
«ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՆԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

«Նորավանք» ԳԿՀ տնօրեն
2011-ը հարուստ էր քաղաքական իրադարձություններով, որոնցից ամենակարևորը, անկասկած, Նոր Մերձավոր Արևելքում առայսօր ընթացող բուռն զարգացումներ են, որոնք էապես վերափոխել են տարածաշրջանի քաղաքական բովանդակությունը։ Կատարվածի վերաբերյալ գնահատականները երբեմն խիստ իրարամերժ են։ Այսպես կոչված «մեծ ռազմավարության» տեսանկյունից, ըստ մեզ, հարկ է առանձնացնել արաբական երկրների ինտեգրման միտումները, ինչն իր հերթին հանգեցնում է «մնացյալ աշխարհից» այդ տարածաշրջանի մեկուսացմանը։ Այդ միտումը, ինչպես նաև այլ համակարգային վերափոխումները, անխուսափելիորեն իրենց ազդեցությունն են թողնելու նաև հայկական պետությունների և հայկական հանրության վրա։
Կանխատեսումներ և գնահատականներ
Որոշ հետազոտողներ, օրինակ՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Վիտալի Նաումկինը1, գտնում են որ «արաբական գարունն» անսպասելի էր միջազգային հանրության համար։ Սակայն հարկ է նշել, որ հեղափոխական գործընթացները սպասելի էին նվազագույնը առանձին վերլուծաբանների համար, որոնցից նշենք տարածաշրջանի խոշոր գիտակ Վալիդ Ֆարեսին2 ու Ռուսաստանի Արտաքին և պաշտպանության քաղաքականության խորհրդի նախագահ Սերգեյ Կարագանովին։
Կասկած չի հարուցում, որ գործընթացները տարածաշրջանում պետք է որ կանխատեսվեին նաև առաջատար «ուղեղային կենտրոնների» կողմից։ Օրինակ, դեռևս 1990-ականներին ԿՀՎ-ն սահմանել էր այն հիմնական կանխանշանները, որոնք վկայում են այս կամ այն երկրում «հեղափոխական իրադրության» մասին, իսկ համեմատաբար վերջերս այդ ուղղությամբ ծավալուն հետազոտություն է իրականացրել ԱՄՆ Ազգային հետախուզության Հեռանկարային հետազոտական ծրագրերի վարչությունը (IARPA)3։ Հայտնի է նաև, որ ՈւԿ-ները և հատուկ ծառայությունների վերլուծական ստորաբաժանումները կառավարություններին են ներկայացնում ոչ միայն լոկ տեղեկատվություն, այլև խորհրդատվություն, թե ինչպես այս կամ այն հնարավոր գործընթացները ծառայեցնել իրենց ազգային շահերին։ Այսինքն՝ արաբական հեղափոխական սցենարները, ամենայն հավանականությամբ, չէին կարող վրիպել նվազագույնը ամերիկյան վարչակազմի աչքից։
Այս հանգամանքը բնավ չի նշանակում, թե արաբական գործընթացները նախապես «ծրագրված էին ԱՄՆ-ի կողմից», ինչպես պնդում են որոշ վերլուծաբաններ՝ նկատի ունենալով «գունավոր հեղափոխությունների» տեխնոլոգիաներին այդ տերության տիրապետումը4։ Ակնհայտ է, որ արաբական աշխարհում (22 պետություն՝ շուրջ 300 մլն բնակչությամբ) բուռն զարգացումների համար ստեղծված էին բոլոր «ներքին» նախադրյալները՝ իրենց կենսունակությունը կորցրած երկարամյա ավտորիտար ռեժիմներ, ծանր սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական գործոններով բարդացած իրավիճակ։ Բավական է նշել, որ արաբական երկրներում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմում է ընդամենը $2000, բնակչության 20%-ն ապրում է օրը $2 եկամտով: Եվ այդ ամենը՝ ակտիվ և մասամբ գործազուրկ երիտասարդության առկայության դեպքում, որը տիրապետում է մոբիլ կապին, ինտերնետին ու ընդգրկված է վիրտուալ սոցիալական ցանցերում։
Միևնույն ժամանակ, դժվար է համաձայնել այն հետազոտողների հետ, որոնք պնդում են, թե հեղափոխությունները զուտ «ժողովրդավարական շարժման» արդյունք են։ Համաձայն վերը ներկայացված մեր մոտեցման, այդ հեղափոխությունների հնարավորությունը կանխատեսվել էր աշխարհաքաղաքական դերակատարների կողմից, և նրանք, գործելով սեփական ազգային շահերի համատեքստում, փորձեցին ուղղորդել և հնարավորինս կառավարելի դարձնել այդ գործընթացները, իսկ Լիբիայի պարագայում ՆԱՏՕ-ի միջոցով անմիջականորեն միջամտել զարգացումներին։ Նման վարկածը հաստատվում է այն վերլուծություններով, ըստ որոնց՝ տարածաշրջանային գործընթացները լիովին համընկնում են ԱՄՆ շահերին, և անգամ Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումը փոխհատուցվում է, քանի որ ստեղծված իրավիճակը հնարավորություն է տալիս ձերբազատվել Իրանի ու Սիրիայի «հակաամերիկյան ռեժիմներից»5։ Ի լրումն, ստեղծված անկայուն ռազմաքաղաքական իրավիճակը մեծացնում է Միացյալ Նահանգների գործընկերների՝ Սաուդյան Արաբիայի, Քաթարի, Քուվեյթի և Օմանի (ի դեպ, ըստ կանխատեսումների՝ այդ «բարեկեցիկ» երկրներում մոտ ապագայում լուրջ խնդիրներ են առաջանալու, ինչն էլ կհրահրի ժողովրդական հուզումներ և համակարգային փոփոխություններ) ռազմաքաղաքական կախվածությունը Վաշինգտոնից։ Մասնավորապես, դա թույլ է տալիս «ծանրաբեռնել» ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրը. բավական է նշել, որ Սաուդյան Արաբիային պետք է մատակարարվի 84 հատ F-16 կործանիչ և շուրջ 120 ուղղաթիռ, Օմանը պատվիրել է 18 հատ F-16, իսկ Քուվեյթը՝ ավելի քան 200 «Փեթրիոտ» զենիթահրթիռային համալիր։ Ընդհանուր առմամբ, ամերիկյան ռազմական տեխնիկայի վաճառքն այդ երկրներին մոտակա տարիներին կազմելու է շուրջ $60 մլրդ, ինչը կարևոր է տնտեսական հիմնախնդիրներ ունեցող ԱՄՆ-ի համար։
Նման մոտեցմանը զուգահեռ, որոշ վերլուծաբաններ (օրինակ՝ Վաշինգտոնում տեղակայված Մերձավորարևելյան խորհրդի նախագահ Չի Ֆրիմենը6) գտնում են, որ ստեղծված իրավիճակում ամերիկացիները գործել են ոչ այնքան արդյունավետ և արդյունքում կորցրել են այդ տարածաշրջանում իրենց ազդեցության մի զգալի մասը։ Կարծում ենք, որ վերջին գնահատականն ադեկվատ է իրողություններին, սակայն այն պայմանավորված է ոչ այնքան ամերիկացիների «անարդյունավետ» գործողություններով, որքան բազմաբևեռ գլոբալ հարթությունում ընթացող օբյեկտիվ բնույթի տեղաշարժերով։
Ինտեգրացիա և ֆրագմենտացիա
Կարելի է ամրագրել, որ «արաբական գարնան» արդյունքում մի շարք արաբական երկրներում սեկուլյար ավտորիտար ռեժիմները փոխարինվեցին իսլամական «թեքումով» քվազիժողովրդավարական վարչակարգերով7։ Խիստ կարևոր է, որ այդ վարչակարգերին աջակցում է մեծամասնություն կազմող և «արաբական-իսլամական ընդհանրական ինքնությունը» վերագտնել ձգտող բնակչությունը։ Այս առիթով հիշենք, որ «արաբական փողոցը» բավական մոլեռանդ է. կազմելով աշխարհի բնակչության 5%-ը՝ արաբները հրատարակում են աշխարհում տպագրվող գրքերի ընդամենը 1,1%-ը, որոնց 17%-ը կրոնական բովանդակություն ունի, մոտ 58 միլիոնը գրագետ չէ, իսկ «միջին վիճակագրական արաբը» սովորում է ընդամենը 3, 4 տարի8։ Իրեն վերագտնող այդ նոր իսլամական արաբական աշխարհը ցուցաբերում է ինտեգրման միտումներ, և այդ առումով Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլայի կոչը միասնական արաբական պետության ստեղծման մասին միանգամայն ադեկվատ է հնչում։
Դրա հետ մեկտեղ, հստակ ուրվագծվում են նաև Արևմուտքից մեկուսանալու, քաղաքակրթորեն տարանջատվելու և դեպի Արևելք «կողմնորոշվելու» միտումները։ Այս երևույթը լիովին համապատասխանում է ԱՄՆ Ազգային հետախուզական խորհրդի (NIC) և ԵՄ Անվտանգության ուսումնասիրության ինստիտուտի (EUISS) կողմից դեռևս 2010-ին կատարված այն մշակումներին, որոնցում ներկայացվել էին աշխարհի «ֆրագմենտացման» սցենարները9։
Միջուկային հակամարտության հեռանկարը
Արաբական աշխարհում կատարվածը լրացուցիչ ակտուալացրեց «Իրանի հիմնախնդիրը», որի դերակատարումը, մասնավորապես, աճել է շիա-սուննի միջդավանական հարաբերությունների սրման արդյունքում։ Այդ համատեքստում Իրանի ազդեցությունը տարածվում է, մասնավորապես, Իրաքի, Եմենի, Սիրիայի վրա և բարդացնում նրա հարաբերությունները Թուրքիայի ու ավանդական մրցակից Սաուդյան Արաբիայի հետ։ ԱԷՄԳ եզրակացությունների վրա հիմնված ԱՄՆ և մասամբ՝ ԵՄ պատժամիջոցներն այսօր զուգորդվում են Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից հնչեցվող՝ Իրանի միջուկային օբյեկտներին ռազմական հարվածներ հասցնելու «խոստումներով»։ Անշուշտ, Պարսից ծոցում ամերիկյան և իրանական ռազմածովային ուժերի անմիջական շփման և Հորմուզի նեղուցի փակման սպառնալիքի պարագաներում չի կարելի լիովին բացառել, որ այդ երկրների միջև սկսվեն իրավիճակային բնույթի ռազմական գործողություններ։ Սակայն տպավորությունն այնպիսին է, որ ամերիկա–իսրայելական ճնշումների հիմնական նպատակն Իրանի ներքաղաքական համակարգում իրենց ձեռնտու փոփոխությունների հասնելն է։ Որ ներկայիս ամերիկյան վարչակազմն առաջնային չի համարում Իրանի դեմ ռազմական գարծողություններ ձեռնարկելը՝ հետևում է ոչ միայն նման քայլի անկանխատեսելի հետևանքներ ունենալու հանգամանքից (ինչպես հայտարարել էր Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան)։ Դրա մասին է վկայում նաև Բարաք Օբամայի նոր ռազմական դոկտրինը, ըստ որի՝ զգալիորեն կրճատվելու են ռազմական ծախսերը։ Այս ամենի առումով պատահական չէ, որ համաձայն ամերիկյան հեղինակավոր «Սթրատֆորի» ղեկավար Ջորջ Ֆրիդմանի խորհրդատվությունների՝ ԱՄՆ-ը այդ տարածաշրջանում պետք է կիրառի նոր ռազմավարություն և Իրանի հետ հարաբերությունները տեղափոխի համագործակցության դաշտ (ինչպես դա կատարվեց անցյալ դարի 70-ականներին, նախագահ Նիքսոնի ժամանակաշրջանում, Չինաստանի հետ հարաբերություններում)10։
«Արաբական գարունը» հանգեցրել է տարածաշրջանում նաև Թուրքիայի դերակատարման մեծացմանը11։ Դա պայմանավորված է, մասնավորապես, նրանով, որ «հետհեղափոխական երկրներում» որպես կառավարման մոդել ընդունվել է թուրքական վարչակազմին հարազատ «չափավոր իսլամը»։ Դա լրացուցիչ հիմք է հանդիսանում Թուրքիայի համար՝ համապատասխան նեոօսամանիզմի գաղափարախոսական դրույթների, տարածելու իր ազդեցությունն այդ երկրներում։ Զուգահեռ՝ Սիրիայում ընթացող հայտնի զարգացումների արդյունքում էապես սրվել են Թուրքիա–Իրան հարաբերությունները։
Համաձայն փորձագիտական դիտարկումների և թուրքական աղբյուրների՝ տարածաշրջանային առաջատար դառնալու ձգտումը դրդում է Թուրքիային մշակել միջուկային զենք ստեղծելու սեփական ծրագիր12։ Այսինքն՝ տեսանելի հեռանկարում տարածաշրջանում կհայտնվի նվազագույնը երեք (Իսրայել, Իրան և Թուրքիա) միջուկային պետություն։ Դա՝ այն պարագայում, երբ նրանց միջև մշակված չեն միջուկային զինանոցների վերահսկման և դրանց կիրառման զսպման մեխանիզմները, ինչպես դրանք ձևավորվել էին ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև Սառը պատերազմի տարիներին։ Ավելին, այսօր այդ երեք երկրների քաղաքական համակարգերում այս կամ այն չափով կարևորվում է կրոնական գործոնը, ինչը մեծացնում է ոչ պրագմատիկ որոշումներ ընդունելու հավանականությունը։
«Արաբական գարնան» հումանիտար չափողականությունը
«Արաբական գարունը», ինչպես և ցանկացած հեղափոխական գործընթաց, զուգորդվել է բռնություններով և խաղաղ բնակչության բազմաթիվ զոհերով։ Մասնավորապես, սեկուլյար ռեժիմների տապալումը և իսլամական գործոնի ակտիվացումն էապես սրել են միջդավանական (մասնավորապես Սիրիայում՝ սուննի-ալևի համայնքների միջև13), միջկրոնական (Եգիպտոսում բնակվում է մինչև 8-9 մլն քրիստոնյա ղպտի) հակասությունները։ Ակտուալացել են նաև ինքնավարություն չունեցող տեղաբնակ ազգային փոքրամասնությունների խնդիրները (օրինակ՝ բերբերների թիվը Թունիսում կազմում է մոտ 20 մլն)։
Այդ խնդիրներն անմիջականորեն անդրադառնում են նաև հայերի վրա, որոնց թիվը տարածաշրջանում վերջին մի քանի տասնամյակում էապես նվազել է։ Բավական է նշել, որ 2003թ. Իրաքի օկուպացիայի հետևանքով այսօր գործնականում հայաթափ է եղել այդ երկրի մեր համայնքը, նման բնույթի խնդիրներ հասունանում են նաև Սիրիայում։ Դա նշանակում է, որ պետք է մշակել մեր հայրենակիցների անվտանգությունն ապահովող որոշակի, գուցեև ոչ ավանդական մեթոդներ։ Մասնավորապես, հաշվի առնելով Հայաստանի ոչ այնքան մեծ նյութական հնարավորությունները՝ պետք է քննարկվի ազգային մտավոր-հոգևոր ռեսուրսները և պատմամշակութային ժառանգությունը հայրենիք վերադարձնելու հարցը։
1 Наумкин В., Снизу вверх и обратно, Россия в глобальной политике, том 9, #4, с. 20, 2011.
2 Փորձագետը դեռևս 2010-ին հրապարակել էր «The Coming Revolution: Struggle for Freedom in the Middle East» մենագրությունը, որտեղ կանխատեսել էր 2011-ի «արաբական գարնան» սցենարները (հղումը՝ ըստ Россия в глобальной политике, том 9, #2, с. 51, 2011–ում տպագրված Валид Фарес, «Ветер ужаса и ветер надежды» հոդվածի)։
3 Разработка программы прогнозирования крупных социальных потрясений в интересах национальной разведки США, Зарубежное военное обозрение, с. 106, #9, 2011։ Տե՛ս նաև http://kommersant.ru/doc/1786927.
4 Տե՛ս, օրինակ, Наталия Цветкова, Американский фактор в арабских революциях, http://meast.ru/article/amerikanskii-faktor-v-arabskikh-revolyutsiyakh-mobilizatsiya-protesta-cherez-publichnuyu-dip.
5 С.М. Иванов, Ситуация на Ближнем и Среднем Востоке после вывода войск США из Ирака, http://www.iimes.ru/rus/stat/2011/19-12-11.htm.
6 Чи Фримен, Азия как единый организм. Арабское пробуждение - залог интеграции от Красного моря до Желтого. Россия в глобальной политике, том 9, #2, с. 95, 2011.
7Գագիկ Հարությունյան, Սերգեյ Գրինյաև, Հեղափոխություններ. նոր աշխարհակարգի կերտման ավարտը և գլոբալ կառավարման սցենարները, Գլոբուս Ազգային անվտանգություն, #2(18), էջ 3, 2011։
8 http://nm2000.kz/news/2007-12-19-2221.
9 Global Governance 2025: At a Critical Juncture. National Intelligense Council, Europian Union Institute for Security Studies, September 2010, http://www.iss.europa.eu/uploads/media/Global__Governance_2025.pdf
10 Фридман Дж., Следующие 10 лет, М., ИД «Коммерсант», «ЭКСМО», 2011, с.,153.
11 Տե՛ս, օրինակ՝ Илтер Туран, Турция на подъеме, Россия в глобальной политике, т. 9, #5, с. 174, 2011.
12 Omer Taspinar, The Three Strategic Visions of Turkey, Center on the United States and Europe at Brookings, US-Europe Analysis Series # 50, 2011.
13 Տե՛ս, օրինակ, Александр Вишневский, Сирийская опппозиция готовит геноцид религиозных меньшинств? При поддержке Турции начинаются массовые казни алевитов, http://noravank.am/rus/articles/detail.php?ELEMENT_ID=6197.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԴԵՆ ՍՅԱՈՊԻՆ ԵՎ «ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ»[27.12.2018]
- ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ[10.12.2018]
- ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋ՝ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐԸ»[27.11.2018]
- «ԳԱՂՈՒԹՆԵՐ», «ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ[20.11.2018]
- ԱՊԱԳԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ[08.10.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԸ[06.08.2018]
- ՀՈԳԵՎՈՐ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[23.07.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ[09.07.2018]
- «ՉԻՆԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ»[23.05.2018]
- ՖՐԱԳՄԵՆՏԱՑՎԱԾ ԿԱՄ «ՄԻՆՉՎԵՍՏՖԱԼՅԱՆ» ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ[28.03.2018]
- ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԸ» ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԱՆԳԱՎՈՐՈՒՄԸ ՓՈԽՈՒՄ Է ԷԹՆԻԿԱԿԱՆԻ[22.01.2018]