
«ՍՊԱՍՎԱԾ ՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԷՐ ՍԱ, ՈՐԻ ԿԱՐԻՔԸ ԶԳԱՑՎՈՒՄ Է»
Հակոբ ՉոլաքյանՕրերս տեղի ունեցած «Հայության կրոնադավանական հատվածներ. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտագործնական կոնֆերանսին մասնակցում էր նաև Սիրիայի նշանավոր հայ հանրային և գիտական գործիչ Հակոբ Չոլաքյանը, ում զեկուցումը կրում էր «Ծագումով հայ լատինները Սուրիոյ մէջ» խորագիրը: Այս զեկուցումը հնարավորություն տվեց մերձենալու մի թեմայի, որը տասնամյակներ շարունակ դուրս էր մնացել գիտական և հանրային հետաքրքրությունից: Գիտաժողովից հետո ծավալված քննարկումների ժամանակ շատերն էին անդրադարձ կատարում հիշյալ զեկուցմանը, նշում նրա արդիականոթյունն ու գիտական նորույթը:
«Հայերն այսօր»-ի թղթակիցը զրուցել է «Քարեն Էփփե» ազգային ճեմարանի դասախոս, Համազգայինի հայագիտական հիմնարկի ներկայացուցիչ դոկտոր Հակոբ Չոլաքյանի հետ:
- Պարո´ն Չոլաքյան, գիտեմ, որ Ձեր զեկուցման մեջ շոշափված թեմաներն ու խնդիրները վաղուց են հետաքրքրում Ձեզ, Դուք նաև որպես թեկնածուական ատենախոսություն գրել եք «Անտիոքի մերձակայ Ռուճի հովիտի հայերը» վերտառությամբ գիրք: Այդ գիրքը կարևոր ներդրում է հայագիտության մեջ և միաժամանակ արտացոլում է լատինացած հայերի հիմնախնդիրները: Ցանկալի կլիներ, որ ներկայացնեիք այն հիմնահարցերը, որոնք դրված են ձեր աշխատության հիմքում, որի հենքի վրա էլ կառուցված է գիտաժողովում ընթերցած ձեր զեկուցումը:
- Սիրով: Մինչև աշխատությունը ներկայացնելը կուզենայի շնորհակալությունս հայտնել Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանին, «Նորավանք» գիտակրթական կենտրոնի տնօրեն դոկտոր Գագիկ Հարությունյանին` այս հույժ կարևոր գիտաժողովի հրավիրման համար: Ուրախ եմ, որ իմ կարդացած զեկուցումը որոշակի արձագանք է գտել: Իսկ ինչ վերաբերում է իմ աշխատությանը, ապա ասեմ, որ շոշափում է ներքոբերյալ խնդիրները.
ա. մի հոծ զանգված արաբացած է եւ իսլամացած ու կորցրել է իր արմատների հետ ամեն առնչություն, բացի իր արաբերեն խոսվածքում պահպանված հայերեն մի քանի բառերից, որոշ տեղանուններից եւ մի շարք սովորույթների վերապրուկներից:
բ. Հունադավան (Հույն ուղղափառ եկեղեցու անդամ) դարձածներ (առավելաբար Ընկըզիկ գյուղը, Ջդեյդե գյուղի մի մասը եւ Ջըսըր Շուղուր քաղաքում ապրող փոքրաթիվ մարդիկ): Սրանց մոտ պահպանվել է աղոտ հիշողություն իրենց հայկական ծագման մասին:
գ. Կնիե գյուղի լատինադավանները եւ Յակուբիե գյուղի փոքրամասնությունը, որոնք 19-րդ դարի վերջին եւ 20-րդի սկզբին լատին դավանանքին են դարձել ֆրանցիսկյան միսիոներ-հոգեորսների համառ ջանքերով եւ Հայ եկեղեցու նվիրապետական աթոռների հանցավոր անտարբերության պատճառով: Նրանց մոտ առկա է իրենց ազգային ակունքների հիշողությունը, սակայն հայկական «դասական» հավաքականությունների` իրենց նկատմամբ անհանդուրժողական կամ մերժողական վերաբերմունքի պատճառով հեռու են մնում հայության ընդհանուր զանգվածից եւ իրենց ազգային ինքնության հարցի լուծումը առավելաբար գտնում են... արաբազգի քրիստոնյա (մասնավորաբարՙ լատին) զանգվածում ձուլվելով կամ հատկապես Հարավային Ամերիկա արտագաղթելով, որտեղ նրանք շատ արագորեն ձուլվում են տեղացի բնակչության մեջ:Եվ վերջապես` Յակուբիե գյուղի հիմնական բնակչությունը, որը թեեւ արաբախոս է, սակայն մեծ դժվարությունների գնով մնացել է հավատարիմ Հայ առաքելական եկեղեցուն եւ նրա միջոցով ուժեղ կապ է պահպանում իր ազգի հետ:
- Պարո´ն Չոլաքյան, չափազանց հաճելի է, որ Դուք ձեր ներկայությունը բերեցիք գիտաժողովին` այսպես նաև մեզանում ձևավորելով պատկերացումներ մինչ հիմա անհայտ և չուսումնասիրված համարվող թեմայի մասին: Շատ կուզենայի, որ անդրադառնանք նաև Սիրիայի կրթական խնդիրներին, ազգային շրջանակներում կազմակերպվող դպրոցական գործընթացներին: Կխնդրեի, որ հարցը դիտարկվեր նաև կրոնադավանական ընկալումների դիրքերից:
- Հալեպի հայ գաղութը, որը սիրիահայության մի ահռելի մասի համահավաքն է, Սփյուռքի ամենակազմակերպված համայնքներից մեկն է: Հալեպահայ գաղութի ուշադրության կենտրոնում առաջին հերթին ազգային դպրոցն է, որն էլ ապահովում է հայ սերնդի հայեցի դաստիարակությունը: Հայ դպրոցն իր ուշադրության կենտրոնում է պահում բոլոր սիրիահայերին: Այս հրաշալի ավանդույթը ձևավորվել է տակավին 19-րդ դարում և շարունակվել մեր օրերում: Հալեպի հայ համայնքը հայապահպանության կարևորագույն հանգրվանն է` իր դպրոցներով, եկեղեցիներով, ակումբներով, հանրային-մշակութային կառույցներով: Սիրիայում գործում է չորս տասնյակ հայկական վարժարան, որոնցից 35-ում հայերեն դասընթացները կրում են կանոնավոր բնույթ: Նշեմ, որ Սիրիայի հայկական դպրոցները ողջ երկրում գնահատված են որպես օրինակելի կրթական հաստատություններ: Այս հանգամանքն էլ առավել պարտավորեցնում է մեզ: Հալեպի դպրոցների մի զգալի մասն առաջնորդվում է Հայաստանյայց Առաքելական եկեղեցու, ասել է թե` առաքելական հավատի սկզբունքներով, չնայած որ որևէ կրոնական և դավանական խտրականություն չկա: Աշակերտության մեջ նկատելի է արաբախոսությունը, որի նկատմամբ ևս ունենք ուրույն վերաբերմունք. ամեն ինչ անում ենք, որպեսզի վերադառնանք մայրենիին: Արաբախոսությունը, անշուշտ, տակավին արաբացում չէ: Ուրեմն՝ կա կրոնական միասնություն:
- Ես ուզում եմ մի մեջբերում անել ձեր զեկուցումից, որը, կարծում եմ, կարևոր բացահայտում է և օգնում է մեզ ընկալելու լատին հայերի գոյությունը. «Թէեւ Ռուճի հովիտի հայերը Անտիոքի միւս հայկական կղզեխումբերէն կը տարբերին արաբախօսութեամբ, բայց զրոյցները, աւանդութիւնները եւ բերնէ-բերան հասած պատմութիւնները ցոյց կու տան, որ անոնք մեմլուքեան եւ օսմանեան իշխանութեան դարերուն իրարմէ տարանջատուած նոյն մեծ զանգուածին մէկ մասն են: …Ծերերը կը վկայեն, որ Մեծ Եղեռնէն առաջ շատ արֆալցիներ, եագուպիէցիներ եւ գնիէցիներ բարբառով կը խօսէին քեսապցիներու հետ: Այսինքն արաբերէնի զօրաւոր ազդեցութեամբ հայերէն մը կը խօսէին քեսապցիներուն հետ»:
- Ուրախ եմ, որ իմ համեստ դիտարկումներն անհրաժեշտ են լինելու հայագիտությանը: Լատինների խնդիրը չափազանց կարևոր է, նրա նկատմամբ պետք է ձևավորվի ինչպես գիտական, այնպես էլ հանրային վերաբերմունք: Նաև ամեն ինչ պիտի արվի, որպեսզի նրանք վերադառնան դեպի հայկականությունը, մեր ընտանիք: Գիտաժողովում առաջին անգամ էր քննարկման դրվում սույն խնդիրը. պիտի կարծեմ, որ Հայաստանում ևս առաջին անգամ էր շոշափվում այս հարցը` այսպիսով ապահովելով և´ հույժ տեղեկատվությունը, և´ նաև հայագիտության մեջ գոյավորելով մեկ նոր հանգրվան ևս: Կարծում եմ, որ հետայսու պիտի փոխվեն գնահատման սկզբունքները, արժևորման ձևերը:
- Պարո´ն Չոլաքյան, ինչո՞վ կարևորվեց սույն գիտաժողովը:
- Անշուշտ, սա շատ օգտակար ձեռնարկ էր, որի անհրաժեշտությունն արդարացված էր: Մենք առիթ ունեցանք ներկայացնելու ինչպես մեր տեսակետները, այնպես էլ ունկնդիր լինելու այլոց տեսակետներին: Կարդացվեցին չափազանց հետաքրքիր զեկուցումներ, որոնք մեծ արժեք են ներկայացնում: Ի վերջո, մենք մոտեցանք ազգային հիմնախնդիրներին, առաջին անգամ այդ հիմնախնդիրները դրեցինք գիտական շրջանառության մեջ և այսպիսով պարտավորված եղանք հետագայում խորացնել մեր հետազոտությունները, նպաստել այն բանին, որ վերջապես դուրս գանք որոշակի կաղապարներից և հայությանը հուզող բոլոր հարցերը դարձնենք ուշադրության նյութ: Անշուշտ, ես շատ կուզենայի, որ գիտաժողովի ընթացքին լսվեր նաև Հայաստանյայց Առաքելական եկեղեցու ձայնը, նրա կարծիքը: Այս անգամ այդ ձայնը չլսվեց: Սակայն հուսով եմ, որ հետագայում գիտաժողովների կամ քննարկումների ժամանակ մենք կլսենք նաև հոգևոր հայրերին, որովհետև խնդիրը առաջին հերթին վերաբերում է կրոնական դիրքրոշումներին և գնահատականներին: Այնուհանդերձ, այս հույժ արժեքավոր ձեռնարկի համար մեկ անգամ ևս հայտնում եմ երախտագիտությունս և փափագում, որ կարողանանք հետագայում առավել խորանալ և մշակել որոշակի հայեցակարգեր: Այս գիտաժողովին տրված էր նաև գիտագործնական բնութագրումը, հետևաբար այն պետք է գործնական նշանակություն ունենա:
Հետգրություն. Որպեսզի մեր ընթերցողների մոտ ընդհանրական պատկերացում ձևավորվի Հակոբ Չոլաքյանի ուսումնասիրության և զեկուցման մասին, ցանկանում եմ ներկայացնել մի հատված բանասիրական գիտությունների դոկտոր Վերժինե Սվազլյանի արտասանած կարծիքից. «Վաստակաշատ ազգագրագետ Հ. Չոլաքյանը, հենվելով իր դաշտային հետազոտական աշխատանքների արդյունքների վրա, նշում է. «Եագուպիէի եւ եագուպիէցիներուն կեանքին մէջ դրական շատ μան ըլլալը կը նկատեն գիւղին եւ մօտակայ Գնիէի լատին համայնքի զաւակները, որոնց շատերուն մէջ ազգային ապրումներու զարթօնք մը կայ: Ոմանք կը հպարտանան իրենց հայարմատներով, ոմանք՝ իրենց մականուան հայկական ծագումով, ոմանք տուներու մէջ հայկական յիշատակներ կը պահեն՝ հայկական դրամներ, հայ սուրբերու նկարներ, Հայաստանի դրօշակ: Վերջերս գնիէցիներէն ոմանք կը քաջալերեն հայ աղջկայ, հայերէն գիտցող հայ աղջկայ հետ ամուսնութիւնը՝ որպէսզի ընտանեկան յարկէն ներս վերականգնի հայերէնը: …Եագուպիէցի լատին ընտանիքներէն ոմանք իրենց զաւակները հայոց վարժարանը կ’ուղարկեն, հայերէն սորվիլ կը պահանջեն: Անթեղ մը կայ, բայց բոցի ինչպէ՞ս վերածել: Ելք չունին. ինչպէ՞ս համատեղել «լատին» ու «հայ» հասկացութինները, ազգային ու վերազգային, ապազգային գաղափարները» (էջ 201):
Հեղինակն այս մտահոգիչ հայեցակարգային հարցադրումով ավարտում է իր գիտական խիզախությամբ հագեցած աշխատությունը՝ առաջին անգամ բացախոսելով հայության դավանաμանական ռազմավարության վերարժևորման հույժ արդիական անհրաժեշտությունը»:
դեպի ետ