
ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ
Վահրամ Հովյան«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ
Թվաքանակը և աշխարհագրական սփռվածությունը.- Բուլղարիայի հայ համայնքը ներառում է ինչպես ավանդական հայկական սփյուռքի ներկայացուցիչներին՝ Ցեղասպանությունից առաջ և դրա հետևանքով Բուլղարիայում հաստատված հայերին, այնպես էլ «ժամանակակից» սփյուռքի ներկայացուցիչներին՝ ՀՀ-ից սոցիալ-տնտեսական դժվարությունների պատճառով արտագաղթած և այստեղ հաստատված հայերին։
Բուլղարիայի հայության թվաքանակի վերաբերյալ տարբեր աղբյուրներ տալիս են տարբեր տվյալներ։ Պայմանականորեն այդ աղբյուրները կարելի է բաժանել երկու մասի՝ պաշտոնական և ոչ պաշտոնական։
Պաշտոնական աղբյուրներից ամենահավաստին Բուլղարիայի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներն են։ Համաձայն այդ տվյալների՝ Բուլղարիայի հայ համայնքի թվաքանակը կազմում է 10.8321։
Ոչ պաշտոնական աղբյուրները, որոնք հիմնականում ունեն հայկական պատկանելություն, Բուլղարիայի հայ համայնքին վերագրում են անհամեմատ ավելի մեծ թվաքանակ՝ մոտ 50 հազ.2։
Պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրների հաղորդած տվյալների այս կտրուկ տարբերությունը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է առաջին հերթին հաշվարկման մեթոդաբանությամբ։ Բանն այն է, որ Բուլղարիայի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները վերաբերում են միայն այն բուլղարաբնակ հայերին, որոնք ունեն այդ երկրի քաղաքացիություն։ Քաղաքացիություն չունեցող անձինք տվյալ դեպքում դիտվում են որպես ժամանակավոր բնակիչներ կամ հյուրեր։ Մինչդեռ ոչ պաշտոնական (հայկական) աղբյուրները հաշվում են նաև Բուլղարիայում գտնվող, սակայն այդ երկրի քաղաքացիություն չունեցող հայերին, որոնք հիմնականում գաղթի վերոհիշյալ 5-րդ ալիքի ներկայացուցիչներն են։ Այս տեսակետի օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ, համաձայն հայկական աղբյուրների, հայաստանցի հայերի (1988-2000-ական թթ. արտագաղթած) թիվը Բուլղարիայում կազմում է շուրջ 35 հազ.3։
Ներկայումս Բուլղարիայի ամենահայահոծ բնակավայրերն են Պլովդիվը, Վառնան, Սոֆիան, Բուրգասը և Ռուսեն։ Այստեղ հայերի սփռվածությունն ունի հետևյալ պատկերը (տե՛ս Աղյուսակ 1).
Աղյուսակ 1
Հայերի թվաքանակը և աշխարհագրական սփռվածությունը Բուլղարիայում4
Հայ համայնքը բուլղարական միջավայրում.- Նորագույն պատմության ընթացքում Բուլղարիայի հայ համայնքի համայնական կյանքը ենթարկվել է այն սոցիալ-քաղաքական փոփոխությունների տրամաբանությանը, որոնք 20-րդ դարում տեղի են ունեցել այդ երկրում։ Դրանց հիմքում ընկած են երկու կարևոր իրադարձություններ, որոնք համապատասխան պարբերացման են ենթարկում առաջին հերթին Բուլղարիայի պատմությունը։ Այդ իրադարձություններն են.
- 1944թ. Բուլղարիայում կոմունիստական վարչակարգի հաստատումը։
- 1989թ. կոմունիստական վարչակարգի անկումը Բուլղարիայում։
Այս երկու նշանակալի իրադարձությունները Բուլղարիայի հայ համայնքի կյանքը ևս ենթարկում են ժամանակագրական պարբերացման՝ բաժանելով այն վերելքների (աշխուժության) և հարաբերական անկման (պասիվության)՝ միմյանց հաջորդող ժամանակաշրջանների։ Ըստ այդմ՝ Բուլղարիայի հայ համայնքի պատմությունը 20-րդ դարից սկսած բաժանվում է երեք փուլի.
1. Նախակոմունիստական (մինչև 1944թ.)՝ համայնքային կյանքի ակտիվության և աշխուժության փուլ։ Ակտիվ գործունեություն են ծավալում ինչպես հոգևոր, այնպես էլ աշխարհիկ կառույցները։ Հայ Առաքելական եկեղեցու հետ միասին համայնական կյանքը կազմակերպում և դրան աշխուժություն էին հաղորդում նաև հայկական ավանդական կուսակցությունները՝ ՀՅԴ-ն (Հայ հեղափոխական դաշնակցություն), ՍԴՀԿ-ն (Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցություն), ՌԱԿ-ը (Ռամկավար-ազատական կուսակցություն), որոնք ունեին իրենց օրգան թերթերը։ Հասարակական ակտիվ գործունեություն է ծավալել նաև Բուլղարիայի կոմկուսի հայ անդամների խումբը5։ Կուսակցական մամուլի կողքին համայնքում մեծ դեր էին խաղում նաև ոչ կուսակցական տեղեկատվական ռեսուրսները։ Համայնքային կյանքին աշխուժություն էր հաղորդում նաև բազմաթիվ մշակութային և կրթական հաստատությունների գործունեությունը։
2. Կոմունիստական (1944-1989թթ.)՝ համայնքային կյանքի հարաբերական անկման փուլ։ Բուլղարիայում կոմունիստական վարչակարգի հաստատումից (1944թ.) մինչև դրա անկումը (1989թ.) երկրի իշխանությունները հալածանքի քաղաքականություն են վարել հայկական համայնքային կառույցների նկատմամբ։ Փակվել են հայկական ավանդական կուսակցությունները և նրանց օրգան լրատվամիջոցները։ Այս ժամանակահատվածում Բուլղարիայում գործող միակ գրանցված հայկական կառույցը 1944թ. հիմնված Հայկական կրթամշակութային կազմակերպությունների «Երևան» միությունն էր, որին անդամագրվեցին նախկինում գործող հայկական կառույցների, այդ թվում նաև՝ ավանդական կուսակցությունների շատ ներկայացուցիչներ։ Միությունը հրատարակում էր համանուն՝ «Երևան» շաբաթաթերթը։
Տիրող աթեիստական մթնոլորտի պայմաններում հալածանքների ենթարկվեցին նաև հայկական հոգևոր-եկեղեցական կառույցները։
Չնայած հասարակական և կրոնական ոլորտներում վարչակարգի կողմից պարտադրված սահմանափակումներին, հայ համայնքն այս փուլում, այնուամենայնիվ, ապրում էր ակտիվ մշակութային կյանքով, որն ապահովում էին «Երևան» միության խմբերը։
3. Արդի (1989-ից սկսած)՝ համայնական կյանքի վերազարթոնքի փուլ։ Արդի փուլում Բուլղարիայի հայ համայնքի համայնքային կյանքի վերազարթոնքին և վերաշխուժացմանը նպաստեցին հետևյալ գործոնները.
- Կոմունիստական վարչակարգի անկումը։ 1989թ. կոմունիստական վարչակարգի անկմամբ պայմանավորված հասարակական-քաղաքական մթնոլորտի ազատականացումը, ինչպես նաև աթեիստական մթնոլորտի հաղթահարումը Բուլղարիայում նպաստավոր պայմաններ ստեղծեցին համայնական կյանքի վերազարթոնքի համար։ «Երևան» միության կողքին ստեղծվեցին նոր հասարակական, մշակութային և այլ կառույցներ։ Բուլղարիայում իրենց գործունեությունը վերսկսեցին նաև համազգային կառույցները՝ ՀԲԸՄ-ն (Հայկական բարեգործական ընդհանուր միություն), ՀՄԸՄ-ն (Հայ մարմնակրթական ընդհանուր միություն), ՀՕՄ-ը (Հայ օգնության միություն) և Համազգային հայ կրթական և մշակութային միությունը։ Վերազարթոնք ապրեց նաև Հայ Առաքելական եկեղեցու, ինչպես նաև Հայ Ավետարանական եկեղեցու գործունեությունը։
- Հայերի նոր գաղթը Բուլղարիա։ Հետխորհրդային շրջանում ՀՀ-ից որոշակի քանակությամբ հայերի (մոտ 35 հազ.6) գաղթը Բուլղարիա որոշակի լիցք հաղորդեց համայնքային կյանքի վերազարթոնքին և վերաշխուժացմանը՝ ստվարացնելով հայ համայնքն այդ երկրում։
- Հայաստանի անկախացումը և հայ-բուլղարական դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ 1991թ. Հայաստանի անկախացումը և Հայաստանի ու Բուլղարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը (1992թ.) ոչ միայն տնտեսության, մշակույթի և այլ բնագավառներում հայ-բուլղարական միջպետական հարաբերությունների խորացման հիմք հանդիսացան, այլև դրանով իսկ նպաստեցին Բուլղարիայի հայ համայնքում համայնքային կյանքի վերելքին։ Այս առնչությամբ գնահատելի գործունեություն է ծավալում Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը, որի կազմակերպած մշակութային միջոցառումները ոչ միայն նպաստում են հայ-բուլղարական մշակութային հարաբերությունների ամրապնդմանը, այլև զգալի լիցք են հաղորդում բուլղարահայերի համայնքային կյանքի աշխուժացմանը (ավելի մանրամասն տե՛ս ստորև)։
Կազմակերպչական կառույցները.- Ներկայումս Բուլղարիայի հայ համայնքի կազմակերպչական կառույցները ծագումնաբանական հիմքով կարելի է բաժանել երկու խմբի՝ համազգային կառույցների բուլղարական մասնաճյուղեր և բուն բուլղարական համայնքի կողմից ստեղծված և գործող կառույցներ։
Համազգային կազմակերպությունների մասնաճյուղեր։ Բուլղարահայ համայնքում իրենց մասնաճյուղերն ունեն և հասարակական, մշակութային ու այլ բնագավառներում ակտիվ գործունեություն են ծավալում համազգային կառույցներից չորսը.
- Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)՝ Սոֆիայում, Վառնայում, Պլովդիվում և Բուրգասում։ Պլովդիվի մասնաճյուղը ենթամասնաճյուղեր ունի Դոբրիչում, Ռուսեում, Սիլիստրայում, Սլիվենում և Յամբոլում։
- Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը (ՀՄԸՄ)՝ Սոֆիայում, Վառնայում, Դոբրիչում, Պլովդիվում, Ռուսեում, Շումենում։
- Հայ օգնության միությունը (ՀՕՄ)՝ Սոֆիայում, Վառնայում և Պլովդիվում։
- Համազգային հայ կրթական և մշակութային միությունը՝ Պլովդիվում7։
Բուլղարահայ համայնքի կողմից ստեղծված կառույցներ։ Բացի համազգային կառույցների մասնաճյուղերից, բուլղարահայ համայնքում գործում են նաև բազմաթիվ տեղական համայնքային կառույցներ, որոնք ակտիվ գործունեություն են ծավալում տարբեր բնագավառներում՝ հասարակական, հոգևոր-եկեղեցական, կրթամշակութային, տեղեկատվական։
1. Հասարակական ոլորտում գործունեություն է ծավալում «Բուլղարիայի հայ համայնք» կազմակերպությունը։ Վերջինի գրասենյակը գտնվում է Սոֆիայում, այն կարելի է դիտել որպես բուլղարահայ համայնքի ղեկավար կառույց։ Հասարակական ոլորտում գործում են նաև Սոֆիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը և Վառնայի հայերի միությունը։
2. Հոգևոր-եկեղեցական։ Բուլղարահայ համայնքի հոգևոր-եկեղեցական կառույցը Սոֆիայում գտնվող Հայ Առաքելական եկեղեցու թեմական խորհուրդն է, որն ընդգրկում է Բուլղարիայի հայկական 10 եկեղեցիների և 2 մատուռների առաջնորդներին8։
Բուլղարիայում գերակշիռ մեծամասնություն կազմող հայ առաքելականների կողքին կան նաև փոքրաթիվ հայ ավետարանականներ։ Նրանք նույնպես սփռված են Բուլղարիայի հայաշատ կենտրոններում և ունեն իրենց հոգևոր-եկեղեցական կառույցները։
3. Կրթամշակութային ոլորտում ներկայումս էլ ակտիվ է դեռևս 1944թ. ստեղծված և կոմունիստական վարչակարգի ողջ ընթացքում (1944-1989թթ.) հայկական միակ գրանցված կազմակերպությունը հանդիսացող Հայկական կրթամշակութային կազմակերպությունների «Երևան» միության գործունեությունը։ Միությունը, որի կենտրոնական վարչությունը գտնվում է Սոֆիայում, մասնաճյուղեր ունի Բլագոևգրադում, Վառնայում, Դոբրիչում, Պազարջիկում, Պլովդիվում, Ռուսեում, Սիլիստրայում, Ստարա Զագորայում, Խասկովոյում, Շումենում, Յամբոլում9։
Բացի «Երևան» միությունից, կրթամշակութային ոլորտում նշանավոր դեր ունեն նաև «Սուրբ Հովագիմյան» հայկական դպրոցական միությունը (Սոֆիա), Հայոց նորագույն պատմության «Հայ դատ» ակումբը (Սոֆիա), Հայկական մշակույթի և արվեստի միությունը (Պլովդիվ) և Մեսրոպ Մաշտոց միությունը (Պլովդիվ)10։
4. Տեղեկատվական։ Ներկայումս Բուլղարիայի հայ համայնքի տեղեկատվական ռեսուրսները կազմում են չորս տպագիր և մեկ էլեկտրոնային լրատվամիջոցները։ Տպագիր լրատվամիջոցներն են Հայկական կրթամշակութային կազմակերպությունների «Երևան» միության համանուն՝ «Երևան» շաբաթաթերթը (Սոֆիա, 1944-ից), Համազգայինի «Վահան» շաբաթաթերթը (Պլովդիվ, 1991-ից), «Հայեր» երկշաբաթաթերթը (Բուրգաս, 1993-ից) և «Բարեգործականի ձայն» ամսաթերթը։ Իսկ որպես էլեկտրոնային ռեսուրս հանդես է գալիս «Բուլղարիայի հայ համայնք»-ի (Սոֆիա) պաշտոնական վեբկայքը (http://armenians.orionbg.net)։
Արդի համայնքային կյանքը.- Համայնքային կյանքի ակտիվությունը դրսևորվում է հիմնականում երկու ոլորտներում՝ մշակութային և հասարակական-քաղաքական։
- Մշակութային ոլորտում բուլղարահայ մշակութային կառույցների և ՀՀ դեսպանատան կազմակերպած և իրականացրած միջոցառումներն ընդհանուր առմամբ նպատակաուղղված են բուլղարահայերի մշակութային պահանջմունքները բավարարելու միջոցով համայնքում ազգային ինքնագիտակցության մակարդակի բարձրացմանը և դրանով իսկ հայապահպանության խնդրի լուծմանը։ Այս առումով նշանակալի են 2010թ. Բուլղարիայում Հայաստանի մշակութային տարվա շրջանակներում ՀՀ դեսպանատան, Բուլղարիայի մշակույթի նախարարության և բուլղարահայ համայնքի ջանքերով կազմակերպված և իրականացված «Հայերի առօրյան և տոները» ցուցահանդեսը (նոյեմբեր)11 և հայկական ու բուլղարական գրական ստեղծագործությունների (Վահագն Կրբեկյանի «Հայերի մասնակցությունը ռուս-թուրքական պատերազմին», Հրանտ Մաթևոսյանի «Աստված, էս ինչ սիրուն աշխարհ է», Վանյա Պետկովայի «Հայկական երգեր», «Սասունցի Դավիթ»-ը և «Կրալի Մարկո» բուլղարական էպոսը) բուլղարերեն և հայերեն թարգմանությունների շնորհանդեսը (դեկտեմբեր)12։ Նմանատիպ միջոցառումները մի կողմից ակտիվացնում են հայ համայնքի համայնական կյանքը Բուլղարիայում, նպաստում ազգային ինքնագիտակցության վերելքին ու հայապահպանությանը, մյուս կողմից՝ դառնում արտերկրում հայաճանաչության կարևոր գործիքներ՝ նպաստելով տվյալ դեպքում հայ-բուլղարական հարաբերությունների խորացմանը։
- Հասարակական-քաղաքական ոլորտում հայ համայնքի ակտիվությունը հիմնականում նպատակաուղղված է համազգային խնդիրների (Հայոց ցեղասպանության ճանաչում, Արցախյան հիմնահարց և այլն) լուծմանը նպաստելուն։ Այս ոլորտում հայ համայնքը որոշակի հաջողությունների է հասել մասնավորապես Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում։ Թեև Բուլղարիայի խորհրդարանը դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն դա արդեն արել են մի շարք քաղաքների (Սոֆիա, Վառնա, Բուրգաս և այլն) քաղաքային խորհուրդներն ու Բուլղարիայի Ուղղափառ եկեղեցու Սինոդը (2007թ.)13։
Ինտեգրումը բուլղարական հասարակությանը.- Բուլղարական հասարակության մեջ հայ համայնքի ինտեգրման լավագույն ապացույց են պատմության ընթացքում Բուլղարիայում բարձր հասարակական դիրքի հասած հայ նշանավոր գործիչները (մշակույթի, տնտեսության, քաղաքականության և այլ ասպարեզներում)։ Եթե այլ ապացույց չլիներ, միայն հայկական վաշտի մասնակցությունը բուլղարական բանակի կազմում Բալկանյան պատերազմին 1912-13թթ.՝ Անդրանիկի և Գ.Նժեդի հրամանատարությամբ, բավարար է պնդելու պատմության ընթացքում Բուլղարիայի հայ համայնքի՝ բուլղար հասարակությանը սերտ ինտեգրման մասին։ Բուլղար հասարակությունն էլ իր հերթին է արժանիորեն գնահատել հայ ժողովրդի զավակների ներդրումը Բուլղարիայի կայացման և զարգացման գործում՝ արժանացնելով նրանց մեծ պարգևների ու գնահատականների։ Մասնավորապես, բալկանյան պատերազմին մասնակցած հայկական վաշտի հրամանատարներ Անդրանիկն ու Նժդեհը բուլղարական պետության կողմից արժանացել են զինվորական կոչումների, պարգևների և այլ պատիվների։
Արդի փուլում նույնպես հայ համայնքը բնութագրվում է սերտ ինտեգրմամբ բուլղարական հասարակությանը, որի ցուցիչն են.
- հայ համայնքի հաջողությունները Բուլղարիայում տարբեր բնագավառներում,
- բուլղարական իշխանությունների և հասարակության հոգատար վերաբերմունքը հայ համայնքի ունեցվածքի և պատմամշակութային ժառանգության նկատմամբ,
- բուլղարական իշխանությունների և հասարակության աջակցությունն ու մասնակցությունը հայ համայնքի կողմից կազմակերպվող միջոցառումներին։
1. Հայ համայնքի հաջողությունները։ Բուլղարիայում հասարակական կյանքի տարբեր բնագավառներում հայ համայնքի ձեռք բերած հաջողությունները տեղի են ունեցել ինչպես անհատական, այնպես էլ կոլեկտիվ մակարդակներով։
Անհատական մակարդակով հայ համայնքի հաջողությունները երևում են բուլղարաբնակ հայերի անձնական ձեռքբերումներով, ինչը հիմնականում արտահայտվում է նրանց կողմից տարբեր բնագավառներում (քաղաքականություն, տնտեսություն, մշակույթ, դատական համակարգ և այլն) հասարակական բարձր դիրքերի հասնելու մեջ։ Բուլղարիայում հասարակական բարձր դիրքի հասած հայերից կարելի է առանձնացնել երկրի բարձրագույն դատարանի փոխնախագահ Մելքոն Մելքոնյանին, վաստակավոր բժիշկ Հակոբ Չաքըրովին, գրողներ Սևդա Սևանին, Հակոբ Մելքոնյանին, ճարտարապետ Լևոն Ֆիլիպովին, օպերային ռեժիսոր Պողոս Աֆեյանին, թատերական ռեժիսոր Գրիգոր Ազարյանին, երգահան Հայկաշոտ Աղասյանին, 1993-ին Բուլղարիայի ազգային հեռուստատեսության գլխավոր տնօրեն նշանակված Խաչո Բոյաջիևին, դաշնակահարուհի Ջուլիա Գանևային, օպերային երգչուհի Մարի Գրիգորյանին, օլիմպիական չեմպիոն, ծանրորդ Նորայր Նուրիկյանին և այլոց14։
Կոլեկտիվ մակարդակով հայ համայնքի հաջողությունները երևում են համայնքի կողմից հասարակական-քաղաքական բնույթի որոշակի խնդիրներ լուծելու կարողության մեջ։ Մասնավորապես, Բուլղարիայի մի շարք քաղաքների (Սոֆիա, Վառնա, Բուրգաս և այլն) քաղաքային խորհուրդների և Բուլղարիայի Ուղղափառ եկեղեցու Սինոդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, կարծում ենք, չէր կարող տեղի ունենալ նաև առանց հայ համայնքի լոբբիստական ջանքերի։
2. Հոգատար վերաբերմունքը հայերի ունեցվածքի և պատմամշակութային ժառանգության նկատմամբ։ Բուլղարական իշխանությունների կողմից հայերի պատմամշակութային ժառանգության և ունեցվածքի նկատմամբ հոգատար վերաբերմունքի վկայությունն են այն քայլերը, որոնք ձեռնարկում է այդ երկրի մշակույթի նախարարությունը 2009թ. Բուլղարիայում հայտնաբերված 17-րդ դարի հայկական եկեղեցին պետական պատմամշակութային արժեք ճանաչելու ուղղությամբ15։
3. Բուլղարական իշխանությունների և հասարակության աջակցությունն ու մասնակցությանը հայ համայնքի միջոցառումներին։ Այս առումով կարելի է վկայակոչել Հայաստանում քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյակի տոնակատարությունները Բուլղարիայում (2001թ.) և այս տարի (2011թ.) Վառնա քաղաքում Զորավար Անդրանիկի հրապարակի բացումը։ Քրիստոնեության 1700-ամյակի տոնակատարությունները պատշաճ մակարդակով անցկացնելու համար Բուլղարիայի փոխնախագահ Թոդոր Կավալջիևի հովանավորությամբ ստեղծվեց պետական հանձնաժողով, որում ընդգրկված էին ինչպես հայ համայնքի ներկայացուցիչները, այնպես էլ բուլղարացի գործիչներ16։ Ինչ վերաբերում է 2011թ. հուլիսին Վառնայում Զորավար Անդրանիկի հրապարակի բացմանը և հուշարձանի տեղադրմանը, ապա այդ միջոցառումը նույնպես տեղի է ունեցել Վառնայի քաղաքային իշխանությունների հովանավորությամբ և մասնակցությամբ։
Մեր կարծիքով՝ հայ համայնքի ինտեգրման բարձր աստիճանը ինչպես պատմության ընթացքում, այնպես էլ ներկայումս պայմանավորված է հայ և բուլղար ժողովուրդների և, մասնավորապես՝ բուլղարական հասարակության ու տեղի հայ համայնքի՝ միմյանց նկատմամբ «բացությամբ», որի հիմքում ընկած են պատմական անցյալի (և՛ հայերը, և՛ բուլղարները եղել են Օսմանյան կայսրության տիրապետության տակ ու ազատագրական պայքար մղել վերջինիս դեմ), քրիստոնեական հավատի, մշակութային և այլ ընդհանրություններ։
1 http://www.nsi.bg/Census/Ethnos.htm
2 Հայ սփյուռք հանրագիտարան, Երևան, 2003թ., էջ 124, Մ.Մալխասյան, Հայերն աշխարհում, Երևան, 2007թ., էջ 22։
3 Հայ սփյուռք հանրագիտարան, էջ 128, Մ.Մալխասյան, նշվ. աշխ., էջ 90։
4 http://www.nsi.bg/Census/Ethnos.htm; Մ.Մալխասյան, նշվ. աշխ., էջ 22, Հայ սփյուռք հանրագիտարան, էջ 128-130։
5 Հայ սփյուռք հանրագիտարան, էջ 134։
6 Մ.Մալխասյան, նշվ. աշխ., էջ 90։
7 http://armenians.orionbg.net/en/index.php
8 Նույն տեղում։
9 Նույն տեղում։
10 Նույն տեղում։
11 Բուլղարիայում բացվել է Յուլյան Անգելովի «Հայերի առօրյան և տոները» լուսանկարչական ցուցահանդեսը, http://news.am/arm/news/37182.html
12 Բուլղարիայում տեղի է ունեցել հայկական գրքերի շնորհանդես, http://www.armar.am/?p=58011
13 Բուլղարիայի Եկեղեցական Սինոդն առաջին անգամ ցեղասպանություն անվանեց 1915 թվականի իրադարձությունները, http://www.panarmenian.net/arm/world/news/24214/
14 Հայերը Բուլղարիայում, http://www.hayernaysor.am/newsday.php?p=0&c=0&t=0&r=0&year=2009&month=07&day=22&shownews=2333&LangID=4
15 Բուլղարիայում 17-րդ դարի հայկական եկեղեցի է հայտնաբերվել, «Ազգ», № 234, 22.12.2009։
16 Տե՛ս http://armenians.orionbg.net/en/index.php
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ[18.12.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԼՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ[03.12.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ[06.11.2018]
- ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՇՈՒՐՋ[26.10.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱ ԴՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[25.09.2018]
- ՍԻՐԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ[12.09.2018]
- ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՀՈՒՆԱԿԱՆ ՓՈՐՁ[03.08.2018]
- ԱՄՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ[16.07.2018]
- ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՍՓՅՈՒՌՔ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԻՑ[19.06.2018]
- ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[06.06.2018]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԿՈՒ ԳՈՐԾՈՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ[27.04.2018]