• am
  • ru
  • en
Версия для печати
02.02.2012

ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ

EnglishРуский

   

Վահրամ Հովյան

«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ

Ուրուգվայի 15 հազարանոց1 հայ համայնքում ուրույն տեղ ունեն հայ ավետարանականները։ Նրանք հիմնականում կենտրոնացած են մայրաքաղաք Մոնտեվիդեոյում։

Թեև Ուրուգվայի հայ ավետարանական համայնքը քանակապես զիջում է Հայ առաքելական և կաթողիկե համայնքներին, սակայն ունի կազմակերպվածության բավական բարձր մակարդակ, ինչի շնորհիվ նրանց հետ միասին ամբողջացնում է Ուրուգվայի հայ համայնքը՝ կազմելով նրա բաղկացուցիչ մասը։ Համայնքի կազմակերպվածության բարձր աստիճանի ցուցիչ է թեկուզ այն, որ նրա ձևավորման հենց սկզբից (20-րդ դարի 20-ական թթ.) Մոնտեվիդեոյում հիմնվեց Ուրուգվայի Հայ Ավետարանական Առաջին եկեղեցին։

Ընդհանուր առմամբ, Ուրուգվայի հայ ավետարանական համայնքի ուսումնասիրությունն ունի թե՛ ակադեմիական և թե՛ գործնական նշանակություն։ Ակադեմիական տեսանկյունից համայնքի ուսումնասիրության արժեքը հայագիտական և, մասնավորապես, սփյուռքագիտական հետազոտությունների ամբողջացումն է։ Իսկ կիրառական առումով այն կարևորվում է ընդհանուր հայ համայնքի և հայության ռեսուրսների ու հնարավորությունների համատեքստում Ուրուգվայի հայ ավետարանական համայնքի ռեսուրսների ու հնարավորությունների ճշգրիտ հաշվառման և ի շահ Հայության կիրառելու արդյունավետ ուղիների մշակման մեջ։

Ուրուգվայի հայ ավետարանական համայնքի ներկայիս դրությունը կարելի է բնութագրել հետևյալ հիմնական հատկանիշներով.

  • Համայնքը քանակապես սահմանափակ է և կենտրոնացած է մայրաքաղաք Մոնտեվիդեոյում։
  • Չնայած քանակական սահմանափակությանը, ունի քանակական աճի միտում։
  • Ունի կազմակերպվածության բավական բարձր աստիճան, որի վկայությունն է համայնքի կազմակերպչական կառույցների կուռ համակարգը։
  • Համայնքը չի ապրում մեկուսի կյանքով, այլ ինտեգրված է ինչպես տեղի հայությանը, այնպես էլ բողոքական համայնքին։

Թվաքանակը

Ուրուգվայի հայ ավետարանական համայնքը ձևավորվել է Հայոց ցեղասպանության արդյունքում զգալի թվով հայերի, որոնց թվում նաև հայ ավետարանականների՝ այդ երկիր գաղթի արդյունքում։ Հայերի գաղթն Ուրուգվայ տեղի է ունեցել երկու ալիքով։ Առաջին ալիքը ներառում է անմիջապես Ցեղասպանությունից փրկվածներին, իսկ երկրորդ ալիքի մեջ ընդգրկվում են հետագայում Մերձավոր Արևելքի երկրներից Արևմուտք (Ամերիկա, Եվրոպա) գաղթած հայերը։ Գաղթի երկրորդ ալիքը հանգեցրել է Ուրուգվայի հայ համայնքի ստվարացմանը, ինչն էլ, իր հերթին, հանգեցրել է տեղի հայ ավետարանական համայնքի քանակական աճին։ Այդ է պատճառը, որ ժամանակի ընթացքում Ուրուգվայում նկատվել է հայ ավետարանական համայնքի թվաքանակի ընդլայնման միտում։

Այսպես, համաձայն Կ.Ատանալյանի՝ համայնքի ձևավորման պահին՝ 1926թ. (Հայ Ավետարանական Առաջին եկեղեցու հիմնադրման տարեթիվն է), նրա անդամները կազմում էին 6-8 ընտանիք։ 1938թ. համայնքի անդամների թիվը հասնում էր արդեն 60 ընտանիքի։ Այդ ժամանակաշրջանում եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոցի սաների միջին թիվը հասնում էր 30-ի2։

Թե որքան է ներկայումս Ուրուգվայի հայ ավետարանական համայնքի ներկայացուցիչների թվաքանակը՝ հստակ վիճակագրություն գոյություն չունի։ Սակայն հայտնի է, որ վերջին շրջանում Ուրուգվայի հայ ավետարանականների թվաքանակը կտրուկ ավելացել է3, ինչը, թերևս, պայմանավորված է ընդհանուր հայ համայնքի թվաքանակի աճով։

Այնուամենայնիվ, փաստ է, որ Ուրուգվայի հայ ավետարանականները հայ առաքելականներից և կաթողիկեներից հետո քանակապես երրորդն են տեղի Հայության մեջ4։

Կազմակերպչական կառույցները

Ուրուգվայի հայ ավետարանական համայնքի կազմակերպվածության վկայությունն է նրա կազմակերպչական կառույցների կուռ համակարգը։ Ներկայումս համայնքում գործում են երեք կազմակերպչական կառույցներ, որոնք կարելի է բաժանել երեք խմբի՝ հոգևոր-եկեղեցական, սոցիալական և կրթական՝ յուրաքանչյուրից մեկական հատ.

1. Հոգևոր-եկեղեցական միակ կառույցն Ուրուգվայի Հայ Ավետարանական Առաջին եկեղեցին է, հիմնադրվել է 1926թ., երբ նոր էր ձևավորվում հայ ավետարանական համայնքը։ Փաստորեն, եկեղեցին առաջին հայ ավետարանական կազմակերպչական կառույցն է Ուրուգվայում։ Այն սկզբում գործել է տեղի Մեթոդիստական եկեղեցու շենքում5։

Ուրուգվայի Հայ Ավետարանական Առաջին եկեղեցին ունի հոգաբարձություն։ Ներկայումս եկեղեցին գլխավորում է վերապատվելի Օբեդ Բոյաջյանը6։

Այս եկեղեցին միաժամանակ կատարում է նաև համայնքի կազմակերպման և ղեկավարման գործառույթներ։ Հետևաբար, կարելի է ասել, որ այն, բացի հոգևոր-եկեղեցական կառույց լինելուց, միաժամանակ նաև Ուրուգվայի հայ ավետարանական համայնքի ղեկավար կառույցն է։ Իսկ նրա առաջնորդ Օբեդ Բոյաջյանին կարելի է համարել համայնքի առաջնորդ։

2. Սոցիալական միակ կառույցն Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության Ուրուգվայի մասնաճյուղն է՝ շրջանային կոմիտեն։ Այն հիմնադրվել է 1954թ., հիմնականում զբաղվում է բարեգործական (մարդասիրական) գործունեությամբ։ Ներկայումս Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության Ուրուգվայի շրջանային կոմիտեն ղեկավարում է Ժերեմիաս (Երեմիա) Էլմասյանը։ Մասնաճյուղը գործում է Ուրուգվայի Հայ Ավետարանական Առաջին եկեղեցու շենքում7։

3. Կրթական միակ կառույցն Ուրուգվայի Հայ Ավետարանական Առաջին եկեղեցու կիրակնօրյա դպրոցն է։

Հաշվի առնելով համայնքի քանակական սահմանափակությունը՝ կարելի է ասել, որ երեք կազմակերպչական կառույցների առկայությունը բավական զգալի թիվ է։ Իսկ եթե դրան ավելացնենք նաև կազմակերպչական կառույցների ակնհայտ տեսակային բազմազանությունը, ապա Ուրուգվայի հայ ավետարանական համայնքի կազմակերպվածության բարձր մակարդակն ավելի ցայտուն տեսք կունենա։

Միջդավանական և միջհամայնքային հարաբերությունները

Ուրուգվայի հայ ավետարանական համայնքին բնորոշ չէ մեկուսացվածությունը։ Այն ակտիվ հարաբերությունների մեջ է այլ՝ հայկական և ոչ հայկական համայնքների հետ։ Ուրուգվայի հայ ավետարանականներն ունեն երկակի համայնքային պատկանելություն՝ ազգային և դավանանքային։

1. Ազգային պատկանելության առումով նրանք ուրուգվայաբնակ հայության մաս են կազմում։ Հայ առաքելական և կաթողիկե համայնքների հետ միջդավանական հարաբերություններում գերիշխում է համերաշխության, այլ ոչ թե մրցակցության կամ անհանդուրժողականության ոգին։ Համենայնդեպս, դավանանքային հողի վրա առճակատումներ հայտնի չեն։ Բարձր ազգային ինքնագիտակցությունը, ընդհանուր կրոնական՝ քրիստոնեական պատկանելությունը, ինչպես նաև ընդհանուր խնդիրները (խառնամուսնություններ8, հայապահպանություն, համազգային խնդիրներ9), լուրջ հիմք են ստեղծում միջդավանական համերաշխության և համագործակցության մթնոլորտի ձևավորման համար։ Միջդավանական համերաշխության հիմքում ընկած են հայկական երեք դավանական համայնքների գործունեության ընդհանուր նպատակներն ու ուղղությունները, քանի որ՝ «Հայ առաքելական, ինչպես նաև ավետարանական և կաթոլիկ եկեղեցիները, սփյուռքի պայմաններում չբավարարվեցին զուտ հոգևոր գործունեությամբ։ Իրենց պատկանող դպրոցների, մամուլի և մշակութային-լուսավորական այլ կազմակերպությունների միջոցով նրանք խթանում են ազգային դաստիարակության գործը բոլոր համայնքներում»10։

Ուրուգվայի հայ առաքելական և կաթողիկե համայնքների հետ հայ ավետարանական համայնքի ինտեգրվածության ցուցիչներն են.

  • Համատեղ բնակությունը։ Ուրուգվայի հայ ավետարանական համայնքը կենտրոնացված է հայահոծ Մոնտեվիդեոյում, ինչը նշանակում է, որ հայ ավետարանականներն ապրում ու գործում են հայ առաքելականների և կաթողիկեների հետ կողք կողքի։
  • Կազմակերպչական կառույցների գործունեությունը։ Ուրուգվայի հայ ավետարանական համայնքի կազմակերպչական կառույցների գործունեությունը չի սահմանափակվում միայն տեղի հայ ավետարանական համայնքի շրջանակներում։ Այն տարածվում է ողջ հայ համայնքի վրա՝ ընդգրկելով նաև հայ առաքելականներին և կաթողիկեներին։

2. Դավանական պատկանելության առումով Ուրուգվայի հայ ավետարանական համայնքը կազմում է այդ երկրի ընդհանուր բողոքական համայնքի մի մասը։ Վերջինս Ուրուգվայի ամենամեծ դավանական փոքրամասնություններից է։ Տարբեր հաշվարկներով՝ բողոքականները կազմում են այդ երկրի բնակչության 7-10%-ը11։ Ունեն զգալի թվով տարատեսակ կառույցներ։ Ուստի, Ուրուգվայի հայ ավետարանական համայնքի համագործակցությունն այդ երկրի մյուս բողոքական եկեղեցիների հետ կարևոր նշանակություն ունի ինչպես հայ ավետարանական համայնքի հզորացման, այնպես էլ այդ երկրում հայության դերակատարության ավելացման տեսանկյունից12։

Լինելով Ուրուգվայի ընդհանուր բողոքական համայնքի մի մասը՝ հայ ավետարանականները սերտորեն ինտեգրված են տեղի այլ բողոքական համայնքների հետ, ինչի ակնհայտ ցուցիչ է Հայ ավետարանական համայնքի անդամակցությունը 1956թ. հիմնված Ուրուգվայի Ավետարանական եկեղեցիների դաշնությանը13։

Ուրուգվայի հայ ավետարանական համայնքն անդամակցում է նաև 1998թ. հիմնված Ուրուգվայի Քրիստոնեական եկեղեցիների խորհրդին14, ինչը վկայում է ոչ միայն Ուրուգվայի բողոքական, այլև ընդհանուր քրիստոնեական համայնքում հայ ավետարանական համայնքի ինտեգրվածության մասին։

Այսպիսով, Ուրուգվայի հայ ավետարանական համայնքը, չնայած քանակական սահմանափակությանը, կազմակերպչական կառույցների գործունեության, հայ առաքելական, հայ կաթողիկե, ինչպես նաև տեղի այլ բողոքական և ընդհանրապես քրիստոնեական համայնքների հետ ինտեգրվածության շնորհիվ աչքի է ընկնում բարձր կազմակերպվածության և կենսունակության բարձր մակարդակով։

1 Հայ սփյուռք հանրագիտարան, Երևան, 2003թ., էջ 613։

2 Կ.Պ. Ատանալեան, Յուշարձան հայ աւետարանականաց եւ աւետարանական եկեղեցւոյ, Ֆրեզնո, 1952թ., էջ 463-465։

3 Арман Акопян, Армяне в Уругвае, "Ноев ковчег", 2010, март, № 3.

4 Նույն տեղում։

5 Կ.Պ. Ատանալեան, նշվ. աշխ., էջ 463։

6 AMAA Directory 2011: Armenian Evangelical Churches, Institutions, Organizations, Pastors and Christian Workers Worldwide, p. 18 http://www.amaa.org/Directory%20for%20website.pdf

7 Նույն տեղում։

8 Ուրուգվայի հայ համայնքում, ինչպես Հարավային Ամերիկայի հայ համայնքներում ընդհանրապես, մեծ տարածում ունեն խառնամուսնությունները։ Տարբեր հաշվարկներով՝ Ուրուգվայի հայ համայնքում խառնամուսնությունները կազմում են 60%։

9 Ուրուգվայն առաջին երկիրն է աշխարհում, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Այդ գործում իր ավանդն ունի Ուրուգվայի հայ համայնքը։

10 http://www.lib.mindiaspora.am/2460.html

11 Տե՛ս Protestantism by country http://en.wikipedia.org/wiki/Protestantism_by_country; Екатерина Тесемникова, Мы идем по Уругваю http://www.vestikavkaza.ru/analytics/politika/42791.html

12 Տ.Ղանալանյան, Հարավային Ամերիկայի հայ բողոքական համայնքները, Գլոբուս Ազգային անվտանգություն, թիվ 2, 2011թ., էջ 45:

13 Տե՛ս Federation of Evangelical Churches of Uruguay http://www.oikoumene.org/en/member-churches/regions/latin-america/uruguay/fieu.html?print=1%22%20onfocus%3D%22blurLink%28this%29%3B%22%20onfocus%3D%22blurLink%28this%29%3Bprint%3D1%22%20onfocus%3D%22blurLink%28this%29%3B%22%20onfocus%3D%22blurLink%28this%29%3B

14 Տե՛ս Council of Christian Churches of Uruguay http://www.oikoumene.org/en/member-churches/regions/latin-america/uruguay/cicu.html?print=1%22%20onfocus%3D%22blurLink%28this%29%3B%22%20onfocus%3D%22blurLink%28this%29%3Bprint%3D1%22%20onfocus%3D%22blurLink%28this%29%3B%22%20onfocus%3D%22blurLink%28this%29%3B

«Գլոբուս Ազգային անվտանգություն», թիվ 1, 2012

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր