• am
  • ru
  • en
Версия для печати
26.12.2011

ՀԱՅ ԿԱԹՈՂԻԿԵ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈԳԵՎՈՐ-ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

EnglishРуский

   

Արեստակես Սիմավորյան

«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ղեկավար

Արդի ժամանակաշրջանում Սփյուռքի նոր (վերա)կազմավորվող կրոնադավանական համայնքներից մեկը Ռուսաստանի Դաշնության հայ կաթողիկե համայնքն է։ Այն իր կազմակերպչական կառույցներով ուրույն տեղ ունի ՌԴ-ում և այս երկրի ընդհանուր հայության անքակտելի մասն է։ ՌԴ Հայ Կաթողիկե եկեղեցու (ՀԿԵ) և նրա հետևորդների պատմությունը հարուստ է ողբերգական էջերով։ Տարբեր ժամանակաշրջաններում նրանք ստիպված են եղել հարմարվել և գոյության պայքար մղել սկզբում ցարական Ռուսաստանում, այնուհետ ԽՍՀՄ-ում, իսկ ավելի ուշ՝ Ռուսաստանի Դաշնությունում։ Այս պատմական երեք փուլերն առանձնահատուկ են եղել հայ կաթողիկեների համար. համայնքներն անընդհատ վերածնվել և անկում են ապրել տարբեր քաղաքական դրդապատճառների արդյունքում։

Ռուսաստանի հայ կաթողիկե համայնքներն ու Հայ Կաթողիկե եկեղեցին ներկա փուլում ունեն ինչպես հոգևորականների պակասի, այնպես էլ պետության կողմից եկեղեցու գրանցման հետ կապված խնդիրներ։ Վերջին երկու տարում դատական լուրջ գործընթացների մեջ է հայտնվել Մոսկվայի Հայ Կաթողիկե Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը 2009թ. դատական հայց էր ներկայացրել քաղաքային իշխանություններին` ցանկություն հայտնելով գրանցվել որպես կրոնական համայնք։ Սակայն հայցը մերժվել էր առանց վերանայման1։ Սա, թերևս, ամենասուր խնդիրն է, որը վերջին շրջանում մեծ արձագանք է գտել ՌԴ կրոնական և իրավական հարցերովզբաղվող կազմակերպություններում և ամենաքիչը լուսաբանվել հայկական տեղեկատվական դաշտում։

Նախ՝ հատուկ կարգավիճակ ստանալու համար տարբեր երկրներում սահմանվում են տարբեր չափանիշներ. հետևորդների որոշակի թվաքանակը, երկրով մեկ տարածված լինելու չափը, բնակչության մեջ բարի գործերով հանրաճանաչ լինելը, իրենց գործունեությունն ու ուսմունքը պետությունից չթաքցնելու, երկրում ակնհայտորեն խոր արմատներ ունենալու հանգամանքը, դավանվող կրոնական պրակտիկայի չհակասելը երկրի սոցիալական քաղաքականությանը և այլն2։ Իսկ հատուկ կարգավիճակ ՌԴ-ի դեպքում կարող է ունենալ Ռուս Ուղղափառ եկեղեցին, մյուս եկեղեցիները կարող են ունենալ այլ կարգավիճակ։

Ունի՞ արդյոք ՀԿԵ-ն պետական գրանցման հնարավորություն։ Այս հարցին պատասխանելու համար նախ քննենք ՌԴ կոնֆեսիոնալ պատկերն ու կրոնական ոլորտի իրավական կողմը։ 2009թ. հունվարի 1-ի դրությամբ ՌԴ-ում գրանցված են ավանդական քրիստոնեական ուղղությունները, ինչպես նաև իսլամական, հուդայական, բուդդիստական կրոնները՝ որպես կոնֆեսիոնալ միավորումներ։ Այս շարքին կարելի է ավելացնել նաև աղանդավորական կազմակերպությունները և շամանականություն դավանող խմբերը, որոնք նույնպես պետական գրանցում ունեն։ Կաթոլիկ դավանանքի գրանցում ունեն միայն Հռոմի և Հույն Կաթոլիկ եկեղեցիները3։ Ընդ որում՝ 2004թ. ՌԴ-ում Հռոմի Կաթոլիկ եկեղեցին ուներ 235 գրանցված եկեղեցական ծուխ, իսկ Հույն Կաթոլիկ եկեղեցին՝ 54։

Կարելի է կարծել, թե ՌԴ իրավական հարցերով զբաղվող կառույցները ՀԿԵ-ն դիտում են որպես Հռոմեական Կաթոլիկ եկեղեցու բաղկացուցիչ մաս։ Բայց նման պարագայում հարց է առաջանում, թե ինչու է Հույն Կաթոլիկ եկեղեցին գրանցված որպես առանձին եկեղեցական միություն։ Ցանկացած կրոնական միավորում կամ կրոնադավանանքային խումբ պետական գրանցում կամ որևէ կարգավիճակ կարող է ստանալ՝ «Խղճի ազատության և կրոնական միությունների մասին» դաշնային օրենքի շրջանակներում։ Համաձայն այս օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ կետի՝ պետական գրանցման համար տեղական կրոնական կազմակերպության հիմնադիրները համապատասխան տարածքային մարմնին պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

  • հաշվառման (գրանցման) դիմում,
  • կրոնական կազմակերպության հիմնադիրների ցանկը՝ ըստ քաղաքացիության, բնակության վայրի և ծննդյան տարեթվի,
  • կրոնական կազմակերպության կանոնադրությունը,
  • փաստաթուղթ, որը հաստատում է տվյալ կրոնական խմբի առկայությունը հիշյալ տարածքում առնվազն տասնհինգ տարի՝ տրված տեղական ինքնակառավարման մարմնի կողմից, կամ առաջնորդող կենտրոնի կողմից տրված փաստաթուղթ, որը հաստատում է, որ տվյալ կրոնական խումբը մտնում է կենտրոնացված կրոնական կազմակերպության մեջ,
  • ստեղծվող կրոնական կազմակերպության գտնվելու վայրը (իրավաբանական հասցեն) հաստատող փաստաթուղթ5։

Բոլոր այս պահանջները ներկայացված էին, սակայն ՌԴ Արդարադատության նախարարության պատկան մարմինները խտրական վերաբերմունք ցուցաբերեցին՝ պատճառաբանելով, թե եկեղեցին փաստաթուղթ չէր ներկայացրել, ինչը կհաստատեր հայ կաթողիկեների ներկայությունն այս շրջանում (Մոսկվայում) 15 տարիների ընթացքում։ Խնդիրն այդպիսով չավարտվեց. հարցի լուծումը դատաիրավական մարմինների կողմից տեղափոխվել էր ս/թ. մարտ։ Մինչդեռ պատկան մարմինները չներկայացան դատավարական ընթացակարգին, և գործը հետաձգվեց։ Հայ կաթողիկեների իրավունքների դատապաշտպան Վլադիմիր Ռյախովսկու կարծիքով, եթե գրանցման հարցը հերթական անգամ մերժվի, ապա այն հնարավորություն կտա դիմել ՌԴ Սահմանադրական դատարան` վիճարկելու կրոնի մասին ընդունված օրենքը։ Իննա Զագրեբինայի կարծիքով՝ իրավունքի նման սահմանափակումները մեկ անգամ ևս ցույց են տալիս, որ իշխանությունների ապօրինի միջամտությունը համայնքի ներքին գործերին կազմում է կրոնակական կազմակերպությունների կյանքի անբաժանելի մասը6։ Իսկ ահա հայ կաթողիկե հոգևորական Նորատունկյանի կարծիքով՝ արժե մեծ քաղաքներում ստեղծել քահանայական, հոգաբարձուների խորհուրդներ և նոր մտածել գրանցման մասին7։

Պետական գրանցման համար ՀԿԵ-ն փաստացի բոլոր իրավական հիմքերն ունի, եթե, իհարկե, հարցը չի կարգավորվում «անտեսանելի ուժի» կողմից։ Մասնավորապես, Ռուս Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները, հնարավոր է, մտավախություն ունեն, որ Հայ Կաթողիկե եկեղեցու գրանցմամբ ՌԴ-ում կմեծանա կաթոլիկ եկեղեցական ծխերի թիվը, հաշվի առնելով, որ հայ կաթողիկեները բնակվում են բազմաթիվ քաղաքներում։ Մյուս կողմից՝ գրանցումը լավ հնարավորություն էր ՀԿԵ-ի համար՝ տնօրինելու սեփական համայնքի կյանքը՝ բացելով եկեղեցիներ և համայնքապատկան կառույցներ, ինչն առանձնապես կարող էր և դուր չգալ Ռուս Ուղղափառ եկեղեցուն, քանի որ ցանկացած «կաթոլիկական հաջողություն» նշանակում է սեփական եկեղեցական դիրքերի թուլացում։ Միևնույն ժամանակ, հարկ է շեշտել, որ հայ կաթողիկեները գտնվում են էթնիկ և կրոնադավանական բազմաշերտությամբ աչքի ընկնող, «ռիսկային գոտի» համարվող երկրում, ուր դավանանքային տարբերությունները կարող են օգտագործվել ի վնաս մեզ, եթե չկան այդ «դավանական կորիզը» կազմող անհատների և մարդկային խմբերի միջև առողջ հարաբերություններ։ Ռուսաստանի հայ կաթողիկե համայնքին առնչվող դժվարությունների մեջ առանձին հարց է քահանաների սուր պակասը: ԽՍՀՄ ժամանակաշրջանում հայ կաթողիկե համայնքների ոչնչացումից հետո Ռուսաստանը երբեք չի դիտվել որպես «հեռանկարային» երկիր, և ռուսերեն իմացող քահանաներ երբևէ չեն պատրաստվել: Եվ երբ պատրիարքը ծառայություն է առաջարկում Ռուսաստանում, շատերը հրաժարվում են հենց այդ պատճառով8: Հայաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի նորանշանակ արքեպիսկոպոս Ռաֆայել Մինասյանի խոսքով՝ ՀԿԵ բոլոր հոգևորականները Սփյուռքից են՝ Սիրիայից ու Լիբանանից, որոնք չեն տիրապետում ռուսերենին, իսկ տեղացի հայ կաթողիկեների մեծամասնությունը ռուսախոս է և չի տիրապետում արևմտահայերենին9։

Հասկանալի է, որ խորհրդային «հոգևոր ճգնաժամի» տարիներին, երբ կաթոլիկ եկեղեցիներն առհասարակ չէին գործում, այդ դավանական հանրության մեջ բացակայում էր կրոնական արարողությունների պրակտիկան։ Հետևաբար, նրանց համար դժվար է արագ մերվել, հատկապես, երբ անընդհատ գտնվում են Հռոմեական Կաթոլիկ եկեղեցիներում, որտեղ քարոզները կատարվում են միայն լատիներեն, իրենց համար խորթ արարողակարգով։ Հայ Կաթողիկե եկեղեցին Ռուսաստանում ունի ընդամենը չորս քահանա և ստիպված է այլ չափանիշներով մոտենալ խնդրին. քահանաները հաճախում են այն քաղաքները, ուր ապրում է մոտավորապես 100 ընտանիք։

Այս պարագայում չորս հոգևորականն անծայրածիր Ռուսաստանի կենտրոնացված և ցրված համայնքների համար, միանշանակ, բավարար չէ։ Ընդ որում՝ նրանցից երկուսը ծառայում են Մոսկվայում, մեկը՝ Կրասնոդարում, մեկը՝ Նովոռոսիյսկի շրջանում։ Նորանշանակ արքեպիսկոպոսը խնդիր է դրել իր իրավասության ներքո գտնվող տարածաշրջանի համար պատրաստել հոգևորականների նոր սերունդ, որը կկարողանա լուծել համայնքների առջև ծառացած հարցերը։ Խնդիրն այն է, որ կաթոլիկ հոգևորականներ պատրաստում են Պետերբուրգում, սակայն լատինականծեսով առաջնորդվող համայնքների համար։ Այս բոլոր տարիների ընթացքում Պետերբուրգում գործող սեմինարիայում ընդամենը մեկ հայ կաթոլիկ քահանա է պատրաստվել, որն ավարտելուց հետո էլ ստիպված է եղել սովորել հայերեն, որպեսզի կարողանա կարդալ և հասկանալ ծիսական արարողություններին վերաբերող տեքստերը։ Հույս կա, որ սեմինարիայում կբացվի առանձին հայկական բաժին։ Այս ուղղությամբ զգալի աշխատանք պետք է տանեն ՀԿԵ ներկայացուցիչները։ Այնպես որ, ԽՍՀՄ ժամանակաշրջանից հետո Ռուսաստանի «կրոնական քարտեզից» անհետացած հայ կաթողիկե համայնքները նոր պատմություն են կերտում՝ վառ ապագայի հույսով։

Այսպիսով, կարելի է փաստել, որ պատմական փորձությունների միջով անցած, վերելքներ և անկումներ տեսած հայ կաթողիկեները, բնակվելով այլ մշակույթ և արժեհամակարգ ունեցող երկրում, հարաբերվելով Հայ Առաքելական եկեղեցու հետևորդների հետ, դեռևս «ժառանգաբար» պահպանում են իրենց «կաթոլիկական ինքնությունը»։ ԽՍՀՄ փլուզումից հետո մեր աչքի առջև վերստեղծվում է նոր համայնք, որն իրապես հակասության մեջ չմտնելով ՌԴ տարբեր կրոնադավանական և էթնիկ խմբերի հետ՝ փորձում է ինքնակազմակերպման միջոցով վերահաստատել այն, ինչից զուրկ է եղել խորհրդային շրջանում։ Առավելագույն խնդիրը, որը հրատապ կմնա համայնքի համար, եկեղեցու կարգավիճակն ու քահանաների սակավաթիվ լինելն է։

1 Արեստակես Սիմավորյան, Ռուսաստանի հայ կաթոլիկ համայնքը, http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=5260

2 Ասցատրյան Վ., Պետություն-եկեղեցի հարաբերությունները. հայեցակարգային մոտեցումներ, «Էջմիածին», Պաշտօնական ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածինի, 2005, թիվ Բ-Գ, էջ 177:

3 Лопаткин Р., Конфессиональный портрет России: к характеристике современной религиозной ситуации, Вопросы религии и религиоведения, Москва, 2009, Выпуск 1, часть 4, с. 241-242:

4 Проблемы развития государственно-конфессиональных отношений и социальные концепции ведущих религиозных объединений современной России, Серия: Основные проблемы социального развития России – 79, Аналитический вестник, Москва , 2004, № 17 (237), с. 53:

5 Федеральный закон о свободе совести и о религиозных объединениях, http://www.feor.ru/files/laws/religious.law.html

6 Московские Свидетели Иеговы и община армянской католической Церкви продолжают борьбу за получение государственной регистрации, 03 марта 2011, http://www.portal-credo.ru/site/?act=news&id=82698

7 Орлова Л., Католицизм с кавказским акцентом, http://religion.ng.ru/people/2010-10-06/6_catolicism.html

8 Ապագա ունի՞ Հայ Կաթոլիկ եկեղեցին Ռուսաստանում, «ԱԶԳ», #197, 28-10-2010:

9 Киракосян Н., Новый глава армян-католиков в Армении, Грузии и Восточной Европе продолжит журналистскую деятельность на телевидении Ватикана «Телепаче», http://www.blagovest-info.ru/index.php?ss=2&s=3&id=42438

«Գլոբուս Ազգային անվտանգություն», թիվ 6, 2011

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր