• am
  • ru
  • en
Версия для печати
10.10.2011

ԹՈՒՐՔԻԱՆ ԱՄՆ ՀՀՊ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ. ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

EnglishРуский

   

Սերգեյ Սարգսյան

«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ

Սեպտեմբերի 13-ին Ռումինիան, իսկ 14-ին՝ Թուրքիան ԱՄՆ-ի հետ հուշագիր ստորագրեցին Ռումինիայի ՌՕՈւ Դևեսելուի նախկին ռազմակայանում ՀՀՊ համակարգի SM-3 (Standard Missile-3) հակահրթիռների, իսկ թուրքական տարածքում՝ ռադիոլոկացիոն AN/TPY-2 (հին անվանումը՝ FBR-T - Forward Based Radar -Transportable) համակարգի տեղակայման մասին, որը նախատեսված է բալիստիկ հրթիռներն իրենց ակտիվ թռիչքի գոտում հայտնաբերելու, ճանաչելու և ուղեկցելու համար։ Այդ տվյալներն այն հաղորդելու է ԱՄՆ ՌԾՈւ նավերին, որոնք զինված են «Aegis» ՀՀՊ համակարգով, որն էլ «որսալու» է բալիստիկ հրթիռները։ Այս ռադարի (թիրախի հայտնաբերման հնարավորությունը՝ մինչև 2000 կմ) հիմնական խնդիրներից մեկը, ռուս փորձագետների կարծիքով, լինելու է նաև Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի տարածքի մի մասի, ինչպես նաև Ռուսաստանի հարավի օդային տարածքի վերահսկողությունը և, մասնավորապես, փորձադաշտերից ռուսական հրթիռների փորձարարական թռիչքներին հետևելը1։

Բացի այդ, սեպտեմբերի 15-ին ուժի մեջ մտավ դեռ 2008թ. օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված Բազային պայմանագիրը Լեհաստանում ԱՄՆ ՀՀՊ օբյեկտների տեղակայման մասին և դրա՝ 2010թ. արված լրացումը՝ այդ երկրի տարածքում SM-3 (Standard Missile-3) հրթիռների տեղակայման մասին։

Սա ոչ միայն վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի ընթացիկ փուլը ձախողվել է, այլև զգալի ճշգրտումներ է մտցնում Մերձավոր Արևելքի, Մերձսևծովյան-Կասպյան և Արևելաեվրոպական տարածաշրջանների ռազմաքաղաքական իրավիճակում։

Ավելին, քանի որ ռադարի տեղակայումը Թուրքիայում և ՀՀՊ համակարգի հակահրթիռների ռազմակայանի տեղակայումը Ռումինիայում Եվրոպայում ՀՀՊ ծավալման Ադապտացված պլանի (հաստատված 2009թ. ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից) իրականացման առաջին փուլն են, դա մեծ հավանականությամբ ակտիվացնում է սպառազինությունների վերահսկման ոլորտում երկկողմ և բազմակողմ պայմանագրերի գործող համակարգի հետագա, էլ ավելի մասշտաբային և խոր վերանայման գործընթացները։

Այդ համակարգը ձևավորվել է անցյալ դարի 70-90-ական թթ. երկու գաղափարախոսությունների անհաշտ դիմակայության պայմաններում, որի ազդեցության տակ աշխարհի բոլոր պետություններն այս կամ այն չափով հարմարեցված էին ազդեցության ոլորտների բաժանման երկբևեռ մոդելին։ Այդ դիմակայության վերացմամբ, երբ երկրագնդի վրա մնաց միայն մեկ գերտերություն, այդ պայմանագրերի մի մասը համապատասխանեցվեց աշխարհաքաղաքական նոր իրողություններին։ Սակայն հետագայում, համաշխարհային նոր առաջատար դերակատարների ի հայտ գալու, տարածաշրջանային տերությունների հզորացման, բազմաբևեռ համակարգի աստիճանական ձևավորման գործընթացում նոր գլոբալ մարտահրավերները և ուժերի հավասարակշռության արմատական փոփոխությունը վաղ թե ուշ պետք է հանգեցնեին սպառազինությունների ոլորտում հիմնարար պայմանագրերի մասշտաբային վերանայման անհրաժեշտության գիտակցմանը։

Երկկողմ և միջազգային հիմնական պայմանագրերը, որոնք կարգավորում են պետությունների փոխհարաբերությունները սպառազինությունների վերահսկման բնագավառում և կոչված են աջակցելու դրանց մասնակիցների համար ընդունելի ուժերի հավասարակշռությանը, հետևյալն են.

  • Հակահրթիռային պաշտպանության վերաբերյալ պայմանագիրը, 1972թ.
  • Միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագիրը, 1987թ.
  • Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը, 1990թ., ադապտացված տարբերակը՝ 1999թ.
  • Հարձակողական սպառազինությունների կրճատման մասին պայմանագիրը (ՀՍԿ-1), 1991թ.
  • Հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման մասին պայմանագիրը (ՀՍԿ-2), 1993թ.
  • Ռազմավարական հարձակողական պոտենցիալների կրճատման մասին պայմանագիրը, 2002թ.
  • Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը (ՀՍԿ-3), որն ուժի մեջ է մտել 2011թ. փետրվարի 5-ին։

Այս պայմանագրերի փոխլրացման և փոխկապվածության բարձր աստիճանը փաստորեն նշանակում է, որ դրանցից մեկի չեղյալացումը ստեղծում է մի իրավիճակ, որում ուժերի առկա հավասարակշռությունը պահելու համար անհրաժեշտ է, առնվազն, մյուս պայմանագրերի դրույթների փոփոխություն, ավելի շուտ՝ դրանց փոխարինում և չեղյալացում։

Սպառազինությունների վերահսկողության ոլորտի պայմանագրերի արդի համակարգում անհավասարակշռությունն սկսվեց այն բանից հետո, երբ 2001թ. դեկտեմբերին Միացյալ Նահանգները դուրս եկավ ՀՀՊ պայմանագրից։ Դա բավական հանգիստ ընդունվեց Ռուսաստանում, բայց Մոսկվան բուռն և կոշտ արձագանքեց Եվրոպայում ՀՀՊ-ի ծավալման ուղղությամբ Վաշինգտոնի ձեռնարկած արդեն կոնկրետ քայլերին՝ սկսած Չեխիայում ռադիոլոկացիոն կայան և Լեհաստանում 10 հակահրթիռների տեղակայման պլաններից։

Սակայն նման արձագանքը, մեր կարծիքով, պատահական չէ, այն լավ հաշվարկված է, պայմանավորված մի շարք օբյեկտիվ պատճառներով և այն փոփոխությունների հետևանքն է, որոնք տեղի են ունեցել թե՛ Ռուսաստանում, թե՛ ողջ աշխարհում։

Իհարկե, Մոսկվայի վստահությունը սեփական ուժերին պայմանավորված է երկրի բուռն տնտեսական զարգացմամբ, որն իր հերթին էներգակիրների համաշխարհային գների աճի հետևանքն է։ Բայց այն առաջին հերթին հնարավոր է դարձել Ռուսաստանում նոր՝ գործունակ և ակտիվ ղեկավարության իշխանության գալով։

Ռազմաքաղաքական ոլորտում ռուս-ամերիկյան նոր հարաբերությունների ձևավորման մեջ էական դեր են խաղացել նաև այնպիսի գործոններ, ինչպիսիք են Չինաստանի տնտեսական, քաղաքական և ռազմական պոտենցիալը, ԱՄՆ և նրա դաշնակիցների ռազմական գործողությունների զարգացման բնույթը Աֆղանստանում և Իրաքում։

Այս պայմաններում Չեխիայում ՀՀՊ ռադարի և Լեհաստանում 10 հակահրթիռների տեղակայման ԱՄՆ պլանները, որոնք, Վաշինգտոնի պաշտոնական և ոչ անվիճելի վարկածով, կոչված էին պաշտպանելու Եվրոպան և իրեն՝ ԱՄՆ-ին Իրանի Իսլամական Հանրապետության բալիստիկ հրթիռներից2, Մոսկվային առիթ ընձեռեցին սկսելու այն պայմանագրերի կամ դրանց առանձին դրույթների վերանայման գործընթացը, որոնք, նրա կարծիքով, խտրական բնույթ են կրում, անիրավահավասար մոտեցման հետևանք են, միակողմանի խախտվելու կամ ընդլայնված մեկնաբանության հնարավորություն ունեն և կնքվել են Ռուսաստանի գորբաչով-ելցինյան թուլության շրջանում։

Դա առաջին հերթին առնչվեց Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրին, որի գործողությունը Ռուսաստանը դադարեցրեց 2007թ. հուլիսին։ Ներկայում հիմնական հակասությունները, հատկապես Ռազմավարական հարձակողական սպառազինությունների նոր պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո, կենտրոնացած են ՀՀՊ հիմնախնդրին կողմերի մոտեցումների շուրջ։

ՀՀՊ պայմանագրի հիմնական գաղափարն այն էր, որ, բաց մնալով հակառակորդի պատասխան հարվածի համար3, կողմերը հասկանային միջուկային պոտենցիալների մեծացման անհեռանկարայնությունը փոխադարձ վնասի՝ իրենց համար անընդունելի մակարդակի պատճառով4։

Միևնույն ժամանակ, եթե կողմերից մեկն ազգային ՀՀՊ արդյունավետ համակարգ է կառուցում, դա կարող է նրան վստահություն հաղորդել, թե ինքն անպատժելի է և հանգեցնել առաջին զինաթափիչ հարվածը հասցնելու գայթակղության։ Ուստի, թեև թվում է, թե հակահրթիռային վահանը բացառապես պաշտպանական բնույթ ունի, դրա առկայությունն էապես փոխում է ուժերի հավասարակշռությունը և ի վիճակի է միջուկային պատերազմ հրահրել։

Գլոբալ ՀՀՊ-ն, որն ԱՄՆ-ը պլանավորում է ստեղծել, այժմ արդեն կարելի է բնութագրել որպես ինտեգրացված բարձրտեխնոլոգիական համակարգ՝ զենքի տարբեր համակարգերի և թիրախների ոչնչացման սկզբունքների համալիր կիրառմամբ։ Հեռանկարում ԱՄՆ ՀՀՊ համակարգի կազմում պետք է մտնեն բաղադրիչներ, որոնք թույլ կտան նրան պայքարել հավանական թշնամու բալիստիկ հրթիռների դեմ թռիչքի հետագծի բոլոր հատվածներում։

Դեռ 1996թ. ազգային ՀՀՊ ստեղծելու ԱՄՆ ծրագիրը (National Missile Defense, NMD) «տեխնոլոգիայի մշակման» կարգավիճակից բարձրացվեց «զենքի համակարգի ստեղծման պատրաստության» աստիճանի, իսկ 1999թ. ամերիկյան Կոնգրեսի կողմից «Ազգային հակահրթիռային պաշտպանության մասին փաստաթղթի» ընդունումից հետո աշխատանքներն այս ուղղությամբ խիստ ակտիվացան։

Այսօրվա դրությամբ արտադրական և փորձարարական-մարտական պատրաստվածության առավելագույն աստիճան ունեն միջին և վերջնական հատվածների համակարգերը։

ԱՄՆ նախագահ Ջ.Բուշի վարչակազմը ԱՄՆ ՀՀՊ եվրոպական ծավալման սկիզբը համարում էր ցամաքային բազավորման եռաստիճան կոշտվառելիքային հակահրթիռների՝ GBI (Ground Based Interceptor) տեղակայումը Լեհաստանում և իմպուլսային XBR (X-Band Radar) ռադիոլոկացիոն կայանի տեղակայումը Չեխիայում, որի խնդիրն էր թիրախը հայտնաբերելը, ուղեկցելը և նրա վրա հակահրթիռ ուղղելը։

Սակայն Բարաք Օբամայի իշխանության գալով այս պլանները, առաջին հերթին ժամկետների առումով, վերանայվեցին։ Մասնավորապես, դա պայմանավորված էր նաև նրանով, որ այստեղ չէին ցանկանում սրել հարաբերությունները Մոսկվայի հետ, որը որպես պատասխան միջոց հնարավոր էր համարել Վաշինգտոնի համար նշանակալի մի շարք ծրագրերի շուրջ համագործակցությունից հրաժարումը, մասնավորապես՝ Ռուսաստանի տարածքով Աֆղանստանում կոալիցիոն ուժերի մատակարարումը կազմակերպելու գծով։ Բայց գլխավորն այն էր, որ Մոսկվան սկսեց լրջորեն մտածել ՌԴ Կալինինգրադի մարզում օպերատիվ-տակտիկական «Իսկանդեր-М» համալիրներ տեղակայելու մասին, որոնց խոցման գոտու մեջ կհայտնվեր ՀՀՊ հակահրթիռների բազան Լեհաստանում։ Ընդհանուր առմամբ, Չեխիայի և Լեհաստանի վերաբերյալ պլանների վերանայումը Վաշինգտոնի կողմից կարելի է գնահատել որպես Մոսկվայի մարտավարական հաջողություն հակահրթիռային պաշտպանության վերաբերյալ բանակցություններում։

Որպես հետևանք՝ ԱՄՆ-ը ընդունեց Եվրոպայում ՀՀՊ ծավալման նոր պլան։ Այն կազմված է չորս փուլից.

1. Մինչև 2012թ..

  • ԱՄՆ ՌԾՈւ երեք նավերի մշտական մարտական հերթապահության կազմակերպում, որոնք զինված կլինեն «Aegis» ՀՀՊ համակարգով՝ SM-3 Block IA հակահրթիռներով, որոնք ի զորու են ոչնչացնել օպերատիվ-տակտիկական հրթիռներ մինչև 140 կմ բարձրությամբ և 800 կմ հեռավորությամբ,
  • շարժական ՌԼԿ AN/TPY-2-ի տեղակայում։

2. 2015 թվականից սկսած.

  • ՀՀՊ «Aegis» համակարգի վերազինում ավելի արդյունավետ SM-3 հակահրթիռների Block IB մոդիֆիկացիայով, ինչը թույլ կտա որսալ գործողության միջին շառավղով հրթիռները,
  • ծովային բազավորման «Aegis» ՀՀՊ համակարգի ցամաքային անալոգների տեղակայում,
  • SM-3 հակահրթիռների ընդհանուր քանակը հասցնել 249-ի։

3. Մինչև 2018թ.

  • ՀՀՊ հայտնաբերման և թիրախի նշման համակարգի կատարելագործում,
  • SM-3 հրթիռի հետագա մոդիֆիկացումը մինչև Block IIA։

4. Մինչև 2020թ.

  • «Aegis» ՀՀՊ համակարգի զինում SM-3 Block IIB հրթիռներով, որոնք ի զորու են որսալ միջաշխարհամասային բալիստիկ հրթիռներ։

Անհրաժեշտ է նշել, որ Ռուսաստանին մտահոգում է ոչ այնքան ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության 3-րդ պոզիցիոն շրջանը, որքան Վաշինգտոնի կողմից ողջ ՀՀՊ համակարգի կատարելագործումը, որն աստիճանաբար գլոբալ դառնալու ուրվագծեր է ստանում։ Իրավիճակի նման զարգացումից խուսափելու համար Ռուսաստանը, օգտագործելով «հնարավորությունների պատուհանը»՝ մինչև մարտական տեխնիկայի իրական ծավալումը, հանդես եկավ մի շարք առաջարկություններով, մասնավորապես, Գաբալայում ռադիոլոկացիոն կայանի համատեղ օգտագործման և ՆԱՏՕ-ի հետ միասին եվրոպական հակահրթիռային պաշտպանության (ԵվրաՀՀՊ) սեկտորալ կառուցման մասին։

Հրթիռային հարձակման նախազգուշացման համակարգի «Դարյալ» ՌԼԿ-ի (որը տեղակայված է Ադրբեջանում, Գաբալա գյուղից ոչ հեռու) համատեղ օգտագործման իր առաջարկով՝ Լեհաստանում հակահրթիռների և Չեխիայում ռադարի տեղակայման փոխարեն, Ռուսաստանը միանգամից մի քանի նպատակ էր հետապնդում։

Նախ՝ Ռուսաստանը դրանով հաստատում էր, որ պատրաստ է համագործակցել Միացյալ Նահանգների հետ, որի իրականացումն արդեն կարծես թե կազմակերպչական-տեխնիկական հարց է։

Երկրորդ՝ երկիրը համաշխարհային հանրության աչքին երևաց շահավետ լույսով, այն է՝ պատրաստ է ԱՄՆ-ին տրամադրել իր ռազմական օբյեկտը5՝ խուսափելու համար Եվրոպայում նոր ռազմակայանների տեղակայումից և, ավելի լայն իմաստով՝ սպառազինությունների նոր մրցավազքից։

Երրորդ՝ լայն բանավեճի ճանապարհ բացեց ԱՄՆ ՀՀՊ եվրոպական բաղադրիչի ապագայի տակտիկատեխնիկական բնութագրերի մասին։

Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է նշել, որ Գաբալայի ՌԼԿ-ն իր տակտիկատեխնիկական բնութագրերով, ինչպես և Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի (Հյուսիսային Կովկաս) մոտ գտնվող «Վորոնեժ» ՌԼԿ-ն ոչ թե թիրախը նշող (հրթիռի վրա դուրս բերող), այլ հետևող կայան է և կարող էր օգտագործվել միայն որպես Չեխիայի ՌԼԿ-ի լրացում, այլ ոչ թե դրա փոխարեն։ Գաբալայի ՌԼԿ-ն ավելի շատ կարող է լինել ՀՀՊ AN/TPY-2 համակարգի ռադարի հնարավոր այլընտրանքը, որը Միացյալ Նահանգները ծրագրում է տեղակայել Թուրքիայում և ինտեգրել ՀՀՊ ընդհանուր համակարգում արդեն 2011թ. դեկտեմբերի կեսին (թեստային ռեժիմով)։

Այն դեպքում, եթե ԱՄՆ-ը համաձայներ, այդ ՌԼԿ-ի համատեղ օգտագործման հեռանկարը Ռուսաստանին թույլ կտար ինտենսիֆիկացնել Գաբալայի ՌԼԿ-ի օգտագործումը, ինչն այժմ տեղի է ունենում որոշակի սահմանափակումներով՝ Բաքվի դիրքորոշման պատճառով, այդ թվում նաև դրա էկոլոգիական անվտանգության շուրջ առկա կասկածների պատրվակով։ Դրա հետ մեկտեղ կհաներ նաև Ադրբեջանից դրա վարձակալումը երկարացնելու հարցը, որի ժամկետը լրանում է 2012թ.։ Չնայած արդեն 2009թ. մարտական հերթապահության է դուրս եկել Գաբալայի այլընտրանք Արմավիրի ՌԼԿ-ն, Ռուսաստանը, ելնելով ոչ միայն զուտ ռազմատեխնիկական ասպեկտներից, այլ նաև ռազմաքաղաքական նկատառումներից, չափազանց հետաքրքրված է Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցությամբ։

Իսկ այն դեպքում, եթե ԱՄՆ-ը հրաժարվի (ինչը և փաստորեն հաստատեց Թուրքիայի հետ համաձայնագրի ստորագրումը), Իրանի սահմանին մոտ ՌԼԿ-ի տեղակայումն ավտոմատ կերպով հանգեցնում է Թեհրանի և Անկարայի հարաբերությունների սրման, ինչն անպայման կօգտագործվի Մոսկվայի կողմից՝ հօգուտ իր շահերի։

Սակայն պետք է նշել, որ բացի զուտ տեխնիկական հարցերից (ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի առկա ՌԼԿ համակարգի հետ Գաբալայի ՌԼԿ-ի համատեղելիության վերաբերյալ), ՌԴ մասնակցությունը ԱՄՆ ՀՀՊ համակարգում Վաշինգտոնի համար անընդունելի է նաև կազմակերպական առումով։ ՌԴ արտգործնախարար Ս.Լավրովի խոսքերով՝ «ՆԱՏՕ գծով մեր գործընկերներն ասում են, թե փոխադարձ պաշտպանության պարտավորություններ ունեն, Վաշինգտոնի պայմանագրի հոդված 5-ը, և այդ պարտավորությունը չի կարող վերահանձնարարել ոչ ոքի»6։

Որպես հետևանք, Մոսկվայի առաջարկը՝ ստեղծել համատեղ ՀՀՊ համակարգ ըստ պաշտպանության որոշակի հատվածում առանձին երկրների կամ պետությունների խմբերի՝ հրթիռների հայտնաբերման և ոչնչացման պատասխանատվության որոշման տարածքային (սեկտորալ) սկզբունքի, փաստորեն մերժվեց։

Այս իրավիճակում, սիմետրիկ պատասխանին զուգահեռ, ինչպիսին է, օրինակ, Հակաօդային և հրթիռատիեզերական պաշտպանության միավորումը Օդատիեզերական պաշտպանության միասնական համակարգում, ինչը պետք է բարձրացնի դրա արդյունավետությունը, Ռուսաստանը դիտարկում է նաև ռազմատեխնիկական և կազմակերպական բնույթի մի շարք ասիմետրիկ պատասխաններ, ինչպիսիք են, օրինակ.

  • «Տոպոլ» բալիստիկ հրթիռների բոլոր տեսակների վերազինումը բազմատարր մարտագլխիկներով,
  • ՌԾՈւ վերազինման ծրագրի ընդլայնումը արդիական ատոմային սուզանավերով՝ զինված բալիստիկ հրթիռներով,
  • ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի մանևրայնության և կենսունակության բարձրացումը,
  • ՀՀՊ նոր բալիստիկ և թևավոր հրթիռների մշակումը և արդեն եղածների կատարելագործումը,
  • անհրաժեշտության դեպքում Թուրքիայում և Եվրոպայում ԱՄՆ ՀՀՊ նոր կայանների ճնշման/ոչնչացման միջոցառումների մշակումը։

Պատասխանի տարբերակներից մեկն էլ այն է, որ ՌԴ-ն դուրս գա Միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրից (որի համաձայն՝ ԱՄՆ-ը և Ռուսաստանը ժամանակին վերացրին այնպիսի սպառազինություններ, որոնք ի վիճակի էին կրել միջուկային մարտալիցքեր)՝ հրթիռների հետագա օպերատիվ վերացմամբ։

Նման սցենարով էր զարգանում հրթիռային դիմակայությունը 70-80-ական թթ. վերջերին, երբ ի պատասխան այն բանի, որ ԽՍՀՄ-ը հրթիռներ տեղակայեց Եվրոպայում, ԱՄՆ-ը 572 միջին հեռահարության «Փերշինգ-2» հրթիռներ տեղակայեց։ Սակայն եթե այն ժամանակ ԽՍՀՄ-ը և Վարշավայի պայմանագրի կազմակերպության գծով նրա դաշնակիցները զրահատեխնիկայի, ավիացիայի և հրետանային համակարգերի՝ ՆԱՏՕ-ի հետ համադրելի պոտենցիալ ունեին, ապա ներկայում քանակային առումով ավելի քան 3 անգամ հետ մնալը թույլ չի տալիս Ռուսաստանին, նաև տնտեսապես, սիմետրիկ պատասխան տալ։

Ռուսաստանի՝ Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրից դուրս գալու ևս մեկ փաստարկ է այն, որ շատ պետություններ՝ նրա հարևանները, արդեն ունեն նման հրթիռներ և շարունակում են ակտիվորեն ավելացնել և քանակապես զարգացնել իրենց ունեցած պոտենցիալը։

Այս իրավիճակում միջին և փոքր հեռահարության հրթիռների ծավալումը, ռուսաստանյան մի շարք փորձագետների կարծիքով, կարող է զսպիչ գործոն հանդիսանալ ոչմիջուկային կամ սահմանափակ միջուկային հակամարտությունների ծագման դեպքում, ընդ որում՝ ինչպես եվրոպական, այնպես էլ հեռավորարևելյան ռազմական թատերաբեմում։

Եվ այսպես.

  1. Աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխությունները հանգեցրին այն բանին, որ և՛ ԱՄՆ-ը, և՛ Ռուսաստանը տարբեր պատճառներով շահագրգռված են էական ճշգրտումներ մտցնել սպառազինությունների վերահսկողության ոլորտում գործող երկկողմ և բազմակողմ պայմանագրերում։
  2. Ներկայումս ՀՀՊ տարրերի կազմը, կառուցվածքը, կառավարման և ֆինանսավորման համակարգը Եվրոպայում և Մերձավոր Արևելքում թույլ են տալիս դրանք բնութագրել ավելի շուտ որպես ԱՄՆ ՀՀՊ եվրոպական բաղադրիչ, այլ ոչ թե ՆԱՏՕ կամ ԵվրաՀՀՊ համակարգ։
  3. Ռազաքաղաքական ոլորտում փոխհարաբերությունների նոր համակարգ կառուցելիս կողմերից յուրաքանչյուրը բացառապես իր շահերը կպաշտպանի։ Սակայն պայմանագրերի նոր համակարգը պետք է հաշվի առնի ինչպես ուժերի նոր հավասարակշռությունը սպառազինությունների տարբեր տեսակների բնագավառում, այնպես էլ նոր գլոբալ և տարածաշրջանային դերակատարների ի հայտ գալը։ Տարածաշրջանային դերակատարները, որոնց ռազմական կամ տնտեսական պոտենցիալը, ինչպես նաև աշխարհագրական շահավետ դիրքն ի վիճակի են ազդեցություն գործել նոր ռազմաքաղաքական հավասարակշռության որոշ ասպեկտների վրա, արդեն այդ համակարգի կառուցման փուլում կփորձեն որոշակի քաղաքական և տնտեսական առավելություններ ստանալ, այդ թվում՝ ուժի համաշխարհային առաջատար կենտրոնների (ԱՄՆ, ԵՄ, Ռուսաստան, Չինաստան) հետ իրենց գործընկերային հարաբերությունների ինտենսիֆիկացման միջոցով։

Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունների համակարգում Բաքուն կփորձի առաջին հերթին շահել Վաշինգտոնի ոչ քննադատական վերաբերմունքը ներքաղաքական բնույթի հարցերում (իշխանությունների ավտորիտարիզմ, մարդու իրավունքների խախտումներ, ԶԼՄ-ի հանդեպ տոտալ վերահսկողություն, կոռուպցիոն սկանդալներ իշխող քաղաքական ընտրանու ներսում և այլն), աջակցությունն իր դիրքորոշումների հանդեպ՝ Ղարաբաղյան հակամարտության և երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության հետագա ինտենսիֆիկացման հարցերում։

Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների համակարգում Անկարան կփորձի աջակցություն ստանալ/ուժեղացնել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման, Իրաքի հյուսիսում խոշոր ծավալի գործողությունների անցկացման, ընդհանրապես՝ քրդական, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում իր արտաքին քաղաքական և ռազմաքաղաքական ակտիվության ինտենսիֆիկացման հարցերում։

  1. Մյուս կողմից՝ Եվրոպայում ԱՄՆ ՀՀՊ համակարգում ծովային բազավորման ՀՀՊ «Aegis» համալիրների ներառումը Սև ծովի ավազանում, ինչպես նաև միջին և փոքր հեռահարության հրթիռների հնարավոր ծավալումը Մերձսևծովյան-Կասպյան տարածաշրջանում, կբարձրացնեն Մոսկվայի և Անկարայի ուղղակի բանակցությունների նշանակալիությունը (Ռուսաստանը և Թուրքիան հանդես են գալիս միանման դիրքերից՝ Սև ծովում ոչմերձսևծովյան պետությունների նավատորմերի՝ մշտական հիմունքներով ներկայության հարցում)։
  2. Հակահրթիռների տեղակայումը Լեհաստանում, Ռուսաստանի դուրս գալը Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրից, ինչպես նաև ՌԴ ԶՈւ խմբավորման ուժեղացումը Կալինինգրադի հատուկ զինվորական շրջանում, մասնավորապես, այնտեղ «Իսկանդեր-М» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրի տեղակայումը (էլ չենք ասում փոքր և միջին հեռահարության հրթիռային համալիրների մասին, եթե Ռուսաստանը դուրս գա Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրից), լրացուցիչ կատալիզատոր կդառնան Եվրոպայի պետությունների կողմից ավելի ինքնուրույն եվրոպական պաշտպանական քաղաքականություն մշակելու համար։
  3. Եվրոպայում ԱՄՆ ՀՀՊ ռազմակայանների տեղակայմանն ի պատասխան Ռուսաստանի քայլերը կհանգեցնեն այն բանին, որ Մոսկվան գործի կդնի նաև որոշակի տնտեսական լծակներ, այդ թվում՝ էներգակիրների մատակարարումների ծավալների և արտահանման ուղղությունների հարցերի վերաբերյալ, համենայնդեպս՝ Լեհաստանի և Ռումինիայի հանդեպ (հնարավորինս չխախտելով գործող միջազգային պայմանագրերն այս ոլորտում)։ Դա կհանգեցնի այն բանին, որ թե՛ Լեհաստանի և թե՛ ընդհանրապես Եվրոպայի համար ավելի նշանակալիություն կստանան էներգակիրների այլընտրանքային աղբյուրները, այդ թվում և Կասպից ծովի տարածաշրջանից։ Այս համատեքստում կարելի է սպասել Օդեսա-Բրոդի-Պլոցկ նավթամուղի գործարկման նախագծի ակտիվացման, իսկ ավելի լայն իմաստով՝ ՎՈւԱՄ7 տնտեսական գործունեության որոշակի աշխուժացման։
  4. «Կովկասնետ» ռադիոլոկացիոն համապարփակ վերահսկողության ցանցի զարգացումը, ինչպես և ԱՄՆ ՀՀՊ տարրերի հայտնվելը Թուրքիայում և Սևծովյան ավազանում, կարող է հանգեցնել ՌԴ ԶՈւ խմբավորումների ուժեղացման Հայաստանում և Աբխազիայում։
  5. Թուրքիայի ներգրավումը ԱՄՆ ՀՀՊ եվրոպական հատվածում.
  • կնվազեցնի Թուրքիայի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության զարգացման պլանների իրականացման հավանականությունը։ Դա անմիջականորեն կանդրադառնա զենիթահրթիռային համալիրներ գնելու վերաբերյալ Անկարայի հայտարարած մրցույթի արդյունքների վրա, որին մասնակցում է ՌԴ-ն,
  • կօգնի փոքր-ինչ հարթել Թուրքիայի և Իսրայելի միջև առաջացած և խորացող հակասությունները ռազմատեխնիկական և ռազմաքաղաքական համագործակցության ոլորտում. չնայած իր տարածքում գտնվող ՌԼԿ-ից Երուսաղեմին տվյալներ հաղորդելու անթույլատրելիության մասին Անկարայի հայտարարություններին՝ երկու երկրների ՌԼԿ-ների միջև տվյալների փոխանակում, ավելի շուտ, տեղի կունենա, քանի որ դա բխում է այն բոլոր պետությունների շահերից, որոնք այս կամ այն չափով մասնակցում են ԱՄՆ ՀՀՊ համակարգում,
  • ուժեղացնում է Թուրքիայի դերը ԱՄՆ և Եվրոպայի անվտանգության ապահովման գործում, որպես հետևանք՝ բարձրացնում է նրա ռազմաքաղաքական «կշիռը», մասնավորապես, Սևծովյան-Կասպյան տարածաշրջանում,
  • միևնույն ժամանակ, մեկ անգամ ևս վկայում է այն մասին, որ Անկարայի հռչակած «զրո խնդիրներ հարևանների հետ» արտաքին քաղաքական կուրսը ձախողվել է՝ հատկապես հաշվի առնելով այն կտրուկ հակազդեցությունը, որ ցուցաբերեց պաշտոնական Թեհրանը նրա տարածքում ռադարի տեղակայման հետ կապված։

1 Նախատեսվում է ռադարը տեղակայել Մալաթիա նահանգի (իլ) Քուլունջակ գավառում (թուրք. Kuluncak), Թուրքիայի հարավ-արևելքում։

2 Խոսքն այստեղ պետք է վերաբերի միայն Իրանի կողմից հետագայում միջաշխարհամասային բալիստիկ հրթիռներ (ՄԲՀ) արտադրելու սկզբունքային հնարավորությանը։

3 Երբ 1972թ. կնքվեց Հակահրթիռային պաշտպանության վերաբերյալ պայմանագիրը, կողմերը պայմանավորվեցին ստեղծել ՀՀՊ-ով փակված մեկական շրջան։ ԱՄՆ-ում այդ շրջանը դարձավ Միջաշխարհամասային բալիստիկ հրթիռների բազան Կալիֆոռնիայում, իսկ ԽՍՀՄ-ում՝ մոսկովյան տարածաշրջանը։

4 Ինչն էլ, ըստ էության, տեղի ունեցավ. ռազմավարական սպառազինությունների սահմանափակման մասին պայմանագրի (ՌՍՍ-1) կնքումը հնարավոր դարձավ միայն ազգային ՀՀՊ-ների սահմանափակման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո։

5 Իրավաբանորեն՝ Ադրբեջանից վարձակալվող «Դարյալ» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը։

6 «Российская газета», 4 июля 2011г.

7 «Հանուն ժողովրդավարության և տնտեսական զարգացման կազմակերպություն՝ ՎՈւԱՄ-ը» միավորում է Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը և Մոլդովան։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր