
ԻՐԱՆ. ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ
Սևակ Սարուխանյան«Նորավանք» ԳԿՀ փոխտնօրեն, Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար
Ներքաղաքական զարգացումներն Իրանում ամռան ամիսներին՝ 2011թ. առաջին կիսմայակի համեմատ, ընթանում էին ոչ այնքան լարված մթնոլորտում, թեև երկրի ներքաղաքական կյանքում նկատվում են որոշակի վերադասավորումներ։ Միևնույն ժամանակ, Իրանն ավելի է ներգրավվել տարածաշրջանային զարգացումներում՝ հաշվի առնելով քրդական սպառնալիքի ուժեղացումը և գործընթացները Սիրիայում։
Ներքաղաքական գործընթացներ
Օգոստոսին և սեպտեմբերին Իրանի հոգևոր առաջնորդ Ա.Խամենեին սկսեց ավելի հստակ խոսել նախագահ Մ.Ահմադինեժադի կառավարության անհաջողությունների մասին։ Մաsնավորապես` մի քանի անգամ Խամենեին հայտարարեց, որ կառավարությունը չի կատարում ստանձնած պարտականությունները և ժողովրդի կյանքի բարելավման մասին նախկինում տված խոստումները։
Չնայած սեպտեմբերի սկզբին Ալի Խամենեին Մ.Ահմադինեժադի մոտ 100 ձերբակալված աջակիցներին ներում շնորհեց և նրանք ազատ արձակվեցին, հոգևոր առաջնորդի այս որոշումը չի կարելի պայմանավորել նախագահի հետ հարաբերությունների հնարավոր բարելավմամբ, քանի որ բոլոր ազատ արձակվածները մեղանչական նամակներով դիմել են երկրի իշխանություններին՝ դրանով իսկ ընդունելով, որ հակաօրինական քայլեր են կատարել։
Կարևոր ներքաղաքական իրադարձություն կարելի է համարել այն, որ կարծես թե վերջնական տեսք ստացան Թեհրանի քաղաքապետ Մ.Ղալիբաֆի՝ 2013թ. նախագահական ընտրություններին մասնակցելու հավակնությունները, ինչի մասին բավական շատ են գրում իրանական մամուլում։ Թեհրանի քաղաքապետը, որը վայելում է հոգևոր իշխանությունների ուղղակի աջակցությունը, բարձր վարկանիշ ունի նաև բարեփոխիչների շրջանակում, քանի որ Ղալիբաֆը զարգացած և ժամանակակից գործիչ է համարվում, որը վերջին տարիներին կարևոր քայլեր է կատարել ավելի քան 12 մլն բնակչությամբ Թեհրանի կառավարման համակարգի բարեփոխման, տրանսպորտի, սոցիալական և մշակութային ոլորտների զարգացման ուղղությամբ։
Չնայած Մ.Ղալիբաֆը վայելում է երկրի հոգևոր և պահպանողական իշխանությունների աջակցությունը, նա Արևմուտքի հետ հարաբերությունների կարգավորման ակտիվ կողմնակից է։ Դեռևս 2008-ին Տոկիո կատարած պաշտոնական այցի ընթացքում նա այն ժամանակվա սենատոր Բ.Օբամայի հայտարարությունն Իրանի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին շատ դրական էր գնահատել և նշել, որ իրանական և ամերիկյան հասարակություններն այլևս չեն կարող ապրել լարված միջավայրում։ Նշենք, որ Ղալիբաֆը, որը 2008-ին ճանաչվել էր աշխարհի լավագույն 5 քաղաքապետերից մեկը, ինչպես նշում են տարբեր աղբյուրներ, փայլուն անձնական հարաբերություններ ունի արևմտյան մեգապոլիսների քաղաքապետերի հետ, ինչն արդեն իսկ Իրան-Արևմուտք հարաբերությունների կարգավորման գործընթացում կարող է կարևոր ռեսուրս դառնալ։
Ղալիբաֆի հավակնությունները նախագահական աթոռի նկատմամբ ակնհայտ են նաև Մ.Ահմադինեժադի թիմի համար, որը կարծես արդեն գիտակցում է, որ գործող նախագահը դժվար թե կարողանա ազդել ապագա նախագահական ընտրությունների ընթացքի վրա՝ հաշվի առնելով նրա հակառակորդ թիմի աճող քաղաքական և տեղեկատվական ռեսուրսները։ Իսկ տեղեկատվական ռեսուրսների պակաս Ղալիբաֆն իրոք չունի. այսպես, նախագահ Ահմադինեժադի քույրը՝ Թեհրանի քաղաքային խորհրդի անդամ Փ.Ահմադինեժադը, հայտարարել է, որ Թեհրանի քաղաքապետը 82 լրատվական միջոց ունի։ Նշենք, որ վերջերս բավական ակտիվացել և արդիականացվել է քաղաքապետի անձնական՝ http://www.ghalibaf.ir կայքը։
Ինչևէ, Իրանի ներքաղաքական կյանքի վերաբերյալ կանխատեսումներ անելը բավական անշնորհակալ գործ է (նախագահներ Մ.Խաթամիի և Մ.Ահմադինեժադի հաղթանակներն ընտրությունների նախօրյակին անհնարին էին թվում), բայց արդեն այսօր կարելի է նշել, որ Մ.Ղալիբաֆի հաղթելու շանսերը 2013-ի նախագահական ընտրություններում չափազանց մեծ են։ Իսկ Մ.Ահմադինեժադի հնարավոր վաղաժամ հրաժարականի դեպքում Ղալիբաֆը միակ գործիչը կհանդիսանա, որն արդեն իսկ լավ մշակված ռազմավարություն և լուրջ նախընտրական ռեսուրսներ ունի արտահերթ ընտրություններում հաղթանակ տանելու համար։ Նշենք, որ Մ.Ղալիբաֆը սերտ հարաբերություններ ունի Թեհրանի հայկական համայնքի հետ և բազմիցս նշել է հայերի կարևոր դերն Իրանի պատմության և իրանա-իրաքյան պատերազմում։
Զարգացումները Սիրիայում և իրանա-թուրքական հարաբերությունները
Իրանի համար կարևոր կարելի է համարել հիմնականում 3 տարածաշրջանային գործընթացներ. հակակառավարական շարժումը Սիրիայում, մասնակիորեն դրանից բխող թուրք-իրանական հարաբերությունների վատթարացումը և քրդական գործոնի ակտիվացումը։
Այսօր արդեն կարելի է նշել. չնայած «արաբական գարունը» Իրան չհասավ և չհանգեցրեց հակակառավարական շարժման ակտիվացման, դրա անուղղակի հնարավոր ազդեցությունն Իրանի վրա զգալի էր։ Եթե հեղափոխական ալիքը Սիրիայում տապալի Բ.Ասադի իշխանությունը, Իրանը Մերձավոր Արևելքում կկորցնի իր հիմնական գործընկերոջն ու դաշնակցին։ Բացի այդ, ուղղակիորեն կթուլանան Իրանի լիբանանյան դաշնակից «Հիզբալլահի» դիրքերը, քանի որ այդ կուսակցության ուժն ու հնարավորություններն անմիջականորեն պայմանավորված են նրա՝ Սիրիայի հետ համագործակցությամբ և դաշնակցությամբ։ Այդ պատճառով սիրիական զարգացումներն Իրանի համար սեփական ազգային անվտանգությանն առնչվող հիմնարար հարց են հանդիսանում, իսկ Բ.Ասադին իշխանության ղեկին պահելը՝ կարևորագույն խնդիր։
Հատկանշական է, որ սա երկրի հոգևոր իշխանությունների տեսակետն է, այլ ոչ թե երկրի նախագահինը. Մ.Ահմադինեժադը դեռևս օգոստոսի սկզբին կոչ արեց Բ.Ասադին «լսել սեփական ժողովրդի ձայնը» և իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ երկրում, ինչին ի պատասխան՝ հնչեց Ա.Խամենեիի հակառակ կարծիքը. «Նրանք, ովքեր ուզում են հարվածել Սիրիային, իրականում հարվածում են Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Թուրքիան պետք է գիտակցի, որ Իրանը կօգտագործի իր ողջ ուժը՝ հակազդելու նրանց, ովքեր ցանկանում են հարվածել Սիրիային»։
Ա.Խամենեիի հայտարարությունը կարելի է ուղղակիորեն հակաթուրքական համարել և գնահատել որպես անմիջական սպառնալիք Անկարային, ի տարբերություն Մ.Ահմադինեժադի որդեգրած գծի, որն ուղղված է Անկարայի հետ վերջին տարիներին ձեռք բերված լավ հարաբերությունների և համագործակցության պահպանմանը։ Հենց սիրիական խնդիրը, որը կարևոր նշանակություն ունի թե՛ Իրանի և թե՛ Թուրքիայի համար, դարձավ իրանա-թուրքական հարաբերությունների վատթարացման հիմնական պատճառը։ Նշենք, որ զուտ տնտեսական տեսանկյունից Իրանն ու Թուրքիան ունեն գրեթե հավասար ազդեցություն Սիրիայում. Թուրքիան Սիրիայի հիմնական տնտեսական գործընկերն է՝ ավելի քան $25 մլրդ ներդրմամբ սիրիական տնտեսության մեջ։ Իրանական ֆինանսական օգնության և ներդրումների ծավալները Սիրիայում մոտենում են $20 մլրդ-ի, սակայն, ի տարբերություն թուրքերի, իրանցիներն ունեն այլ կարևոր ներկայություն Սիրիայում նույնպես. Դամասկոսի կենտրոնում է տեղակայված Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ներկայացուցչությունը՝ ավելի քան 400 հոգուց կազմված սպայական կազմով, իրանական նավատորմն ունի սիրիական նավահանգիստներից ազատ օգտվելու իրավունք և 14 մշակութային կենտրոն երկրի տարբեր մասերում, որոնք, բացի մշակութային ոլորտին առնչվող հարցերից, օժտված են նաև քաղաքական, կրոնական և անվտանգության հարցերին առնչվող գործառույթներով։ Իրանի համար ակնհայտ է, որ Ասադի իշխանության տապալումից հետո այդ երկրի դիրքերը Սիրիայում պարզապես կարող են անհետանալ, իսկ Թուրքիան Ասադի տապալումից ոչ մի բան չի կորցնի. Անկարան կմնա Դամասկոսի նոր իշխանությունների հիմնական տնտեսական գործընկերը, բացի այդ, քաղաքական և ռազմավարական առումով՝ հիմնականում սուննի-իսլամական քաղաքական և գաղափարական կողմնորոշում ունեցող սիրիական նոր իշխանությունները կարող են դառնալ Անկարայի նոր և կարևոր գործընկերը՝ հաշվի առնելով թուրքերի իսլամական հռետորաբանությունը, որը Իսրայելի հետ հարաբերությունների դեպքում տեղափոխվել է իրական քաղաքականության դաշտ։ Նշենք, որ բուն Իսրայելում Թուրքիայի մասին սկսել են խոսել որպես «երկրորդ Իրանի». հայտնի իսրայելցի վերլուծաբան Մ.Ամիրն այս առնչությամբ նշում է, որ Էրդողանը «հագել է իրանական շորեր» և հեռանում է աշխարհիկությունից՝ ընկղմվելով կրոնական ծայրահեղականության ճահիճը։ Սակայն, ինչպես նշում է Ամիրը, «Էրդողանը դեռևս տեղյակ չէ, թե այս ամենն ինչ հետևանքներ է ունենալու իր համար»։
Որքան էլ տարօրինակ հնչի, բայց Ամիրը ճիշտ է իր գնահատականներում. Անկարայի նոր տարածաշրջանային գաղափարափոսությունն ու քաղաքականությունը մոտ են իրանականին, սակայն, ի տարբերություն շիական Իրանի, որը չունի հիմնականում սուննի մահմեդական տարածաշրջանում առաջնորդի դեր ստանձնելու օբյեկտիվ հնարավորություններ, Անկարան դրանք ունի։
Այդ պատճառով Թեհրանն այսօր կառչել է տարածաշրջանում իր եզակի դաշնակից Բ.Ասադից և ամեն կերպ փորձում է պահել նրան իշխանության ղեկին, իսկ Անկարան ազատ և անկաշկանդ աջակցում է ընդդիմությանը՝ հասկանալով, որ Ասադի տապալումից և իսլամիստների իշխանության գալուց ոչինչ չի կորցնի։ Իրանա-թուրքական հարաբերությունների այս վատթարացումը, որն ուղեկցվում է հակաթուրքական բազմաթիվ հրապարակումներով՝ իրանական, և հակաիրանական հրապարակումներով՝ թուրքական մամուլում, ընթանում է երկու պետությունների կողմից գրեթե նույնատիպ քաղաքական գաղափարախոսության քարոզման ֆոնին։
Սակայն կա մի բան, որը Թուրքիային և Իրանին դեռևս պահում է նույն ճամբարում՝ քրդական հարցը։
Քրդական հարցը
Չնայած քրդական հարցի լարվածության համար Իրանում բավական լավ նախադրյալներ են ստեղծվել, Քրդական աշխատավորական կուսակցության՝ Հյուսիսային Իրաքում գործող մասնաճյուղի (PJAK) հակաիրանական ակտիվացումն անսպասելի կարելի է համարել։ Խոսելով քրդական գործոնի մասին Իրանում՝ պետք է նշել, որ նախագահ Մ.Ահմադինեժադի օրոք երկրի սուննի մահմեդականների նկատմամբ տարվող վառ ընդգծված խտրական քաղաքականությունը Թեհրանի համար լուրջ խնդիրներ է առաջացրել Բելուջիստանում և իրանական Քրդստանում։ Տեղի նահանգային իշխանությունների ղեկին նախագահը նշանակել է մարդկանց, որոնք չեն վարանում հակասուննիական հայտարարություններ անել և պաշտպանել սուննիաբնակ տարածքների շիականացման գաղափարը, ինչը բնորոշվում է շիական մզկիթների կառուցմամբ և սուննիականների վերանորոգման և ընդարձակման արգելքներով։
Սակայն այն, որ հենց ներկա փուլում է Քրդական աշխատավորական կուսակցության իրաքյան մասնաճյուղը (որն, ըստ որոշ վերլուծությունների, անմիջականորեն կապված է Միացյալ Նահանգների հետ) անցել հարձակման Իրանի դեմ, կարող է խոսել ամերիկյան նոր հակաիրանական ակտիվացման մասին։ Թե ինչ նպատակներ է հետապնդում նման ակտիվացումը ներկա փուլում, դժվար է ստույգ ասել։ Սակայն ակնհայտ է, որ ռազմական գործողությունները քրդերի դեմ և Հյուսիսային Իրաքի ռմբահարումներն իրանական օդուժի կողմից որոշակիորեն շեղում են իրանական ռեսուրսները Սիրիայից դեպի սեփական տարածք և Իրաք՝ սահմանափակելով Թեհրանի մանևրայնության հնարավորություններն Ասադի իշխանությունը պահելու ուղղությամբ։ Միևնույն ժամանակ, իրանական հարվածները Հյուսիսային Իրաքում բացասական ազդեցություն կարող են ունենալ Թեհրանի և Իրաքի Քրդստանի միջև ձևավորված բավական ջերմ հարաբերությունների վրա։
Բացառված չի կարելի համարել այն, որ քրդական գործոնի դեմ պայքարի անհրաժեշտությունը Անկարային և Թեհրանին կստիպի նորից սկսել համագործակցել, քանի որ խնդիրը հրատապ է երկու պետությունների համար էլ։ Սակայն դեռևս անհայտ է, թե Իրանն ինչպես կարձագանքի թուրքերի ցանկությանը՝ ռազմակայան հիմնել Հյուսիսային Իրաքի Ղանդիլի լեռներում՝ քրդերի հետ պայքարի պատրվակով։ Իրանը միշտ դեմ է եղել օտար ռազմական ներկայության մեծացմանն իր սահմաններին, և իրաքյան իշխանությունների հնարավոր համաձայնությունը՝ թուրքերին տարածք տրամադրել ռազմակայան տեղադրելու նպատակով, կարող է հանգեցնել իրանա-իրաքյան և իրանա-թուրքական հարաբերությունների սրման։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՏԵԼԻՔԸ, ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԸ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՓՈՐՁԸ[20.04.2015]
- ԻՐԱՆՆ ԱՐԴԵՆ ՇԱՀԵԼ Է ԱՄՆ-Ի ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ[15.04.2015]
- ԻՐԱՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ. «ՍԱՌԵՑՄԱՆ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ[02.02.2015]
- ՆՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ[26.05.2014]
- ԻՐԱՆ – ՀԱՅԱՍՏԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ԳԱԶԱՄՈՒՂ (ԴԻՍԿՈՒՐՍԻ ՆԵՆԳԱՓՈԽՈՒՄ)[17.03.2014]
- ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ[06.02.2014]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ` ԱՐՄՆՅՈՒԶ ԼՐԱՏՎԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔԻ «ԲԱՆԱՁԵՎ» ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՀՅՈՒՐ [23.12.2013]
- ԷԺԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՄԻՖԵՐԸ[18.12.2013]
- Ս. ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՌՈՒՍԱԿԱՆ ԷԺԱՆ ԳԱԶ ՆԵՐԿՐԵԼՈՒՆ ԵՎ ՀԱԷԿ-Ի ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆԸ ԶՈՒԳԱՀԵՌ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ[09.12.2013]
- ՍԵՎԱԿ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱ ՄԻԱՅՆ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ[09.12.2013]
- ՄՄ–ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՑԱԾՐ ՍԱԿԱԳՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼ. ՓՈՐՁԱԳԵՏ[12.09.2013]