• am
  • ru
  • en
Версия для печати
13.03.2012

ՆՈՐ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ. ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

EnglishРуский

   

Գագիկ Հարությունյան

«Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն

Այն, ինչ կատարվում է այսօր Սիրիայում և Իրանի միջուկային ծրագրի շուրջ, այսպես կոչված «արաբական գարնան» տրամաբանական շարունակությունն է։ Միևնույն ժամանակ, ընդհանրությունների հետ մեկտեղ, «սիրիական» գործընթացներն ունեն առանձնահատկություններ, որոնք բնորոշ չէին արաբական հեղափոխական հաղթարշավին։ Նկատենք նաև, որ այս՝ պայմանականորեն երկրորդ փուլում առավել հստակ են արտահայտվում Մերձավոր և Միջին Արևելքում աշխարհաքաղաքական խոշոր դերակատարների գործողությունների դրդապատճառները։ Հայտնի է, որ դրանք պաշտոնապես գրեթե չեն հայտարարվում և ներկայացվում են զուտ որպես մարդու իրավունքների ու քաղաքական ազատությունների համար մղվող պայքար։ Սակայն համեմատական վերլուծությունները, թերևս, թույլ են տալիս կատարել որոշ եզրահանգումներ։

Առաջին փուլի արդյունքները

Այսօր կարելի է ամրագրել, որ 2011-ին սկսված «հեղափոխությունների» առաջին փուլն ավարտվել է։ Փորձենք ամփոփել այդ փուլի գլխավոր արդյունքներից մի քանիսը.

  • Նախկինում քաղաքական ազդեցություն և տնտեսական զարգացման որոշակի մակարդակ ունեցող Լիբիան պետությունից, փաստորեն, վերածվել է «տարածքի», որտեղ կան էներգակիրների պաշարներ և տարբեր հատկանիշներով միավորված ու միմյանց դեմ հակամարտող բնակչության խմբեր։
  • Արաբական աշխարհի առաջատար համարվող Եգիպտոսում իշխում են ոչ լեգիտիմ ռազմական «խունտան» և ժողովրդավարական նորմերի համաձայն ընտրություններում անվիճելի առավելության հասած իսլամիստները. նման համադրությունը գործնականում զրկում է այդ երկիրն արդիական զարգացման հեռանկարից առնվազն տեսանելի ապագայում։

Այս իրողությունները, անկախ ձևավորման մեխանիզմներից, իրենց բովանդակությամբ և տրամաբանությամբ համընկնում են Իրաքում 2003թ. ամերիկյան ներխուժումից հետո ստեղծված իրադրությանը. այդ երկիրը և նրա բնակչությունը մասնատվել են ըստ էթնիկ-դավանական հատկանիշների, պետական համակարգը փաստորեն չի գործում, իսկ միջդավանական բախումները և ահաբեկչությունները դարձել են մշտական երևույթ։ Այսինքն՝ Իրաքն ավելի վաղ է ձեռք բերել բնական պաշարներ ունեցող «տարածքի» կարգավիճակ, և խոսել նրա զարգացման հեռանկարների մասին՝ նույնքան վիճահարույց է, որքան Լիբիայի կամ Եգիպտոսի պարագայում։ Այսօր արվում է գրեթե ամեն ինչ, որպեսզի նման իրավիճակում հայտնվի Սիրիան, իսկ որոշակի սցենարներում՝ անգամ Իրանը։ Ակնհայտ է, որ այս օրինաչափությունը հետևողական ռազմավարության արդյունք է։ Ամերիկյան այդ «մեծ ռազմավարությունն» ունի տարբեր հարթություններ ու հետապնդում է տարաբնույթ նպատակներ, որոնց համալիր վերլուծությունն առանձին խնդիր է։ Մասնավորապես, Սիրիայի և Իրանի շուրջ զարգացումների համատեքստում, հիմնական դրդապատճառներից մեկը ԱՄՆ տարածաշրջանային «թիվ 1» դաշնակից Իսրայելի անվտանգության ապահովումն է։ Նախկինում այդ երկրի և ժողովրդի ոչնչացման մասին հայտարարություններ կարելի էր լսել բավական հաճախ։ 2003-ին սկսված տարածաշրջանի վերափոխման արդյունքում հավակնոտ վարչախմբերի թիվը նվազել է և նման հայտարարություններ կատարում են, թերևս, միայն Իրանի ղեկավարները։

Նկատենք, որ տարածաշրջանային գործընթացներում առկա է նաև մեկ այլ հստակ օրինաչափություն։ Վերը ներկայացված «տարածքային»1 իրադրությունը ձևավորվել է, ինչպես նշեցինք, ԱՄՆ ու նրա դաշնակիցների նպատակաուղղված գործողությունների շնորհիվ։ Սակայն մինչև վերջերս այդ գործողությունները չեն հանդիպել այլ աշխարհաքաղաքական դերակատարների լուրջ, նյութականացված դիմադրությանը։ Ներկա փուլում իրավիճակը սկզբունքորեն փոխվել է, և դա պայմանավորված է մի շարք գործոններով։

Սիրիան և Իրանը՝ «կրիտիկական ենթակառուցվածք»

Սիրիական ճգնաժամը միջազգայնացվել է և ձեռք բերել, եթե կարելի է այդպես ձևակերպել, «գլոբալ կարգավիճակ»։ Նախկինում արաբական «հեղափոխական» երկրներում «իշխանություն - ընդդիմություն» հակամարտությունում միայն վերջինս էր ստանում ռազմաքաղաքական, տնտեսական, տեղեկատվական և այլ բնույթի աջակցություն։ Օգնությունը, որպես կանոն, իրականացնում էին ԱՄՆ-ը, եվրոպական երկրները, որոնցից ակտիվությամբ աչքի էր ընկնում Ֆրանսիան և համեմատական ողջախոհությամբ՝ Գերմանիան։ Խիստ կարևոր է տարածաշրջանային երկրների, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիայի, Կատարի, Թուրքիայի և անգամ «Ալ-Քաիդայի» կողմից (ի դեպ, վերջինս ակտիվ է հատկապես Սիրիայի խնդրում) ընդդիմությանը տրամադրվող տարաբնույթ աջակցությունը։

Այլ է իրողությունը Սիրիայի պարագայում, որտեղ իշխանություններին անմիջականորեն սատարում է նրա տարածաշրջանային դաշնակից Իրանը։ Նկատի ունենալով, որ «սիրիական հեղափոխության» հիմնական դրդապատճառներից մեկը տարածաշրջանում Իրանի ազդեցության նվազեցումն է, պետք է հաշվի առնել նաև այն համերաշխությունը, որը ձևավորվել է Իրանի, Պակիստանի և Աֆղանստանի միջև։ Հատկանշական է նաև, որ Սիրիան օգնություն է ստանում նաև իր անմիջական հարևաններից՝ Իրաքից (այդ երկրի շիաների առաջնորդ Մոքթադա աս-Սադրի զինյալների տեսքով) և Լիբանանի «Հեզբոլլահից» (վերջինիս կողմից վերահսկվող շրջաններից)։

Սակայն ամենակարևորը, թերևս, այն է, որ սիրիական իշխանություններին սատարելու գործում այս կամ այն չափով ներգրավվել են նաև աշխարհաքաղաքական խոշոր «խաղացողները»՝ Ռուսաստանը և Չինաստանը։ Այդ երկրների հայտնի «վետոն» ՄԱԿ-ում, իհարկե, չվերացրեց Սիրիայում տեղի ունեցող գործընթացներին արտաքին միջամտության հնարավորությունը։ Հայտնի է, որ ՄԱԿ որոշումները զգալիորեն արժեզրկվել և կորցրել են իրենց նշանակությունը. բավական է հիշել 2003 թվականը, երբ ԱՄՆ-ը, հաշվի չառնելով ոչ ՄԱԿ կանոնադրությունը, ոչ էլ անգամ ՆԱՏՕ իր դաշնակիցների կարծիքը, գրավեց Իրաքը։ Միևնույն ժամանակ, դեռևս թարմ է Լիբիայի նախադեպը, երբ ՄԱԿ տարբեր մեկնությունների տեղ թողնող բանաձևը, փաստորեն, օրինականացրեց ՆԱՏՕ ինտերվենցիան։ Ռուս-չինական «վետոն» զրկեց միջազգային լեգիտիմությունից նման սցենարի իրականացումը Սիրիայում։

Հատկանշական է, որ ՄԱԿ բուռն քննարկումներին հաջորդեցին ՌԴ ԱԳ նախարար Ս.Լավրովի և Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Մ.Ֆրադկովի, իսկ փոքր անց՝ նաև ՉԺՀ ԱԳ փոխնախարար Չժան Ցզյունի այցերը Դամասկոս։ Համաձայն լրատվամիջոցների հաղորդման, ՌԴ-ն մտադիր է հիմնականում ռուսական զենքով զինված Սիրիային վաճառել օդային և հրթիռային սպառազինություն (հաղորդագրություններում նշված ծավալը կազմում է $4-5 մլրդ)։ Իսկ Ֆրադկովի ներկայությունը պատվիրակությունում վկայում է հատուկ ծառայությունների ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ակտիվացման մասին։ Այս առիթով նշենք, որ այդ ծառայությունները բավական լայն են «ներկայացված» Սիրիայում, և կարելի է հանդիպել տեղեկությունների հակամարտող ուժերի կողմից տարբեր երկրների քաղաքացիների գերեվարման մասին։ Սիրիական իրադարձություններին բնորոշ է նաև ոչ միայն դավանական2, այլև կրոնական գործոնը, ինչը պայմանավորում է նաև քրիստոնյա հոգևոր կառույցների ակտիվությունը նվազագույնը համաշխարհային տեղեկատվական դաշտում։

Այսպիսով, Սիրիայում և Իրանի շուրջ ծավալված գործողություններին անմիջականորեն ներգրավվել են տասնյակ երկրներ։ Ընթացող հակամարտությանը բնորոշ են Սառը պատերազմի բոլոր տարրերը. կողմերը լայնորեն կիրառում են դիվանագիտական և ռազմական, տեղեկատվական-հոգեբանական, տնտեսական և ահաբեկչական ներգործության հնարավոր բոլոր միջոցները։ Մասնավորապես, ԱՄՆ-ը արդյունավետ կիրառում է ԽՍՀՄ-ի դեմ «սառը» հակամարտության ընթացքում իրեն արդարացրած տնտեսական և հոգեբանական ազդեցության մեթոդները։ Ստեղծված բազմապլան իրադրությունը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով.

  • Բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորումը թևակոխել է կայացման փուլ։ Չնայած այսօր էլ ԱՄՆ-ը ռազմական հզորությամբ անհամեմատ գերազանցում է մնացյալ աշխարհաքաղաքական դերակատարներին, սակայն գերտերության քաղաքական և տնտեսական հնարավորությունները նկատելիորեն սահմանափակվել են։ Այս իրողությունն ադեկվատ է ընկալվում Միացյալ Նահանգներում, և այդ տերության ռազմավարությունը մշակող ու քաղաքականությունը պլանավորող կառույցները ձգտում են օգտագործել իրենց՝ արդեն «ժամանակավոր» գերազանցությունը, որպեսզի առավելագույնս ամրապնդեն դիքերը՝ հաշվի առնելով մրցակցության սաստկացումը բազմաբևեռ ապագայում։
  • Իրողություններն ադեկվատ են ընկալվում նաև ԱՄՆ ընդդիմախոսների կողմից, և նրանք արդեն սկսել են «անհնազանդության» նշաններ ցուցաբերել։ Նման «անհնազանդությունը» պայմանավորված է ոչ միայն գլոբալ բազմաբևեռ աշխարհակարգի ընդհանրական փիլիսոփայությունով, այլև կոնկրետ հաշվարկներով։ Այսպես կոչված «Նոր Մերձավոր Արևելքը» «տուրբուլիզացված տարածքի» (ներառելով այստեղ Աֆղանստանը) վերածելու ամերիկյան նախագիծը ենթադրում է ոչ միայն զրկել Ռուսաստանին և Չինաստանին ռազմաքաղաքական և տնտեսական լծակներից կարևորագույն տարածաշրջաններից մեկում, այլև սպառնում է «վարակել» նաև այդ տերություններին3։ Այսինքն՝ այդ նախագիծը կոնկրետ ուղղվածություն ունի, և դրա վերջնական իրականացմանն այսօր առավել նյութականացված ձևով խոչընդոտում է Իրան-Սիրիա «տանդեմը», որը յուրովի «կրիտիկական ենթակառուցվածք» է աշխարհաքաղաքական հակամարտության համատեքստում։
  • Հիշատակված «տանդեմի» խոցելի օղակը Սիրիան է. եթե ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին հաջողվի կոտրել Իրանի տարածաշրջանային հիմնական դաշնակցի դիմադրությունը, ապա դա զգալի չափով կփոխի ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում՝ ի վնաս Իրանի ու մնացյալ աշխարհաքաղաքական դերակատարների։

Հնարավոր զարգացումներ

Կառավարական ուժերի և «Սիրիական ազատ բանակի» (մոտ 20 հազար զինյալ) հակամարտությունը շարունակվում է տարուց ավելի, և առայժմ Ասադի բավական լավ զինված 300 հազարանոց բանակը կարողանում է այս կամ այն չափով վերահսկել իրադրությունը։ Կողմերին դրսից մատակարարվող ռեսուրսների (այդ թվում նաև մարդկային) խնդրում նույնպես կարծես թե որոշակի հավասարակշռություն է ստեղծվել։ Սակայն եթե երկրում տիրող խառնաշփոթությունը նպաստավոր միջավայր է ստեղծում զինյալների համար, ապա նման իրադրությունը խոչընդոտում է պետական մարմիններին՝ իրագործել իրենց բնորոշ գործառույթները։ Այսինքն՝ ժամանակն ինչ-որ առումով աշխատում է զինյալ խմբավորումների վրա։ Դա թելադրում է իշխանությանը կատարել կոշտ ուժային քայլեր, որոնք, սակայն, գոնե առայժմ, ցանկալի արդյունքի չեն հասցնում։ Այս ամենը, եթե չգտնվեն փոխզիջումային տարբերակներ, անգամ Ասադի վարչակազմի պահպանման պարագայում, կարող է հանգեցնել սիրիական պետության «էռոզիայի» և այդ երկիրը նույնպես վերածել «տարածքի» ու յուրովի «սև խոռոչի», որը կլանում է իր դաշնակիցների ռեսուրսները։

Իրողությունն այլ է Իրանի պարագայում, որի դեմ ընդունված տնտեսական պատժամիջոցների և հոգեբանական գործողությունների հենքում ընկած է այդ երկրի միջուկային ծրագիրը։ Հայտնի է, որ այս վերջին խնդիրը խիստ զգայուն է ընկալում Իսրայելը։ Անշուշտ, ունենալով բավարար քանակությամբ սեփական միջուկային զենք և այն նպատակին հասցնելու միջոցներ՝ այդ երկիրը կարող է պատասխան (կամ անգամ՝ պրեվենտիվ, կանխարգելիչ) ծանր հարված հասցնել պոտենցիալ հակառակորդին։ Միևնույն ժամանակ, այդ ոչ մեծ տարածք ունեցող երկրին հասցրած անգամ մի քանի միջուկային հարվածները կարող են օրհասական լինել հրեական պետության համար։

Նախկինում Իսրայելը շատ կոշտ և վճռական էր վարվում միջուկային հավակնություններ ունեցող տարածաշրջանի երկրների հետ։ 1981թ. հունիսի 7-ին Ֆրանսիայի օգնությամբ կառուցված Իրաքի միջուկային կենտրոնը՝ Ալ-Տուվեյտը, ոչնչացվեց իսրայելական օդուժի կողմից։ Ճակատագրի բերումով այդ գործողությունում կարևոր դեր կատարեց Իրանը, որը ոչ միայն տվեց իսրայելցիներին այդ տեղանքի մանրամասն քարտեզը, այլև ապահովեց իսրայելական կործանիչների վայրէջքը Թավրիզի օդանավակայանում։ 2007-ի սեպտեմբերին Իսրայելը ոչնչացրեց սիրիական միջուկային կենտրոնը, որը կառուցվել էր Հյուսիսային Կորեայի աջակցությամբ։ Ամենայն հավանականությամբ, Իսրայելը նույն ձևով կվարվեր նաև Իրանի հետ, եթե ունենար նման գործողության համար համապատասխան ռեսուրսներ և վստահություն, որ հետևանքները խիստ ծանր չեն լինի իր համար։

Տեսականորեն, Իրանի միջուկային ներուժի ոչնչացման ռազմական տարբերակը հնարավոր է միայն ԱՄՆ անմիջական մասնակցությամբ, սակայն, փորձագետների կարծիքով, այն բոլոր դեպքերում կպահանջի նաև լայնածավալ և երկարատև գործողություններ, որին պատրաստ չէ անգամ ԱՄՆ-ը՝ հաշվի առնելով աֆղանական գործոնը, Իրաքից զինուժի դուրսբերումը և, վերջապես, նախընտրական ժամանակաշրջանը։ Ստեղծված պայմաններում Սառը պատերազմի դեղատոմսերով Իրանի «պաշարման» ռազմավարությունը ոչ միայն ամենաօպտիմալն է, այլև, թերևս, միակը։ Միևնույն ժամանակ, այդ տնտեսական-տեղեկատվական «պաշարումը» «բազմաբևեռ» իրողություններում միշտ չէ, որ արդյունավետ է։ Իրանը, չնայած տնտեսական խոշոր կորուստներին, բավական ճկուն կերպով կարողացավ բավարար չափով լուծել էներգակիրների արտահանման խնդիրը։ Դրան զուգահեռ, չնայած հասարակության մի մասի՝ հատկապես երիտասարդության «այլախոհական» դրսևորումներին, առայժմ Իրանի բնակչության գերակայող հատվածը ամերիկա-իսրայելական գործոնն ընկալում է թշնամաբար։ Այսինքն, ի տարբերություն «սառը պատերազմի» տարիների ԽՍՀՄ հանրությունում առկա արևմտամետ կողմնորոշումների, որոնք և նպաստեցին այդ տերության փլուզմանը, իրավիճակն Իրանում այլ է։ Այսինքն՝ կարելի է կարծել, որ այդ երկիրը կարող է երկարատև դիմադրել Սառը պատերազմի պայմաններում։ Նման սցենարի համատեքստում ուշագրավ են «Սթրատֆորի» այն կանխատեսումները, համաձայն որոնց՝ ԱՄՆ-Իրան լարված հարաբերությունները կարող են, որոշակի նախապայմանների դեպքում, վերափոխվել գործընկերության։

1 Հեղինակը խուսափում է «քաոտիկ» եզրն օգտագործելուց, քանի որ այն պահանջում է բավական լայն մեկնաբանություններ։

2 Շիա-սուննի դավանական հակասությունները տարածաշրջանային գործընթացների հիմնական լեյթմոտիվներից են։

3 Այս կապակցությամբ հարկ է շեշտել, որ Ռուսաստան-Չինաստան-Իրան հարաբերությունները դեռևս չեն վերածվել լայն ռազմաքաղաքական համագործակցության, և ընդհանրապես, նման համագործակցության հեռանկարն առայսօր բավական աղոտ է։ Այդ առումով շատ ավելի շահեկան դիրքերում են գտնվում ԱՄՆ-ը, Իսրայելը, նրանց եվրոպական և տարածաշրջանային գործընկերները, որոնց միջև տասնյակ տարիների ընթացքում ձևավորվել են ռազմավարական գործընկերության հարուստ փորձ և ընդհանրական քաղաքական մշակույթ։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր