• am
  • ru
  • en
Версия для печати
31.01.2012

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԷԼԻՏԱ. ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

   

Գագիկ Հարությունյան

Ղարաբաղյան շարժման առաջին օրերին Ստեփանակերտում ստեղծված «Կռունկ», իսկ Երևանում՝ «Ղարաբաղ» կոմիտեների անդամները և նրանց մերձավոր զինակիցները հանդիսացան նոր ազգային քաղաքական էլիտայի միջուկը։ Հետագայում այդ անձինք, փոխարինելով խորհրդային կուսակցական-տնտեսական նոմենկլատուրային, ձևավորեցին երկու հայկական պետությունների կառավարությունները։ Պետք է նաև հաշվի առնենք, որ պատերազմական շրջանում մոբիլիզացվեցին ազգային գրեթե բոլոր ռեսուրսները, և երկրի ճակատագրում կարևոր դերակատարում ունեցան մարդիկ, ովքեր միշտ չէ, որ ունեին փայլուն կենսագրություն ու կրթական բարձր ցենզ։ Բայց այդ մարդիկ նույնպես իրավամբ դարձան էլիտա, քանի որ նրանք էին, որ պատերազմական շրջանում ցուցաբերեցին կամք և կազմակերպեցին զինված դիմադրությունը։ Հատկանշական է, որ հենց այդ «նոր էլիտայի» և «դասական էլիտայի»՝ խորհրդային հայ սպաների և գեներալների համադրումն էր, որ թույլ տվեց հաղթել ուժեղ հակառակորդին։

էլիտա և հեղափոխություններ

Սակայն հայտնի է, որ հեղափոխության արդյունքում էլիտաների փոփոխությունը բավական հիվանդագին է ընթանում (ժամանակին այդ երևույթի մեխանիզմները համալիր վերլուծել է 20-րդ դարի խոշոր մտածող Պիտիրիմ Սորոկինը)։ Այդ համատեքստում պետք է ամրագրել, որ բարձր հատկանիշներ ունեցող ազգային-քաղաքական էլիտայի կայանալը երկարատև էվոլյուցիոն գործընթաց է, որի ընդհատումը կամ խզումը խիստ բացասական են անդրադառնում էլիտայի որակներին։ Նման ընդհատումները տեղի են ունենում, մասնավորապես, պատերազմների, հեղափոխությունների և աշխարհաքաղաքական խոշոր ցնցումների հետևանքով։

Հայկական էլիտան, եթե դիտարկենք անգամ միայն վերջին հարյուրամյակը, ենթարկվել է լուրջ փորձությունների, որոնք խոչընդոտել են նրա բնականոն զարգացմանը։ Ցեղասպանությունը սկսվեց հենց էլիտայի ոչնչացումով, իսկ Առաջին հանրապետության ռազմաքաղաքական ընտրանին ու նրա փայլուն ներկայացուցիչները՝ Գարեգին Տեր-Հարությունյանը, Դրաստամատ Կանայանը և այլք, վտարվեցին երկրից։ ճիշտ է, նրանք շարունակեցին իրենց գործունեությունը հայկական համայնքներում, ու նրանց ավանդը հայապահպանության գործում հսկայական է։ Սակայն սփյուռքահայության և նրա էլիտայի խնդիրների քննարկումը առանձին թեմա է։

Իսկ Հայաստանում Առաջին հանրապետության գործիչներին փոխարինեց խորհրդային ընտրանին, որը և ղեկավարեց երկիրը շուրջ 70 տարի։ Պետք է ընդունել, որ չնայած բոլշևիկյան-ստալինյան ռեպրեսիաներին և Երկրորդ համաշխարհայինի կորուստներին՝ խորհրդային դարաշրջանը բավական նպաստավոր էր քաղաքական ընտրանու ձևավորման տեսանկյունից։ Անշուշտ, «նոմենկլատուրան» գործում և զարգանում էր համաձայն «համակարգի» կանոնների, որոնց խախտումը խստագույնս պատժվում էր։ Սակայն հայ խորհրդային ղեկավարության համար «ազգային գաղափարը» խորթ հասկացություն չէր, և նրանցից շատերը իրավամբ խոշոր ազգային-քաղաքական գործիչներ էին։ Ալեքսանդր Մյասնիկյանը փաստորեն ստեղծեց «գիտա-մշակութային Հայաստանը», Աղասի Խանջյանը՝ «արդյունաբերական Հայաստանը»։ Խրուշչովյան «ձնհալի» տարիներին շնորհիվ Յակով Զարոբյանի հանրապետությունում վերածնունդ ապրեցին ազգային ձգտումները՝ ուղղված Ցեղասպանության և Արևմտահայաստանի կորստի փաստերի ճանաչմանը, ՀԽՍՀ-ին Արցախի, Նախիջևանի և Ջավախքի վերամիավորմանը։ Հայկական խորհրդային էլիտան ձևավորեց մի հասարակություն, որի ռեսուրսները բավարարեցին՝ դիմակայելու համար ԽՍՀՍ փլուզմանը և հաղթելու Արցախյան պատերազմում։ Երկրորդ հանրապետությունում գործում էին մշակութային, գիտական և տեխնոլոգիական դպրոցներ, կար զարգացած արդյունաբերություն։ Այդ չափանիշներով Հայաստանը գերազանցում էր իր հարևաններին և ոչ միայն նրանց։ Իր հերթին այդ զարգացած ոլորտների առկայությունը նշանակում է, որ հանրությունում կար մարդկային մի ստվար հատված, որը հանդիսանում էր այդ գիտելիքների և արժեքների կրողը։ Մտավորականությունը Երկրորդ հանրապետությունում ուներ բարձր սոցիալական կարգավիճակ և մեծ ազդեցություն հասարակությունում։ Պատահական չէ, որ «Ղարաբաղ» կոմիտեի անդամները՝ գրեթե բոլորը մտավորականներ էին (Իգոր Մուրադյան, Ռաֆայել Ղազարյան, Վազգեն Մանուկյան, Աշոտ Մանուչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան և այլք)։ Իսկ ինչ վերաբերում է խորհրդային քաղաքական էլիտային, ապա «պերեստրոյկայի» արդյունքում ստեղծված նոր իրողությունները և հնարավորությունները առավել սուր էին ընկալում Լեռնային Ղարաբաղում, և օրինաչափ է, որ ինքնավար մարզում շարժումը գլխավորեցին տնտեսական-կուսակցական ընտրանու ներկայացուցիչները՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և այլք։ ԽՍՀՄ փլուզման հիվանդագին գործընթացներում նոր, ոչ խորհրդային էլիտան գործեց իրողություններին հնարավորինս ադեկվատ և կարողացավ ստեղծել հայկական պետականության նոր ձևաչափ՝ ի դեմս հայկական երկու հանրապետությունների՝ ՀՀ-ի (Երրորդ հանրապետություն) և ԼՂՀ-ի (Արցախի Հանրապետություն)։Սակայն «ազատական» հեղափոխության արդյունքում Հայաստանը կրեց նաև ծանր կորուստներ, և դա առաջին հերթին վերաբերում է այն մտավոր-հոգևոր ռեսուրսներին, որոնք հանդիսանում են քաղաքական էլիտայի հենքը, որոնք սնում և ձևավորում են այդ էլիտան։ Գաղափարախոսական կողմնորոշումների առումով բավական պարզունակ խորհրդային մտավորականության երազանքը՝ ազատականությունը, առաջին հերթին խիստ դաժան վարվեց հենց իր այդ երկրպագուների հետ։

էլիտա և գաղափարախոսություն

Ազգային-քաղաքական ղեկավարության հիմնական առաքելություններից է գաղափարախոսության ստեղծումը։ Եթե կատարենք համեմատական վերլուծություն, թե որ ազգերն են առավել կենսունակ և մրցունակ, ապա կտեսնենք, որ այն երկրները կամ քաղաքակրթություններն են, որոնց ընտրանին կարողացել է ձևավորել ներդաշնակ գաղափարախոսական դաշտ։ Փորձենք համառոտ հիմնավորել այս դրույթը։ Համաձայն դասական պատկերացումների՝ գոյություն ունեն երեք տիպի հիմնարար գաղափարախոսություններ, որոնցից երկուսը ունիվերսալ են։ Մեկը սոցիալիստական գաղափարախոսությունն է, որի արմատները, համաձայն եվրոպական պատմագրական ավանդույթի, տանում են դեպի Պլատոնը, իսկ ըստ չինականի՝ դեպի Մո-Դիին (մ.թ.ա. 5-րդ դար)։ Մյուսն ազատական ուղղությունն է, որի վրա հիմնվում են մարդու իրավունքները ու դրանցից բխող քաղաքական-տնտեսական ազատությունները։ Եվ երրորդը միայն տվյալ ազգին բնորոշ ազգային-պահպանողական գաղափարախոսությունն է։ Եթե որևէ հանրության հաջողվում է ներդաշնակ համադրել այդ երեք սկզբունքները, ապա այդ երկիրը հասնում է խոշոր հաջողությունների։ Ինչպիսի՞ օրինակներ կան։ Դժվար թե վիճարկվի այն, որ արդեն մի քանի դար է, ինչ անգլոսաքսերը մի շարք կարևոր չափանիշներով հանդիսանում են աշխարհի առաջատարը (հատուկ շեշտենք, որ ԱՄՆ-ը՝ աշխարհի թիվ մեկ տերությունը, հանդիսանում է բրիտանական կայսրության հետնորդը)։ Մեծ Բրիտանիայում ժամանակին ստեղծվեցին երկու կուսակցություն՝ լեյբորիստները և պահպանողականները (կոնսերվատորներ)։ Լեյբորիստները, ինչպես հուշում է այդ անունը, աշխատանքային կուսակցություն են, նրանք որոշակի առումով սոցիալիստական (այսինքն՝ ունիվերսալ) գաղափարախոսության կրողներ են։ Կոնսերվատորների նպատակը, ի թիվս այլ խնդիրների, բրիտանական ազգային արժեքների պահպանումն է, այսինքն՝ նրանք ներկայացնում են ազգային գաղափարախոսությունը։ Հայտնի է նաև, որ ազատականությունը անգլոսաքսերի մենթալիտետի հիմքում է և հանդիսանում է նրանց արժեհամակարգի մասը։ Այս երեք ուղղությունների ներդաշնակումը, փոխազդումը և դիալեկտիկան (իսկ այս գործընթացների «պատասխանատուն» քաղաքական ընտրանին է) թույլ է տալիս հանրությանը և առաջին հերթին դրա ինտելեկտուալ սեգմենտին (ըստ Առնոլդ Թոյնբիի՝ «ստեղծագործ փոքրամասնությունը»), մշակել հիմնավորված ազգային ռազմավարություն, որը մարմնավորում և իրագործում է քաղաքական ընտրանին։ Հիշենք նաև, որ (եթե բաց թողնենք Կրոմվելի կատարած հեղաշրջումը) բրիտանական պատմությունը գիտե բազում ներքաղաքական ինտրիգներ, արտաքին պատերազմներ և նվաճումներ, բայց ոչ՝ հեղափոխություններ։ Այսինքն՝ «անգլախոս ժողովուրդների» (ըստ Ու. Չերչիլի եզրաբանության) էլիտան կարողացել է զերծ պահել հանրությանը ներքին ցնցումներից և դրանով իսկ ապահովել է սեփական զարգացումն ու կատարելագործումը։

Ունենք նաև Չինաստանի օրինակը։ Ոչ վաղ անցյալում այն միակուսակցական և կիսաաղքատիկ երկիր էր։ Դեն-Սյաոպինի և նրան հարող էլիտայի կողմից կատարված բարեփոխումների արդյունքում, պահպանելով սոցիալիստական կոնցեպտները, տնտեսական-հասարակական ոլորտ ներդրվեց ազատականությունը, և էապես վերականգնվեց «կոնֆուցիանիզմը»՝ ազգային պահպանողական գաղափարախոսությունը։ Արդյունքում՝ ընդամենը 20 տարում Չինաստանը դարձավ այն պետությունը, որն այսօր հավակնում է համաշխարհային առաջատարության։

Իսկ Ռուսաստանը վերջին հարյուրամյակում գտնվում է գաղափարական տարուբերումների մեջ։ 1917-ի հեղափոխության արդյունքում հաստատվեց տոտալ կոմունիստական գաղափարախոսությունը, որը 1991-ի հեղափոխությունից հետո փաստորեն հայտարարվեց «օրենքից դուրս»։ Բացարձակ գերիշխող դարձավ ազատականությունը, կամ, ավելի շուտ, նրա «վուլգար լիբերալիզմ» մոդիֆիկացիան՝ այստեղից բխող բոլոր ծանր հետևանքներով։ Ռուսաստանյան քաղաքական ընտրանին այսօր փորձում է շտկել իրադրությունը, սակայն ակնհայտ է, որ այդ տերության՝ համաշխարհային առաջատար լինելու հավակնությունները էապես նվազել են։

Այս ամենի համատեքստում վերադառնանք հայրենական իրողություններին։ Հատկանշական է, որ ժամանակին հայկական ընտրանին կարողացել էր ձևավորել անհրաժեշտ գաղափարախոսական ուղղությունները։ Հնչակյան, Ռամկավար և ՀՅԴ (չնայած հեղափոխական-սոցիալիստական դրույթների առկայությանը՝ այս քաղաքական ուժը ի վերջո ավելի ազգայնական ուղղվածություն ունի) կուսակցությունները կարող էին «ծածկել» սոցիալիստական, ազատական և ազգային գաղափարախոսությունների դաշտը։ Սակայն այսօրվա մեր իրողությունները ավելի մոտ են այն իրավիճակին, ինչ կատարվում է հետխորհրդային տարածքում։ Հայաստանում նույնպես «մոնոպոլիստ կոմկուսին» փոխարինեց «վուլգար լիբերալիզմը»։ Այսօր հուսադրող միտումներից է այն, որ Հանրապետականը ընտրել է զարգացման ազգային-պահպանողական ուղի, իսկ ընդդիմադիր դաշտում, օրինակ, Ժառանգությունը ձգտում է դեպի, այսպես կոչված, «քաղաքակրթված» ազատականությունը։ Միևնույն ժամանակ «ձախ դաշտն» առայժմ բավական բաց է, քանի որ ՀՅԴ-ն համազգային կառույց է, և նրա առաքելությունը Սփյուռքի առկայության պարագայում ավելի լայն է, քան զուտ սոցիալիստական գաղափարախոսությունից բխող գործառույթները։

Կիսապատերազմական վիճակում գտնվող ՀՀ-ի հիմնախնդիրները այսօր պայմանավորված են, անշուշտ, բազմաթիվ օբյեկտիվ և այլ բնույթի գործոններով։ Միևնույն ժամանակ ներդաշնակ և հստակ գաղափարախոսական դաշտի ձևավորումը, ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը, սկզբունքորեն կնպաստի այդ խնդիրների լուծմանը։ Սակայն այստեղ պետք է հաշվի առնել հետևյալ կարևոր, կարելի է ասել՝ որոշիչ հանգամանքը, նման գաղափարախոսական դաշտի ստեղծումը մեծապես կախված է հանրության մտավոր-հոգևոր ռեսուրսներից և հնարավորություններից, կամ այլ խոսքերով՝ զարգացման մակարդակից։

էլիտա և զարգացման ռազմավարության

Համաձայն էդվին Տոֆլերի՝ մեր տեղեկատվական դարաշրջանում «ժամանակը սեղմվել է», և արագ փոփոխությունները բնորոշ են ոչ միայն քաղաքական կամ սոցիալ-տնտեսական զարգացումներին, այլև հիմնարար հասկացություններին։ Մասնավորապես, այսօր «ազգային անվտանգության» չափանիշ է համարվում տվյալ հանրության՝ նաև օպտիմալ գաղափարախոսական դաշտ ձևավորելու և համալիր զարգացում ապահովելու ունակությունը։ Այդ առումով պետք է փաստենք, որ Երրորդ հանրապետությունը չկարողացավ պահպանել Երկրորդից ստացած ժառանգության այն կարևոր մասը, որն առնչվում էր գիտության-կրթությանը, տեխնոլոգիաներին և մշակույթին։ Օրինակ՝ համաձայն որոշ փորձագիտական գնահատականների՝ 1970-80-ականներին Հայաստանում «բարդ աշխատանքով» էին զբաղված (հասկանալով բարձրակարգ խառատներից մինչև ակադեմիկոսներին) շուրջ 1 մլն մարդ, այսօր՝ մոտ 10 անգամ պակաս։ Անշուշտ, այստեղ կան օբյեկտիվ պատճառներ։ Մի բան է լինել միջուկային կայսրության գիտատեխնոլոգիական համակարգի մասը, միանգամայն այլ է՝ զարգացնել այդ ոլորտը երկրաշարժից, «ազատական հեղափոխությունից» և ԽՍՀՄ փլուզումից հետո՝ փաստորեն, չավարտված պատերազմի պայմաններում։ Սակայն պետք է նաև գիտակցենք, որ ներկա «սեղմված ժամանակներում» մենք այլընտրանք չունենք, քանի որ մեր հազարամյակների քաղաքակրթությունը մեծ ավանդ է և հարստություն, սակայն դեռևս երաշխիք չէ, որ մեկ դար հետո զարգացման ներկա ուղղվածության և տեմպերի պարագայում մենք գոյություն կունենանք և առավել ևս արժանի տեղ կգրավենք համաշխարհային հանրությունում։ Բավական է հիշել, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի չափանիշով ՀՀ-ն վերջին տարիներին 113-րդ տեղից վեր չի բարձրանում...

Հատկանշական է, որ պետությունների «ընդհանրական հզորությունները» հաշվարկող մեթոդիկաների բանաձևերում (նման տվյալներից լայնորեն օգտվում են հատուկ ծառայությունները և բարձրագույն քաղաքական ղեկավարությունները), որպես կանոն, «նստած է» այսպես կոչված «կամքի գործոնը»։ Մեր երկու հանրապետությունների նոր ազգային էլիտան հաղթեց պատերազմում նաև իր բարձր կամային հատկանիշների շնորհիվ։ Կա համոզմունք, որ այդ կամային կարողությունները արտահայտվելու են նաև մեր զարգացման ռազմավարությունը իրականացնելու գործում։

«Երևակ», N1, 2012

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր