• am
  • ru
  • en
Версия для печати
29.03.2011

ԹՈՒՐՔԻԱ-ԱՄՆ. «ՆՈՒՐՋՈՒԼԱՐ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ

Руский

   

Թուրքական հատուկ ծառայությունների նախկին բարձրաստիճան մի շարք աշխատակիցների տվյալների համաձայն՝ հայտնի «Նուրջուլար» աղանդի ղեկավար Մ.Գյուլենը ԱՄՆ ԿՀՎ վաղեմի և ակտիվ գործակալ է։ Մասնավորապես, Ստամբուլում թուրքական հետախուզության բյուրոյի նախկին ղեկավար Նուրի Ղունդուսը հայտարարել է այն մասին, որ այս աղանդի առաջնորդը վաղուց օգտագործվում էր ամերիկացիների կողմից՝ Աֆղանստանում, Պակիստանում և Իրանում իսլամիստական տարբեր հոսանքների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրներում իր գործակալներին ներդնելու համար։ Մասնավորապես, նրա տվյալներով՝ աղանդի գրասենյակների և քոլեջների «տանիքի» ներքո Ղրղզստանում և Ուզբեկստանում տարբեր ժամանակահատվածներում աշխատել է ամերիկյան հետախուզության 130 տեղեկատվական աղբյուր։

Մ.Գյուլենը 1998-ից մշտապես բնակվում է Փենսիլվանիայում (ԱՄՆ), ընդ որում՝ բնակության իրավունք ստացել է միայն 2008թ.։ Նշենք, որ «կանաչ քարտ» ստանալու նրա փորձերը հաջողությամբ են պսակվել միայն ԱՄՆ ԿՀՎ-ի փաստորեն բացահայտ աջակցությունից հետո։ Մ.Գյուլենի համար «երաշխավոր» են դարձել այդ կազմակերպության երկու վետերան՝ Գրեհեմ Ֆուլերը (որի հետ Մ.Գյուլենն անձնական շփումներ ունի այն ժամանակվանից, երբ այդ ամերիկացին գկխավորում էր ԿՀՎ ռեզիդենտուրան Քաբուլում) և Ջ.Ֆիդասը (որը «կանտորայում» պատասխանատու է գիտական, վերլուծական համալսարանների և ֆոնդերի հետ կապերի համար)։

Ասվածից կարելի է անել հետևյալ հետևությունները.

  1. «Նուրջուլար» աղանդը ԱՄՆ ԿՀՎ «տանիքն» էր, որի օգնությամբ այն համաշխարհային ջիհադի ցանցի սփռման գլոբալ գործողություն էր իրականացնում։ Գործունեության հիմնական ուղղություններն էին համարվում Աֆղանստանը, աֆրիկյան աշխարհամասը և կենտրոնաասիական տարածաշրջանը, որը հանգուցային նշանակություն է ձեռք բերում Պակիստանի և Աֆղանստանի իրավիճակի հետ կապված։
  2. Կազմակերպությունն ամերիկացիների կողմից ակտիվորեն օգտագործվում էր նրա գործունեության վայրերում գործակալների ձեռքբերման համար։ Այս առնչությամբ միանգամայն տրամաբանական են թվում Ռուսաստանի անվտանգության մարմինների՝ ՌԴ-ում աղանդի քոլեջների ցանցի վերացմանն ուղղված միջոցառումները և ՌԴ Գերագույն դատարանի կողմից դրա գործունեության որակումը որպես «քայքայիչ»։ Ընդ որում՝ նշենք, որ Թուրքիայի Ազգային հետախուզության կազմակերպության (ԱՀԿ) նախկին ղեկավարներից մեկի հայտնությունները թույլ են տալիս փաստել, որ խոսքը մեծ մասամբ ոչ թե հենց թուրքական հատուկ ծառայությունների քայքայիչ գործունեության մասին է, այլ մեծ մասամբ ամերիկյան հետախուզական մարմինների հետախուզական գործունեության խափանման։ Սա նոր նրբերանգ է, որն ամենևին էլ չի նշանակում, թե Թուրքիայի ԱՀԿ-ն գլխի չէր ընկնում տեղի ունեցողի մասին, բայց նրա դերն այդ գործողությունում ավելի շուտ օժանդակող էր։ Այս առնչությամբ նոր լույսով են ներկայանում «արտասահմանում աղանդի անդամների գործունեությանը մասնակցության» մասին թուրքական կառավարության հերքումները։

Ամերիկացիները «Նուրջուլարն» օգտագործում էին ոչ միայն ջիհադականների դեմ պայքարի, այլ նաև հենց Թուրքիայում քաղաքական գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու և պետկառույցներում գործակալներ ձեռք բերելու համար։ Այս մասին է վկայում երկրի ռազմական հետախուզության հատուկ ստեղծված խմբի գաղտնի հետազոտությունը, որում նշվում էր, որ «սկսած 2000 թվականից՝ աղանդն իր անդամներին բանակում, ոստիկանությունում, դատական մարմիններում և քաղաքական կուսակցություններում ներդնելու ակտիվ գործունեություն էր վարում»։ Խմբի արած հետևությունները խոսում են Թուրքիայի ազգային անվտանգության լուրջ սպառնալիքի մասին՝ «կապված դրանով իսկ երկրի համար կենսականորեն կարևոր իշխանական և կառավարչական մարմիններում արմատական իսլամիստների ազդեցության զորեղացման հետ»։ Սա շատ հետաքրքիր պահ է, քանի որ նույնիսկ թուրքական երբեմնի ամենակարող զինվորականների համար մեծ գաղտնիք էր, որ խոսքն առաջին հերթին ոչ թե իսլամիստական, այլ ամերիկյան ազդեցության զորեղացման մասին է։ Հասկանալի է, որ ԱՄՆ հետախուզական մարմիններն աշխատում են «հեռանկարի համար»՝ երկրում քաղաքական քաշ հավաքող չափավոր իսլամիստների հետ կապված։

Ամերիկյան հետախուզության գործողությունը՝ «Նուրջուլարի» օգտագործմամբ, փաստորեն ավարտվել է, այդ թվում և Անկարայի կտրուկ փոխված դիրքորոշման պատճառով։ Թուրքական հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցների հայտնությունները և ԱՄՆ ԿՀՎ աշխատակիցների բացահայտ միջամտությունը Գյուլենին «կանաչ քարտ» տրամադրելու գործընթացին նույնպես այդ մասին են վկայում։ Այդ մասին է վկայում նաև այն փաստը, որ Գյուլենը խիստ քննադատել է թուրքական ներկայիս իշխանություններին՝ «Թեհրանի հետ իրենց խաղերի», ինչպես նաև «Խաղաղության նավատորմիկի» պատմության համար։ Նման քննադատությունը «խաչ է քաշում» Անկարայի չեզոքության վրա՝ կապված երկրի տարածքում աղանդի գործունեության հետ։ Այդ պահը նշանակում է, որ Թուրքիայի ներկա ռեժիմն իրեն հեռու է պահում ԱՄՆ-ից։ Այս նույն համատեքստում պետք է գնահատել նաև այն, որ Անկարան հրաժարվեց մասնակցել Իրանի դեմ որևէ ռազմական գործողության, ներառյալ և այն, որ հրաժարվեց տրամադրել իր օդային տարածքն ու ռազմակայանները։

Յու.Բ. Շչեգլովին
Աղբյուրը՝ Մերձավոր Արևելքի ինստիտուտ
«Գլոբուս Էներգետիկ անվտանգություն», թիվ 2, 2011

դեպի ետ