• am
  • ru
  • en
Версия для печати
13.12.2011

ԲԱՎԱՐԻԱՅԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵԾԱՐՈՒՄ Է ՀԱՅ ԵՐԳՉՈՒՀՈՒՆ

English

   

Օֆելյա Սարգսյան

Ֆլենսբուրգ, Գերմանիա

Նոյեմբերի 20-ին Մյունխենի թագավորական նստավայրի կայսերական դահլիճում Գերմանիայի Բավարիա երկրամասի Գիտության, Գիտական Հետազոտությունների և Արվեստի պետական նախարար դոկտոր Վոլֆգանգ Հոյբիշը հայազգի շնորհաշատ երգչուհի Հրաչուհի Բասենցին հանձնեց արվեստն ու գրականությունը խրախուսող տարվա բարձրագույն բավարական մրցանակ իր արվեստի բնագավառում նշանակալի հաջողությունների հասնելու համար: Հրաչուհու հետ Բավարիայի բարձրագույն մրցանակը ստացան կերպարվեստի, կատարողական արվեստի, երաժշտության և պարի, ինչպես նաև գրականության բնագավառներում ակնառու նվաճումներ ունեցած 15 այլ գործիչներ:

Երեկոյի բացման պատիվը տրված էր մեր հայրենակցուհուն, ով կատարեց “Je veux Vivre” արիան “Romeo et Juliette” օպերայից: Նրան նվագակցում էր Հայաստանում ծնված, Գերմանիայում և Ավստրիայում գործող դաշնակահարուհի Գրետա Էրհարտեր-Սարգսյանը:

Պարգևատրման արարողությանը հայ երգչուհուն ուղեկցում էին Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի և Հայ Ակադեմիականների Միության (ՀԱՄ) նախագահ Ազատ Օրդուխանյանը, Նյուրնբերգի հայ համայնքի նախագահ դոկտոր Մարգարիտ Ասոյան-Լինկը, Էռլանգեն քաղաքի «Հայաստան» բարեգործական կազմակերպության նախագահ Գեորգ Վալխերը (Hayastan e.V. Erlangen, Verein der Freundinnen und Freunde, Foerderinnen und Foerderer Armeniens), Հոյշտատ ան դեր Այշ քաղաքում գտնվող Սանտ Գեորգ բարեգործական կազմակերպության «Հայաստանի օգնություն» բաժնի ղեկավակար – համակարգող դոկտոր Մարգարետե Վալխերը, Ավստրիայի Kitzbuehe քաղաքի Kitz-Kulturkreis կազմակերպության նախագահ Յոհան Էրհարտերը, «Գերմանական Ֆինանսական Գրասենյակ» բաժնետիրական կազմակերպության շրջանային տնօրեն Օուստապասիդիս Խարալամպոսը (Deutsches Finanzkontor AG, Oustapasidis Charalampos) :

Միջոցառմանը Հրաչուհուն շնորհավորեց Ազատ Օրդուխանյանը, ով իր խոսքում միաժամանակ ասաց. «Հրաչուհու տաղանդն ու հայրենասիրությունը հիշարժան են և օրինակելի: Նման արվեստագետների շնորհիվ ենք մենք վերականգնում հայ ժողովրդի` որպես արվեստի և գիտության ժողովրդի, շատերի համար այստեղ մոռացված կերպարը և բազմաթիվ անիրազեկ օտարների աչքերում այլևս չենք դիտվում միայն որպես հայրենազրկված, ցեղասպանված ու մի աղքատ պետությունից եկած ժողովուրդ: Մեր մտավորականների ամենօրյա հաջողություններն ապահովում ու նկատելի են դարձնում հայերի մեծացող հեղինակությունը գերմանական և, առհասարակ, եվրոպական գիտության ու արվեստի զարգացման բնագավառում»:

Հրաչուհի Խումարյանը, ով հանդես է գալիս Հրաչուհի Բասենց բեմական անունով` ի հիշատակ Արևմտյան Հայաստանի իր հայրենի Բասեն գավառի, ծնվել է Հայաստանում, գերազանցով ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մեներգեցողության բաժինը պրոֆոսոր Գայանե Գեղամյանի դասարանում, ելույթներով հանդես է եկել Խաչատրյան եղբայրների հիմնած Գյումրիի «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի համերգային շրջագայություններում: Հրաչուհին ունի բեմական միջազգային մեծ աշխարհագրություն. Հայաստանից դուրս հանդես է եկել Ռուսաստանում, Կիպրոսում, Լեհաաստանում, Թուրքիայում, Հյուսիսային Կորեայում, Ավստրիայում և ԱՄՆ-ում: 2006 թվականին հրավիրվել է աշխատելու Գերմանիայի Գելզենկիրխենի թատրոնում և ընդամենը վեց ամիս անց ստացել է թատրոնի ամենամյա բարձրագույն մրցանակը, ապա նաև «հանդիսատեսի համակրանք» մրցանակը: Գերմանիա տեղափոխվելուց ի վեր ակտիվորեն մասնակցել է հայ համայնքի մշակութային իրադարձություններին` զարդարելով Հայ Ակադեմիականների Միության (ՀԱՄ) համերգային բեմերը: Ամուսնու` բարիտոն Գոռ Հարությունյանի հետ մեկտեղ մասնակցել է ՀԱՄ-ի կողմից կազմակերպած մեծանուն գիտնական պրոֆեսոր Անդրեաս Արծրունու ծննդյան 160-ամյակին նվիրված հոբելյանական համերգ-ծրագրին:

Նյուրնբերգ տեղափոխվելուց հետո հանդես է եկել Նյուրնբերգի, Էռլանգենի, Լաուֆի և այլ հայկական կազմակերպությունների ու համայնքների կազմակերպած մշակութային երեկոներին: Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի հրավերով Բեռլինում և Մայնի Ֆրանկֆուրտում ելույթ է ունեցել մեծ եղեռնի զոհերի հիշատակին կազմակերպված ոգեկոչման միջոցառումներին:

Աննախադեպ էր հատկապես Հրաչուհու ելույթը Եվրոպայի ամենամեծ բացօթյա փառատոնում, որը տեղի է ունենում Նյուրնբերգում: 2011թվականի հուլիսի 24-ին տասնյակ հազարավոր ներկաներ առաջին անգամ հնարավորություն ունեցան այդ բեմից լսելու հայկական երեք երգեր Ալեքսանդր Հարությունյանի «Երգիր ինձ համարը», Ալեքսանդր Դոլուխանյանի «Ծիծեռնակը» և Առնո Բաբաջանյանի «Վոկալիզեն»:

Արվեստին նվիրումը բնորոշ է շատ հայ ընտանիքների, որոնք, ինչքան էլ սերնդափոխ են լինում կամ փոխում են բնակավայրերը, առանցքային են պահում արվեստն իրենց կյանքում: Այսպիսին է նաև Խումարյան – Բասենց ընտանիքը: Հրաչուհու կրտսեր եղբայրը ուսանում է Շտուտգարտի Ջոն Կրանկո բալետի ակադեմիայում (John Cranko Ballettakademie Stuttgart, Germany) և ելույթներով հանդես է գալիս տարբեր բեմերում, իսկ մայրը` Ամալյա Բաբլոյանը, Հայաստանում ղեկավարում է «Փառքի ու Գեղեցկության» մշակույթի կենտրոնը: Հետաքրքրական է նշել, որ զավակներին ընդամենը երեք ամսով Գերմանիա այցելության եկած ժամանակ անգամ տիկին Բաբլոյանը հասցրեց գերել Գերմանիայի հանդիսատեսին իր անզուգական ազգային պարով: 2008 թվականի ապրիլի 4-ին նա մասնակցեց ՀԱՄ-ի և Կաարստ քաղաքի ժողովրդական բարձրագույն դպրոցի կողմից համատեղ կազմամերպած Երևանի հիմնադրման 2790-ամյակին նվիրված օրվան: Իրադարձության մասին հիացմունքով գրեց Գրեվենբրոիխեր Ցայթունգ թերթը (NEUSS: GREVENBROICHER ZEITUNG, RHEINISCHE POST, Nr. 81, Jg. 135, 7.04.2008):

Լինելով նման ընտանիքի ներկայացուցիչ` Հրաչուհին իր ամուսնու` նյուրնբերգյան պետական թատրոնի երգիչ Գոռ Հարությունյանի հետ ավագներից ժառանգած տաղանդը ոչ միայն զարգացնում է, այլև իր զավակին` փոքրիկ Հարությունին է փոխանցում` ապահովելով ընտանեկան ավանդության շարունակությունը: Յոթամյա Հարությունն արդեն իսկ հանդես է գալիս Նյուրնբերգի օպերային թատրոնում դրվագային դերերով:

Վստահ ենք, որ Մոցարտի Դոննա Էլվիրա, (Don Giovanni), Մայերբերի Սելիկա, (L'Africaine), Դոնիցետտի Էլեոնորա, (Il Furioso nell'Isola di San Domingo), Բելլինի Զաիրա (Zaira), Բիզեի Միքաելա (Carmen), Վերդիի Գյուլնարա (Il Corsaro), Լեոնկավալլոյի Նեդդա (Pagliacci), Պուչչինիի Չիո-Չիո-Սան (Madama Batterfly), Բեռլիոզի Թերեզա ("Benvenuto Cellini"), Ռոսսինիի Կորինա (Il viaggio a Reims) անզուգական դերակատարումներով հանդես եկած հայազգի սոպրանոն դեռևս կարժանանա նորանոր մրցանակների, կխաղա նորանոր դերերում` դառնալով հայ-գերմանական բարեկամության խորհրդանիշ:

07.12.2011

դեպի ետ