
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԵՈՕՍՄԱՆԻԶՄԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ
Ռուբեն ՄելքոնյանՌ.Մելքոնյան` «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան
Ներկայումս Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Ահմեդ Դավութօղլուն, դեռևս 2001թ. հրատարակած «Ստրատեգիական խորություն. Թուրքիայի միջազգային դիրքը» ստվարածավալ աշխատության մեջ վերլուծելով Թուրքիայի տարածաշրջանային և աշխարհաքաղաքական շահերն ու առաջնահերթությունները, տալիս է մի շարք տեսական գնահատականներ և առաջարկություններ: 2002թ. Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) իշխանության գալուց հետո քաղաքագետ-վերլուծաբան Դավութօղլուի հայացքներին թուրքական քաղաքական շրջանակները սկսեցին ավելի մեծ կարևորություն տալ, իսկ հետագայում, երբ նա ստանձնեց Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը, այդ տեսական դրույթները սկսեցին տեղ գտնել նաև գործնական հարթությունում: Այսօր Թուրքիայում Դավութօղլուի մշակած տեսություններից առավել մեծ ճանաչում և տարածում է գտել, այսպես կոչված, նեոօսմանիզմի գաղափարախոսությունը, որի մի շարք դրույթներ հետզհետե ավելի ակներև են դառնում Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ: Եթե առավել հանրամատչելի ներկայացնենք նեոօսմանիզմի հիմնական դրույթները, ապա կարող ենք սահմանել հետևյալը. Թուրքիան ձգտում է քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, հոգևոր դերակատարում ունենալ, ավելին` լիդերի դեր ստանձնել Օսմանյան կայսրության նախկին մի շարք տարածաշրջաններում, իսկ առավել կոնկրետ` Մերձավոր Արևելքում, Բալկաններում, Հյուսիսային Աֆրիկայում: Կովկասի պարագայում Թուրքիան փորձում է կիրառել «զրո խնդիր հարևանների հետ» սկզբունքը, սակայն, միևնույն ժամանակ, ձգտում է առանցքային դեր խաղալ տարածաշրջանային կոնֆլիկտներում, դառնալ յուրահատուկ «դատավոր և հաշտարար»: Բացի այդ, Թուրքիան հարավկովկասյան պետություններում, մասնավորապես` Ադրբեջանում և Վրաստանում ուժեղացնում է ներկայությունը հատկապես տնտեսական ոլորտում:
Այսօր մասնագիտական և ոչ մասնագիտական շրջանակներում տարածված է այն կարծիքը, որ հենց Ահմեդ Դավութօղլուն է նեոօսմանիզմի գաղափարախոսության առաջամարտիկն ու ճարտարապետը, սակայն առկա փաստերը խոսում են այն մասին, որ նեոօսմանիզմի շուրջ մտորումներ, քննարկումներ եղել են նաև ավելի վաղ, ուղղակի Դավութօղլուն մասնագիտորեն համակարգել և մշակված տեսք է տվել դրանց: Նեոօսմանիզմի հետ ուղղակի աղերսներ ունեցող հայտարարություններ է արել ժամանակին Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը` խոսելով բալկանյան մուսուլմանների մասին1: Թուրք հրապարակախոս Ասլի Այդընթաշբաշըն վերհիշում է 1990-ականների կեսերին իր զրույցը այն ժամանակվա Թուրքիայի մեջլիսում ներկայացված «Ռեֆահ» (Բարօրություն) իսլամամետ կուսակցության պատգամավոր Աբդուլա Գյուլի հետ, որտեղ վերջինս պատմում է, թե ինչպես ինքն ու իր համախոհները երազում են Թուրքիայի և հարևան արաբական երկրների միջև ստեղծել մի համադաշնություն, որտեղ Թուրքիային վերապահված է առանցքային դեր2: Արդեն այսօր, երբ վերոնշյալ մտքերի հեղինակը Թուրքիայի նախագահն է, նրանց երազանքները ձեռք են բերել ավելի համակարգված բնույթ և լուրջ տեղ զբաղեցրել թուրքական արտաքին քաղաքականության մեջ:
Այժմ ընդհանուր գծերով սահմանենք նեոօսմանիզմի գործունեության հիմնական ուղղությունները և փորձենք դիտարկել դրանց գործնական կիրառությունը հատկապես մերձավորարևելյան տարածաշրջանի վերջին դեպքերի համատեքստում: Նեոօսմանիզմը ձգտում է դիվանագիտական, քաղաքական, տնտեսական ակտիվ գործունեություն ծավալել թիրախային տարածաշրջաններում` Մերձավոր Արևելք, Բալկաններ, Հյուսիսային Աֆրիկա, Կովկաս, միջնորդի դեր ստանձնել տարածաշրջանային կոնֆլիկտներում, դառնալ դեպի Մերձավոր Արևելք ժողովրդավարություն և արդիականացում «արտահանող» երկիր, յուրահատուկ միջնորդ դառնալ Արևելքի և Արևմուտքի միջև և այս ու տարբեր այլ միջոցներով բարձրացնել Թուրքիայի հեղինակությունը թիրախային տարածաշրջանների երկրներում: «Նեոօսմանիզմի կենսագործման համար կարևոր է իսլամական, մասնավորապես` արաբական երկրներում համապատասխան տրամադրությունների ձևավորումը, որի ուղղությամբ տարվում է նպատակաուղղված քաղաքականություն»<sup>3: Փաստենք, որ վերջին տարիներին Թուրքիան հատկապես ակտիվ է աշխատում արաբական երկրների հետ իր հարաբերությունների սերտացման, հեղինակության բարձրացման ուղղությամբ: Բավական ցայտուն օրինակներից են Սիրիայի հետ Թուրքիայի հարաբերությունների ջերմացումը և տնտեսական ոլորտում արձանագրված աճը: Սակայն շատ վերլուծաբանների կարծիքով՝ նեոօսմանիզմի առաջին բացահայտ և աղմկահարույց դրսևորումը տեղի ունեցավ Դավոսում, որտեղ Թուրքիայի վարչապետ Էրդողանը կոշտ քննադատության ենթարկեց Իսրայելին` նրա պաղեստինյան քաղաքականության համար և լքեց դահլիճը: Այդ դեպքից որոշ ժամանակ անց Ղազայի հատվածում ռազմական բախում տեղի ունեցավ թուրքական նավերի և իսրայելական զինված ուժերի միջև, որին հետևեցին թուրք բարձրաստիճան ղեկավարների ծայրահեղ կոշտ հայտարարությունները և թուրք-իսրայելական հարաբերությունների սառեցումը: Հենց այդ դեպքերից հետո էր, որ արաբական աշխարհում կտրուկ բարձրացավ Թուրքիայի հեղինակությունը, հատկապես հասարակական շրջանակներում դա առավել քան ակնհայտ էր. բավական է նշել, որ արաբական մի շարք երկրներում այդ օրերին տեղի ունեցող հակաիսրայելական բողոքի ակցիաների ժամանակ մարդիկ ծածանում էին թուրքական դրոշը, պարզում էին Էրդողանի լուսանկարներով պաստառներ և այլն: Թուրքիայի հեղինակության աճին զուգահեռ արաբական աշխարհում կտրուկ աճում է նաև Էրդողանի անձնական հեղինակությունը. արաբական ԶԼՄ-ի անցկացրած սոցիոլոգիական հարցումների արդյունքում նա հայտարարվում է տարվա մարդ, նրա անունով են կոչում նորածին երեխաների և այլն: Թուրքիայի արտաքին քաղաքականության հասցեին գովեստի խոսքեր են հնչում Պաղեստինում, Դավութօղլուին համարում են նորօրյա Հենրի Քիսինջեր, իսկ պաղեստինյան որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ բացահայտ կերպով նեոօսմանիզմի գաղափարախոսությունը համարում են Մերձավոր Արևելքի խնդիրների լուծման բանալի: Լիբիայի առաջնորդ Քադաֆին ևս օրերս խիստ ուշագրավ հայտարարություն է արել, որն անմիջապես լայն տարածում է գտել թուրքական ԶԼՄ-ում: Ըստ այդ տեղեկատվության, Քադաֆին, խոսելով թուրք-լիբիական հարաբերությունների մասին, ասել է. «Մենք բոլորս էլ օսմանցի ենք»:
Վերլուծելով Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցող վերջին գործընթացները` կարող ենք սահմանել, որ նեոօսմանիզմի հռչակած թիրախների ուղղությամբ Թուրքիան վարում է գերակտիվ քաղաքականություն, սակայն այս պահին, մեր կարծիքով, թուրքական իշխանություններն առավելապես աշխատում են արաբական երկրների հասարակությունների վստահությունը շահելու ուղղությամբ, ուստի նրանց քայլերում գերիշխում են պոպուլիստական տարրերը:
Վերջերս արաբական աշխարհում տեղի ունեցող դեպքերը (թունիսյան, եգիպտական, լիբիական) լրացուցիչ առիթ են ընձեռում Թուրքիային՝ միջամտելու մերձավորարևելյան գործընթացներին, հավատարիմ մնալով նեոօսմանիզմի սահմանած քաղաքական առաջնահերթություններին: Եթե դիտարկենք արաբական երկրներում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ երրորդ պետությունների հետաքրքրվածությունը, ապա միանշանակ կարող ենք փաստել, որ տարածաշրջանում ամենաակտիվը Թուրքիան է: Մասնավորապես` եգիպտական դեպքերի ամենաթեժ պահերին թուրք բարձրաստիճան շատ գործիչներ հանդես եկան հայտարարություններով, որտեղ կրկին աչքի ընկավ նեոօսմանիզմի «ճարտարապետ» Դավութօղլուն, որը միջնորդական հանձնառությամբ այցելեց Մերձավոր Արևելք: Թուրքիայի ակտիվ շահագրգռվածությունը եգիպտական դեպքերով Դավութօղլուն բացատրեց պոպուլիստական ձևով. «Եգիպտոսի կայունությունը մեզ համար ունի ստրատեգիական նշանակություն, և պետք չէ, որ մեր ակտիվությունն ընկալվի որպես այլ պետության ներքին գործերին միջամտելու փորձ»: «Եգիպտոսը մեզ համար եղբայրական և բարեկամ երկիր է, ու այդ ամենը հիմնված է պատմական արմատների վրա»: «Մենք մեր արաբ եղբայրների խնդիրները համարում ենք մերը, նրանց հոգսերը մեր հոգսերն են»4: Իր հերթին վարչապետ Էրդողանը կոչով հանդես եկավ՝ ուղղված և՛ Մուբարաքին, և՛ եգիպտական ժողովրդին, որտեղ նա նշեց նաև, որ Թուրքիան մտահոգված չէ միայն իր շահերով, այլ մտածում է նաև հարևան երկրների ու ժողովուրդների բարօրության մասին5: Մուբարաքի հրաժարականից հետո Թուրքիայի կառավարությունը հանդես եկավ նաև պաշտոնական հայտարարությամբ` կոչ անելով Եգիպտոսի ժամանակավոր կառավարությանը հաստատել ժողովրդավարություն և երկրի ղեկը հնարավորինս արագ փոխանցել ժողովրդի կողմից ընտրված իշխանությանը: Մուբարաքի տապալումից քիչ հետո Եգիպտոս այցելեց նաև Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը և կրկնեց իր երկրի կառավարության պաշտոնական հայտարարության վերոնշյալ կետերը:
Արևմտյան վերլուծաբանների ուշադրությունից ևս չի վրիպել Թուրքիայի ակտիվ քաղաքականությունը Մերձավոր Արևելքում և վերլուծաբան Ջոշուա Վոքերը հեղինակավոր Foreign Policy ամսագրում նշում է, որ Օսմանյան կայսրության անկումից հետո արդեն 21-րդ դարում Թուրքիան կրկին ձգտում է վերադառնալ Մերձավոր Արևելք և դառնալ տարածաշրջանային որոշիչ ուժ6: Ըստ Վոքերի, Օսմանյան կայսրության անկումից հետո մինչև այժմ Թուրքիան արաբական աշխարհում դիվանագիտական, տնտեսական և քաղաքական ոլորտներում այսքան ակտիվ երբևէ չի եղել:
Այս օրերին Թուրքիան տարածաշրջանում ակտիվ աշխատանքներ է տանում նաև լրագրողների և վերլուծաբանների մակարդակով: Իրադարձությունների ամենաթեժ կետերում գտնվող թուրք լրագրողները, լուրերը հաղորդելուց բացի, ուսումնասիրում և ԶԼՄ-ի միջոցով փոխանցում են արաբական հասարակությունների տրամադրվածությունները Թուրքիայի նկատմամբ: Թուրքական վերլուծական շրջանակները ևս բավական ակտիվ են, օրինակ` TESEV հետազոտական հիմնադրամը վերջերս կատարել է մի ուսումնասիրություն, որը կրել է «Միջին Արևելքում Թուրքիայի ընկալումները» վերնագիրը: Մասնավորապես` եգիպտացիների շրջանում արված ուսումնասիրության արդյունքում ի հայտ է եկել այն փաստը, որ հարցվածների 15%-ի համար կարևոր ու գայթակղիչ է Թուրքիայի իսլամական նկարագիրը կամ իսլամական պետության «թուրքական մոդելը»: Եվ պատահական չէ, որ այս օրերին հատկապես թուրքական մամուլում շարունակ տարփողվում են Մերձավոր Արևելքում «թուրքական մոդելի» արատահանման մասին լուրերը: Ըստ տարածված կարծիքի՝ Թուրքիան և, մասնավորապես, իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը կարողացել է հաջողությամբ համադրել իսլամականությունը և Արևմուտքի համար ընկալելի լինելու հանգամանքները, ուստի այդ մոդելը խիստ գրավիչ կարող է լինել նաև իսլամական աշխարհի այլ երկրների համար:
Փաստորեն, կարող ենք ասել, որ այս պահին Թուրքիայի գերակտիվ քաղաքականությունը Մերձավոր Արևելքում պարունակում է մի քանի բաղկացուցիչ. նախ` Թուրքիան փորձում է օգտվել արաբական աշխարհում ընդգծված լիդերի բացակայությունից և լրացնել այդ վակուումը, երկրորդ` Թուրքիան փորձում է առավելագույնս օգտագործել իսլամի և Արևմուտքի համար ընկալելի լինելու համադրությունը և դառնալ ակտիվ միջնորդ Արևելքի և Արևմուտքի միջև: Այս համատեքստում խիստ ուշագրավ են նաև Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններում ստեղծված ներկա վիճակը. Թուրքիան մի կողմից բացահայտ և կոշտ քննադատում է Իսրայելին, սակայն մյուս կողմից լիովին չի այրում կամուրջները և պահպանում է իր կարևոր խաղաքարտը, այն է` անհրաժեշտության դեպքում կարող է ողջ իսլամական աշխարհի անունից խոսել Իսրայելի հետ: Այս ամենին զուգահեռ, Թուրքիան ձգտում է ուժեղացնել տնտեսական կապերն արաբական աշխարհի հետ, և թուրքական տնտեսությունը, սոցիալական ընդհանուր վիճակը ևս գայթակղիչ են դառնում արաբական երկրների համար:
Վերը բերված օրինակները նեոօսմանիզմի տեսական դրույթների գործնական կիրառման ակնհայտ դրսևորումներ են, և ավելորդ չէ նկատել, որ այս ամենը թուրքական իշխանություններն օգտագործում են ոչ միայն արտաքին քաղաքականության մեջ, այլև կանխատեսելի է դրանց լայն գործածումը ներքին քաղաքականության մեջ ևս: Թուրքիայի իշխող կուսակցությունը մի կողմից իսլամական աշխարհին ապացուցում է հավատարմությունը համաիսլամական խնդիրների լուծման գործին, իսկ ներքին քաղաքականության մեջ ԱԶԿ-ն իր կրոնամետ ընտրազանգվածի առջև յուրահատուկ քննություն է տալիս: Սպասելի է, որ այս ամենն էլ ավելի ցայտուն կարտահայտվի մոտեցող խորհրդարանական ընտրությունների ընթացքում:
Սակայն չպետք է կարծել, որ Թուրքիայի ձգտումները և հավակնություններն արաբական աշխարհի հետ կապված՝ միանշանակ են ընդունվում հենց արաբական երկրներում: Օրինակ` Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը բավական կոշտ արձագանքեց թուրքական պաշտոնյաների հայտարարություններին և հստակ նշեց, որ իր երկրի համար ընդունելի չեն ո′չ թուրքական ԱԶԿ-ի մոդելը, և ո′չ էլ Թուրքիայի «մեծ եղբոր» հավակնությունները: Արաբ վերլուծաբանները, երբեմն նաև հեգնանքով և չքողարկված քննադատությամբ, նշում են, թե շուտով Մերձավոր Արևելքում չի մնա գեթ մեկ խնդիր, որի լուծմանը ներգրավված չլինի Թուրքիան7: Իսկ որոշ թուրք վերլուծաբաններ կարծում են, որ այս օրերի ոգևորության ալիքի հիման վրա վերլուծություններ և հետևություններ անելն այդքան էլ ճիշտ չէ, և այսօր չի կարելի ասել, որ արաբական աշխարհը լիովին պատրաստ է ընդունել Թուրքիայի առաջնորդությունը: Այստեղ երկրորդական չէ նաև արաբ ժողովրդի հիշողությունը, որում թուրք-օսմանյան անցյալն ամենևին էլ դրական գույներով չի պատկերված:
Մերձավոր Արևելքում Թուրքիայի գերակտիվ քաղաքականության դրդապատճառների հարցում մեծ թվով վերլուծաբաններ իրավացիորեն կարևորում են ԱՄՆ հանգամանքը: Արաբական աշխարհում մինչև վերջերս ԱՄՆ շահերի ներկայացուցիչը համարվում էր Եգիպտոսը, սակայն վերջին իրադարձություններից հետո պարզ է դառնում, որ կարող են փոխվել նաև ԱՄՆ խաղադրույքները: Մի շարք վերլուծաբաններ նաև նեոօսմանիզմի գաղափարախոսության հետևում տեսնում են ԱՄՆ-ին8 և որպես դրա ապացույց նշում այդ գերտերության ակնկալած շահերը: Մասնավորապես` Մերձավոր Արևելքի բարդ տարածաշրջանում ԱՄՆ-ին առավել ձեռնտու է քայլեր անել իր համար վստահելի մի գործընկերոջ միջոցով, որը միևնույն ժամանակ օտար չէ տարածաշրջանին, այլ դրա բաղկացուցիչ և կարևոր մասն է կազմում: Ահա այդպիսի կապող օղակի դերի համար ամենաձեռնտու թեկնածուն հենց Թուրքիան է, որը «սիրահոժար» առաջարկել է իր ծառայությունները՝ դրա փոխարեն ստանալով ԱՄՆ աջակցությունը: ԱՄՆ-ը նաև բացահայտ մեսիջներ է ուղարկում աշխարհին, որ Թուրքիան իր համար Մերձավոր Արևելքի ընդհանուր ներկայացուցիչը լինելու և միջնորդ դառնալու համար ընդունելի է: Մասնավորապես` Թուրքիան առաջին իսլամական երկիրն էր, ուր այցելեց Բարաք Օբաման ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո: Եվ այսօր էլ պատահական չէ, որ արաբական երկրներում ընթացող հուզումների ժամանակ շատ հաճախ են այս հարցերի շուրջ տեղի ունենում հեռախոսազրույցներ Օբամայի և Էրդողանի միջև, ինչը լայն տարածում է գտնում միջազգային մամուլում և բարձրացնում Թուրքիայի հեղինակությունը: Այս խաղում ևս թուրքական դիվանագիտությունը հանդես է գալիս բավական ճկուն, և ստեղծված իրավիճակում Թուրքիային հաջողվում է այս պահին դառնալ և՛ ԱՄՆ գործընկերը, և՛ իսլամական աշխարհի շահերի ներկայացուցիչը: Այսինքն` գրեթե բոլոր խաղացողների շահերը համընկել են, և Թուրքիան ձգտում է քաղել առավելագույն օգուտներ այս ամենից: «Վաշինգտոնի նոր մերձավորարևելյան քաղաքականությունն առավելագույնս համապատասխանում է Մերձավոր Արևելքում Անկարայի հավակնոտ ծրագրերի իրականացմանը»9:
Ամփոփելով` նշենք, որ Մերձավոր Արևելքում Թուրքիայի գերակտիվ քաղաքականությունն ուշագրավ դրսևորումներ ու զարգացումներ է արձանագրում, և կարելի է ասել, որ արտաքին քաղաքականության մեջ նեոօսմանիզմը սկսում է տալ առաջին պտուղները:
1 Սիմավորյան Ա., Գաղափարախոսական հոսանքները Թուրքիայի արտաքին քաղաքականության համատեքստում, http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=4956
2Герман И., Турция идет на восток http://www.expert.ru/printissues/expert/2009/26/turciya_idet_na_vostok/#print
3Սիմավորյան Ա., Գաղափարախոսական հոսանքները Թուրքիայի արտաքին քաղաքականության համատեքստում, http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=4956
4Hurriyet, 04.02.2011.
5Свистунова И., Реакция Турции на события в Египте, http://www.iimes.ru/rus/stat/2011/25-02-11.htm
6Türkiye yeniden Ortadoğu'ya dönüyor, Radkal, 05.02.2011.
7Стратегия неоосманизма приносит успех турецкой дипломатии http://i-r-p.ru/index.php?show=page&stream=event&index=24557
8Սիմավորյան Ա., Գաղափարախոսական հոսանքները Թուրքիայի արտաքին քաղաքականության համատեքստում, http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=4956
9Герман И., Турция идет на восток http://www.expert.ru/printissues/expert/2009/26/turciya_idet_na_vostok/#print
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ[31.05.2012]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ[14.05.2012]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՍԼԱՄԱՑՎԱԾ ՀԱՅԵՐԻ ԹԵՄԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ[12.04.2012]
- ՎԵՐԱԴԱՐՁԸ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ ՀԱՃԱԽ ԲԱՑՈՒՄ Է ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ[28.12.2011]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ[05.12.2011]
- ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐԴԻ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ[14.11.2011]
- ՄԿՐՏԻՉ ՇԵԼԵՖՅԱՆ. ՎԵՐՋԻՆ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ[24.10.2011]
- «ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ» ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹ[12.10.2011]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ԷԹՆՈՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԻ ՇՈՒՐՋ[03.10.2011]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՈՒԾԱՑԱԾ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ. ԴԻԱՐԲԵՔԻՐ[25.07.2011]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՉԵՐՔԵԶՆԵՐԻ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ[07.07.2011]