• am
  • ru
  • en
Версия для печати
08.06.2011

ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ

Руский

   

Կարեն Վերանյան

Կ.Վերանյան` «Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ

Նոր միտումներ Իսրայել-Հարավային Կովկաս հարաբերություններում

Վերջին տարիներին որոշակի փոփոխություններ են նկատվում հարավկովկասյան ուղղությամբ Իսրայելի ռազմավարությունում։ Վերլուծաբանների զգալի հատվածը դա պայմանավորում է 2008թ. վրաց-հարավօսական պատերազմով։ Հետպատերազմյան շրջանում Վաշինգտոնը որոշակիորեն սառեցրեց Վրաստանի հետ հարաբերությունները՝ փորձելով չգնալ առճակատման Կրեմլի հետ։ Ավելին, Վաշինգտոնում Վրաստանի նախագահ Մ.Սահակաշվիլուն դադարել են ընդունել նախկին բարձր մակարդակով։ Այս զարգացումների համատեքստում Իսրայելի ղեկավարությունը վերանայեց հարավկովկասյան ռազմավարությունը՝ Վրաստանի հետ համագործակցությունը հասցնելով բավական ցածր մակարդակի։ Զգալիորեն կրճատվեցին իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Թբիլիսի, սառեցվեց երկկողմ ռազմական համագործակցությունը։ 2010թ. օգոստոսին Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլու հետ հանդիպմանը հայտարարեց, որ «Մերձավոր Արևելքում և Կովկասում տիրող զգայուն իրադրության առկայության պայմաններում ռազմական համագործակցության հարցը դրված չէ երկկողմ հարաբերությունների օրակարգում»։

Վրաստանի հետ համագործակցության թուլացմանը զուգահեռ՝ իսրայելական կողմը ջերմացրեց համագործակցությունը Մոսկվայի հետ։ Իսրայելի հարավկովկասյան ռազմավարության փոփոխության մասին են խոսում նաև Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի ու արտգործնախարար Լիբերմանի այցերը Բաքու։ Վարչապետության երկու տարվա ընթացքում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն (նա ստանձնեց վարչապետի պարտականությունները 2009թ. մարտի 31-ին) հասցրել է արդեն 3 անգամ այցելել ՌԴ։

Ռուսական կողմն, իր հերթին, մեծապես շահագրգռված է Իսրայել-Վրաստան համագործակցության սառեցմամբ։ Այս առումով կարևորվում է Աբխազիայի հետ իսրայելական կապերի հաստատման խնդիրը, որն ազդարարեց որակապես նոր գործընթացի մեկնարկը Իսրայել-Հարավային Կովկաս հարաբերություններում։ Դա կնպաստի Աբխազիայի միջազգային կշռի ընդլայնմանը, հետևաբար և տարածաշրջանում ռուսական դիրքերի ամրապնդմանը։ Մյուս կողմից, Աբխազիայում իսրայելական գործոնի ակտիվացումը կապված է ինչպես իրանա-աբխազական կապերի զարգացման, ինչն առավել նկատելի է հատկապես 2009-2010թթ. կտրվածքով, այնպես էլ այս ուղղությամբ ռուս-թուրքական շահերի մրցակցության հետ։

Իսրայել-Վրաստան հարաբերությունների սառեցում

Ինչպես նկատում են որոշ վերլուծաբաններ, հարավկովկասյան ուղղությամբ իսրայելական կողմի նախկին դիրքորոշման փոխակերպումը, այդ թվում և Աբխազիայում իսրայելական գործոնի ակտիվացումը, ուղղակի հետևանք են Իսրայել-Վրաստան երկկողմանի հարաբերությունների սառեցման։ Խոսքը վերաբերում է 2010թ. հոկտեմբերին Բաթումում իսրայելցի խոշոր գործարարներ Ռոն Ֆուքսի (Էյլատում Թուրքիայի պատվավոր հյուպատոս) և Nirrnetco (Overseas) ընկերության նախագահ Զեև Ֆրենկելի՝ Վրաստանի ֆինանսների փոխնախարար Ավթանդիլ Խարաիձեի կաշառման փորձի մեղադրանքով ձերբակալությանը։ 2011թ. ապրիլի 1-ին Թբիլիսիի դատարանի որոշմամբ իսրայելցի գործարարները դատապարտվեցին համապատասխանաբար 7 և 6,5 տարվա ազատազրկման, ինչպես և պարտավորվում էին վճարել շուրջ $0,5 մլն տուգանք։ Միջադեպի նախապատմությունը վերագրվում է Զվիադ Գամսախուրդիայի նախագահության շրջանին, երբ Ֆուքսին ու Ֆրենկելին 1991թ. հաջողվել էր ձեռք բերել Վրաստանի տարածքում գործող խողովակաշարերի կառավարման ու առկա բոլոր ածխաջրածնային հանքավայրերի վերամշակման բացառիկ իրավունքի վերաբերյալ անժամկետ համաձայնագիր։ Համաձայնագրի հետ կապված լուրջ խնդիրներ առաջացան արդեն նախագահ Սահակաշվիլու նախաձեռնած հակակոռուպցիոն քաղաքականության արդյունքում։ Նշենք, որ 2010թ. հոկտեմբերին իսրայելցի գործարարների ձերբակալությունից 7 ամիս առաջ գործը քննվեց Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոնում, որտեղ վեճը հարթվեց ի վնաս Վրաստանի կառավարության. վերջինս պարտավորվեց գործարարներին վճարել շուրջ $100 մլն։ Պաշտոնական Թբիլիսին, սակայն, բողոքարկեց այդ որոշումը։ Իսրայելցի գործարարները խոստացան $7 մլն կաշառք տալ Վրաստանի ֆինանսների փոխնախարար Խարաիձեին՝ ձախողելու Վրաստանի կառավարության կողմից որոշման բողոքարկումը, ինչը և բացահայտվեց տեղադրված տեսախցիկի միջոցով։ 2010թ. հոկտեմբերին նրանց ձերբակությունից անմիջապես հետո Վրաստանի ՆԳՆ-ը հրապարակեց Ֆուքսի և Ֆրենկելի հետ Խարաիձեի հանդիպման տեսագրությունը, որը կայացել էր մի քանի շաբաթ առաջ ստամբուլյան հյուրանոցներից մեկում:

Ֆուքսի ու Ֆրենկելի ազատ արձակման հարցով Վրաստանի ղեկավարությանն էին դիմել Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն ու արտգործնախարար Լիբերմանը, ինչը որևէ դրական արդյունք այդպես էլ չտվեց։ Չպետք է մոռանալ, որ Ռոն Ֆուքսը վաղեմի կապեր ունի Շիմոն Պերեսի հետ։ Վրացի գործընկեր Գրիգոլ Վաշաձեին Լիբերմանի հղած ուղերձում ասվում է. «Այն, որ Վրաստանի իշխանությունները Ֆուքսին և Ֆրենկելին հրավիրել են երկիր, հետո ձերբակալել, կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ երկու պետությունների հարաբերությունների զարգացման համար։ Սա կփլուզի երկու երկրների միջև բոլոր տնտեսական կապերը, որոնք վերջին տարիներին այդքան արագ զարգանում էին»։ Իր հյուպատոսի ձերբակալման առթիվ դժգոհություն է արտահայտել նաև Թուրքիան։

Ի պատասխան Վրաստանի իշխանությունների գործողությունների, 2011թ. սկզբներին Իսրայելի արդյունաբերողների ասոցիացիայի նախագահ Շրագա Բրոշը կոչ արեց երկրի կառավարությանը կրճատել Վրաստանի հետ համագործակցության ծավալները և իսրայելցի գործարարների այցերը։ Իսկ ս.թ. մարտին Քնեսեթի նախագահ Ռեուվեն Ռիվլինը խորհուրդ տվեց իր վրացի գործընկերոջը՝ Դավիթ Բակրաձեին, չեղյալ հայտարարել վերջինիս՝ Իսրայել ծրագրված այցելությունը։ Իսրայելի զբոսաշրջության նախարար Ստաս Միսեժնիկովն, իր հերթին, հայտարարեց, որ մտադիր չէ հանդիպել Վրաստանի տնտեսության ու կայուն զարգացման նախարար Վերոնիկա Կոբալիայի հետ։

Ֆուքսի ու Ֆրենկելի ձերբակալությունից բացի, վրաց-իսրայելական հարաբերությունների վրա բացասաբար անդրադարձավ նաև 2010թ. օգոստոսին Թբիլիսիի կողմից Վրաստանում գործող իսրայելական Ashtrom International շինարարական ընկերությունը երկրից դուրս մղելու փաստը։ Ըստ ոչ պաշտոնական տվյալների, Կովկասում այդ ընկերության գործունեության հետ է առնչվում Իսրայելի իշխող կոալիցիայի խոշոր դեմքերից մեկը։ Իսկ 2010թ. նոյեմբերին Թբիլիսիի դատարանն անշարժ գույքի վաճառքից նախատեսված հարկերը չվճարելու համար մեղադրանք ներկայացրեց իսրայելցի միլիարդատեր Աբրահամ Նանիկաշվիլու և Քնեսեթի նախկին պատգամավոր Էֆրաիմ Գուրի նկատմամբ։ Վրաց-իսրայելական հարաբերություններն էլ ավելի լարվեցին, երբ ս.թ. մարտին Իսրայելում հյուրընկալվեց Աբխազիայի ղեկավարության ուղարկած պատվիրակությունը։ Աբխազական պատվիրակության այցն իրականացվում էր Իսրայելի կողմից Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Բակրաձեի և տնտեսության նախարար Վերոնիկա Կոբալիայի այցերի մերժման ֆոնին։

Իսրայելական կողմի առաջին շփումներն Աբխազիայի հետ

Աբխազիայի իշխանությունները, ձգտելով ընդլայնել երկրի միջազգային վարկը, իսրայելական կողմի հետ կապերի հաստատման մտադրության մասին ուղերձներ էին ուղարկում իսրայելական կողմին Կրեմլի կողմից այդ հանրապետության անկախության ճանաչումից դեռ 4 տարի առաջ։ 2004թ. հուլիսի վերջերին համագործակցության նպատակով Աբխազիա այցելեց Վրաստանում Իսրայելի դեսպան Ռիվկա Քոհենի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին Վրաստանում ու ՀՀ-ում «Սոխնուտ» գործակալության ներկայացուցչության ղեկավար Դով Պիկուլինը, Հարավային Կովկասում ամերիկա-հրեական «Ջոյնթ» կազմակերպության ղեկավար Մեիր Զիզովը։ Հանդիպման ընթացքում Աբխազիայի նախկին փոխնախագահ Վալերի Արշբան հույս հայտնեց, որ «Իսրայելը կլինի Աբխազիայի անկախությունը ճանաչող առաջին երկրներից մեկը»։ Իսկ 2008թ. օգոստոսին՝ վրաց-հարավօսական պատերազմից հետո, Աբխազիայի այդ ժամանակվա արտգործնախարար Սերգեյ Շամբան հայտարարեց, որ «Աբխազիայի համար Իսրայելը հանդիսանում է հեռանկարային ուղղություններից մեկը»։

Կողմերի միջև շփումները հաճախակիացան 2010թ. ընթացքում։ Նախորդ տարում ոչ մեկ անգամ Աբխազիա էր այցելել իսրայելական նախաձեռնող խումբը՝ գործարարներ Էլիա Յուդայի և Մարկ Բուրլեի գլխավորությամբ։ Այցերի ընթացքում նրանք հանդիպումներ ունեցան վարչապետ Ս.Շամբայի և կառավարության աշխատակազմի ղեկավար Դաուր Քովեի հետ։ Նախաձեռնող խումբը ներկայացրել էր առաջարկություններ՝ զարգացնելու Աբխազիայում գործարարության, բժշկության և գյուղատնտեսության ոլորտները։ Էլիա Յուդայի և Մարկ Բուրլեի հերթական այցն իրականացվեց 2010թ. դեկտեմբերի 23-ին։ Գործարարներին ուղեկցում էին բժշկության ոլորտի մասնագետներ, որոնք մեծ փորձ ունեին ողջ աշխարհում ախտորոշիչ կենտրոնների հիմնադրման հարցում։ Ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում նախատեսվում է Աբխազիա ներկրել բժշկության արդիական տեխնոլոգիաներ և սարքավորումներ։ Նախորդ տարվա հուլիսի 18-ին Իսրայելում Քնեսեթի պատգամավորների ու գործարարների հետ հանդիպումներ ունեցավ այս անգամ Աբխազիայի կառավարության առաջին պատվիրակությունը՝ փոխվարչապետ Դաուր Թարբայի գլխավորությամբ։ Բանակցությունների արդյունքում իսրայելցի գործարարները շահագրգռվածություն հայտնեցին Աբխազիայում ներդրումների իրականացման և գործարարության զարգացման հարցերում։

Կողմերի միջև համագործակցությունն ակտիվացավ այս տարվա առաջին կեսերից։ Ս.թ. ապրիլի 14-ին իսրայելական հեղինակավոր Global CST ընկերության պատվիրակությունը, որը մասնագիտացած է պաշտպանական ու անվտանագության ոլորտներում, այցելեց Աբխազիա։ Ընկերությունը մտադիր է առաջիկայում համագործակցել Աբխազիայի հետ ինչպես պաշտպանական, այնպես էլ սոցիալ-տնտեսական բնագավառներում։ Բանակցություններից հետո Global CST ընկերության ներկայացուցիչները հայտարարեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Աբխազիա մատակարարել ոչ հարձակողական տեսակի պաշտպանական տեխնոլոգիաներ, անվտանգության ապահովման համար նախատեսված սարքավորումներ, բժշկության նորարարական տեխնոլոգիաներ։ Բանակցությունների արդյունքում ընկերությունը մտադրություն է հայտնել նաև ներդրումներ իրականացնել Աբխազիայի գյուղատնտեսության, զբոսաշրջության, օգտակար հանածոների արդյունահանման ոլորտներում։

Նպատակահարմար ենք համարում երկու խոսքով անդրադառնալ նաև Global CST ընկերությանը՝ շեշտադրելու վերջինիս՝ Աբխազիա կատարած այցի ու կայացած բանակցությունների կարևորությունը։ Իսրայելական ընկերությունը գլխավորում են Իսրայելի պաշտպանության բանակի նախկին բարձրաստիճան սպաները։ Ընկերության ղեկավար, Իսրայելի պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության նախկին պետ Իսրայել Զիվը սերտ կապեր է պահպանում Իսրայելի իշխանական վերնախավի հետ։ Ընկերության գործունեությունն ուղղված է այդ թվում և ռազմական տեխնոլոգիաների ու ռազմատեխնիկայի մատակարարումների ապահովմանը, ինչպես նաև հատուկ զորամիավորումների պատրաստմանը (օրինակ՝ Գվինեայում և Կոլումբիայում)։ Որոշ հաղորդագրությունների համաձայն, իսրայելական կողմը կարող է համաձայնել աբխազական կողմին հանձնել այդ թվում և անօդաչու թռչող ինքնաթիռներ։ Սուխումում կայացած բանակցություններին իսրայելական կողմը ներկայացնում էին Իսրայել Զիվն ու Բ.Նեթանյահուի նախկին ռազմական քարտուղար Մեիր Քլիֆին (ընկերության գլխավոր տնօրեն)։ Նախագահ Սերգեյ Բագապշն ու վարչապետ Սերգեյ Շամբան հայտարարեցին, որ «իսրայելական ընկերությունները մտադիր են ներգրավվելու երկրի օգտակար հանածոների հանքավայրերի մշակման գործընթացին, ինչի նպատակով առաջիկայում նախատեսվում է իսրայելցի մասնագետներից բաղկացած խմբի այցը՝ ոլորտում համատեղ նախագծերի ծրագրման նպատակով»։ Խոսքը ածխի, կապարա-ցինկային և մոլիբդենի հանքաքարերի, բարիտի, արծաթի, նիկելի ու պղնձի հանքավայրերի շահագործման մասին է։ Նկատենք, որ Աբխազիա Global CST ընկերության պատվիրակության այցի նախօրեին՝ ընդամենը մեկ օր առաջ, ս.թ. ապրիլի 13-ին Մոսկվայում կայացան նախագահ Ս.Բագապշի և Global CST-ի ղեկավարության միջև բանակցություններ, որին կրկին իսրայելական կողմից մասնակցում էին Իսրայել Զիվն ու Մեիր Քլիֆին։ Հանդիպման ընթացքում Իսրայել Զիվն ընդգծեց Աբխազիային անվտանգության ոլորտում սարքավորումների և ոչ հարձակողական բնույթի պաշտպանական տեխնոլոգիաների մատակարարումների հարցում իսրայելական ընկերության պատրաստակամությունը։ Իսկ մոսկովյան հանդիպմանը նախորդել էր Իսրայելում ս.թ. մարտին աբխազ պաշտոնյաների ոչ պաշտոնական այցելությունը՝ Աբխազիայի վարչապետի օգնական և խորհրդական Բեսլան Էշբայի գլխավորությամբ։ Վերջինս կոորդինացնում է Իսրայելի հետ տնտեսական համագործակցության ուղղությունը։

Հետևություններ

Աբխազիայի հետ իսրայելական կողմի համագործակցության հաստատումը խոսում է հարավկովկասյան զարգացումներում Իսրայելի ներգրավվածության ընդլայնման մասին։ Աբխազիայում իսրայելական գործոնի ի հայտ գալը վկայում է տարածաշրջանում Իսրայել պետության ռազմավարության որոշակի փոփոխության մասին։ Իհարկե, ինչպես նկատում է փորձագետների մեծ մասը, մեղմ ասած, անիրատեսական է ենթադրել, որ Իսրայելը կարող է ճանաչել Աբխազիայի անկախությունը։ Սակայն այն, որ Աբխազիայի հետ իսրայելական կողմի համագործակցության խորացումն առաջիկայում կհանգեցնի Աբխազիայի տարածաշրջանային ու միջազգային հեղինակության բարձրացմանը, իսկապես հիմնավորված է։ Մյուս կողմից, ներգրավվելով աբխազական զարգացումներում՝ իսրայելական կողմը լուրջ հայտ է ներկայացնում Վրաստանի հետ ունեցած հարաբերություններն իր ծրագրած ուղով տանելու ուղղությամբ, հետևաբար և մեծապես ընդլայնելով մեր տարածաշրջանում իսրայելական գործոնի մանևրելու նախկին հնարավորությունները։ Առաջիկայում Հարավային Կովկասում իսրայելական գործոնի ակտիվացման համար լուրջ ու նպաստավոր նախադրյալ է հանդիսանում իսրայելական կողմի՝ Բաքվի ու Մոսկվայի հետ համագործակցության խորացման հանգամանքը։

«Գլոբուս Էներգետիկ և տարածաշրջանային անվտանգություն», թիվ 3, 2011

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր