• am
  • ru
  • en
Версия для печати
19.01.2012

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ

EnglishРуский

   

Սամվել Մարտիրոսյան

«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական կենտրոնի փորձագետ

Ինտերնետում և ընդհանրապես մեդիա-դաշտում սոցիալական ցանցերի գերիշխումը հանգեցնում է տեղեկատվական միջավայրի էլ ավելի մեծ փոփոխության։ Եթե ավելի վաղ ինտերնետ-միջավայրում բավական մենաշնորհային դիրքեր ունեին որոնողական համակարգերը, ապա այժմ մեծանում է սոցիալական ցանցերի կշիռը։

Սոցիալական ցանցերի դերի մեծացումը հանգեցնում է նրան, որ փոխվում է ինտերնետում տեղեկատվության տարածման հոգեբանությունը։ Դեռևս մի քանի տարի առաջ տեղեկատվության մի քանի հիմնական աղբյուր կար, ներառյալ կայքանշաններով, ընկերների հղումներով կայքին անցումները, թեմատիկ ֆորումների հղումները, գովազդային հղումները։ Սակայն հիմքերի հիմքը որոնման համակարգերն էին, որոնց օգնությամբ միջին օգտվողը տեղեկատվություն էր գտնում համաշխարհային ցանցում։

Տեղեկատվության ծավալուն աճը ցանցում, տեղեկատվության աղբյուրների հսկայական և անընդհատ աճող քանակությունն անհրաժեշտություն դարձրին որոնման համակարգերի գոյությունը։ Սակավ հայտնի կայքերի համար որոնման համակարգերը այցելուներ ստանալու գրեթե միակ աղբյուրն էին։ Սոցիալական ցանցերի դարաշրջանի սկիզբը ցույց տվեց, որ տեղեկատվության աղբյուրների որոնման մեջ էլ խորքային փոփոխություններ են տեղի ունենում։ Այցելուների հսկայական թվաքանակ դադարեց օգտվել որոնման համակարգերից հրատապ տեղեկատվություն որոնելու համար, այսինքն՝ այն տեղեկատվությունը, որը հաղորդում է հենց մամուլը։ Եթե դիտարկելու լինենք առցանց ԶԼՄ ոլորտը, ապա այստեղ հավանաբար ազդեցության համար պայքար է սկսվել որոնման համակարգերի և սոցիալական ցանցերի միջև։

Հանրաճանաչ ԶԼՄ ոլորտում, հասկանալի պատճառներով, օգտվողների մի մեծ թվաքանակ մշտական ընթերցող է հանդիսանում և միջնորդների կարիք չունի կայքին անցնելու համար։ Միևնույն ժամանակ, սոցիալական ցանցերն էլ ավելի լուրջ գործոն են դառնում ընթերցողներ ներգրավելու իմաստով։ (Աղյուսակ 1-ում երևում է, թե ինչպես է Google հիմնական գլոբալ որոնման համակարգը վերջին տարվա ընթացքում կորցրել ազդեցությունը գերմանական պարբերականների լսարանի վրա, այն դեպքում, երբ Facebook սոցիալական ցանցի ազդեցությունը, ընդհակառակը, էապես մեծացել է)։

Աղյուսակ 1. Ընթերցողների՝ Facebook-ից և Google-ից գերմանական պարբերականների կայքերին անցումների բաժինը, 2010թ. հունիս և 2011թ.։

Աղբյուրը՝ «Frankfurter Allgemeine Zeitung»

Որոնման համակարգերի ազդեցության նվազումը և սոցիալական ցանցերի դերի մեծացումը կապված են ինչպես ինտերնետում զարգացման ընդհանուր միտումների, այնպես էլ մի քանի պլատֆորմների ի հայտ գալու հետ, որոնք գրեթե մենաշնորհային դիրքեր ունեն օգտվողների շրջանում։

Ցանցում առավել էական դիրք է զբաղեցնում Facebook-ը։ Հոկտեմբերի վերջի դրությամբ սոցիալական այս ցանցում ավելի քան 800 մլն ակտիվ օգտվող կա, որոնց գրեթե կեսն ամեն օր կայք է մտնում1։ Հաշվի առնելով այն, որ ողջ աշխարհում այսօրվա դրությամբ ավելի քան 2 մլրդ օգտվող կա, ստացվում է, որ Facebook-ը որոշակի չափով վերահսկում է գլոբալ ցանցի օգտվողների գրեթե մեկ երրորդին։ (Եթե այստեղից հանենք Չինաստանի օգտվողներին՝ ավելի քան 500 մլն մարդ, որտեղ Facebook-ն արգելափակված է, ապա այս սոցիալական ցանցի ազդեցությունն էլ ավելի շոշափելի է դառնում)։ Ընդ որում՝ օգտվողների թվի աճը Facebook-ում շարունակվում է (տե՛ս Աղյուսակ 2

Աղյուսակ 2. Օգտվողների թվաքանակի աճը Facebook-ում 2004թ. դեկտեմբեր-2011թ. սեպտեմբեր ընթացքում։

Աղբյուրը՝ http://www.benphoster.com/facebook-user-growth-chart-2004-2010/

Համապատասխանաբար, աճում է նաև Facebook-ից մեդիա-կայքեր անցնելու բաժինը։ Աղյուսակ 3-ում ցույց է տրված, թե ինչպես է ավելանում սոցիալական այդ ցանցից աշխարհի թերթերի կայքեր այցելուների թիվը Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Թուրքիայի օրինակով։

Աղյուսակ 3. Facebook-ից թերթեր այցելողների թվի ավելացումը. 2010թ. հունիս՝ 2011թ. հունիսի համեմատությամբ։

Աղբյուրը՝ comScore

Փոխվում է օգտվողի հոգեբանությունն ընդհանրապես։ Եթե ավելի վաղ օգտվողների մեծամասնությունն ակտուալ իրադարձությունների մասին թարմ տեղեկատվություն գտնելու համար պետք է ակտիվություն ցուցաբերեր, որոներ որոնման համակարգերում կամ կարդալ թեմատիկ ֆորումները, ապա այսօր օգտվողների մեծ մասը տեղեկատվության պասիվ սպառողի դերին է անցել, տեղեկատվություն, որը տարածվում է սոցիալական ցանցերի միջոցով։ Միջին օգտվողն արդեն ինքը չի որոնում տեղեկատվությունը. նա վստահում է այն փոքրամասնությանը, որը նույնպես սոցիալական ցանցերի օգտվող և, միևնույն ժամանակ, թարմ տեղեկատվության ակտիվ որոնող է հանդիսանում։ Համապատասխանաբար, ուժեղանում է օգտվողների այն աննշան ակտիվ զանգվածի դերը, որն ի վիճակի է գտնել և տարածել տեղեկատվությունը։ Հետևաբար, եթե որոնման համակարգի պարագայում մենք գործ ունենք ինտերնետում տեղեկատվություն գտնելու և դասդասելու մաթեմատիկական ալգորիթմի հետ, ապա սոցիալական ցանցերում առաջին պլան է մղվում մարդկային գործոնը, կարևոր է դառնում այն, թե ով և ինչ տեղեկատվություն է տարածում։ Փաստորեն, տեղի է ունենում ցանցային էլիտաների փոփոխություն։ Մաթեմատիկական ալգորիթմերի վրա հենվող որոնման միջոցների ոչ մեծ քանակությանը փոխարինելու են գալիս սոցիալական ցանցերի ակտիվիստները։ Միևնույն ժամանակ, արժե նշել, որ այս միտումը վերաբերում է նորությունների հոսքին, բայց ոչ հիմնական տեղեկատվությանը, որն օգտվողները շարունակում են որոնել որոնման համակարգերի միջոցով։

1 https://www.facebook.com/press/info.php?statistics

«Գլոբուս Ազգային անվտանգություն», թիվ 6, 2011

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր