• am
  • ru
  • en
Версия для печати
13.05.2011

ԲՆԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԳԻՏԱԿՑԱԿԱՆԸ

Руский

   

Վալերի Անաշվիլի
Վ.Անաշվիլի` Պետհամալսարան-Տնտեսության բարձրագույն դպրոց (ГУ-ВШЭ) Հրատարակչատան գլխավոր խմբագիր

1789թ. աշխարհը կտրականապես (և, ինչպես պարզվեց ավելի ուշ, անշրջելիորեն) այլ դարձավ։ Լոկալ ազգային իրադարձությունը՝ Ֆրանսիական հեղափոխություն, նորացման համատարած ազդանշանի վերածվեց։ Հին դասային կարգի փուչիկն իրենից պոկված նոր քաղաքական և սոցիալական գաղափարների հոսքի ուժով վեր խոյացավ երկրագնդի վրայով՝ սլանալով դեպի պատմական հորիզոն։

«Ֆրանսիական հեղափոխությունն այլ բան չէր, քան մասնատման այն պատմական գործընթացի գագաթնակետը, որի արմատները ձգվում էին դեպի այնպիսի դոկտրինների հիմունքները, ինչպիսիք են նոմինալիզմը, կրոնական այլախոհությունը, գիտական ռացիոնալիզմը, և այն խմբերի, ինստիտուտների ու անվիճելի ճշմարտությունների փլուզումը, որոնք հիմնարար էին Միջին դարերում»,- փաստում էր Ռոբերտ Նիսբետը։ Սակայն առողջ բանականությունը և սովորական կարգը չէին պատրաստվում հանձնվել առանց մարտի։ Նրանց պատասխան քայլը դարձավ կոնսերվատիզմը (պահպանողականությունը)։ Ինչպես գրում էր բրիտանացի պահպանողական լորդ Սեսիլը, բնական պահպանողականությունը գոյություն է ունեցել միշտ, բայց մինչև 1789թ. «կոնսերվատիզմի գիտակցաբար մշակված ուսմունք հիշեցնող» ոչինչ չի եղել։

Շուկայի անտեսանելի ձեռքով շնչահեղձ արվող և սոցիալիստական հավասարության ու եղբայրության թոկերով կապկպված XX դարը, որը պատերազմների և հեղափոխությունների դարուփոսերով դեպի «լուսավոր ապագա» էր գլորվում մերթ իբրև լիբերալիզմ, մերթ՝ իբրև սոցիալիզմ, անդորր ու պաշտպանություն էր փնտրում պահպանողական գաղափարախոսության մեջ, որն ի վիճակի էր դիմակայել հասարակության կտրական և կործանարար փոփոխություններին։ Սամյուել Հանթինգթոնը «Պահպանողականությունը՝ որպես գաղափարախոսություն» (1957) հոդվածում մեծ վրձնահարվածներով ներկայացրել է հետևյալ պատկերը. «Պահպանողականությունը գաղափարների համակարգ է, որն օգտագործվում է ստեղծված ցանկացած կարգի պաշտպանության համար, անկախ տեղից և ժամանակից, նրա բնույթին ու գոյությանը նետված ցանկացած հիմնարար մարտահրավերից՝ անկախ այն բանից, թե որ ճամբարից է այն բխում։ Պահպանողականության էությունը նրա կողմից գոյություն ունեցող ինստիտուտների կրքոտ հաստատումն է։ Դա չի նշանակում, թե պահպանողականությունը հակադրվում է բոլոր փոփոխություններին։ Իրականում, հասարակության հիմնարար տարրերը պահպանելու համար, հնարավոր է, հարկ լինի համաձայնել փոփոխությունների երկրորդական հարցերում։ Ոչ ոք չի փառաբանի պահպանողական գաղափարախոսությունը, եթե խոր բավարարվածություն չի զգում ստեղծված կարգից և պատրաստ չէ այն պաշտպանել ցանկացած լուրջ մարտահրավերից»։ Ինքնաբնութագիր, որը չափազանց հարմար էր պահպանողականությունը մեղադրելու այն երեք մեղքերի մեջ, որոնք չէր էլ ենթադրում գործել։

Պահպանողականության քննադատությունը

Ամենահամառ մեղադրողներից մեկը դարձավ փայլուն լիբերալ Ֆրիդրիխ Հայեկը։ Նրա կարծիքով՝ պահպանողականությունն իր բնույթով հասարակության զարգացման ոչ մի նպատակ չի կարող առաջարկել, քանի որ ի վիճակի է միայն հակազդել ընթացիկ սոցիալական և տնտեսական տեղաշարժերին, միտումներին, գաղափարախոսությունների և իդեալների փոփոխմանը։ Բայց քանի որ «առաջընթացը չես կանգնեցնի», պահպանողականությանը մնում է միայն ավելի կամ պակաս չափով դանդաղեցնել իր համար անցանկալի գործընթացները։ Եվ, ինչպես թվում է Հայեկին, քանի որ պահպանողականությունը զարգացման ոչ մի ուղղություն չի առաջարկում (ընթացիկի համեմատ), նրան մշտապես վիճակված է «քարշ գալ այն ճանապարհով, ինչը նրան պարտադրվում է դրսից»։

Դա հավերժ «երկրորդ համարի» պատիժն է։ Ինչը բավական վիրավորական է գաղափարների այն ամբողջության համար, որոնց նշանի տակ անցավ ХХ դարը և որոնք բարեհաջող հաղորդվեցին ներկա դարին։ Այստեղ կարելի է հիշատակել XX դարը հռչակած թեկուզև այնպիսի պահպանողական հեղինակների, ինչպիսիք են Լեո Շտրաուսը, Էրիկ Ֆեգելինը, Մայքլ Օուքշոթը, Ռասըլ Քերքը, Իրվինգ Քրիսթոլը, վերը մեջբերված Սամյուել Հանթինգթոնը, Ռոներտ Քեյգանը, Ֆրենսիս Ֆուկույաման, Փաթրիկ Բյուքենենը, Ռոջեր Սքրաթոնը և այլք, ինչպես նաև ազդեցիկ պահպանողական շարժումները, որոնք ընդգրկում են մտածողների և քաղաքական գործիչների ամբողջ սերունդներ, օրինակ՝ պահպանողական հեղափոխությունը Գերմանիայում կամ անգլո-սաքսոնական նեոկոնսերվատիզմը։

Բայց Հայեկը շարունակում էր հարձակումը՝ օգտագործելով էպիտետներ արդեն հույզերի ոլորտից. պահպանողականությունը, որը խեղճուկրակ է ցանկացած նորարարության համեմատ, անշուշտ, զանգվածային ընկալման մեջ պետք է պարտվի իր հավերժական հակառակորդին՝ լիբերալիզմին, որը համարձակ ու գլուխը բարձր է ընդունում փոփոխությունների զովացնող քամին։ Պահպանողականները չեն հավատում «ինքնաբուխ գործող ճշգրտող ուժերին, այնինչ լիբերալին այդ հավատը ստիպում է լավատեսորեն ընդունել փոփոխությունները, եթե անգամ նա չգիտի, թե ինչ ձևով կիրականանա անհրաժեշտ ճշգրտումը»։ Պահպանողականը հանգիստ է միայն այն ժամանակ, երբ զգում է, որ «փոփոխություններին հետևում և հսկում է մի ինչ-որ բարձրագույն իմաստուն ուժ, միայն երբ գիտի, որ մի ինչ-որ իշխանական ինստիտուցիա պարտավոր է ապահովել «փոփոխությունների «կարգավորված ընթացքը»։ Այսինքն՝ պահպանողականները, ըստ էության, ուժեղ պետության կողմնակիցներ են։ Իսկ այստեղից արդեն հեռու չէ պահպանողականության «հարցի վերջնական լուծումը». չէ՞ որ մենք բոլորս գիտենք, թե XX դարում ինչի վերածվեցին ուժեղ պետությունները. նացիզմը և տոտալիտարիզմն այդ կայուն բառակապակցության ուղղակի սպառողներն են։ Եվս մեկ մեղք, որը վերագրում են պահպանողականությանը նրա քննադատները։

Պահպանողական դիրքորոշումը, ըստ Հայեկի, հակասում է նաև արդիականության հիմնական սկզբունքներին՝ բոլոր քաղաքացիների հավասարությանը և ունիկալ արժեքին։ Հեղինակը կարծում է, որ ցանկացած հասարակությունում գոյություն ունեն «ավելի բարձր կարգի մարդիկ՝ ժառանգված սկզբունքների և արժեքների կրողներ», և իշխանությունը պետք է պաշտպանի հենց այս հիերարխիան։ Բացի այդ, պահպանողականները, հասկանալով, որ ցանկացած փոփոխության աղբյուրն ու պատճառը նոր գաղափարներն են, զգուշանում և, միևնույն ժամանակ, ատում են ցանկացած նոր գաղափար, ընդհանրապես՝ հանրային դիսկուրսներում պարունակվող ամեն նոր բան։ Պահպանողականությունը հետագնաց (ռետրոգրադ) է։

Թվում է, թե պահպանողականության այսօրինակ քննադատությունը բավական համոզիչ է, թե այն հարվածում է նրա թույլ տեղերին՝ դրանով իսկ առաջ չբերելով ցնցումների և թերասացության զգացողություն նրա հիմնային սկզբունքների առնչությամբ։ Բայց դա թվացյալ համոզվածություն է։ Պարզապես այն պատճառով, որ պահպանողականության քննադատները, որպես կանոն, մարտնչում են նրա շտկված կերպարի հետ։ Նման հակառակորդին, ինչպես նրանց է թվում, ավելի հեշտ է հաղթահարելը։

Բայց չէ՞ որ համոզվելու համար, որ քննադատների համար սովորական է պահպանողականության կերպարը պարզեցնելը, բավական է անդրադառնալ թեկուզև պահպանողականության և ավանդապաշտության (տրադիցիոնալիզմ) սահմանազատմանը, որն առաջարկել է դեռ Կառլ Մանհեյմը «Պահպանողական միտք» աշխատությունում (1925)։ Կա պահպանողականություն՝ որպես մտածողության եղանակ կամ ոճ, ռեակտիվ փոփոխվող սոցիալական համատեքստի հանդեպ, և կա ավանդապաշտություն՝ որպես անմիջական հոգեբանական հակազդեցություն այստեղ և հիմա կատարվող կոնկրետ փոփոխություններին։ Պահպանողականությունը հենվում է սոցիալական պատմության վրա, իսկ ավանդապաշտությունն անմիջական հակազդեցությունն է նորամուծությանը, որը հենվում է սոսկ մենթալ սովորույթների և կայունության ցանկության վրա։

Տասը հատկություն

Ի՞նչ է, ուրեմն, իսկական պահպանողականությունը։ Ռուսական պահպանողական ամենավառ մտածողներից մեկը՝ Լեոնիդ Իոնինը, առաջարկել է տասը կետ, որոնք կարող են ոչ միայն ավելի հստակ պատկերացում տալ պահպանողականության էության մասին, այլև լիբերալ քննադատներին տրամադրել ավելի աուտենտիկ մրցակցի, քան քրջե «հավաքական կոնսերվատորն» է՝ կարված բզկտված գաղափարախոսական փրթիկներից։

Պահպանողականության առաջին և գլխավոր հատկությունն անցյալի և ներկայի կապվածության մասին թեզիսն է։ Եվ սա նույնը չէ, ինչ վախը փոփոխությունների նկատմամբ։ Պահպանելով և վերարտադրելով անցյալի փորձը, խոչընդոտելով ավանդույթների և բազային քաղաքակրթական ու մշակութային հմտությունների մոռացությանը, դրանով իսկ հարկադրելով «անցյալին ապրել ներկայում՝ պահպանողականությունը թույլ չի տալիս, որ կտրվի պատմության թելը, թույլ չի տալիս, որ կտրվի «ժամանակի կապը»։ Իոնինը «դրոշմում» է. «Պահպանողականությունը պատմության պահապանն է»։ Ինչպես ասում էր գերմանական պահպանողականության առանցքային ներկայացուցիչներից մեկը՝ Արմին Մոլերը, «պահպանողական լինել՝ չի նշանակում կառչել երեկվա օրից, այլ նշանակում է ապրել նրանով, ինչը նշանակալի է միշտ»։

Պահպանողականության երկրորդ կարևոր հատկությունը, ըստ Իոնինի, «կյանքի խորհուրդները հարգելն է, ինչը մարմնավորվում է հեղինակությունների ճանաչմամբ և աջակցմամբ, լինեն դրանք Աստված, բնությունը, պատմությունը, թե պետությունը։ Ռացիոնալիզմը՝ պրոգրեսիստական և հեղափոխական գաղափարախոսությունների հիմքն ու շարժիչ ուժը, ինչպես հայտնի է, գաղտնազերծում է աշխարհը, մերկացնում հեղինակություններին՝ գաղտնիքներ չթողնելով, դրանով իսկ աղքատացնելով կյանքը, նվազեցնելով նրա հոգևոր և հուզական մակարդակը, մարդուն մեն-մենակ թողնելով անտարբեր աբստրակտ «ուժերի» հետ։ Այստեղից էլ այնուհետև առաջ է գալիս կյանքի և բնության համատարած վերաձևման կիրքը։ Պահպանողականությունը, ընդհակառակը, ձգտում է անաղարտ պահել սոցիալական երևույթների մի ինչ-որ սրբագործված միջուկ»։

Երրորդ. պահպանողականությունը կարգը, կայունությունը, ժառանգականությունը, հեղինակությունը, ազատությունը հաստատում է հենց օրինականության հիման վրա։ Շեշտը դնելով «սոցիալական կյանքի հանդեպ վստահության» վրա՝ պահպանողականությունը փառաբանում է օրինապաշտությունը և քաղաքացիական պատասխանատվությունը։

Չորրորդ. պահպանողականությունը, իսկապես հանդիսանալով հասարակական ցանկացած ախտի հեշտ բացատրության և անցավ բուժման հավակնող ունիվերսալ գաղափարների հակառակորդը, սկզբից ևեթ ուղղված է «ինչպես կոնկրետ մարդու, այնպես էլ «պատմական անհատների» հատուկ, անհատական, ուրույն արժեքներին՝ երկրներին և մշակույթներին, քաղաքակրթություններին, տարածաշրջանային միություններին։ Արդի գաղափարախոսությունները և արդի կյանքը (նկատի է առնվում XX դարը- Эксперт), ինչպես երբեք, ջանում են համահավասարեցնել մարդկային անձնավորություններին, համահարթել մշակութային տարբերությունները երկրագնդի բոլոր մասերում։ Մեղավորը և՛ ամբողջատիրական գաղափարախոսություններն են՝ իրենց համընդհանուր համահավասարեցմամբ, և՛ «ֆորմալ» դեմոկրատիա ու զանգվածային մշակույթ ծնած լիբերալ պրոգրեսիզմը։ Ի դեպ, զանգվածայնացումը արդիականությանը բնորոշ երևույթ է, որը գերգաղափարախոսական բնույթ ունի, և դրան գիտակցաբար հակադրվում է, թերևս, միայն պահպանողականությունը։ Պահպանողականությունն անհատականության պաշտպանն է»։

Հինգերորդ. հասարակությունը պահպանողականի համար արհեստական մեխանիկական ագրեգատ չէ և ոչ էլ ծննդյամբ կամ միգրացիոն հակումներով պայմանավորված՝ անհատների պատահական կուտակում, որոնց «էգոիզմները» փոխադարձաբար հավասարակշռում են միմյանց, այլ օրգանական ամբողջություն՝ անդամների հայտնի համաչափությամբ, որը կառավարվում և կարգավորվում է պետության կողմից։ Վերջինն իր մեջ մարմնավորում է հասարակությունը և արտահայտում նրա խմբերի ու դասերի և իր բոլոր քաղաքացիների շահերը»։ Պետությունն անհատին «ազատություն է տրամադրում, և ինքն էլ սահմանափակում է այն։ Այն տրամադրում և կազմակերպում է սեփականության իրավունքը։ Սեփականությունն ազատության գործառույթ է, և ոչ թե ազատությունն է սեփականության գործառույթ, ինչպես կարծում են լիբերալները։ Ուստի, պետությունը համարվում է քաղաքացիական հասարակության աղբյուրը»։

Վեցերորդ. պահպանողականությունը դրական գաղափարախոսություն է։ Ցանկացած պրոգրեսիստական գաղափարախոսություն հիմնված է այն բանի վրա, որ նորը հնից լավ է, նշանակում է՝ հինը պետք է դեն նետվի կամ ոչնչացվի։ «Պահպանողականությունը,- նշում է Լեոնիդ Իոնինը,- մղում է չտրվել այդ պրոգրեսիստական պատրանքին։ Հաճախ խոսում և գրում են, թե պահպանողականը հնի պաշտպանն է։ Եվ դա բավական է լինում, որպեսզի մեղադրեն պահպանողականին և մերժեն նրա փաստարկները։ Գիտակցության մի ինչ-որ անհեթեթ շեղման պատճառով կարծում են, որ նորն այդպիսին է հենց նրա համար, որ ավելի նոր, լավ և արժեքավոր է հնից։ Սա մարդկային հոգեբանության համեմատաբար վերջերս արված ձեռքբերում է՝ կապված հոսքագծի վրա դրոշմվող, մեկը մյուսին նման իրերի արդի զանգվածային արտադրության հետ։ Նոր իրի մասին նախապես կարելի է ասել, որ այն հնից ավելի լավն է միայն այն պարագայում, եթե դրանք բացարձակապես միանման իրեր են։ Իսկ եթե դրանք տարբեր իրեր են, ապա դրանց մասին հարկ է դատել որակի առումով, այլ ոչ թե ժամանակի ձևական չափանիշով։ Այլ խոսքով, հնի համեմատ նորի՝ ինքնըստինքյան հասկացվող գերազանցությունն արդի նախապաշարմունք է։ Հինը կարող է ավելի լավը լինել նորից։ Ուրեմն, պահպանողականությունը կողմնորոշված է ոչ թե անցյալը ժխտելուն, այլ պահպանելուն։ Սա նաև նորի ժխտում չի ենթադրում, այլ, ավելի շուտ, հավերժի հաստատում»։

Յոթերորդ. պահպանողականությունը պասիվ չէ, բայց ակտիվ է։ Մի որևէ արժեքավոր և ժամանակով ստուգված բան պահպանելու համար գործողություններ են անհրաժեշտ։ Այդ գործողությունները (նորամուծություններ և ռեֆորմներ) պետք է պատնեշեն և խանգարեն ողջ հասարակության համար վտանգավոր սոցիալական բեկումներին ու կտրուկ հեղափոխական փոխակերպումներին։ Հասարակության և պետական իշխանության պասիվությունն, ընդհակառակը, հանգեցնում է հեղափոխությունների։

Ութերորդ. պահպանողականներն իրավունքի պաշտպաններն են։ Նրանք, գրում է Իոնինը, «ինչպես վերի, այնպես էլ վարի՝ մասսաների դիկտատուրայի հակառակորդն են։ Այս իմաստով պահպանողականը քաղաքական առումով մշտապես կենտրոնում է»։

Իններորդ. պահպանողականությունն արդարության ջատագովն է։ Արդի հասարակությունում սոցիալական արդարությունը գոյություն ունի և իրագործվում է պետության կարգավորող և բաշխող գործառույթով, որին նպաստում են հասարակության բոլոր շերտերն ու խմբերը։ Իոնինն առաջարկում է դա անվանել «սոցիալական պահպանողականություն»։

Տասներորդ. պահպանողականությունը միշտ արդիական է, քանի որ ամեն անգամ ծնունդ է առնում ակտուալ հասարակական իրավիճակից։ Եվ պահպանողականությունը վերկուսակցական է։ Այն, ինչում նրան մեղադրում են, իրականում նրա հաջողության մարտավարությունն է։ Որպես քաղաքական գաղափարախոսություն՝ պահպանողականությունը կարող է դրսևորվել տարբեր կուսակցությունների գործունեությունում։ Այն ճկուն է։ Նրա համար ավելի կարևոր է, որ այս կամ այն կուսակցությունն ընդունի պահպանողական որոշումներ, քան անվերապահորեն նույնացվի այն կուսակցության հետ, որն իրեն պահպանողական կանվանի։

“Эксперт”, N 1 (735), 27 դեկտեմբերի 2010 – 16 հունվարի 2011
«Գլոբուս Ազգային անվտանգություն», թիվ 3, 2011

դեպի ետ