• am
  • ru
  • en
Версия для печати
14.10.2011

ԱՄԱՌՆ ԱՌԱՆՑ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ

   

Ֆեոդոր Լուկյանով

«Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր

Սովորաբար, համաշխարհային քաղաքականության մեջ սեպտեմբերը նշանավորում է նոր շրջանի սկիզբ` ամառային կարճատև հանգստից հետո, սակայն այս տարի դադար տեղի չունեցավ: 2011-ի ամռան իրադարձությունները բոլորին պահեցին արտակարգ լարվածության մեջ. լիբիական պատերազմը, ֆինանսական կատակլիզմները Եվրոպայում և Ամերիկայի պարտքի հետ կապված խնդիրները, որոնք վերաճեցին սուր քաղաքական դիմակայության: Այս բոլորը փոփոխվող իրականության փոխկապակցված դրսևորումներ են, որոնց հետևում կանխատեսվում է նոր պատկեր:

Մուամար Քադաֆիի վարչակարգի տապալման կամպանիան ՆԱՏՕ երկրների նախորդ ռազմական գործողություններից ուներ մի շարք տարբերություններ: Նախևառաջ` դա Միացյալ Նահանգների մի կողմ քաշվելու դիրքորոշումն էր, որը մենակատարի դերը հանձնեց Ֆրանսիային ու Մեծ Բրիտանիային: Լիովին հեռանալ Վաշինգտոնին չհաջողվեց, որովհետև դաշնակիցների ռազմական հնարավորությունները սահմանափակ են, սակայն ԱՄՆ-ն իր մասնակցությունը հասցրեց նվազագույնի: Նման մոտեցումն արտացոլում է ամերիկյան քաղաքական վերնախավում առաջնայնությունների վերիմաստավորումը:

Առաջիկա տարիների խնդիրն է ծախսերի կրճատումը և ավելորդ պարտավորություններից թոթափվելը: Ուշադրությունը տեղափոխվում է դեպի Արևելյան Ասիա և Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան: ԱՄՆ-ը շահագրգռված է, որպեսզի` պահպանելով ազդեցությունը, նվազեցնի ներգրավվածության ծավալը Մերձավոր Արևելքում, որից ամերիկյան ժողովուրդը հոգնել է: Միաժամանակ, առկա է խնդիր, թե ինչ անել մերձավորագույն դաշնակցի` Եվրոպայի հետ, որին չի կարելի վանել, բայց հասկանալի չէ, թե ինչպես օգտագործել, քանզի այն չի ցանկանում ռազմաքաղաքական բեռի մի մասը վերցնել իր վրա:

Լիբիական կամպանիան հնարավորություն ընձեռեց համատեղել այդ երկու խնդիրների լուծումը: Լիբիան Ֆրանսիայի և Իտալիայի բենզակայանն է, ինչպես նաև Աֆրիկայից այդ երկրներ անօրինական գաղթյալների ճանապարհին զտիչ երկիր: Եվրամիության թուլացման ֆոնին Փարիզի ու Լոնդոնի` որպես միջազգային կարգի խաղացողներ հանդես գալու ցանկությունը հանգեցրեց նրան, որ Եվրոպայի առանցքային երկրները կամավոր նետվեցին լիբիական ճակատ: Այլ բառերով` իրենց վրա վերցրին տարածաշրջանային կարգավորողների գործառույթը, ինչը համապատասխանում է ԱՄՆ նպատակներին` աշխարհի տարբեր մասերում գտնել լոյալ գործընկերներ, որոնք կկարողանան Ամերիկայի փոխարեն աշխատանք կատարել:

Թե որքան արդյունավետ է ֆրանկո-բրիտանական տանդեմն այս գործառույթն իրագործել` վիճելի հարց է: Սակայն Վաշինգտոնը բարձրաձայն կհիանա ձեռքբերումով` գովաբանելով դաշնակիցների մարտունակությունը, քանզի Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է եվրոպացիների մեջ պահպանել ռազմատենչությունը` ուղղված դեպի «հարավային փորատակ»:

ԱՄՆ երկրորդ տարածաշրջանային հենարանը դառնալու են Պարսից ծոցի միապետությունները: Նախ` «արաբական գարնան» ժամանակ նրանք կանգուն մնացին, երկրորդ` հանուն սեփական շահերի պաշտպանության ցուցադրեցին միջամտության ընդունակություն: Սաուդյան Արաբիան ճնշեց բողոքները Բահրեյնում, իսկ Քաթարը և Արաբական Միացյալ Էմիրությունները մասնակցեցին լիբիական պատերազմին, ինչն օգնեց Արևմուտքին ապահովել իրեն գաղութային արշավանքի մեջ մեղադրանքից: Պարսից ծոցի պետությունների խորհուրդը` որպես առավել պահպանողական վարչակարգերի միություն, առայժմ կատակլիզմներից շահած է դուրս եկել:

Եվրոպայում սպասվում են փոփոխություններ: 2011թ. գարնանը տեղի ունեցավ նշանակալի իրադարձություն. Ֆրանսիան ու Գերմանիան` եվրոպական ինտեգրման երկու հենարանները, հայտնվեցին լիբիական բարիկադների տարբեր կողմերում: Անկախ շարժառիթներից, որոնցից ելնելով Բեռլինը չսատարեց Փարիզի կողմից նախաձեռնված պատերազմին, հետևանքները մասշտաբային են:

«Լիբիայի ազատարարի» դափնիներից ոգևորված` Ֆրանսիան մտադիր է զարգացնել հաջողությունը և զբաղեցնել Եվրոպայի միանձնյա քաղաքական առաջատարի տեղը: Սակայն Հին աշխարհի տնտեսական հիմքը հանդիսանում է Գերմանիան, որը սեղմված է աքցանի մեջ:

Եվրոպայում բոլորը Բեռլինից պահանջում են եվրոյի փրկությանն ուղղված ակտիվ դիրքորոշում. ընդ որում, մեծ կասկածանքով են արձագանքում նման դիրք զբաղեցնելու նրա ցանկացած հավակնություններին: Նույն Գերմանիայում աճում է հանուն եվրոպական արժույթի նոր զոհողությունների գնալու հանդեպ դիմադրությունը:

Ֆրանսիայից սահմանազատման անսովոր իրավիճակը և դրա հետ կապված ներգերմանական քաղաքական լարվածությունը խորացնում են խառնաշփոթը: Այդ ֆոնին փոխվում է բանավեճերի տոնայնությունը: Մինչև վերջերս եվրոյից հրաժարվելու հարցի քննարկումը Եվրոպայում գրեթե ամենուրեք տաբու էր. այդ թեմայով դատողություններ անել իրենց թույլ էին տալիս միայն անգլոսաքսոնական լրատվամիջոցներն ու փորձագետները: Առավելագույնը, որ թույլատրվում էր աշխարհամասային բանավեճերում, դա զգուշավոր ենթադրությունն էր, թե առողջ միջուկի պահպանման համար կարող է պետք լինի եվրագոտուց ամենախնդրահարույց երկրների հեռացումը:

Վերջերս Financial Times-ում հայտնվեց Գերմանիայի արդյունաբերողների ֆեդերացիայի նախկին ղեկավար Հանս-Օլաֆ Հենկելի մեկնաբանությունը. եվրոյից պետք է հրաժարվի հենց «առողջ միջուկը»: Գերմանիան, Ավստրիան, Նիդեռլանդները և Ֆինլանդիան ստեղծելու են նոր արժույթ` եվրոն թողնելով հարավեվրոպացիների տնօրինությանը, որոնք կարող են արժեզրկել այն և դրանով բարձրացնել սեփական մրցունակությունը:

Շշմեցուցիչը, նախևառաջ, այն է, որ հեղինակը միջուկի մեջ չի ընդգրկել Ֆրանսիան: Հասկանալի է, որ պաշտոնաթող արդյունաբերական լոբբիստն իրեն կարող է սադրիչ մտքեր թույլատրել: Սակայն գերմանական կառավարությունը միշտ ուշադրության է առնում խոշոր բիզնեսի կարծիքը և հաճախ ղեկավարվում հենց դրանով: Եթե ներկայիս միտումները շարունակվեն, Ֆրանսիայի քաղաքական հավակնություններն ու Գերմանիայի տնտեսական շահերը կարող են կորցնել փոխկապակցվածությունը: Դա կնշանակի ինտեգրման մոդելի վախճան, որը գոյություն ունի անցած դարի կեսերից:

Միացյալ Նահանգները համեմատաբար անտարբեր է ընդունում եվրոպական ինտեգրումը: Քանի դեռ միասնական նախագիծը ծառայել է Հին աշխարհի պայթյունավտանգ պատմական տարաձայնությունների մեղմացմանը և դրանով թեթևացրել Ամերիկայի խնդիրը, Վաշինգտոնը դրան դրականորեն է վերաբերվել: Ներկայում ամերիկացիների համար իմաստ չունի ջանքեր գործադրել եվրոյի պահպանման համար, որը ստեղծվեց Եվրոպայի հավակնությունների գագաթնակետին` որպես այլընտրանք Ամերիկայի ֆինանսական և քաղաքական գերիշխանությանը: Ընդհակառակը, Միացյալ Նահանգներին այժմ անհրաժեշտ է համոզել աշխարհին, որ դոլարին, նրա խոշոր ծանրագույն խնդիրներով հանդերձ, փոխարինող չկա:

Չինաստանի` կողմնակի խաղացողներից ամենաազդեցիկի պահվածքը ցույց է տալիս, որ այն եվրոպական արժույթի և միասնական նախագծի հեռանկարին չի հավատում: Անցյալ ամռանը Չինաստանը լուռ վրդովմունք էր ապրում` տեսնելով, թե ինչպես ամերիկացի քաղաքական գործիչներն իրենց ձեռքերով խարխլում են սեփական ֆինանսական կայունությունը, որը նրանց համար Չինաստանը պատրաստ էր պահպանել: Արևմտյան վերնախավերի նկատմամբ չինական ղեկավարության անվստահության աստիճանը սրընթաց աճում է: Ղեկավարների հաջորդ սերնդին, որը 2012թ. աշնանը կուսակցության հերթական համագումարից հետո կգա իշխանության, հարկ կլինի որոշում կայացնել. ի՞նչ անել տնտեսական մոդելի հետ, որը հիմնված է գլոբալ տնտեսական փոխադարձ կապերում ՉԺՀ-ի առավելագույն մասնակցության վրա: Եթե որոշումը լինի աստիճանական «անջատման» օգտին, ապա այն արմատապես կազդի աշխարհի տնտեսական զարգացման ընթացքի վրա:

Այժմ, սակայն, Պեկինը սատարում է ամերիկյան տնտեսությանն ու դոլարին, որը, չինական հաշվարկներով, ինչ-որ ձևով կպահպանվի: Եվրոյի վերաբերյալ կանխատեսումները հակառակն են, և Չինաստանը ջանում է Եվրոպայում ձեռք բերել նյութական ակտիվներ` ձեռնարկություններից մինչև հողատարածքներ: Եվրոպական տնտեսական ճգնաժամը կարող է խախտել արժութա-ֆինանսական համակարգը, բայց արտադրական հզորությունները չեն կորչի, իսկ Հին աշխարհում ներդրումների իրավական պաշտպանվածությունն անհամեմատ մեծ է, քան Աֆրիկայում կամ Մերձավոր Արևելքում, որտեղ Չինաստանը նույնպես ամեն ինչ գնում է:

Վերջապես ամռան ևս մեկ ուշագրավ արդյունք:

Տեղի ունեցավ լիբիական վարչակարգի ակտիվների (ոչ միայն Քադաֆիի ընտանիքի մասնավոր պահուստների, այլև Լիբիայի կենտրոնական բանկի) մասշտաբային սեփականազրկում և, ինքնակամ քաղաքական որոշման հիման վրա` դրանց փոխանցում նրա քաղաքական հակառակորդներին:

Առաջատար երկրները պարզապես սկսեցին ապստամբներին դիտել որպես օրինական իշխանություն` անորոշ հիմքով նրանց օժտելով միջազգային օրինականությամբ: Ուգո Չավեսի հայտարարությունը, թե ինքը մտադիր է Վենեսուելայի ֆինանսական ակտիվները հանել եվրոպական բանկերից և տեղավորել այլ երկրներում, այդ թվում Ռուսաստանում` դրա անմիջական հակադարձումն էր: Չավեսին, անշուշտ, կարելի է էքսցենտրիկ անձնավորություն համարել, սակայն Լիբիայի նկատմամբ տեղի ունեցած նախադեպը կավելացնի նրանց փաստարկները, ովքեր ձգտում են հասնել համաշխարհային ֆինանսական համակարգի դիվերսիֆիկացման և հեռանալ նրա արևմտակենտրոնությունից:

Gazeta.ru, 01.09.2011
«Գլոբուս Էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն», թիվ 5, 2011

դեպի ետ