• am
  • ru
  • en
Версия для печати
25.03.2011

ՆՎԵՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ

   

Սևակ Սարուխանյան

Ս.Սարուխանյան` «Նորավանք» ԳԿՀ փոխտնօրեն, Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու

Մուբարաքի պաշտոնանկությունը բարդ իրավիճակի մեջ գցեց Իրանին

2011թ. փետրվարի 11-ին՝ Իրանի իսլամական հեղափոխության 32-րդ տարելիցի օրը, Թեհրանը մեծ և խոստումնալի հետևանքներով նվեր ստացավ եգիպտացի ժողովրդից. Հոսնի Մուբարաքի վարչակարգը տապալվեց։ Եգիպտոսն Իրանի համար առանձնահատուկ երկիր է։ Չնայած արաբական աշխարհի հետ հարաբերություններում առկա բազմաթիվ տարաձայնություններին, Իրանն, այնուամենայնիվ, հարմարվել է այդ աշխարհին, իսկ առանձին երկրների հետ (Սիրիա և Լիբանան) նույնիսկ բարեկամություն է անում։ ԻԻՀ-ի համար բացառություն էին երկու պետություն՝ Սադամի Իրաքը և Հոսնի Մուբարաքի Եգիպտոսը։ Առաջինի հետ, որը պատմության գիրկն անցավ 2003թ. ամերիկյան ներխուժման շնորհիվ, Իրանը 80-ականներին մարտնչում էր գրեթե մի ամբողջ տասնամյակ, իսկ երկրորդն առաջին հերթին առաջ էր բերում Թեհրանի աշխարհայացքային արհամարհանքը։

Աշխարհայացքը

Հոսնի Մուբարաքի Եգիպտոսը գրեթե երեք տասնամյակ իսլամական Իրանի հակոտնյան էր. Կահիրեում իշխում էր ըստ էության հակաիսլամական աշխարհիկ վարչակարգ, որը գրեթե բարեկամական հարաբերությունների մեջ էր Իսրայելի հետ, չէր հավատում ումմայի հնարավորությանն ու շուրջ 1300 տարի իսլամական աշխարհում մեծ ժողովրդականություն վայելող այլ քաղաքական նախագծերի, քաղաքական ազատություններից բացի պաշտպանում էր ամեն տեսակ այլ ազատություններ և Հոմեյնիի՝ ուժի բոլոր կենտրոնների հետ Իրանի անտագոնիզմը բնորոշող «ոչ Արևմուտք, ոչ Արևելք» սկզբունքի փոխարեն բարեկամություն էր անում և՛ Արևմուտքի, և՛ Արևելքի հետ։ Ամերիկայի դաշնակից Մուբարաքը գերազանց հարաբերություններ ուներ Ռուսաստանի, Եվրոպայի, արաբական երկրների, Իսրայելի և ընդհանրապես բոլորի հետ, բացի Իրանից, որի վարչակարգը գնահատում էր մոտավորապես այն նույն արտահայտություններով, ինչ և ամերիկյան նախագահները։

Եվ ահա, Մուբարաքը հեռացավ, ընդ որում՝ հակառակորդների համար առավել հարմար տարբերակով. նրան պաշտոնանկ արեց ժողովուրդը, այլ ոչ թե օտարերկրյա զորքերը, հատուկ ծառայությունները կամ էլ կառավարությունները։ Համենայնդեպս, իրանական զանգվածային լրատվամիջոցները և քաղաքական գործիչներն այդպես են մեկնաբանում եգիպտական իրադարձությունները՝ հրաժարվելով Թեհրանում հարգի կոնսպիրոլոգիական վարկածների տարածումից, որոնց հանգուցային ֆիգուրներն են ամերիկյան, բրիտանական և իսրայելական հատուկ ծառայությունները, սիոնիզմը, իմպերիալիզմը և այլք։ Թեհրանն այսօր կոնսպիրոլոգիայի գլուխ չունի. Թեհրանն այնպես է տարվել իր բարոյական հաղթանակով, որ, թվում է, դադարել է ուշադրություն դարձնել իրենց հեղափոխության հանդեպ եգիպտացիների վերաբերմունքի վրա։ Այսպիսին է, համենայնդեպս, իրավիճակը եգիպտացիների հասցեին հնչող հորդորների հետ կապված, որոնցով հանդես է գալիս Իրանի ղեկավարությունը։ Փետրվարի 4-ին Իրանի առաջնորդ Ալի Խամենեին ելույթ ունեցավ ի պաշտպանություն Եգիպտոսի և Թունիսի ապստամբական շարժումների՝ դրանք անվանելով 1979թ. Իրանի իսլամական հեղափոխության տրամաբանական շարունակությունը, ընդ որում՝ նրա ելույթի մի մասը բացահայտորեն սրբազան պատերազմի կոչ էր հիշեցնում։

Խամենեիի մոտ 10 րոպեանոց ելույթը հեռարձակվում էր իրանական հեռուստատեսությամբ, այդ թվում և անգլիալեզու հեռուստաալիքով, որը մտնում է արաբական աշխարհի համար արբանյակային հեռուստաալիքների հիմնական փաթեթների մեջ, և անմիջապես տարածվեց ինտերնետով։ Ակնհայտ էր, որ Խամենեին, առնվազն, հույս ուներ, որ եգիպտական իսլամական ընդդիմությունը՝ «Մուսուլման եղբայրների» գլխավորությամբ, երախտապարտ կլինի բարոյական աջակցության համար։ Սակայն եգիպտական ընդդիմության արձագանքն անսպասելի էր նույնիսկ Իրանի փորձառու ղեկավարության համար և բավական կոպիտ՝ արևելյան վարվեցողության չափանիշներից ելնելով։ Ի պատասխան Խամենեիի ելույթի՝ «Մուսուլման եղբայրները» հայտարարություն տարածեցին, որում ասվում է, որ իրադարձությունները Եգիպտոսում ամենևին էլ իսլամական հեղափոխություն չեն, այլ մուսուլմանների, քրիստոնյաների և բոլոր կրոնների ու շերտերի ներկայացուցիչների ժողովրդական հեղափոխություն են։ Երախտագիտության մասին ընդհանրապես խոսք չկար։ Բայց եգիպտական իսլամիստների նման պատասխանից հետո անգամ իրանական կողմը շարունակեց հորդորել եգիպտացիներին չվախենալ և ապստամբել՝ իրենց կոչերը խիստ զգուշությամբ ուղղորդելով անմիջականորեն եգիպտացի ժողովրդին, չհիշատակելով ընդդիմադիր խմբերի և կառույցների անունները։

Մինչդեռ պետք է նշել, որ «Մուսուլման եղբայրների»՝ Խամենեիին տված պատասխանն այն մասին, թե եգիպտական իրադարձությունները ժողովրդական հեղափոխություն են, արտացոլում է իրերի իսկական վիճակը Եգիպտոսում, որը բավական շատ է հիշեցնում 32-ամյա վաղեմության իրանական իրադարձությունները։ 1978թ. օգոստոսին Իրանում սկսված հուզումները և ցույցերը վառ արտահայտված կրոնական ուղղվածություն չունեին։ Այն ժամանակվա վավերագրական կադրերում, որոնք պատկերում են փողոցային ցույցերն Իրանում, կարելի է տեսնել միանգամայն աշխարհիկ մի ամբոխ, որի կազմում կան երիտասարդ աղջիկներ, կանայք՝ նորաձև սանրվածքներով և նույնիսկ կարճ փեշերով։ Եվ միայն իրանական հեղափոխության ավարտական փուլում Հոմեյնին դարձավ նրա առաջնորդը, իսկ հեղափոխությունն ինքը վերածվեց իսլամականի։ Թե ինչ տեղի կունենա Եգիպտոսում առաջիկա ամիսների և տարիների ընթացքում՝ դժվար է կռահել, բայց ակնհայտ է, որ Եվրոպայում կրթություն ստացած երիտասարդ եգիպտացու և «Մուսուլման եղբայրների» մարտիկի միությունը, որն առաջացել է Թահրիր հրապարակում միասին կանգնելու ժամանակ, կփլուզվի։ Ճիշտ այնպես, ինչպես փլուզվեց շահի վարչակարգի տապալմանն ուղղված հոմեյնիականների և իրանական ժողովրդավարական ընդդիմության միությունը։ Իսկ ահա այն, թե ինչ կլինի Եգիպտոսի հետ հետագայում, Իրանի համար միայն տեսական հետաքրքրություն չի ներկայացնում։

Եգիպտական հեղափոխության Real-Politik-ը Իրանի համար

Ներկա փուլում պարզ է մի բան. չնայած ժողովրդական հուզումները մասամբ տեղափոխվել են Իրան, Մուբարաքի վարչակարգի տապալումից Թեհրանն առայժմ հիմնականում միայն շահում է։ Չի կարելի ասել, թե իրական քաղաքականության հարթությունում Մուբարաքը շատ էր խանգարում Իրանին, սակայն լիակատար վստահությամբ կարելի է ենթադրել, որ Եգիպտոսն առանց Մուբարաքի կվերածվի ահավոր գլխացավի Միացյալ Նահանգների և Իսրայելի համար, որոնցից անասելի ջանքեր կպահանջվեն երկրում իրավիճակը նորմալացնելու համար։ Թեև նման նորմալացման համար հիմքերն այնքան էլ շատ չեն։ Եվ ահա թե ինչու.

  1. Ոչ եգիպտական բանակի Ռազմական խորհուրդը, որին են հանձնվել երկրի կառավարման ժամանակավոր լիազորությունները, ոչ փոխնախագահ Օմար Սուլեյմանը, ոչ գործող կառավարությունը լեգիտիմության բավականաչափ ռեսուրսների չեն տիրապետում, որպեսզի, օգտվելով հանրային աջակցությունից, կարգավորեն իրավիճակը պետական մասշտաբով։ Նրանք խորթ կմնան ժողովրդին այնքան ժամանակ, քանի դեռ ժողովուրդն ինքը չի ընտրի իր ղեկավարությանը։
  2. Սակայն «ժողովրդի կողմից ընտրված» ղեկավարության հեռանկարները Եգիպտոսում միանգամայն կասկածելի են, ելնելով այն բանից, որ երկրում փաստորեն չկա ընդդիմության կայացած ինստիտուտ, իսկ եգիպտական հասարակության մի մասի շրջանում ժողովրդականություն վայելող այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին է «Մուսուլման եղբայրների», նոր են դուրս գալիս ստվերից։ Առաջիկա շաբաթներին և ամիսներին միլիոնավոր ապստամբներ կբաժանվեն մասերի և խմբերի՝ իրենց հստակ և ոչ այնքան քաղաքական ու տնտեսական շահերով։ Այդ խմբերն էլ կսկսեն պայքարել իշխանության համար։ Տա Աստված, միայն ընտրությունների ինստիտուտի միջոցով, որը Եգիպտոսում խոստանում են դարձնել անկախ և իրապես գործող։ Ինչևէ, հավանական է, որ ընդդիմության և նրա շահերի «բյուրեղացման» գործընթացը Եգիպտոսում կարող է երկարատև և նույնիսկ արյունալի լինել, ինչը երկիրը կվերածի տարածաշրջանային անկայունության նոր կենտրոնի։

Այստեղ համեմատության համար պետք է հիշել, թե ինչ էր տեղի ունենում Իրանում 1979-ի իսլամական հեղափոխությունից հետո։ Երկրում հուսահատ պայքար սկսվեց շահին գահընկեց արած խմբերի միջև, որն ուղեկցվում էր արյունալի բախումներով և ահաբեկչական գործողություններով, որոնց զոհ դարձան տարբեր կողմեր ներկայացնող տասնյակ քաղաքական գործիչներ։ Այդ թվում՝ այնպիսի բարձրաստիճան գործիչներ, ինչպիսիք էին Իրանի երկրորդ նախագահ Ռաջաին և Հոմեյնիից հետո հեղափոխության՝ հեղինակությամբ երկրորդ առաջնորդ՝ Բարձրագույն այաթոլա Բեհեշթին։ Եվ ոչ ոք չգիտի, թե ինչ կլիներ Իրանի հետ, եթե Սադամ Հուսեյնը չհարձակվեր նրա վրա, ինչն էլ առիթ տվեց Հոմեյնիին՝ համախմբել երկիրն արտաքին թշնամու դեմ պայքարի համար, ձգել պտուտակները և կարծր հաշվեհարդար տեսնել ընդդիմախոսների հետ։

Բարեբախտաբար, թե դժբախտաբար, Եգիպտոսի վրա առաջիկայում ոչ ոք հարձակվել չի պատրաստվում, և նոր իշխանությունը ստիպված է գոյություն ունենալ իր ընդդիմախոսների հետ մշտական պայքարի պայմաններում՝ ջանալով չանցնել պատասխանի կոշտության սահմանը, ինչը կարող է նոր հեղաշրջում հրահրել։ Ամերիկացիները նույնպես կխրվեն այս պայքարի մեջ՝ ամեն կերպ ջանալով թույլ չտալ, որ «Մուսուլման եղբայրները» կամ այլ իսլամիստներ իշխանության գան Եգիպտոսում, իսկ եթե հանկարծ գան էլ՝ իրենց ազդեցությունը չտարածեն ողջ տարածաշրջանի վրա։ Մուսուլմանական աշխարհում լարվածության նոր օջախի շնորհիվ Իրանը կկարողանա հանգիստ շնչել և առաջիկա տարիները նվիրել միջուկային զենքի ստեղծման գործընթացն ավարտելուն։ Վերջինի ստեղծումը Իրանի անդորրը կարող է իսկապես հարատև դարձնել։ Թեհրանը նաև խիստ կջանա հնարավոր ամերիկյան և իսրայելական հարվածից ազատ ժամանակն օգտագործել Իրաքում քաղաքական և տնտեսական գործընթացների վրա ավելի լավ վերահսկողություն հաստատելու համար, որտեղ վաղուց արդեն պակաս ազդեցիկ ուժի կենտրոն չէ, քան Վաշինգտոնը։ Այնպես որ՝ Մուբարաքի հեռանալն Իրանի համար լայն տարածաշրջանային հնարավորություններ է բացում, որոնցից չօգտվելը հանցագործություն կլիներ ցանկացած կայացած ու հավակնոտ պետության համար, ինչպիսին է Իրանի Իսլամական Հանրապետությունը։

Բայց էլ ավելի հետաքրքիր է, որ Եգիպտոսում ստեղծված իրավիճակն ինչ-որ տեղ միավորել է ԱՄՆ, Իսրայելի և Իրանի շահերի մի մասը. բոլոր երեք երկրներն էլ կանեն հնարավոր ամեն բան, որպեսզի եգիպտական գործընթացները Սինայի թերակղզով դեպի Մերձավոր Արևելք չթափանցեն։ Սոցիալական և քաղաքական աղետների պոտենցիալի տեսանկյունից տարածաշրջանն ամենապայթյունավտանգն է աշխարհում. այստեղ գրեթե ամենուր պետությունների ղեկին են խմբեր և անձինք, որոնց իշխանությունը զուրկ է ինչպես անվիճելի ավանդական, այնպես էլ ռացիոնալ լեգիտիմությունից։ Տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներում իշխանության իրական ընդդիմություն են հանդիսանում ոչ թե Հարվարդի կամ Սորբոնի համալսարանների շրջանավարտները և ժողովրդավարական ուղղվածության կուսակցությունները, այլ ամենաիսկական թունդ իսլամիստները, որոնք ատում են միաժամանակ ԱՄՆ-ին, Իսրայելին և շիական Իրանին։ Մերձավոր Արևելքի հետագա ժողովրդավարացումը գլխացավանք կդառնա այն բոլոր երկրների համար, որոնք կարող են տուժել տարածաշրջանի իսլամացումից։ Այնպես է ստացվել, որ շիական Իրանը հայտնվել է այդպիսի երկրների խմբում, ԱՄՆ-ի և Իսրայելի հետ միասին։

Պարզամտություն կլիներ ակնկալել, որ Թեհրանն ուղղակի գործողությունների կդիմի, որպեսզի թույլ չտա արտահանել եգիպտական հեղափոխությունը. այդ երկիրը դրա համար բավականաչափ ռեսուրսներ չունի, ինչի մասին, մասնավորապես, վկայում է «Մուսուլման եղբայրների» կոշտ պատասխանն Իրանի առաջնորդին. Իրանը Եգիպտոսում ինքնուրույն խաղացող չէ։ Եգիպտական հեղափոխության տարածաշրջանային արտահանման սահմանափակման անշնորհակալ գործով կզբաղվեն ամերիկացիները՝ Իսրայելի ակտիվ աջակցությամբ։ Իսկ Իրանին մնում է Լիբանանում և Իրաքում ամրապնդել դիրքերը քաղաքական պայքարում և այդ երկրներում վերջնականապես իշխանության բերել իրանամետ ուժերի, ինչպես նաև անել հնարավոր ամեն բան՝ Սիրիայում Բաշար Ասադի վարչակարգի կենսագործունեությունն ապահովելու համար, որի վրա կախված է հերթական ժողովրդական իսլամիստական հեղափոխության դամոկլյան սուրը։ Իրանի ղեկավարության մյուս խնդիրը կարճաժամկետ հեռանկարում այն է, որ ճնշի սեփական՝ իրանական ընդդիմության էյֆորիան, որը ծագել է եգիպտական իրադարձությունների հետ կապված։

Իրանի ընդդիմությունը և եգիպտական հեղափոխությունը

Հարկ է նշել, որ ցույցերը Եգիպտոսում արժանացել են ոչ միայն պաշտոնական Թեհրանի, այլ նաև իրանական ընդդիմության հավանությանը։ Առաջնորդներից մեկը՝ Միր Հոսեյն Մուսավին, պաշտոնապես պաշտպանել է եգիպտական ընդդիմությանը՝ հավելելով, որ «եթե Եգիպտոսի կառավարությունը չկեղծեր ընտրությունները, նման իրավիճակի մեջ չէր հայտնվի»։ Բայց իրանական ընդդիմությանն այլ բան է հուզում. Թունիսի և Եգիպտոսի իրադարձությունների պատճառով առաջացած էյֆորիան կարող է իրանական հասարակությանը ներկայում իշխող էլիտայի դեմ պայքարի նոր պտույտի մղել։

Մինչև վերջին ժամանակներս, ինչպես հայտնի է, Իրանի ընդդիմության գործերը չափից ավելի վատ էին ընթանում. 2009-ի ամառային հուզումների երիտասարդ ակտիվիստները, գրեթե առանց բացառության, ձերբակալվեցին և բանտ նետվեցին, իշխանությունն սկսեց հաջողությամբ սահմանափակել ընդդիմության առաջնորդների տեղաշարժվելու ազատությունը, որոնց հետ հանդիպումներին արդեն այնքան էլ շատ ժողովուրդ չէր հավաքվում։ Բայց ամենագլխավորն այն է, որ վարչակարգը ցույց տվեց իր ուժը 2010-ի նոյեմբերին, երբ իրանական դատարանը ձերբակալելու իրավունք տվեց նախկին նախագահի և Ահմադինեժադի ընդդիմախոսի՝ Ընդունվող որոշումների նպատակահարմարությունը որոշող խորհրդի նախագահ Ալի Աքբար Հաշեմի-Ռաֆսանջանիի որդուն։ Նրա դեմ պաշտոնական մեղադրանքներ են հարուցվել շահարկումների և 2009-ի հակակառավարական գործողություններին աջակցելու համար, ինչն, ավելի շուտ, հնչում է որպես մեղադրանք հենց իր՝ Հաշեմի-Ռաֆսանջանիի՝ միլիարդատեր քաղաքական գործչի դեմ, որը գրեթե բացահայտորեն պաշտպանում էր 2009թ. հակակառավարական ցույցերը։

Առանց ուժեղ խթանի նոր հակակառավարական ալիք բարձրացնել (առանց որի ընդդիմությունը հազիվ թե ինչ-որ բանի հույս կարող է ունենալ 2012թ. խորհրդարանական ընտրություններում) Իրանի ընդդիմությանը չէր հաջողվի։ Նման խթան հանդիսացան իրադարձությունները Եգիպտոսում։ Առաջին ինքնաբուխ հանրահավաքները Թեհրանում սկսվեցին փետրվարի 11-ին, 12-ին տնային կալանքի վերցվեց ընդդիմության՝ նշանակությամբ երկրորդ առաջնորդ Մեհդի Քյարուբին, 13-ին Թեհրանի փողոցներ դուրս եկավ մի քանի հազար ցուցարար, անջատվեցին facebook-ը և twitter-ը, 14-ին տնային կալանքի վերցվեց Միր Հոսեյն Մուսավին, սկսվեցին առաջին բախումները ցուցարարների և ոստիկանության միջև։ Ի՞նչ տեղի կունենա առաջիկա օրերին և շաբաթներին Իրանում՝ ճշգրիտ ասել դժվար է, բայց իսկական հեղափոխության համար այդ երկրում առայժմ ոչ մի ծանրակշիռ հիմք չկա. իշխանություններն ամբողջովին վերահսկում են իրավիճակը, իսկ ընդդիմությունը թուլացվել է։ Ամենայն հավանականությամբ, ցույցերի նոր ալիքը շուտով կմարի, և կողմերը կսկսեն պատրաստվել 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին։

«Գլոբուս Ազգային անվտանգություն», թիվ 2, 2011

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր