• am
  • ru
  • en
Версия для печати
28.09.2011

ԻՐԱՔԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ

   

Վահրամ Հովյան

«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ

Իրաքի հայ ավետարանական համայնքը ձևավորվել է Հայոց ցեղասպանության հետևանքով Օսմանյան կայսրության այլ վայրերից ավետարանական հայերի Իրաք գաղթի արդյունքում։ Իրաքում հայ ավետարանականները երբեք էլ պատկառելի թիվ չեն կազմել։ Նրանք քանակական առումով էապես զիջել ու զիջում են տեղի հայ առաքելականներին և կաթողիկեներին։ Իրաքի պատմության վերջին շրջանի վայրիվերումներն իրենց հերթին են նպաստել հայ ավետարանականների թվաքանակի նվազմանը։ 1980-88թթ. իրաք-իրանական պատերազմը, 1990թ. Ծոցի պատերազմը և 2003թ. սկսված պատերազմով պայմանավորված քաոսային իրավիճակն այլ քրիստոնյաների հետ միասին Իրաքի հայ ավետարանականներին նույնպես հարկադրեցին արտագաղթել երկրից։

Չնայած այս ամենին, Իրաքի հայ ավետարանական համայնքը շարունակում է պահպանել գոյությունը և ցուցաբերել կազմակերպվածության և ակտիվության որոշակի մակարդակ, ինչը հիմնազուրկ է դարձնում համայնքի «սպառման» մասին խոսակցությունները։ Ի վերջո, ցանկացած համայնքի առկայության կամ բացակայության հարցը որոշվում է ոչ թե նրա թվաքանակով, այլ նրա կազմակերպվածությամբ և գործառնությամբ։ Իսկ Իրաքի հայ ավետարանական համայնքի գործնական ակտիվության, հետևաբար նաև՝ կենսունակության վկայությունն է հայ ավետարանական գլխավոր կազմակերպչական կառույցի՝ Բաղդադի Հայ Ավետարանական եկեղեցու հիմնադրումը 2003թ. սկսված պատերազմի պայմաններում1։

Իրաքի հայ ավետարանական համայնքը կենտրոնացած է երկրի ամենահայաշատ վայրում՝ մայրաքաղաք Բաղդադում։ Այստեղ գործում է Իրաքի միակ Հայ Ավետարանական եկեղեցին։ Թե որքան է ներկայումս հայ ավետարանականների կոնկրետ թվաքանակն Իրաքում, հստակ վիճակագրություն չկա։ Կան կողմնակի տվյալներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ ենթադրությունների համար։ Այսպես, ԱՄՆ-ում հրատարակվող հայկական «Ասպարեզ» օրաթերթը հաղորդում է, որ ամեն կիրակի Բաղդադի Հայ Ավետարանական եկեղեցի է այցելում մոտ 250 հոգի2։

Իրաքի հայ ավետարանական համայնքի ներկայիս դրությունը կարելի է բնութագրել հետևյալ կերպ.

  1. Այն գտնվում է դրական և բացասական գործոնների ազդեցության տակ։
  2. Չնայած առկա դժվարություններին, բավական կենսունակ և աշխույժ համայնք է, ինչն արտահայտվում է նրա կազմակերպչական կառույցների կանոնավոր գործունեությամբ։
  3. Մեկուսացված չէ տեղի հայ առաքելական և կաթողիկե հարանվանություններից, այլ, ինտեգրված լինելով վերջիններիս հետ, կազմում է մեկ միասնական ամբողջություն՝ Իրաքի հայ համայնքը։

Արդի վիճակը

Իրաքի հայ ավետարանական համայնքի ներկայիս դրությունը մեծապես պայմանավորված է այն գործոններով, որոնք իրենց ազդեցությունն են թողնում համայնքի վրա։ Պայմանականորեն այդ գործոնները կարելի է բաժանել երկու մասի.

  • Բացասական, որոնք նպաստում են համայնքի թուլացմանը և անգամ կազմալուծմանը։
  • Դրական, որոնք նպաստում են համայնքի համախմբմանը և ամրապնդմանը՝ ապահովելով վերջինիս կենսունակությունը, համայնքային կյանքի աշխուժությունը։

Բացասական գործոնների ազդեցությունը։ Իրաքի հայ ավետարանական համայնքի ներկայիս դրության վրա բացասաբար է ազդում այն սոցիալ-քաղաքական միջավայրը, որը ձևավորվել է 2003թ. սկսված պատերազմից ի վեր։ Ուստի, Իրաքի հայ ավետարանական համայնքի ներկայիս կացության մասին խոսելիս անհրաժեշտ է անդրադառնալ այդ սոցիալ-քաղաքական միջավայրով պայմանավորված գործոններին, որոնք ազդում են համայնքի վրա։ Այդ գործոնների բացասական ազդեցությունը չի տարածվում միայն հայ ավետարանականների վրա, այլ ընդհանուր է Իրաքի ողջ քրիստոնյա բնակչության համար։

Բացասական ազդեցություն գործող հանգամանքներից հիմնականում կարելի է առանձնացնել հետևյալները.

  • Երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը։ Եթե մինչև 2003թ. իրաքահայերը հիմնականում ապրում էին բարեկեցիկ սոցիալ-տնտեսական կյանքով (թեև չկային քաղաքական ազատություններ), ապա 2003թ. սկսված պատերազմը կաթվածահար արեց երկրի տնտեսությունը՝ ողջ բնակչության հետ միասին նաև տեղի հայերին նետելով աղքատության գիրկը։
  • Քաոսային իրավիճակը։ 2003թ. ի վեր Իրաքում տիրող քաոսային իրավիճակի գլխավոր դրսևորումներն են շարունակական ահաբեկչական գործողությունները, բախումներն իսլամական խմբավորումների և Իրաքում տեղակայված օտարերկրյա ուժերի ու իրաքյան անվտանգության ուժերի միջև, միջէթնիկ բախումները և այլն։ Այդ քաոսային իրավիճակից տուժում են նաև խաղաղ բնակիչներն ու պատերազմի հետ կապ չունեցող կառույցները և հաստատությունները։
  • Իսլամ արմատականների անհանդուրժողականությունը քրիստոնյաների նկատմամբ։ 2003թ. ի վեր Իրաքում բորբոքվում է իսլամական արմատականությունը, որն ավելի ու ավելի հակաքրիստոնեական ուղղվածություն է ստանում։ «Հուսեյնի վարչակարգի անկումից հետո, գրում է Դ.Ուրուշևը, քրիստոնյաների դրությունը (Իրաքում- Վ.Հ.) նկատելիորեն վատացել է։ Այժմ նրանք դարձել են Ջորջ Բուշի արտաքին քաղաքականության պատանդները. նրանց դիտում են որպես Արևմուտքի դաշնակիցներ, Իրաքի և իսլամի թշնամիներ։ Ծայրահեղականները հաճախ հարձակվում են քրիստոնյաների տների ու խանութների վրա։ Հատուկ խտրականության են ենթարկվում այն քրիստոնյա կանայք, որոնք փողոց են դուրս գալիս առանց մուսուլմանական գլխաշորերի, և դառնում են ծաղրի ու սպառնալիքների օբյեկտ։ Շատ հիվանդանոցներում հրաժարվում են բուժել հիջաբ չհագած կանանց»3։ Արդյունքում` Իրաքի քրիստոնյաները և նրանց գույքը գտնվում են շարունակական վտանգի ներքո4։

Վերոհիշյալ գործոնների բացասական հետևանքներն Իրաքի հայ ավետարանական համայնքի վրա կարելի է բաժանել երկու մասի` մարդկային և գույքային։

  1. Մարդկային վնասն ուղղակիորեն հարվածում է համայնքի թվաքանակին՝ նվազեցնելով այն։ Թեև 2003-ից ի վեր հայ ավետարանականների կյանքին կամ առողջությանը հասցված կոնկրետ վնասի դեպքեր առ այսօր հայտնի չեն, սակայն մարդկային կորուստների առումով մեծ է վերոհիշյալ գործոններով պայմանավորված արտագաղթի դերը։ Իրաքի հայ ավետարանականները, այդ երկրի այլ քրիստոնյաների նման բարեկեցիկ կյանքի և անվտանգության ակնկալիքով, գաղթում են երկրից, ինչը զգալի վնաս է հասցնում համայնքին՝ նվազեցնելով վերջինիս թվաքանակը։ «Այժմ, երբ Իրաքի ժամանակավոր սահմանադրությունը հռչակել է իսլամը «պետության պաշտոնական կրոն»,- նշում է Դ.Ուրուշևը,- իսկ ահաբեկչության խրախճանքը՝ ընդունել աննախադեպ ձևեր, քրիստոնյաները շտապում են լքել հայրենիքը։ Նրանց քիչ է ուրախացնում շարիաթի օրենքներով կյանքի հեռանկարը։ Նոր, «ազատ» Իրաքում Քրիստոսի հետևորդներին տեղ չկա»5։
  2. Գույքային վնասը հարված է Իրաքի հայ ավետարանական համայնքի կազմակերպչական կառույցներին, որը նույնպես կենսական նշանակություն ունի համայնքի համար, քանի որ անմիջականորեն առնչվում է համայնական կյանքի կազմակերպման խնդրին։ Մասնավորապես, 2008թ. սեպտեմբերի 28-ին Իրաքի անվտանգության ուժերի և մի խումբ զինյալների միջև տեղի ունեցած բախման հետևանքով հրդեհվել է Բաղդադի Հայ Ավետարանական եկեղեցին։ Եկեղեցուն հասցված վնասն ուղղակիորեն հարվածում է համայնքային կյանքին, քանի որ այն Իրաքի հայ ավետարանականների գլխավոր կազմակերպչական կառույցն է։ Բացի այդ, Բաղդադի Հայ Ավետարանական եկեղեցում են գործում հայ ավետարանական կիրակնօրյա դպրոցը և երիտասարդական միությունը6։

Դրական գործոնների ազդեցությունը։ Իրաքի հայ ավետարանական համայնքի վրա ազդող դրական գործոնները, որոնք մեծապես նպաստում են ծանրագույն պայմաններում գտնվող համայնքի կենսունակության ապահովմանը, հիմնականում առնչվում են արտաքին միջավայրից ստացվող օգնությանը։ Այս տեսանկյունից կարելի է առանձնացնել երկու հանգամանք՝ հայ ավետարանական կազմակերպություններից ստացվող օժանդակությունը և համագործակցությունն Իրաքի այլ բողոքական համայնքների հետ։

  1. Հայ ավետարանական կազմակերպություններից ստացվող օգնությունը։ Բարդ պայմաններում հայտնված Իրաքի հայ ավետարանական համայնքի գոյատևման համար վճռական նշանակություն ունի հայ ավետարանական կազմակերպությունների ցուցաբերած օգնությունը, առանց որի համայնքը միայնակ հազիվ թե կարողանար լուծել իր գոյության ու կենսագործունեության խնդիրը։ Հայ ավետարանական միջազգային կազմակերպությունների կողմից համայնքին ցուցաբերվող օգնության առումով անառարկելիորեն մեծ է Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության դերը, որը հոգում է Բաղդադի Հայ Ավետարանական եկեղեցու շենքի վարձակալության ծախսերը։ 2008թ. սեպտեմբերին եկեղեցում բռնկված հրդեհից հետո Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցությունը կազմակերպեց հանգանակություն եկեղեցու վերանորոգման համար7։
  2. Իրաքի այլ բողոքական համայնքների հետ համագործակցությունը։ Նմանատիպ համագործակցության վառ օրինակ է Բաղդադի Հայ Ավետարանական եկեղեցու հոգևոր ռադիոծրագրի հիմնումը 2008թ. փետրվարին, որն օրական 30 րոպե հայերենով եթեր է հեռարձակվում տեղի արաբալեզու մկրտական ռադիոկայանով։ Սույն ռադիոծրագրի հիմնումն աննախադեպ երևույթ էր ողջ իրաքահայության համար, քանի որ այն հայերեն լեզվով առաջին ռադիոհաղորդումն է Իրաքում8։ Հնարավոր է, որ Իրաքի տարբեր բողոքական համայնքների միջև համագործակցությանը որոշակիորեն խթանում է միսիոներությունն այդ երկրում, որը, թեև ոչ մեծ արդյունավետությամբ, ակտիվացել է վերջին շրջանում9։ Այն, ընդհանուր առմամբ նպաստելով բողոքականության տարածմանն ու ամրապնդմանն Իրաքում, կամա թե ակամա նպաստում է նաև հայ ավետարանական համայնքի գոյապահպանությանն ու ակտիվությանը։

Արտաքին միջավայրից ստացվող օգնությունը վճռական նշանակություն ունի բարդ պայմաններում հայտնված համայնքի կենսունակության ու համայնքային կյանքի աշխուժության ապահովման համար։ Առանց այդ օժանդակության Իրաքի հայ ավետարանականները հազիվ թե կարողանային միայն սեփական ուժերով իրականացնել կազմակերպչական կառույցների հիմնադրմանը և դրանց գործառնության ապահովմանը նպատակաուղղված միջոցառումներ։

Կազմակերպչական կառույցները

Ներկայումս Իրաքի հայ ավետարանական համայնքի կենսունակությունը, ինչպես նաև համայնքային կյանքի աշխուժությունը՝ չնայած անբարենպաստ հանգամանքներին, առաջին հերթին երևում է կազմակերպչական կառույցների կանոնավոր գործունեությամբ։ Այդ կառույցները, թեև քանակապես սահմանափակ են, սակայն աչքի են ընկնում բազմազանությամբ։ Դրանք կարելի է բաժանել հետևյալ տեսակների՝ եկեղեցական, կրթական, երիտասարդական, տեղեկատվական և մարզական։

  1. Եկեղեցական միակ կառույցը Բաղդադի Հայ Ավետարանական եկեղեցին է։ Այն հիմնադրվել է պատերազմի պայմաններում։ Եկեղեցին ունի երկհարկանի շենք, որն Իրաքի հայ ավետարանական համայնքին է տրված վարձակալությամբ։ Փաստորեն, Իրաքի հայ ավետարանական համայնքը սեփական եկեղեցական շինություն չունի։ Պայմանավորված բազմաբնույթ դժվարություններով՝ համայնքում եկեղեցական շենք ունենալու խնդիրն այս փուլում, ամենայն հավանականությամբ, նպատակահարմար են գտել լուծել այն վարձակալելու միջոցով։ Բաղդադի Հայ Ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվն է Նորեկ Հովսեփյանը, որին էլ, ըստ էության, կարելի է համարել Իրաքի հայ ավետարանական համայնքի առաջնորդ։ Բաղդադի Հայ Ավետարանական եկեղեցում կանոնավոր կերպով ամեն կիրակի մատուցվում է պատարագ։ Նկատի ունենալով այն, որ եղբայր Նորեկ Հովսեփյանը չունի պատվելիի կամ վերապատվելիի աստիճան, կարելի է ասել, որ Իրաքի հայ ավետարանական համայնքում ներկայումս առկա է հոգևոր գործիչների խնդիր։
  2. Կրթական միակ կառույցը Բաղդադի Հայ Ավետարանական եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոցն է, որը գործում է եկեղեցու շենքում։
  3. Երիտասարդական միակ կառույցը կրկին Բաղդադի Հայ Ավետարանական եկեղեցուն կից երիտասարդական միությունն է, որը նույնպես գործում է եկեղեցու շենքում։
  4. Տեղեկատվական միակ կառույցը 2008թ. փետրվարին բացված Բաղդադի Հայ Ավետարանական եկեղեցու հոգևոր ռադիոծրագիրն է, որն ամեն երեկո 30 րոպե տևողությամբ և հայերենով հեռարձակվում է տեղի արաբալեզու մկրտական ռադիոկայանով։ Ռադիոծրագիրը Բաղդադի Հայ Ավետարանական եկեղեցու ծառայություններից է։ Դրա թողարկումը իրականանում է աշխատակիցների կամավոր գործունեության շնորհիվ՝ Իրաքի հայ ավետարանական համայնքի հոգևոր առաջնորդի ղեկավարությամբ։
  5. Որպես մարզական խմբակ նշանավոր է ֆուտբոլային ակումբը, որը հաղթող ճանաչվեց 2008թ. մրցաշարում։

Վերոհիշյալ կառույցներից գլխավորը, այնուամենայնիվ, եկեղեցականն է։ Այն, բացի համայնքի հոգևոր-եկեղեցական պահանջմունքները բավարարելուց, միաժամանակ, ըստ էության, Իրաքի հայ ավետարանական համայնքի ղեկավար կառույցն է։ Մյուս հաստատությունները գործում են եկեղեցուն կից և գտնվում են վերջինիս տնօրինության տակ։

Բաղդադի Հայ Ավետարանական եկեղեցին անդամակցում է Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միությանը։ Վերջինս՝ որպես հայ ավետարանական տարածաշրջանային կազմակերպչական կառույց, կարևոր դեր ունի Իրաքի հայ ավետարանական համայնքի կյանքում։ Մասնավորապես, միության միջոցով է ստացվում ցանկացած օգնություն Իրաքի հայ ավետարանական համայնքին Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից10։

Իրաքի հայ ավետարանական համայնքը` իրաքահայության մի մաս

Իրաքի հայ ավետարանական համայնքը մի մասն է իրաքաբնակ ողջ հայության։ Իրաքում նույնն են հայ առաքելականների, կաթողիկեների, ինչպես նաև հայ ավետարանականների խնդիրներն ու մարտահրավերները։ Կրոնական հողի վրա անհանդուրժողականության կամ առճակատման դրսևորումներ հայ առաքելականների կամ կաթողիկեների հետ հայտնի չեն։ Իրաքի հայկական երեք հարանվանությունների փոխհարաբերություններում ավելի շատ տեսանելի են համախմբման, քան տրոհման միտումներ։ Դրա հիմքում ընկած է երկու գործոն.

  1. Բարձր ազգային ինքնագիտակցությունը, որը գերակայություն ունի դավանական ինքնագիտակցության նկատմամբ։ Մասնավորապես, հայ ավետարանականները, անկախ իրենց դավանանքային առանձնահատկություններից, մշտապես իրենց համարել ու համարում են Հայության անբաժանելի մասը11։
  2. Իրաքում ստեղծված ծանր ու պայթյունավտանգ իրավիճակը, ինչն անվտանգության նկատառումներով հարկադրում է միավորել հայ համայնքի առանց այն էլ սակավ ներուժը։ Ստեղծված պայմաններում համախմբման փոխարեն կրոնական հողի վրա առճակատումն ու պառակտումը չափազանց մեծ շռայլություն կլինեին հայ համայնքի համար։

Իրաքի հայ ավետարանական համայնքի՝ տեղի հայության հետ ինտեգրվածության դրսևորում է նրա կազմակերպչական կառույցների գործունեության ծավալումը ողջ իրաքահայության շրջանում։ Բաղդադի Հայ Ավետարանական եկեղեցին բավարարում է ոչ միայն հայ ավետարանականների, այլև ընդհանուր հայ համայնքի հոգևոր պահանջմունքները։ Նման ենթադրության տեղիք է տալիս այն, որ համաձայն ԱՄՆ-ում հրատարակվող «Ասպարեզ» հայկական օրաթերթի՝ ամեն կիրակի եկեղեցի են այցելում մոտ 250 իրաքահայեր (ընդգծումը մերն է- Վ.Հ.)։ Նույն աղբյուրի մեկ այլ հրապարակմամբ՝ Բաղդադի Հայ Ավետարանական եկեղեցին բավարարում է քաղաքի հայ համայնքի (ընդգծումը մերն է- Վ.Հ.) հոգևոր պահանջմունքները12։ «Իրաքահայեր», «Բաղդադի հայ համայնք» արտահայտությունների օգտագործումն «իրաքահայ ավետարանականների» կամ «Բաղդադի հայ ավետարանական համայնքի» փոխարեն հիմք է տալիս ենթադրելու, որ եկեղեցու ծառայություններից օգտվում են Բաղդադի հայերն ընդհանրապես՝ անկախ իրենց դավանանքային պատկանելությունից։

Եթե եկեղեցին ծառայում է ոչ միայն ավետարանականներին, այլև տեղի հայերին ընդհանրապես, ապա կարելի է ենթադրել, որ նրան կից և նրա տնօրինության տակ գործող կառույցները նույնպես ծառայում են ընդհանուր հայ համայնքին, այսինքն՝ նրանց գործունեության մեջ նույնպես ընդգրկված են իրաքաբնակ հայերը՝ անկախ դավանանքից։ Այս տեսակետի օգտին է խոսում, օրինակ, այն հանգամանքը, որ ներկայումս Բաղդադում գործող միակ հայկական ազգային վարժարանը, ունենալով 130 աշակերտ13, միայնակ ի զորու չէ բավարարել քաղաքի ողջ հայության կրթական պահանջմունքները։ Հետևաբար, կարելի է ենթադրել, որ Բաղդադի հայ երեխաների մի մասն իր կրթական պահանջմունքները բավարարում է տեղի Հայ Ավետարանական եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոցի գործունեության միջոցով։

Ինչ վերաբերում է հայ ավետարանականների ռադիոծրագրին, ապա դրա գործունեությունը նույնպես չի սահմանափակվում միայն նեղ ավետարանական համայնքի շրջանակներում, այլ տարածվում է ողջ Իրաքի հայ համայնքի վրա։ Նման պնդում անելու համար հիմք է հանդիսանում երկու չափորոշիչների դիտարկումը.

  1. Ռադիոլսարանը։ Ռադիոծրագրի ունկնդիրների բանակը չի սահմանափակվում միայն հայ ավետարանականներով։ Այն ունկնդրում են նաև հայ առաքելական և կաթողիկե ռադիոլսողները։ Այստեղ կարևոր գործոն է լեզուն. ռադիոծրագիրն առաջին հայալեզու հեռարձակումն է Իրաքում։
  2. Հեռարձակումների թեմատիկան։ Ռադիոծրագիրը քարոզում ու տարածում է քրիստոնեական արժեքներ, որոնք ընդհանուր են թե՛ հայ առաքելականի, թե՛ կաթողիկեի և թե՛ ավետարանականի համար։

Այսպիսով, ռադիոծրագիրն «...իր հոգեւոր սնունդը կը բաշխէ ընդհանուր Պաղտատի հայութեան համար և գնահատելի է բոլոր Պաղտատաբնիկ հայերու կողմէն. ու ապաշխարութեան կենսական միջոց մըն է բոլոր հետեւողներուն»14։ Այս կերպ Բաղդադի հայ ավետարանական ռադիոծրագիրը, չնայած իր հոգևոր-կրոնական ուղղվածությանը, իրաքահայ համայնքի համար համախմբող կառույց է հանդիսանում։

1 Տե՛ս Պաղտատի Հայ Աւետարանական եկեղեցին՝ հրոյ ճարակ http://asbarez.com/arm/54093/; Fire Ravishes Armenian Evangelical Church in Baghdad http://www.asbarez.com/2008/11/14/fire-ravishes-armenian-evangelical-church-in-baghdad/

2 Նույն տեղում։

3 Дмитрий Урушев, Заложники политики Хусейна и Буша: Христианам нет места в «свободном» Ираке http://rusk.ru/st.php?idar=710130

4 Թվարկված բացասական գործոնների մասին տե՛ս Արաքս Փաշայան, Իրաքահայ համայնքը գոյապահպանման խնդրի առաջ, Գլոբուս Ազգային անվտանգություն, 2010թ., թիվ 6, էջ 36-40; Արաքս Փաշայան, Իրաքահայ համայնքը՝ նոր մարտահրավերների առջև http://www.noravank.am/arm/issues/detail.php?ELEMENT_ID=2385; Дмитрий Урушев, նշվ. աշխ.; Pierre Tristam, Christians of the Middle East: Country-By-Country Facts – A Presence Dating Back Two Millenia http://middleeast.about.com/od/middleeast101/a/christians-middleeast.htm; Iraq: Tiny Ethnic-Armenian Community Survived Hussein, Making It In Postwar Times http://www.rferl.org/content/article/1053693.html; Crushing Iraq's human mosaic http://news.bbc.co.uk/2/hi/middle_east/6293230.stm; Magdi Abdelhadi, Analysis: Iraq's Christians under attack http://news.bbc.co.uk/2/hi/middle_east/3529364.stm; Iraqi Christians’ long history http://www.bbc.co.uk/news/world-middle-east-11669994; 28 Armenians died during 4 years in Iraq http://www.panarmenian.net/eng/world/news/21511/

5 Дмитрий Урушев, նշվ. աշխ.։

6 Տե՛ս Պաղտատի Հայ Աւետարանական եկեղեցին՝ հրոյ ճարակ http://asbarez.com/arm/54093/; Fire Ravishes Armenian Evangelical Church in Baghdad http://www.asbarez.com/2008/11/14/fire-ravishes-armenian-evangelical-church-in-baghdad/

7 Նույն տեղում։

8 Տե՛ս First Anniversary for the Daily Armenian Radio Program in Iraq http://www.chanitz.org/2009/03/first-anniversary-for-daily-armenian.html; Իրաքի Հայ Աւետ. Եկեղեցիի Հոգեւոր Րատիոյ Ժամի Ծարայութիւնը http://www.chanitz.org/2011/05/radio-service-of-armenian-evangelical.html?utm_source=feedburner&utm_medium=feed&utm_campaign=Feed%3A+ArmenianEvangelicalEmmanuelChurch-ChanitzYouth+%28ARMENIAN+EVANGELICAL+EMMANUEL+CHURCH+-+CHANITZ+YOUTH%29

9 Տե՛ս Дмитрий Урушев, նշվ. աշխ.; Христиане Ирака, http://www.liubite.org/pg/rs/overy_svoju_zizny_isusu/ovremennye_muceniki/ristiane_raka.html; Общие сведения о населении Ирака http://www.atranews.com/Iraq/Iraq.htm; Magdi Abdelhadi, նշվ. աշխ.։

10 Կազմակերպչական կառույցների մասին տե՛ս AMAA Directory 2011: Armenian Evangelical Churches, Institutions, Organizations, Pastors and Christian Workers Worldwide, p. 13 http://www.amaa.org/Directory%20for%20website.pdf; Union of the Armenian Evangelical Churches in the Near East http://en.wikipedia.org/wiki/Union_of_the_Armenian_Evangelical_Churches_in_the_Near_East; Պաղտատի Հայ Աւետարանական եկեղեցին՝ հրոյ ճարակ http://asbarez.com/arm/54093/; Fire Ravishes Armenian Evangelical Church in Baghdad http://www.asbarez.com/2008/11/14/fire-ravishes-armenian-evangelical-church-in-baghdad/; First Anniversary for the Daily Armenian Radio Program in Iraq http://www.chanitz.org/2009/03/first-anniversary-for-daily-armenian.html; Իրաքի Հայ Աւետ. Եկեղեցիի Հոգեւոր Րատիոյ Ժամի Ծարայութիւնը http://www.chanitz.org/2011/05/radio-service-of-armenian-evangelical.html?utm_source=feedburner&utm_medium=feed&utm_campaign=Feed%3A+ArmenianEvangelicalEmmanuelChurch-ChanitzYouth+%28ARMENIAN+EVANGELICAL+EMMANUEL+CHURCH+-+CHANITZ+YOUTH%29; Armenian Evangelical Football Team of Iraq Wins the Championship http://www.chanitz.org/2008/12/armenian-evangelical-football-team-of.html

11 Տե՛ս Վահրամ Հովյան, Բողոքական հայերը՝ տարադավան հայության շերտ, Գլոբուս Ազգային անվտանություն, 2010թ., թիվ 1, էջ 15-20։

12 Տե՛ս Պաղտատի Հայ Աւետարանական եկեղեցին՝ հրոյ ճարակ http://asbarez.com/arm/54093/; Fire Ravishes Armenian Evangelical Church in Baghdad http://www.asbarez.com/2008/11/14/fire-ravishes-armenian-evangelical-church-in-baghdad/

13 Արաքս Փաշայան, Իրաքահայ համայնքը գոյապահպանման խնդրի առաջ, Գլոբուս Ազգային անվտանգություն, 2010թ., թիվ 6, էջ 38։ Հարցազրույց իրաքահայ համայնքի ազգային կենտրոնական վարչության ատենապետ Պարույր Հակոբյանի հետ, Գլոբուս Ազգային անվտանգություն, 2010թ., թիվ 6, էջ 43-44։

14 Իրաքի Հայ Աւետ. Եկեղեցիի Հոգեւոր Րատիոյ Ժամի Ծարայութիւնը http://www.chanitz.org/2011/05/radio-service-of-armenian-evangelical.html?utm_source=feedburner&utm_medium=feed&utm_campaign=Feed%3A+ArmenianEvangelicalEmmanuelChurch-ChanitzYouth+%28ARMENIAN+EVANGELICAL+EMMANUEL+CHURCH+-+CHANITZ+YOUTH%29

«Գլոբուս Ազգային անվտանգություն», թիվ 4, 2011

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր