
THE DAILY STAR. ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅԵՐԻ ԱՊԱԳԱՆ ԱՆՈՐՈՇ Է
Հին Երուսաղեմի չորս թաղամասերից մեկը պատկանում է հայերին` հին վանքի եւ գրադարանի պահապաններին, ողբերգական պատմության եւ 1600-ամյա ներկայության ժառանգներին: Ոմանք մտավախություն ունեն, որ այդ ներկայությունն այժմ վտանգված է: Այդ մասին գրում է լիբանանյան The Daily Star-ը:
Ավելի հզոր մերձավորարեւելյան ուժերի ճնշման տակ, այլ վայրերում ավելի լավ կյանքի ձգտող այս պատմական երուսաղեմյան համայնքն ականատես է սեփական քանակի աստիճանական նվազմանը` մինչեւ հազարից էլ քիչ:
94-ամյա վատառողջ պատրիարքի ղեկավարությամբ ապրող հայերը քրիստոնյաներից ազատվող Մերձավոր Արեւելքում սեղմվում են հրեաների եւ մուսուլմանների միջեւ եւ Երուսաղեմին պատկանելու խոր զգացմունքի ու այլ վայրում ապագա ունենալու գիտակցման միջեւ:
«Շատ քչերը կմնան այստեղ, եթե այսպես շարունակվի»,– ասում է Երուսաղեմում խանութ ունեցող Գեւորգ Գահվեջյանը:
Երուսաղեմյան հայերի ծածուկ աշխարհը կարելի է տեսնել քարե պատի համեստ երկաթե դռան ետեւում: Ամեն երեկո, 22 անց 30-ին փակվող դուռը տանում է վանքի պարսպապատ տարածք, որը եկեղեցականների եւ մի քանի հարյուր աշխարհիկ հայերի տունն է: Ներսում կա գրադարան, բուժկետ, երկու սոցիալական ակումբներ եւ դպրոց, որի յուրաքանչյուր դասարանում ընդամենը վեց, յոթ աշակերտ է սովորում:
«Մենք, իհարկե, անհանգստանում ենք այդ մասին: Բայց մենք լուծում չենք գտել»,– ասում է համայնքի ավագ քահանաներից մեկը` 71-ամյա Սամվել Աղոյանը:
94-ամյա պատրիարք Թորգոմ Մանուկյանի գլխավորությամբ վանքն այլ գաղտնիքներ էլ ունի: Խոսքը հին հայկական ձեռագրերի աշխարհում երկրորդ ամենամեծ հավաքածուի մասին է: Մոտ 4 հազար մատենագրեր պահվում են մատուռում, որը բացվում է տարին մեկ անգամ:
Մի քանի տասնյակ հոգեւորականներ, որոնց մեծ մասին եկեղեցին Երուսաղեմ է ուղարկել այլ երկրներից, կմնան այստեղ, շինությունների եւ մասունքների, սրբությունների հետ: Սակայն աշխարհիկների համայնքն այս աշխարհի ճնշման եւ գրավչության պատճառով կարող է եւ չպահպանվել:
Երուսաղեմի հայ համայնքը 1948-ին կազմում էր 25 հազար մարդ: Արեւելյան Երուսաղեմի հայերին եւ արաբներին տրվեց Իսրայելում ապրելու իրավունք: Ոմանք ցանկացան լիարժեք քաղաքացիություն ստանալ: Հայ համայնքը փորձում էր չեզոք լինել մի վայրում, որտեղ դժվար է դա իրագործել: Իսրայելցիների եւ արաբների հետ հարաբերությունները երբեմն չափազանց լարված էին լինում:
Իսրայելի Ներքին գործերի նախարարությունը չունի հայերի մասին վիճակագրություն: Համայնքի առաջնորդները համաձայն են, որ քաղաքում այժմ հազարից էլ քիչ հայ կա: Երիտասարդ հայերը, որոնք պետք է ամուսնանան հայի հետ բախվում են պոտենցիալ ամուսնու բացակայության փաստին: Երիտասարդ հայերը որպես կանոն ստանում են լավ կրթություն, գիտեն անգլերեն եւ ունեն ազգակցական կապեր այլ երկրներում` հեռանալու համար անհրաժեշտ բոլոր պայմանները:
«Հեռացողները երազում են Երուսաղեմի մասին եւ ասում են, որ կվերադառնան: Բայց նրանք չեն վերադառնա»,– ասում է Աղոյանը:
Մյուսներն ավելի լավատեսորեն են տրամադրված: 29-ամյա Ռուբեն Նալբանդյանը համայնքի երիտասարդների առաջնորդն է: Նա Իսրայելի համալսարանում ստացել է նեյրոկենսաբանության մագիստրոսի կոչում: Նալբանդյանն ասում է, որ արտագաղթը դանդաղել է:
Նրա 11 համադասարանցիներից հեռացել են միայն երկուսը: Տասը տղամարդիկ հարսնացու են գտել Հայաստանում եւ բերել են Երուսաղեմ: «Ինչպես ապրել ենք այստեղ 1600 տարի, այդպես էլ կապրենք»,– ասում է Նալբանդյանը:
դեպի ետ