• am
  • ru
  • en
Версия для печати
12.12.2011

ՀԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՈՆԱԴԱՎԱՆԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐ. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

EnglishРуский

   

Միջազգային գիտագործնական կոնֆերանս

2011թ. դեկտեմբերի 9-10-ը Երևանի «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասսո» սրահում տեղի ունեցավ «Հայության կրոնադավանական հատվածներ. մարտահրավերներ և հնարավորություններ» միջազգային գիտագործնական կոնֆերանսը։ Գիտաժողովի կազմակերպիչներն էին ՀՀ Սփյուռքի նախարարությունը, «Հիքսոս» հիմնադրամը և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամը։

Հայաստանից ելույթներով հանդես եկան «Նորավանք» ԳԿՀ տնօրեն Գագիկ Հարությունյանը («Հայության կրոնադավանանքային խնդիրները գլոբալ զարգացումների համատեքստում»), ՀՀ կառավարության աշխատակազմի, ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանը («Հայության այլակրոն և այլադավան հատվածների հարաբերություններն ու միավորման խնդիրները»), «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ղեկավար Արեստակես Սիմավորյանը և նույն կենտրոնի փորձագետ Վահրամ Հովյանը («Հայության դավանանքային հատվածների համախմբման ձևերը և մեխանիզմները»), ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի դոցենտ Հովհաննես Հովհաննիսյանը («Հայության ժամանակակից խնդիրները կրոնական հարթության մեջ»), «Ձայն Համշենական» ամսաթերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Վարդանյանը («Կրոնափոխ համշենահայեր. փոխադարձ ծանոթություն»), ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը («Իսլամացված հայերի թեմայի ուսումնասիրությունը. խնդիրներ և հեռանկարներ»)։

Սփյուռքից զեկուցումներով հանդես եկան Բոխումի Ռուր համալսարանի Սփյուռքի և ցեղասպանագիտության ինստիտուտի տնօրեն Միհրան Դաբաղը («Մերժված գիտելիք և ֆրագմենտացված կյանքի պատմություն. կրիպտոհայերի ինքնության կոհերենտ պատմությունների ձևակերպման խնդրի շուրջ»), Հալեպի Համազգային հայագիտական հիմնարկի դասախոս Հակոբ Չոլաքյանը («Ծագումով հայ լատինները Սուրիոյ մէջ»), Բեյրութի Դպրոցական հայագիտության զարգացման կենտրոնի տնօրեն Վարդան Թաշճյանը («Միջյարանուանական գործակցութիւնը Լիբանանի հայ համայնքում. փորձառութիւններ եւ հեռանկարներ»), Լիբանանից լրագրող Համո Մոսկոֆյանը («Կրոնափոխ հայերի զարթոնքը»)։

Գիտաժողովում քննարկվեցին Սփյուռքի հայ համայնքներում տարբեր կրոնադավանական հատվածների՝ իսլամացված, կաթողիկե, ավետարանական և լատինադավան հայերի արդի խնդիրները։ Հատուկ ուշադրություն դարձվեց նաև նրանց շրջանում ազգային ինքնության պահպանման, միջդավանական համերաշխության և համագործակցության մթնոլորտի ապահովման միջոցներին։


Ամփոփմանը գիտաժողովի մասնակիցների առաջարկությունների հիման վրա ընդունվեց որոշում զեկույցների հրատարակման և այսուհետև նույնպես ոլորտի խնդիրների ուսումնասիրման ու լուծման ուղղությամբ տարբեր ձևաչափերով աշխատանքները շարունակելու մասին։

դեպի ետ