• am
  • ru
  • en
Версия для печати
26.01.2012

ԹՈՒՐՔԱԿԱՆ «ԽՈՐՔԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ» ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

   

Արեստակես Սիմավորյան

«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ղեկավար

Վերջին տարիներին Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ արմատական փոփոխություններն իրավամբ պետք է կապել փորձագիտական հանրության շրջանակներից դուրս եկած ներկայիս արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ։ Վերջինս կարողացավ բարեփոխել և թարմ մտածողություն հաղորդել Թուրքիայի արտաքին քաղաքականությանը, որը մինչ այդ չուներ ներկայիս ակտիվությունը։ Այս տեսանկյունից Թուրքիայի ժամանակակից արտաքին քաղաքականությունը պետք է համարել «անձնավորված արտաքին քաղաքականություն»։

Դավութօղլուն իր հայտնի «Ռազմավարական խորություն. Թուրքիայի միջազգային դիրքը» աշխատությունում (2001թ.), անդրադառնալով Թուրքիայի արտաքին քաղաքականությանը, նոր ձևակերպումներ և նոր այլընտրանքային մոտեցումներ է առաջարկում ինչպես միջազգային հարաբերությունների տեսության, այնպես էլ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ։ Թուրքիայի «արևելյան քաղաքականության» բացատրման համար օգտագործվում է «ռազմավարական եռանկյունիների» (Stratejik üçgen) մոդելը, որը մինչ այդ երբևէ չէր օգտագործվել։ Վերլուծվում են արտաքին քաղաքականության «ռազմավարական գործիքները», որոնց անդամն է նաև Թուրքիան։

Ծառը, որը վարժված է տարբեր պատվաստումների, տարբեր հողերում իր արմատներով դառնում է հարուստ ծառ՝ առատ և զանազան պտուղներով: Հեղինակը զուգահեռ է անցկացնում՝ Թուրքիայի և այդ ծառի միջև՝ մշակութային, մարդկային, աշխարհագրական և պատմական պաշարների հարուստ հիմքով: Ըստ նրա, չնայած Թուրքիան այժմ ապրում է դժվար ժամանակներ, բայց ի վերջո ունակ կլինի արտադրել հզոր և կայուն համակարգ, երբևէ նրա դժվարությունները կավարտվեն, ինչպես Բրիտանական աշխարհի և Ֆրանսիայի պարագայում: Այդ դեպքում Թուրքիան նույնպես կունենա հնարավորություն՝ ունենալու հզոր և յուրօրինակ արտաքին քաղաքականություն՝ նախկին պասիվ դրությունից գնալով դեպի կենտրոնական երկրի դիրքեր1: Ստացվում է, որ չնայած պատմական, աշխարհագրական և մշակութային հարստություններին, Թուրքիան, առանց համակարգված և երկարաժամկետ քաղաքական նախաձեռնությունների, հեռու կլինի արտաքին քաղաքականության իր նպատակների իրականացումից և երևան եկող շահերի հնարավորության օգտագործումից:

Վերլուծելով Թուրքիայի անցյալը և ուղենշելով ապագան և դրա իրականացման համար լայն աշխարհագրական սահմաններ վերցնելով՝ Դավութօղլուն մեկ անգամ ևս հաստատում է իր այն միտքը, թե Թուրքիան կամրջող երկիր չէ, այլ պետք է լինի կենտրոնական, և այդ գաղափարը դոմինանտ պետք է դառնա ոչ միայն քաղաքագետների ու դիվանագետների, այլև մտավորականության մտածողության մեջ2։ Միջազգային հարաբերությունների աշխարհագրությունում առաջին հերթին ներկայացված են մերձավոր երկրների շրջանակը՝ Բալկաններ, Միջին Արևելք և Կովկաս, մերձավոր ծովերի շրջանակը՝ Սև, Ադրիատիկ, Կարմիր ծովեր, Ծոց և Կասպից ծով, մերձավոր մայրցամաքների շրջանակը՝ Եվրոպա, Հյուսիսային և Հարավային Ամերիկաներ, Հարավային, Կենտրոնական և Արևելյան Ասիա։

Կախված ռազմավարական և մարտավարական խուսանավման կարողություններից՝ երկրները խմբավորում է չորս կարգերում. գերտերություններ (ԱՄՆ և նախկին ԽՍՀՄ), մեծ տերություններ (Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Չինաստան, Ճապոնիա), տարածաշրջանային ուժեր/պետություններ (Թուրքիա, Հնդկաստան, Բրազիլիա, Եգիպտոս, Արգենտինա, Իրաք) և փոքր պետություններ, որոնցում գերտերությունները փորձում են ընդլայնել իրենց սահմանները, մեծ տերությունները՝ ներքին համաձայնությամբ փորձում ուժեղացնել դիրքերն իրենց ազդեցության գոտիներում։

Սրանց զուգահեռ՝ տարածաշրջանային զարգացող ուժերն իրենց քաղաքականությունը համապատասխանեցնում են այն գերտերությունների քաղաքականությանը, որոնց ենթակա են և անհաջողության մատնվելու դեպքում պատժվում են գերտերությունների կողմից (ինչպես Թուրքիան պատժվեց էմբարգոյով Կիպրոսի գործողություններից հետո), իսկ փոքր պետությունների խուսանավելու հնարավորությունները սահմանափակ են3։

Ապագայի հնարավորություններն ուղենշելուց հետո Դավութօղլուն առաջին հերթին քննարկում է NATO-ի, ECO-ի, OIC-ի, BSEC-ի, D-8-ի և G-20-ի խնդիրը՝ որպես Թուրքիայի արտաքին քաղաքականության «ռազմավարական գործիքներ»։ Նա քննադատում է այն տեսակետը, համաձայն որի՝ Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը (OIC) կարող է հետադիմական կեցվածքը վերափոխել առաջադիմականի։

Հեղինակն առաջնային է համարում այն, որ ECO-ն (Տնտեսական համագործակցության կազմակերպություն) այնպիսի կազմակերպություն է, որը ռազմավարական կարևոր դիրք է գրավում նոր ձևավորված աշխարհում։ Այս կազմակերպության հաջողությունները մեծապես պայմանավորված են կարոտալի կապերն իրատեսական և հոգեբանական տարրերի փոխարինելով։ BSEC-ի (Սևծովյան տնտեսական համագործակցություն), որի անդամ պետությունները հիմնականում ներկայացնում են հետսոցիալիստական երկրները (բացառությամբ Թուրքիայի և Հունաստանի), ձախողման հիմնական պատճառն առանց վերահսկողության արագ տարածվելու պայքարն է։ BSEC-ի վերածնվելու լավագույն ճանապարհը Թուրքիայի և Ռուսաստանի միջև տնտեսական շահերի ընդհանուր ոլորտ գտնելն է՝ միևնույն ժամանակ Ուկրաինային տրամադրելով գլխավոր կարևոր գործընկերոջ դերակատարություն, ինչպես Գերմանիային և Ֆրանսիային4։

Բավական ուշագրավ է «ռազմավարական եռանկյունիների» մոդելը, որի վրա պետք է կառուցվի Թուրքիայի ապագա արևելյան քաղաքականությունը։ Այդ եռանկյունիները ներկայացնում են «եռյակ պետությունների միություն», բայց ոչ տարանջատված մյուս եռանկյունուց, որտեղ երկու եռանկյունիների համատեղ գործունեությունը կարող է հաստատել միջազգային հավասարակշռություն Մերձավոր Արևելքում։ Եգիպտոս-Թուրքիա-Իրան մոդելը հանդես է գալիս որպես «արտաքին եռանկյունի», իսկ «ներքին եռանկյունին» Սիրիա-Իրաք-Սաուդյան Արաբիա եռյակն է։ Ըստ այդմ՝ Մերձավոր Արևելքի թատերաբեմն այնքան ժամանակ հավասարակշռված կլինի, որքան ժամանակ հավասարակշռված է արտաքին եռանկյունին։ Այս եռանկյունում երեք պետություններից մեկը կարող է անընդհատ օտարվել, իսկ մյուս երկուսը՝ մշտապես օգնել միմյանց5:

Դիտարկելով եռանկյունիների վերոհիշյալ մոդելները՝ անզեն աչքով տեսանելի է դառնում հնարավոր «իսլամական միության» խորհուրդը, ընդ որում՝ «արտաքին եռանկյունին», ի տարբերություն «ներքինի», գերիշխող դիրք պետք է ունենա մյուսների նկատմամբ։ Այսպիսի ռազմավարական նշանակության քայլեր կատարելու համար Թուրքիան նախ պետք է կարողանա լուրջ հարաբերություններ հաստատել Իրանի հետ։ Մեր բնորոշմամբ՝ ահա այս «իսլամական եռանկյունիներն» են, որոնց մեջ տեսանելի է նեոօսմանականության խնդիրը։ Այս եռանկյունիների մեջ մտնող պետությունների ստեղծումը ենթադրում է այլ գերուժերի, մասնավորապես՝ ԱՄՆ դիրքերի թուլացում Մերձավոր Արևելքում։

Այդպիսի ենթադրության է հանգեցնում այն միտքը, թե Իրաքը, յուրահատկություն ունենալով Մերձավոր Արևելքում, այնուամենայնիվ, քրոնիկական պրոբլեմ ունի՝ անընդհատ հակասություններն արևմտյան հզորների հետ։ Սա ցանկալի, ձեռնտու կետ էր տարածաշրջանում ԱՄՆ հետաքրքրությունների համար, և հիմա գրեթե նույն կարգավիճակում են հայտնվել այս տարածաշրջանի այլ երկրներ՝ երկարացնելով ԱՄՆ հետաքրքրությունների շրջանակը:

Վերլուծելով Թուրքիայի հարաբերություններն այլ տարածաշրջանների երկրների հետ՝ Կենտրոնական Ասիան բնորոշվում է որպես արտագաղթի բարձր մակարդակ ունեցող տարածաշրջան, որն ապագայում կլինի շատ ավելի հուսադրող վիճակում։ Հիմա Թուրքիան չի կարող բարելավել իր ռազմավարությունը Կենտրոնական Ասիայում, քանի որ ավանդական ստատուս-քվոյի քաղաքականության առկա դրությունը ձևավորվել է Արևմուտքի դանդաղկոտության պատճառով, որը գալիս է Սառը պատերազմի դարաշրջանից։ Եթե Թուրքիան ձգտի արդյունավետ լինել այս տարածաշրջանում, պետք է բարելավի հարաբերություններն Իրան-Ռուսաստան զույգի հետ6:

Խոսելով Եվրոպա-Թուրքիա հարաբերությունների մասին՝ Դավութօղլուն նշում է, որ երբ ավարտվեց Սառը պատերազմի դարաշրջանը, Եվրոպան վերադարձավ միջազգային հարաբերությունների թատերաբեմ՝ ընդարձակելով դեպի արևելք իր ավանդական սահմանները։ Եվ այդ նոր աշխարհում Թուրքիան ցամաքային և մշակութային կամրջի կարգավիճակ ձեռք բերեց՝ ձևավորելով նոր իրատեսական արտաքին քաղաքականություն, հաշվի առնելով վերոհիշյալ երկու տարրերը։ Հարաբերություններ ունենալով Եվրոպայի հետ՝ Թուրքիան չի կարող սահմանափակվել դրանով, Եվրոպային և Ատլանտյան աշխարհին խիստ հավատարիմ լինելու Թուրքիայի արտաքին քաղաքականության կողմնակիցներն անխուսափելիորեն իրենց քաղաքականությունն իրականացնելիս դրսևորում են անհեռատեսություն։ Այս տեսանկյունից Թուրքիան ունի որոշակի ընդհանրություն ԱՄՆ-ի հետ, մի կողմից Սևծովյան շրջանում՝ Ուկրաինայի և Մոլդովայի հետ կապերի առումով, մյուս կողմից՝ Ադրիատիկ շրջանում՝ Մերձավոր Արևելքի և Արևելյան Եվրոպայի հետ կապերի առումով։ Այս պարագայում Թուրքիան պետք է պահպանի փոխադարձ դիվանագիտական հարաբերություններ այլ շրջանների երկրների հետ, որդեգրի և հետևի բազմավեկտոր քաղաքականության, որը փնտրում է ներդաշնակություն և հավասարակշռություն գերհզորների կողմնակիցների և որևէ տարածաշրջանում սեփական քաղաքականության միջև7։

Անդրադառնալով Եվրոպայի անդամակցության հարցին՝ Դավութօղլուն նշում է, որ Թուրքիան առաջինը հիշեցրեց ԵՄ-ին, որ չդիտարկի Հանթինգթոնի «Քաղաքակրթությունների բախման» տեսությունը, երբ գնահատում էր Սլովակիային, Էստոնիային, Ռումինիային և Բուլղարիային, սակայն դա առաջին պլան մղվեց, երբ սեղանին դրված էր ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը: Այս քաղաքականության լույսի ներքո էլ, թերևս, ԵՄ-ը չի համաձայնում Թուրքիայի ամբողջական անդամակցությանը, բայց ենթադրում է, որ կհետևի նրան մոտիկ պահելու քաղաքականությանը: Անդրադառնալով այլընտրանքային արտաքին քաղաքականության հնարավորություններին՝ նա կարծում է, որ պետք է հաշվի նստել ԵՄ-ի հետ, բայց և ԵՄ-ին չհամարել միակ այլընտրանքը8:

Ամփոփելով Դավութօղլուի դիտարկումները՝ Թուրքիայի արտաքին քաղաքական ձգտումների վերաբերյալ, հարկ է նշել, որ դրանցում գերակշռում են նեոռեալիստական-իդեալիստական մոտեցումները։

1 Ahmet Davutoğlu, Stratejik Derinlik, Türkiye'nin Uluslararası Konumu, İstanbul, Küre Yayınları, Altmışdördüncü Basım, Istanbul, 2011, s.554:

2 Ahmet Davutoğlu, Türkiye merkez ülke olmalı, Radikal, 26/02/2004:

3 Ahmet Davutoğlu, Stratejik Derinlik, Turkiye'nin Uluslararası Konumu, İstanbul, Kure Yayınları, Altmışdördüncü Basım, Istanbul, 2011, s. 74:

4 Նույն տեղում, էջ 268-280:

5 Նույն տեղում, էջ 354-355:

6 Նույն տեղում, էջ 498։

7 Նույն տեղում, էջ 201-214։

8 Նույն տեղում, էջ 542:

«Գլոբուս Ազգային անվտանգություն», թիվ 1, 2012

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր