
«ԵՐԿԻՐ» ՄԻՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՐՇԱՎԱԽՈՒՄԲԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԿԱՏԱՐԵԼ ՀԱՄՇԵՆՈՒՄ ԵՎ ԴԵՐՍԻՄՈՒՄ
«Երկիր» միության «Վան» նախագծի շրջանակներում ձևավորված գիտահետազոտական արշավախումբը 2011թ. հուլիսի 18-ից օգոստոսի 4-ը այցելել և ուսումնասիրություններ է կատարել Համշենի, Դերսիմի, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի մի շարք այլ բնակավայրերում: Արշավախմբի անդամ երաժիշտները ( «Վան» նախագիծ» խումբ, գեղարվեստական ղեկավար՝ Նորայր Քարտաշյան) գիտարշավի շրջանակներում մասնակցել են Արգուվանի երաժշտական փառատոնին (հուլիսի 24), ինչպես նաև Մնձուրի բնության և մշակույթի փառատոնին՝ ելույթ ունենալով Դերսիմի Օվաջըկ (հուլիսի 29) և Խոզաթ (հուլիսի 30) քաղաքներում կայացած համերգներին:
Զուգահեռաբար, արշավախմբի կազմում ընդգրկված առանձին հետազոտական խումբը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանի և արևելագետ Անուշ Հովհաննիսյանի մասնակցությամբ, դաշտային ազգագրական հետազոտություններ է կատարել դերսիմցիների շրջանում՝ հավաքելով ազգագրական բնույթի հարուստ նյութ:
Արշավախմբի կողմից կատարած դաշտային հետազոտությունների ընթացքում.
- Ուսումնասիրվել են տեղական բնակչության ավանդական նվագարանները,
- Տեսագրվել են ավանդական երգերն ու պարերը,
- Տեսագրվել և/կամ գրի են առնվել վիպական բանարվեստի տեսակների (առասպել, հեքիաթ, ավանդազրույց, գուշակություն, անեծք և օրհնանք, աղոթք և այլն) մի շարք նմուշներ,
- Տեսագրվել և/կամ գրի են առնվել էթնիկ ոչ նյութական մշակութային ժառանգության այլ դրսևորումներ:
Գիտարշավն իրականացվել է Ֆրանսիայի Ռոն-Ալպ շրջանի իշխանությունների և «Ֆինեկո» կազմակերպության (http://www.fineco.fr) ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաև թուրքական «Անադոլու կուլտուր» հիմնադրամի կազմակերպչական օժանդակությամբ:
«Երկիր» միության կողմից իրականացվող «Վան» նախագծի հիմնական նպատակներն են.
- Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս` Հայկական բարձրավանդակի և Սևծովյան ավազանի տարածքում ապրող ծագումով հայ բնակչության մոտ բնիկ ինքնության պահպանմանը նպաստելը,
- Հայկական բարձրավանդակի և Սևծովյան ավազանի տարածքում ապրող էթնիկ խմբերի և Հայաստանի բնակչության միջև միջմշակութային կապերի հաստատումն ու զարգացումը, համատեղ արտահայտվելու հնարավորությունների ստեղծումը,
- Հայկական բարձրավանդակի և Սևծովյան ավազանի ավանդական երաժշտության և ոչ նյութական մշակութային ժառանգության այլ ճյուղերի ուսումնասիրությունը, դրանում առկա հայկական շերտի վերհանումը,
- Հայկական բարձրավանդակի և Սևծովյան ավազանի տարածքի հայկական ավանդական ժառանգության ներկայացմանն ու պրոպագանդմանն ուղղված միջոցառումների իրականացումը:
դեպի ետ