• am
  • ru
  • en
Версия для печати
07.06.2011

«Le Monde»: Վերագտած հայություն

   

NEWS.am-ը մասնակի կրճատումներով ներկայացնում է Գիյոմ Պերյեի հոդվածը` հրապարակված ֆրանսիական «Le Monde» պարբերականում.

2004 թվականին իրավաբան Ֆեթհիե Չեթինի Թուրքիայում հրատարակած «Իմ տատիկի գիրքը» բեկում մտցրեց: Նա պատմեց 1915-ի Հայոց ցեղասպանության ժամանակ թուրքերի առեւանգած իր Հրանուշ տատու պատմությունը: Բռնի դավանափոխած ու թրքացած հայուհուն անվանափոխել էին Շեհեր: Նրա թոռնուհին` Ֆեթհիե Չեթինը մարդու իրավունքների անդուլ պաշտպան է, 2007-ին սպանված Հրանտ Դինքի ընտանիքի շահերի պաշտպանն է: Նա առաջիններից էր, որ տաբուներով ապրող թուրքական հասարակությունում բարձրագոչեց իր հայկական արմատների մասին: Իներցիայով երեւան եկան հարյուրավոր այդպիսի պատմություններ` բացահայտելով մոռացված իրողությունը. Ցեղասպանությունը վերապրած, թրքացած, իսլամ ընդունած հայերի զավակների առկայությունը:

Տատերից հետո Ֆեթհիե Չեթինն այս անգամ սոցիոլոգ Այշե Գյուլ Ալթինայի հետ զբաղվում է թոռների ճակատագրով: Այլ կերպ ասած, երկու սերունդ անց փորձում են պեղել մոռացված անցյալը, հարցականի տակ դնել պաշտոնական պատմությունը եւ նրանց կյանքի վրա դրած լռությունը: Նրանք փնտրում եմ հայկական ինքնությունը կորցրած կամ թաքցնող հայերին:

Դուք կարող եք նրանց հանդիպել դպրոցներում, Ազգային ժողովի միջանցքներում, հիվանդանոցներում, համայնքի ղեկավարի գրասենյակում կամ մզկիթներում: Նա կարող է լինել ձեր ավտոբուսի վարորդը, բուժքույրը, որն արյուն է վերցրել ձեզանից, լրագրողը, որի հոդվածները դուք սիրում եք կարդալ, ձեր համակարգիչը տեղադրած մասնագետը… կամ ձեր շրջանի մզկիթի իմամը: Քչերն են ցանկանում խոստովանել, բացահայտել իրենց իսկական ինքնությունը: Գիրքում 24 մարդկանց կյանքի պատմություններ են, հայության մասնիկ ունեցող ընտանիքների դիմանկարներ:

Յիլդիզ Օնենը մարդու իրավունքների պաշտպանության ասոցիացիաների ակտիվիստ է: Նա համաձայնեց վկայություններ տալ:

Նա ծնվել է Դերիքում` Թուրքիայի արեւելքում գտնվող քրդական շրջանում: Այդ ակտիվ երիտասարդ կինն ասում է, որ իրեն մեծացրել են որպես քրդուհու: Նրա տատը հարուստ հայ առեւտրականի դուստր է եղել եւ վերապրել է Ցեղասպանությունը որդիներից մեկի հետ: Հազարավոր հայ աղջիկներ այդ նույն պատմությունն ունեն: Նրան առեւանգել են քրդերը, ամուսնացրել եւ դավանփոխել: Յիլդիզ Օնենը պատմում է, որ ինքը ծնվել է այդպիսի միությունից: Տատը երկու որդիների է մեծացրել` մեկին հայկական ավանդույթով, մյուսին որպես քուրդ: Պահպանողական մուսուլման հայրը հայ եղբայր է ունեցել:

Եվ միայն Հրանտ Դինքի սպանությունից հետո է նա մտածել, որ պետք է զգա իրեն հայ:

Ցեղասպանությունից հետո ողջ մնացածների երկրորդ սերունդը, անկախ նրանից մնացել են Թուրքիայում, թե արտագաղթել են տարիք են առել երկվության մեջ` մյուսների մեջ տարալուծվելու եւ հիվանդագին պատմությունից պաշտպանվելու ձգտումով:

Սակայն այսօր թոռներից ոմանք պահանջում են հաշվետու լինել եւ հարցականի տակ են դնում պատմությունը, որը չի կարող դիմակայել: Ֆեթհիե Չեթինի կարծիքով, միայն հիմա են նրանք հասկանում, թե ինչ ազդեցություն է ունեցել թուրք ազգայնամոլությունն իրենց դաստիարակության վրա: Հայերի բացահայտվող պատմությունները խաթարում են թուրքական ինքնության միջուկային սահմանումը:

Փաստաբանի կարծիքով գոնե մեկ հայ նախնի ունեցող թուրքերը մի քանի հարյուր հազար են: Նրանց ինքնությունը հիբրիդային է` թուրքական, քրդական, հայկական, ալեւիտական:

Ոմանք հայ են մնացել, թեեւ իսլամ են դավանում: Մյուսներն ասում են, որ քուրդ են, բայց վերադառնում են քրիստոնեությանը: Սեփական ինքնությունը որոշելու անհավանական բազմազանություն կա: 96 տարվա ընթացքում Թուրքիան այդ թեման լռության է մատնել, այդ մասին մոռացել են նաեւ աշխարհասփյուռ հայերը: 1915-ին հայ ինքնությունից զրկված հայ կանայք պատմության սուբյեկտներ են:

Թոռների հուշերը կյանքի են կոչում 20-րդ դարի առաջին ցեղասպանության այդ մոռացված զոհերին: Շարադրման ուժն ուղղված է տատերի շնորհիվ տաբուն վերացնելուն եւ Թուրքիայում պատմական հաշտեցման գործընթացին:


դեպի ետ