ԺԱՆ ԲՈԴՐԻՅԱՐ (27.07.1929 - 07.03.2007)

Հուլիսի 27-ին լրացավ ֆրանսիացի մշակութաբան, ԶԼՄ սոցիոլոգ և, այսպես ասած` «հրապարակախոսական փիլիսփայության» ֆրանսիական դպրոցի վառ ներկայացուցիչներից մեկի` Ժան Բոդրիյարի (Jean Baudrillard) ծննդյան 82-ամյակը: Հասկանալի պատճառներով Բոդրիյարի աշխատությունները հայ հասարակությանն աննկատ էին XX դարի 2-րդ կեսին, ԽՍՀՄ գոյության տարիներին: Սակայն տարօրինակ կերպով դրանք աննկատ մնացին մեր հասարակության համար նաև հետխորհրդային շրջանում, երբ հետմոդեռնիստական (պոստմոդեռնիստական` եթե այսպես ավելի ընդունելի է ընթերցողի համար) իրողությունները մեզ համար կարծես այլևս խորթ չեն: Ավա՜ղ:
Աննկատ եղավ նաև նրա մահը` 2007թ. մարտի 7-ին1: Մինչդեռ Բոդրիյարին իրավամբ կարելի է համարել պոստմոդեռնիզմի վառ մտածողներից մեկը2 և մեր երերուն ժամանակների, թերևս, ամենաազդեցիկ գուրուն:
Բերենք նրան պատկանող ուշագրավ ու սրամիտ մի քանի դրույթ:
Ոչ թե պահանջարկն է ձևավորում արտադրությունը, այլ հակառակը` արտադրությունն է («մեքենան» է) ստեղծում պահանջարկը: Սպառողական հասարակությունում «ազատությունը» պարզապես ինքնահանգստացնող անկում է, ռեգրեսիա դեպի «իրը»: Ամեն անգամ, երբ սուպերմարքեթում գնում ենք կատարում կամ լրացնում ենք հարկային դեկլարացիան, մենք յուրօրինակ «հավատարմության երդում» ենք տալիս տիրող համակարգին: Գաղափարախոսությունն այլևս մահացած է, և գոյություն ունեն միայն Սիմուլյացիան և Սիմուլյակրը: Սիմուլյացիան իրենով փոխարինեց Պատմությունը: Այն դասակարգերի, հասարակության առանձին խմբերի ու ստրատների փոխարեն մեզ թողեց միայն «զանգվածին», «մասսային»: Զանգվածն ամբողջությամբ դուրս է որևիցե գաղափարախոսությունից, այն «համր» է: Այն ինքնին է [Mass(age) is the Message]: Իրականությունն այլևս գույություն չունի, այն փոխարինված է անպատկառ «հիպեր-իրականությամբ»՝ պարուրված թափանցիկ և գերիրական չարով, և այլն:
Ամենայն հավաստիությամբ կարելի է պնդել, որ չկա XX դարի հետպատերազմյան ժամանակաշրջանի մի այլ փիլիսոփա կամ մտավորական, որը ներազդեր արդի կերպարվեստի (նկարչություն, քանդակագործություն, թատրոն, կինեմատոգրաֆ, ֆոտոարվեստ) վրա այնքան խոր և համակողմանիորեն, որքան Ժ.Բոդրիյարը: Զուր չէ, որ 1999թ. Ծննդյան տոներին համաշխարհային էկրաններ բարձրացած և արագորեն ողջ աշխարհի երիտասարդ լսարանի կուռքը դարձած «Մատրից» հայտնի ֆիլմի գլխավոր հերոս, հաքեր Նեոն, նույն ինքը` Ընտրյալը, իր լևի գործով համակարգչային դիսկը պահում էր հենց Ժան Բոդրիյարի «Սիմուլյակրները և սիմուլյացիան» հայտնի գրքում՝ խնամքով փորված հատուկ գաղտնարանում: Ի դեպ` «Նիհիլիզմ» կոչվող գլխի առաջին էջում. ուշադիր դիտեք առաջին «Մատրիցի» սկիզբը: Այս կերպ Վաչովսկի եղբայրներն իրենց ակնածանքը հայտնեցին արդի պոստմոդեռնիստական աշխարհի այս ամենաազդեցիկ «գուրուին»:
Վերջում կուզենայի անդրադառնալ ևս մի հանգամանքի, որը, կարծում եմ, էականորեն կարող է բարդացնել, եթե ոչ կասեցնել, Բոդրիյարի ու նրա գրքերի և մտքերի համարժեք մուտքը «Հայկական աշխարհ»: Բանն այն է, որ Բոդրիյարին են պատկանում Հայոց եղեռնին և հայ մարդու ինքությանը վերաբերող մի երկու արտահայտություն, որոնք, համատեքստից դուրս մեջբերման կամ օգտագործման դեպքում, հայ ընթերցողի մեջ կարող են «օտարացման ռեակցիա» առաջացնել՝ կասեցնելով հետագա խոր ընկալումը: Իսկ սա շատ ցավալի կլիներ, քանի որ Բոդրիյարի բազմաթիվ աշխատություններից ու մտքերից են սերվում մեր ներկան ու մոտալուտ ապագան ձևավորող այնպիսի վառ երևույթներ և կարևոր միտումներ, ինչպիսիք են «Վիքիլիքսը» և Ջ.Ասանժը, «Օնաններ» հաքերական խմբերը, երիտասարդական միջազգային ցանցային սուբկուլտուրան, «նոր ձախերը» և անարխիստները, «արաբական զարթոնքը» և «գունավոր հեղափոխությունները»:
Ուստի, անհրաժեշտ է, որ XX դարի այս նշանավոր մտածողի, փիլիսոփայի և արդի աշխարհի ամենաազդեցիկ ուսուցիչներից մեկի ժառանգությունը ճշգրտորեն գնահատվի մեզանում և ընկալվի համարժեքորեն: Այս խնդրին մոտ ժամանակներս կանդրադառնանք ավելի ծավալուն նյութով:
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԻՄԱԿԸ
ԺԱՆ ԲՈԴՐԻՅԱՐ
Պատերազմին ոչ կողմ եմ, ոչ դեմ: Ընդհակառակը:
«Ընդհակառակն» այս դեպքում նշանակում է, թե պատերազմի և նրա բացակայության միջև ոչ մի տարբերություն չկա: Չէ՞ որ մինչև իրադարձության մասին որևէ դատողություն անելը, հարկ է հասկանալ, թե արդյոք այն տեղի է ունեցել, թե ոչ: Իսկ այս պատերազմը բնավ չի պատկանում իրադարձությունների շարքին, և դատողություններ անել այն բանի մասին, ինչն ամենևին իրադարձություն չէ, լիովին անիմաստ է: Շատ ավելի օգտավետ է փորձել հասկանալ, թե ինչ է այս պատերազմը թաքցնում, ինչին է փոխարինում, ինչն է ջանում արտամղել:
Երկար փնտրելու կարիք չկա: Իրադարձությունը, որին հակադրված է այժմյան պատերազմը, սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունն է: Այսպիսով, ամենից առաջ հարկ է գիտակցել այս պատերազմի հիմքում ընկած ձգտումը` վերացնել, ջնջել, թաքցնել այն իրադարձությունը, որը խթան եղավ ամենայն մնացյալի համար: Այդ ձգտումն այժմյան պատերազմին ցնորական, ֆանտաստիկ բնույթ է հաղորդում, չէ՞ որ այս պատերազմն աննպատակ է, որևէ անհրաժեշտությունից չի բխել և ուղղված չէ իրական հակառակորդի դեմ (Սադամն ավելին չէ, քան ուրվականը), այս պատերազմը միայն ձևականորեն է հիշեցնում դաշնակիցների համախմբված ելույթ ընդհանուր թշնամու դեմ, սոսկ ձևանում է իրադարձություն, որն անհնար է մոռանալ: Եվ հենց այդ պատճառով առաջին օրվանից, ավելին, դեռևս չսկսված, այն դատապարտված էր անվերջանալի դառնալու: Ըստ էության, այն ընթանում էր դեռևս մինչև սկսվելը. ռազմական գործողությունների հետաձգումը լոկ խաբեություն է, հնարք: Մի կողմից, այժմյան պատերազմը վերջ չի ունենալու, մյուս կողմից` այն տեղի չի ունենալու: Հետագայում մենք մշտապես դեմ ենք առնելու այդ հետաձգմանը, շանտաժի և ահաբեկման այդ խառնուրդին, որոնք քողարկվում են անխուսափելի վտանգը կանխելու լոզունգներով: Այդ մեխանիզմը լավ ցուցադրված է Սթիվեն Սփիլբերգի վերջերս նկարահանած «Հատուկ կարծիք» ֆիլմում: Ոստիկանները հաշվարկում են հնարավոր հանցագործին և բռնում նրան` դեռևս մինչև նա կհասցնի իրականացնել իր սև գործը: Այդ նույն սցենարով են ծավալվում Իրաքի ռազմական գործողությունները` սաղմնային վիճակում վերացնել հնարավոր ոճիրների աղբյուրը (զանգվածային ոչնչացման զենքը, որին կարող էր դիմել Սադամը): Հարց է ծագում, թե որքանով է հավանական, որ ենթադրվող հանցագործությունը իրոք տեղի կունենա: Այդ հարցի պատասխանը մենք երբեք չենք իմանա, չէ՞ որ պոտենցիալ հանցագործին վնասազերծել են ավելի շուտ, քան նա կհասցներ վնասել: Բանն այստեղ Սադամը չէ, այլ ավտոմատիկ հակադրությունն այն ամենին, ինչը դեռ տեղի չի ունեցել, բայց կարող էր պատահել. ոչ միայն ուզածդ հանցագործության յուրատեսակ համաշխարհային պրոֆիլակտիկա, այլև` ընդհանրապես ուզածդ իրադարձության, որը կարող է խախտել համաշխարհային կարգը: Ամեն տեսակի «Չարիքի» վերացումը, հակառակորդի վերացումը, որն ըստ էության այլևս գոյություն չունի: «Զրոյական կորուստներ»` ահա անվտանգության ծառայության գլխավոր լոզունգը: Աշխարհում հաղթանակում է պահպանման սկզբունքը` որպես ահաբեկման սկզբունք, որն իրականանում է որևէ ահաբեկչական գործողության բացակայությամբ: Այն ահաբեկում է սառը պատերազմի բացակայությամբ, վախեցնում է հանդիպակաց սպառնալիքի բացակայությամբ, այսինքն` յուրահատուկ ահաբեկչություն, խիստ նախազգուշական միջոցներ, որ գործադրվում են, իբր թե, հանուն մեր անվտանգության: Ահա այն ստրատեգիան, որը սպասում է մեր ողջ երկրին: «Չարիքը» այն է, ինչը վրա է հասնում առանց նախազգուշացման, և հետևաբար կանխել նրա գալուստն անհնար է: Հենց այդպիսին էր սեպտեմբերի 11-ը: Այն, ինչը տեղի ունեցավ սեպտեմբերի 11-ին, պատկանում է անհնարին, աներևակայելի իրադարձությունների շարքին: Այդ իրադարձությունը տեղի ունեցավ ավելի շուտ, քան հնարավոր եղավ հավատալ դրա իրականությանը, չի կարելի նույնիսկ ասել, որ այն կանխատեսված էր արհավիրքների ֆիլմերում, ընդհակառակը, այդ ֆիլմերն այնքան են հյուծել մեր երևակայությունը, որ համանման իրադարձությունների իրականությանը հավատալը դժվարացել է:
Սեպտեմբերի 11-ը բացարձակապես անկանխատեսելի էր: Պատերազմի դեպքում կտրականապես այլ կերպ է. այն այնքան կանխատեսելի էր, ծրագրավորված, նախօրոք հորինված, որ իրոք այն վարելու ոչ մի անհրաժեշտություն չկա: Թող որ այն «իրականում» տեղի է ունենում, բայց չէ՞ որ մինչ այդ այն արդեն վիրտուալորեն տեղի էր ունեցել, կնշանակի իրադարձությունների թվին այն չես դասի: Այդ տոտալ վիրտուալության զգացողությունն ուժգնանում է այն փաստով, որ հայտարարված պատերազմը ոչ այլ ինչ է, քան դուբլ, Ծովածոցի պատերազմի կլոնը, ճիշտ այնպես, ինչպես Բուշ կրտսերը Բուշ ավագի կլոնն է: Այս պատերազմը կեղծ իրադարձություն է, իրադարձություն-ուրվական (Սադամը ուրվականային հակառակորդ է): Այժմյան պատերազմը վիթխարի միստիֆիկացիա է, որի զոհը դարձան հենց ամերիկացիները, որ սեպտեմբերի 11-ից հետո սուգ պահելուց բացի, մի կարևորագույն զբաղմունք ևս ունեին` ջանում էին հետահայաց կանխել սեպտեմբերի 11-ը, այդ իրադարձությունը փոխարկել չեղածի, չիրականացվածի: Ո՞րն է ողջ այս նախազգուշական շանտաժի վերջնական նպատակը կամ օբյեկտիվ արդյունքը: Խոսքը հանցագործությունը կանխելու և «Բարիքի» արքայություն կարգելու մասին չէ: Խոսքը նույնիսկ նավթի գնի մասին չէ և ոչ էլ գեոստրատեգիական նկատառումների: Վերջնանպատակն այն է, որպեսզի երկրի երեսին կարգ ու կանոն հաստատվի, և դրա համար պետք է զինաթափել բոլոր ժողովուրդներին և վերջնականապես վերացնել ցանկացած իրադարձություն: Ինչ-որ իմաստով կարելի է ասել, որ խոսքը պատմության ավարտի մասին է, սակայն դա բնավ էլ լիբերալիզմի և դեմոկրատիայի հաղթանակով նշանավորվող պատմության ավարտը չէ, որի մասին գրում էր Ֆուկույաման: Ամենաթափանց ահաբեկչությունը, համակարգ, որը հանուն իր անվտանգության սկսում է ինքն իրեն ահաբեկել` ահա թե ինչ է մեզ սպասում: Եթե նյութական առումով վիրտուալ պատերազմում հաղթանակեց նոր համաշխարհային կարգ ու կանոնը, սիմվոլիկ առումով հաղթանակը մնաց ահաբեկչությանը, որը երկիրը գցեց համատարած անկարգության մեջ: Սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունը պսակեց գլոբալացման գործընթացը` ոչ թե շուկայի և կապիտալի, այլ սիմվոլիկ գլոբալացման: Չէ՞ որ հատկապես սեպտեմբերի 11-ից հետո բոլոր ուժերը համախմբվեցին` դեմոկրատական և լիբերալ, ֆաշիստական և տոտալիտար, միանգամայն տարբեր համոզմունքների տեր մարդիկ հանկարծ համախոհներ և դաշնակիցներ դարձան համաշխարհային կարգի պահպանման գործում: Աշխարհի բոլոր իշխանությունները մեկի դեմ: Այնինչ ինքն՝ աշխարհը, դեմ է այդ համաշխարհային կարգին, հենց դրա դեմ է ուղղված ահաբեկչության ուժը, որը խորհրդանշում է անկարգությունը: Ստացվում է, որ ահաբեկչությունը ստիպեց աշխարհը ղեկավարող ուժին գործել լկտի, և այդ ուժն աշխարհը կանգնեցրեց անխուսափելի և անհասկանալի պատերազմի առջև: Նախազգուշական ահաբեկչությունը, որը հիմնված է սեփական հումանիստական և դեմոկրատական սկզբունքների բացարձակ քամահրանքի վրա, առավելագույնս դրամատիկորեն դրսևորվեց բռնագրավված մոսկովյան թատրոնի դրվագում:
Իշխանությունները վարվեցին այնպես, ինչպես սանիտարական ծառայությունները` կովերի կատաղության դեմ պայքարում, երբ մի հիվանդ կովի պատճառով սպանեցին ողջ նախիրը: Այստեղ նույնպես սպանում էին բոլորին. իբր` Աստված թող զատի արդարներին մեղավորներից: Զոհվեցին և՛ ահաբեկիչները, և՛ պատանդները: Կնշանակի՝ նրանք և մյուսները հանցակիցներ եղան: Ահաբեկիչներն ընդհանրապես ձգտում են բնակչության հետ համերաշխության, սակայն սովորաբար՝ առանց հաջողության: Տվյալ դեպքում ինքն՝ իշխանությունը, իր կոպիտ միջամտությամբ, ակամա ստեղծեց ահաբեկիչների և նրանց զոհերի այդ մերձեցումը: Վիրտուալ իմաստով մենք բոլորս իշխանության պատանդներն ենք, մեր աչքի առաջ ստեղծվում է բոլոր երկրների իշխանությունների կոալիցիա` այդ երկրների բնակչության դեմ: Այսօր դա միանգամայն ակնհայտ է, քանզի պատերազմը, որի մասին մեզ մշտապես զգուշացնում են, տեղի կունենա հակառակ համաշխարհային խմբակցության կարծիքի: Դուրս է գալիս, որ մոլորակային մասշտաբի քաղաքացիական պատերազմի մասին խորհրդածող Վերիլիոն միանգամայն ճիշտ է:
Վերջին իրադարձությունների քաղաքական արդյունքը համաշխարհային խմբակցություն հասկացության խափանումն է, նաև` լեգիտիմության և ներկայացուցչության ողջ համակարգի: Շատերը վերջերս ամբողջ աշխարհում տեղի ունեցած հակապատերազմյան ցույցերը համարում են իշխանությունների դեմ ընդվզման դրսևորում, սակայն, դրանցում կարելի է տեսնել ավելի տագնապալի ախտանիշ` բեկվածքի վկայություն. ոչ ոք պատերազմ չի ուզում, բայց, այդուհանդերձ, այն տեղի կունենա` բոլոր երկրների իշխանությունների, սակավ կամ զգալի, բացահայտ համաձայնությամբ: Քանի դեռ իշխանությունը հիմնված է ժողովրդական ներկայացուցչության վրա, լեգիտիմ է, այն կարող է ինչ-որ բանով հավասարակշռվել, համենայն դեպս, նրա կողքին կարող են հայտնվել հակառակորդներ, ընդդիմախոսներ: Սակայն իշխանությունը, որը լեգիտիմություն չունի, փոխակերպվում է անսանձ, բացարձակ, վայրի (այդ վայրիությունը խարսխված է ոչ թե կոպիտ ուժի վրա, այլ առաջադեմ տեխնոլոգիաների) իշխանության: Այդպիսի իշխանությունը չի կարող նույնիսկ իրական թշնամիներ ունենալ, քանզի նրանց վերածում է ինչ-որ հանցավոր ուրվականների, և առանց որևէ կաշկանդվածության, իր հզորությունը թափում է սեփական բնակչության գլխին:
Ընդ որում, բացարձակ դառնալով, իշխանությունն ինքն իր մահավճիռն է կայացնում: Բացարձակ իշխանությունը, որը խարսխված է կանխատեսման, հակառակորդի նախազգուշական վերացման, տոտալ անվտանգության և տոտալ վերահսկողության վրա, խորհրդանշորեն խոցելի է: Նրան այլ բան չի մնում, քան ինքն իր դեմ դուրս գալը: Ահաբեկչությունը ստիպում է նոր համաշխարհային կարգին բացահայտել իր թուլությունը: Հենց դրանում է պարփակված «իշխանության դժոխքը»: Սեպտեմբերի 11-ը նոր համաշխարհային կարգին նետված հրեշավոր մարտահրավեր էր, որը զրկում է նրան ինքնավստահությունից: Նոր պատերազմը չի կարելի համարժեք պատասխան համարել այդ մարտահրավերին` այն նվաստացման համեմատ, որը կրեց իշխանությունը սեպտեմբերի 11-ի արհավիրքի ժամանակ: Այս իշխանությունը չի կարող վրեժխնդիր լինել: Ինչ-որ սարսափազդու բան կա այն թեթևության մեջ, որով վիրտուալ համաշխարհային կարգը ներխուժեց «իրականություն»: Այն, ինչն իրականացրին ահաբեկիչները, տարօրինակ իրադարձություն էր, անտանելի տարօրինակ: Այժմյան «կեղծ» պատերազմը, ընդհակառակը, ահաբեկչությանն ահարկու առօրեականություն է հաղորդում:
Հրատարակված է Մարտ 31, 2007
1 Եթե չհաշվենք հայկական կայքէջերից մեկում տեղակայված Իրաքյան պատերազմին և երևույթի լուսաբանման ու ընկալման մեջ արդի ԶԼՄ դերակատարմանը նվիրված Բոդրիյարի հոդվածը՝ թարգմանված հայերեն Վ. Ֆերեշեթյանի կողմից: Հաշվի առնելով մեր աչքի առջև ընթացող «արաբական զարթոնքը» և դրանում ԶԼՄ ու արդի տեղեկատվական տեխնոլոգիաների շոշափելի դերակատարումը, կարծում ենք՝ իմաստ ունի նորից զետեղել այս հոդվածը հայկական վիրտուալ տեղեկատվական դաշտում: Ստորև բերում ենք այդ հոդվածի թարգմանությունը մեր կողմից կատարված որոշ ուղղումներով:
2 Ինքը՝ Բոդրիյարը, այնքան էլ համաձայն չէր այս տեսակետին և պնդում էր որ «պոստմոդեռնիզմը» պարզապես դատարկ և ձանձրալի զառանցանք է. տե՛ս «FUTURIS» կայքէջի ռուսերեն բաժնում, Ժ.Բոդրիյարի հարցազրույցը ռուսական «Էքսպերտ» ամսագրին http://expert.ru/expert/2002/17/17ex-bodrijar_37868/:
դեպի ետ