ԹՈՒՐՔԻԱ-ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Ա.Սիմավորյան` «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ղեկավար
Ժամանակակից աշխարհում տեղի ունեցող գործընթացներում կարևոր տեղ են զբաղեցնում գաղափարախոսական-քաղաքական ուղղությունները, որոնց շուրջ ստեղծվում են պետությունների արտաքին և ներքին քաղաքականությունները։ Այս համատեքստում կարևոր և հետաքրքրական են Թուրքիայի արտաքին քաղաքականության բաղադրիչներից մեկը կազմող, համեմատաբար նոր և մշակման փուլում գտնվող «թյուրքական աշխարհի» հետ համագործակցելու նոր եզրերը։ Այն նախ ուշադրություն է գրավում ՀՀ-Թուրքիա հարաբերության, աշխարհաքաղաքական և գաղափարախոսական տեսանկյուններից։
Հայտնի է, որ թյուրքախոս ժողովուրդներին ընդհանուր մեծ հայրենիքի մեջ ընդգրկելը տեղավորվում էր գաղափարախոսական-քաղաքական ուղղություններից մեկի՝ պանթյուրքիզմի մեջ, որը, սակայն, այդպես էլ չիրականացավ։ Այն, որ ԽՍՀՄ փլուզումից հետո թուրքական իշխանությունները որոշակի փոփոխություններ կատարեցին արտաքին քաղաքականությունում, և որ հատկապես ներկայիս թուրքական քաղաքական և ինտելեկտուալ խավի որոշ շրջանակներ շարունակում են մտածել թյուրքական միասնականության կատարյալ մոդելի ստեղծման մասին, գաղտնիք չէ, ինչը նոր լիցք է ստացել վերջին տարիներին։
ԽՍՀՄ փլուզումից հետո թյուրքախոս շրջանների հետ սկսեցին կապեր հաստատել պանթյուրքական և իսլամական կողմնորոշում ունեցող առանձին անհատներ և խմբեր։ Այս ամենը տեղի էր ունենում երկկողմ փոխայցելություններով։ Միայն 1991թ. օգոստոսից այն պաշտոնական բնույթ ստացավ։ Այդ ժամանակաշրջանում ինչ-ինչ չափանիշներով թյուրքական միություն ստեղծելու գաղափարի նախաձեռնողն էր Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալը։ Նրա կարծիքով՝ այդ միությունը պետք է հիմնված լիներ բոլոր կողմերի փոխադարձ շահերի վրա։ Նա բազմիցս այցելեց Միջին Ասիա և Ադրբեջան՝ այդ երկրների ղեկավարների հետ հարցի շուրջ ընդհանուր մոտեցումներ ձևավորելու։ Թուրքիայի համար խոշոր ձեռքբերում կարելի է համարել առաջին հերթին Թյուրքախոս ժողովուրդների նախագահների գագաթաժողովները, որոնք էլ դարձան Թուրքիայի արտաքին քաղաքականության մեխն այս ուղղությամբ։ Այս գագաթաժողովները մեկ, երբեմն երկու տարվա ընդմիջումներով կազմակերպվեցին մինչև 2001թ.։ Սկսած 2002 թվականից, երբ իշխանության եկավ Արդարություն և զարգացում կուսակցությունը, գագաթաժողովները մինչև 2006 թվականը դադարեցին։
Դրանք կապված էին որոշակի գործոնների հետ. նախ՝ Թուրքիան այդ ժամանակաշրջանում ուշադրության կենտրոնում էր պահում Իրաքյան խնդիրը, երկրորդ՝ թեև ոչ պաշտոնապես, այդուհանդերձ, արտաքին և ներքին քաղաքականության հարցում Թուրքիան նախապատվությունը տվեց «նեոօսմանիզմին»՝ մերձավորարևելյան/բալկանյան ուղղությանը, որի պարագայում թյուրքական ուղղությունը մղվեց երկրորդ պլան։ Փորձագետների կարծիքով՝ նման փոփոխությունը կապված է ԵՄ անդամ դառնալու Թուրքիայի արտաքին քաղաքականության անհաջող փորձի հետ։
Էրդողան-Գյուլ-Դավութօղլու քաղաքական եռյակը, հավանաբար, գտնում էր, որ թյուրքախոս երկրների միջև ստեղծված բազմաթիվ միությունների՝ Թյուրքախոս ժողովուրդների կամ նախագահների գագաթաժողովը, Թյուրքական համաժողովը և Թյուրքսոյը, արդեն բավարար ինստիտուցիոնալ նախադրյալ են այդ երկրների միջև համագործակցության ամրապնդման և դրանց զարգացման համար։
Անկասկած, այս ամենը ենթադրել էր տալիս, որ Էրդողանն ու իր կուսակցությունը, ունենալով իսլամական կողմնորոշում, հետին պլան մղեցին թյուրքական աշխարհի հետ ուղիղ քաղաքականություն վարելու նախկին գործունեությունը։ ԱԶԿ իշխանության գալուց հետո երկրում խորացավ նաև ազգայնական և իսլամական կողմնորոշում ունեցող ուժերի առճակատումը, ինչը, մասնավորապես, արտահայտվեց ազգայնական և քեմալական կողմնորոշում ունեցող զինվորականության և ուլտրաազգայնական «Էրգենեքոն» կազմակերպության անդամների ձերբակալություններով։
Հակառակ այս իրողություններին, «թյուրքական ճակատը» 2007 թվականից հետո սկսել է նորից ակտիվանալ, համենայնդեպս՝ նման ակտիվությունն աչքի է ընկնում մի շարք գործոններով։ Տեսնելով, որ համաթյուրքական առկա կառույցների գործունեությունն արդեն ֆիկտիվ բնույթ է կրում, Անկարան ըմբռնեց նաև, որ Մեծ Թուրան ստեղծելու հնարավորությունները գաղափարական տեսանկյունից սնանկ են, քանի որ ազգային տնտեսության զարգացման, սեփական քաղաքական դիրքորոշման հետ մեկտեղ, թույլ տվեց այդ երկրներին վերագնահատել իրենց տեղը տարածաշրջանային և գլոբալ քաղաքականության համակարգում։ Այդ հանգամանքով պայմանավորված՝ Թուրքիան թյուրքախոս երկրների հետ հարաբերությունների նոր փուլում առաջնային համարեց տնտեսական՝ ներդրումային և էներգետիկ ոլորտը։
Միևնույն ժամանակ, այս քաղաքականությունից ոգևորված որոշ ազգայնամոլական ուղեղային կենտրոններ՝ հանձին «21 դար թուրքական ինստիտուտի», սկսեցին շրջանառել «արաբական նավթ» արտահայտությանը համարժեք՝ այսպես կոչված «թուրանական նավթ»-ի գաղափարը, որն ապագա համաշխարհային էներգետիկ ճգնաժամերի դեպքում իբր թե պետք է հանդիսանա թյուրքական աշխարհի ռազմավարական նշանակություն ունեցող գործոններից մեկը1։
Այս առումով նկատենք, որ Թուրքիան Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի կողքին փորձում է հավասարակշռել իր ներկայությունը տարածաշրջանում, քանի որ Անկարային այնքան էլ դուր չի գալիս, որ Միջին Ասիայի թյուրքախոս երկրները և Ադրբեջանը մտնում են այնպիսի կառույցների մեջ, ինչպիսիք են ԱՊՀ-ն, ՇՀԿ-ն (Շանհայի համագործակցության կազմակերպություն), ՀԱՊԿ-ն (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն), Եվրասիական տնտեսական հանրակցությունը։ Թուրքիան այդ երկրների միջոցով ցանկանում է նաև իր քաղաքական և տնտեսական ազդեցության գոտի բերել Ասիայի այլ երկրների, մասնավորապես՝ Պակիստանը և Աֆղանստանը, ինչի վկայությունը վերջին շրջանում Պակիստանի հետ հարաբերությունների աշխուժացումն է։
Մյուս կողմից՝ Թուրքիա-Ադրբեջան ակտիվ գործընկերության ֆոնին նկատվեց որոշ սառնություն՝ կապված քրդերի և վերջին ժամանակաշրջանում ՀՀ-Թուրքիա հարաբերությունների հետ։ Ուշագրավ է, որ նման խնդրի առիթ դարձան քրդերը։ Ադրբեջանի ղեկավարությունը, որը մինչ այժմ էլ առաջնորդվում է «մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով, «մեծ եղբորն» ուղղված վտանգավոր քայլ կատարեց։ Համաձայն ադրբեջանական աղբյուրների՝ 2006-2008թթ. Իրաքից և Թուրքիայից Ադրբեջանի տարածք տեղափոխվեց մոտ 70 հազար քուրդ, որոնց բնակեցրին Ղազախում, Գանձակում (Գյանջա), Խանլարում, Նախիջևանում և այլուր2։ Այս պարագայում, եթե Ադրբեջանը լուծում էր իր ժողովրդագրական խնդիրները, Թուրքիայի համար դա իրեն ուղղված քաղաքական մարտահրավեր էր, քանի որ վերջինս իր տարածքային ամբողջականությանը սպառնացող ամենավտանգավոր տարրը համարում է քրդերին3։
Այստեղ ավելորդ չէ նշել, որ թուրքական հասարակության շրջանում 2010թ. դեկտեմբերին Քադիր Հաս համալսարանի կողմից անցկացված սոցիալ-քաղաքական բնույթի սոցիոլոգիական հետազոտության արդյունքում հարցման մասնակիցների 60%-ը Թուրքիայի ներքին կյանքում ամենամեծ վտանգ համարում է քրդերին։
Ի վերջո, թյուրքական աշխարհի հույսերը փրկելու համար ստեղծվեց այդ երկրներին քաղաքականապես միմյանց մոտեցնելու ևս երկու նոր կառույց՝ Թյուրքպան (Թյուրքախոս երկրների պառլամենտական ասամբլեան) և Թյուրքական խորհուրդը (Թյուրքախոս երկրների համագործակցության խորհուրդը)։ Հետաքրքիր է, որ «Արաբական լիգայի» «Ֆրանսախոս երկրների միության» և այլ կառույցների օրինակով միջազգային կազմակերպության ստեղծման նախաձեռնող կողմն Աստանան էր, ինչի հիմքերը դրվեցին 2009թ. Նախիջևանում տեղի ունեցած Թյուրքախոս ժողովուրդների նախագահների 9-րդ գագաթաժողովում։
Թյուրքական աշխարհի հետ մերձեցման ուղղությամբ Թուրքիան ընտրել է ևս մեկ՝ բավական ճկուն մարտավարություն, որն իրականացվում է մեծ ժողովրդականություն վայելող, 20-րդ դ. ֆենոմեն համարվող այսպես կոչված «ուղեղային կենտրոնների»՝ think-thank-երի միջոցով։ Այլ երկրների համեմատ Թուրքիայում դասական իմաստով «ուղեղային կենտրոնները» համեմատաբար նոր երևույթ են։ Թեև The Think Thank Index-ի տվյալների համաձայն՝ այսօր Թուրքիայում ռազմավարական հետազոտություններ է իրականացնում ավելի քան 21 կենտրոն4, սակայն փաստենք, որ դրանց քանակն անհամեմատ մեծ է և անցնում է 50-ը։ Հատկանշական է, որ վերջին երեք տարում թյուրքական աշխարհի խնդիրների վերաբերյալ հետազոտություններ, կոնֆերանսներ և համաթյուրքական ֆորումներ անցկացնող կենտրոններ են ստեղծվել։
Ասել, թե այդ համաժողովներն ընդամենը ֆիկտիվ բնույթ են կրում, այնքան էլ տեղին չէ։ Կարելի է փաստել, որ 2010թ. թինկ-թանկերի անցկացրած համաթյուրքական միջոցառումները բավական լավ գործոն են արտաքին քաղաքականության համար և ֆինանսավորվում են պետության և ազգայնական շրջանակների կողմից։ Ներկայումս կենտրոններն ակտիվ կապեր են հաստատում այնպիսի երկրների հետ (Ադրբեջան, Մոնղոլիա, Ղազախստան և այլն), որոնք հնարավորություն ունեն տեղեկատվության փոխանակման և միասնաբար կազմակերպված նեղ հավաքների միջոցով հաղորդակցվել «թյուրքական աշխարհի վերջին նվաճումների» հետ։
Ողջ թյուրքական աշխարհին իրենց խնդիրներին մասնակից դարձնելու ջանքերն իրենց վրա են կենտրոնացրել Թուրանական և Թուրք-ասիական ռազմավարական հետազոտություններ իրականացնող և այլ նմանատիպ կենտրոններ։
Դրա վկայությունն է 2010թ. հոկտեմբերի 20-22-ը տեղի ունեցած «Թյուրքական խորհուրդը, թյուրքական սփյուռքն ու սոցիալ-տնտեսական համագործակցությունը» համաթյուրքական առաջին ֆորումը, որը կազմակերպվել էր Թուրք-ասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (TASAM) նախաձեռնությամբ: Միջոցառմանը, ի դեպ, մասնակցում էին հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, ակադեմիկոսներ, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի և ֆորումի մասնակից երկրների պատգամավորներ, Կոսովոյի բնապահպանության նախարարը, Թյուրքական խորհրդի, Թյուրքախոս երկրների ասամբլեայի գլխավոր քարտուղարները։ Համաշխարհային թյուրքերի առջև եղած մարտահրավերների շարքում առանձնահատուկ նշանակություն տրվեց հայկական խնդիրներին։ Մասնավորապես, համաժողովից հետո ընդունվեց հռչակագիր. հրատապ համարվեց Հայոց ցեղասպանության հարցում միասնական ճակատով հանդես գալու առաջարկությունը5։
Պատահական չէ, որ հայկական խնդիրները քննարկվեցին առանձին սեկցիայով, որը կրում էր «Հայոց ցեղասպանությունը (բնականաբար, օգտագործելով «այսպես կոչված» եզրը) և թուրքական սփյուռքի համագործակցությունը» անվանումը, որտեղ ելույթներով հանդես եկան պատգամավորներ Ադրբեջանից, Թուրքիայից և այդ երկրների «սփյուռքյան» կազմակերպությունների ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Բելգիայից, Գերմանիայից, Էստոնիայից։ Ուշադրությունից դուրս չմնաց նաև արցախյան խնդիրը, որի ուղղությամբ ևս կոչ արվեց համատեղ պայքար ձեռնարկել։ Առանձին նշանակություն ուներ մեսխեթցի թուրքերի և Ղրիմի թաթարների՝ համապատասխանաբար Վրաստան և Ուկրաինա վերադառնալու վերաբերյալ որոշումը։
Ելնելով վերոհիշյալից՝ նշենք, որ այս սեկցիային մասնակցելու հավանություն չէին տվել Ղազախստանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչները, այդ իսկ պատճառով թյուրքախոս երկրներին հայկական հարցերի շուրջ համախմբելու Թուրքիայի և Ադրբեջանի բոլոր ջանքերն ապարդյուն անցան և տեղ գտան միայն համաշխարհային թյուրքերի ֆորումի ժամանակավոր ղեկավարության Ստամբուլյան հռչակագրում։
Այս համաժողովին հաջորդեց մեկ այլ միջոցառում՝ «Թյուրքական աշխարհը 21-րդ դարում» միջազգային սեմպոզիումը6, որը հերթական փորձ էր շաղախելու թյուրքախոս ժողովուրդների հարաբերությունները, միմյանց խնդիրներին ինտեգրելու Թուրքիայի շարունակական քաղաքականությունն այս ուղղությամբ։ Սիմպոզիումը, որն անցկացվեց Կիպրոսի թուրքական հատվածում՝ Եվրասիայի տնտեսական հարաբերությունների կազմակերպության և Լեֆկեի եվրոպական համալսարանի հետ համատեղ, ոչնչով չէր տարբերվում համաթյուրքական ֆորումից։ Հայաստանի հետ կապված խնդիրներին ավելացան միայն Խոջալուի իրադարձությունները։ Այստեղ էլ ընդունվեց հռչակագիր, որում կոչ արվեց իրականացնել լայնածավալ միջոցառումներ արտերկրի հանրություններում՝ կապված Խոջալուի հետ։
Անկասկած, թյուրքական աշխարհի հետ հարաբերություններում Թուրքիայի ամենաակտիվ գործընկերն է համարվում Ադրբեջանը, որն, ի դեպ, ինչպես և Թուրքիան, արտաքին մարտահրավեր ներկայացնող խնդիրները փորձում է միջնորդավորված կերպով արտահայտել համաթյուրքական տարբեր կազմակերպությունների հավաքների միջոցով։ Հայտնի է, որ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Ջավախքի և հայկական սփյուռքի դեմ տարվող քաղաքականության մեջ այս երկու երկրների համագործակցությունն ամենասերտն է, որոնց միավորում են Հայաստանի հետ ունեցած խնդիրները։ Համենայնդեպս, հիշյալ տանդեմում մինչ այժմ պասիվ դիրքորոշում են որդեգրել մնացած թյուրքական երկրները, որոնք, Հայաստանի հետ որևէ խնդիր չունենալով, բարիկադների տարբեր կողմերում են հայտնվել։ Միջին Ասիայի թյուրքախոս երկրներին ավելի շատ հետաքրքրում է հավաքների հումանիտար-մշակութային և տնտեսական կողմը, ինչի արդյունքում Թուրքիան և Ադրբեջանն ընդհանուրի մեջ մասնավոր խնդիրներ լուծելու հարցում միայնակ են մնում են։
1Սիմավորյան Ա., «21 դար թուրքական ինստիտուտի վերաբերյալ», «Գլոբուս Ազգային անվտանգություն» տեղեկագիր, Նոյեմբեր, 2008թ № 4։
2Грант Мелик-Шахназарян, Курдский фактор в Азербайджане, http://www.regnum.ru/news/826251.html
3Türkiye için en büyük tehdit nedir?, 12.01. 2011, http://www.interaktifhaber.com/news_detail.php?id=43580
4The Global Think Tanks Index, http://www.ony.unu.edu/2009_Global_Go_To_Report_%28Think_Tank_Index%29_1.31.10.pdf
5Dünya Türk Forumu, Türk Konseyi, Türk Diasporası ve Sosyoekonomik İş Birliği, http://www.tasam.org/index.php?sagblok=119
621. Yüzyılda Türk Dünyası Uluslararası Sempozyumu, http://www.ekoavrasya.net/duyurudetay.aspx?Detay=82
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ[24.09.2018]
- ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԹՅՈՒՐՔԱԼԵԶՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՍՓՅՈՒՌՔԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ[25.04.2018]
- ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՄԵԴԻԱ-ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ [22.02.2018]
- ՍՓՅՈՒՌՔԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԵՐԸ. ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ[27.07.2017]
- ԳԻՏԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ[15.03.2017]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԵՍՏԱԿԵՍ ՍԻՄԱՎՈՐՅԱՆԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՎԱԳ ՓՈՐՁԱԳԵՏ ՎԱՀՐԱՄ ՀՈՎՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱՐԱՐԱՏ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԻՄՆԱՔԱՐ» ԾՐԱԳՐԻՆ[06.07.2016]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԵՍՏԱԿԵՍ ՍԻՄԱՎՈՐՅԱՆԻ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՓՈՐՁԱԳԵՏ, ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱՐԱՐԱՏ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԻՄՆԱՔԱՐ» ԾՐԱԳՐԻՆ[11.03.2016]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԵՍՏԱԿԵՍ ՍԻՄԱՎՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԱՐԱՐԱՏ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՕՐԱԿԱՐԳ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ[15.12.2015]
- ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ[17.06.2015]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԵՍՏԱԿԵՍ ՍԻՄԱՎՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԱՐԱՐԱՏ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՕՐԱԿԱՐԳ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ[22.04.2015]
- ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ[12.02.2015]