• am
  • ru
  • en
Версия для печати
04.04.2012

ՄՈՒՐՃԻ ԵՎ ԶՆԴԱՆԻ ՄԻՋԵՎ. ՀԱՅԵՐԸ ՍԻՐԻԱՅՈՒՄ

English

   

Նանոր Բարսումյան
Armenian Weekly շաբաթաթերթի խմբագրի օգնական, Հալեպ, Սիրիա

Երկու ռումբերի պայթյուններ, որոնք տեղադրված էին ավտոմեքենաներում, տեղի ունեցան փետրվարի 10-ին Հալեպում, ռազմական և անվտանգության ուժերի կենտրոնատեղիի մոտ և խլեցին 28 հոգու կյանք, որոնց մեջ էր ժամկետային զինծառայող Վիգեն Հայրապետյանը։ Այս պայթյունը դարձավ բռնության խիստ ծայրահեղ դրսևորում, որը պարուրել էր երկիրը 2011թ. մարտից սկսյալ, երբ սկսեցին հուզումներն ընդդեմ նախագահ Բաշար ալ Ասադի։ Հայրապետյանի մահը ցնցեց Սիրիայի հայ համայնքը, որը մինչ այդ պաշտոնապես չեզոք էր մնում, չնայած ոչ պաշտոնապես շատերն աջակցում էին Ասադի կառավարությանը։ Ինչպես ցույց տվեցին վերջին պայթյունները, բռնությունն ավելի է մոտենում այնպիսի հիմնական քաղաքների, ինչպիսիք են Հալեպը և Դամասկոսը, որոնք հազարավոր հայերի տունն են հանդիսանում։

Սիրիայի հայերը կուզենային լավատես լինել իրենց համայնքի ապագայի հարցում։ «Մենք ամեն անգամ լսում ենք պայթյուններ կամ տանկային հրանոթների ձայները, բայց մենք անվտանգության մեջ ենք, համենայնդեպս՝ առայժմ»,- ասում է համայնքի ներկայացուցիչներից մեկը։

Հայկական համայնքը հոգնել է անորոշ ապագայից։ «Հայերին նոր փուլ է սպասվում։ Նրանք, ինչպես նաև երկրի այլ փոքրամասնությունները, խոցելի են և վախենում են Սիրիայի անվտանգության կառույցների փլուզումից»,- ասում է Դամասկոսի համալսարանի պատմության դասախոս Նորա Արիսյանը։

Հայր Գարեգին Բեդուրյանը, որը ճանապարհորդել է Սիրիայով 2011թ. նոյեմբերին, ականատես է եղել, թե ինպես են մարդիկ անընդհատ սպասում ինչ-որ բանի և ընդհանուր վախի մթնոլորտ է տիրում։ «Մենք չենք կարող քաղաքից քաղաք ճանապարհորդել՝ առանց մտածելու մեր անվտանգության մասին։ Ապստամբներն ամենուրեք են։ Նրանք հետապնդում են նույնիսկ նրանց, ովքեր չեն միանում իրենց և չեն մասնակցում բողոքի ակցիաներին»,- ասում է նա։

Բեդուրյանի նկարագրած վտանգի մթնոլորտը հայերի համար զգացվեց Հայրապետյանի մահվանից մեկ շաբաթ առաջ, երբ մեկ այլ հայ երիտասարդ՝ Գևորգ Չուբուկչյանը, առևանգվեց Հալեպում։ Առևանգիչները մեծ գումար պահանջեցին նրան բաց թողնելու համար։

Ամենայն հավանականությամբ, Չուբուկչյանն «առևանգվել է ոչ թե ազգային պատկանելության, այլ ունևոր լինելու պատճառով»,- ասում է մի հալեպահայ (այսուհետ՝ Տ.Ն.)։ Նրա խոսքով՝ մեղքը չի կարելի բարդել միայն ընդդիմության ուսերին, քանի որ Սիրիայի կառավարությունն ամբողջովին պատասխանատու է երկրի անվտանգության համար։ «Կառավարությունը ոչ միայն չի անում իր գործը, այլ նաև սպանում է քաղաքացիական անձանց»։ Նա նաև մեղադրում է իշխանություններին «քաղաքական բանտարկյալներին ընդհանուր համաներում» շնորհելու պատրվակով հանցագործներին ազատելու մեջ։

Միևնույն ժամանակ, հայր Բեդուրյանը, մեղքն ամբողջովին դնում է ընդդիմության ուսերին։ Նրա խոսքով՝ ապստամբները չեն հասկանում ազատության և հայրենասիրության իսկական իմաստը և փոխարենը նախընտրում են խամաճիկ լինել արտասահմանյան կառավարությունների ձեռքին և զենք բարձրացնել իրենց համաքաղաքացիների դեմ։

Չեզոք դիրքորոշում

Չնայած մեծ լարվածությանը և բռնության խորացմանը՝ Սիրիայի հայ համայնքն աշխատում է չեզոք դիրքորոշում պահպանել։ Այն զերծ մնաց պաշտոնապես և հրապարակայնորեն դիրքորոշում հայտնելուց, չնայած համայնքի անդամները շարունակաբար ցանկություն են հայտնում սատարելու իշխանություններին՝ հանուն խաղաղության և կայունության, անկախ այն բանից, թե ով է իշխանությունում, ասում է Տ.Ն.-ն։

Պատմաբան Արա Սանջյանի կարծիքով՝ Սիրիայի հայությունը ոչինչ չի կարող անել այս ներքին կոնֆլիկտում։ «Նրանք ուղղակի պետք է իրենց գլխի ճարը տեսնեն և հուսան, որ կայծակն իրենց շատ ուժեղ չի հարվածի»։

«Համայնքը չի հավատում որևէ այլընտրանքի և այդ պատճառով աջակցում է իշխող վարչակարգին, հատկապես աչքի առջև ունենալով Իրաքի օրինակը։ Սադամն անողոք բռնապետ էր, բայց նա կարողանում էր բռի մեջ պահել որոշ տարրերի, հատկապես՝ կրոնական ծայրահեղականների։ Այժմ նրանց ազատություն է տրված, և ամենուրեք բռնություն է տիրում»,- ասում է Սանջյանը՝ հավելելով, որ արդյունքում Իրաքի քրիստոնյա բնակչության մեծ մասը փախուստի դիմեց և, ամենայն հավանականությամբ, այլևս երբեք չի վերադառնա։

Սանջյանի կարծիքով՝ այն, ինչ կատարվեց Իրաքի քրիստոնյաների հետ, ձեռնտու է Ասադին, քանի որ սիրիացիները տեսան, թե ինչ կատարվեց հետսադամյան Իրաքում։ «Նրանք նախընտրում են հարմարվել գործող վարչակարգին և վայելել սոցիալական ազատությունները, այլ ոչ թե վերածվել ևս մի Իրաքի։ Այդ ազատությունները կարող են հենց վաղն էլ անհետանալ, եթե իշխանության գան «Մուսուլման եղբայրները» կամ այլ ծայրահեղ սուննի խմբավորումներ»։

Փաստորեն, ըստ Տ.Ն.-ի, որոշ սիրիահայեր իրենց աջակցությունն են հայտնել Ասադին՝ մասնակցելով կառավարամետ ցույցերին, ոմանք էլ աշխատում են սիրիական հետախուզության համար և զեկուցում հայերի գործողությունների մասին։

Եթե հայկական համայնքը Սիրիայում շեղվի այդ գծից և աջակցի ընդդիմությանը, կարող է կոշտ հակադարձի արժանանալ. այլախոհները կանվանվեն «դավաճաններ» և «վհուկների որսի» զոհ կդառնան»,– ասում է նա։

Տ.Ն.-ն հավատացած է, որ ամենաճիշտը չեզոքություն պահպանելն է։ «Ցանկացած սխալ քայլ կարող է մարդկային զոհերի հանգեցնել հիմա կամ ապագայում»։

Հեղափոխությո՞ւն, թե՞ բարեփոխումներ

Արիսյանի կարծիքով՝ ապստամբությունների պատճառ են դարձել կոռուպցիան և տնտեսական դժվարությունները, որոնք իրենց ազդեցությունն են թողել սիրիական հասարակության մի մասի վրա։ Ասադը արձագանքեց դժգոհությունների սկզբնական փուլին՝ ընդունելով նոր օրենքներ և ստեղծելով հատուկ կոմիտե, որը պետք է զբաղվեր Սիրիայի Սահմանադրության փոփոխությամբ։ «Այդ բարեփոխումները պետք է Սիրիան վերածեին բազմակուսակցական պետության»,- ասում է նա։

Ի տարբերություն Արիսյանի, Սանջյանն ավելի թերահավատորեն էր տրամադրված Սիրիայում որևէ բարեփոխման արմատավորման հետ կապված։ Չնայած, նրա կարծիքով, Ասադի վարչակարգն ավելի վստահելի է երկրի բնակիչների սոցիալական ազատությունների ապահովման գործում, քան այն վարչակարգը, որը կարող է հաջորդել նրան. ամենայն հավանականությամբ, դա կլինի ծայրահեղ սուննիական։ Նա նույնպես դժգոհ է կառավարության կողմից բարեփոխումների կատարման ընթացքից։ «Ամեն դեպքում, ես չեմ հավատում առաջարկված բարեփոխումներին, քանի որ դրանք իրականացնելու համար ոչ մի գործնական քայլ չի արվել և նույնիսկ բաց համազգային քննարկում չի անցկացվել»,- ասում է Սանջյանը։

Տ.Ն.-ի համար տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, եթե ոչ կատարյալ հեղափոխություն, և դա իսկական ճեղքում է, քանի որ հանրությունն արդեն վարժվել էր հատուկ ծառայությունների աչքի տակ գտնվելուն։ «Այն փլեց վախի և լռության պատը, և մարդիկ սկսեցին խոսել տաբուների մասին»,- ասում է նա։

Միջազգային միջամտություն

Անկախ իրենց տեսանկյունից, Սիրիայի հայերի մեծամասնությունը զգույշ են վերաբերվում դրսից միջամտությանը՝ հավատալով, որ սիրիացիների շահերն օտարերկրյա կառավարությունների հաշվարկներում առաջին տեղում չեն։

Հատկապես Թուրքիայի աջակցությունն ընդդիմությանը անհանգստացնում է շատ սիրիահայերի։ «Թուրքիան խնդիրներ է ստեղծում»,- ասում է հայր Բեդուրյանը՝ հավելելով, որ չի վստահում թուրքերին և հավատացած է, որ Սիրիայի հանդեպ Թուրքիայի քաղաքականության մեջ առկա է «չարիքի» ինչ-որ մասնիկ։ Հայր Բեդուրյանը հաճախ է լսել պատմություններ, որ Սիրիայի շատ քաղաքացիներ, Թուրքիայում մի քանի ամիս պատրաստություն անցնելուց հետո, վերադարձել են երկիր և միացել ընդդիմությանը։ Նրանց մի մասը ձերբակալվել է սիրիական իշխանությունների կողմից։

Սիրիական ընդդիմությունը կիսապաշտոնական արտաքսված կառավարություն է ստեղծել՝ Սիրիական ազգային խորհուրդ, որի կենտրոնատեղին գտնվում է Ստամբուլում։

Արիսյանը նույնպես թերահավատորեն է վերաբերվում միջազգային միջամտությանը, որը, նրա կարծիքով, պայմանավորված է նեղ շահերով: Թուրքիան պարզապես օգտագործում է սիրիական անկարգությունները՝ տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու համար։

Հայր Բեդուրյանի կարծիքով՝ «դրսի միջամտությունն է, որ Սիրիան հասցրեց այս վիճակին»:

«Ես համամիտ եմ այն կարծիքին, որ Սիրիային փոփոխություններ են անհրաժեշտ… բայց ոչ այս ձևով»,- ավելացնում է նա: «Բոլոր երկրներին էլ բարեփոխումներ, փոփոխություններ և բարելավում անհրաժեշտ են, նույնիսկ առաջնակարգ երկրներին, բայց ոչ ոք իրավունք չունի ատելություն և պառակտում սերմանել այն երկրում, որտեղ ապրում և աշխատում է: Աշխարհը պետք է թույլ տա Սիրիային և նրա ժողովրդին՝ լուծել իրենց սեփական խնդիրները»։

Ըստ Սանջյանի, ԱՄՆ-ը հետապնդում է իր և Իսրայելի շահերը տարածաշրջանում: «Հնարավորություն կա, որ Իսրայելը վերջապես շունչ քաշի, իսկ դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Իրանը, «Հեզբոլլահը» թուլանան»: Այս հարցերն ավելի կարևոր են ԱՄՆ-ի համար, և եթե դրա հետ մեկտեղ նրան հաջողվի նաև ժողովրդավարությունը զարգացնել, ապա դա միայն հավելյալ միավորներ կավելացնի հանրային դիվանագիտության հաշվին։

Արդյո՞ք վտանգ է ներկայացնում «Մուսուլման եղբայրները»

Շատերը վախենում են, որ եթե Ասադի վարչակարգը տապալվի, ապա նրա փոխարեն ավելի ավտորիտար վարչակարգ կգա: «Շատերն են արձագանքում, որ արաբական գարնանը հաջորդելու է իսլամական ձմեռը»,- ասում է Արիսյանը:

Ըստ Սանջյանի, «Մուսուլման եղբայրները» միակ կազմակերպված ընդդիմությունն է Սիրիայում: «եթե այս վարչակարգը տապալվի, ամենայն հավանականությամբ, հենց այս ուժը կգա իշխանության, այնպես, ինչպես կատարվեց Եգիպտոսում: Ընդդիմադիր այլ առաջնորդներ, Ֆրանսիայում կամ Ստամբուլում, հրապուրիչ շատ բաներ են ասում՝ գայթակղելով արևմտյան լրատվամիջոցներին, բայց իրականում, ես չեմ կարծում, որ նրանք որևէ իրական իշխանության են տիրապետում կամ որ կկարողանան որևէ շոշափելի արդյունք արձանագրել Ասադից հետո ենթադրվող ընտրություններում: Մենք արդեն նման օրինակի վկան եղանք Եգիպտոսում»:

Համենայնդեպս, Տ.Ն-ի կարծիքով՝ ծայրահեղ իսլամիստների իշխանության գալը կամ փոքրամասնությունների վրա ճնշում գործադրելը քիչ հավանական է: «Նույնիսկ եթե իսլամիստները հաղթեն, հայերի և այլ փոքրամասնությունների դեմ ուղղված գործունեությունը ուռճացված է իշխող վարչակարգի կողմից: Մտավախության տեղիք է տալիս միայն փլուզումից վերակառուցման անցնելու շրջանը։ Եթե այդ անցումն ուղեկցվի քաոսով, ամեն բան կարող է պատահել: Եթե անցումն ընթանա ավելի խաղաղ և հեշտ, ապա այն մեծ վտանգ չի ներկայացնի:

www.armenianweekly.com

 «Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 3 (24), 2012

դեպի ետ