ԱԴՐԲԵՋԱՆ. ԼՐԱԳՐՈՂԻ ՏՈՒՆԸ ՀԱՐՁԱԿՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ
Սեյմուր ՔազիմովԱդրբեջանի լրատվամիջոցների կենտրոնի ծրագրային պատասխանատու
IWPR-ի թղթակիցը կարծում է, որ իր ընտանիքի անդամների նկատմամբ կատարված հարձակումը կապված է իր մասնագիտական գործունեության հետ:
Ադրբեջանցի մրցանակակիր լրագրող, IWPR-ի թղթակից Իդրակ Աբբասովի տունը ենթարկվել է զինված հարձակման, ինչը, նրա կարծիքով, կապված է լրատվամիջոցներում իր աշխատանքի հետ:
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի շրջակայքում գտնվող Սուլուտեպե գյուղում գտնվող Աբբասովի տան վրա կատարված հարձակման հետեւանքով տուժել են նրա հարազատները` հայրը, մայրը եւ եղբայրներից մեկը, որոնք հիվանդանոց են տեղափոխվել:
IWPR-ի հետ համագործակցելուց բացի, Աբբասովը Լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտի հիմնադիր անդամներից մեկն է եւ տեղական «Zerkalo» թերթի թղթակիցը:
Լրագրողը IWPR-ին պատմում է, թե ինչ պատահեց, երբ հրազեններով զինված տղամարդիկ հայտնվեցին իր տանը.
«Սեւ համազգեստով մի խումբ մարդիկ ներխուժեցին բակ ու սկսեցին ծեծել ծնողներիս եւ ընտանիքի մեկ այլ անդամին: Միաժամանակ, բուլդոզերով սկսեցին քանդել պատը», - ասում է Աբբասովը:
Լրագրողի հայրը` Թելմանը, շաքարախտով է տառապում եւ ներկայում գտնվում է Բաքվի կլինիկական հիվանդանոցում, իսկ մայրը` Նայիման եւ Ադալաթ անունով եղբայրը` գլխի վնասվածքներով հայտնվել են Բաքվի կենտրոնական հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
Աբբասովի երկու մյուս եղբայրները` Վագիֆը եւ Ռամանը, բժշկի դեմ հարձակում գործելու մեջ են մեղադրվում, չնայած միջադեպը պատկերող տեսագրությունում երեւում է, թե ինչպես է հիվանդանոցի անվտանգության աշխատակիցը հարձակվում նրանց վրա:
Լրագրողի երկու եղբայրների մասնակցությամբ միջադեպը տեղի է ունեցել Բաքվի կենտրոնական հիվանդանոցում:
«Բժիշկներն անուշադիր էին տուժածների նկատմամբ, այդ պատճառով երկու եղբայրներս տեսարան էին սարքել, որից հետո ենթարկվել էին հիվանդանոցի անվտանգության աշխատակիցների ճնշմանը: Նրանք ձերբակալել էին եղբայրներիս` հանձնելով ոստիկանությանը: Եղբայրներիս տարել են ոստիկանության բաժանմունք», - պատմում է Աբբասովը:
Բաքվի կենտրոնական հիվանդանոցի պաշտոնյաները հրաժարվեցին մեկնաբանել Աբբասովի հայտարարությունները`պատճառաբանելով, որ հիվանդանոցի գլխավոր բժիշկը մեկնել էր առողջապահության նախարարությունում կայանալիք հանդիպման, եւ իրենք չէին կարող որեւէ մեկնաբանություն տալ առանց նրա թույլտվության:
Լրագրողի խոսքերով` նրա ընտանեկան տան վրա հարձակում էր կատարվել առանց որեւէ նախազգուշացման: Հարձակվողները պարզապես հայտարարել էին, որ Աբբասովների տունը գտնվում է «SOCAR» պետական նավթային ընկերության տարածքում, եւ որ այն պետք է քանդվի:
«Նույնիսկ եթե դա է պատճառը, ապա ինչպե՞ս է այս տունը կանգուն մնացել այդ տարածքում վերջին 25 տարիների ընթացքում: Այո, մենք տանը վերաբերող համապատասխան փաստաթղթեր չունենք, բայց մեզ կարող էին գոնե նախազգուշացնել», - դժգոհում է նա` հավելելով, որ իրենց հարեւանների տները գտնվում են նույն տարածքում, սակայն նրանք նման այցելուներ չեն ունեցել:
Աբբասովի խոսքերով` այս միջադեպով հալածանքները չավարտվեցին. սեպտեմբերի 10-ին նրա մեքենային սկսեցին հետեւել, իսկ 3 օր անց լրագրողին կանչեցին ոստիկանության այն բաժանմունք, որտեղ գտնվում էին վերջինիս երկու եղբայրները` Վագիֆը եւ Ռամանը:
Ոստիկանության բաժանմունքում պնդում են, որ հիվանդանոցի անվտանգության աշխատակիցները ցանկանում են մեղադրանք ներկայացնել լրագրողի երկու եղբայրների դեմ:
Այս ամենից հետո IWPR-ը կապ հաստատեց կենտրոնական հիվանդանոցի հետ, որի մամլո խոսնակը հայտարարեց, թե հիվանդանոցի կողմից բողոք չի ներկայացվել, եւ տեղեկություն չունի, թե ում կողմից է այն ներկայացվել:
Հիվանդանոցի անվտանգության աշխատակիցներից մեկը, ով հրաժարվեց ներկայանալ, միայն ասաց, որ «եղբայրները մեծ աղմուկ էին բարձրացրել` փորձելով կոտրել դուռը, եւ մենք կարգուկանոն հաստատեցինք: Հիվանդանոցում այլ հիվանդներ էլ կան»:
Ոստիկանության բաժանմունքում մի փաստաթուղթ կար, որը, ենթադրաբար, անվտանգության աշխատակիցների դեմ հարձակումը հաստատող մի բժշկի հայտարարություն էր պարունակում: Փաստաթղթում նշված բժշկի հետ IWPR-ին չհաջողվեց կապվել:
Սակայն լրագրողին հաջողվել է դիտել միջադեպը պատկերող տեսագրությունը, որտեղ հստակ երեւում է` իրականում Աբբասով եղբայրները չեն սկսել հարձակումը, այլ պարզապես դրա թիրախ են դարձել:
Աբբասովի տան վրա կատարված հարձակման ակունքները կապված են նավթային արդյունաբերության ոլորտում գոյություն ունեցող տարածքային պահանջների հետ:
«Turan» լրատվական գործակալության տնօրեն, նավթային արդյունաբերության հարցերով փորձագետ Մեհման Ալիեւի խոսքերով` Աբբասովի հայրենի գյուղը գտնվում է Բինեգեդի շրջանում, որտեղ տեղակայված են «SOCAR» ընկերության եւ «Global Energy Azerbaijan» ՍՊԸ-ի միջեւ գործող արտադրանքի բաժանման պայմանագրի առարկա հանդիսացող ափամերձ նավթային պաշարները: Բինեգեդիում արտադրանքի ծավալների ավելացման` «SOCAR»-ի կողմից նախատեսված վերջնաժամկետը լրացել է օգոստոսին: «Global Energy Azerbaijan» ընկերության ներկայացուցիչների խոսքերով` այս ոլորտը լիարժեք հզորությամբ չի գործել ապօրինի կերպով կառուցված տների պատճառով:
Ընկերության Բաքվի գրասենյակը հրաժարվեց մեկնաբանել կատարվածը, սակայն «SOCAR»-ի մամլո խոսնակ Նիզամեդդին Գուլիեւը նշեց, որ Բինեգեդիի շրջանի հողատարածքները ընկերություններին են տրամադրվել խորհրդարանի ընդունած օրենքի համաձայն, եւ այստեղ կառուցված բոլոր տները ենթակա են քանդման:
«SOCAR» ընկերությունը բնակարանատերերի հետ տարածքային վեճերի հետ կապված ավելի քան 2 000 դատական գործ է շահել Ադրբեջանի ողջ տարածքում, եւս 2 000 նման գործեր դեռեւս դատարանի վարույթում են գտնվում: Նավթային ընկերությունների տարածքները զավթած բնակարանատերերի չնչին մասն է միայն կարողացել շահել դատական գործերը:
Այդուհանդերձ, Աբբասովների ընտանեկան տան վերաբերյալ որեւէ դատական որոշում չի կայացվել:
«Չեմ հասկանում` ինչու են մեր տունը քանդում: Հարեւանությամբ գտնվող մյուս բոլոր տները նույն [իրավական] կարգավիճակում են: Միակ բացատրությունը, ըստ իս, հետեւյալն է` ինձ վրա ճնշում են գործադրում իմ մասնագիտական գործունեության պատճառով», - եզրակացնում է Իդրակ Աբբասովը:
«Կովկասյան լրատու» պարբերականից:
Կովկասյան լրատու # 609, 16-ը սեպտեմբերի, 2011թ.
դեպի ետ