• am
  • ru
  • en
Версия для печати
28.12.2011

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԻՐՈՒՄՆ ԻՆՔՆԻՆ ԽԻԶԱԽՈՒՄ ԷՐ

   

Վարդան Թաշճյան

ՀՀ Սփյուռքի նախարարության, «Նորավանք» գիտակրթական կենտրոնի և «Հիքսոս» հիմնադրամի նախաձեռնությամբ հրավիրված «Հայության կրոնադավանական հատվածներ. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով գիտաժողովը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում, քանի որ առաջին անգամ քննարկման նյութ դարձան այնպիսի թեմաներ, որոնք տևական ժամանակ համարվում էին «փակագծային» և դուրս էին գիտական և հանրային ուսումնասիրությունների տեսադաշտից: Տեղի ունեցած գիտագործնական կոնֆերանսը ոչ միայն առաջ քաշեց մի շարք թեմաներ, այլև առիթ տվեց մտորելու նախաձեռնությունների և գործուն քայլերի մասին:

«Հայերն այսօրը» ներկայացնում է գիտաժողովի մասնակիցներից Լիբանանի Դպրոցական հայագիտության զարգացման կենտրոնի վարիչ-տնօրեն Վարդան Թաշճյանի կարծիքը գիտաժողովի և նրանում բարձրացված խնդիրների կարևորության մասին.

- Գիտաժողովի հրավիրումն ինքնին խիզախում կարելի է դիտարկել, քանզի առաջին անգամ է, որ բացախոսության պայմաններում, առանց նախապաշարմունքների և զգուշավորության, մենք առիթ և հնարավորություն ունեցանք քննարկելու խնդիրներ, որոնք մոտ երկու դար հետապնդում են մեզ, դառնում անհանգստությունների առիթ ու պատճառ:

- Պարո´ն Թաշճյան, Լիբանանն էլ մեկն է այն երկրներից, որտեղ ապրում են տարբեր դավանանքների հայեր: Գիտենք, որ տևական ժամանակ հակասություններ կան քաղաքական տարբեր համոզմունքների մարդկանց շրջապատում. արդյո՞ք նույնատիպ հակասություններ առկա են նաև դավանաբանական գետնի վրա:

- Անպայմանորեն ինչ-որ նշաններ և ինչ-որ դրսևորումներ առկա են, կան տարբեր դիրքավորումներ, տարբեր տեսակետներ… Բնականաբար, հենց Լիբանանում գոյություն ունեցող տարբեր եկեղեցիների ներկայացուցիչներից ամեն մեկը կջանա առաջ մղել սեփական քարոզչությունը, սեփական աշխատանքները: Սակայն երբեք թշնամական որևէ վերաբերմունք և կամ սուր հակասություններ չեն եղած հայ համայնքի կրոնական տարբեր հատվածների միջև: Սա վկայությունն է այն բանի, որ հատվածական շահերից զատ` գոյություն ունեն նաև ընդհանրական շահեր, և դրանք բոլորն էլ ուղղված են հայության համախմբումի խնդրի իրագործմանը: Ավելին՝ կրթական և ազագապահպանական խնդիրների իրագործումները գլխավորապես կառուցելով Հայ Կաթողիկե եկեղեցու առաջադիր պահանջների ոգով՝ մենք, այնուհանդերձ, կարևորում ենք նաև այլ կրոնական համոզմունքներով առաջնորդվող հայության զանգվածների ջանքերը: Ներկայացնելով Հայ Կաթողիկե եկեղեցին և կաթողիկե համայնքը՝ պիտի նշեմ, որ էական տարբերություններ չկան մեր գործունեության ոլորտների մեջ, հետևաբար գիտաժողովի զեկուցումների մեջ շոշափելով դավանական և կրոնական հարցեր` մենք ոչ թե նպատակ ենք հետապնդել առավելապես շեշտել տարաբաժանումները, այլ գտնել ուղիներ` միավորումն իրական դարձնելու համար: Ուստի պիտի երախտագիտությունս հայտնեմ սույն ձեռնարկի հղացման և իրագործման համար:

Զրուցեց Լևոն Մութաֆյանը

դեպի ետ