 http://www.regnum.ru/news/1459434.html, 25.10.2011
9 Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն՝ «Եթե մասնակից պետություններից մեկն ագրեսիայի ենթարկվի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա դա կդիտարկվի որպես ագրեսիա սույն պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ։ Մասնակից պետություններից ցանկացածի դեմ ագրեսիայի գործողության կատարման դեպքում մնացած բոլոր մասնակից պետությունները նրան կտրամադրեն անհրաժեշտ, ներառյալ՝ ռազմական օգնություն, ինչպես նաև աջակցություն կցուցաբերեն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով՝ հավաքական պաշտպանության իրավունքի իրականացման կարգով, ՄԱԿ Կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան...»։
10 Газета «Голос Армении», 25 февраля 2012г., http://www.golosarmenii.am/ru/20232/home/16924/
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԻՐԱՆ. ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՇՐՋԱՆՑԵԼՈՒ ՓՈՐՁ[30.06.2015]
- ՎՈՒԱՄ-Ը ՎԵՐԱԾՆՎՈ՞ՒՄ Է[01.09.2014]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԻԼՆՅՈՒՍԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՑ ՀԵՏՈ. «ՀԱՆՈՒՆ ՍՐՏԵՐԻ ԵՎ ՄՏՔԵՐԻ» ՊԱՅՔԱՐԸ ՆՈՐ Է ՍԿՍՎՈՒՄ[20.03.2014]
- ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ 2013Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐ-ՆՈՅԵՄԲԵՐԻՆ[22.12.2013]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀՀ ԵՎ ԼՂՀ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐ[17.09.2013]
- ԹՈՒՐՔԻԱ. ԱՇԽԱՐՀԻԿ ԿԱՐԳԻ ՀՈԳԵՎԱՐՔ[31.07.2013]
- ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՏԵԳՐԱՑԻՈՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՂՐՂԶՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՕՐԻՆԱԿՈՎ (ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ԵՎ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ)[03.06.2013]
- ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ. ԱՆՈՒՂՂԱԿԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՈՒԺԵՂԱՑՈՒՄ[25.02.2013]
- ՎՐԱՍՏԱՆ. ՄԱՆԵՎՐԵԼՈՒ ՓՈՐՁ ՆԵՂ ԿԱԾԱՆՈՒՄ[14.01.2013]
- ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՐՈՇ ԱՍՊԵԿՏՆԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[02.08.2012]
- «ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ»,- «ԳԱ»-ի հետ հարցազրույցում ասում է «Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի փոխղեկավար Սերգեյ ՍԱՐԳՍՅԱՆԸ[25.07.2012]