
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԴԻ ՎԻՃԱԿԸ
Վահրամ Հովյան«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ
Ռուսաստանաբնակ հայության կազմում իրենց ուրույն տեղն ունեն հայ ավետարանականները։
Ռուսաստանի հայ ավետարանական համայնքի արդի վիճակին անդրադառնալիս դիտարկումները կենտրոնանում են հիմնականում համայնքի թվաքանակի, աշխարհագրական սփռվածության, կազմակերպչական կառույցների, միջդավանական հարաբերությունների և այլ խնդիրների վրա։ Ըստ այդմ՝ համայնքի արդի վիճակն ընդհանուր գծերով կարելի է բնութագրել հետևյալ կերպ.
1. Այն աչքի է ընկնում քանակական սահմանափակությամբ։
2. Չնայած դրան, աշխարհագրորեն սփռված է Ռուսաստանի հայաշատ կենտրոններում։
3. Կան խնդիրներ, սակայն ցուցաբերում է զարգացման և ընդլայնման միտում, ինչը դրսևորվում է կազմակերպչական կառույցների.
- քանակական աճով,
- աշխարհագրական սփռվածության ընդլայնմամբ,
- բազմազանության մեծացմամբ։
4. Կտրված չէ տեղի հայ առաքելական և կաթողիկե համայնքներից, այլ նրանց հետ միասին կազմում է ռուսաստանաբնակ հայությունը։
Թվաքանակը և աշխարհագրական սփռվածությունը
Ռուսաստանի հայ ավետարանական համայնքը կենտրոնացած է հիմնականում այդ երկրի երկու հայահոծ բնակավայրերում՝ Մոսկվայում և Կրասնոդարի երկրամասում։ Ինչպես ողջ երկրի մասշտաբով, այնպես էլ առանձին բնակավայրերում հայ ավետարանական համայնքի կոնկրետ թվաքանակի վերաբերյալ հստակ վիճակագրություն առկա չէ։ Կան առանձին տվյալներ, որոնք թույլ են տալիս որոշակի ընդհանրացումներ անել Ռուսաստանի հայ ավետարանական համայնքի թվաքանակի և աշխարհագրական սփռվածության վերաբերյալ։ Որպես այդպիսի աղբյուր են ծառայում հայ ավետարանական եկեղեցիների հաղորդական անդամների թվի, ինչպես նաև կազմակերպչական կառույցների վերաբերյալ տվյալները։
1. Եկեղեցիների հաղորդական անդամների թվաքանակի մասին տվյալներ։ 1990-ական թթ. վերջին Մոսկվայի հայ ավետարանական համայնքն ուներ մոտ 40 հաղորդական անդամ, իսկ Սոչիինը՝ 351։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ավետարանական եկեղեցիների հաղորդական անդամների թիվը միջինը կազմում է ընդհանուր անդամների թվի 15-20%-ը2։ Ըստ այդմ՝ կարող ենք ասել, որ 1990-ական թթ. վերջին Մոսկվայում Հայ Ավետարանական եկեղեցու անդամների թիվը կազմում էր մոտ 230, իսկ Սոչիում՝ մոտ 200 մարդ։
2. Կազմակերպչական կառույցների դիտարկումը ցույց է տալիս Ռուսաստանի հայ ավետարանական համայնքում նկատվող հետևյալ միտումները.
- Քանակական աճի միտում։ Ռուսաստանի հայ ավետարանական համայնքի կազմակերպչական կառույցների հարաճուն քանակական աճը վկայում է այն մասին, որ, չնայած ներկայիս սահմանափակությանը, համայնքի թվաքանակն ունի աճի միտում։ Այսպես, առաջին հայ ավետարանական կազմակերպչական կառույցը հիմնվեց 1993թ., երկրորդը՝ 1997թ., երրորդը՝ 2001թ. և չորրորդը՝ 2010թ.։ Արդ, Ռուսաստանի հայ ավետարանական կազմակերպչական կառույցների վերջին շրջանում արձանագրած քանակական աճը կարող է մեծապես պայմանավորված լինել տեղի հայ ավետարանական համայնքի թվաքանակի աճով։
- Աշխարհագրական սփռվածության ընդլայնման միտում։ Հայ ավետարանական կազմակերպչական կառույցների սփռվածությունը Մոսկվայում, Սոչիում, Խոստայում և Սարատովում3 վկայում է այն մասին, որ, չնայած քանակական սահմանափակությանը, Ռուսաստանի հայ ավետարանականները կենտրոնացած չեն որևէ բնակավայրում, այլ սփռված են այդ երկրի հայաշատ վայրերում։
Չնայած կոնկրետ տվյալների բացակայությանը, այնուամենայնիվ, կարելի է ասել, որ Ռուսաստանի հայ ավետարանականները գլխավորապես կենտրոնացած են Մոսկվայում և Մեծ Սոչիում։ Նախ՝ Մոսկվայում է կենտրոնացած ռուսաստանաբնակ հայության հարաբերական մեծամասնությունը։ Այստեղ հայերի թիվը կազմում է մոտ 500 հազ.4։ Բացի այդ, Մոսկվայի Հայ Ավետարանական եկեղեցին առաջինը հիմնված հայ ավետարանական կազմակերպչական կառույցն է Ռուսաստանում։
Իսկ Մեծ Սոչին, բացի նրանից, որ նույնպես աչքի է ընկնում հայահոծությամբ (մոտ 100 հազ.5), հայ ավետարանականության տեսանկյունից նշանավոր է նաև նրանով, որ այստեղ են կենտրոնացված Ռուսաստանի հայ ավետարանական կազմակերպչական կառույցներից երկուսը, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Ռուսաստանի հայ ավետարանականների մի զգալի հատված էլ կենտրոնացած է այստեղ։
Ինչ վերաբերում է Սարատովին, ապա բացի այն, որ վերջինս հայերի քանակությամբ զգալիորեն զիջում է Մոսկվային և Սոչիին (Սարատովի հայ բնակչությունը կազմում է մոտ 20 հազ. մարդ6), այն ունի ընդամենը մեկ հայ ավետարանական կազմակերպչական կառույց, այն էլ՝ ոչ թե եկեղեցու, այլ եղբայրության տեսքով, որը հիմնադրվել է միայն 2010թ։ Սույն հանգամանքները, ինչպես նաև այն, որ Սարատովի հայ ավետարանական համայնքը չունի վերապատվելի, վկայում են Սարատովի այդ համայնքի նոր ձևավորված լինելու մասին։ Ասվածը թույլ է տալիս ենթադրել, որ Սարատովի հայ ավետարանականները քանակապես զիջում են Մոսկվայի և Մեծ Սոչիի հայ ավետարանականներին։
Փոքրաթիվ ավետարանական հայեր կան նաև այլ վայրերում (օրինակ՝ Կրասնոդարում), որոնք, չունենալով իրենց կազմակերպչական կառույցները, ստիպված են օգտվել այլ բողոքական եկեղեցիներից։ Այդ կերպ հայ ավետարանականները հանդիսանում են տվյալ բնակավայրի բողոքական համայնքի մի մասը՝ պահպանելով որոշակի ինքնուրույնություն։ Այդպիսի համայնքների մասին վիճակագրական տվյալները բացակայում են։
Ամփոփելով՝ Ռուսաստանի հայ ավետարանական համայնքի թվաքանակի և աշխարհագրական սփռվածության մասին կարող ենք ասել հետևյալը.
1. Համայնքը փոքրաթիվ է (թերևս, համայնքի թվաքանակը չի գերազանցում 1000-ը)։
2. Չնայած թվային սահմանափակությանը, այն սփռված է երկրի հայաշատ վայրերում՝ Մոսկվայում, Սոչիում, Խոստայում և այլն։
3. Համայնքն ունի թե՛ քանակական աճի և թե՛ աշխարհագրական սփռվածության ընդլայնման միտում։
Կազմակերպչական կառույցները
Ռուսաստանի հայ ավետարանական համայնքի կազմակերպչական կառույցները հիմնադրվել են միայն հետխորհրդային շրջանում։ Ներկայումս գործում են չորս հայ ավետարանական կառույցներ, որոնք միայն հոգևոր-եկեղեցական բնույթի են։ Դրանք բաժանվում են երկու խմբի՝ եկեղեցիներ (3) և ավետարանական եղբայրություն (1).
- Եկեղեցիներ։ Ռուսաստանում գործող հայ ավետարանական 3 եկեղեցիները գտնվում են Մոսկվայում, Սոչիում և Խոստայում։ Առաջինը Մոսկվայի Հայ Ավետարանական եկեղեցին է։ Այն հիմնադրվել է 1993թ.։ Ներկայումս եկեղեցին գլխավորում է վերապատվելի Մասիս Հակոբյանը։ Հաջորդ Հայ Ավետարանական եկեղեցին Ռուսաստանում հիմնադրվել է 1997թ.՝ Սոչիում, իսկ երրորդը՝ 2001թ.՝ Խոստայում։ Սոչիի և Խոստայի Հայ Ավետարանական եկեղեցիների հոգևոր հովիվը միևնույն անձն է՝ վերապատվելի Սասուն Կարախանյանը։
- Ավետարանական եղբայրություն։ Միակ ավետարանական եղբայրությունը՝ Սարատովի Հայ Ավետարանական եղբայրությունն է, որը հիմնադրվել է 2010թ.։ Կառույցը ղեկավարում է Վահան Ֆրանկյանը։
Դիտարկումը ցույց է տալիս, որ համայնքը, բացի հոգևոր-եկեղեցական կառույցներից, չունի այլ (կրթական, սոցիալական և այլն) կազմակերպչական կառույցներ։ Հոգևոր-եկեղեցական կառույցները, բացի համայնքների հոգևոր պահանջմունքները բավարարելուց, իրենց վրա են վերցնում նաև նրանց կազմակերպման և ղեկավարման գործառույթները՝ այդ կերպ հանդիսանալով նաև համայնքների ղեկավար կառույցներ։ Իսկ դրանց հոգևոր առաջնորդներն էլ, ըստ էության, համայնքների ղեկավարներն են։
Ռուսաստանի հայ ավետարանական համայնքի կազմակերպչական կառույցների քանակական սահմանափակությունը կարելի է բացատրել հետևյալ հանգամանքներով.
1.Խորհրդային աթեիստական անցյալից հետո Ռուսաստանի հայ ավետարանական համայնքի վերազարթոնքը նոր է սկսվել, և վերջինս դեռևս չի հասցրել թոթափել խորհրդային անցյալի հետևանքները։ Դրա համար ժամանակ և միջոցներ են հարկավոր։2.Ի տարբերություն այլ, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքի երկրների (Սիրիա, Լիբանան, Իրան և այլն), որտեղ կրոնի դերը շատ ավելի մեծ է, ուստի կրոնական կառույցներին վերապահվում են ավելի լայն գործառույթներ, Ռուսաստանն աշխարհիկ պետություն է, որտեղ կրթական, սոցիալական, առողջապահական և այլ գործառույթները վերապահվում են աշխարհիկ կառույցներին։ Իսկ կրոնական կազմակերպություններին և կառույցներին մնում է հիմնականում իրենց համայնքների հոգևոր-եկեղեցական պահանջմունքների բավարարման գործառույթը։
Թեև վերջին շրջանում նկատվող դրական միտումներին, այնուամենայնիվ, կազմակերպչական կառույցների առումով Ռուսաստանի հայ ավետարանական համայնքում դեռևս առկա են խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն։ Այդպիսի խնդիրներ են.
1. Եկեղեցական կառույցների անբավարարությունը։ Ռուսաստանի հայ ավետարանական համայնքում ներկայումս գործող չորս հոգևոր-եկեղեցական կառույցները բավարար չեն ամբողջ համայնքի կարիքները բավարարելու համար։ Կան համայնքներ, որոնք չունեն սեփական եկեղեցի (օրինակ՝ Կրասնոդարում)։ Մոսկվայում, որը դասվում է ժամանակակից մեգապոլիսների շարքին, մեկ եկեղեցին կարող է հեռու գտնվել քաղաքի տարբեր հատվածներում բնակվող հայ ավետարանականների համար։
Այն հայ ավետարանականները, որոնք չեն կարող իրենց հոգևոր-եկեղեցական պահանջմունքները բավարարել հայ ավետարանական եկեղեցիներում, ստիպված են կամ հաճախել այլ բողոքական եկեղեցիներ, կամ էլ օգտագործել այլ բողոքական եկեղեցիների շենքերն իրենց ծեսերն իրականացնելու համար։ Օրինակ՝ Կրասնոդարում հայ ավետարանական համայնքն իր հոգևոր-եկեղեցական պահանջմունքները բավարարում է տեղի «Վիփանիա» եկեղեցու միջոցով։ «Արդեն 10 տարի այստեղ ամիսը երկու անգամ հայերեն ժամերգություններ են կատարվում»7 ։
Այն համայնքները, որոնք ունեն սեփական հոգևոր-եկեղեցական կառույց, բնական է, ավելի մոտ են կանգնած ազգային արմատներին, քանի որ սեփական հոգևոր-եկեղեցական կառույցի առկայությունը թույլ է տալիս կրոնական ծեսերն ու արարողությունները, ինչպես նաև այլ միջոցառումներ կազմակերպել և իրականացնել հայերեն, ազգային սովորույթներին ու ավանդույթներին համապատասխան։
2. Հոգևոր գործիչների խնդիրը։ Թեև Ռուսաստանի չորս հայ ավետարանական կառույցներն էլ ապահովված են ղեկավարներով և դրանցից երեքի՝ Մոսկվայի, Սոչիի և Խոստայի Հայ Ավետարանական եկեղեցիներիղեկավարներն ունեն վերապատվելիի աստիճան, սակայն Ռուսաստանի հայ ավետարանական համայնքի՝ հոգևոր գործիչներով ապահովվածության խնդիրն առայժմ կարելի է լուծված համարել միայն որոշակի վերապահումներով, քանի որ այս ասպարեզում նույնպես դեռևս առկա են որոշ խնդիրներ։
3. Միասնական Հայ Ավետարանական եկեղեցու բացակայությունը։ Ինչպես երևում է կազմակերպչական կառույցների բնույթից, Ռուսաստանի հայ ավետարանական համայնքը չունի մեկ միասնական կազմակերպչական կառույց, որը կմիավորի երկրի բոլոր հայ ավետարանականներին և կհանդիսանա նրանց ղեկավար կառույցը։ Այնուամենայնիվ, որոշ վերապահումներով կարելի է որպես Ռուսաստանի այս համայնքի կենտրոն դիտել Մոսկվայի Հայ Ավետարանական եկեղեցին՝ հետևյալ նկատառումներով.
- Այն առաջինը հիմնադրված (1993թ.) հայ ավետարանական կառույցն է Ռուսաստանում։
- Մայրաքաղաքում գործող կառույցները որոշակի առավելություն ունեն այլ բնակավայրերում գործող հայկական կառույցների համեմատությամբ։
- Ռուսաստանաբնակ հայությունն ամենաշատը կենտրոնացած է Մոսկվայում, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այստեղ է կենտրոնացած նաև ռուսաստանաբնակ հայ ավետարանականների մեծ մասը։
4. Պաշտոնական գրանցումը։ Թեև Ռուսաստանի հայաշատ բնակավայրերում գործում են հայ ավետարանական կազմակերպչական կառույցներ, սակայն Ռուսաստանի Հայ Ավետարանական եկեղեցի, որպես այդպիսին, չկա, ինչը նշանակում է, որ Ռուսաստանում հայ ավետարանական համայնքը պաշտոնապես գրանցված չէ, այսինքն՝ չունի իրավաբանական անձի կարգավիճակ։ Այստեղից էլ, թերևս, գալիս է միասնական հայ ավետարանական կազմակերպչական կառույցի բացակայությունը։ Սույն խնդիրը կապված է օրենսդրական և կազմակերպչական բարդությունների հետ: Խղճի ազատության և կրոնական միավորումների մասին ՌԴ օրենքը՝ ընդունված 1997թ., կրոնական կազմակերպությունները դասակարգելով երկու մասի՝ տեղական և կենտրոնացված, տեղական կազմակերպության գրանցման համար նրա հիմնադիր խմբից պահանջում է նվազագույնը 15-ամյա բնակություն տվյալ վայրում8։ Մինչդեռ, ինչպես ցույց են տալիս Ռուսաստանի հայ ավետարանական կառույցների հիմնադրման տարեթվերը, դրանցից ոչ բոլորը կարող են բավարարել օրենսդրական այս պահանջը։ Ինչ վերաբերում է կենտրոնացված կազմակերպությանը, ապա համաձայն վերոնշյալ օրենքի՝ այն կարող է գրանցվել միայն նվազագույնը միևնույն դավանանքի երեք տեղական կազմակերպությունների առկայության պարագայում9։
Ինչևէ, Ռուսաստանի հայ ավետարանական համայնքն իր կազմակերպչական կառույցներով մտնում է Եվրասիայի Հայ Ավետարանական միության մեջ, որի կենտրոնը գտնվում է Երևանում։ Սույն հանգամանքից ելնելով՝ որոշ վերապահումներով կարելի է փաստել, որ Ռուսաստանի հայ ավետարանական համայնքների համար, որոնք չունեն միասնական ղեկավար մարմին, կենտրոն է հանդիսանում Երևանում գտնվող Եվրասիայի Հայ ավետարանական միությունը։
Միջդավանական հարաբերությունները
Ռուսաստանի հայ ավետարանականները, լինելով ռուսաստանաբնակ հայության մի մասը, կտրված չեն տեղի հայ առաքելականներից ու կաթողիկեներից, այլ նրանց հետ միասին կազմում են մեկ ամբողջություն՝ Ռուսաստանի հայ համայնքը։ Միջդավանական փոխհարաբերություններում տիրապետում է ավելի շատ համերաշխության, քան մրցակցության կամ, առավել ևս, հակամարտության ոգին։ Համենայնդեպս, դավանանքային հողի վրա առճակատման դեպքեր հայտնի չեն։
Միջդավանանքային համերաշխության հիմքում ընկած գործոններն են՝ ազգային բարձր ինքնագիտակցությունը, ընդհանուր կրոնական՝ քրիստոնեական պատկանելությունը, աշխարհիկությունը, ինչպես նաև ընդհանուր խնդիրները՝ հայապահպանությունը, ռուսաստանյան հասարակական-քաղաքական միջավայրի հարուցած մարտահրավերներին (ահաբեկչություն, քաղաքական ցնցումներ, ազգամիջյան բախումներ, այլատյացություն) դիմակայումը, համազգային խնդիրների (Հայոց ցեղասպանության ճանաչում և դատապարտում, Արցախյան հիմնահարց և այլն) լուծման համար պայքարը։
Այնուամենայնիվ, ինստիտուցիոնալ մակարդակով միջդավանական համագործակցության հարցում դեռևս առկա են լուրջ խնդիրներ։ Ռուսաստանի հայ ավետարանական համայնքը չունի տեղի հայ առաքելական և կաթողիկե համայնքների հետ համագործակցության այնպիսի փորձ, ինչպիսիք են համատեղ կառույցների ստեղծումը և գործարկումը, համատեղ միջոցառումների կազմակերպումը և այլն։ Առաջիկայում անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել ինստիտուցիոնալ մակարդակով միջդավանական համագործակցությունը խթանելուն, քանի որ այն վճռական նշանակություն ունի ռուսաստանաբնակ հայության դավանանքային շերտերի ազգային համախմբման համար։
1 Ղազարյան Ա., Լևոնյան Ռ., Հայաստանյայց Ավետարանական եկեղեցի (Հայաստան - Կովկաս), Երևան, 1999, էջ 149:
2 Սույն եզրակացությունը հիմնված է Մերձավոր Արևելքի հայ ավետարանական համայնքների մասին վիճակագրական տվյալների վերլուծության վրա, որոնք ներկայացված են Կ.Ատանալյանի աշխատությունում։ Տե՛ս Ատանալեան Կ., Յուշարձան հայ աւետարանականաց եւ աւետարանական եկեղեցւոյ, Ֆրեզնո, 1952, էջ 357։
3 Տե՛ս AMAA Directory 2011: Armenian Evangelical Churches, Institutions, Organizations, Pastors and Christian Workers Worldwide, p. 16 http://www.amaa.org/Directory%20for%20website.pdf
4 Հայ սփյուռք հանրագիտարան, Երևան, 2003, էջ 462։
5 Նույն տեղում, էջ 473։
6 Նույն տեղում, էջ 481։
7 Гюльназарян М., Армянские богослужения в «Вифании»//САР. №9 (135), 31.08.2006, с. 2. Հղումը ըստ Ժամակոչյան Ա. և ուրիշներ, Հայկական համայնքների ինքնակազմակերպման խնդիրները հարավային Ռուսաստանում, Երևան, 2010, էջ165։
8 Закон о свободе совести и религиозных обЪединениях, статья 8, ч. 2 и статья 9, ч. 1 http://pravbeseda.ru/library/index.php?page=book&id=571
9 Նույն տեղում, статья 9, ч 1.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ[18.12.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԼՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ[03.12.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ[06.11.2018]
- ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՇՈՒՐՋ[26.10.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱ ԴՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[25.09.2018]
- ՍԻՐԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ[12.09.2018]
- ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՀՈՒՆԱԿԱՆ ՓՈՐՁ[03.08.2018]
- ԱՄՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ[16.07.2018]
- ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՍՓՅՈՒՌՔ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԻՑ[19.06.2018]
- ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[06.06.2018]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԿՈՒ ԳՈՐԾՈՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ[27.04.2018]