• am
  • ru
  • en
Версия для печати
21.11.2011

«ԳՐԱՎԻՐ ՈՒՈԼ-ՍԹՐԻԹԸ» ԵՎ «ՓՐԿԻՐ ՄԵՐ ՀՈԳԻՆԵՐԸ»...

   

Գագիկ Հարությունյան

Տարին մոտենում է ավարտին, և վերլուծաբանական հանրությունը փորձում է առանձնացնել 2011-ի գլխավոր իրադարձություններն ու դրանց համապատասխան գնահատականներ տալ։ Եվ եթե, այսպես կոչված, «արաբական գարունն» առանց որևէ լուրջ մրցակցության գլխավորում է կարևոր աշխարհաքաղաքական գործընթացների ցուցակը, ապա հասարակական և սոցիալ–տնտեսական ոլորտում պատկերն այնքան էլ միանշանակ չէ։

«Համակարգի» ճգնաժամ

Վերոնշյալի առումով պետք է կարևորել ԱՄՆ պարտքերի, «եվրոյի փրկման», Հունաստանի հնարավոր դեֆոլտի և «արտարժութային պատերազմների» հետ կապված իրադարձությունները, որոնք արտահայտում են համաշխարհային տնտեսությունում տիրող անբարվոք վիճակը։ Այսօր տնտեսական ոլորտի վերլուծաբանների մի զգալի մասը համոզված է, որ գործող «կապիտալիստական համակարգը», դատելով ներկայի միտումներից, կորցրել է նախկին արդյունավետությունը և սպառել կենսունակության ռեսուրսները։ Ոմանք դա փորձում են բացատրել «գլոբալիզացիայի ավարտով». աշխարհն արդեն տնտեսապես ինտեգրվել է, դարձել մեկ ընդհանուր շուկա, և էքստենսիվ զարգացման հնարավորությունները նվազել են։ Այլք շեշտում են «սպեկուլյատիվ կապիտալի» (այսպես կոչված «օդից ստացվող» շահույթի) անթույլատրելի մեծացումը։ Օրինակ, FOREX-ի (Foreign Exchange Market) շրջանակներում կատարվող արտարժույթի տարեկան առևտուրը կազմում է ավելի քան $800 տրիլիոն, ինչը տասնյակ անգամներ (որոշ հաշվարկներով՝ ավելի քան 80 անգամ) գերազանցում է ռեալ ապրանքների առևտրի ծավալը1։ Հատկանշական է, որ համաշխարհային բանկային գործարքների 97%-ը թղթերի շրջապտույտ է և ընդամենը 3%-ն է արտացոլում ու սպասարկում իրադրությունն արտադրական ոլորտում2։ Ինչպես գրում է Գլոբալիզացիայի ինստիտուտի տնօրեն Բորիս Կագարլիցկին, «ինչո՞ւ երկար տանջվել, կառուցել գործարաններ, զարգացնել տեխնոլոգիաներ, գտնել կադրեր, եթե կարելի է «պտտացնել փողերը» և ստանալ արագ շահույթ»3։

Որպես սպառնալիք է ընկալվում նաև Անդրազգային ընկերությունների (ԱԱԸ) տեսակարար կշռի մեծացումը գլոբալ տնտեսությունում. բավական է նշել, որ ԱԱԸ-ների ընդհանրական ՀՆԱ–ն կազմում է համաշխարհայինի ավելի քան 60%-ը, իսկ աշխարհի 100 առավել խոշոր տնտեսություններից 52-ը ԱԱԸ են և միայն 48-ն են պետություն։ Օրինակ՝ Royal Dutch Shell-ի, Exxon Mobil-ի կամ BP-ի ՀՆԱ-ներն ավելին են, քան Լեհաստանինը, Շվեդիայինը, Արգենտինայինը։ ԱԱԸ–ների հետ կապված ռիսկերը, համաձայն փորձագետների (որոնց թվում են Նոբելյան դափնեկիրներ) պայմանավորված են առաջին հերթին նրանով, որ այդ ընկերությունները, ինչպես և միջազգային ֆինանսական-տնտեսական կառույցները, չունեն հստակ ամրագրված պատասխանատվություններ այս կամ այն երկրի հանրությունների նկատմամբ ու հաճախ գործում են զուտ սեփական ֆինանսական շահերից ելնելով։ Գործելաձևի նման տրամաբանությունը չի ենթադրում նրանց ծառայություններից օգտվող երկրների հանդեպ տարրական սոցիալ–բարոյական (իսկ հաճախ՝ նաև տնտեսական) պարտավորությունների ստանձնում և կատարում՝ այստեղից բխող բոլոր հետևանքներով։

Սակայն, անկախ վերլուծություններից, քաղաքական գործիչները, վերլուծաբանները և, վերջապես, շարքային մարդիկ գրեթե միահամուռ փաստում են, որ գլոբալ տնտեսության վիճակը լուրջ անհանգստությունների տեղիք է տալիս։ Այդ առիթով նկատենք, որ վիճակը բարվոք չէ ոչ միայն Հունաստանում, այլև, օրինակ, ԱՄՆ-ում, որտեղ ռեալ հաշվարկներով աշխատանք չունի բնակչության 16.5%-ը, իսկ մինչև 25 տարեկան երիտասարդության շրջանակներում գործազրկությունը հասնում է 25%-ի այն պարագայում, երբ ամեն տարի ուսման վարձն աճում է միջինը 15%4-ով։ «Սպեկուլյատիվ կապիտալիզմի» դեստրուկտիվ տրամաբանությունը զգալիորեն ազդել է նաև ժողովրդավարական համակարգի էության վրա. որոշ խոշոր սոցիոլոգներ և տնտեսագետներ (Քոլին Կրաուչ, Միխայիլ Դելյագին և այլք) որակում են ներկայի իրողությունները որպես «պոստդեմոկրատիա»։ Նման հասարակարգում ժողովրդավարությունը փոխարինվել է իմիտացիոն և փիառային գործընթացներով, որոնք ծառայում են ոչ թե հանրության, այլ մասնավոր ընկերությունների շահերին [1-4]։

Սոցիալական և տնտեսական խնդիրները հուզում են ոչ միայն վերլուծաբաններին և բողոքի ցույցեր կազմակերպողներին, այլև նրանց, ովքեր հանդիսանում են գլոբալ համակարգի հենասյուները։ Օրինակ, միլիարդատերեր Բիլ Գեյթսը և Ուորեն Բաֆեթն առաջարկում են բաժնետոմսերի վաճառքի վրա հարկ սահմանել (ԶԼՄ-ն դա անվանում է «Ռոբին Հուդի հարկ») և ստացված միջոցները ($40–50 մլրդ) ուղղել անապահովների կարիքներին։ Ստեղծված իրողություններն առանձնապես սուր է ընկալում նախագահ Օբաման. նա փորձում է ստեղծել հանրային բարիքների ավելի արդարացի բաշխման մեխանիզմներ, սակայն միշտ չէ, որ կարողանում է հաղթահարել համառ ընդդիմադիրներին։ Օբամայի վարչակազմի համար տնտեսական ծրագրեր մշակող, Բերքլիի համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Ռայխը5 վերջերս հրատարակած մենագրությունում գրում է, որ Ռեյգանին նախորդած 50 տարում, շնորհիվ «ռուզվելտյան ռեֆորմների»6, հարուստների մասը հանրության ընդհանուր եկամտի մեջ մշտապես իջնում էր, իսկ միջին խավի եկամուտներն աճում էին։ Սակայն, սկսած 80-ականներից (Ռ.Ռեյգանի նախագահ ընտրվելուց և, այսպես կոչված, «ռեյգանոմիկայի» սկզբունքների հաստատվելուց հետո)՝ ամենահարուստների եկամուտների 1%-ն աճել է 3 անգամ, մինչդեռ միջին խավինը նվազել է։ Ըստ Ռայխի, այսօր, ինչպես և 30-ականների «մեծ դեպրեսիայի տարիներին»7, կապիտալիզմին մեծ վտանգներ են սպառնում, և «հնարավոր են անգամ հեղաշրջումներ», եթե չհաջողվի կրճատել հարուստների ու աղքատների եկամուտների միջև եղած խզումը։

Ռայխի մռայլ կանխատեսումներն այսօր բաժանում են շատերը։ Ըստ Goldman Sachs-ի առաջատար վերլուծաբան Չարլզ Նենների՝ 2012-ին սպասվում է ֆինանսական կոլապս8, իսկ Թրենդների (միտումների) ինստիտուտի ղեկավար Ջերալդ Սելենտեն պնդում է, որ հեռու չեն «սովյալների ապստամբությունները»9 և «երիտասարդական լայնածավալ հուզումները»10։ Հայտնի է, որ «վատ սցենարներն» ընդհանուր առմամբ վերլուծաբանական մշակույթի մասն են կազմում և դրանց նպատակը միայն անբարենպաստ զարգացումների վերաբերյալ եղած մոտեցումները ներկայացնելը չէ։ Ունենալով որոշակի տեղեկատվական-հոգեբանական ենթատեքստ՝ դրանք բարձրացնում են հանրության «զգոնությունը» և այդպիսով նվազեցնում նույն «վատ» սցենարների իրականացման հավանականությունը։ Սակայն համաշխարհային տնտեսական համակարգի փլուզման վերաբերյալ ապոկալիպտիկ կանխատեսումների թիվն աննախադեպ աճել է (ինտերնետում դրանք տիրաժավորված են միլիոններով), ինչը տվյալ պարագայում արդեն նպաստում է հոռետեսական սցենարների իրականություն դառնալուն։

Ընդգծենք, որ քաղաքական լիդերները՝ Բարաք Օբաման, Անգելա Մերկելը և Նիկոլա Սարկոզին, կարծես թե անում են ամեն ինչ` ստեղծված իրադրությունը փրկելու համար։ Սակայն նրանց ջանքերը նպատակ ունեն ընդամենը մասնակի շտկելու իրավիճակը` մնալով ներկայի տնտեսական համակարգի սահմաններում։ Այլ խոսքերով` «փրկման» լայնածավալ ծրագրերը մարտավարական բնույթի են, իսկ ռազմավարական հեռանկարը բավական մշուշոտ է։

Եթե ներկայացված գործոնների համատեքստում դիտարկենք 2011-ի հասարակական զարգացումները, ապա առանձնահատուկ ուշադրության է արժանի «Գրավիր Ուոլ-սթրիթը» կամ OWS (Occupy Wall-Street) «հակակապիտալիստական շարժումը», որի մասնակիցները նպատակադրվել են «մերկացնել» և «տապալել» ներկայի «անարդարացի կապիտալիստական համակարգը»։ Այսինքն՝ շարժումը, ի տարբերություն բողոքի այլ ակցիաների, ոչ թե մասնակի խնդիր է հետապնդում, այլ ուղղված է «գլոբալ տնտեսական համակարգի» դեմ։ Ինչպես պնդում են գործընթացին հետևող արևմտյան մեկնաբանները, շարժումը ժլատ է լուսաբանվում ԶԼՄ-ում և այդ իսկ պատճառով ներկայացնենք որոշ փաստագրական տվյալներ։

«Փրկեք մեր հոգիները»

Ամեն ինչ սկսվեց ս.թ. հունիսի 9-ին, երբ շահույթ չհետապնդող կանադական Adbusters Media Foundation կազմակերպությունը, որը հանդես է գալիս «սպառողականության» («կոնսյումերիզմի»), գլոբալիզմի, շրջակա միջավայրի աղտոտման դեմ և նախաձեռնել է «Օր առանց առևտրի», «Շաբաթ առանց հեռուստատեսության» հասարակական շարժումները, գրանցեց occupywallstreet.org դոմենը։ Հատկանշական է, որ այդ հիմնադրամը նաև «հոգևոր մաքրության» ջատագով է, և ստեղծված իրավիճակում OWS կոչը շատերն ընկալում են որպես յուրովի SOS՝ «փրկեք մեր հոգիները»։ Արդեն հուլիսի 13-ին հիմնադրամն իր ամսագրի և կայքի միջոցով սկսում է հորդորել՝ կազմակերպել բողոքի ակցիաներ և «խաղաղ եղանակով» գրավել համաշխարհային բիզնեսի խորհրդանիշը՝ Ուոլ-սթրիթը։ Նախնական հավաքույթներից հետո, սեպտեմբերի 17-ին, այդ փողոցին կից հրապարակում տեղի է ունենում առաջին լայնածավալ հանրահավաքը։

Ինչպես հայտնի է, 20-րդ դարի սկզբի մարքսիստների հիմնախնդիրներից էր հեղափոխական գաղափարների տարածումը։ Խորհրդային գրականությունում կարելի էր հանդիպել «Իսկրայի» կամ «Պրավդայի» կոնսպիրատիվ նկուղային տպագրատների կամ ժանդարմերիայի կողմից բոլշևիկյան մամուլը տարածողների ձերբակալման նկարներ։ Այսօր իրողություններն այլ են. ինտերնետը սկզբունքորեն լուծել է կապի ու տեղեկատվության տարածման խնդիրները։ Այլ է նաև «հեղափոխականների» սոցիալական պատկանելությունը. «պրոլետարիատին» փոխարինել է սոցիալական ցանցերում ընդգրկված ուսյալ–կրթյալ երիտասարդությունը, և հայտնի հեղափոխական կոչը կարելի է վերաձևակերպել որպես «Ֆեյսբուքերներ բոլոր երկրների, միացե՛ք»։ Այնպես որ, շնորհիվ տեղեկատվական տեխնոլոգիաների և, այսպես կոչված, «խելոք ամբոխի» միջոցով առաջին հավաքից չանցած մեկ ամիս «գրավելու վիրուսը» տարածվեց տասնյակ երկրներում (տե՛ս, օրինակ, [5, 6])։ Հոկտեմբերի 15-ի ցույցին մասնակցում էր արդեն 150 հազար մարդ աշխարհի 82 երկրում և 950 քաղաքում։

Կախված աշխարհագրությունից՝ կարգախոսներում «Ուոլ-սթրիթը» փոխարինվում է «Օքլենդով», «Լոնդոնով» և անգամ «Իսլամաբադով», սակայն անփոփոխ է մնում դրանց բովանդակությունը։ Ավելորդ չէ նշել իրանական հանրության յուրօրինակ «ճկունությունն» այս հարցում. «Թեհրանի գրավումն» ընթանում է ԱՄՆ շահերը ներկայացնող Շվեյցարիայի դեսպանատան դիմաց, և «Կորչի՛ կապիտալիզմը» պաստառներով զինված ցուցարարները մեղադրում են ամերիկյան ղեկավարությանը «սադրանքներ կազմակերպելու» և Իրանի «ներքին գործերին խառնվելու» մեջ։

Շարժումը, որին այսօր միացել են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ և արհմիություններ, մեծ աշխուժություն է առաջացրել առաջին հերթին բուն Միացյալ Նահանգներում։ Ցուցարարներին իրենց համերաշխությունն են հայտնում բազմաթիվ գրողներ (օրինակ՝ հանրահայտ Սալման Ռուշդին), երգիչներ (որոնց թվում է 60-ականների աստղ Փիթ Սիգերը) և մուլտիմիլիարդատերեր (ի դեմս Ջորջ Սորոսի)։ Նյու Յորքի փողոցներ դուրս եկան անգամ «շարքային միլիոնատերերը», որոնք պահանջում էին «իրենցից ավելի շատ հարկեր գանձել»։ CBS հեռուստակայանի և The New York Times–ի համատեղ հարցման արդյունքներով՝ ամերիկացիների 43%-ը ողջունում է շարժումը (դեմ է ընդամենը 27%-ը)։ Կողմնակիցների մեծ մասը կազմում են 18-29 տարեկան երիտասարդները և Դեմոկրատական կուսակցության համակիրները։ Համաձայն մեկ այլ հարցման (իրագործել է Rasmussen Reports սոցիոլոգիական ընկերությունը)՝ ամերիկացիների 79%-ը կողմ է բողոքի հիմնական կարգախոսներից մեկին՝ «Խոշոր բանկերին օգնեցիք, իսկ մեզ թողեցիք անպաշտպան»։

Ոստիկանները երբեմն չհիմնավորված ձևով կոշտ են միջամտում OWS–ի հետ կապված իրադարձություններին, ինչը մեկնաբանները պայմանավորում են նաև նրանով, որ «կապիտալիստական համակարգի հիմնական պատասխանատուներից» մեկը՝ JP Morgan բանկային խումբը, Նյու Յորքի ոստիկանությանը նվիրաբերել է $4.6 մլն։ Ի պատասխան շարժման՝ «ուժային բլոկը»՝ հաքերային հայտնի Anonimous խումբը (արդի «հեղափոխական զինյալները»), հարձակումներ է կազմակերպում բորսաների և բանկերի էլեկտրոնային համակարգերի վրա։

Հնարավոր սցենարներ

Դեռևս 1990-ականներին ԿՀՎ-ն սահմանել էր այն հիմնական կանխանշանները, որոնք վկայում են «հեղափոխական իրադրության» մասին։ Դրանք են. տվյալ երկրում հարուստների և աղքատների միջև գոյացած մեծ խզումը, «միջին խավի» անհետացումն ու դժգոհների՝ «նեղացածների» թվի մեծացումը11։ Խնդրի հրատապության մասին է վկայում այն հանգամանքը, որ տնտեսական անկայունության հետ պայմանավորված խոշոր սոցիալական ցնցումների կանխատեսումներին ամերիկյան հատուկ ծառայություններն անդրադարձել են նաև այս տարի։ Այդ ուղղությամբ, «բաց աղբյուրների վերլուծության» մեթոդները կիրառելով, լայնածավալ հետազոտություն է իրականացրել ԱՄՆ Ազգային հետախուզության Հեռանկարային հետազոտական ծրագրերի վարչությունը (IARPA) [7].

Վերլուծաբանների մի մասը համարում է, որ այդ բոլոր կանխանշաններն այսօր առկա են ԱՄՆ-ում, իսկ ОWS–ն մոտալուտ հեղափոխության ազդարարն է և անգամ զուգահեռներ է անցկացնում արևմտյան «հակակապիտալիստական» գործընթացների և «արաբական հեղափոխությունների» միջև։ Ուշադրության արժանի են նաև այն մոտեցումները, համաձայն որոնց՝ նախագահական ընտրությունների շեմին ОWS–ն ծայրահեղական միջոցներով աջակցում է Բարաք Օբամայի և դեմոկրատների քաղաքական-տնտեսական ծրագրերին։ Վերջապես, մեկնաբանների մեկ այլ խումբ նախապատվությունը տալիս է այն վարկածին, թե ОWS–ն կազմակերպել են հենց իրենք՝ «կապիտալիզմի շնաձկները» և հատուկ ծառայությունները, հասարակությունում կուտակված դժգոհություններն «անվնաս ձևով պարպելու» նպատակով։

Ներկայացված մոտեցումները, թերևս, այս կամ այն չափով արտահայտում են ներկայիս իրողությունները։ Տնտեսական համակարգի ճգնաժամի արդյունքում այսօր ԿՀՎ մշակած «հեղափոխության կանխանշաններն» իրոք բնորոշ և ակտուալ են ոչ միայն ամերիկյան, այլև շատ այլ հանրությունների համար։ Այսինքն՝ պետք է փաստել, որ դժգոհության ալիքի բարձրացումն օբյեկտիվ բնույթ է կրում, և որ այդ ալիքին են միացել նաև նրանք, որոնց կարծիքով՝ դժվարությունները ոչ թե զուտ տնտեսական են, այլ կրում են ավելի խորքային բնույթ և բխում են արդի «կապիտալիստական» համակարգի արժեքային-փիլիսոփայական համակարգից։ Միևնույն ժամանակ, «հեղափոխական զարգացումների» հեռանկարների տեսակետից սկզբունքորեն դժվար է համադրել ԱՄՆ-ը կամ առաջատար արևմտյան պետություններն այն երկրների հետ, որտեղ տեղի են ունեցել հեղափոխություններ։ Այդ համատեքստում տեղին է հիշել Ա.Թոյնբիի այն միտքը, թե Արևմուտքի ամենակարևոր գաղտնիքը տեխնոլոգիաներն են (այս հասկացությունը մեկնաբանվում է որպես մտավոր գործունեության արդյունք, և ոչ միայն տեխնիկական ոլորտում), որոնք նա խստորեն թաքցնում է ուրիշներից։ Առայսօր արևմտյան երկրներն իրենց գիտակրթական, ռազմաքաղաքական, տնտեսական, կազմակերպչական և այլ ոլորտների տեխնոլոգիաներով զգալիորեն գերազանցում են մնացյալ աշխարհին։ Այսինքն՝ ԱՄՆ-ը և Եվրոպան ունեն այն ռեսուրսները (կամ տեխնոլոգիաները), որոնք ամենայն հավանականությամբ, գոնե տեսանելի ապագայում, թույլ կտան նրանց խուսափել դեստրուկտիվ «հեղափոխական սցենարներից»։ Մասնավորապես, դրա վկայությունն են նույն ԿՀՎ վաղօրոք կատարած մշակումները և ամերիկյան ընտրանու առնվազն մի զգալի մասի լուրջ և ադեկվատ վերաբերմունքը ОWS–ի հետ կապված գործընթացներին։ Ըստ Global Media Reaserch Center-ի հիմնադիր Ջոն Դաունինգի, շարժումը «ուղեցույց է բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են վերակառուցել համաշխարհային տնտեսությունը», իսկ նախագահ Օբաման ընդունեց, թե «սա հուսահատության արտահայտություն է. մեզ մոտ ամենամեծ ֆինանսական ճգնաժամն է «մեծ դեպրեսիայից հետո»»։

Այդ տեսանկյունից չի կարելի անհիմն համարել այն վարկածը, թե ОWS–ն անուղղակիորեն սպասարկում է ներկա նախագահի և դեմոկրատների նախընտրական քաղաքական, տնտեսական ծրագրերը։ Սակայն այստեղ, ըստ մեզ, ավելի շուտ կարելի է խոսել ոչ թե հատուկ նախընտրական տեխնոլոգիաների (լիովին չբացառելով նման տարբերակը), այլ, ավելի շուտ, ուղղվածությունների համընկնման մասին, որից փորձում է իրական քաղաքական օգուտներ քաղել Օբամայի վարչակազմը։ Հարկ է նկատել, որ այս ամռանն ամերիկյան պարտքերի և դեֆոլտի հետ կապված հայտնի գործընթացներում հենց կորպորատիվ գերշահույթների դեմ էր ուղղված նախագահի առաջարկությունների մի զգալի մասը, որոնք կտրուկ մերժեցին հանրապետականները։ Հայտնի է նաև, որ ԱՄՆ գաղափարախոսական համակարգի թերություններից է սոցիալիստական կոնցեպտի բացակայությունը, որը հավասարակշռում է ծայրահեղ ազատական մոտեցումները (ինչպես դա տեղի է ունենում, օրինակ, Մեծ Բրիտանիայում)։ Չի կարելի բացառել, որ ОWS շարժումը կարող է դուրս գալ «փողոցային» ձևաչափից և յուրովի սոցիալիստական կոմպոնենտի տեսքով ներմուծվել նույն դեմոկրատական կուսակցություն կամ անգամ կայանալ որպես նոր քաղաքական ուժ։

Բոլոր պարագաներում, կարելի է փաստել հետևյալը։ Թափ հավաքող ОWS շարժումն արտահայտում է օբյեկտիվ իրողությունները և իրական դժգոհություններն ու այդպիսով դարձել է հասարակական-քաղաքական գործոն։ Ակնհայտ է, որ նման շարժումը չի կարող դուրս մնալ քաղաքական-վարչական ուժերի, հատուկ ծառայությունների և խոշոր կապիտալի ուշադրությունից, որոնք փորձելու են (առանձին-առանձին կամ համատեղ) կառավարելի դարձնել այն, ձգտել ուղղել հօգուտ իրենց շահերի կամ առնվազն վնասազերծել հնարավոր ռիսկերը։

Հնարավոր է, որ նման համատեղ գործողությունների արդյունքում գտնվեն համաշխարհային տնտեսական, կապիտալիստական համակարգի վերակառուցման և առողջացման դեղատոմսերը։ Ամենևին չի կարելի բացառել երկրորդ սցենարը, ըստ որի՝ այս կամ այն ուժերի ներգործության արդյունքում ОWS-ն կմարգինալացվի ու կվերածվի «հակագլոբալիստական շարժման» մասի՝ ի լրումն տրոցկիստների, անարխիստների և այլոց։ Այդ պարագայում նրանք G8-ի կամ G20-ի առիթով կմեծացնեն ավերված «Մակդոնալդների» թիվը և ոչ ավելին։ Միևնույն ժամանակ, սցենարային մշակումների մեթոդաբանությունը ենթադրում է նաև «ծայրահեղ վատ» ու ֆանտաստիկ թվացող զարգացումների քննարկում։ Այս համատեքստում կարելի է դիտարկել տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով գլոբալ մեգահեղափոխության իրագործումը, որն, անշուշտ, կհանգեցնի շատ ավելի մեծ խնդիրների, քան դրանք առկա են այսօր։

Ակնհայտ է, որ երկրորդ սցենարը որևէ կերպ չի կարող անդրադառնալ գլոբալ համակարգի և առավել ևս դրա մաս հանդիսացող հայրենական տնտեսության վրա։ Մինչդեռ «համակարգի վերակառուցման» գործընթացը, հիշելով «պերեստրոյկայի» հիվանդագին տարիները, որոշակի պահանջներ կներկայացնի «համակարգի» բոլոր անդամներին։ Դա ակտուալացնում է ОWS գործընթացներին, դրանց զարգացման միտումներին և հնարավոր հետևանքներին խիստ ուշադիր լինելու խնդիրը։ Անշուշտ, առավել ռիսկեր է պարունակում «հեղափոխական վատ սցենարը», որի իրագործման անգամ շատ փոքր հավանականությունը պետք է անհանգստության տեղիք տա։ Նկատենք նաև, որ նման «ապոկալիպտիկ» սցենարներին նախապատրաստվելը պետք է լինի ոչ միայն տնտեսական, այլև ողջ ազգային անվտանգության համակարգի մտահոգությունների ցանկում։

Գրականություն

  1. Крауч К., Постдемократия, М., Государственный университет, Высшая школа экономики, 2010.
  2. Делягин М., Кризис человечества: выживет ли Россия в нерусской смуте?, Владимир, АСТ Астрель, 2010.
  3. Дзола Д., Демократия и сложность: реалистический подход, М., Издательский дом Государственного университета, Высшая школа экономики, 2010.
  4. Бауман З., Глобализация. Последствия для человека и общества, М., Весь мир, 2004.
  5. Հարությունյան Գ., Ինտերնետ կառույցները «պոստդեմոկրատիայի» և տեղեկատվական անվտանգության համատեքստում, 21 ԴԱՐ, #5 (33), էջ 3, 2011։
  6. Рейнгольд Г.,Умная толпа, М., ФАИР-ПРЕСС, 2006.
  7. Разработка программы прогнозирования крупных социальных потрясений в интересах национальной разведки США, Зарубежное военное обозрение, с. 106, #9, 2011.

1 http://alpari-miass.narod.ru/tbook/FOREX.htm

2 http://www.polit.nnov.ru/2007/11/26/greathedged/

3 http://www.stoletie.ru/rossiya_i_mir/prodavcy_vozduha_2011-11-07.htm

4 http://kommersant.ru/doc/1786927

5 Ռ. Ռայխը Բիլ Քլինթոնի վարչակազմում եղել է Աշխատանքի նախարար, և Time ամսագիրը նրա անունը զետեղել է «դարի լավագույն նախարարների» տասնյակում, իսկ Wall Street Journal–ի հրապարակած «ամենաազդեցիկ բիզնես-մտածողների» ցուցակում Ռայխը 6-րդն է։

6 Միևնույն ժամանակ, որոշ փորձագետներ (օրինակ՝ STRATFOR-ի տնօրեն Ջ. Ֆրիդմանը) գտնում են, որ «մեծ դեպրեսիան» հաղթահարվեց գլխավորապես ոչ թե ռուզվելտյան բարեփոխումների, այլ Երկրորդ համաշխարհային պատերազմում ԱՄՆ մասնակցության շնորհիվ միայն։ Սակայն նկատենք, որ այդ մասնակցության համար ամերիկացիները հիմնականում պարտական են նույն Ֆ.Դ. Ռուզվելտին։

7 Ռայխն իր մենագրությունում հենվում է Մարիներ Էքսլսի տեսության վրա, համաձայն որի՝ 30-ականների ամերիկյան «մեծ դեպրեսիայի» հիմնական պատճառը սոցիալական անհավասարությունն էր։

8http://silapravdi.at.ua/publ/informativnyj_razdel/prognozy_i_analitika/finansovaja_ehlita_ssha_gotovitsja_k_krakhu_rynkov_i_3_j_mirovoj_vojne/20-1-0-37

9 http://www.rodon.org/polit-101028130814.

10 http://oko-planet.su/finances/financesdiscussions/55191-prognozy-na-2011-god-ot-dzheralda-selente.html

11 http://kommersant.ru/doc/1786927


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր