• am
  • ru
  • en
Версия для печати
08.09.2011

ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՊԱԳԱՅԻ ՇՈՒՐՋ

EnglishРуский

   

Արեստակես Սիմավորյան

«Նորավանք» ԳԿՀ, Հայագիտական կենտրոնի ղեկավար

Ռուս մեծ գրող և մտածող Ֆեոդոր Դոստոևսկին, խորամուխ լինելով Արևելյան հարցի մեջ, իր հուշերում գրում է. «Վերջերս արտասահմանյան մամուլում լույս տեսավ մի տարօրինակ բան. տաքգլուխ, ես կասեի՝ ֆանտաստիկ երևակայությամբ հանգել էին այն գաղափարին, թե ինչ կլինի աշխարհի հետ, եթե ամբողջովին ոչնչացվի Թուրքիան, իսկ թուրքերին էլ քշեն դեպի Ասիա»1։ Թուրքիան ոչ միայն չանհետացավ քաղաքական քարտեզից, այլև ամրապնդեց դիրքերը տարածաշրջանում։ Ստացվել է այնպես, որ ստիպված ենք հետազոտել այս երկրի ցանկացած ոլորտ մեր իսկ ազգային անվտանգության նկատառումից ելնելով։

ԱՄՆ մի շարք հեղինակավոր ինստիտուտների ֆուտուրոլոգներ վերջին տարիներին զբաղված են Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականության վերաբերյալ սցենարների և ապագայի կանխատեսումների վերլուծություններով։ Քիչ թե շատ հայտնի են այնպիսի սցենարներ, որոնք հեռանկարային զարգացումների առումով միմյանցից տարբերվում են՝ կրելով «Թուրքիա 2020», «Թուրքիայի տեսլականը-2023» անվանումները։ Այս ամենին կարելի է հավելել նաև Թուրքիայի արտաքին քաղաքականության ոլորտին առնչվող խորքային ռազմավարության տեսությունը, որը հաճախ նույնականացվում է «օսմանականության» հետ2։

Տարբեր գնահատականներով՝ Թուրքիան կունենա շռնդալից տնտեսական վերելք՝ վերածվելով տարածաշրջանում ազդեցիկ դերակատարում ունեցող պետության, կամ էլ կլինի ներքաղաքական խոր ճգնաժամի արդյունքում անկում ապրած երկիր՝ մասնատված տարբեր պետությունների միջև։ Փաստորեն, կանխատեսումները բաժանվում են լավատեսականների և վատատեսականների։ Վատատեսական դիտարկումներն ավելի շատ թուրքական մոտեցումներն են՝ չհաշված Թուրքիայի Հանրապետության հռչակման 100-ամյակին ընդառաջ՝ «Թուրքիայի տեսլականը-2023» լավատեսական սցենարը, իսկ արևմտյան վերլուծական հանրության ներկայացուցիչները քաղաքական կանխատեսումներում միշտ էլ Թուրքիային հատկացնում են բոլոր հնարավոր դրական ձեռքբերումները ոչ միայն տարածաշրջանում, այլև գլոբալ մակարդակով3։

Թուրքիա 2020. սցենարային զարգացումներ

Նյու Յորքի համալսարանի մասնագետները՝ Մայքլ Օպենհեյմերի գլխավորությամբ, Թուրքիայի ապագայի վերաբերյալ մշակել են մի քանի սցենար (Turkey 2020)4, որոնց համաձայն՝ առաջիկա 8 տարվա ընթացքում Թուրքիայում սպասվում է քաղաքական զարգացումների երեք տարբերակ.

  1. Ոչ ազատական իսլամիստական
  2. Ոչ լիբերալ աշխարհիկ
  3. Լիբերալ ժողովրդավարական

Ընդհանուր առմամբ բազմասպեկտ սցենարներն իրենց գնահատականներում չափազանց խիստ և միանշանակ են, ինչը դրանց հաղորդում է «իդեալականացված» բնույթ։

Առաջին սցենարի համաձայն՝ մինչև 2020 թվականը Թուրքիան կդառնա ոչ ազատական իսլամիստական պետություն։ Իսլամը կհանդիսանա կառավարության սահմանափակումների արդարացում, հասարակության լայն զանգվածների ինքնության հիմք և բարոյական կոդեքս կենցաղում։ Ինստիտուտներն անվանապես կմնան դեմոկրատական, բայց քաղաքական ընդդիմադիր խմբերն ու կուսակցությունները կլինեն ճնշված և անարդյունավետ: Իսլամական դաշինք կնքելով Ռեջաի Կութանի հիմնադրած «Սաադեթ» կուսակցության և Ֆեթուլահ Գյուլենի շարժման հետ՝ ԱԶԿ-ն կփորձի Թուրքիայի ապագա տեսլականն իրագործել կրոնական դոկտրինի հիման վրա։ Ներքին և արտաքին քաղաքականությունում իսլամի դերը որոշիչ է լինելու։

Ինչպես տեսնում ենք, վերլուծաբանները հակված են այն կարծիքին, որ իսլամը կկորցնի չափավորությունը՝ տեղիք տալով սուր կամ ծայրահեղ դրսևորումների հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։ Արդյունքում՝ կթուլանան քաղաքական այն կուսակցությունները, որոնք ունեն աշխարհիկ կողմնորոշում։ Սակայն 8 տարին չափազանց կարճ ժամանակահատված է՝ հասարակության մեծագույն մասի աշխարհիկ գիտակցությունն իսլամականի վերակողմնորոշելու համար։

Դատելով վերջին երեք խորհրդարանական ընտրություններում ԱԶԿ ստացած քվեների դինամիկայից՝ չի բացառվում, որ վերջինս մինչև 2020թ. աստիճանաբար կկորցնի իր գերակայությունը, ինչին երկրորդ սցենարում հակված են հավատալ նաև հետազոտողները։

Այս սցենարի հիմքում ընկած է նաև գյուղերից քաղաքներ միգրացիայի երկարատև գործընթացը, որի արդյունքում կրոնականությունը դառնում է քաղաքներում աճող ցածր միջին խավի հատկանիշ։ Թուրքիայի իշխող պահպանողական կուսակցությունը՝ ԱԶԿ-ն, արդյունավետ է արձագանքում այս միտմանը՝ կրոնահենք օրենսդրությամբ, պետական ֆինանսավորմամբ համալսարաններում հանելով գլխաշորեր կրելու արգելքը, բացելով բյուրոկրատիան հոգևոր դպրոցների շրջանավարտների համար և դիմելով այլ քայլերի՝ հանրապետության աշխարհիկ հիմքերը խարխլելու նպատակով։

Անդրադառնալով գյուղերից դեպի քաղաքներ երկարատև միգրացիային՝ հեղինակները եզրակացության են եկել, որ մինչև 2020թ. Թուրքիայի ազգաբնակչության ավելի քան 90%-ը քաղաքաբնակ է լինելու։ Եթե խոսենք թվերի լեզվով, 2010թ. դեկտեմբերի պաշտոնական տվյալներով՝ Թուրքիայի բնակչությունը կազմում է մոտ 74 մլն, որի 76%-ը (մոտ 56 մլն մարդ) ապրում է քաղաքներում, իսկ մնացած մոտ 24%-ը (17,5 մլն)՝ գյուղերում5։

Հետևաբար, որոշ մաթեմատիկական հաշվարկների արդյունքում ստացվում է, որ գյուղական բնակչությունն ուրբանիզացիայի արդյունքում 2020թ. կկազմի ընդամենը 7,5 մլն։ Սակայն հետազոտողները հաշվի չեն առել, թե որքան կկազմի Թուրքիայի բնակչությունը 2020թ.։ Իսկ այն, նկատի ունենալով բնակչության տարեկան աճի տեմպերը, կկազմի 82 մլն6։ Նույն աղբյուրի համաձայն՝ 2020թ. «գյուղական համայնքը» Թուրքիայում կկազմի մոտ 12 մլն՝ ընդհանուր բնակչության 14,5%-ը։ 2010թ. և 2020թ. վիճակագրական տվյալների համադրությունը ցույց է տալիս, որ թեև գյուղական բնակչության տեսակարար կշիռը Թուրքիայում, 2010թ. համեմատությամբ, 2020թ. կնվազի 9,5%-ով, սակայն քաղաքային բնակչությունը չի անցնի 90%-ի սահմանը, ինչպես կանխատեսվում է սույն սցենարում։

Հարկ է նշել, որ նման զարգացումներն անհամատեղելի են երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ. որտե՞ղ պետք է տեղավորվեն այդ զանգվածները, հատկապես այսօր, երբ հակառակ Թուրքիայի տնտեսական վերելքի՝ քաղաքներում գործազրկության ցուցանիշները բարձր են (10,8%)։ Կարո՞ղ է արդյոք ութ միլիոնանոց «գյուղական համայնքը» կերակրել մնացած հատվածին։ Գյուղատնտեսության զարգացմանն ուղղված պետական ծրագրերը ռազմավարական մակարդակով են կատարվում՝ առաջին հերթին ելնելով սեփական երկրի պարենային անվտանգության և արտաքին առևտրի շահերից: Գործազրկության մակարդակը գյուղերում սույն թվականի մայիսին կազմել է 7,1%, և այն նվազեցնելու համար պետությունն արտասահմանյան ներդրողներին գրավում է դեպի այդ ոլորտ՝ հեռանկարում կասեցնելու միգրացիոն հոսքը դեպի մեգապոլիսներ, ինչպես եղավ 1960-1980-ական թթ.՝ պայմանավորված գյուղատնտեսության մեքենայացմամբ։ Արդյունքում՝ քաղաքներում բարեկեցիկ կյանք փնտրող բնակիչների մեծ մասը, չհամակերպվելով քաղաքային կենսակերպին, պայմաններին ու դժվարություններին, արտագաղթեց եվրոպական երկրներ, որի հետևանքով էլ մասամբ ձևավորվեց արդի «թուրքական սփյուռքը»։

Եթե հիշելու լինենք, թե ինչպիսին էր Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մինչև Էրդողան-Գյուլ-Դավութօղլու քաղաքական ընտրանու մուտքը մեծ քաղաքականություն, ապա կհամոզվենք, որ այն կենտրոնացված էր որոշակի սահմաններում՝ «եվրոպական ընտանիքին» անդամագրվել ցանկացող հայցորդի կարգավիճակում, և դրանից չէր փորձում ձերբազատվել՝ չունենալով այլընտրանքային քաղաքականության նոր տեսություն։

Ըստ այդմ, համաձայն զեկույցի՝ արտաքին քաղաքականության ոլորտում Թուրքիան, հիասթափված ԵՄ-ին անդամակցելու լճացող գործընթացից և անգործունակ ՆԱՏՕ-ից, հրաժարվելու է անդամակցության բանակցություններից և ամրապնդելու է կապերը Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Ասիայի երկրների և Ռուսաստանի հետ:

Հատկանշական է, որ առանց ԵՄ-ին անդամակցության էլ այսօր Թուրքիան ակտիվ դերակատարում ունի Մերձավոր Արևելքում, վերջին տարիներին արդյունավետ քաղաքական և տնտեսական կապեր է հաստատել երբեմնի հակառակորդ Ռուսաստանի հետ, իսկ Կենտրոնական Ասիայի երկրների հետ՝ առավել ևս։ ԵՄ անդամակցությունից հրաժարումն ամենևին էլ չի մտնում ԱԶԿ ծրագրերի մեջ։ Թուրքիան պատրաստվում է 2014թ. դառնալ «եվրոպական ընտանիքի» լիարժեք անդամ։ Սա, ինչպես նշում է ԵՄ-ի հետ գլխավոր բանակցող պետնախարար Էգեմեն Բաղըշը, ազգային ծրագիր է, և երկիրը եվրոպական ստանդարտներին համապատասխանեցնելու համար իրենք դեռ ժամանակ ունեն։ ԵՄ անդամակցությունը, փաստորեն, արտաքին քաղաքականության օրակարգային և հրատապ հարցերից է ընդհուպ 2014թ.։

Այլ հարց է, թե արդյոք անկյունաքարային տարեթվից հետո, ձախողման դեպքում Թուրքիան կվերանայի հարաբերությունները ԵՄ-ի հետ և վերջնականապես կկողմնորոշվի դեպի Մերձավոր Արևելք, որի հետ կապված ապագայում տարածաշրջանային խոշոր և հավակնոտ նախագիծ է իրագործվելու Դավութօղլուի առաջ քաշած «ռազմավարական եռանկյունիների» տեսքով։

Իզուր չէ, որ սույն թվականին Էրդողանը ԵՄ-ին ուղղած սպառնալի նամակում նշում է, որ «Թուրքիան վերածվում է գլոբալ և տարածաշրջանային խաղացողի՝ օգտագործելով իր soft power-ը։ Մենք ակտիվ քաղաքականություն ենք վարում Բալկաններից մինչև Մերձավոր Արևելք և Կովկաս։ Շատերն են ասում, որ մենք իրական այլընտրանք չունենք Եվրոպային, միգուցե դա ճշմարիտ է, ճշմարիտ է նաև այն, որ Եվրոպան ռեալ այլընտրանք չունի Թուրքիային»7։

Երկրորդ սցենարի համաձայն՝ Թուրքիան կփոխակերպվի ոչ լիբերալ աշխարհիկ պետության։ 2020թ. նախորդող տասնամյակը վերակողմնորոշելու է թուրքական քաղաքականությունը դեպի աշխարհիկ ուժերի գերակայություն։ Այսպիսի կտրուկ փոփոխությունը բացատրվում է ներքոհիշյալ ենթադրելի զարգացումներից ելնելով։

Քրոնիկ խնդիր է մնալու քրդականը, և ողջ տասնամյակն ուղեկցվելու է ՔԲԿ ահաբեկչություններով։ Քրդական ցույցերը կառավարության դեմ, քրդերենի կիրառման, խոսքի և խղճի ազատության պահանջները կշարունակեն ճնշվել անվտանգության ապահովման քողի տակ։ Տարածքային ամբողջականության և արդիականացման ավանդական սկզբունքները, որոնք սնուցվում են այս ահագնացող վտանգներով և ազգայնականության վերելքով, ստանում են նոր համոզչականություն թուրքական հասարակության լայն շրջանակներում։

Բռնությունները Քիրքուկում Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո՝ զուգակցված Թուրքիայի հարավ-արևելքում ՔԲԿ աճող բռնություններով, անվստահություն են ներշնչում Թուրքիայի կայունության հանդեպ։ ԱԶԿ տնտեսական և արտաքին քաղաքականությունը դառնում է համադրական և անարդյունավետ, տարածաշրջանային անվտանգությունը վատթարանում է՝ արաբական երկրներում տիրող հեղափոխությունների բռնկումով։

Հեղինակային խումբը չի շրջանցել նաև հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման հնարավոր սցենարները։ Այսպես, ԱԶԿ-ն, 2011-2015թթ. դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանները բացելու նպատակով, կրկին սկսելու է բանակցություններ վարել Հայաստանի հետ, ի հեճուկս Ադրբեջանի այն պնդման, թե այդ հարցերը պետք է փոխկապակցվեն ԼՂՀ խնդրի հետ։ Մինչդեռ նման նախաձեռնությունը ազգայնական տրամադրություններ է ստեղծում հասարակության լայն զանգվածների և ընդդիմադիր կուսակցությունների շրջանում, և այն չի դիտվում արտաքին աշխարհում Թուրքիայի վարկանիշի բարձրացմանն ուղղված դրական քայլ, քանի որ համարվում է ԱՄՆ և ԵՄ ճնշման արդյունք։ Ամեն դեպքում, այս սցենարի համաձայն՝ Կիպրոսի և Հայաստանի հետ եղած խնդիրները մնում են անլուծելի։

Մարդու իրավունքների, ազատության սահմանափակումների և երկրում տիրող անկայունության ֆոնին էլ իրենց զգալ են տալու այլ քաղաքական ուժեր։ Ներկայումս սահմանափակ իշխանություն ունեցող զինվորականությունն աստիճանաբար սկսելու է մեծ դերակատարում ունենալ քաղաքականության մեջ, որն իր հերթին հանգեցնելու է աշխարհիկ իշխանությունների հետ կապերի ամրապնդմանը՝ 2015թ. Էրդողանի հրաժարականից առաջ և հետո։

Այս դեպքում, ըստ զեկույցի՝ կառավարությունը բաղկացած կլինի Ժողովրդա-հանրապետական (ԺՀԿ) և ազգայնական (ԱՇԿ) կուսակցությունների ներկայացուցիչներից, իսկ որպես ազգային գաղափարախոսություն կծառայի «ծայրահեղ ազգայնականությունը»։

Երրորդ սցենար՝ Քաղաքական պլյուրալիզմ. 2020թ. Թուրքիան ուղղակիորեն լիբերալ դեմոկրատիայի ճանապարհին է։ Այս սցենարի հիմքում հիմնականում ընկած է աճող քաղաքական մրցակցությունը՝ պայմանավորված նրանով, որ ընդդիմադիր կուսակցությունները հիմնվում են դժգոհությունների աճի վրա՝ կապված իշխանությունը մոնոպոլացնելու ԱԶԿ փորձերի, կրոնական խնդիրների նկատմամբ նրա հակասական դիրքորոշման, գործազրկության ընդլայնումը կասեցնելու անկարողության և արտաքին քաղաքականության հետ, որը, ըստ աշխարհիկների, պայմանավորված է ԱԶԿ իսլամիստական գաղափարախոսությամբ։

Գործարար վերնախավը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության զանազան դերակատարներ, օգտվելով մասնակի հրապարակայնությունից, կպահանջեն իշխանություններից լիբերալ ազատություններ և ավելի մեծ թափանցիկություն։ Իրական մրցակցությունը ԱԶԿ-ին կդարձնի ավելի պրագմատիկ և կվերահաստատի նրա իմիջը որպես տնտեսական բարեփոխումների կուսակցություն։

Բազմակուսակցական կոալիցիոն կառավարությունն անհրաժեշտաբար ենթադրում է մոտեցումների լայն շրջանակ, որը քաղաքական բանավեճերը կենտրոնացնում է գաղափարապես ոչ այնքան բևեռային խնդիրների շուրջ։

Կիպրոսի հակամարտության կարգավորումը նոր լիցք կհաղորդի ԵՄ անդամակցության բանակցություններին՝ խթանելով հետագա ժողովրդավարական բարեփոխումները Թուրքիայում։ Պլյուրալիզմը և լայն շրջանակների մասնակցությունն աստիճանաբար կինստիտուցիոնալացվեն։

Հետևություններ

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ բազմասպեկտ սցենարների առանձին դրույթներ կարող են իրականության վերածվել, բայց ոչ մեկ սցենարն՝ իր ամբողջության մեջ։ Առաջին երկու սցենարները փաստացի Թուրքիային տանում են մեկ՝ իսլամական ծայրահեղությունից մեկ այլ՝ ազգայնական ծայրահեղություն։

Արտաքին քաղաքականության մեջ «առաջնային գիծ» կմնա կամ դեպի «ջուր» (ԵՄ), կամ դեպի «կրակ» (Մերձավոր Արևելք) երկընտրանքը՝ նեոօսմանական հավակնոտ նախաձեռնությամբ։ Վերջինս հենց Թուրքիայի այլընտրանքային արտաքին քաղաքականության բանալին է։ Դժվար է ասել, թե որ ուղղությանը նախապատվություն կտա ներկա ղեկավարությունը. հզորանալ և ամրապնդել դիրքերը «իսլամական եռանկյունո՞ւմ»՝ հեռանկարում իսլամական ՆԱՏՕ ստեղծելու Էրբաքանի երազանքով, թե՞ կառչել մինչև 2023թ. ԵՄ մտնելու գաղափարից։ Այնուամենայնիվ, երեք սցենարներն էլ բացառում են Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2020թ.։

Սցենարների հեղինակները հաշվի չեն առել անկանխատեսելի զարգացումները, որոնք կարող են արմատապես փոխել Թուրքիայի հեռանկարը՝ տարածքային մասնատման (քրդական պետության ստեղծում, հայկական պահանջատիրություն և այլն), պետական կառուցվածքի, հնարավոր պատերազմների և այլ առումներով։

1 Ф.М. Достоевский, Восточный вопрось, Ереван, Айагитак, с. 53:

2 Ա.Սիմավորյան, Գաղափարախոսական հոսանքները Թուրքիայի արտաքին քաղաքականության համատեքստում, http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=4956

3 Այդպիսի հաջողություններ Թուրքիայի համար կանխատեսում է Ջորջ Ֆրիդմանը, տե՛ս Джордж Фридман, Следующие сто лет: прогноз на XXI век, 2007.

4 Մանրամասն տե՛ս, İhsan DÖRTKARDEŞ, ABD'den Türkiye'nin gelecek 8 yılı için 3 ayrı senaryo, Milliyet gazetesi, 14 Ocak 2011 և Turkey 2020, http://www.scps.nyu.edu/export/sites/scps/pdf/global.../turkey-2020-scenarios.pdf։

5 http://www.tuik.gov.tr/PreTablo.do?tb_id=39&ust_id=11

6 http://ww2.unhabitat.org/habrdd/conditions/westasia/turkey.htm

7 Recep Tayyip Erdogan, The Robust Man of Europe։ Turkey has the vigor that the EU badly needs, http://www.newsweek.com/2011/01/17/the-robust-man-of-europe.html

«Գլոբուս Ազգային անվտանգություն», թիվ 4, 2011

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր