ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ
Google-ի նախաձեռնությունը Թուրքիայում
Ամերիկյան Google կազմակերպության ստամբուլյան մասնաճյուղը որոշում է ընդունել «ընդլայնել ոլորտների ազդեցությունը» Թուրքիայի մի շարք քաղաքներում։ Թուրքական ծրագրավորողների խմբի ուժերով Թուրքիայի ութ քաղաքներում իրականացվում է նախագիծ ուսանողներին ինտերնետ գործարարությանը նախապատրաստելու համար։ Նախագծի շրջանակներում «երիտասարդ ուղեղները» սովորելու են ստեղծել ինտերնետ գործակալություններ, որոնք իրենց քաղաքներում ծառայություններ են առաջարկելու փոքր բիզնեսի ձեռնարկատերերին։ Նախագծի գաղափարը պայմանավորված է նրանով, որ փոքր ձեռնարկությունները բիզնեսի զարգացման համար խիստ սահմանափակ են օգտագործում համացանցի հնարավորությունները։ Այս նախագծի շնորհիվ Google-ը հույս ունի ակտիվացնել և ընդլայնել ինտերնետ ծառայությունների շուկան։ Ուսանողները կստանան ինտերնետ տնտեսության, ինտերնետ գովազդի և AdWords ծառայությունների մասին գիտելիքներ։ Ծրագիրը ներառում է հետևյալ համալսարանները, որտեղ պետք է դասավանդվեն վերոհիշյալ առարկաները.
Էսքիշեհիրի Անատոլիայի անվան համալսարան
Տրապիզոնի Սևծովյան տեխնիկական համալսարան
Գազիանթեփի համալսարան
Անթալիայի Միջերկրածովյան համալսարան
Էրզրումի Աթաթյուրքի անվան համալսարան
Ադանայի Չուքուրովա համալսարան
Դենիզլիի Փամուքքուլեի համալսարան
Կոնյայի Սելջուկ համալսարան։
Anonymous-ի հաքերների թիրախում Թուրքիան է. թուրք հաքերներն անցել են հակահարձակման
Իրենց Anonymous կոչող միջազգային հաքերների խումբը հայտարարել է, թե հունիսի 14-ի գիշերը սկսելու են Թուրքիայի դեմ իրականացվող հարձակումը, որը կապված է առաջիկայում Թուրքիայում ուժի մեջ մտնող ինտերնետ գրաքննության հետ։ Anonymous-ի հայտարարության մեջ նշվել է, թե Թուրքիայում պետական մարմինների կայքերի դեմ հարձակումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չի վերացել ինտերնետ գրաքննությունը։ Anonymous-ը ուշադրություն է դարձրել այն հանգամանքի վրա, որ իրենք չեն առաջնորդվում քաղաքական, էթնիկ կամ այլ հայացքներով և միշտ էլ այդպիսին են մնալու։ Նշենք, որ Anonymous-ը օրեր առաջ կիբերհարձակման էր ենթարկել Թուրքիայի տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտը, որը ժամեր շարունակ կաթվածահար վիճակում էր հայտնվել։ Այս դեպքից հետո Թուրքիայում Anonymous-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալվել են 32 հոգի, որոնց մեջ էր 9 անչափահաս։ Իրենց հերթին թուրք հաքերները կիբերհարձակման են անցել Anonymous միջազգային հաքերների և նրանց աջակցող ինտերնետ կայքերի դեմ։ Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Anonymous-ի կողմից Թուրքիայի տեղեկատվական վարչության դեմ հաքերային հարձակումից հետո թուրքական Cyber-Warrior-ին կից AKINCILAR և CW Askerleri հաքերական խմբավորումները կիբերպատերազմ են սկսել Anonymous-ի և նրան աջակցող եվրոպական ու ամերիկյան ինտերնետ կայքերի դեմ։
Գիտությունը Թուրքիայում
Թուրքիայում ավելանում են գիտնականների թիվը և ներդրումները գիտության մեջ։ Միայն 2007-2010թթ. ընկած ժամանակահատվածում ԵՄ յոթերորդ շրջանակային կոչվող ծրագրով Թուրքիան գիտության զարգացման, տեխնոլոգիաների և ինովացիոն գործունեությունը խթանելու նպատակով ստացել է 1,5 մլրդ եվրո։ Մարի Կյուրիի հետազոտական գրանտային ծրագրից օգտվող երկրների շարքում, որն աջակցում է «ուղեղների հետադարձ հոսքին», Թուրքիան հայտնվել է երկրորդ տեղում։ Դեռևս 2007-2009թթ. այն գտնվում էր 5 տեղում։ Նույն ծրագրերի շրջանակներում, գիտության թեկնածուի կոչման արժանանալուց հետո Թուրքիա են վերադարձել համակարգչային ինժեներիայի, աերոնավտիկայի, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, քիմիայի և կենսաբանության ոլորտների 120 մասնագետներ՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Ճապոնիայից։ Բացի այդ, շուրջ 50 թուրք հետազոտողներ հնարավորություն են ստացել աշխատելու Եվրոպական միացյալ հետազոտական կենտրոնում։ ԵՄ յոթերորդ շրջանակային ծրագիրը մեկնարկել է 2007թ. և գործունեությունը կշարունակի մինչև 2013թ., բյուջեն 50 մլրդ եվրո է։ Այս ծրագիրը հիմնականում ֆինանսավորում է գիտական հետազոտություններ և տեխնոլոգիական մշակումներ կատարելու համար։
Թուրքիայի հայ եկեղեցու դեմ ճնշումները՝ լուսարձակի տակ
Միացյալ Նահանգների միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի կողմից պատրաստված նոր տեղեկագրի մեջ Թուրքիան դարձյալ դասվում է այն երկրների շարքին, որոնք սահմանափակումներ են պարտադրում կրոնական ազատությունների բնագավառում։ Տեղեկագրում նշվում է, որ Թուրքիայի կառավարությունը, հակառակ երկրի սահմանադրությամբ երաշխավորված «անհատների պաշտամունքի ու հավատի ազատությանը», խիստ սահմանափակումներ է պարտադրում և, մերժելով կրոնական հաստատությունների լիիրավ իրավական կարգավիճակը, հակակշռի տակ է պահում կրոնական հարցերն ու տեղի է տալիս կրոնական ազատությունների լուրջ ոտնահարումների։ Տեղեկագրում ասվում է նաև, որ Թուրքիան նմանօրինակ ոտնահարումների առաջն առնելու փոխարեն շարունակում է միջամտել կրոնական հավաքականությունների ներքին գործերին։ Թուրքիայում տարբեր պատրվակներով բռնագրավված է կրոնական փոքրամասնություններին՝ հայերին, հույներին, հրեաներին և կաթողիկեներին պատկանող գույքը։ Փոքրամասնությունները նաև արտոնություն չեն ստանում պատշաճ վիճակում պահպանելու իրենց կրոնական կառույցները։ Թուրքիայում Հայաստանյայց Առաքելական եկեղեցին՝ որպես կրոնական փոքրամասնություն ներկայացնող ամենամեծ կազմակերպություն, չունի իր հոգևոր վարժարանը, և այդ նպատակով Թուրքիայի պետական համալսարաններից մեկում աստվածաբանության կաճառ հիմնելու մասին ներկայացված դիմումը դեռևս դրական պատասխան չի ստացել։ Ըստ տեղեկագրի՝ Թուրքիայում տարածված է նաև կրոնական ատելությունը։ Դրա դրսևորումն է Թուրքիայում Հայաստանյայց Առաքելական եկեղեցու պատրիարքի հասցեին օրական շուրջ 300 սպառնալիք ուղարկելու հանգամանքը, ինչպես նաև քրիստոնյա հոգևորականների և կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների վրա կատարված հարձակումները։
դեպի ետ