ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐՆ ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ՈՒՂԵԿՑՈՂ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԸ

Ս.Մարտիրոսյան` «Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ
Գործընթացներն արաբական աշխարհում ուղեկցվում են մասշտաբային, գլոբալ տեղեկատվական հոսքերով, որոնցում ներգրավվել են ոչ միայն համաշխարհային բոլոր լրատվամիջոցները, այլ նաև սոցիալական ցանցերի հսկայական զանգվածներ, որոնք փորձում են մասնակցել տեղեկատվա-քարոզչական դիմակայությանը։ Սոցիալական ցանցի միջոցով տեղեկատվական փոխանակման կամավոր մասնակիցների հսկայական քանակության ներգրավվածությունը հանգեցրեց նրան, որ, մասնավորապես, շատ լրատվամիջոցներ Թունիսում և Եգիպտոսում տեղի ունեցածն սկսեցին անվանել Facebook հեղափոխություն կամ Twitter հեղափոխություն։ Ինչպես դժգոհողները, այնպես էլ նրանց կողմնակիցները ողջ աշխարհում բավական ակտիվորեն օգտագործում են սոցիալական ցանցերն ու բլոգները տեղեկատվական և քարոզչական գործողություններ վարելու համար։
Սոցիալական ցանցերի օգտագործումն ինքնըստինքյան Եգիպտոսում, Թունիսում և արաբական այլ երկրներում հեղափոխական շարժումների հիմնական շարժիչ գործոնը չէր։ Ավելին, սոցիալական ցանցերի և, ընդհանրապես, ինտերնետ կապի ազդեցությունը տարբեր երկրներում տարբեր է։ Այսպես, Եգիպտոսում Facebook–ի ներթափանցումը հասնում է բնակչության 7%-ին. այստեղ սոցիալական այս ցանցից ավելի քան 5 մլն օգտվող կա։ Միևնույն ժամանակ, Թունիսում Facebook–ի ներթափանցումը հասնում է 20%-ի՝ ավելի քան 2 մլն օգտվող։ Սակավաբնակ Բահրեյնում 800 հազար բնակչության ավելի քան մեկ երրորդն է օգտվում Facebook–ից, իսկ Լիբիայում՝ բնակչության 5%-ից քիչը, ընդամենը 300 հազար օգտվող։ Համեմատության համար նշենք, որ Հայաստանում Facebook–ից օգտվում է մոտ 135 հազար մարդ, և այս ցուցանիշը տոկոսային արտահայտությամբ համընկնում է լիբիականի հետ։
Սոցիալական ցանցերը Թունիսում, Եգիպտոսում և տարածաշրջանի այլ երկրներում խաղացին ինչպես ակտիվիստների համախմբման հարթակի, այնպես էլ տեղեկատվության այլընտրանքային աղբյուրի դեր իշխանությունների կողմից ավանդական ԶԼՄ-ի մակարդակով իրականացվող շրջափակման պայմաններում։ Բացի այդ, սոցիալական ցանցերն օգտագործվել են արտաքին աշխարհում օպերատիվ տեղեկատվությունը տարածելու համար, ինչն իր հերթին առաջ է բերել ուժային կառույցների հակազդեցությունը, որոնք կրիտիկական իրավիճակում փորձում էին վերահսկել տեղեկատվական հոսքերը։
Թունիսում հատուկ ծառայությունները զանգվածային ձևով կոտրեցին ընդդիմադիր տրամադրություններ ունեցող ակտիվիստների պրոֆիլները Facebook-ում, Gmail-ում և Yahoo-ում։ Ընդ որում՝ ուժային կառույցներն օգտվեցին այն բանից, որ երկրում աշխատում է մեկ պրովայդեր-մոնոպոլիստ, և նրա միջոցով կարողացան մտնել օգտագործողների պրոֆիլները1։ Սակայն հենց որ հատուկ ծառայությունների գործողությունները բացահայտվեցին, Facebook-ի վարչակազմն անհապաղ տեխնիկական միջոցներ մշակեց կոտրելու հնարավորություններն արգելափակելու համար։ Բացի այդ, Anonymous գլոբալ խմբավորման կիբերանարխիստները պատասխան հարված հասցրին։ Anonymous-ը գործարկեց «Թունիս» գործողությունը, ավելի քան մեկ օրով խափանեց Tunisian Internet Agency կայքը և տեղի օգտագործողներին խորհուրդ տվեց բրաուզերի վրա հատուկ ընդլայնում զետեղել, որն էջերից կտրում է երկրի հատուկ ծառայությունների կողմից կոտրելու համար տեղադրված վնասաբեր սկրիպտը2։
Եգիպտոսում նույնպես հատուկ ծառայություններն ազգային մակարդակով արգելափակեցին Facebook-ը, Twitter-ը, Google ծառայությունները։ Ի պատասխան՝ ինտերնետ-հսկաներն սկսեցին այլընտրանքային IP-հասցեներ մտցնել, որոնք Եգիպտոսի օգտագործողներին հնարավորություն էին տալիս արգելափակումը շրջանցելով սոցիալական ցանցեր մտնել3։
Համենայնդեպս, եգիպտական իշխանություններն ինչ-որ պահի խուճապի մատնվեցին և բացի կոնկրետ հարթակներն արգելափակելուց, լրիվ անջատեցին ինտերնետ կապը, ինչն արձանագրվեց միջազգային Internet Society կազմակերպության կողմից. հունվարի 27-ին կտրուկ ընկավ և հետագայում գրեթե անհետացավ 80 եգիպտական ինտերնետ պրովայդերների ելման թրաֆիկը։ Այնուհետև, փետրվարի 2-ին ինտերնետ կապը Եգիպտոսի հետ սկսեց վերականգնվել4 (տե՛ս նկ. 1)։
Նկար 1
Ինտերնետ թրաֆիկի անկումը Եգիպտոսում ըստ Internet Society կազմակերպության
Ապստամբների հաղորդակցությունն ամբողջությամբ ճնշելու համար ուժային կառույցները փակեցին նաև բջջային կապի և բջջային ինտերնետի հասանելիությունը։ Բջջային կապի և նրա միջոցով ինտերնետի հասանելիության արգելափակումն այսօրվա դրությամբ նույնպես թափանցիկ է արտաքին աշխարհի համար, քանի որ բնակչությունը հեռախոսներում և սմարթֆոններում օգտագործում է ունեցած ծրագրային ապահովումը։ Այսպես, օրինակ, Եգիպտոսում գերիշխող բջջային բրաուզերը Opera Mini–ն5 է, որի օգտագործումն ունի այն առանձնահատկությունը, որ ամբողջ թրաֆիկը հատկացվում է Opera ընկերության սերվերների միջոցով։ Եվ ընկերությունն արձանագրել է կտրուկ անկում, իսկ այնուհետև՝ նաև թրաֆիկի անհետացում Եգիպտոսից ու կապի նոր վերադարձ փետրվարի 2-ին6։
Նույն կերպ, Լիբիայի իշխանությունները պարբերաբար լրիվ արգելափակում էին ինտերնետ կապը երկրում՝ իրավիճակի հերթական սրման հետ կապված։ Այսպես, փետրվարի 19-ին և 20-ին արգելափակվեց գիշերային կապը7։ Փետրվարի 4-ին նույնպես փակվեց ինտերնետի հասանելիությունը8 (տե՛ս նկ. 2)։
Նկար 2
Բջջային ինտերնետի թրաֆիկի անկումը Եգիպտոսում ըստ Opera Software ընկերության
Սակայն ինտերնետ կապի արգելափակման փորձը ցույց տվեց, որ դա արդյունավետ մեթոդ չէ և միայն սևեռում է հանրային ուշադրությունը այլընտրանքային տեղեկատվության աղբյուրների վրա։ Ավելին, համաշխարհային հանրության ներգրավվածությունը կոնֆլիկտին սոցիալական լրատվամիջոցների միջոցով հանգեցրեց այն բանին, որ Եգիպտոսում կամ Լիբիայում ինտերնետ կապի արգելափակման հետ կապված իրավիճակն օպերատիվ կերպով լուծվում էր միջազգային մակարդակով։ Այսպես, որոշ ընկերություններ սկսում էին dial-up ինտերնետ տրամադրել ֆիքսված հեռախոսակապով։ Օրինակ, Telecomix9 խումբը, որն զբաղվում է ցանցային ակտիվիստներին պաշտպանելով, հատուկ Լիբիայի համար գործարկեց ինտերնետի հասանելիության ազատ ուղի և այդ տեղեկատվությունը տարածում էր սոցիալական ցանցերի և Twitter10-ի միջոցով։
Google ընկերությունն իր հերթին Եգիպտոսում ինտերնետի լրիվ արգելափակման շրջանում մտցրեց Speak To Tweet11 սերվիսը, որն օգտվողներին թույլ էր տալիս զանգահարել ֆիքսված կապով կոնկրետ հեռախոսների և լսել այլ օգտվողների ձայնագրությունները, ինչպես նաև իրենց ձայնի միջոցով տեղեկատվություն փոխանցել, որը տեղակայվում էր ցանցում։
Հետևություններ
Արաբական աշխարհի հուզումներին ուղեկցող տեղեկատվական հոսքերը, դրանց երեք ակտորների՝ իշխանությունների, նրանց ընդդիմադիրների և համաշխարհային հանրության արձագանքը ցույց է տալիս, որ.
- Ինտերնետ-հարթակների արգելափակումը կարճաժամկետ միջոց է։ Երկարաժամկետ առումով (սույն պարագայում՝ իրադարձությունների զարգացման սրընթացության պատճառով երկարաժամկետ են մի քանի օր տևողությամբ իրադարձությունները) էֆեկտ է առաջացնում լիակատար վստահության կորուստը տեղեկատվության ավանդական աղբյուրների նկատմամբ, ուժեղացնում է ինտերնետ-ակտիվիստների դիրքերը, որոնք իրենց հերթին գտնում են արգելափակումը շրջանցելու տեխնիկական միջոցներ։ Ինտերնետի արգելափակման շրջաններում հետաքրքրությունը ցանցային ռեսուրսների հանդեպ կտրուկ աճում է։
- Ինտերնետի լրիվ արգելափակումն ամբողջությամբ չի լուծում խնդիրները, քանի որ գոյություն ունեն արգելափակումը շրջանցելու հնարավորություններ՝ ֆիքսված հեռախոսացանցի կամ նույնիսկ սահմանակից պետությունների բջջային ցանցի միջոցով (քանի որ սահմանամերձ գոտում կարելի է օգտվել հարևան պետության բջջային կապից և բջջային ինտերնետից)։
- Ինտերնետի լրիվ արգելափակումն իրականում իշխանությանը զրկում է իր կողմնակիցներին դիմելու ամբիոնից, քանի որ ավանդական ԶԼՄ-ն գործընթացների մի ինչ-որ պահի կորցնում է կշիռը տեղեկատվական հոսքերում։ Բացի այդ, կտրուկ ավելանում է լուրերի, բանավոր տարածվող տեղեկատվության ազդեցությունը, որը կարող է դառնալ անվերահսկելի։
1Կոտրման մեխանիզմի մասին մանրամասն տե՛ս http://www.thetechherald.com/article.php/201101/6651/Tunisian-government-harvesting-usernames-and-passwords
2 http://habrahabr.ru/blogs/infosecurity/111759/
3 Օրինակ, եգիպտոսցի օգտվողը կարող էր Twitter.com հասցեի փոխարեն հավաքել IP-հասցե 128.242.240.52 բրաուզերում և հայտնվել այդ նույն կայքում՝ շրջանցելով արգելափակումը։
4 http://isoc.org/wp/newsletter/?p=3100
5 http://my.opera.com/chooseopera/blog/2011/03/03/opera-mini-domination
6http://my.opera.com/chooseopera/blog/2011/02/02/egypt-is-back-online-2
7 http://isoc.org/wp/newsletter/?p=3335
8 http://www.renesys.com/blog/2011/02/libyan-disconnect-1.shtml
10 http://twitter.com/#!/telecomix/status/38697836929355776
11 http://twitter.com/#!/speak2tweet
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԸՍՏ ՕՐԻՆԱԳԾԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ» ՀԱՆԳԻՍՏ ԿԱՐՈՂ Է ԴԻՏԱՐԿՎԵԼ ՈՐՊԵՍ ԱՆԱՆՈՒՆ ՀՂՈՒՄ. Սամվել Մարտիրոսյան[20.10.2021]
- ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՑԻԱՆԵՐԸ[27.09.2018]
- ՈՒՂԻՂ ԵԹԵՐՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ (ինչպես ձևափոխվեց տեղեկատվական դաշտը)[08.06.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՀԱՔԵՐԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ[05.04.2018]
- ՀԱՄԱՑԱՆՑԻ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (2017Թ.)[07.12.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ[06.10.2017]
- ՀԱՄԱՑԱՆՑԻ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2016Թ.[26.07.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ[31.05.2017]
- ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՍՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐ[10.05.2017]
- ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՔԵՐՆԵՐԸ ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՕԳՏԱՏԵՐԵՐԻՆ[29.03.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ․ ԻՐԱՎԻՃԱԿԸ 2016Թ.[30.01.2017]