• am
  • ru
  • en
Версия для печати
27.02.2012

ԺԱՆ ԲՈԴՐԻՅԱՐԻ «ՍԻՄՈՒԼՅԱԿՐԸ» ԵՎ ԲԱՐԱՔ ՕԲԱՄԱՅԻ «Medz Yeghern»-Ը. Մաս Բ. «Le Mai 1968»

   

Արա Մարջանյան

2.5. Բոդրիյարը և շարժումը. 1968 թվականն աշխարհում և Ֆրանսիայում

(Նկարներում ձախից՝ 1968թ. մայիսի 2-ը, Փարիզ: Կենտրոնում՝ Դ.Կոն Բենդիթը հենված Սավաժոի և Գեյսմարի ուսերին: Կենտրոնում՝ Ժ.Բոդրիյար, 1978թ.: Աջից՝ 2011թ. դեկտեմբերի 15-ը, Մոսկվա: Կենտրոնում՝ ոմն սադրիչ, որին ԶԼՄ-ները ներկայացրին որպես “Լյովա Արզումանյան”)

«1968-ի մայիսը վերադարձել է: Եկել է պահը»:
«Գրավիր Ուոլ-սթրիթը» շարժման կարգախոս 2011թ. հոկտեմբերին
«Հույս ունեմ, որ մեր «Մայիսի 15» շարժումը կմիանա
նմանատիպ շարժումներին ողջ աշխարհում և վերջապես
կտապալի կեղեքման վրա հիմնված այս համակարգը»:
Իսպանական «Մայիսի 15» շարժման ակտիվիստի
հարցազրույցը «Եվրոնյուս» ընկերությանը
17-ը նոյեմբերի, 2011թ.

1968 թվականը, երբ առանձին գրքով հրատարակվեց Բոդրիյարի 1960թ. ատենախոսական աշխատանքը1, բախտորոշ տարի էր Ֆրանսիայի համար: Այն անհանգիստ տարի էր նաև ողջ աշխարհում՝ լեցուն կարևոր իրադարձություններով ու ծավալվող գործընթացներով:

Հավելվածում, առանձին դրվագների տեսքով ներկայացնում ենք 1968թ. և ընդհանրապես` 60-ականների 2-րդ կեսի իրադարձությունների համառոտ համայնապատկերը: Դրանք անխուսափելիորեն ֆրագմենտար են, սակայն, հուսով ենք, արտացոլում են այս ժամանակաշրջանի կարևորագույն գործընթացները: Անհրաժեշտ է նշել, որ Բոդրիյարին նվիրված բազում աշխատություններում դրանք շատ դեպքերում անտեսվում են: Դրանցում ուշադրությունը հիմնականում բևեռվում է Արևմուտքի վրա, իսկ դիտարկումները սահմանափակվում են Վիետնամական պատերազմի և ռասայական խտրականությունների դեմ բողոքների ենթատեքստում ուսանողական ու ռադիկալ արվեստի դաշտում ընթացող գործընթացներով, «սեքսուալ հեղափոխության» այս կամ այն դրսևորումներով: Այսինքն` բևեռվում են կարևոր, բայց բոլորվին էլ ոչ համակարգային նշանակության ասպեկտների վրա:

Իսկ, այ, տեկտոնիկ մասշտաբի ու համընդգրկուն կարևորության ԽՍՀՄ-Չինաստան հակամարտության գոյացմանը, զարգացման, ինչպես նաև խունվեյբինների երիտասարդական շարժման, չինական «մշակութային հեղափոխության», մաոիստական խմբավորումների գլոբալ գործունեության քննությանը հերթը շատ դեպքերում պարզապես չի էլ հասնում: Մինչդեռ, այդ ժամանակ իրական պատմությունը (թող ների ինձ Բոդրիյարն այս բառակապակցությունն օգտագործելու համար) կերտվում էր ոչ թե Արևմուտքում, ինչպես հակված են մտածել քաղաքագետներից, մշակութաբաններից և կինոռեժիսորներից շատերը, այլ Արևելքում, «սինո-սովետական» բլոկի քայքայման, արաբա-իսրայելական հակամարտության, հնդկա-պակիստանյան ընդհարումների, «Պրահյան գարնան» գործընթացներում, կոմունիստական, մաոիստական, տրոցկիստական, անարխիստական շարժումների ներսում, ինչպես նաև ԽՍՀՄ հանրապետություններում, առաջին հերթին՝ Հայաստանում, Վրաստանում և Բալթյան երկրներում ազգային ինքնագիտակցության զարթոնքով: Բազմաշերտ և հակասական այս գործընթացները մեծապես պայմանավորված էին գաղութային համակարգի քայքայմամբ, ազգային ինքնագիտակցության զարթոնքով՝ մի կողմից, մյուս կողմից` նախորդ տասնամյակի կապիտալիստական և սոցիալիստական հասարակարգերի սոցիալ-գաղափարախոսական քննադատությամբ, նեոմարքսիստական ռադիկալ աշխատությունների տարածմամբ ու քարոզմամբ, հեղափոխական արևեստի ներազդմամբ: Տարածաշրջանային հակամարտությունների և պատերազմների ֆոնին ընթացող 1968 թվականն իր վայրիվերումներով՝ նշված գործընթացների և երկբևեռ աշխարհի գլոբալ հակամարտության յուրատեսակ ու դրամատիկ գագաթնակետն էր:

Էական նշանակություն ուներ նաև այն հանգամանքը, որ Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո Արևմուտքի և Արևելքի շատ երկրներում հասունացել էր երիտասարդների մի նոր սերունդ, որը ձևավորվել էր համեմատաբար կայուն ու բարեկեցիկ միջավայրում: Այս սերունդը պատրաստ էր «փոխել աշխարհը»` ինչ էլ դա նշանակեր կամ ինչ էլ արժենար: Այս գործոններն ուժգնանում էին ԽՄԿԿ քաղբյուրոյի «արտասահմանյան բաժնի», ՊԱԿ, ինչպես նաև ԽՍՀՄ, ԱՄՆ, Չինաստանի, Իսրայելի և այլ երկրների կառույցների ու գաղտնի կազմակերպությունների գլոբալ համակարգային աշխատանքի հետևանքով: Միամտություն կլիներ կարծել, որ, օրինակ, ԽՄԿԿ քաղբյուրոյի արտասահմանյան բաժինն էր այն դիրիժորը, որը կուլիսների հետևից ղեկավարում էր 60-ականների այս բուռն գործընթացները: ԽՄԿԿ-ն չուներ ոչ այդքան հեղինակություն, մանավանդ՝ սիոնիստական, անարխիստական, մաոիստական և տրոցկիստական շրջանակներում, ոչ էլ բավարար կարողություն` իրոք գլոբալ մասշտաբի համակարգման համար: Բայց ուղղակի մանկամտություն կլիներ կարծել, որ այս ու այլ նմանատիպ կառույցները հետ էին քաշվել ծավալվող գործընթացներից ու դրանց լոկ դիտորդն էին հանդիսանում2:

1968թ. մայիսյան դեպքերը Ֆրանսիայում` «le Mai 1968»-ը, ըստ էության, նշյալ իրադարձությունների մեծ համայնապատկերի միայն մեկ, բայց բավական մասշտաբային դրվագն էին: Այս հատկանշական տարվա դեպքերի ժամանակագրությունը և հակիրճ նկարագիրը նույնպես ներկայացնում ենք Հավելվածում: Այստեղ բավարարվենք միայն դրանց սխեմատիկ նկարագրով՝ այն սկսելով առաջին` «նախապատրաստական փուլով», երբ կապիտալիստական հասարակարգի նեոմարքսիստա-ֆրեյդական և սոցիալական քննադատության ոգով պարուրված Ֆրանկֆուրտյան դպրոցի (Հորկհեյմեր, Ֆրոմ, Մարկուզե, Ադորնո, Հաբերմաս3), ինչպես նաև Լեֆևրի, Բարտի, Բոդրիյարի, Սարտրի, Ֆուկոյի և այլոց աշխատությունները լայնորեն տարածվում և սերտվում են ֆրանսիական ուսանողական, գոշիստական4 շրջանակներում՝ առանց այդ էլ բորբոքված հակապատերազմական ագիտացիայով և համակված ռոմանտիկ հեղափոխական ոգով:

Երկրորդ փուլը բուն ուսանողական շարժման սկիզբն էր, որն առավել ակնառու դրսևորում ստացավ «Մարտի 22-ի շարժման» տեսքով՝ ծնված հենց Նանտերի համալսարանում5: Հաջորդ` ռադիկալացման փուլը սկսվում է մայիսի 2-ին6 Փարիզում ծայր առած ուսանողական ցույցերից ու բողոքի ակցիաներից և ավարտվում մայիսի 10-ի «Բարիկադների գիշերով»: Այս փուլի հատկանշական գիծը պետք է համարել այն, որ չնայած բողոքի աղմկալի դրսևորումներին՝ դրանք ընդհանուր առմամբ պարփակված էին ուսանողական միջավայրում և տրոցկիստա-անարխիստական ու այլ մարգինալ շրջանակներում և դեռ արձագանք չէին գտել աշխատավորական լայն շերտերի շրջանում: Իրադրությունը փոխվեց մայիսի 10-ի արյունոտ գշերից հետո, երբ շարժմանը միացան Ֆրանսիայի հիմնական արհմիությունները: Դրանից հետո ցույցերը և բողոքի ակցիաներն ընդունեցին իրոք զանգվածային բնույթ, իսկ ուսանողների մշուշոտ կարգախոսների կողքին սկսեցին հայտնվել աշխատավոր դասի սոցիալ-տնտեսական իրավիճակը բարելավելուն ուղղված կոնկրետ պահանջներ, որոնք, սակայն, զուրկ էին հստակ ձևակերպված քաղաքական կամ համակարգային փոփոխության որևէ պահանջից:

Դեպքերի զարգացման կուլմինացիոն փուլը նշանավորվեց շարժմանը ֆրանսիական կոմունիստական կուսակցության միացումով, որից հետո բողոքի ակցիաներն ընդունեցին իրապես համազգային (նույնիսկ` միջազգային, տե՛ս Հավելված) բնույթ: Նաև այս փուլում ձևավորվեց իշխանությունների և ֆրանսիական կոմկուսի ու արհմիությունների միջև «գործարքն» այսպես կոչված «40-60-1000» բանաձևի շուրջ. այն է` 40-ժամյա աշխատանքային շաբաթ, թոշակի իրավունքը` 60 տարեկանից և 1000 ֆրանկ ամսական նվազագույն երաշխավորված աշխատավարձ, որին ի պատասխան՝ կոմունիստները և արհմիությունները պարտավորվում էին հետ կանչել մարդկանց փողոցներից: Ընդ որում, եթե արհմիությունների այսպիսի պրագմատիկ դիրքը հասկանալի և ընունելի էր «le Mai 1968» գաղափարական հայրերի, այդ թվում՝ նաև Բոդրիյարի համար (ի վերջո, արհմիությունները հենց դրա համար էլ ստեղծվել էին, որպեսզի պաշտպանեն աշխատավորների սոցիալ-տնտեսական իրավունքները), ապա այս գործարքին կոմունիստական կուսակցության մասնակցությունը, այսինքն՝ մի ուժի, որն իրեն ներկայացնում էր իբրև քաղաքական և հեղափոխական ավանգարդ, խոր վիրավորանք և հիասթափություն առաջացրեց ռադիկալ մտավորականների և գոշիստական ուսանողության շրջանում: Նրանցից շատերը խոսում էին «կոմունիստների դավաճանության» մասին7:

Ազգային ասամբլեայի արտահերթ ընտրություններով, որի արդյունքում աջակողմյան, ազգայնական և գոլիստական ուժերը ջախջախիչ հաղթանակ տարան գոշիստների և կոմկուսի նկատմամբ, Ֆրանսիայում ավարտվում է «le Mai 1968»-ը: Վրա է հասնում յուրօրինակ ռեակցիայի ժամանակաշրջանը, որը մենք համարում ենք Ֆրանսիայում մայիսյան դեպքերի եզրափակիչ փուլ: Այդ ժամանակ Ֆրանսիայում, մի փոքր ավելի վաղ` ԱՄՆ-ում, մի փոքր ավելի ուշ՝ ողջ Արևմտյան Եվրոպայում և շատ ավելի ուշ` նախկին ԽՍՀՄ-ում, Արևելյան Եվրոպայում ու աշխարհում, le Mai 1968-ի հասարակությանը փոխարինելու է գալիս «սպառողական հասարակությունը», «լիության հասարակությունը», «ներկայացման հասարակությունը»: Գի Դեբորի դառը ձևակերպմամբ՝ «ներկայացումների հասարակության դեմ ընդվզումը` ինքը դարձավ ներկայացում» [17] (տե՛ս Հավելվածը):

Պատկերավոր ասած` 1968թ. Փարիզյան փողոցների «40-60-1000» պահանջի իրականությանը, որն արդեն իսկ ենթարկված էր սիմուլյացիայի (իրական պահանջները շատ ավելի ռադիկալ էին, թեև չէին ձևակերպվել քաղաքական տեսնակյունից լակոնիկ և ընկալելի ձևով), փոխարինելու եկավ «90-60-90» իրականությունը: Այն է` իր, մոդել, «տենչանքի սպրդող օբյեկտ» դարձած կանացի գայթակղիչ մարմնի համամասնությունը:

2.5.1. Բոդրիյարը և շարժումը

Բոդրիյարի վերաբերմունքը 1968թ. մայիսի դեպքերին առաջին հայացքից հակասական է: Իր հուշերի բոլոր չորս հատորներում բացակայում է այս իրադարձություններին նրա ներգրավվածության մասին որևէ էական ակնարկ: Բազմաթիվ հարցազրույցներից մի քանիսում նա նշում էր, որ «մասնակցել է շարժմանն առաջին` «Մարտի 22-ի» փուլում»: Այլ հարցազրույցներում նա պնդում էր, որ ոչ մի կապ չի ունեցել Ֆրանսիայում մայիսյան իրադարձությունների հետ:

Ինչպես և միշտ Բոդրիյարի պարագայում, նրա գնահատականների այս հակասականությունը, թվացյալ է8: Իրականությունը, կարծում եմ, այն է, որ պրակտիկ տեսանկյունից Բոդրիյարը, իրոք, մասնակցություն չէր ունեցել 1968թ. իրադարձություններին այն կերպ, ինչպես դրանց մասնակցել էին, օրինակ, Ժ.Պ. Սարտրը, Ա.Լեֆևրը կամ Մ.Ֆուկոն (վերջինս նույնիսկ բարձրացել էր Սորբոնի բարիկադները): Նանտերի համալսարանում 1968թ. հունվարից մինչև ապրիլի վերջն ընթացող գործընթացներին նա մասնակցել էր գոնե միայն այնքանով, որ այդ ժամանակ դասավանդում էր այնտեղ ու բավական հայտնի դեմք էր գոշիստական ուսանողական շրջանակներում: «1968թ. մայիսի» պաստառներից և կարգախոսներից մի քանիսն ասես վերցված լինեին Բոդրիյարի «Իրերի համակարգը» գրքից կամ «Utopie» ամսագրում տպագրված նրա որոշ հոդվածներից9։

Միևնույն ժամանակ, Բոդրիյարը խորապես հիասթափված էր և' ձախ ռադիկալ երիտասարդական շրջանակներից, որոնք թերացան իրոք քաղաքական, համակարգային հեղափոխական պահանջներ ձևավորել ու ընկան անիմաստ անարխիայի և վանդալիզմի գիրկը, և' Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունից, որը թերացավ ստանձնել հեղափոխական ավանգարդի իր հայտարարած դերակատարումն ու գործարքի դիմաց կապիտալիստական ու ազգայնական ուժերի հետ (Բոդրիյարի հիասթափությունն առավել ակնհայտ կդրսևորվի նրա 1973թ. «Արտադրության հայելին» գրքում):

Սակայն «1968թ. մայիսի» նկատմամբ Բոդրիյարի առավել բնութագրական վերաբերմունքը կարելի է տեսնել գերմանական ամսագրերից մեկին տված հարցազրույցի հետևյալ հակիրճ ձևակերպման մեջ. «Այս իրադարձությունները [մայիսյան դեպքերը Ֆրանսիայում]` դասական օրինակ են այն բանի, թե ինչպես [մարդկանց] փոքրաթիվ մի խումբ կարողացավ զավթել և խեղաթյուրել շարժումը, «սիմուլյացիայի» ենթարկել իրականությունը»: Այս ձևակերպման տրամաբանությանը մենք դեռ կանդրադառնանք 80-ականների վերջին - 90-ականների սկզբին նեոկոնսերվատորների կողմից ԱՄՆ-ում «իշխանության զավթման» մասին Փ.Բյուքենենի պնդումները քննելիս: Մնում է ավելացնել, որ 1968թ. վերջից Բոդրիյարը խզում է հարաբերությունները ձախ ռադիկալ խմբավորումների և «Utopie» ամսագրի հետ:

2.5.2. 1968թ. և «Նոր Աշխարհակարգը». զուգահեռականներ

Ֆրանսիայում գրեթե 44 տարի առաջ ծավալվող իրադարձությունների նկատմամբ մեր հետաքրքրությունը պայմանավորված է ոչ միայն Բոդրիյարի մտքի կայացման վրա նրանց ադեցության տեսանկյունից, այլ ներկայումս աշխարհում ընթացող կարևորագույն գործընթացների հետ իրենց անմիջական կապով: Իրենց հերթին, դրանք անմիջական կապ ունեն մեր հոդվածի սկզբում բարձրացված երկու հարցերի հետ: Չխորանալով 2011թ. աշխարհում ծավալվող գործընթացների և «1968թ. մայիսի» համեմատական վերլուծությույան մեջ10՝ սահմանափակվենք միայն հետևյալ չորս հիմնական դիտարկումներով:

Առաջինն այն է, որ «1968թ. մայիսն» անմիջականորեն կապված է Արևմուտքի և Արևելքի զարգացած երկրներում կապիտալիստական հասարակարգի և բանկերի կողմից հասարակության ու աշխատավորների կեղեքման դեմ ուղղված ներկա բողոքի ակցիաների ու գործընթացների հետ` Նյու Յորքում և ԱՄՆ տասնյակ այլ քաղաքներում, Հռոմում, Մադրիդում, Փարիզում, Լոնդոնում, Մոսկվայում, Շանհայում և այլն (տե՛ս բնաբանը), թե՛ բովանդակային, թե՛ գաղախարախոսական և թե՛ կազմակերպչական առումներով: Դա կարելի է տեսնել «համաշխարհային սարդոստայնում», հոբելյանական 2008թ. սկսած՝ անարխիստական, տրոցկիստական, սիոնիստական, մարքսիստական և նման այլ կայքերում հայտնված և Ֆրանսիայի «1968թ. մայիսին» նվիրված անալիտիկ-պատմական ակնարկներում, «1968թ. մայիսը» վերակենդանացնելուն ուղղված այս ուժերի «գործողությունների ծրագրերում»: Ըստ էության, 2008թ. ի վեր մենք ականատեսն ենք (մասամբ) հենց այս ծրագրերի իրականացման:

Բացեք Youtube-ում բրիտանական հանրահայտ «Ռոլինգ սթոունզ» ռոք-խմբի 1968թ. թողարկած «Մուրացկանների բանկետը» (Beggars Banquet) ալբոմի հատկապես Մ.Ջագերի «Street Fighting Man» երգին նվիրված էջը (երգը Ջագերը գրել էր Փարիզում 1968թ. մայիսին ընթացող բախումների անմիջական ազդեցության տակ) և ընթերցեք այսօր` 2011թ. հոկտեմբեր-նոյեմբերին այստեղ զետեղված հարյուրավոր մեկնաբանությունները (ստորև, առանց թարգմանության ներկայացնում ենք առավել հաճախ կրկնվողները11): Զվարճալի է տեսնել այստեղ «Նոր Աշխարհակարգին» նետված անեծքները, հենց նոր աշխարհակարգի ստեղծմանն ու հաստատմանն ուղղված շարժման սրտից։ Բոդրիյարյան սիմուլյակրների գործունեության փառահեղ մի օրինակ է սա:

Սակայն ներկայումս ծավալվող գործընթացների և «le Mai 1968»-ի միջև առկա է նաև մի կարևոր տարբերություն. այն, որ նախ ԽՍՀՄ և սոցճամբարի փլուզումից հետո կոմունիստական կուսակցությունները, մանավանդ Արևմուտքի երկրներում, սրընթաց կորցրին իրենց հեղինակությունը և համակիրներին: Դրանք այլևս ունակ չեն ստանձնել այն դերակատարումը, որն ունեին 60-ականներին: Թուլացած է նաև ազգային արհմիությունների դերակատարումը: Այս հանգամանքը հանգեցնում է նրան, որ ներկայիս բողոքի գործընթացներն Արևմուտքի զարգացած երկրներում չեն ձևափոխվում և չեն կարող ձևափոխվել իրական զանգվածային շարժման: Դրանք ընդհանուր առմամբ քաոտիկ են և, հետևաբար` ենթակա տարբեր խեղաթյուրումների: Մասնավորապես, ԱՄՆ-ում այս շարժումն աջակողմյան և կոնսերվատիվ «Թեյի կուսակցության» (Tea Party) շարժման յուրօրինակ հակազդեցության փորձ է: Իսկ արաբական աշխարհում, ուր կոմկուսների և արհմիությունների դերակատարումը պատմականորեն այնքան էլ մեծ չէր, վակուումը լրացվում է իսլամական գործոնով, տարատեսակ «մահմեդական եղբայրություններով» և Արաբական լիգայի «տրանսնացիոնալ» գործառույթների ուժեղացմամբ:

2.5.3. «Le Mai 1968». ազգայինն ընդդեմ ապազգայինի

Մեր երկրորդ դիտարկումն այն է, որ այնպես, ինչպես խեղաթյուրման ենթարկվեց «le Mai 1968»-ը Ֆրանսիայում, նույն կերպ խեղաթյուրման է ենթարկվում նաև մերօրյա «բողոքական շարժումն» ընդդեմ կապիտալիզմի: Այն հեռացվում է ազգային ու միջազգայինի դաշտից և ուղղվում «տրանսնացիոնալ» կամ «ինտերնացիոնալ» դաշտ: Իրոք, եթե հակառակորդդ` բանկերը և կապիտալիստները, այլևս վերազգային են կամ «տրանսնացիոնալ», ապա պայքարը նրանց դեմ արդյունավետ լինելու համար նույնպես պետք լինի վերազգային, այսինքն` ոչ ազգային: Այս հանգամանքը հատկապես ընդգծված է արաբական աշխարհում 2010թ. վերջից տեղի ունեցած գործընթացներում, ուր հաջորդաբար ոչնչացվում են թիչ թե շատ կայացած և ընդգծված ազգային բնույթ ունեցող ռեժիմները` Եգիպտոս, Լիբիա և Սիրիա: Ահա սա է, մեր կարծիքով, կատարվող խեղաթյուրման բուն էությունը, ինչը և բերում է մեզ մեր հաջորդ` կենտրոնական դիտարկմանը «le Mai 1968»-ի խորքային բովանդակության վերաբերյալ:

Բանն այն է, որ «le Mai 1968»-ին նվիրված տասնյակ աշխատություններում, մանավանդ 2008-ից հետո հրապարակվածներում, դուք կկարդաք, որ «le Mai 1968»-ի մասշտաբային երևույթների էությունը Ֆրանսիայի ուսանողության և աշխատավոր դասի ընդվզումն էր ընդդեմ կապիտալիստական հասարակարգի: Մեր կարծիքով, այս պնդումը ճշմարտության միայն մեկ, այն էլ ոչ կարևոր մասն է՝ լավագույն դեպքում: Հակառակը, ամենևին չնսեմացնելով ֆրանսիական հասարակության աշխատավոր դասի (բայց ոչ ուսանողության) տարած հաղթանակը և դրանում արհմիությունների ու կոմկուսի դերակատարումը12, այնուամենայնիվ, կարծում ենք, որ Ֆրանսիայում 1968թ. և հատկապես հաջորդ` 1969թ. իրադարձությունների նպատակն էր կանխել ուժեղ, ազգային Ֆրանսիայի կայացումը: Առավել ևս` կանխել Արևմտյան Գերմանիայի հետ քաղաքական տանդեմի կայացումը, որում Ֆրանսիան հանդիսանում էր քաղաքական լիդեր: Առավել ևս` կանխել ուժեղ և ազգային Ֆրանսիայի՝ «տարբեր ազգությունների և ազգ-պետությունների միացյալ Եվրոպայի»13 քաղաքական սիրտ և կենտրոն դառնալը: Այլ խոսքերով՝ «le Mai 1968»–ի բուն էությունը Ֆրանսիայում ազգային և ապազգային ուժերի բախումն էր:

Այս պարզ իրողության հասարակ փաստումն անգամ, էլ չենք խոսում դրա ընդունման մասին, ուղղակի անտանելի է ամենատարբեր ուժերի համար: Ազգային զարթոնքը, ազգային մտածելակերպն արգահատելի են և օտար, օրինակ, ԱՄՆ Ազգային հետախուզական խորհրդի (NIC) վերլուծականների հեղինակների համար, այն անընդունելի է նաև ներկայիս տարատեսակ գլոբալ բյուրոկրատական կառույցների համար [18]: Այն արգահատելի է թե՛ գլոբալիստների, թե՛ հակագլոբալիստների համար: Վերջապես, այն անընդունելի է անարխիստական, նեոկոմունիստական և տրոցկիստական ամենատարբեր խմբավորումների համար: Հետաքրքիրն այն է, որ ազգային զարթոնքի երևույթների քողարկման, դրա անտեսման կամ նենգափոխման (սիմուլյացիայի) իրենց արարքներում բոլոր այս ուժերի մոտեցումները ծիծաղելիորեն միօրինակ են: Դիտարկենք հետևյալ տիպական օրինակը:

2008թ. մայիսի 2-ին ոմն պրն (ընկեր) Ա.Վուդս տրոցկիստական (բրիտանական) կայքում հետևյալ կերպ է վերլուծում «le Mai 1968»-ը և նախագահ դը Գոլի պարտությունն այս դեպքերից մեկ տարի հետո. «60-ականների վերջին նա [դը Գոլը] կորցրել էր ժողովրդականությունը: Նա իշխանության մեջ էր արդեն տասը տարի, նրա ուղիղ կապը Ֆրանսիայի ժողովրդի հետ արդեն թուլացել էր: Շատերը Ֆրանսիայում դիտում էին նրան որպես անախրոնիզմ, հետադեմ մի ուժ, որի գաղափարները և իդեալները ոչ կիսում էին, ոչ նույնիսկ հասկանում: Պատերազմից հետո ծնված սերնդի համար դը Գոլի իդեալներն այլևս համարժեք չէին: Ֆրանսիական մշակութային ավանդույթները խեղված էին 60-ականների երիտասարդական գլոբալ մշակույթով: 1967թ. ընտրություններում նա հաղթեց նվազագույն առավելությամբ, և արդեն 1968թ. մարտին Le Monde-ը իրավացիորեն կարող էր գրել. «La France s'ennuie» [«Ֆրանսիան ձանձրանում է»]. ահա այս ձանձրույթն էր և մի այլ Ֆրանսիա տեսնելու ցանկությունը, որը հանդիսացավ քաղաքական ասպարեզից դը Գոլի հեռացման պատճառը, և որին մենք կնվիրենք մեր հաջորդ դասախոսությունը» (ընդգծումը մերն է - Ա.Մ.)14: Ի դեպ, բավական է այս պարբերությունում փոխարինել դը Գոլի անունը` Մ.Քադաֆիով15 և Ֆրանսիան` Լիբիայով, ու դուք կստանաք 2011թ. սկզբից Լիբիային (Թունիսին, Ալժիրին, Եգիպտոսին, Սիրիային, Իրանին) նվիրված հարյուրավոր հոդվածների գաղափարախոսական շաբլոնը: Ինչևէ:

Չգիտեմ, թե ինչ է ասել իր խոստացած հաջորդ դասախոսությունում Ա.Վուդսը (այն կարդալու պատեհ առիթ այդպես էլ չունեցանք), սակայն գիտեմ, որ իր առաջին դասախոսության այս ձևակերպումը առնվազն մակերեսային է, իսկ իրականում՝ իրողությունները նենգափոխող: Նախ, բերված պարբերությունից հետևում է, որ Ա.Վուդսը վատ է տիրապետում դեպքերի ժամանակագրությանը: Իրոք, 1968թ. մարտին Le Monde-ի արձանագրած այս «ձանձրույթը» բոլորովին էլ չխանգարեց գոլիստներին և աջակողմյան ուժերին 1968թ. հունիսի 30-ին ջախջախիչ հաղթանակ տանել «ձախականների» և նույնիսկ կոմկուսի հանդեպ Ազգային ասամբլեայի ընտրությունների ժամանակ (տե՛ս Հավելվածը կամ գոնե Le Monde-ի 1968թ. հունիսյան համարները):

Եվ հետո, մինչև 1969թ. ապրիլի 27-ի «վստահության հանրաքվեն», որի արդյունքում դը Գոլը հավաքեց մոտ 11 մլն կողմ, բայց և մոտ 12 մլն դեմ ձայներ16, արդեն տեղի էին ունեցել շատ կարևոր իրադարձություններ` աշխարհաքաղաքական տեսանկյունից ավելի վճռորոշ, քան «1968թ. մայիսը»: Իրոք, նախագահ դը Գոլը` Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Ֆրանսիայի «դեմքն ու պատիվը» փրկած այս գեներալը, մինչև վերջ (գրեթե մինչև վերջ) տարավ իր ազգային քաղաքականությունը և Ֆրանսիան դարձրեց միջուկային երկիր` միջուկային «տրիադի» բոլոր անհրաժեշտ տարրերով (1968թ. օգոստոս), իր սիրելի Ֆրանսիայի համար ապահովելով պատշաճ տեղ աշխարհի «վճիռ կայացնող» երկրների ակումբում: Եթե 1945թ. ինչ-որ տեղ հասկանալի էր Գերմանիայի կապիտուլյացիայի պայմանագիրը ստորագրող ֆելդմարշալ Կեյտելի կծու դիտողությունը` «չգիտեի, որ մենք պարտվել ենք նաև Ֆրանսիային», ապա 1968թ. օգոստոսին այս հեգնանքն արդեն միանգամայն անտեղի կլիներ: Այնուհետև, դը Գոլը դուրս բերեց Ֆրանսիան ՆԱՏՕ ռազմական (և միայն ռազմական) դաշինքից (1963թ. հունվարի 21-ին նա դուրս բերեց ֆրանսիական ռազմածովային ուժերը ՆԱՏՕ հրամանատարությունից, իսկ 1966թ. մարտի 7-ին ստիպեց տեղափոխել ՆԱՏՕ գլխավոր հրամանատարությունը Ֆրանսիայից դուրս` Բրյուսել): 1963թ. հունվարի 22-ին նա ԳՖՀ կանցլեր Կ.Ադենաուերի հետ կնքեց ֆրանս-գերմանական համագործակցության պատմական դաշինքը, որը հիմք հանդիսացավ Արևմտյան Եվրոպայի հետագա միավորման համար՝ միևնույն ժամանակ հետևողականորեն սանձելով, իր խոսքերով՝ «անգլո-սաքսերի հեգեմոնիան մայրցամաքում»: Այնուհետև, երբ եկավ ժամանակը (1968թ. սեպտեմբերի 17-ին), նա սաստեց ԽՍՀՄ-ին (ԱՄՆ-ի և Մ.Բրիտանիայի հետ) Արևմտյան Գերմանիայի նկատմամբ ոտնձգություններ կատարելու մտադրությունից (տե՛ս Հավելված): Դը Գոլը վարժեցրեց Գերմանիային ընդունել եվրոպական գործերում Ֆրանսիայի քաղաքական առաջատարի դերակատարումը: Բացի այդ, նա ուղիղ և անկախ հարաբերություններ հաստատեց Ռումինիայի, Հարավսլավիայի, Ալբանիայի, Եգիպտոսի և մի շարք արաբական երկրների, ինչպես նաև Չինաստանի հետ (սկսած 1964թ. հունվարի 24-ից): Վերջապես, արձագանքելով «6-օրյա պատերազմի» իսրայելական ագրեսիայի իրողություններին (հին Երուսաղեմի, Գազայի հատվածի և այլ տարածքների զավթում)՝ նա 1969թ. հունվարի 6-ին արգելեց Իսրայելին ֆրանսիական զենք ու զինամթերք վաճառել և արգելափակեց այդ երկրի հետ ռազմատեխնոլոգիական համագործակցությունը: Սրանք էին դը Գոլի ֆրանսիական ազգային պետականության կառուցման գործում ձեռք բերած դարակազմիկ նշանակության նվաճումները: Այնպես որ, «ձանձրույթի» մասին խոսք անգամ լինել չի կարող:

Որքան էլ տարօրինակ թվա, հենց այս ազգային նվաճումներն էին դը Գոլի 1969թ. ապրիլի 27-ի պարտության աշխարհաքաղաքական, կիրառական պատճառները: Այս իրողությունն է, որ չեն տեսնում կամ չեն ուզում տեսնել Ա.Վուդսը և տասնյակ այլ «ձախական» վերլուծաբաններ: Ուժեղ, ինքնուրույն և ազգային Ֆրանսիան այդ ժամանակ (և հիմա նույնպես) բոլորովին էլ պետք չէր ոչ ԱՄՆ-ին, ոչ Մեծ Բրիտանիային, ոչ ԽՍՀՄ-ին, ոչ էլ Իսրայելին: Այս առումով «1968թ. մայիսը» վերապրած ֆրանսիական հասարակական կարծիքի վրա համապատասխան կերպով ներազդելն առանձնապես բարդ խնդիր չէր17: Դե, իսկ արաբական աշխարհի, Ռումինիայի, Հարավսլավիայի, նույնիսկ Չինաստանի (այդ ժամանակվա) և Արևմտյան Գերմանիայի աշխարհաքաղաքական կշիռը 1968-69թթ., իհարկե, որակ չէր կարող կազմել:

Վուդսից բերված պարբերությունը, սակայն, պարունակում է մեկ ճշգրիտ դիտարկում` յուրօրինակ խոստովանանք, էլ ավելի արժեքավոր՝ շնորհիվ այն բանի, որ հնչում է տրոցկիստի շուրթերից: Խոսքը, իհարկե, այն մասին է, որ «ֆրանսիական մշակութային ավանդույթները խեղված էին 60-ականների երիտասարդական գլոբալ մշակույթով», և որի հետևանքով բնակչության մի զգալի հատվածի համար դը Գոլի պես ազգային գործչի ֆիգուրն «ազգային հերոսից» դարձել էր այլևս «անաքրոնիզմ»: Այստեղ մենք տեսնում ենք, թե ինչպես է Ֆրանսիան` Արևմուտքի զարգացած այս առաջին երկիրը, ընկնում Ա.Գրամշիի «կոնտրկուլտուրայի» ահեղ, համակարգային, «ցանցային»` ինչպես կասեին այսօր, հարվածների տակ: 80-ականների վերջին - 90-ականների սկզբին հերթը կհասնի ԱՄՆ-ին («նեոկոնների» կողմից իշխանության զավթում) ու ԽՍՀՄ-ին (համակարգային փլուզում), 2004թ.` Իսպանիային (2004թ. մարտի 11-ի ահաբեկման ճնշման տակ պետության քաղաքական կուրսի ամոթալի փոփոխում), 2011թ.՝ Եգիպտոսին, Լիբիային և Սիրիային: Հերթի մեջ է Իրանը: Այս երևույթներին մենք դեռ կանդրադառնանք մեր հոդվածի հաջորդ մասում: 

2.5.4. Թուրքիան, Ռումբը և Մենք

Գանք 1968 և 2011թթ. կապի մասին մեր վերջին դիտարկմանը: Այն վերաբերում է Թուրքիային: Հայ-թուրքական հարաբերություններին և ԱՄՆ RAND կորպորացիայի փորձագետների կողմից ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների վերլուծությանը նվիրված մեր հոդվածում [13], առիթ ունեցել էինք ընդգծել, որ ԱՄՆ-ում Բ.Օբամայի նախագահ ընտրվելուց հետո ԱՄՆ-ի համար Թուրքիայի ռազմավարական նշանակությունը, հակառակ այդ ժամանակ տարածված տեսակետի, ոչ միայն չի թուլանա, այլ նաև կամրապնդվի նոր գործոններով18: Այդ հոդվածում բերում էինք Թուրքիայում հետագա զարգացումների՝ RAND-ի կողմից մշակված չորս հնարավոր սցենարները. 1. արևմտամետ Թուրքիա, 2. իսլամացող Թուրքիա, 3. ազգայնացող Թուրքիա, 4. ռազմական հեղաշրջում: Ընդ որում, ըստ RAND փորձագետների՝ կարճաժամկետ-միջնաժամկետ հեռանկարում ամենահավանականն էր համարվել «ազգայնացող Թուրքիա» սցենարը, իսկ հաջորդ հավանականը` «իսլամացող Թուրքիան»:

Հիմնականում համաձայնելով այս դիտարկման հետ՝ մեր հոդվածի ռուսերեն հրատարակման համար 2010թ. հոկտեմբերին կատարված հավելումում [13] ընդգծել ենք, որ Թուրքիայում իրական զարգացումներն ընթանում են, այսպես ասած, խառը` «իսլամա-ազգայնական» սցենարով: Այն ներառում էր Թուրքիայի հարաբերությունների վատթարացումը Իսրայելի և Սիրիայի հետ` կտրուկ, իսկ Հունաստանի և Կիպրոսի հետ` ավելի դանդաղ, ինչպես նաև որոշակի հեռացում ՆԱՏՕ-ից և ԵՄ-ից (բայց ոչ ԱՄՆ-ից): Այս տարվա մարտին գտնվեց այս խառը սցենարի անունը` «Թուրքական գոլիզմ» [20]: Ահա թե ինչպես է այն նկարագրում այս անվանման հեղինակներից մեկը` Օ.Թաշփընարը. «Թուրքական գոլիզմը համադրում է թե՛ նեոօսմանիզմի [սա RAND-ի «իսլամացող Թուրքիան» է - Ա.Մ.], թե՛ քեմալիզմի [սա RAND-ի «արևմտամետ Թուրքիան» է - Ա.Մ.] բազում հատկանշական տարրեր… այն օրեցօր ավելի է մարմնավորվում որպես Թուրքիայի արտաքին քաղաքականության յուրօրինակ` 3-րդ տեսլական»: Ընդ որում, շարունակում է Օ.Թաշփընարը, քաղաքական դաշտը Թուրքիայում գլխիվայր շուռ է եկել: Իրոք, վարչապետ Ռ.Էրդողանի AKP կուսակցությունը, լինելով «մեղմ իսլամիստական», իրականում շատ ավելի արևտամետ օրենքներ ընդունեց, քան դրանից առաջ վերջին քեմալիստական բոլոր կառավարությունները միասին վերցրած: Դեպքերի այսպիսի զարգացումից գոհ լինելու փոխարեն քեմալիստները, այնուամենայնիվ, շարունակում են թերահավատ մնալ Էրդողանի և AKP-ի վարած քաղաքականության հանդեպ: «Քեմալիստները հանգեցին այն եզրակացության, որ հետևողականորեն առաջ տանելով եվրաինտեգրման օրակարգը, խոսելով փոքրամասնությունների իրավունքների մասին և առաջ տանելով սահմանադրական և այլ բարեփոխումները՝ AKP-ն որդեգրել է այսպես կոչված taqiyya19 գործելակերպը, և իրականում քողարկում, սիմուլյացնում է իր հիմնական նպատակը»,- գրում է 2011թ. մարտի 8-ին Օ.Թաշփընարը ԱՄՆ հնագույն «ուղեղային կենտրոն» հանդիսացող Բրուքինգս հաստատության համար իր հոդվածում [21]: Այս ամենի իրական նպատակն է «քաղաքական իսլամի համար լուրջ պատնեշ հանդիսացող և իրոք արևմտամետ քեմալիստակաների և ռազմական վերնախավի թուլացումը»20:

Եվ դրա համար ներկա իրավիճակում չկա ավելի արդյունավետ քայլ, քան քեմալիստներին (բայց ոչ մի դեպքում` Թուրքիային) մեղադրել Թուրքիայի անցյալի մութ էջերի համար: Ընդ որում, այս իրավիճակը ճիզվիտային «սիմուլյակրի» հնարավորություններ է բացում Թուրքիայի ներկայիս իշխանությունների համար` «ներողություն խնդրել» առանց ներողություն խնդրելու, թուլացնել քեմալիստներին` առանց Թուրքիան թուլացնելու, օգտագործել «Սևրի սինդրոմը»21՝ առանց վտանգելու երկրի ամբողջականությունը, պահպանել իշխանությունը և «օրինակ հանդիսանալ արաբական աշխարհի համար»` առանց քեմալիստներին ոտքի հանելու, մեղմելու քրդական շարժումը` առանց հեռուն գնալու:

Իրոք, 2011թ. նոյեմբերի 23-ին AKP կուսակցության հավաքի ժամանակ Թուրքիայի վարչապետ և նշյալ կուսակցության առաջնորդ Ռ.Էրդողանը, թափահարելով ձեռքին եղած թերթիկները, հարկ համարեց անդրադառնալ 1937-38թթ. Դերսիմի կոտորածներին: «Այստեղ, փաստաթղթերում տրվում է Դերսիմում կատարված զինված միջամտության հանրագումարը։ Առդիրում էլ մի աղյուսակ կա, որտեղ ներկայացված է մահացածների, կենդանի հանձնվածների թվաքանակը։ Այս պաշտոնական փաստաթղթում նշված է նաև, որ 1936-37-38-39թթ. ընդհանուր առմամբ սպանվել է 13806 հոգի»,- գոչում էր Էրդողանը և շարունակում. «Փաստաթղթի տակ եղած ստորագրությունն էլ է հետաքրքիր, ստորագրողն է Ֆաիք Օզտրաքը, այսինքն՝ այն ժամանակվա ներքին գործերի նախարարը։ ...1938թ. դեկտեմբերի 23-ին միայն Թունջելիի շրջանից 11683 հոգի, այնուհետ 2000 մարդ է աքսորվել, և այդ որոշումը կայացվել է նախարարների խորհրդի կողմից։ Իսկ գիտեք ո՞վ էր այն ժամանակվա վարչապետը` Ջելալ Բայարը: Իսկ նախագահն էր, փարդոն, ինքը` Իսմեթ Ինանյուն»:

Եվ այստեղ Էրդողանը տալիս է մի հարց, որը, անկեղծ ասած, չեմ հասկանում, թե ինչու հայրենական և սփյուռքահայ մամուլի էջերում հսկայական ալիք բարձրացրեց: Նա հարցնում է. «Մի՞թե սրա համար ես պիտի ներողություն խնդրեմ: Հարգելի Քըլըչդարօղլու22, հիմա ո՞ւր ես փախչելու, սրանից ո՞ւր ես ծլկելու։ Ես եմ ներողություն խնդրելո՞ւ, [թե՞ դու]։ Եթե պետության անունից ներողություն է խնդրվելու, եթե այդպիսի պրակտիկա կա գրանցված գրականությունում՝ կխնդրեմ, խնդրում եմ»,- սրտնեղում էր Էրդողանը:

Այս ամենն ինձ հիշեցրեց Վ.Ուլյանովին, որը սրտնեղում էր ներողություն խնդրել իր երկրում կայսերական Գերմանիայի հյուպատոս կոմս Միրբախի սպանության համար: «Ով որ խփել է23, թող նա էլ գնա ներողություն խնդրի»,- փնթփնթում էր Լենինը 1918թ. հուլիսի 6-ին: Ավելի ճշգրիտ` Լենինի դերը կատարող դերասան Կայուրովը «Հուլիսի 6-ը» ֆիլմ-սիմուլյակրում24: Դե, իսկ եթե լուրջ` բա էլ ո՞վ պիտի ներողություն խնդրի, Գյուլնազ տա՞տը: Թե՞ Թուրքիայի Հանրապետության վարչապետն ու նախագահը: Եթե ավելի լուրջ, մեզ կամ զազաներին, հույներին, քրդերին առհասարակ պե՞տք է այսպիսի կամ դրա նման մի «ներողություն»: Օրինակ` «կներեք, հայեր: Էս էլ ձեզ մի երկու կոպեկ»: Ու սա` լավագույն դեպքում: Եվ արդեն իսկապես լուրջ` «Ի՞նչ ենք անելու մենք, եթե Թուրքիան ներողություն խնդրի» [22]:

Վերջապես, մեզ այստեղ հետաքրքրող տեսանկյունից չափազանց ուշագրավ է Թաշփընարի նաև հետևյալ, կարծում եմ` սենսացիոն պնդումը. «Ինչպես և 60-ակաների Ֆրանսիան դը Գոլի օրոք, Թուրքիան նույնպես կարող է ձեռնամուխ լինել իր ռազմավարական «հարվածային ուժի» (force de frappe), այն է` միջուկային զսպման կարողությունների գոյացմանը և ուրույն realpolitik-ի կերտմանը, ինչպես Չինաստանը, Հնդկաստանը և Ռուսաստանը: [Ֆրանսիայի օրինակով] Թուրքիան նույնիսկ կարող է լքել ՆԱՏՕ դաշինքի ռազմական համակարգը՝ պահպանելով քաղաքական համագործակցությունն այս կազմակերպության հետ» [21, p. 16]:

1968թ. մայիսի 28-ի ուշ երեկոյան, երկյուղած ու շփոթված ծավալվող իրադարձությունների մասշտաբներից, դրանց հակագոլիստական և հակազգային բնույթից, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, «ժաննա դ’Արկ» ավիակրի նավապետ, ծովակալ Ֆ.Ֆլոիկը նախագահի հետ կիսեց իր մտահոգությունները, ի պատասխան լսելով դը Գոլի հետևյալ բառերը. «Մի տագնապիր, իմ Ֆլոիկ, կոմունիստները սրանց կսանձեն» [23, p. 299]:

Հոդվածիս այս բաժինը կցանկանայի ավարտել մեր հիմնական երկու հարցերը ճշգրտող երկու լրացուցիչ հարցով. ո՞վ կսանձի մեր տարածաշրջանում այս էլ 18 տարի Հայաստանը շրջափակման մեջ պահող գոլիստական Թուրքիային, 2023թ. հավանական է միջուկային զենք ունեցող Թուրքիային: Եվ ինչպե՞ս է հնարավոր Հայոց եղեռնի ճանաչումը գոլիստական Թուրքիայում` 2015թ., կամ միջուկային և գոլիստական Թուրքիայում` 2023թ.:

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

Սեպտեմբեր-նոյեմբեր, 2011թ.

Աղբյուրներ և գրականություն

  1. Մարջանյան, Ա., Ազգային անվտանգությունը գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների դարաշրջանում, «Նորավանք» ԳԿՀ, «21-րդ ԴԱՐ», #1 (35), 2011թ., էջ 30-60:
  2. Հարությունյան Գ., Հայկական նոր պետականություն. կայացում և մարտահրավերներ, «Նորավանք» ԳԿՀ, «21-րդ ԴԱՐ», #6 (40), 2011թ., էջ 5-30:
  3. Jarry, Alfred, Guignol. L'Écho de Paris littéraire illustré, 28 April, Paris, 1893.
  4. Jarry, Alfred, Gestes et opinions du Docteur Faustroll, pataphysicien. II, viii. Paris, Gallimard, 1980.
  5. Ангаладян Рубен, От Армянина через 89 лет, «Анив» №5, 2009.
  6. Brecht, Bertolt, Dialogues d'exiles. Paris, L'Arche, 1956 (Translators: Baudrillard, Jean, Gilbert Badia.)
  7. Brooker, Peter, "Key Words in Brecht's Theory and Practice of Theatre", 1994.
  8. Weiss, Peter. La Persécution et l'assassinat de Jean-Paul Marat: représentes par le groupe théâtral de L'hospice de Charenton sous la direction de Monsieur de Sade: drame en deux actes. (Translator: Baudrillard, Jean). Paris, Seuil. 1965. Weiss, Peter. Discours sur la genèse et le déroulement de la très longue guerre de libération du Vietnam: illustrant la necessité de la lutte armée des opprimés contre leurs oppresseurs ainsi que la volonté des États-Unis d'Amérique d'anéantir les fondements de la révolution. (Translator: Baudrillard, Jean), Paris, Seuil, 1968.
  9. Mühlmann, Wilhelm E. Messianismes révolutionnaires du tiers-monde. (Translator: Baudrillard, Jean), Paris, Gallimard, 1968.
  10. Lefebvre, Henri, Critique de la vie quotidienne, Paris, 1947; Lefebvre, Henri, Le Droit à la ville. Paris, Anthropos, 1968; Lefebvre, Henri, La production de l’epace, Paris, Anthropos, 1974.
  11. Barthes, Roland, Système de la mode. Editions du Seuil, Paris, 1967 (Барт, Р., Система Моды, Статьи по семиотике культуры, М., Издательство им. Сабашниковых, 2003).
  12. Baudrillard, Jean. Le système des objets. Paris, Gallimard. 1968. (The System of Objects, London: Verso, 1996.; Система вещей. М.: 2001).
  13. Մարջանյան Ա., RAND կորպորացիան և մենք. Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, «Նորավանք» ԳԿՀ, «21-րդ ԴԱՐ», #3(31), 2010թ., էջ 14-45: Марджанян А., Корпорация RAND и мы: Армяно-турецкие взаимоотношения, НОФ Нораванк, «21-й ВЕК», #2(18), 2011г.
  14. Baudrillard, Jean. Simulacres et Simulation. Paris, Coll. Débats. Galilée. 1981. (Simulacra and Simulation, Ann Arbor: The University of Michigan Press. 1994.; Simülakrlar ve Simülasyon, Doğu Batı Yayınları, 2003).
  15. Jameson, Fredric, Postmodernism or the Cultural Logic of Late Capitalism. Durham: Duke University Press, 1990.
  16. Buchanan, Patrick, The Death of the West. St Martin’s Press, 2002. (Смерть Запада. М.: Аст, 2003).
  17. Debord, Guy, La société du spectacle. Paris, 1967. (The Society of the Spectacle, Zone Books 1995; Дебор, Ги, Общество спектакля. М.: «Логос», 1999).
  18. Марджанян А., Наше будущее – глазами NIC, НОФ Нораванк, «21-й ВЕК», #3, 2009г.
  19. Սարգսյան Սերգեյ, Թուրքիան ԱՄՆ ՀՀՊ համակարգում: 10.10.2011: http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=6039: Տեր-Հարությունյան Արտաշես, ԱՄՆ Հակահրթիռային պաշտպանության համակարգի աշխարհաքաղաքական նշանակությունը: 10.11.2011: http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=6110&sphrase_id=11017
  20. Taşpinar, Ömer, The Rise of Turkish Gaullism: Getting Turkish-Aamerican Relaitions Right. Insight Turkey, v. 13, No. 1, 2011.
  21. Taşpinar, Ömer, The Three Strategic Visions of Turkey. Brookings Institution, Center on the US and Eourope. March 8, 2011.
  22. Հարությունյան Գ., Ասենք Թուրքիան ներողություն խնդրեց, իսկ մենք ի՞նչ ենք անելու հաջորդ օրը. 22.04.201: http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=5725
  23. Alexandre, P., L'Elysée en péril: Les coulisses de Mai 68. Fayard, Paris, 1969.

ՀԱՎԵԼՎԱԾ

(Նկարներում 1968թ. Տոկիո, Մադրիդ, Հռոմ)

1960-ականների երկրորդ կեսերն աշխարհում

60-ականների 2-րդ կեսին ողջ թափով ընթանում էր Վիետնամական պատերազմը, 1968թ. հունվարի 1-ի դրությամբ Վիետնամում ԱՄՆ ռազմուժի թվաքանակը հասավ կես միլիոնի: Թարմ էին հիշողությունները Կարիբյան հրթիռամիջուկային ճգնաժամի մասին: Կուբայի և ԽՍՀՄ օժանդակմամբ նոր թափով ընթանում էր Լատինական Ամերիկայի երկրներ «հեղափոխության արտահանման» գործընթացը: 1967թ. հոկտեմբերի 9-ին Բոլիվիայում սպանվել էր լեգենդար կոմանդանտե Չե Գևարան: 1968թ. ապրիլի 4-ին Մեմֆիսում (ԱՄՆ) սպանվում է ԱՄՆ սևամորթների իրավունքների շարժման ղեկավար և առաջնորդ Մարտին Լ. Քինգը, իսկ հուլիսի 5-ին Լոս Անջելեսում սպանվում է Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ռ.Քենեդին՝ մինչ այդ սպանված նախագահ Ջ.Քենեդու եղբայրը:

Նոր էր ավարտվել Իսրայելի 6-օրյա պատերազմը Եգիպտոսի, Սիրիայի, Հորդանանի, Լիբանանի և Իրաքի դեմ, որի արդյունքում Իրսայելը գրավել էր հին Երուսաղեմը, Գազայի հատվածը և Սինայի թերակղզին (1967թ. հունիս): Տեղի էին ունեցել անգլո-արաբական ռազմական բախումներն Ադենում (Եմեն), իսկ 1967թ. օգոստոսի 25-ից սկսվել էր այստեղից բրիտանական զորքերի դուրսբերումը: 1968թ. փետրվարի 27-ին Արաբական էմիրությունները հայտարարեց Բրիտանիայից անկախ ֆեդերացիայի ստեղծման մտադրության մասին: 1968թ. կեսերից ուժգնանում է անկախության պայքարը Լիբիայում. 1969թ. սեպտեմբերի 1-ին Մ.Քադաֆին գահընկեց կանի Լիբիայի արքա՝ Բրիտանիայի դրածո Իդրիսին, հոկտեմբերի 1-ին կպահանջի բրիտանական բոլոր ռազմակայանների անհապաղ փակումը, իսկ դեկտեմբերի 27-ին կհայտարարի Եգիպտոսի և Սուդանի հետ Լիբիայի Խորհրդային միության դաշինքի կնքման մասին: 1967թ. Լիմասոլում (Հունաստան) վերսկվել էին ռազմական գործողությունները թուրքական և հունական ռազմուժի միջև: Ռազմական հեղաշրջման միջոցով Հունաստանում իշխանության էին եկել «Սեր գնդապետները» (1967թ. ապրիլի 21): Ողջ 1968թ. ընթանում էին Կիպրոսի հույն և թուրք համայնքների միջև անպտուղ բանակցությունները: Կիպրոսը կանգնում է թուրքական ռազմական ներխուժման վտանգի առջև (այն կիրականանա 1974թ. հուլիսի 20-ին):

1967թ. հունվարի 26-ին Պեկինում երիտասարդ խունվեյբինները («կարմիր պահապանները») բռնագրավել էին ԽՍՀՄ դեսպանությունը: Մայիսի 18-ին այստեղ անցան բազմահազարանոց ցույցեր ընդդեմ Հոնկոնգի անգլիական պատկանելության: Հունիսի 17-ին Չինաստանը հայտարարեց իր առաջին ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին: Հուլիսի 22-ին Պեկինում գնդակոծվեց ՄԲ դեսպանատունը: Սեպտեմբերի 12-ին սկսվեցին ռազմական ընդհարումները Տիբեթում` Հնդկաստանի սահմանին: Ինդոնեզիան, Մալայզիան, Սինգապուրը, Թաիլանդը և Ֆիլիպինները հայտարարեցին ACEAN ռազմաքաղաքական բլոկի ստեղծման մասին, որը կոչված էր կանխել կոմունիզմի տարածումը, Հնդկաչինում և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում պահպանել արևմտյան շահերը: 1968թ. հունիսի 19-ին Հնդկաստանը մեղադրում է Չինաստանին և Պակիստանին Նագալենդ և Միզորամ նահանգներում հակամարտության հրահրման մեջ: Հաջորդ տարի՝ 1969թ. մարտի 1-ին, Ուսսուրի գետի վրա սկսվում են սահմանային ընդհարումները Չինաստանի և ԽՍՀՄ-ի միջև: Օգոստոսի 13-ին ԽՍՀՄ ռազմուժը ներխուժում է Չինաստանի Սինցզյան նահանգ:

1967թ. հունվարի 28-ին ԽՍՀՄ-ը բողոքի նոտա էր ներկայացրել Պոտսդամյան համաձայնագրերի տակ ստորագրած բոլոր երկրներին՝ մեղադրելով Արևմտյան Գերմանիայի իշխանություններին նեոնացիզմի և միլիտարիզմի սատարման մեջ: 1968թ. հունվարի 8-ին Ա.Դուբչեկն ընտրվում է Չեխոսլովակիայի կոմկուսի առաջին քարտուղար, մայիսի 14-ին հայտարարվում է ծավալուն լիբերալ ռեֆորմների մեկնարկի մասին: Հուլիսի 16-ին ԽՍՀՄ, Արևելյան Գերմանիայի, Բուլղարիայի, Հունգարիայի և Լեհաստանի ղեկավարները հայտարարում են չեխոսլովակյան ռեֆորմների անընդունելիության մասին: Օգոստոսի 20-ին Վարշավյան պակտի երկրների ռազմուժը նեխուժում է Չեխոսլովակիա: Հարավսլավիան և Ռումինիան համատեղ հայտարարությամբ բողոքում են այս ներխուժման դեմ: Չինաստանը նույնպես դատապարտում է այս ներխուժումը, իսկ 1968թ. սեպտեմբերի 12-ին Ալբանիան դուրս է գալիս Վարշավյան պակտի կազմակերպությունից և օրենսդրորեն արգելում բոլոր կրոնական կազմակերպությունները՝ դառնալով աշխարհում առաջին պաշտոնապես աթեիստական երկիրը: Ավելի ուշ՝ 1969թ. փետրվարի 1-ին, Հարավսլավիայի և Ռումինիայի ղեկավարները հայտարարում են երկրների ազգային շահերի հանդեպ միջազգային կոմունիստական շարժման շահերի գերակայման «Բրեժնևի դոկտրինից» հրաժարվելու մասին:

1968թ. սեպտեմբերի 2-ին ԽՍՀՄ-ը վերջնագրով պահանջում է, որպեսզի Արևմտյան Գերմանիան դադարեցի արևելաեվրոպական երկրների գործերին միջամտելը և սպառնում է ներխուժմամբ: Սեպտեմբերի 17-ին ԱՄՆ-ը, Բրիտանիան և Ֆրանսիան նախազգուշացնում են ԽՍՀՄ-ին նման քայլի դեմ: Սեպտեմբերի 27-ին ԽՍՀՄ-ը հայտարարում է կոմունիստական կուսակցությունների ղեկավարների հանդիպման հետաձգման մասին (նախատեսված էր նույն տարի նոյեմբերին): 1968թ. հոկտեմբերի վերջին ինքնասպան եղան Արևմտյան Գերմանիայի անվտանգության մարմինների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, որից հետո ԳՖՀ-ում սկսվեցին պետական ծառայողների լոյալության զանգվածային ստուգումները: Դեկտեմբերի 8-ին ԱՄՆ նավատորմի երկու հածանավ մտնում են Սև ծով: Հաջորդ օրն այս կապակցությամբ ԽՍՀՄ-ը հանդես է գալիս բողոքի նոտայով:

1968-ը Ֆրանսիայում

Մի փոքր պարզեցնելով դեպքերի ընթացքը՝ կարելի է ասել, որ le Mai 1968-ը Ֆրանսիայում «սկսվեց» դեռ հունվարին` հենց Նանտերի համալսարանում, ուր դասավանդում էին Բոդրիյարը և ինքը` մետր Լեֆևրը: Հունվարի 8-ին այստեղ պետք է բացվեր համալսարանի նոր ու արդիական լողավազանը: Բացմանը եկել էր մասնակցելու Ֆրանսիայի երիտասարդության և սպորտի նախարարը: Արարողության ժամանակ նրան է մոտենում Դենի Կոն (Կոեն) Բենդիթ անունով մի 23-ամյա ուսանող ու բավական ընկերավարի խնդրում նախարարին վառել իր գլանակը: Այնուհետև, անբռնազբոս կերպով նա պահանջում է նախարարից թույլատրել, որ ուսանողներն անարգել այցելեն ուսանողուհիների հանրակացարան` ամեն օր և օրվա ցանկացած ժամին: Այս արարքով «կարմիր Դենին» (ինչպես այդ ժամանակ նրան անվանում էին անարխիստական ֆեդերացիայի յուրայինները` կրակե կարմիր մազերի և քաղաքական դիրքորոշման համար) կամ «Դենի-բանդիտը» (ինչպես նրան անվանում էին հակառակորդները) անմիջապես դարձավ Նանտերի համալսարանի լիբերալ ուսանողության հերոս և առաջնորդ25:

«Կարմիր Դենիի» այս դեմարշից հետո դեպքերը սկսեցին զարգանալ աճող արագությամբ: Հունվարի 26-ին Կաննում տեղի ունեցան բախումներ ոստիկանության և ռադիկալ երիտասարդական խմբավորումների միջև: Փետրվարի սկզբին Ֆրանսիայի գրեթե բոլոր համալսարաններում կոմունիստական խմբավորումների ջանասեր օժանդակմամբ ստեղծվեցին հակապատերազմական (հյուսիսվիետնամամետ և հակաամերիկյան26) ուսանողական և հասարակական կոմիտեներ: Փետրվարի 7-ին և 13-ին Փարիզում անցան պատերազմամետ, հակակոմունիստական, ինչպես նաև հակապատերազմական ու հակաամերիկյան ցույցեր: Ընդ որում, այս երկրորդի ժամանակ արձանագրվեցին ոստիկանության հետ ծավալուն ընհարումներ: Հաջորդ օրը Ֆրանսիայի բազմաթիվ համալսարաններում արձանագրվում են բողոքի արտահայտության դեպքեր: Հիմնական պահանջներն էին՝ խոսքի և ինքնարտահայտման ազատություն, կամպուսային ռեժիմի թուլացում, որոնք ուղեկցվում էին հակաամերիկյան և հակապատերազմական հայտարարություններով: Մարտի 19-ին Ամյենում գումարված ուսանողական կոնվենտը փորձում է ձևակերպել ուսումնական ոլորտի ռեֆորմի հիմնական պահանջները: Իր շուրջը համախմբելով մոտ 150 առավել ռադիկալ ուսանողների՝ Կոն Բենդիթը մարտի 22-ին գրավում է Նանտերի համալսարանի վարչական շենքը՝ համալսարանի ղեկավարությանը ներկայացնելով ռեժիմի թուլացման, քաղաքական ցենզուրայի վերացման և ուսանողական կյանքի ազատականացման իրենց պահանջները: Այս միջադեպից ծայր առավ «Մարտի 22-ի» ուսանողական շարժումը: Ապրիլին տեղի ունեցած իրադարձությունների համար չափազանց կարևոր էին Գերմանիայում 1968թ. ապրիլի 12-ին ուսանողական ակտիվիստ Ռ.Դուշկեի (Rudi Dutschke) նկատմամբ կատարված մահափորձը: Այդ լուրն արագ Նանտեր բերեց Դ.Բենդիթը: Ապրիլի 2-րդ կեսին նա կազմակերպեց նաև ԳՖՀ Ուսանողների սոցիալիստական միության ղեկավար Կ.Դ. Վոլֆի (Karl Dietrich Wolff) ելույթը Փարիզում` Սորբոնի ուսանողների լսարանի առջև: Հաջորդ օրերին լուրեր են սկսում տարածվել, որ Դ.Բենդիթը ձերբակալված է, իսկ Նանտերի համալսարանի վարչական շենքի «զավթման» ակտիվիստները հեռացված են համալսարանից:

Այս կապակցությամբ ուսանողական բողոքի ակցիաները տեղափոխվում են Փարիզ: Մայիսի 2-ին անկարգություններից հետո փակվում է Նանտերի համալսարանի հումանիտար ֆակուլտետը: Հաջորդ օրը նշանավորվում է Փարիզում առաջին մասշտաբային բախումով ուսանողների և ոստիկանության միջև, երբ վերջիններս փորձում են ազատել գրավված Սորբոնի համալսարանը: Այդ օրը ելույթներն ընդունեցին ընդգծված հակակառավարական և հակադըգոլյան բնույթ՝ հիմնականում անարխիստների, տրոցկիստների և մաոիստների ազդեցության ներքո: Ֆրանսիական կոմկուսի քաղբյուրոյի անդամ Ժ.Մարշեն այդ օրը Յումանիտե-ում հետևյալ կերպ է բնութագրում ընդվզած ուսանողական զանգվածին. «սրանք պարզապես անարխիստներ են… կապիտալիստների և խոշոր բուրժուաների «ոսկյա տղաներ», որոնք շատ արագ կմոռանան այս ամենը և կկորցնեն իրենց ողջ հեղափոխական ավյունը, երբ իրենց հերթը հասնի պապաների բիզնեսին տիրանալու: Այդժամ նրանք նույն հաջողությամբ կսկսեն շահագործել աշխատավոր դասին»: Ֆրանսիական լրատվամիջոցներն սկսեցին ներկայացնել Կոն Բենդիթին իբրև ուսանողական շարժման լիդերներից մեկը27, հավասար այնպիսի իրական լիդերներին, ինչպիսիք էին Ֆրանսիայի ուսանողների ազգային միության (Unef) Ժակ Սավաժոն (Jacques Sauvageot), տրոցկիստ Ալեն Կրիվինը (Alain Krivine), Բարձրագույն կրթության ազգային միության (Snesup) ղեկավար Ալեն Գեյսմարը (Alain Geismar) կամ Կոմունիստ-հեղափոխականների լիգայի (LCR) հիմնադիր Դանիել Բենսաիդը (Daniel Bensaïd): Հիշյալ հոդվածում Մարշեն նույնիսկ անվանել էր Կոն Բենդիթին «անհասկանալի ծագումով գերմանացի անարխիստ ոմն Բենդիթ»՝ ակնարկելով Բենդիթի ոչ ֆրանսիական քաղաքացիությունը, հրեական ծագումը և անընդմեջ վոյաժներն Արևմտյան Գերմանիա28: Հաջորդ օրն ուսանողական ելույթներում ավելացավ ևս մեկ կարգախոս` «Nous sommes tous les juifs allemands» (մենք բոլորս էլ գերմանացի հրեաներ ենք):

Այստեղ անհրաժեշտ է մի լրացում անել: Բանն այն է, որ «Մարտի 22-ի շարժմանը» նվիրված գրեթե բոլոր ուսումնասիրությունները կենտրոնանում են Դ.Կ. Բենդիթի հյութեղ ֆիգուրի վրա, լավագույն դեպքում` նշում «Noir et Rouge»29 ամսագրին հարող շրջանակների և ուսանողական անարխիստական կազմակերպությունների դերակատարումը: Սակայն ծավալվող իրադարձություններում մեծ էր սիտուացիոնիստների ազդեցությունը, «բարկացածների» խմբի («enrages») և դրա ղեկավար Ռ.Ռեյզելի (Rene Reisel) դերակատարումը: Իսկ գաղափարախոսական և ուսանողական շարժման վրա ընդհանուր ներազդման տեսանկյունից չափազանց կարևոր նշանակություն ունեին Սիտուացիոնիստական ինտերնացիոնալի (SI, ՍԻ) հիմնադիր Գի Դեբորի (Guy Debord) գործունեությունն ու աշխատությունները: Հանգամանք, որը մինչև 90-ականների կեսերը հետևողականորեն անտեսվում էր30:

Դեբորը ՍԻ-ն հիմնադրել էր դեռ 1957թ.՝ տարանջատվելով մաոիստական ընդհանուր շարժումից: Նա իր շուրջը միավորեց այնպիսի վառ անհատականությունների, ինչպիսիք էին 1956թ. հունգարական հեղափոխության հերոս, ճարտարապետ Ա.Քոթանիին (Attila Kotanyi), դանիացի նկարիչ Ա.Յորնը (Asger Jorn), որը հետագայում կհիմնադրի «Համեմատական վանդալիզմի սկանդինավյան ինստիտուտը», Լետրիստների ինտերնացիոնալը և նրա հիմնադիր Ի.Իզուն (Isidore Isou, նույն ինքը` Ի.Գոլդշտեյնը), իմաժինիստական Բաուխաուս միջազգային շարժումը, Լոնդոնի փսիխոաշխարհագրական ասոցիացիայի հիմնադիր և միակ անդամ Ռ.Ռամնին (Ralph Rumney) և այլն31: Դեռ 1966թ. ՍԻ անդամները գրավում են Ստրասբուրգի համալսարանը և այնտեղ կազմակերպում ուսանողական անմիջական ինքնակառավարում: Այս միջոցառման կազմակերպման մեջ մեծ էր ՍԻ անդամ թունիսցի ակտիվիստ Մուսթաֆայի (նույն ինքը` Օմար Հայաթի, Omar Khayati) դերակատարումը: Սա Արևմուտքում ուսանողների կողմից համալսարանի գրավման առաջին դեպքն էր, և որոշ մեկնաբանների կարծիքով՝ այն նշանավորեց ողջ Արևմուտքում «ուսանողական ապստամբության» սկիզբը: Բայց ամենակարևորը Դեբորի «Ներկայացման հասարակություն» գիրքն էր, հրատարակված 1967թ. Փարիզում [17]32: 221 առանձին աֆորիզմներից և պնդումներից բաղկացած այս մարգարեական գիրքը մեծապես պայմանավորեց բոդրիյարյան մտքի կայացումը, ինչն ակնհայտ է 1970-ից հետո հրատարակված նրա գրեթե բոլոր աշխատություններում ու չափազանց հոգեհարազատ 80-90-ականների նրա աշխարհզգացողությանը:

Դեբորի ձևակերպմամբ՝ «ներկայացումը գաղափարախոսություն է par excellence (այսինքն` առաջին հերթին և ամենից վեր): Այն ներառում է բոլոր գաղափարախոսությունների ամենաբնորոշ հատկանիշը` իրական կյանքի միօրինակեցումը, սնանկացումը և մերժումը» ([17], N 215): «Արդի արդյունաբերության վրա հիմնված հասարակությունը տեսարժանորեն ներկայացումային է ոչ թե պատահականորեն, այլ հիմնովին և ներքուստ թատերականացված է: Այս ներկայացման մեջ, որն իշխող տնտեսական համակարգի պատկերն է, նպատակը ոչինչ է, զարգացումը` ամեն ինչ: Ներկայացումը ինքնանպատակ է» ([17], N 14): Նա տարբերակում է «ներկայացման հասարակությունների» երկու տիպ: Առաջինը, այսպես կոչված, «ցրված», դիֆուզ «ներկայացման հասարակություն» է, որը բնորոշ է Արևմուտքի զարգացած երկրներին: Իսկ ԽՍՀՄ-ին, Չինաստանին և մի շարք այլ երկրների բնորոշ է «խտացված», կոնցենտրացված «ներկայացման հասարակությունը»33: Դեբորի սուր քննադատությունն ուղղվում է նաև անարխիստական և տրոցկիստական ուժերի դեմ: Ասես կանխազգալով մի տարի հետո Ֆրանսիայում ծավալվելիք դեպքերը՝ նա այս ուժերին մեղադրում է այն բանում, որ դրանք «կարծում և իրենց գործունեությունը կառուցում են՝ ելենելով այն ենթադրությունից, որ հասարակությունը միշտ և յուրաքանչյուր պահ պատրաստ է հեղափոխության» (տե՛ս [17], «Պրոլետարիատը` իբրև սուբյեկտ և ներկայացում» գլուխը):

Մինչ 1968թ. մայիսի սկիզբը ռադիկալ ուսանողական շարժումն արձագանք չէր գտնում ֆրանսիական աշխատավորների լայն շերտերում, չնայած մի շարք հայտնի փիլիսոփաների և հասարակական գործիչների ագիտացիային (Ժ.Պ. Սարտր, Մ.Ֆուկո, Ա.Լեֆևր և այլք): Իրոք, այդ օրերի ուսանողական կարգախոսները` «Արգելվում է արգելելը», «Վերջ ներկայացումների և իրերի հասարակությանը», «Օտարացնել օտարացումը»34, թեև ցույց էին տալիս, որ նրանք քաջատեղյակ էին Լեֆևրի, Բարտի, Դեբորի և Բոդրիյարի գրքերին, սակայն դժվար թե իրենց շուրջը կարողանային համախմբել բանվորներին: Տիպական է Ժ.Պ. Սարտրի հետ կապված միջադեպը, որն այդ օրերին բոցավառ և երկար ելույթներով հանդես էր գալիս Ռենո ավտոմեքենաշինական գործարանի բակում բանվորների առջև՝ ջանալով նրանց բացատրել ուսանողների մշուշոտ պահանջները: Ի պատասխան նա լսում է բանվորներից մեկի` «կարճ կապի, ա՜յ մարդ աստծո» պատմական բացականչությունը:

Այնուամենայնիվ, իրադարձությունները շարունակում են զարգանալ հեղափոխական հունով` հիմնականում Ժ.Սավաժոյի ուսանողական ազգային միության, ինչպես նաև անարխիստական, տրոցկիստական և մաոիստական ուսանողական և երիտասարդական խմբերի աջակցությամբ: Նրանց են միանում նաև փարիզյան փողոցային գենգերի պարագլուխները, հանցագործ աշխարհի տարատեսակ տարրերն իրենց ուրույն` «մահ ոստիկաններին» կարգախոսով: Մայիսի 4-ին փակվում է Սորբոնը, նույն օրը Unef-ը և Snesup-ը հայտարարում են անժամկետ և համատարած դասադուլ: Մայիսի 6-ին Սորբոնի համալսարանի շրջակա Լատինական թաղամասի գրեթե ողջ տարածքում տեղի են ունենում կատաղի բախումներ ուսանողների և ոստիկանների միջև: Վիրավորվում են մոտ 350 ոստիկան և 600 ուսանող, ձերբակալվում է անկարգությունների 422 մասնակից: Ուսանողները կոչ են անում իրենց միանալ Ֆրանսիայի բոլոր համալսարանների ուսանողներին: Հաջորդ օրը երիտասարդների 30 հազարանոց զանգվածը Աստղի հրապարակում, անհայտ զինվորի գերեզմանի մոտ երգում է Մարսելյեզը: Լատինական թաղամասում երիտասարդները կառուցում են մոտ 60 բարիկադ` համալսարանի տարածքը պահպանելու համար: Մայիսի 10-ի գիշերը բարիկադների վրա ոստիկանների գրոհով և գրավումով բախումները հասնում են գագաթնակետին (այն պատմության մեջ կմտնի որպես «բարիկադների գիշեր»): Այդ օրը ձերբակալվում է մոտ 500 ցուցարար, հոսպիտալացվում է 367 հոգի, որից 250-ը` ոստիկան: Հեղվում է առաջին արյունը:

Նման զարգացումներից հետո Ֆրանսիայի հիմնական արհմիությունները (CGT, CFDT FEN) մայիսի 11-ին հայտարարում են ուսանողությանը սատարելու իրենց որոշման մասին և մայիսի 13-ին համազգային գործադուլ անցկացնելու կոչ անում: Այդ օրը մոտ 300 հազար մարդ դուրս է գալիս Փարիզի փողոցներ: Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են գալիս փողոց Ֆրանսիայի այլ խոշոր քաղաքներում: Մայիսի 14-ին Նանտում աշխատավորները գրավում են Sud-Aviation ընկերության ավիաշինարարական գործարանը: Ուսանողները նորից գրավում են Սորբոնը: Մայիսի 15-ին 2500 ուսանող գրավում է Փարիզի հայտնի Օդեոն կինոթատրոնը. այն դարձավ «1968թ. մայիսի» յուրօրինակ խորհրդանիշը: Վերջապես տեղից շարժվում են նաև Ռենո ավտոմեքենաշինական գործարանի բանվորները: Հաջորդ օրը գործադուլին միանում են այլ գործարանների, ինչպես նաև տրանսպորտի աշխատողները: Մայիսի 16-ին վաղաժամկետ ավարտելով իր այցը Ռումինիա՝ Փարիզ է վերադառնում նախագահ դը Գոլը:
(1968թ. մայիսի 30-ը: Գոլիստների ցույցը, Champs-Élysées) 

Մայիսի 18-ին և 19-ին տեղի է ունենում նոր հատկանշական զարգացում: Շարժմանն է միանում Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը` իրեն հարող բոլոր այլ կուսակցություններով և կազմակերպություններով: Մայիսի 19-ին կազմվում է Կոմունիստական միության (Գ.Կալդի, Ժ.Մորան), Կումունիստ-ինտերնացիոնալիստների կուսակցության (Պ.Ֆրանկ, Մ.Լեքուին) և Երիտասարդ կոմունիստ-հեղափոխականների միության (Ա.Կրիվին, Դ.Բենսաիդ) տրոցկիստական ուժերի կոորդինացիոն խորհուրդը: Նույն օրը հանդես գալով Ելիսեյան պալատում՝ նախագահ դը Գոլն արտասանում է «Ռեֆորմներին` այո, քաոսին` ոչ» կարգախոսը35, ֆրանսիական կոմկուսին և արհմիություններին ազդարարելով հնարավոր փոխզիջման մասին: Հաջորդ օրը՝ մայիսի 20-ին, մոտ 10 մլն քաղաքացիներ մասնակցում են համազգային գորածադուլին՝ ըստ էության կաթվածահար անելով ողջ Ֆրանսիան:

Միևնույն ժամանակ, սթափվելով ծավալվող իրադարձությունների արագությունից և մասշտաբայնությունից, սկսում են համախմբվել նախագահ դը Գոլի կողմնակիցները` գոլիստները և աջակողմյան ուժերի ներկայացուցիչները: Ամբողջ Ֆրանսիայով հիմնադրվում են Հանրապետության պաշտպանության կոմիտեներ (CDR): Մայիսի 24-ին և 25-ին բողոքի ալիքը սկսում է դուրս գալ նույնիսկ կոմունիստական ուժերի և արհմիությունների վերահսկումից: Լիոնում սպանվում է ոստիկանության կոմիսարը, Փարիզում հրկիզվում է բորսայի շենքը: Գիշերային բախումների ընթացքում վիրավորվում է 456 մարդ, ձերբակալվում 795-ը: Մայիսի 24-ի կրիտիկական օրը նախագահ դը Գոլը դիմում է համարձակ քայլի. նա հեռուստատեսությամբ և ռադիոյով հայտարարում է իշխանություններին վստահության հանրաքվե անցկացնելու մասին իր որոշումը (մյուս օրը Ֆրանսիայի պետական հեռուստատեսությունը` ORTF-ը, գործադուլ է հայտարարում):

Հաջորդ 3-4 օրերին ծավալված իրադարձություններն ունեցան վճռորոշ նշանակություն: Նախ տապալվեց դը Գոլի առաջարկած վստահության հանրաքվեի կազմակերպումն այն բանից հետո, երբ ֆրանսիական տպարանները հրաժարվեցին քվեաթերթիկներ տպագրել, իսկ Գերմանիայի և Բելգիայի տրանսպորտային արհմիությունները կարգադրեցին կանգնեցնել այդ երկրներում տպագրված թերթիկերով բեռնված մեքենաների մուտքը Ֆրանսիա: Բացի այդ, վճռական այդ օրերին վարչապետ Ժ.Պոմպիդուի, կոմկուսի և արհմիությունների ներկայացուցիչների հետ տենդագին ընթացող բանակցությունները սկսեցին մարմնավորվել փոխզիջումային արդյունքի մեջ. իշխանությունը համաձայնում է ուսանողների «աչքի փուշը» դարձած կրթության նախախարի հեռացման պահանջին, սահմանում 40-ժամյա աշխատանքային շաբաթ, թոշակի անցնելու տարիքը սահմանում է 60 տարին և երաշխավորում նվազագույն աշխատավաձը` ամսական 1000 ֆրանկ: Ի պատասխան՝ կոմունիստները և արհմիությունները հետ են կանչում մարդկանց փողոցներից, ազատում են գործարանները և վերադառնում բնականոն աշխատանքի: Սակայն նույնիսկ այս գործարքը, որը մի փոքր ավելի ուշ կանվանվի «40-60-1000» բանաձև, այլևս չէր բավարարում ափերից դուրս եկած շարժման մասնակիցներին: Այսպես, Ռենո և այլ խոշոր գործարանների բանվորները հրաժարվեցին ազատել գործարանները և վերադառնալ աշխատանքի նույնիսկ այն բանից հետո, երբ իրենց ներկայացվեց այս բանաձևը: Մայիսի 28-ի երեկոյան նորից վերսկսվեցին զանգվածային ցույցերը Փարիզում:

Մայիսի 29-ի առավոտյան չեղյալ հայտարարվեց մինիստրների կաբինետի ամենշաբաթյա հանդիպումը, որը պետք է բացեր և վարեր նախագահ դը Գոլը: Սկսեցին լուրեր տարածվել դը Գոլի անհայտացման մասին36: Հաջորդ օրը՝ մայիսի 30-ին, ենթադրաբար Colombey-les-Deux-Eglises-ից, նա ռադիոյով դիմեց ժողովրդին՝ հայտարարելով Ազգային ասամբլեան ցրելու և նոր ընտրություններ անցկացնելու իր որոշման մասին: Ելույթում դը Գոլն ակնարկեց, որ դեպքերի անղեկավարելի ընթացքի դեպքում կարող է օգտագործվել բանակը: Նախագահի ելույթից անմիջապես հետո Փարիզում կայացավ հարյուր հազարավոր մարդկանց երթ (դեպի Բաստիլիայի հրապարակ), որի հիմնական կարգախոսն էր «Adieu, de Gaulle!»: Նույն օրը տեղի ունեցավ նաև գոլիստների բազմահազարանոց երթը (դեպի Համաձայնության հրապարակ)` ի պաշտպանություն նախագահի: Սա բեկումնային օր էր le Mai 1968-ի Ֆրանսիայի համար:

Մայիսի 31-ին հայտարարվեցին Ազգային ասամբլեայի ընտրությունների օրերը` հունիսի 23-ը և 30-ը: Ողջ Ֆրանսիայով մեկ կազմակերպվեցին գոլիստների ելույթներ: Հունիսի սկզբից իշխանությունները սկսեցին իրականացնել «40-60-1000» բանաձևով սահմանված պահանջները: Արհմիությունները և կոմկուսը սկսեցին հետ բերել իրենց մարդկանց փողոցներից և գործարաններից: Չնայած առանձին միջադեպերին, մանավանդ հունիսի 10-ին` ընտրարշավի մեկնարկի օրը, երբ ձերբակալվեց 1500 ցուցարար և սպանվեց մեկը, փողոցներում և գործարաններում սկսեցին վերականգնվել անդորրը և կարգուկանոնը: Հունիսի 11-ին կառավարությունն արգելեց ցույցերի անցկացումը և ցրեց 11 ուսանողական և երիտասարդական կազմակերպություն: Նույն օրը հեռացվեցին Օդեոն կինոթատրոնը զավթած ուսանողները, իսկ հունիսի 13-ին «ազատագրվեց» Սորբոնը: Ընտրությունների առաջին փուլում ռադիկալ ձախ կուսակցություններն ու կազմակերպությունները` գոշիստները, կրեցին շոշափելի պարտություն: Իսկ երկրորդ փուլի արդյունքները պարզապես ջախջախիչ էին ձախակողմյան ուժերի համար: Նոր Ազգային ասամբլեայում գոշիստները կորցրին 61, իսկ կոմունիստները` 39 տեղ: Մինչդեռ գոլիստները զբաղեցրին ասամբլեայի երեք քառորդը: Հուլիսի 1-ի դրությամբ le Mai 1968-ը Ֆրանսիայի համար վերջացած էր:

Դրանից հետո Ֆրանսիայում (և՛ Եվրոպայում, և՛ ԱՄՆ-ում, և՛ աշխարհում) վրա հասավ յուրօրինակ «ռեակցիայի» ժամանակը: Հուլիսին աշխատանքից ազատվեցին ֆրանսիական պետական հեռուստատեսության 102 լրագրող, մայիսյան դեպքերի ակտիվիստների նկատմամբ սկսվեցին խտրականությունները: 1968թ. օգոստոսի 25-ին Ֆրանսիան հայտարարեց իր առաջին ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին37: Օգոստոսի սկզբից Իսրայելը սկսեց Հորդանանում տեղակայված պաղեստինցի պարտիզանների բազաների ռմբակոծումը, օգոստոսի 20-ին ԽՍՀՄ և Վարշավյան պակտի երկրների զորքերը մտան Չեխոսլովակիա: Նոյեմբերին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Ռ.Նիքսոնը հաղթեց և դարձավ ԱՄՆ նախագահ: Շարունակվում և թեժանում էին Վիետնամական պատերազմը և այդ պատերազմի դեմ երիտասարդական բողոքի ալիքը: Խորանում է ԽՍՀՄ-Չինաստան հակամարտությունը: Սկսվում է ԽՍՀՄ և Արևելյան Գերմանիայի մերձեցումը ԳՖՀ-ի հետ:

(Գի Դեբոր «Ներկայացումների Հասարակություն»)

1 Փայլուն մարքեթոլոգիական քայլ` ինչպես կասեր վերջերս Հայաստան այցելած մարքեթինքի «գուրու» պրն Ֆ.Քոթլերը: Ինչպես տեսնում ենք, «շուկայական» մոտեցումները բոլորովին էլ խորթ չէին Բոդրիյարին` այս երդվյալ հեղափոխականին, «սպառողական հասարկության» ոգեղեն քննադատին:

2 Հատկանշական է, որ հենց փոթորկալից 1968թ. վերջին` դեկտեմբերի 10-ին, ԽՄԿԿ Կենտկոմի հույժ գաղտնի որոշմամբ (ստորագրել էր անձամբ գլխավոր քարտուղար Լ.Բրեժնևը) հիմնվեց Սոցիալական կոնկրետ հետազոտությունների ինստիտուտը (Институт Конкретных Социальных Исследований, АН СССР (տե՛ս http://cdclv.unlv.edu/archives/Documents/iksi_establish.html): Սա ԽՍՀՄ, թերևս, առաջին (բայց ոչ վերջին) ապարդյուն քայլն էր՝ փորձելու հասկանալ 60-ականների կեսից աշխարհում ձևավորվող սոցիալական նոր իրավիճակը և կանխել հետագա պայթյունավտանգ զարգացումները:

3 «...և այլ ձախական թափթփուկները, գրամշիական կոնտրկուլտուրայի այս տեռորիստները», ինչպես ժամանակին սիրում էր ասել Փ.Բյուքենենն իրեն այդքան բնորոշ վճռականությամբ [16]: Մենք դեռ կհանդիպենք այս անուններին` Հայաստանում 90-ականների կեսերից մեր, այսպես կոչված, «ինքության ճգնաժամի» խնդրի քննությանը նվիրված հատվածում:

4 Gauchisme – ֆրանսերեն «ձախ» բառից: 60-70-ականների ֆրանսիական ձախական ռադիկալ շրջանակների ընդհանրացած անվանումն է՝ հիմնականում բաղկացած անարխիստական և տրոցկիստական ուսանողական խմբավորումներից և կուսակցություններից:

5 Նանտերը ամերիկյան «կամպուսային» տիպի համալսարանների օրինակով Ֆրանսիայում 1964թ. բացված առաջին համալսարան էր: Տարածքային առումով այն մեկուսացված էր, քաղաքաշինական առումով՝ զատված բուն Փարիզից: Կարծում եմ՝ այս հանգամանքը, մյուսների կողքին, էական դերակատարում ունեցավ «Մարտի 22-ի» շարժման գոյացման վրա: Այս առումով երևանյան համալսարանների և ինստիտուտների քաղաքային տարածության և «հասարակության» մեջ «սուզվածության», հայկական ուսանողական (և համազգային) շարժման առանձնահատկությունների վրա այս հանգամանքի ազդեցության համեմատական վերլուծությունը՝ ուսանողական շարժումների պատմական լայն ֆոնին (ԱՊՀ, Եվրոպա, ԱՄՆ), դեռ արված չէ:

6 1968թ. մայիսի 1-ը` ֆրանսիական կոմկուսի և արհմիությունների օրը, անցավ բավական խաղաղ:

7 Սա կումունիստական կուսակցությունների ոչ առաջին, ոչ վերջին, ոչ էլ ամենալուրջ դավաճանությունն էր, իհարկե: Բավական է հիշել միայն Գերմանիայում Ա.Հիտլերին իշխանության բերելու գործում Գերմանիայի և ԽՍՀՄ կոմունիստական կուսակցությունների ֆունկցիոներների և Կոմինտերնի գործակալների էական, եթե չասենք` որոշիչ դերակատարումը: Կամ՝ ԽՍՀՄ փլուզման ժամանակ աշխատավոր դասին լքելը «վայրենի» կապիտալիզմի ծագող իրողությունների առջև: Կամ՝ հենց ԽՍՀՄ փլուզումն ինքը: Արդյո՞ք այս դավաճանության գիտակցումն է պատճառը, որ Բոդրիյարն այդքան պահանջված է մերօրյա Ռուսաստանում:

8 Ընդհանրապես, պետք է համաձայնել «Իրերի համակարգը» գրքի ռուսերեն հրատարակման նախաբանի հեղինակ Ս.Զենկինի այն դիտարկմանը [12], որ Բոդրիյարը, ի տարբերություն պոստմոդեռնի այլ մտավորականների, «անսովոր կերպով հետևողական է իր դիրքորոշման և պնդումների մեջ»:

9 Նույն կարծիքին է նաև անարխիստների ֆեդերացիայի պաշտոնական կայքէջը (http://www.afed.org.uk/org/issue49/may.html), որտեղ «1968թ. մայիսի» գաղափարախոսական, և միայն գաղափարախոսական, «հայրերի» թվում հիշատակվում է նաև Բոդրիյարը:

10 Շնորհակալ, սակայն ոչ դյուրին, գործ կլիներ 1968 և 2011թթ. աշխարհում ընթացող դեպքերի և իրողությունների զուգահեռ վերլուծությունը: Թե ինչքան հեշտ է այս հարցերում ընկնել ծայրահեղությունների, իրողությունների անհամարժեք ու սահմանափակ ընկալումների մեջ՝ կարելի է տեսնել, օրինակ, Վ.Ասցատրյանի «Մշակութային հեղափոխություն և մշակութային մարքսիզմ» հոդվածում («21-րդ ԴԱՐ», Թիվ 5, 2011թ.): Արևմուտքի ճգնաժամային երևույթների հանդեպ իր յուրատեսակ գերուշադրությամբ, զուգորդված կոմունիստա-սոցիալիստական աշխարհի իրողություների հանդեպ ինֆատիլ ամնեզիայով, այս աշխատությունը տիպական է նախկին ԽՍՀՄ հանրապետությունների և նախկին սոցճամբարի երկրների գրեթե բոլոր լեզուներով, հատկապես` ռուսերենով գրված վերջին տասնամյակի հարյուրավոր աշխատությունների համար:

11 «F * * k the New World Order!, Long live Julian Assange! Death to the New World Order! OCCUPY WALL STREET! Go Occupy!! Its TIME AGAIN!!»: http://www.youtube.com/watch?v=qUO8ScYVeDo

12 Ի վերջո, չէ՞ որ «40-60-1000» բանաձևի շուրջ 1968թ. կնքված նոր «սոցիալական դաշինքն» էր, որ ապահովեց Ֆրանսիայի սոցիալ-քաղաքական, տնտեսական ու մարդկային զարգացումն անցած չորս տասնամյակների ընթացքում:

13 Սա նախագահ դը Գոլի հայտնի տեսլականի ճշգրիտ անվանումն է, որը հիմա հաճախ (և սխալ) անվանվում է «Եվրոպա` Վանկուվերից Վլադիվոստոկ»: Այսպիսի վերանվանումը նույնպես բոդրիյարյան յուրօրինակ «սիմուլյակր» է, ուր դըգոլյան պնդման կենտրոնական` ազգային բաղադրիչը փոխարինվում, «սիմուլյացվում» է ապազգայինով` պարզ, միօրինակ ու զուտ աշխարհագրական համընդգրկունությամբ:

14 http://www.marxist.com/french-revolution-may-1968-part-one.htm

15 Գնդապետ Քադաֆին գեներալ դը Գոլի մեծ երկրպագուն էր, որոշ առումով` աշակերտը:

16 Ավելի ճշգրիտ`«10,901,753 oui» և «12,007,102 non»:

17 Թե ինչքան անբռնազբոս էին իրենց զգում, օրինակ, ԱՄՆ ԿՀՎ գործակալները և իսրայելական «Մոսադի» գրոհայինները Փարիզում՝ երևաց 1965թ. մարտի 25-ին, երբ այստեղ առևանգվեց և հետո սպանվեց մարոկոցի ձախ ռադիկալ լիդեր, Գ.Ա. Նասերի մտերիմ ընկեր, հայտնի (ցավոք` ոչ մեզ մոտ) Մահդի Բեն Բարկան` «Իսթիքյալ» կուսակցության և Երեք մայրցամաքների շարժման հիմնադիրը: Այս պատմությունն առաջացրեց անձամբ դը Գոլի լուրջ վրդովմունքն ու զայրույթը և էապես ազդեց ֆրանս-իսրայելական հարաբերությունների սառեցման ու Մարոկոյի հետ հարաբերությունների խզման վրա: (Ի դեպ, «le Mai 1968»-ի հոբելյանական` 2008թ. նկարահանված «Ես տեսել եմ Բեն Բարկայի սպանությունը» (J'ai Vu Tuer Ben Barka) ֆիլմում նրա դերը խաղաց Ս.Աբգարյանը): Եվ բավական է հիշել միայն Ֆրանսիայում ու Փարիզում կատարված քաղաքական առևանգումների ու սպանությունների մի այլ, շատ ավելի ծավալուն ու արյունոտ խրոնիկա՝ հասկանալու համար, թե որքան վստահ էին իրենց զգում Փարիզում ԽՄԿԿ քաղբյուրոյի ИНО-ի (արտասահմանյան բաժնի) ու КГБ-ի (ՊԱԿ-ի) «տղաները», իսկ ավելի վաղ` Կոմինտերնի ИККИ-ի (գործադիր կոմիտեի) ու ИНО ВЧК-ОГПУ-НКВД-ի (ՎՉԿ-ՄՊՔՎ [Միավորված պետական քաղաքական վարչություն]-ՆԳԺԿ արտասահմանյան բաժին) գործակալները: Նույնը կարելի է ասել ամերիկյան, բրիտանական, գերմանական, մաոիստական կամ տրոցկիստական տարատեսակ ու խայտաբղետ էմիսարների բանակի մասին:

18 Դրանցից առաջինը մենք համարում էինք RAND 2010թ. փետրվարին արված սենսացիոն պնդումը, որ Թուրքիան էական դերակատարում կունենա ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգի հետագա զարգացման տեսանկյունից: Այդ ժամանակ մենք դեռ սրտնեղում էինք, որ այս հանգամանքն անտեսվեց մեր վերլուծական հանրության և քաղաքական շրջանակների կողմից ու բացարձակորեն չգիտակցվեց ամերիկահայ համայնքում (ինչպես և Tea Party-ի գոյացումն ու կարևոր նշանակությունը): 2011թ. նոյեմբերի վերջին օրերին, երբ գրվում էին այս տողերը, իրադրությունն արդեն միանգամայն այլ է` միս ու արյուն ստացան այս համակարգի տարրերն Արևելյան Եվրոպայում և Թուրքիայում, ՌԴ նախագահ Մեդվեդևը հանդես եկավ իր կոշտ հակազդեցության ծրագրով, հրատարակվեցին Թուրքիայի և ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգի մասին վերլուծական առաջին հայրենական հոդվածները [19]:

19 Taqiyya (taqiya, taqiyah, tuqyah), մահմեդական իրավագիտության հատուկ եզր, որն օգտագործվում է հիմնականում կրոնական դավանանքի կեղծման կամ կոծկման համար: Օրինակ, շիաների կողմից` սուննիների բռնաճնշման տակ (կամ, ավելացնենք, քրիստոնյաների կողմից մահմեդականների բռնաճնշման տակ: Թեև այս դեպքում այս եզրը զրկվում է իրեն բնորոշ որոշակի «լեգիտիմությունից»): Ընդհանրապես, հարկավոր է ասել, որ մեր հարևանները կարող են իսկական դաս տալ Բոդրիյարին, թե ինչ է իրականում նշանակում սիմուլյացիան և սիմուլյակրը: Ի դեպ, հիշեցնենք, որ Բոդրիյարի «Սիմուլյակրը և սիմուլյացիան» գիրքը թուրքերեն թարգմանվեց ու հրատարակվեց 2003թ.:

20 Ջիուջիցու մարտարվեստում այս հնարքը կոչվում է «օգտագործիր հակառակորդիդ շարժման իմպուլսը` նրան շուռ տալու համար»:

21 Տե՛ս Լ.Հովսեփյան, «Սևրի սինդրոմը» որպես Թուրքիայի ազգային անվտանգության դիսկուրսի բաղկացուցիչ, «Նորավանք» ԳԿՀ, «21-րդ ԴԱՐ», #4 (39), 2011թ.:

22 Խոսքը Թուրքիայի հիմնական ընդդիմադիր` քեմալիստական Ժողովրդա-հանրապետական կուսակցության (CHP) առաջնորդի մասին է: Դերսիմի կոտորածի օրերին Թուրքիայում գործում էր միակուսակցական համակարգ, երկրում միանձնյա իշխում էր երիտթուրքերի Իթթիհատ վե թերաքքը կուսակցության իրավահաջորդ CHP-ն, որն ստեղծել էր Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մ.Քեմալ Աթաթուրքը (Էրդողանի ելույթը մեր խնդրանքով թուրքերենից քարգմանեց Ա.Սիմավորյանը, «Նորավանք» ԳԿՀ):

23 «Խփել էր» հանրահայտ էսէռ Յակով Բլյումկինը, որն այդ ժամանակ Լենինից և Ձերժինսկուց դրա համար ներում ստացավ: Նա դեռ հասցրեց մեր կողմերում մի փոքր հեղաշրջում կազմակերպել (1920թ. հուլիսին Իրանում) և գնդակահարվեց (հավանաբար. կա որոշումը, բայց ոչ դիակը, ոչ էլ գերեզմանը) միայն այն բանից հետո, երբ 1929թ. Ստամբուլում հանդիպեց իր վաղեմի ղեկավար և ընկեր Լեյբա Բրոնշտեյնին (Տրոցկուն): Հայի ինքնության և հայկական «ցանցային» աշխարհի առանձնահատկությունների քննման տեսանկյունից չափազանց հետաքրքիր կլիներ այս սպանության (և ընդհանրապես Բրեստ-Լիտովսկի պայմանագրի և էսէռների ենթադրյալ դավադրության) մեջ Պռոշ Պռոշյանի և Կարախանի դերակատարումների համեմատական վերլուծությունը: Կարծում ենք, այն շատ ուսանելի կլիներ. սա Ձեզ «Սարոյան եղբայրները» չէ:

24 Միրբախի սպանության մասին հետաքրքրիր և միայն վերջերս հրապարակված մանրամասների համար տե՛ս Хавкин Борис, Убийство Графа Мирбаха: по следам преступления. Форум новейшей восточноевропейской истории и культуры. № 2, 2006.

25 Ներկայումս պրն Կոն Բենդիթը (Daniel Cohn-Bendit) Եվրախորհրդարանի, թերևս, ամենաերկարակյաց (1994-ից ի վեր) ու հակասական պատգամավորներից մեկն է, Գերմանիայի և Ֆրանսիայի «կանաչների» լիդերը (այժմ նրան կոչում են «կանաչ Դենի»):

26 Նկատի ունենք ԱՄՆ իշխանությունների վարած քաղաքականությունը, այլ ոչ թե բուն հակաամերիկյան տրամադրությունները, այդ տարիներին` միանգամայն խորթ ֆրանսիական ուսանողությանը:

27 Դա, իհարկե, հեռու էր ճշմարտությունից: Կոն Բենդիթն ընդհանրապես չէր մասնակցում Փարիզում մայիսի սկզբից ծավալվող իրադաձություններին: Տեսնելով, որ Նանտերի իր խումբը զրկվել է քաղաքական որևէ կշռից, նա ընկերների հետ մայիսի 10-ին մեկնում է ծովափնյա Սեն Նազար, որտեղից և մայիսի 22-ին ֆրանսիական իշխանությունները նրան արտաքսում են Գերմանիա՝ որպես «անցանկալի օտարական»: Սակայն, 1990թ. վերադառնալով Ֆրանսիա, արդեն «կանաչ Դենին» վարպետորեն կօգտագործի իր հեղափոխական ուսանողության լիդերի այս մյութոսը և հաջողությամբ կընտրվի Եվրախորհրդարան` Ֆրանսիայի «կանաչների» կողմից:

28 Ի դեպ, Ա.Կրիվինը, Ա.Գեյսմարը և Դ.Բենսաիդը ծագումով նույնպես հրեաներ էին:

29 «Սև և կարմիր»՝ անարխիստական դրոշի գույներն են:

30 Ի տարբերություն հետագա մեկնաբանողների, սիտուացիոնիստների և Դեբորի մեծ դերակատարումն ու ազդեցությունն ընդունում էին նույնիսկ Բենդիթ եղբայրները, տե՛ս Դենի և Գաբրիել Բենդիթների 1968թ. հրատարակած «Հնացած կոմունիզմ» աշխատությունը (Cohn-Bendit, Gabriel, Obsolete Communism: The Left-Wing Alternative, 1968):

31 Հատուկ ռոքի սիրահարների և «Ինը երգ» ֆիլմի երկրպագուների համար (հուսով եմ, նրանցից մի քանիսը հոդվածս կընթերցեն) ասենք, որ ժամանակին ՍԻ անդամներ էին բրիտանական հայտնի Sex Pistols փանք-ռոք խմբի հիմնադիր անդամներ Մ.Մակլարենը և Ջ.Ռեյդը:

32 Անգլերեն առաջին հրատարակումը` 1995թ., 28 տարի անց: Առաջին ռուսերեն հրատարակումը` 1999թ., 32 տարի անց: Հայերեն թարգմանությունը և հրատարակումը չկա:

33 Հմմտ. Կ.Վիտֆոգելի «հիդրավլիկ քաղաքակրթությունների» հետ [1]:

34 http://www.marxists.org/history/france/may-1968/index.htm

35 Իրականում, դը Գոլի «La réforme, oui; la chienlit, non» արտահայտությունը կրում էր ուսանողական շարժման համար բավական վիրավորական երանգ: Բանն այն է, որ «chienlit»-ը ֆրանսերենում օգտագործվում է նաև տակը միզած և գոռգոռոցը գցած փոքրիկ երեխաների համար:

36 Միայն 1982թ., երբ հրատարակվեցին գեներալ Ժ.Մասոյի (Jacques Massu) հիշողությունները, հայտնի դարձան 1968թ. մայիսի 29-ին Շ. դը Գոլի Ֆրանսիայից անհայտացման մասին մանրամասները (այդ օրը վարչապետ Ժ.Պոմպիդուն նույնիսկ խնդրում է նրա ուղղաթիռի տեղը հայտնաբերել ռազմական ռադարների միջոցով): Պարզվում է, որ նախագահն իր տիկնոջ հետ և անձնական թիկնազորի ուղեկցությամբ մեկնել էր Գերմանիա` Բադեն-Վյուրթենբերգ, ուր տեղակայված էր ֆրանսիական ռազմակայանը՝ գեներալ Մասոյի հրամանատարությամբ: Այցի նպատակն էր վստահ լինել, որ դեպքերի հետագա խորացման դեպքում Գերմանիայում տեղակայված ֆրանսիական ռազմուժը կպաշտպանի դը Գոլին, իսկ Գերմանիան ծայրահեղ դեպքում նրան և ընտանիքին ապաստան կտրամադրի: Ստանալով թե՛ ֆրանսիական ռազմուժի լոյալության երաշխիքները, թե՛ Գերմանիայի համաձայնությունը ապաստան տրամադրելու գործում՝ դը Գոլը, վերագտնելով հավասարակշռությունը և վերականգնելով վստահությունը, վճռում է վերադառնալ Ֆրանսիա: Այս դեպքերից քիչ ավելի ուշ գոլիստների տարածած վարկածը, թե դը Գոլն անհայտացել էր միտումնավոր, որպեսզի ցույց տա ֆրանսիացիներին, թե ինչ կարող են նրանք կորցնել, Մասոն համարում է մյութոս (ինչպե՞ս այստեղ չհիշել Իվան Ահեղին կամ Իոսիֆ Ջուղաշվիլուն` Հայրենական պատերազմի սկզբնական օրերին): Թեև, գրում է Մասոն, դրանից հետո դեպքերը զարգացան համաձայն հենց այդ մյութոսի տրամաբանության, և գոլիստներն Ազգային ասամբլեայի 1968թ. հունիսյան ընտրություններում համոզիչ հաղթանակ տարան:

37 Հմմտ. խունվեյբինների շարժման ավարտական փուլում Չինաստանում ջրածնային ռումբի առաջին հաջող փորձարկման մասին հայտարարության հետ:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր