• am
  • ru
  • en
Версия для печати
01.03.2012

ՓԱՍՏԵՐԻ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ ՀԱՍՏԱՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԱԾ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ. Ֆրանսիացիների՝ Ցեղասպանության ժխտումն օրենքով հետապնդելու որոշման մասին բանավճի առիթով

Руский

   

Միհրան Դաբաղ

Պրոֆեսոր, Բոխումի Ռուրի համալսարանի Սփյուռքի և ցեղասպանությունների գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն

Ֆրանսիայի խորհրդարանն իր երկու պալատներում որոշում է ընդունել Ֆրանսիայում ճանաչված բոլոր ցեղասպանությունների ժխտման պատժելիության մասին, որոնց թվում է նաև Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում։ Ընդ որում՝ Թուրքիայի կողմից հնչում են բազմաթիվ նախազգուշացումներ այն վնասի մասին, որը կարող է հասցվել ժողովրդավարական հասարակության հիմնական սկզբունքներին. չէ՞ որ սույն օրենքը, իբր, շոշափում է խոսքի ազատության հիմնական իրավունքը և էապես սահմանափակում քաղաքացիական այդ հիմնական իրավունքը։

Ֆրանսիացիների որոշման դեմ բերվում է այն փաստարկը, թե, օրինակ, թուրքական կողմնորոշումը ցեղասպանության վիճարկումը չէ իբրև այդպիսին։ Խոսքն այստեղ, իբր, կարծիքի արտահայտման մասին է։ Դա արտահայտվում է Թուրքիայի կողմից քանիցս առաջ քաշված առաջարկ/պահանջով՝ հիմնել պատմաբանների հանձնաժողով՝ իրադարձությունների պարզաբանման համար։

Բայց անկախ այն բանից, որ իրադարձությունների պատմական անորոշության մասին պնդումն ինքնին պատմության ռևիզիոնիստական ընկալման կենտրոնական բաղադրիչն է (չէ՞ որ իրականում բոլոր ապացույցներն արդեն վաղուց տրամադրվել են պատմագիտությանը), իրավական մակարդակում խոսք անգամ չկա այն մասին, թե արդյոք ցեղասպանությունը պատմական փաստ է։ Ընդհակառակը, այստեղ խոսքը պետք է վերաբերի ֆրանսիացիների որոշման թույլատրելիությանը՝ հաշվի առնելով խոսքի ազատության չափանիշը։ Նկատի է առնվում այն, թե արդյոք պաշտպանված է կարծիքը, եթե խոսակցությունը վերաբերում է խոսքի ազատությանը։ Բայց հենց նման պաշտպանությունն է բացակայում։ Մի կողմից՝ ժխտումը (1915-1916թթ. հայերի բնաջնջման, դրան ուղղված երիտթուրքերի քաղաքականության բացառումը) թուրքական հանրապետության պատմաքաղաքական դրվածքն է, որն իր հետևից իրավաբանական հետևանքներ կբերի, քանի որ ցեղասպանության օբյեկտիվ հատկանիշների պնդումը Թուրքիայում պատժելի է (պատժվում է օրենքով, ընդհուպ մինչև ազատազրկումը)։ Մյուս կողմից (և սա թող գործողության կոչ լինի եվրոպական պետություններին)՝ անցած գրեթե հարյուր տարում Թուրքիայի Հանրապետությանը հաջողվել է ցանկացած եվրոպական պետության ներսում հնչած արտահայտություն ներկայացնել իբրև քաղաքական վիրավորանք Թուրքիայի դեմ։

Հայոց ցեղասպանության ժխտման պատժելիության մասին ֆրանսիացիների ընդունած որոշումը ծառայում է ոչ թե պատմական փաստերի հաստատմանը, այլ պաշտպանում է ցեղասպանության իրողության մասին պատմական իմացությունը։ Այն դատավճիռ չի ներկայացնում պատմությանը, այլ պաշտպանում է պատմական ճշմարտությունը։

Նման գաղափարը խորթ չէ նաև գերմանական արդարադատությանը, եթե, օրինակ, դիտարկելու լինենք «Օսվենցիմի ստի» պատժելիության իրավաբանական հիմքը։ Այդ կերպ էր դաշնային սահմանադրական դատարանը դիտարկում, մասնավորապես, «Օսվենցիմի ստի» հարցը (խոսքի ազատության հիմնական իրավունքին միջամտության առումով)։ Ընդ որում՝ սկզբունքային սահմանազատումներ կային կարծիքի և փաստի հաստատման միջև։ Փաստերի հաստատումը պաշտպանված էր միայն այն դեպքում, եթե դրանք հիմք են ծառայում հանրային կարծիքի ձևավորման համար։ Բայց դաշնային սահմանադրական դատարանի կարծիքով՝ դեմոկրատիան սկզբունքորեն հետաքրքրված չէ պաշտպանելու կեղծ փաստերի հաստատումը, քանի որ դրանք դրական ավանդ չեն ներդնում հանրային կարծիքի ձևավորման մեջ։ Այդ պատճառով դաշնային սահմանադրական դատարանը չի դիտարկում իրավապահ գործունեության անհրաժեշտությունը խոսքի ազատության հիմնական իրավունքի հանդեպ (դաշնային սահմանադրական դատարանի որոշումների ժողովածու, 90, 241, 13.04.1994)։ Հիմնական իրավունքին համապատասխան՝ փաստերի նման հաստատումը, որը հեռանում է ճշմարտությունից, կարծիք չի հանդիսանում։

Բայց անգամ եթե հարցը դիտարկենք հակառակ դաշնային սահմանադրական դատարանի, խոսքն, այնուամենայնիվ, կվերաբերեր խոսքի ազատությանը միջամտելու սահմանադրական արդարացմանը։ Ինչ վերաբերում է ցեղասպանության ժխտման պատժելիությանը, ապա անհրաժեշտ է տարբերել իբր թե տուժած հիմնական իրավունքի և զոհի անձի սկզբունքորեն խախտված, անգամ բովանդակազրկված իրավունքի նշանակությունները։ Եվ այստեղ գերմանական օրենսդրությանը նետված հայացքը «Օսվենցիմի ստի» ժխտման վերաբերյալ կարող է պարզաբանել գործի հանգամանքները. որոշումների էությունը զոհերին, մեռածների հիշատակը պաշտպանելն է անարգանքից, սերունդների պաշտպանությունը վիրավորանքից (Քր. օր. §189)։

Այսպիսով, հարկավոր է ծանրութեթև անել, թե ինչպես կարող ենք պաշտպանվել ազատության չարաշահման նման ձևերից, որոնք սպառնալիքի տակ են դնում կամ ժխտում են հիմնական եվրոպական արժեքները։ Մարդու իրավունքների դեմ միջազգային քրեական իրավունքով ծանրագույն համարվող հանցագործության ժխտումը, որը խիստ պատիժ է ենթադրում, ինչպես նաև զոհերին անպատվելը, այդ չարաշահման անբաժան մասն են։ Դա համապատասխանում է Եվրամիության խորհրդի նոյեմբերի 28-ի «Ռասիզմի և քսենոֆոբիայի առանձին ձևերի և դրսևորումների մասին՝ քրեական իրավունքի միջոցով» 2008/913/ԱՆԳ (ПВД) շրջանակային որոշման հոդված 1-ի 1-ին կետին, որը կոչ է անում օրենքով հետապնդել «ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների և ռազմական հանցագործությունների հրապարակային ջատագովումը, հրապարակային ժխտումը կամ այդ հանցագործությունների հրապարակային կոշտ գռեհկացումը»։

Ցեղասպանության ժխտման պատժելիության մասին որոշումը պատմության հաստատման կամ այն հետազոտելու հրահանգ չէ։ Ճիշտ չեն նաև այն երկյուղները, թե այդ որոշումը կսահմանափակի հետազոտությունների ազատությունը։ Ցեղասպանության հանցագործության ազատ հետազոտությունը, իրագործման կառուցվածքների հանգամանալի մշակումը հնարավոր են միայն այնտեղ, որտեղ տեղի է ունեցել ճանաչումը և «այո, թե ոչ» հարցից ազատագրումը։ Ճիշտ այդպես էլ հոլոքոստի ընդարձակ հետազոտությունը հնարավոր եղավ միայն այն պատճառով, որ իրադարձությունների ժխտումը որպես հանցագործություն մարդու իրավունքների դեմ և ցեղասպանությունը երբեք կասկածի չենթարկվեցին։ Ցեղասպանության ժխտումը, ընդհակառակը, խանգարում և վնասում է ուսումնասիրմանը և հանգեցնում փաստարկման վերացմանը մասամբ չիմացության պատճառով, հատկապես այն ժամանակ, երբ այն համառորեն իրականացվում է պետության կողմից քաղաքական-ռազմավարական պատճառներով և հրահրվում է սեփական սահմաններից դուրս։ Դա հստակ երևում է արդեն ավելի քան 95 տարի հանցագործների ժառանգորդ հասարակության կողմից հայերի բնաջնջման ժխտման օրինակով։

Այսպիսով, ֆրանսիացիների ընդունած օրենքը ներկայացնում է իրավական տարածք, որը թույլ է տալիս պաշտպանել պատմական գիտելիքները ցեղասպանության հանցակազմի մասին, աջակցել հիմնարար հետազոտությանը և կանխել համապատասխան քաղաքականության շարունակությունը։ Չէ՞ որ ցեղասպանության ժխտումը դուրս է գալիս ընդամենը պատմությունը վիճարկելու սահմաններից և նշանակում է ոչ այլ ինչ, քան այն, որ չկա ցանկություն բացառելու բռնությունը որպես ներկայի և ապագայի քաղաքական միջոց։

Այսպիսով, ցեղասպանության ժխտումը թուրքերի կողմից ամենևին էլ միայն մութ հուշերի ժխտում չէ։ Ժխտումը քաղաքական ռազմավարություն է և արդեն հարյուր տարի հիմնական քաղաքականություն է հանդիսանում։ Այն թուրքական ազգային ինքնության ձևավորման գործընթացի ինտեգրալային մասն է։ Ուստի, սեփական պատմության հանդեպ քննադատական մոտեցման ճնշումն օժանդակում է փոքրամասնությունների հանդեպ ճնշման քաղաքականությանը, ինչպես նաև մարդու իրավունքների ոտնահարմանը Թուրքիայում։ Բայց միայն Թուրքիայի սահմաններում չէ, որ ցեղասպանության ժխտումը հիմնական քաղաքականություն է հանդիսանում. այն պատմական գիտակցություն և քաղաքական կողմնորոշում է ձևավորում նաև Եվրոպայի և Ֆրանսիայի՝ թուրքական ծագում ունեցող բազմաթիվ բնակիչների մեջ։ Նրանք իրենց դիրքորոշմամբ խախտում են ցեղասպանության վերապրածների և Ֆրանսիայում ապաստան գտածների սերունդների անձնական իրավունքները։

Ազգային ժողովի և Սենատի պատգամավորներն ըմբռնել են պրոբլեմատիկան։ Դա երևում էր որոշումն ընդունելուց առաջ տեղի ունեցած բանավեճերում. դա այն էր, որ ցեղասպանության հանցագործության ժխտումը չպետք է գտնվի սովորական կարծիք արտահայտելու հետ նույն մակարդակում։ Ընդհակառակը, կարծիքների այդպիսի արտահայտումները, որոնք հաստատում են կեղծ փաստերը, համարժեք են ժխտմանը, և դրանք քաղաքական-ռազմավարական բնույթ ունեն։ Պատգամավորները գիտեին, որ նրանք պատասխանելու են ցեղասպանության ժխտման քաղաքական ռազմավարությանը։ Ուստի, իրենց որոշմամբ նրանք համառորեն հաղթահարեցին հատուկ որոշման շրջանակը, որում հոլոքոստի ժխտումը պատժելի է։ Եվ գնում են ընդհանուր օրենքի ուղղությամբ, որում մարդկության դեմ հանցագործության ժխտումը, առանձին որոշումների կողքին, կպատժվի օրենքով։ Ֆրանսիացիների որոշման վերաբերյալ բանավեճերը նկատի ունենալով՝ հարկավոր է հաշվի առնել, որ առանց ծանր հանցագործությունների ժխտման դեմ միանշանակ դիրքորոշման՝ ռիսկի են ենթարկվում հիմնական եվրոպական իրավունքները։ Հետևաբար, ժխտողականությանը դիմակայելն այսօրվա դրությամբ շատ կարևոր գիտական և հումանիստական խնդիր է։ Եվ, միևնույն ժամանակ, այն հաջող պրոֆիլակտիկայի ռազմավարության մշակման վերաբերյալ մտորումների համատեքստում կենտրոնական ասպեկտ է հանդիսանում։ Չէ՞ որ ցեղասպանությունը հանցագործություն է, որն ուղղված է առաջին հերթին ոչ թե սեփական սերնդի, այլ հետագա սերունդների, հանցագործների հասարակության ապագայի ձևավորմանը։ Ուստի, հանցագործների հաջորդ սերունդները պետք է հաղորդակցվեն ինչպես բարոյական մշակման (վերականգնման), այնպես էլ սոցիալական պատասխանատվության գործընթացներին։ Իրավունքի գծով հայտնի գերմանացի փիլիսոփա Բերնհարդ Շլինկը նշել է, որ իրեն մեղքով արատավորում է նույնիսկ նա, ով համերաշխաբար է գործում հանցագործների հետ և պահպանում է այդ համերաշխությունը հանցագործությունից հետո։ Այս առումով ֆրանսիացիների որոշումը հարկ է դիտարկել որպես ուղղորդող որոշում։


դեպի ետ